Մութն ընկնելուն պես նրբանցքը, որ քաղաքի շքեղորեն կառուցապատված բանուկ փողոցներից մեկի մի անշուք ճառագայթն էր՝ հարյուրամյա գաճաճ աղյուսաշեն, հնամաշ տներով, գրեթե ամայանում էր, կարծես մեռնում, դուրս գալիս տարածության ժամանակից։ Միայն տներից մեկի վրա միաչքանի աղոտ լուսամփոփ կար, որ հազիվ ընթեռնելի էր դարձնում պատի ոսկետառ ցուցանակը՝ «Գիշերային սրճարան»։ Մի քանի տարի առաջ դա առնետանոց բնակարան էր։ Նորընծա անկախությունից օգտվելով, տերն այն խելամտորեն վերածեց բավականին սրտամոտ սրճարանի, կահավորելով բացառապես հնաոճ իրերով, որոնք այցելուների զգացմունքներում անուշ հիշողություններ ու կարոտախտ էին առաջացնում անցյալի նկատմամբ։ Նոյի տարվա սև դաշնամուր էլ կար, որի «ֆա» հնչեցնող ստեղնը բացակայում էր, բայց սրճարանատերը չէր վերականգնում այն, երաժիշտ կամ փիլիսոփա չլինելով, այլ հաշվենկատ վարսավիր, մտածում էր, որ կան բացականեր, որոնք ներկա են ավելի, քան ներկաները, դաշնամուրում առկա բոլոր ստեղները միասին վերցրած։ Սրճարանում ցերեկները աղմկոտ փողոցներից փախչող շատ այցելուներ էին լինում, մեկ անգամ եկողը նորից էր գալիս։ Գիշեր ժամանակ հմայիչ աղջիկը՝ վարդագույն թափանցիկ շրջազգեստով, որ կոնսերվատորիա էր գերազանցությամբ ավարտել, հանրապետական մի քանի մրցանակների դափնեկիր, դասական մեղմ երաժշտություն էր հնչեցնում՝ առանց «ֆա»-ի, եթե նույնիսկ սրճարանում ոչ ոք չլիներ։ Սակայն սրճարանի գիշերային ամայությունը չէր մտահոգում ծեր վարսավիրին, որովհետև սիրահարված էր դաշնակահարուհուն։ Աղջիկը դա գիտեր և փորձում էր նվագել ավելի լավ, քան համերգասրահի բեմահարթակից՝ հոծ բազմության առջև։
Այդ կեսգիշերին հնչում էին Շոպենի նոկտյուրները։ Սրճարանը կիսամթի մեջ էր։ Նախկին վարսավիրը նստած էր դաշնամուրին մերձ կլոր սեղանի մոտ, որը մշտապես իրենն էր, և սառույց օղի էր կում-կում խմում։ Նա դիտավորյալ չէր վառում բոլոր լույսերը, քանզի կիսամթում աղջկան ավելի լավ էր տեսնում, աչքերով համբուրելու պես շոյում էր նրա նրբակերտ ոտքերը և լցվում օղու և սիրո ջերմությամբ։
– Բարև,– ասաց տերը՝ ստվերի նման ներս մտած պատմվածքի հերոսին, որը չպատասխանեց։
Դաշնակահարուհին մի պահ հեռացավ Շոպենից և սև ու սպիտակ ստեղներով մեկ-երկու տասնյակ ձայնանշան հավաքեց, որտեղ «ֆան» չկար, հետո դարձյալ վերադարձավ մեղեդային երաժշտության, բայց արդեն ոչ թե լեհ Շոպենն էր, այլ՝ գերմանացի Բախը։ Ուշ գիշերին, ժամը մեկն անց կեսի մոտ, աղջիկը գնաց զուգարան, որը սրճարանի խորքում էր, և շուտով վերադարձավ։
– Որտե՞ղ էիր,– հարցրեց վարսավիրը։
– Դու գիտես,– ժպտաց աղջիկը, նստեց իր աթոռին և շարունակեց նվագել, այս անգամ ոչ նա և ոչ իսկ որևէ մեկը չիմացավ դաշնամուրն ինչ է նվագում։
Պատմվածքի հերոսին, ով միջին տարիքի տղամարդ էր, բավականին ներկայանալի տեսքով ու յուրահատուկ, չէիր շփոթի այլոց հետ, ինքն իր մեջ ներսուզված ավելի, քան մահվան դատապարտվածը բանտախցում, չէր նկատում ո՛չ սրճարանատիրոջն ու դաշնակահարուհուն և ոչ իսկ մեծ քաղաքում արթուն թե քնած որևէ մեկին։ Թեև լավ լսողություն ուներ, չէր լսում նաև երաժշտության բառերն ու դադարները։
Սրճարան մտավ մի շքեղ կին՝ շոգ գիշերվանն անհարիր սամույրե բաց դարչնագույն կիսամուշտակով, կարծես կանացի սուպերմոդա ամսագրից էր դուրս եկել և դարձյալ պիտի վերադառնար այնտեղ։
– Բարև,– ողջունեց կինը։
Սրճարանատերը չպատասխանեց, որովհետև բոլոր նյարդերով հմայված էր դաշնակահարուհու ներկայությամբ՝ պատրաստ նրան տիրանալու հենց դաշնամուրի ստեղնաշարի վրա, սակայն դա բարեբեխտաբար թե դժբախտաբար տեղի չունեցավ. զգաց իր ծերությունը և, մանավանդ, «ֆա» հնչյունը, որը դաշնամուրից անհայտ պատճառով հեռացել էր։ Կինը մոտեցավ բուֆետին, իր ձեռքով երկարավիզ բաժակում օղի լցրեց՝ առանց սառույցի, վերցրեց մի շիշ կոկա-կոլա և բնական սեթևեթանքով եկավ նստեց սեղաններից մեկի առջև։
– Բարև ներկաներին և բացականերին,– զվարթորեն ասաց նա և հանեց կիսամուշտակը։– Քունս չի տանում։ Իսկ դուք ինչո՞ւ եք մեռելի պես քնած։ Արթնացեք, մարդիկ, շենքերից վերև անհաշիվ աստղեր կան, գտեք ձեր երջանկությունը։
Ոչ ոք չարձագանքեց, նաև՝ դաշնամուրը, որի բոլոր ստեղները այդ րոպեին ավելի լուռ էին, քան բացակա «ֆան»։
Ուսակապերով, բացլանջ ու կարճկար սև շրջազգեստը հազիվ էր ծածկում կնոջ մերկությունը, այդպես նա վտանգավոր աստիճանի գայթակղիչ էր, սակայն ոչ ոք անգամ ուշադրություն չէր դարձնում նրան, գուցե միայն դաշնամուրը, հավանաբար, չէ՞ որ այդ նվագարանը քնած ժամանակ էլ ամբողջովին սիրտ ու հոգի է։
Պատմվածքի հերոսը բավականին ուշ նկատեց նրան և իրեն հարցրեց՝ սա ո՞վ է, ի՞նչ է ուզում ինձնից։
Կինն ընդհատումներով կում էր անում օղին ու կոլան, երկար դիտում նախկին վարսավիրին, ապա և դաշնակահարուհուն, որին խղճաց կույս լինելու համար, որովհետև չնայած փարթամ կրծքերին, ինքն էլ էր կույս։ Նա բարձրացրեց բաժակը, պատմվածքի հերոսին ժպտաց և խմեց նրա կենացը։
– Նվագիր, օրիորդ, քեզ սիրում եմ, նվագիր այնպիսի մի բան, որը մինչև հիմա ոչ ոք չի լսել։
Աղջկա նուրբ մատները հպվեցին սև ու սպիտակ ստեղծներին։ Մեղեդի չէր, այլ անկանոն սրտխփոց։ Ոչ թե ստեղներն էին երգում, այլ՝ մատները։ Ինչ-որ տեղ, ժամանակի անորոշության մեջ, ինչ-որ մեկը մտածեց՝ մատների խաղն ավելի առինքնող է, քան ստեղների, մատների մեջ բնության ու տիեզերքի ձայներն են։ Այդ մեկը սրճարանում գտնվող հերոսը չէր և ոչ էլ պատմվածքի հեղինակը, երկնքում ու երկրի վրա նա կար և չկար։
Երկինքը լուսավորվեց պայծառ հրավառությունից, թեև որևէ հիշարժան տոն ու պատմական դեպք օրացույցում նշված չէր, շատ սովորական ու ձանձրալի օր էր, ինչպես նախորդ հազարամյակի բոլոր ժամանակները։
Կինը դանդաղ մոտեցավ պատմվածքի հերոսի սեղանին, որի վրա սուրճի կիսախում գավաթ կար և «Գառնի» սիգարետատուփ, մոխրաման՝ բազմաթիվ մոխրացած ծխուկներով։
– Մի կում արա իմ օղուց,– առաջարկեց կինը, բաժակը պարզելով նրան։
Հերոսը ամբողջովին խմեց օղին և սիգարետ վառեց։ Կինը նրա բերանից առավ մխացող սիգարետը, մոտեցրեց շուրթերին, ագահորեն ներշնչեց ծուխը՝ կարծես տղամարդուն է քաշում իր մեջ, և խեղդվելով հազաց, սևորակ աչքերն արցունքոտվեցին, քանզի ծխող չէր։
– Չպարե՞նք,– ասաց նա, երբ ազատվեց սիգարետի ազդեցությունից։– Միշտ երազել եմ պարուհի լինել։
Բախի տոկկատայի հնչյունների տակ նրանք տանգո էին պարում, զարմացնելով դաշնակահարուհուն, իսկ սրճարանատիրոջը համակում անչար նախանձությամբ։ Տղամարդը թեթևակի գրկել էր կնոջ մեջքը և զգում էր նրա ձեռքի ներկայությունը իր ուսին։
– Ծանոթանանք, իմ անունը Ժաննա է։
– Ես անուն չունեմ,– ինչպես կտեսնեք, սրանք տղամարդու միակ բառերն են, որոնք նա բարձրաձայն խոսեց, մնացածն այս պատմվածքում անսահման լռություն կլինի։
– Աշխարհում անանուն մարդ չկա։
Տղամարդը մտքում շշնջաց՝ ես եմ։
Նա զգաց կնոջ կրծքերի հուզմունքը։
Դաշնամուրը լռել էր, բայց նրանք պար էին գալիս տանգոյի միանման շարժումներով, որը կարծես վերջ ու սկիզբ չուներ։
Միրուքավոր երիտասարդ մտավ սրճարան, ըստ երևույթին՝ գիշերային թափառաշրջիկ կամ անտուն գաղթական, բուֆետի վաճառասեղանի առջև մի լիքը բաժակ օղի քաշեց գլուխն առանց աչք թարթելու, ավելի թե պակաս վճարեց նախկին վարսավիրին, սիրալիր կմճտեց դաշնակահարուհու այտը և արագ հեռացավ։
– Մի օր մորուքդ կթրաշեմ,– նրա ետևից բարկացած մրթմրթաց վարսավիրը, սակայն երիտասարդն այդ տեսքով այլևս չի հայտնվի, նրա ցանկությունը կմնա անիրագործելի և՛ այս դարում, և՛ հաջորդ, մինչև մահ՝ սևեռուն վիշտ ու ցավ դառնալով նրան։
Քաղաքի գլխավոր հրապարակի ժամացույցը երկու զարկ խփեց, շուտով էլ մեկը, հետո ծանր ու հնչեղ երեք զարկ։
Այժմ նրանք պարում էին Առնոյի երաժշտության տակ՝ առանց այն լսելու։ Որքան Ժաննան իր յորաքանչյուր շարժումով փորձում էր հասկանալ անանուն տղամարդու մարմինը, այնքան էլ նա անտարբեր էր նրա հանդեպ, կարծես միայնակ լիներ, մի վայրում, որտեղ իրենից բացի ոչ ոք չկար։ Նա հիշեց կնոջը, որի անունը Զառա էր և նման էր նուրբ ու կապուտաչյա մանուշակի։ Մենք ծանոթացանք համալսարանում, սիրահարվեցինք և շուտով ամուսնացանք,– տանգոյի անկապ շարժումներ անելով՝ մտաբերեց նա։– Հարսանիք չեղավ։ Մեզ համար մեղրամիս էր յուրաքանչյուր օրը։ Երբ Զառան մահացու ավտովթարի ենթարկվեց, հղի էր։ Էմբրիոնը շատ նման էր ինձ։ Զառայից մի գունավոր լուսանկար մնաց, որն ինձ համար ավելի թանկ էր, քան աշխարհը։ Լուսանկարը միշտ աչքիս առաջ էր, գրապահարանի ապակու ետև։ Ես ավելի շատ լուսանկարն էի կարդում, քան գրքեր, և ամեն րոպե նրան նորովի հայտնագործում, այնքան հարցեր կային նրա աչքերում ու շուրթերի վրա, հավերժական կյանքն էլ քիչ է բոլորին ճիշտ կամ սխալ պատասխանելու։ Ձմռան մի առավոտ, անհանգիստ քնից արթնանալով, ինչպես միշտ նայեցի պահարանի կողմը, բայց լուսանկարը չտեսա։ Ո՞ւր էր գնացել։ Մի՞թե նեղացել էր ինձնից։ Այլևս նրան չհանդիպեցի և մնացի մենակ ժամանակի մեջ, ինքս իմ հետ կամ նույնիսկ առանց ինձ։
Սրճարանատերը մոտեցավ դաշնակահարուհուն, ով Մոցարտ էր նվագում առանց «ֆաի», համբուրեց այտը, գնաց զուգարան և, բավականին ուշ վերադառնալով, դարձյալ համբուրեց։ Աղջկա դեմքին տհաճության կամ հաճույքի ոչ մի զգացմունք չխաղաց։
– Ամուսնացիր ինձ հետ,– ասաց սրճարանատերը։
– Ես ամուսին ունեմ,– ասաց աղջիկը։
– Ո՞վ…
– Այս րոպեին՝ Մոցարտը։
Գլխավոր հրապարակի ժամացույցի մեծ սլաքը սահեց չորսի վրայով, բայց ոչ մի զարկ չեղավ։ Մեկ էլ հայտնվեց գիշերվա նույն թափառաշրջիկը, բուֆետի առջև իր ձեռքով լցված օղի խմեց և գնաց դուրս։ Սրճարանատերը նրան չճանաչեց, որովհետև նա առանց մորուքի էր։ Սրճանատերը, որ գրեթե ամբողջ կյանքւմ վարսավիրություն էր արել, նախանձեց Մոցարտին, որ դաշնակահարուհու նման համեղ պատառը նա է ուտում։ Նայելով աղջկա մերկ ազդրերին, նա լիզեց հաստ ու կնճռոտ շրթունքները, կուլ տվեց թուքը և, քաղցրություն զգալով, թշնամացավ նրա ամուսնուն, կարծեց՝ այն անթրաշ հարբեցողն է, անունը՝ Մոցարտ։
Մոտիկ թե հեռու տարածքից լսվեցին շտապօգնության ավտոմեքենայի անհանգիստ շչակաձայները։ Ինչ-որ մեկը՝ կին թե տղամարդ, մահանում էր կամ պատրաստվում էր ծնվել։
– Բաժանվիր Մոցարտից,– ասաց նախկին վարսավիրը,– ես եմ քեզ արժանի։
Ժաննան պար էր գալիս նաև տղամարդու փոխարեն՝ փորով ու կրծքերով սեղմված նրան, մի ոտքը՝ նրա ոտքերի արանքում, դա արդեն տանգո չէր, այլ ուրիշ բան, որն անուն չուներ, որում շարժումը հասել էր գլխապտույտ զգացմունքի աստիճանին։
Այժմ անանունը տեսնում էր պղտոր ու սակավաջուր գետին խոնարհված այն ուռենուն, որի կանաչ վարսերը լի էին միայնության տխրությամբ։ Շուրջբոլորը որևէ բույս-բուսականություն չկար, չէին շնչում հողն ու քարերը, ուր որ է գետն էլ էր մեռնելու։ Նա հայացքը շրջեց ուռենուց, բայց դեռ երկար ժամանակ շարունակում էր ծառը տեսնել։
– Սիրիր ինձ,– ասաց Ժաննան,– տես՝ ինչպես եմ սիրում քեզ։
Կան կանայք, որոնք իրենց հմայքներով քանդում են մինչև անգամ ուժեղ տղամարդու ներսն ու դուրսը և նրան ստրկացնում։ Այդպիսիք, ըստ էության, թույլ էակներ են, որովհետև ստրկացած են սիրո բաբախյուն տռփանքին, որը օր ու գիշեր երանելի ցավով նվվում է մարմնի մեջ։
Քաղաքի գլխավոր ժամացույցն արեց հինգ զարկ, որոնցից վերջինը՝ կիսաձայն։ Անանունը տեսավ կնոջ լուսանկարը գրադարակում, բայց դա խաբկանք էր, ինչպես և անցյալ ու ներկա ամբողջ իրականությունը։ Նա գրեթե չէր շարժվում, միայն Ժաննան էր նրան ամուր գրկախառնված պար ու պար գալիս։ Նախկին վարսավիր սրճարանատերը, գլուխը սեղանին, քնած էր ու երազում խոսում էր հին օրերի առնետների հետ։ Դաշնակահարուհու գեղեցիկ դեմքին տրտմություն կար՝ ինչո՞ւ ոչ ոք չի ցանկանում ինձ հետ ամուսնանալ, մինչև ե՞րբ պետք է կույս մնամ։
– Դու իմն ես,– ասաց Ժաննան,– քեզ ոչ մեկին չեմ տա,– և նայեց դաշնակահարուհուն։
Ես ինձ էլ չեմ պատկանում,– անցավ անանունի մտքով։
Այժմ նրա հայացքում Արթիկ գավառական քաղաքն էր, որի մերձակայքում, շատ տարիներ առաջ, մի ամառ ուսանողների հետ մասակցել էր ռազմական վարժանքներին։ Գիշերը բավականին ցուրտ էր,– հիշեց նա,– իսկ ցերեկ ժամանակ Արագածի բարձունքներից փչում էին քամիները և տուֆի ու պեմզայի հանքերից թանձր փոշի բերում մեզ վրա։ Մեր փոխգնդապետը, որը նկատելի կաղում էր երկրորդ համաշխարհային պատերազմում ոտքից վիրավորված լինելու պատճառով, օրը մի քանի անգամ հպարտությամբ նույն պատմությունն էր անում. տղաներ, ռումբի բեկորը խփեց աջ ոտքիս, մինչև հիմա էլ այստեղ է, ես սիրում եմ նրան, ամեն խիզախ զինվոր պետք է ճաշակի այդ քաղցրությունը։ Միայն մի տարբերություն կար այդ կրկնվող պատմության մեջ՝ մեկ փոխգնդապետի աջ ոտքն էր վիրավորվում, մեկ էլ ձախը։ Մենք սովորում էինք սողեսող աննկատ մոտենալ երևակայական թշնամուն և ավտոմատ Կալաշնիկովով նրան ոչնչացնել։ Սողալն ինձ դժվարությամբ էր հաջողվում քարերի ու դարչնագույն հողերի վրայով, իսկ կրակելուց վատ չէի։ Մի ընդմիջման ժամանակ, երբ արդեն արձակել էինք բոլոր փամփուշտները և Ավրորա էինք ծխում, ես այդտեղ սովորեցի ծխել, Ջոնը Կալաշնիկովի բերանն ուղղեց ինձ,– հիշեց անանունը։ Ձգանին մատ չտաս,– Վազգենի վախեցած ձայնն էր,– չկրակես, Ջոն։ Մեջը փամփուշտ չկա,– նրան հանգստացրեց Ջոնը, Կալաշնիկովի փողն ուղղեց վեր և քաշեց ձգանը։ Եղավ խլացուցիչ կրակոց։ Մի աղավնի, սպիտակ փետուրներ թափելով, արյունաշաղախ ընկավ մեր ոտքերի առջև։ Անանունն այս հին դիպվածն իր օրերում այլևս չի մտաբերի։ Դրա փոխարեն նրա աչքերում հաճախ կհայտնվի մի կապտավուն ծաղիկ և միայնակ ու տխուր կժպտա։
Նա թևերն առաջ պարզեց, որ Ժաննային գրկի, բայց անսահման դատարկություն զգաց։ Կինը չկար։ Սրճարանատերն ու դաշնակահարուհին գնացել էին։ Բացակա էր և դաշնամուրը։ Միայն «ֆաի» ստեղն էր աղոտ լուսամփոփից կախված։
Անանունը երկար արձանացած կանգնեց անմարդ սրճարանում, մինչև ծագեց լուսաստղը և քաղաքն արթնացավ։ Նա ելավ սրճարանից, մի քանի քայլ գնաց նրբանցքով և դեմ առավ անանցանելի պատին, որի վրա սև ներկով գրված էր՝ «աղբը այստեղ թափել»։ Նա շրջվեց դեպի բանուկ փողոցը, որտեղ շքեղ ավտոմեքենաներ էին վեր ու վար անում։ Նա գրպանից հանեց հնաոճ բջջային հեռախոսը և, պարզ գիտակցելով, որ իր բնակարանում ոչ ոք չկա, զանգահարեց տուն և չզարմացավ՝ լսելով ժաննայի ձայնը.
– Ինչո՞ւ ես ուշանում, սիրելիս։ Ես քո անկողնում եմ։
Իր շենքին մոտենալիս, նա հեռախոսը նետեց եվրոպական աղբարկղը, որը քաղաքապետարանը վերջերս էր այդտեղ տեղադրել, ի տրիտուր նախկին անշուք աղբարկղի։ Նա բանալիով բացեց դուռը և ներս մտավ։ Ոչ ճաշասենյակում, ոչ էլ ննջարանում, ոչ մի տեղ մարդ չկար։ Անկողինը կոկիկ տեսք ուներ, ինչպես հարյուր տարի առաջ։ Նա հիշեց իր առաջին ուսուցչին, որն իրեն սովորեցրել էր գրել հայերեն տառերը, որոնցից նա չբաժանվեց ամբողջ կյանքում։ Նա մտքում շշնջաց. այբ, բեն, գիմ, դա, մինչև վերջին տառը։ Նա զղջաց, որ հեռախոսը աղբարկղ է նետել և այժմ չի կարող շնորհակալություն հայտնել ուսուցչին, որն արդեն շատ տարիներ Թոխմախ Գյոլի գերեզմանոցում է՝ առանց անվան ու հուշաքարի։
Հետո պատմվածքում մանր-մունր, աննշան բաներ պատահեցին, որոնք ավելորդ է գրի առնել։ Դաշնակահարուհին ամուսնացավ նախկին վարսավիրի հետ։ Մի գիշեր, երբ անկողնում էին, վարսավիրի սիրտը կանգնեց ժամացույցի նման, քանզի նրա բուռն ցանկասիրությունը և անզորությունից դողահար մարմինը այդ պահին հակադարձ համեմատական էին միմյանց։ Դաշնակահարուհին զարմացավ՝ վարսավիրի մեռած դեմքին երջանկություն տեսնելով։ «Գիշերային սրճարանը» փակվեց։ Շատ չանցած, նրբանցքի բորբոս տները բուլդոզերով քանդեցին՝ հինգ աստղանի հյորանոց կառուցելու։ Սրճարանի ոսկետառ ցուցանակը երկար ժամանակ ընկած էր աղբի ու փլատակի մեջ։
Ոչ ոք չգիտի, այնուհետև ինչ եղավ անանունին, ո՞ղջ է, թե՞ մեռած։ Եվ կարևոր էլ չէ։ Թե՞ նա իր միայնությամբ անմահ է, ինչպես մարդկային բնությունը։