Ծնվել է 1956 թվին: Ավարտել է Մոսկվայի պետհամալսարանը տնտեսագետ-մաթեմատիկոսի մասնագիտությամբ:
1978-ից զբաղվում է ռուսական վերլիբռի մշակմամբ եւ համակարգմամբ: Հրապարակվել է կենտրոնական պարբերականներում եւ ռուսական անթոլոգիաներում: Կազմել եւ
հրատարակել է վերլիբռի 17 ժողովածու: Թարգմանվել է տարբեր լեզուներով: Հիմնադիրն է վերլիբռիստների «Սպիտակ քառակուսի» (1988) խմբի: Նույն անունով հրատարակել է վերլիբռի առաջին ժողովածուն ԽՍՀՄ-ում: Հիմնադրել եւ ղեկավարել է «Ռուսական վերլիբռի ասոցիացիան» (1991): Արվեստի նոր տեսակի` ТРЕУМ-ի հեղինակն է.այն միախմբում է տեքստը, պատկերը, ձայնը: «Մենք» խմբի հիմնադիրն ու առաջատարն է, որը զբաղվում է գրականության, արվեստի, հոգեվերլուծության եւ այլնի կատարելագործմամբ:
1991-ին տարագրվել է` Լեհաստան, Նորվեգիա, Բելգիա, Ավստրիա:Ազգությամբ հայ բանաստեղծը 1995-ից ապրում է Կանադայում:
Ծանր է`
զարթնելով ամեն առավոտ
որպես բույս – նորից
ապրել սովորես,
վերստին մարդանալ, վերստին
հավասարակշռել ողջ տիեզերքը
սեփական դեմքով
***
Խելառվել –
նույնն է թե պոկվել գնացքից,
լսելով յասամանի սրընթաց բույրը
ամայի խաղաղ կայարանում
***
Թե մի կողմ նետես
ամեն անէական աննշան բաները,
չի մնա ոչինչ, բացի
միակ-եզակի արտահայտությունից.
«Երկնքում լողում են ամպերը…»
***
Պատկերելով գրավիչ առարկաներ`
ծառ, թռչուն, կանանց…-
մենք նկարում ենք լոկ ժամանակը,
որտեղ
գոյում է նա
***
Հայաստան,
ի՞նչ մետաղից է
այդ ծանր խաչը`
դարերով ցողունդ
հողին խոնարհող…
***
Թեթեւ ու հանգիստ
կառափնարան ելնողը
գիտե` բազմաթիվ են
ներկա ամբոխում
խոշտանգվածները
***
Նրանք, որ մնացին
ջարդված թեւերով,
գիտեն` երկինքը
ամուր նյութից է
***
Սոսկ հիմա
հասկացա` որքան երկար է
հրաշալի կյանքն այս
նայել ինձ աչքերով
սիրահար ձիու,
բայց ես
տեսել եմ
սոսկ տափաստանը
***
Որքան շատ է իմ կոշիկների մեջ
աշնանային ջուրը, որքան շատ է
իմ անեզրական սրտում
դեղին անձրեւը, որոնցից գիշերով
իմ օվկիանոսն է կառուցում անդուլ
ամենաքնքուշ նրբագեղ ձուկը
***
Շատ բան կարելի է
ներել` հայելով –
ինչպես են նրբին բզեզիկները
թիկն տալիս
լռին արեգակին
***
Տարիների հետ
մարմնում խոր լռված
արկի բեկորները
ձուլվում են զանգի
***
Սրտից
մեկ միլիմետր է
ծովը միշտ հեռու
***
Տարօրինակ է
Տարիներն անցան
Իսկ կյանքը մնաց
***
Որքան երկար են աճում խոտերը:
Որքան արագ են ծերանում երեխաները
***
Այսպես էլ ապրում ենք –
լռություն կոչելով
ամենայնը, որ անզոր ենք
լսել
***
Սահմաններ գծելով
կարծում ենք`
իբր առաջ ենք գնում
***
Այնտեղ է սիրտը
տիեզերքի,
ուր նետն է սուրում
***
Գիտակցությունը
անապատ է, որտեղ
մրջյունները
քարեր են հավաքում
***
Հոգիդ ծով է անտակ,
իսկ դու մեռնում ես
հողի ամեն մի
թիզի համար
***
Կռած յուրաքանչյուր
հաղթանակի հետ
աննկատ նվաղում ես
***
Տարեցտարի
մարդը փոքրանում է մինչեւ
սեփական թախծի
չափսերը
***
Կարեւոր չէ` որքան է
կշռում ավազահատիկը,
եթե
թռչում է նա
***
Նրանք, որ փնտրել են
Եվային, գտան
փշրված կանանց
բեկորները
***
Սովորիր բարձրացնել
ծաղկափոշին, սովորիր
հավքը փոխել
գնդի, լռությունը`
լճի եւ
բաժանել երկինքը
մողեսների միջեւ
***
Քանի դեռ պատկերում ես
հեռաստանները,
կողքիդ թիթեռները
ծերանում են
***
Դուրս գալով անցյալից`
մի մոռացիր
անջատել լույսը
***
Սիրտդ ազատիր ամենայնից,
ինչ դեռեւս
սպանել չես զորել
***
Վերցրու այդ կեղտը
ճանապարհից,
այն քոնն է
***
Ընկնելով անդունդը,
հիշիր` ընդամենը
ավազահատիկ ես դու
***
Թռչուններդ ամփոփիր
այնտեղ, ուր
մեռնում են նրանք
***
Փնտրիր գեղեցկությունն այն,
որը հնարավոր է
լսել
***
Մի հետեւիր նրան,
ինչ պատահել է
***
Մահից խույս տալով`
աննկատ դառնում ես
կյանքի
հեշտ ավարը
***
Ծանր է քո բեռը –
խնձորի
երկու կեսը
***
Տիեզերքի մարմինը
ճզմված է անվով
***
Անցյալում կամաց
նվում են
ամենքի ծաղիկները
***
Մարդը միայնակ է`
հանց մետաղադրամ
թշվառի ձեռնափին
***
Սահմանը կենցաղի –
բզեզիկին գրկելու
անհնարինությունը
***
Ամեն առավոտ
ծիծեռնակները երկինք են
բարձրացնում երկիրը
***
Խնձորից խնձոր
շարժվում է արմատը
արեգակի
***
Լեռը փնտրում է
մեկին խոնարհվելու
մի ակնթարթ թեկուզ
***
Ամենը,
որ պատեր ունի,
դյուրին է կործանել
***
Որքան հեշտությամբ են
մրջյունները հասնում նրան, որ
չափազանց
արագ է շարժվում
***
Պոեզիան
վարդ է`
ծանրաքար կրող
***
Աշխարհը դա փիղ է`
բզեզիկի
քթանցքից ընկած
***
Երջանկության բանաձեւը`
խնձորը
եւ ձեռքը
***
Օդը ղողանջում է
մետաղադրամով
թաղված հողում
***
Ափ գտած կաթիլը
վերածվում է
ծովի
***
Մարդը տիեզերքում` հանց գնդակը սրտում
***
Աշխարհի պոչին ագռավները ճռվողում են
***
Մերկացած վարդը` իսկը միանձնուհի
***
Աղջնակների ներսում այծյամները վազվզում են
***
Թիթեռի փլվածքում
թափառում են անխոնջ գետաձիերը
***
Ձեռնափի մեջ ընկնելով` լեռը
դառնում է փխրուն ավազահատիկ
***
Երեխաները գնդակ են թռցնում, չիմանալով,
որ այն արեւ է
***
Ներկայի ամենաստույգ սահմանը
հեռացող կնոջ գեղեցկությունն է
***
Երկաթը, որով խաչել են Քրիստոսին,
վաղուց ոսկու է վերափոխվել
Թարգմանությունը ռուսերենից՝ Հրանտ Ալեքսանյանի
Արդի ռուսական վերլիբր գրքից