Թոմաս Բեռնհարդ | Գլխարկը

Երբ գլխարկը փոխարինում է գլխին
20-րդ դարի երկրորդ կեսի՝ սառը պատերազմի դարաշրջանի ավստրիացի ամենանշանավոր, բայց և ամենից հակասական, սկանդալային գրողն է Թոմաս Բեռնհարդը (1931-1989), ով իր կենդանության օրոք, հետմահու և առ այսօր գրական և հասարակական-քաղաքական շրջանների ամենատարասեռ ու իրարամերժ գնահատականներին է արժանացել՝ անվերապահ մեծարանքից մինչև ոչնչացնող պախարակում: Իր երկերում Ավստրիայի հասարակական-քաղաքական և մշակութային ընտրախավին թիրախավորված քննադատության ենթարկելու համար Բեռնհարդի հասցեին հրապարակային ծանրագույն կշտամբանքներ են հնչել՝ ընդհուպ մինչև հայրենիքի դավաճան, հայրենադավ և սեփական բույնը աղտոտող որակումներով, անգամ նրան ավստրիական քաղաքացիությունից զրկելու ու երկրից վտարելու կոչեր են հնչել, եթե չասենք արշավ է նախաձեռնվել: Բանաստեղծ, արձակագիր, թատրերգակ Թոմաս Բեռնհարդը գրական պոստմոդեռնիզմի ներկայացուցիչ է, երգիծանքի, գրոտեսկի մեծագույն վարպետ, կամ ինչպես ավետում են նրա նյարդագար արվեստի շփոթահար երկրպագուները՝ չարագույժ հանճար: Ահա Բերնհարդի բոթաբեր, այլև չարագուշակ վեպերի ոչ ամբողջական շարանը՝ «Սառնամանիք» (1963), «Ուղղում» (1975), «Անտառահատումներ» (1984), «Քայքայում» (1986):
Բանդագուշակ Բեռնհարդի կերպարները մշտապես գործ ունեն այնպիսի թեմաների հետ, ինչպիսիք են ինքնասպանությունը, խելագարությունը, համակվածությունը, և սիրել-ատելու հարաբերության մեջ են գտնվում Ավստրիայի հանդեպ: Բեռնհարդի արձակը աղմկահարույց է, բայց սթափ միաժամանակ, հիմքում փիլիսոփայական, երաժշտական չափով և սև երգիծանքի գերառատությամբ: Բերնհարդի ողջ ստեղծագործությունը միավորում է կյանքի սրտամիջուկում գոյող հիմնարար գարշանքի աներկբա ճանաչումը և միաժամանակ հաստատումը նույն այդ կյանքի, թեև անուղղակի, բայց և անսպառ գեղեցկության:
Առավելապես հռչակ վայելելով որպես թատրերգակ և վիպասան, Բեռնհարդը գրական ասպարեզ է մուտք գործել իբրև բանաստեղծ, դեռևս 1950-ականներին հրապարակելով խստիվ կրոնամիստիկական ներշնչանքի ծնունդ իր բանաստեղծական հատորները, որոնք նա ավելի լավն էր համարում Ռիլկեի, Թրակլի և այլոց գրվածքներից:
Բեռնհարդի գրողական կենսագրության մեջ մեծագույն շրջադարձային կետը 1963-ին հրապարակած իր առաջին վեպն է՝ «Սառնամանիքը», որն իրենից ներկայացնում է պատմողական մի վիճակ, որում առողջ դատողության տեր պատմողը գրում է մի պատմություն, որը, աստիճանաբար աճելով, նմանակում է խելագարի խոսքը, ում ինքը դիտարկում էր, և ում հանդեպ պատմողը ընդգծված հակվածություն է ցուցաբերում: Վեպը մեծ հաջողություն ունեցավ և անգամ արժանացավ Բրեմեն քաղաքի գրական մրցանակին: Խանդավառ ընդունելության արժանացան նաև Բեռնհարդի հաջորդ 3 վեպերը «Ամրաս»՝ 1964, «Խեղում»՝ 1967, «Կրաշինվածք»՝ 1970:
Առավել քան աղմկահարույց ընդունելության արժանացավ 1983-84-85 թթ. Բեռնհարդի լույս ընծայած վեպ եռագրությունը. «Խորտակվողը», «Անտառահատները» և «Հին վարպետները», որոնցում նա երգիծում է Զալցբուրգի և Վիեննայի արվեստագիտական շրջանների կյանքը: Այս և ընդհանրապես ավստրիական կյանքի բեռնհարդյան սուր քննադատությանը մասնագիտական գրականության մեջ եռակի մեկնաբանություն է տրվում. ա. բուն ավստրիական ավանդույթների և հասարակության բ. Ավստրիան որպես ժամանակակից արևմտյան քաղաքակրթության խորհրդանիշ և գ. ընդհանրապես մարդու ու մարդկայինի ժխտում:
Բեռնհարդի պատմողական արձակում աչքի է ընկնում միևնույն երևույթի և որոշակի բառերի հետևողական կրկնողությունը, նույն պատմության բազմակի վերապատմությունները ամենատարբեր պատմողների կողմից: Բեռնհարդի բոլոր մեծ վեպերում վերահայտնվող հիմնական պատմությունը գլխավոր հերոսի պատմած պատմությունն է, ով ինքզինքը համարելով հալածյալ և բռնության թիրախ, փորձում է այդ բռնությունը տեղափոխել որևէ փոխանորդի վրա: Մարդկային փոխհարաբերություններում ամենուր և մշտառկա փոխադարձ անհանգստության երևույթն արտահայտված է «Խեղում» վեպի հետևյալ տողերում. «Խոսակցության ընթացքում մարդիկ մշտապես այն զգացողությունն ունեն, որ իրենք քայլում են պինդ ձգված ճոպանի վրայով և միշտ վախեցած են վայր ընկնելուց ավելի ցածր մակարդակի վրա, ավելի բարեհարմար»: Սրանով Բեռնհարդը անվերապահորեն հաստատում է, որ «ցած հրվելուց» խուսանավելու ամենավստահելի միջոցը իր փոխարեն մեկ ուրիշին ցած հրելն է:
Բառային կրկնություններով գործառելու հնարանքը, որ ասես զոհաբերության մեխանիզմ նա շարունակ զետեղում է իր արձակ երկերում, պատճառաբանվում է վերջնական հիվանդությունից, ախտից խուսափելու ցանկությամբ, ինչը և ողջ մարդկությանը հատկական հիվանդությունն է: Սակայն ի տարբերություն զոհաբերման մեխանիզմի՝ Բեռնհարդի կրկնաբանությունները ստեղծում են մի կատարսիս՝ մաքրագործում, որը, երաժշտության հանգույն, իր հաջողության համար կախված չէ փոխանորդ զոհի հալածանք-հետապնդումից: Գլխավոր նպատակը երաժշտական միջոցներով հոգեկան լարվածության ամբողջական, մաքրագործողական վտարման, արտաքսման ձգտումն է: Բեռնհարդի այս խիստ կարևոր ոճական տարրը լավագույնս արտահայտված է նաև իր վերջին՝ 1986 թ. լույս ընծայած «Քայքայում» վեպում: Բեռնհարդի մանթրայական արձակը իսկապես փրկագնող, մաքրագործող նպատակ է հետապնդում: Բեռնհարդի կրեատիվ կրկնաբանությունները, որոնցով հաղթահարվում, վերառվում է մրցակցային պայքարի բովում և ինքնավարության ձգտման երկընտրանքի առաջ կանգնած նրա հերոսների ինքնակործանման ընթացքը, հանդիսանում է ոչ միայն 20-րդ դարի, այլև 2-րդ հազարամյակի ամենախորը, ինչպես նաև հույժ հաստատական ու կենսահաստատ գրական նվաճումներից մեկը:
1967 թ. լույս ընծայված «Գլխարկը» պատմվածքում միաձույլ հանդես է գալիս Բերնհարդ-արվեստագետին բնութագրական սրբազան եռամիասնությունը՝ երգիծանքը, գրոտեսկը և մահաշունչ գուժկանը, գումարած նյարդագար եսն իբրև հետնաբեմ: Ինքնությունը՝ մարդկային եսն այստեղ տարակայացման, քայքայման, հիվանդության ու մահվան վերջնասահմանն է թևակոխել: Այդպես էլ դեռևս չկազմավորված՝ այն սեփական կազմալուծման անկասելի ընթացքն է բռնել, ինչն ակնբախորեն տեսանելի է դառնում պատմությունը պատմող սուբյեկտի խոսքում և սեփական պատմածը գրի առնելու բուն իսկ հանգամանքի բերումով: Մենության բարձրաբերձ լեռնաստանի խավար զնդանի մեջ ներփակված հերոսին կեղեքում ու վախ է ներշնչում ոչ այնքան խելագարվելու հեռանկարն ինքնին՝ իբրև վերջնահանգրվան, որքան խելագարվելու մտավախությունը, որ դանդաղորեն իր ուղին է հարթում: Գլխարկն այստեղ մարդուս ողջախոհության բնազդը, զգոնությունը մի վերջին ճիգով խթանող և մտահորիզոնի նեղացմանն ընդդիմացող սևեռուն գաղափար է՝ պաշտամունքային պարագա, վերջին հույսի կրոնական պատկերացումներին ընթերակա: Հենց այստեղ էլ աստիճանաբար սեղմվում-փակվում է շրջանը գրականության ու պաշտամունքի միջև, որ Բեռնհարդի տեքստում հետևողականորեն սպառնում է իսպառ վերանալ:

Աշոտ Ալեքսանյան

ԹՈՄԱՍ ԲԵՌՆՀԱՐԴ

ԳԼԽԱՐԿԸ

Մինչ իմ եղբայրը, ում անհավանական աշխատանքային առաջխաղացում է կանխագուշակվել, Ամերիկայի Միացյալ Նահանգների կարևորագույն համալսարաններում մուտացիոն հետազոտությունների ոլորտում իր հայտնագործությունների վերաբերյալ զեկուցումներով է հանդես գալիս, որի մասին նաև Եվրոպայի առաջատար գիտական հանդեսներն են ոչ պակաս խանդաղատալի խանդավառությամբ հաղորդում, ինձ՝ մարդկային գլխով մասնագիտացած կենտրոնական Եվրոպայի անթիվ-անհամար հաստատություններից հոգնած հիվանդիս, նրա տանը բնակության հաստատվելու առիթ ընձեռվեց, և ես նրա այդ քայլը բարձր եմ գնահատում, որովհետև նա ամբողջ շինությունը միանգամայն անվերապահորեն իմ տրամադրության տակ դրեց: Այս տունը, որ ժառանգությունն էր մեկ տարի առաջ հանկարծահաս վախճանված իր կնոջ, ում ես նախկինում երբեք չեմ տեսել, իր հնամենիությամբ և իմ նախասիրությանը հարիր համաչափություններով, որ է՝ կշռույթա-զանգվածային համընդհանուր և առանձնահատուկ բնական ներդաշնակությանը կատարելապես համապատասխանող, ուր ես կարելիությունն ունեցա բնակվելու՝ հակառակ բոլոր տեսակի նախապաշարումներին, որոնք տարիներ շարունակ խորապես մտատանջել են ինձ՝ ընդհուպ մինչև բջջարմատը մահու չափ կեղեքելով, առաջին շաբաթների ընթացքում, համենայնդեպս, իմ տարակուսելի գոյության միակ հնարավոր ապաստանը դարձավ:
Անմիջապես Աթթերզեի ափին տեղակայված տանը անցկացված առաջին երկու շաբաթները մի այնպիսի նորություն էին ինձ համար, որ ես շունչ քաշեցի: Մարմինս նորից սկսեց ապրել, ուղեղս փորձեց ինձնից արդեն փախ տված, առողջների համար թերևս ծիծաղելի, իսկ իմ՝ հիվանդիս համար, դեռևս ահռելիորեն զվարճալի աճպարարությունը:
Առաջին իսկ օրերին, որ ես անցկացրեցի Ունտերախում, այսպես էր կոչվում այն բնակավայրը, ուր եղբորս տունն է գտնվում, ես արդեն ի վիճակի էի իրողությունները գոնե իրար կապակցել, աշխարհը, անսպասելիորեն, վերստին իբրև սովորություն պատկերացնել, հասկացությունների մի մասը, իմ ամենից անձնականները, այսպես կոչված վերակենդանացած մտածողության նախասկզբնական նպատակներին ենթարկեցնել: Անշուշտ, սովորելն ինձ համար նաև Ունտերախում էր անհնարին: Նեղսրտելով՝ ես վերստին հետ կանգնեցի իմ առաջին փորձերից, Խաբուլասից, Դիպոլդից, Հայզենբերգից, Հիլֆից, Լիբիգից, Կրիսատից, սըր Իսահակ Նյուտոնից, որոնք, իմ կարծիքով, պարտադիր են անտառագիտության իմ բնագավառում առաջադիմելու համար: Ես իմ եսը նաև Ունտերախում սահմանափակեցի, ինքզինքս հավելադրելով իմ հիվանդ գլխին, շուտով ավելի ու ավելի տրվելով պատկերների փնտրտուքին, գույների պատմության տարողունակ հիմնանյութը պարզագույն մասնիկների տարակայացնելով, մանրատելով, անդամահատելով հիմնավիճակի համայնական պատմությունից: Եվ ես կրկին անգամ, ինչպես հաճախ է եղել, մի ակնթարթից մյուսը իրավամբ դուրս էի թողնվում տարրական գունազննության դասընթացից: Այո՛, ես սուզվում էի ինքնազննումի ողորմելի կատեգորիաների և, իմ բնորոշմամբ, այսպես կոչված ինքնասույզ գունային խուճապի մեջ, մշտապես զննելով իմ ելքերը, առանց որևէ ելք գտնելու. ի շարունակություն իմ հիմնականում դեռևս լոկ կենդանական գոյության՝ գլխիս պատճառով կյանքի կոչված, գերլարվածությունը նյութի միջոցով ընդհանրապես, սակայն զազրելի մի եղանակով, վերապրում էի ես Ունտերախում: Մտավախություն ունենալով, որ այս տանն առկա իմ անմիջական շրջակա միջավայրը կարող է բերել նրան, ինչն ինձ հետ է կատարվում, ես վռնդեցի բոլոր սուրհանդակերին և կարգադրեցի նրանց այնքան ժամանակ ոտք չդնել այս տունը, մինչև որ եղբայրս Ամերիկայից վերադարձած և ողջը վերստին սովորական կարգուկանոնի մեջ վերահաստատված չլինի: Ես փորձում էի, բնավ չկասկածելով իմ հիվանդությանը, արթնանալ իմ հիվանդոտությունից: Մարդիկ հնազանդվում էին և գոհ հեռանում, գերավճարված և ուրախ՝ չքվում: Երբ նրանք դրսում էին և ես այլևս առիթը չունեի բռնանալու նրանց կամքին, ուստի այս տանն ու այս մարդկանց միջավայրում, ինչպես ինքս ինձ էի խոստովանում, ես դաժանագույնս և անընդհատաբար ինքս ինձ վրա բռնանայի պիտի, ինչպես հիմա եմ վերահաշվարկում, երկու շաբաթ շարունակ բռնանայի պիտի, ես վայրկենաբար ընկա իմ այս դրության մեջ: Ես փակեցի տան ճակատային մասի բոլոր շերտավարագույրները, որպեսզի այլևս անկարող լինեմ դուրս նայելու: Հետնաճակատային մասի շերտավարագույրները փակելն անմտություն կլիներ, քանզի այնտեղի պատուհանները դեպի անտառաբլուրն էին բացվում: Բաց շերտավարագույրների և պատուհանների դեպքում անտառաբլրից շատ ավելի մեծ և ավելի հոծ խավար էր թափանցում տան մեջ, քան փակ ժամանակ: Սոսկ այն սենյակի շերտավարագույրներն ու պատուհանը, ուր ես էի բնակվում, ես բաց պահեցի: Իմ սենյակը մշտապես պետք է բաց պատուհան ունենար, եթե ես չէի ցանկանում խեղդվել: Եվ իսկապես, այն բանից հետո, երբ մենակ էի տանը, ես անմիջապես մի երկրորդ փորձ ձեռնարկեցի շարունակելու իմ հետազոտությունները, սակայն արդեն պարապմունքներիս առաջին իսկ պահերին իմ կողմից հանիրավի արհամարհված դոկտոր Մանտելի ուսմունքից ես գիտեի, որ իմ ջանքը կատարյալ անհաջողությամբ էր ավարտվելու: Ես հարկադրված էի, մինչև ուղեղիս նվազագույն կենսամակարդակը նվաստանալով, հրաժարվել իմ և ուսուցիչներիս գրքերից: Այդ նվաստացումը, որ մշտապես հանգեցնում է հետնագլխիս աղետալի վիճակներին, այնուհետև անզոր է լինում զսպելու ինձ: Մշտապես մոտ գտնվելով ամբողջովին խելքը թռցնելուն, սակայն դեռևս ամբողջովին չխելագարված, այդժամ ես տիրապետություն ունեի իմ ուղեղի վրա առավելապես լոկ ձեռքերիս ու ոտքերիս զազրելի կարգավորումների, իմ գլխի արտակարգավորումների մասով: Այն, ինչից առավելապես վախենում էի ես այս տանը, և ինչի մասին Ամերիկայում գտնվող եղբորս դույզն-ինչ չէի իրազեկում, ընդհակառակը, ես նրան գրում էի ասես պայմանավորվածության կարգով՝ շաբաթական երկու անգամ, որ ես ինձ լավ եմ զգում, որ երախտապարտ եմ նրան, որ ես առաջընթաց եմ գրանցում իմ հետազոտություններում, ինչպես և առողջությանս հարցում, որ ես սիրում էի նրա տունը և ողջ շրջապատը, սակայն այն, ինչից ես ամենաշատն էի վախենում Ունտերախում, մթնշաղի իջնելն էր և մթնշաղին անմիջապես հետևող խավարը: Այստեղ խոսքը հենց այդ մթնշաղի մասին է: Այդ խավարի: Այդ մթնշաղի, այդ խավարի ոչ թե պատճառների մասին, ոչ թե դրանց պատճառակցությունների, այլ հենց միայն այն մասին, թե ինչպես էին Ունտերախի այդ մթնշաղն ու այդ խավարը ներազդում իմ վրա: Բայց ինչպես տեսնում եմ, տվյալ պահին ես բնավ ուժ չունեմ այս թեմայով որպես խնդիր զբաղվելու, որպես թե այն ինձ համար խնդիր լիներ, նաև ցանկանում եմ սահմանափակվել սոսկական ակնարկներով, ես ցանկանում եմ ընդհանրապես սահմանափակվել լոկ Ուներախի մթնշաղի և Ունտերախի խավարի իմ վիճակի հետ առնչության խնդրով, որի մեջ ես գտնվում էի Ունտերախում: Ես նաև բնավ ժամանակ չունեմ հետազոտության համար, քանզի իմ գլուխը, քանզի իմ գլխի հիվանդությունը զբաղեցնում է իմ ողջ ուշադրությունը, իմ ողջ գոյությունը: Մթնշաղը և մթնշաղին հաջորդող խավարը Ունտերախում ես չեմ կարողանում տանել իմ սենյակում, այդ պատճառով ամեն օր, երբ այս սահմռկեցուցիչ լեռնային մթնոլորտում մթնշաղը խավարը ներս է սողոսկում, ես ինձ դուրս եմ գցում իմ սենյակից ու տնից՝ դեպի փողոցը: Այնուհետ ես երեք հնարավորություն ունեմ. ընթանալու կամ Պարշալենի ուղղությամբ կամ Բուրգաուի ուղղությամբ կամ Մոնդզեի ուղղությամբ: Բայց ես դեռևս երբեք չեմ ընթացել Մոնդզեի ուղղությամբ, քանզի ես վախենում եմ այդ ուղղությունից, ես մշտապես ընթանում եմ լոկ Բուրգաուի ուղղությամբ, սակայն այսօր ես առաջին անգամ դեպի Պարշալեն ընթացա: Եվ ես, քանզի իմ հիվանդությունը, արդեն չորս տարի ինձ տանջող իմ գլխագարությունը, մթնշաղին (որն այստեղ շատ շուտ է իջնում, արդեն չորսն անց կեսին) սենյակիցս դեպի նախասրահը, խավարից դեպի փողոցը մղելով, քանզի, հնազանդվելով իմ գլխից եկած հանկարծակի ակնարկին, ինքս ինձ շատ ավելի մեծ տառապանք էի ցանկանում պատճառել, քան նախորդած օրերին, ոչ թե դեպի Բերգաու, ինչն, այն ժամանակվանից ի վեր, երբ ես Ունտերախում էի բնակվում, իմ սովորությունն էր, այլ ուղղորդեց զարհուրելի մի վայր, ինչպիսին Պարշալենն էր, ուր ութը մսագործներ կային, ինչը ես հիմա գիտեմ, չնայած մի հարյուրի չափ մարդ էլ չի ապրում այդ վայրում, կարելի է միայն երևակայել. ութ մսագործ և հարյուրից էլ քիչ մարդիկ . . . Ես ցանկանում եմ այսօր ոչ միայն բուրգաուական, այլ շատ ավելի մեծազոր պարշալենական հյուծախտի մասին տեղեկացնել, ես ուզում էի քնել, քուն մտնել, մեկ անգամ և ընդմիշտ վերստին քնանալ: Բայց հիմա, քանզի վճռել եմ գրի առնել այս նախադասությունները, քնելու մասին ընդհանրապես չի կարելի մտածել անգամ: Պարշալենյան հյուծախտն այսօր ինձ առավելություն թվաց, և այսպիսով ես ընթացա Պարշալենի ուղղությամբ: Իմ հիվանդությունը Ունտերախում վերստին իր բարձրակետն էր նվաճել, այն հիմա ինձ այնպես էր խենթացնում, որ ես վախ ունեի, թե կարող էի իմ սիրելի, Ամերիկան ոտքի տակ տվող եղբոր ուշադրությունից վրիպած լինելով՝ ինձ կախ տալ մի ծառից, ջրի տակ անցնել: Սառցածածկույթները դեռևս շատ ծանծաղ են, և անմիջապես ջրասույզ ես լինում: Ես լողալ չիմացողներից եմ, ինչը տվյալ դեպքում դրական պետք է համարվի . . . Ես մտմտում եմ, ինչը ճշմարտություն է, արդեն շաբաթներ շարունակ իմ ինքնասպանությունը: Սակայն իմ մեջ վճռականության պակաս կա: Սակայն եթե անգամ ես ի վերջո վճիռ կայացնեմ ինքս ինձ կախանելու կամ որևէ ջրի մեջ խեղդամահ լինելու, ապա դեռ երկար ժամանակ ես չեմ կախվի, ու նաև երկար ժամանակ խեղդամահ չեմ լինի: Սարսափելի մի ուժատություն, և դրա հետևանքով՝ անպիտանելիությունն էր գերիշխում ինձ: Ընդսմին՝ ծառերն ինձ պաշտոնապես իրենց կողմն են գրավում, ջուրն ինձ հրավերք է կարդում, փորձելով իր մեջ ներքաշել ինձ. . . Բայց ես այս ու այն կողմ եմ վազվզում և ոչ մի դեպքում որևէ ջրի մեջ չեմ նետվում, ես ինձ կախ չեմ տալիս որևէ ծառից: Քանզի ես ա՛յն չեմ անում, ինչը ջուրն է ուզում, ես վախենում եմ ջրից, քանզի ես չեմ անում ա՛յն, ինչը ծառերն են ուզում, ես վախենում եմ ծառերից . . . ամեն ինչից ես վախենում եմ . . . Ընդսմին, դա միայն պատկերացնել է պետք, ես քայլում եմ իմ միակ շապիկը հագիս, որ ամառային մի շապիկ է, անվերարկու, անբաճկոն, ամառային տաբատով և ամառային ոտնամաններով . . . Բայց ես չեմ մրսում, ընդհակառակը, իմ մեջ ամեն ինչ մշտապես բորբոքվում է մի ինչ-որ սարսափելի տապից, ես առաջ եմ մղվում իմ գլխատապից: Անգամ երբ մորեմերկ վարգում եմ Պարշալենում, ես չեմ մրսում: Ի դեպ. ես Պարշալեն ուղևորվեցի, քանի որ չեմ ուզում խելագարվել: Ես պե՛տք է ինձ տնից դուրս գցեմ, եթե չեմ ցանկանում խելագարվել: Սակայն ճշմարտությունն այն է, որ խելագարվել ես ուզում եմ, ես ուզում եմ խելագարվել, ոչ թե ավելի շուտ, այլ իսկապես խելագարվել, բայց վախենում եմ, որ ես դեռ երկար չեմ կարող խելագարվել: Ես ուզում եմ վերջապես խելագարվել… Ես ոչ միայն վախենալ չեմ ուզում խելագարվելուց, ես ուզում եմ վերջապես խելագարվել: Երկու բժիշկ, որոնցից մեկը հույժ գիտնական բժիշկ է, մարգարեացան, որ ես խելագարվելու եմ, շուտով ես խելագարվելու եմ, իմ առթիվ մարգարեացան երկու բժիշկներն էլ, շուտով, շատ շուտով: Այժմ արդեն երկու տարի է ինչ ես սպասում եմ խելագարվելուս, բայց դեռևս չեմ խելագարվել: Բայց ես կարծում եմ մթնշաղին և հանկարծահաս խավարին, ամբողջ ընթացքում, երբ երեկոյան իմ սենյակում, երբ ամբողջ տանը ես այլևս ոչինչ չեմ տեսնում, երբ ինչին դիպչում եմ, այլևս չեմ տեսնում, ընդսմին՝ շատ բաներ եմ լսում, բայց ոչինչ չեմ տեսնում, լսում եմ և ինչպե՜ս եմ լսում, բայց ոչինչ չեմ տեսնում, եթե ես այս զարհուրելի վիճակին դիմանայի, մթնշաղն ու խավարը իմ սենյակում կամ գոնե նախասրահում կամ առնվազն տան ինչ-որ մասում դիմագրավել կարողանայի, եթե, չնայած իսկապես աներևակայելի ցավին, տունն ամեն դեպքում չլքեի, ապա այդժամ ես պե՛տք է որ խելագարվեի: Բայց ես երբեք չեմ կարող ընդդիմանալ մթնշաղի և հանկարծահաս խավարի վիճակին, ես մշտապես պետք է դուրս վազեմ տնից, քանի դեռ Ունտերախում եմ, և ես այնքան ժամանակ եմ Ունտերախում լինելու, մինչև որ իմ եղբայրը վերադառնա Ամերիկայից, Սթենֆորդից ու Փրինսթոնից վերադառնա, բոլոր հյուսիսամերիկյան համալսարաններից վերադառնա, այնքան ժամանակ, մինչև շերտավարագույրները վերստին բացվելու լինեն, սուրհանդակները կրկին տուն ներսուդուրս անեն: Ես պետք է մշտապես տնից դուրս փախչեմ . . . Այդպես էլ կա. ես անզոր եմ ընդդիմանալ և դուրս եմ վազում, ես իմ հետևից փակում եմ բոլոր դռները, այդժամ գրպաններս լեփ-լեցուն են բանալիներով, ես այնքան շատ բանալիներ ունեմ իմ գրպաններում, առավելապես տաբատի գրպաններում, որ վազելիս զարհուրելի աղմուկ եմ բարձրացնում, և ոչ միայն զարհուրելի աղմուկ, սարսափելի մի հռնդյուն, որ բանալիներն են առաջացնում, երբ ես վազում եմ, երբ ես Բուրգաու կամ, ինչպես այսօր երեկոյան, Պարշալեն եմ աճապարում, իմ ազդրը և իմ փորը, և սերթուկի գրպաններում եղողները զարկվում են մեջքիս և վնասում լանջաթաղանթս, քանի որ նրանք մեծագույն աճապարանքով, ինչին ես հասնեմ պիտի տունը լքելուց հետո, արգելափակում են իմ անհանգիստ մարմինը, հենց միայն տաբատագրպանների բանալիներից բազմաթիվ վնասվածքներ ես ունեմ, հիմա արդեն իսկ թարախակալած վերքեր՝ փորիս հատվածում, հատկապես այն պատճառով, որ խավարի մեջ մշտապես սայթաքում-ընկնում եմ կոպտակոպիճ սառցաբեկորների վրա: Չնայած հիմա արդեն հարյուրավոր անգամներ վերուվար եմ արել այս փողոցներով, ես դեռ մշտապես ընկնում եմ ու ընկնում: Երեկ չէ նախորդ օրը ես չորս անգամ վայր ընկա, անցյալ կիրակի տասներկու անգամ, և ինչպես տուն հասնելուց հետո միայն նկատեցի, կզակս էի վնասել: Իմ գլխացավը թույլ չէր տվել անգամ զգալու կզակացավս, այսպիսով կարելի է երևակայել, թե որքան մեծ է իմ գլխացավը, եթե կզակացավն այս, որ կյանքի է կոչվել ստորին ծոտի մեջ առաջացած վերքից, նա ի զորու է եղել ճնշել: Սենյակիս մեծ հայելու մեջ, տուն վերադառնալուս պես, անմիջապես հավաստիանում եմ հյուծվածությանս աստիճանի մասին, մարմնական հյուծվածության, հոգեկան հյուծվածության, օրավուր հյուծվածության, այդժամ ես տեսա կզակի վնասվածքը (նման վնասվածքը հարկ է որևէ բժշկի կողմից սեղմակարվեր, ես այլևս երբեք բժիշկ չեմ փնտրում, ես գարշում եմ բժիշկներից, ես թողնում եմ իմ այս կզակավերքն այնպես ինչպես կա), սկզբում ոչ թե հենց կզակի վնասվածքը, այլ սերթուկիս վրա անթեղված արյան բծերի մի մեծ բազմություն: Ես սարսափեցի, երբ տեսա արյունոտ սերթուկը, դե ահա, անցավ իմ գլխով, այն միակ սերթուկը, որ ես ունեմ, արյունոտվել է հիմա: Բայց անմիջապես էլ ինքս ինձ ասում եմ, չէ որ ես միայն մթնշաղին, միայն խավարին եմ փողոց ելնում, ուստի ոչ ոք չի տեսնի, որ սերթուկս արյունոտ է: Սակայն ես քաջ գիտեմ, որ սերթուկս արյունոտ է: Ես ընդհանրապես չփորձեցի անգամ մաքրել իմ արյունոտ սերթուկը: Արդեն հայելու առաջ ես ծիծաղից թուլացա, և այդ ծիծաղի պահին ես այնուհետ տեսա, որ կոտրել եմ ծնոտս, որ ես ծանր մարմնական վնասվածք եմ իմ վրա կրում: Տարօրինակ է, թե դու ինչպիսի տեսք ունես կոտրված ծնոտով, ինքս ինձ մտածեցի, երբ հայելու մեջ տեսա ինձ կոտրված ծնոտով: Բացի այն, որ կզակավերքն այդ այլանդակում էր ինձ, իմ ողջ անձը միանգամից մեկ այլ անդիմադրելի անցում կատարեց դեպի ծիծաղելիի ոլորտը, այն է՝ բացարձակ մարդկային կատակերգությունը, քանզի տունդարձի ճանապարհին, բանից անտեղյակ, կզակավերքի արյունը ես ձեռքերով լղոզել էի ամբողջ դեմքիս՝ մինչև ճակատիս վերնամասը, մազերիս մեջ… բացի այդ՝ ես նաև տաբատս էի պատառոտել: Սակայն, ինչպես ասացի, դա տեղի էր ունեցել վերջին կիրակի օրը, ո՛չ այսօր, և ուզում եմ ասել, այսօր Պարշալենի ճանապարհին ես մի գլխարկ գտա և գլխարկն այդ հիմա, մինչ ես նկարագրում եմ այս ամենը, գլխիս եմ կրում, այո՛, այս գտածո գլխարկը զանազան պատճառներից ելնելով . . . այս գորշ, հաստլիկ, կոպիտ, աղտոտ գլխարկը, ես այն արդեն այնքան տևական ժամանակ է ինչ կրում եմ գլխիս, որ այն իմ սեփական գլխահամն է ընդունել . . . Ես այն գլխիս հագցրի, քանզի այլևս չէի ցանկանում տեսնել նրան: Ես ուզում էի անմիջապես, երբ արդեն կրկին տանն էի, իմ սենյակում թաքցնել այն, նախասրահում թաքցնել էի ուզում, ընդսմին՝ հավանաբար նաև ապագայում գլխիս գալիք միանգամայն անպարզորոշ պատճառներից դրդված: Ես ցանկանում էի տան որևէ անկյունում, ինչ-որ մի տեղ խցկել-թաքցնել այն, բայց անկարող էի գլխարկին հարմար որևէ տեղ գտնել, ուստի այն գլխիս զետեղեցի: Ես այլևս չէի կարող տեսնել այն, բայց նաև՝ դեն նետել, ոչնչացնել: Եվ հիմա արդեն ժամերով ես դեսուդեն էի անում տնով մեկ, գլխարկը գլխիս՝ անկարող տեսնելու այն: Այս ամբողջ վերջին ժամերը ես անցկացրի գլխարկի ներքո, քանի որ արդեն տունդարձի ճանապարհին էի ես այն գլխիս հագցրել և ընդամենը մի վայրկյանով էի գլխիցս ցած բերել՝ նրա համար բարեհարմար որևէ տեղ գտնելու նպատակով, և քանզի նրա համար որևէ հարմար տեղ չգտա, ես այն վերստին գլխիս դրեցի: Բայց ես հո չեմ կարող գլխարկը մշտապես գլխիս հագած ունենալ . . . Վախենամ այս հոգեվիճակը, գլխարկը գլխիս ունենալը և գլխին դրված գլխարկի կողմից հպատակեցված լինելը, նրանց միջև հոգուս ամենափոքր և փոքրից էլ փոքր կենսական հնարավորությունների, ինչպես և մարմնիս, լավ նկատեցի՝ ինչպես մարմնիս, և գլխիցս այն չհանելը, այն իր տեղում պահպահելն ու չհանելը, համապատասխանում է իմ հիվանդությանը, ենթադրում եմ ես. այդ հիվանդությամբ, որն ինձ ցօրս մի ամբողջ ինը բժիշկներ ի զորու չեղան պարզաբանել, ինը բժիշկ՝ լավ է նկատված, որոնց բոլորին վերջին ամիսներին, մինչ երկու տարի առաջ ես վերջ կդնեի բժիշկների հետ շփումներին, այցելում էի ես: Բժիշկներն այդ հաճախ աներևակայելիորեն դժվար պայմաններում էին լոկ ինձ հասանելի և զարհուրելի ծախսերի հետ կապված: Դա առիթ հանդիսացավ, որ ես ծանոթացա բժիշկների անպատկառությանը: Սակայն, հիմա մտածում եմ, գլխարկը ամբողջ երեկոյան ես գլխիս եմ հագած և չգիտեմ, ինչու եմ ես այն գլխիս կրում: Եվ ես այն գլխիցս չեմ հանել և չգիտեմ ինչու: Այն ինձ համար սարսափելի բեռ է, ասես դարբինն այն կռած լիներ գլխիս: Բայց այս ամենը երկրորդական է, քանզի ես ցանկանում էի լոկ նշել, թե ինչպես ես ռաստ եկա այդ գլխարկին, ձեռքս առա այն, այնտեղ, ուր գտա գլխարկը և, բնականաբար, թե ինչու եմ ես այն մինչև հիմա մշտապես գլխիս կրում . . . Այս ամենը կարելի էր մեն մի նախադասությամբ ասվեր, ինչպես որ ամեն ինչ մեն-միակ նախադասությամբ է ասվում, սակայն ոչ ոք ի զորու չէ ողջը մեն մի նախադասությամբ ասել . . . Դեռ երեկ այս նույն ժամի դրությամբ ես ընդհանրապես դեռևս ոչինչ չգիտեի այս գլխարկի մասին, և հիմա գլխարկն իշխում է իմ վրա . . . Ավելին՝ խոսքն այստեղ գնում է ամենասովորական գլխարկի մասին, հարյուրհազարավոր գլխարկներից մեկի… Սակայն ամենը, ինչ մտածում եմ, ինչ ես զգում եմ, ինչ ես անում եմ, ինչ ես չեմ անում, ողջը, ինչը որ ես եմ, ինչը որ ես ներկայացնում եմ, այս գլխարկի իշխանության ներքո է գտնվում, ողջը, որ ես եմ, գլխարկի ներքո է, ողջը միանգամայն (ինձ համար, ինձ համար Ունտերախում) կախված է այս գլխարկից, այն գլխարկներից մեկից, ինչպիսիք, ես գիտեմ, հագնում են հատկապես այս շրջանի մսագործները, հենց այս կոպիտ, հաստլիկ, գորշ գլխարկները: Այնպես չէ, որ սա անպատճառ մսագործի գլխարկ է, այն կարող է նաև անտառահատինը լինել, անտառահատները ևս կրում են այսպիսի գլխարկներ, նաև գեղջուկները: Այստեղ բոլորն են այս գլխարկից կրում: Սակայն վերջապես գանք բուն խնդրին. դա սկսվեց նրանից, որ ես ոչ թե դեպի Բերգաու, կարճ ճանապարհով, այլ դեպի Պարշալեն, երկար ճանապարհով ընթացա, թե ինչու ես հենց երեկ հատկապես ոչ թե Բերգաուում, այլ Պարշալենում հայտնվեցի, ինքս էլ չգիտեմ: Ես հանկարծ, փոխանակ դեպի ձախ գնալու, գնացի աջ և ընթացա Պարշալենի ուղղությամբ: Բուրգաուն իմ վիճակներին ավելի քան նպաստավոր է: Ես մեծագույն հակում ունեմ Պարշալենի հանդեպ: Բուրգաուն զազրելի է, Պարշալենը ոչ: Նույնպես և Բուրգաուի մարդիկ են զազրելի, Պարշալենինը ոչ: Բուրգաուն գարշելի հոտ ունի, Պարշալենը ոչ: Սակայն իմ վիճակների համար Բուրգաուն շատ ավելի լավ է: Չնայած դրան՝ ես այսօր դեպի Պարշալեն ընթացա: Եվ Պարշալենի ճանապարհին էլ գլխարկը գտա: Մի ինչ-որ փափուկ բանի վրա ոտքս դրեցի, սկզբում մտածեցի թե դա լեշ էր, սատկած առնետ, հոշոտված մի կատվազգի: Մշտապես, երբ ես խավարում որևէ փափուկ բանի վրա եմ ոտք կոխում, ես կարծում եմ, որ որևէ սատկած առնետի կամ հոշոտված մի կատվազգի եմ տրորել . . . Բայց գուցե դա բնավ սատկած առնետ չէ, ոչ էլ հոշոտված կատվազգի, մտածում եմ ես, և ես ոտքս մի քայլ հետ եմ գցում: Ոտնաթաթով այդ կակղամորթին դեպի փողոցի մեջտեղն եմ հրում: Ես հավաստիանում եմ, որ տվյալ պարագայում գործ ունեմ ո՛չ սատկած առնետի, ո՛չ հոշոտված կատվազգիի, և առավել ևս ո՛չ էլ լեշի հետ: Բա ի՞նչ է սա: Եթե սա լեշ չէ, ուրիշ էլ ի՞նչ կարող է լինել: Ինձ ոչ ոք չի նկատում խավարի մեջ: Մի ձեռնմխություն՝ և ես գիտեմ, եղածը գլխարկ է: Կզակով գլխարկ: Կզակավոր գլխարկ, որպիսիք իրենց գլխին կրում են այս տեղանքի մսագործները, բայց նաև անտառահատներն ու գեղջուկները: Կզակավոր գլխարկ, մտածում եմ ես, և հիմա ես անսպասելիորեն նման մի գլխարկ ունեմ, որպիսիք մշտապես տեսել եմ մսագործների, անտառահատների ու գեղջուկների գլուխներին, ձեռքերում բռնած: Ի՞նչ անել այս գլխարկի հետ: Ես այն փորձեցի և գլխիս հարմար եկավ: Շատ հաճելի է, նման գլխարկը, մտածեցի ես, բայց դու չես կարող այն հագնել, որովհետև դու ո՛չ մսագործ ես, ո՛չ էլ անտառահատ, ո՛չ իսկ գեղջուկ: Որքա՞ն խելացի են նրանք, որ այսպիսի գլխարկ են կրում, մտածում եմ ես: Այս սառնամանիքին… Գուցե, մտածում եմ ես, գլխարկն այս անտառահատներից մեկը, ով գիշերվա կեսին ծառ հատելով այնքան աղմուկ է բարձրացնում, որ ես լսում եմ Ունտերախում, կորցրած լինի: Կամ մի գեղջո՞ւկ: Կամ մսագործ: Հավանաբար անտառահատներից մեկը: Հաստա՛տ մսագործներից մեկը: Այս գլուխկոտրուկից, մեկ սա, մեկ նա, թե ով կարող էր գլխարկը կորցրած լինել, ես տաքացա: Դեռ մի բան էլ՝ ինձ նաև այն միտքն էր տանջում, թե ինչ գույն ունի գլխարկը: Սև՞ է արդյոք: Կանա՞չ է: Գո՞րշ: Կան կանաչները և սևերը, նաև գորշերը . . . եթե այն սև է . . . եթե գորշ է . . . կանաչ . . . ահասարսուռ ենթադրությունների խաղին անձնատուր՝ ես ինձ վերստին հայտնաբերեցի միևնույն տեղում տնկված, ուր գլխարկն էի գտել: Որքա՞ն ժամանակ է գլխարկն այսպես ընկած փողոցում: Որքան հաճելի է գլխարկն այս նստում գլխիս, մտածում էի ես: Հետո ես այն ձեռքս առա: Եթե որևէ մեկը գլխարկն այս իմ գլխին տեսնի ինձ, մտածեցի ես, ապա խավարի մեջ, որ իշխում է այստեղ, սարերի միջով իշխում է այստեղ, սարերի ու լճերի ջրերի միջով, նա կկարծի, որ ես մսագործ եմ կամ անտառահատ կամ գյուղացի: Մարդիկ անմիջապես հագուստին են աչքը տնկում, գլխարկներին, սերթուկներին, բաճկոններին, ոտնամաններին, դեմքն ընդհանրապես չեն տեսնում, ո՛չ շարժուձևը, ո՛չ էլ գլխի շարժումը, հագուստից բացի նրանք ոչինչ չեն նկատում, նրանք տեսնում են միայն սերթուկն ու տաբատը, որոնց մեջ մարդս սողոսկած է, ոտնամանները և բնականաբար նախ և առաջ գլխարկը, որ մարդ գլխին ունի: Կնշանակի նրանց համար, ովքեր ինձ կտեսնեն այս գլխարկը գլխիս, ես մսագործ եմ կամ անտառահատ կամ գեղջուկ: Կնշանակի, եթե ես ո՛չ մսագործ եմ, ո՛չ անտառահատ, ո՛չ էլ գեղջուկ, ինձ թույլատրված չէ գլխարկն այս գլխիս ունենալ: Դա կնշանակեր մարդկանց մոլորության մեջ գցել… Խաբեություն… Օրինազանցություն… Հանկարծակի բոլորը կկարծեն, թե ես մսագործ եմ, և ո՛չ անտառագետ-գիտնական, գեղջուկ, ո՛չ անտառագետ, անտառահատ, և ո՛չ անտառագետ… Սակայն ինչպե՞ս կարող եմ ինքս ինձ դեռևս անտառագետ-գիտնական համարել, երբ արդեն երեք տարուց ի վեր անտառագիտությամբ այլևս չեմ զբաղվում, հեռացել եմ Վիեննայից, հեռացել եմ իմ փորձասենյակից, ես արդեն ամբողջովին մոռացել եմ իմ գիտական ու անտառային կապերը, Վիեննայի հետ միասին նաև անտառագիտությունը, ընդսմին՝ որպես իմ սեփական գլխի ցավալի զոհ, թողել եմ, ստիպված եմ եղել լքել: Կլինի արդեն երեք տարի, ինչ ես իմ զարմանահրաշ փորձարարություններից, հայտնագործություններից հեռանալով՝ գլխի մասնագետների ձեռքն եմ ընկել: Որ ես գլխի մի կլինիկայից մյուսների դռներն եմ ընկել: Ընդհանրապես վերջին, կարող եմ ասել, չորս տարիներին ես իմ կյանքը հենց միայն տարատեսակ գլխի մասնագետների ձեռքն եմ հանձնել, ցավալիորե՛ն նրանց հանձնել: Խոստովանեմ, որ այսօր էլ դեռ ես գոյատևում եմ լոկ բոլոր իմ գլխի մասնագետների խորհուրդների շնորհիվ, անգամ եթե այլևս չեմ այցելում նրանց: Ես գոյատևում եմ շնորհիվ հազարավոր և հարյուրհազարավոր դեղորայքների, որ իմ գլխի մասնագետներն են ինձ նշանակել, այդ հարյուրավոր և հազարավոր դեղորայքների առաջարկների շնորհիվ… Ես օրավուր իմ մեջ եմ ներարկում իմ գոյութենական հնարավորությունը՝ համաձայն հենց այդ նույն մասնագետների նշանակած ժամակարգի… Ես մշտապես գրպանումս եմ պահում իմ ներարկման սարքավորումը: Ո՛չ, ես այլևս անտառագետ չեմ, ես այլևս հետազոտող անձնավորություն չեմ, ես ընդհանրապես այլևս հետազոտող մեկը չեմ . . . Քսանհինգ տարեկանում ես այլևս այլ բան չեմ, քան հիվանդ մի մարդ, այո-այո՝ այլևս այլ բան չեմ… Չնայած դրան, հենց այդ պատճառով ես իրավունք չունեմ հագնելու այս գլխարկը: Ես որևէ իրավունք չունեմ այս գլխարկի հանդեպ… Եվ ես մտածեցի. ի՞նչ անել գլխարկի հետ: Տևականորեն ես այդ մասին էի մտածում: Պահե՛մ այն, դա գողություն է, թողնե՛մ փողոցում ընկած, ստորություն է, ուրեմն չի կարելի, որ ես այն կրեմ և գլխիս հագնեմ… Ես պետք է ուրեմն գտնեմ նրան, ով այն կորցրել է, ասում էի ինքս ինձ, ես պետք է Պարշալեն մուտք գործեմ և պատահած յուրաքանչյուր մարդու հարցնեմ, թե արդյոք նա կորցրել է այս գլխարկը: Սկզբում ես պետք է, ասում էի ինքս ինձ, մսագործներին հարցուփորձ անեմ: Այնուհետև անտառահատներին: Եվ վերջապես՝ գեղջուկներին: Ես պատկերացնում եմ, թե որքան զազրելի է բոլոր պարշալենցի տղամարդկանց հարցուփորձ անելը, և ահա մտնում եմ Պարշալեն: Բազմաթիվ լույսեր են վառվում, քանի որ սպանդանոցներում գործն հիմա իր բարձրակետին է գտնվում, սպանդանոցներում և սպանդանոցների բակերում և գոմերում: Գլխարկը ձեռքիս ես խորանում եմ բնակավայրի մեջ և թակում եմ առաջին պատահած մսագործի տան դուռը: Ոչ ոք չի բացում, բոլոր տնեցիները սպանդանոցում են, ես դա լսում եմ: Ես թակում եմ երկրորդ անգամ, երրորդ անգամ, չորրորդ անգամ: Ես ոչինչ չեմ լսում: Վերջապես լսում եմ քայլերի ձայնը, մի տղամարդ բացում է դուռն ու հարցնում, թե ինչ է իմ ուզածը: Ես ասում եմ, որ գլխարկը, որն իմ ձեռքում եմ պահում, ես գտել եմ, արդյոք ինքը չի՞ կորցրել այս գլխարկը, հարցնում եմ ես: «Այս գլխարկը», ասում եմ ես, «ես այն գտել եմ բնակավայրի ելքի մոտ: Այս գլխարկը», կրկնում եմ ես: Այժմ ես տեսնում եմ, որ գլխարկը գորշ է, և տեսնում եմ այդ պահին, որ տղամարդը, ում ես հարցնում եմ, թե արդյոք նա գլխարկն այս, որ ես ձեռքիս եմ կրում, կորցրել է, հենց նույնպիսի մի գլխարկ է կրում իր գլխին: «Ուրեմն», ասում եմ ես, «բնականաբար, Դուք Ձեր գլխարկը չեք կորցրել, քանի որ Դուք այն Ձեր գլխին եք կրում»: Եվ ես ներողություն եմ խնդրում: Տղամարդն ինձ վստահաբար թափառաշրջիկ մեկի տեղը դրեց, քանզի նա դուռը շրխկացրեց քթիս առաջ: Իմ կզակավերքով ես պետք է որ նրան նաև կասկածելի մեկը երևայի, կալանավայրի մոտակայքում գտնվելու հանգամանքն իր գործն արեց: Բայց վստահաբար գլխարկն այս մսագործներից մեկն է կորցրել. մտածում եմ ես և թակում եմ հաջորդ մսագործի դուռը: Կրկին դուռն իմ առաջ մի տղամարդ է բացում, նա ևս գլխին նույնանման մի գլխարկ ունի, նմանապես գորշ գույնի: Նա, որ իսկապես ունի, անմիջապես էլ ասում է, երբ ես հարցնում եմ, թե արդյոք նա կորցրել է իր գլխարկը, իր գլխարկը, ինչպես ես տեսնում եմ, ունի իր գլխին, ուրեմն «ավելորդ հարց է», ասաց նա: Ինձ թվաց, տղամարդը մտածեց, որ իմ հարցը, թե արդյոք նա կորցրել է իր գլխարկը, իմ կողմից բանեցրած հնարք էր: Հանցագործները գյուղական վայրերում որևէ պատրվակով բացել են տալիս տների դռները, և բավական է, ինչպես հայտնի է, մի հայացք նախասրահի ուղղությամբ, որպեսզի հետագա կողոպուտների և այլնի համար կողմնորոշվեն: Իմ կիսաքաղաքային, կիսագեղջկական արտասանության կերպը մեծագույն կասկած է հարուցում: Տղամարդը, ով ինձ շատ ավելի նիհար թվաց իր մասնագիտության համար (մի մոլորություն, քանզի լավագույն, ասել է թե ամենից դաժանաբարո մսագործները նիհար են լինում), ինձ հետ հրեց իր հարթ ձեռնափով, որ կրծքիս էր դրել, դեպի խավարի գիրկը: Նա զզվում է այն մարդկանցից, որ ջահել են, ուժեղ, նաև խելամիտ, բայց որոնք չեն սիրում աշխատել, ասաց տղամարդը, և նա հավաստեց ինձ իր զզվանքը՝ ամենաանխոս մսագործներին ներհատուկ եղանակով, այնպես որ նա գլխարկը թափահարեց ու թքեց իր ոտնամանների առաջ: Երրորդ մսագործի դռան առաջ իմ ներկայացումը նույն ընթացքն ունեցավ ինչ և առաջինի պարագայում, չորրորդի դեպքում գրեթե նույն կերպ՝ ինչպես երկրորդի: Պետք է ասեմ, որ պարշալենցի բոլոր մսագործները նույն գորշ, կոպտատաշ, հաստլիկ գլխարկը, կզակավոր գլխարկն էին կրում իրենց գլուխներին: Նրանցից և ոչ ոք իր գլխարկը չէր կորցրել: Սակայն ես չէի ցանկանում հանձնվել և գտածս գլխարկից ցավ ի գլուխ մի կերպ գլուխս ազատել (պարզապես գլխարկը դեն նետելով), ուստի ես ձեռնարկեցի նաև անտառահատներին հարցուփորձելու գործը: Սակայն անտառահատներից ոչ ոք իր գլխարկը չէր կորցրել, բոլորն այն ունեին, երբ նրանք հայտնվում էին շքամուտքում՝ դուռն իմ առաջ բացելու համար (խավարի ժամանակ գյուղական բնակավայրերում տղամարդիկ իրենց կանանց կողմից դեպի մուտքի դուռն էին հրվում), նման մի գլխարկ իրենց գլխին, ինչպիսին ես էի գտել: Վերջապես ես հարցուփորձ արեցի պարշալենցի բոլոր գեղջուկներին, սակայն նաև գեղջուկներից ոչ ոք չէր կորցրել իր գլխարկը: Վերջինը, որ դուռը բացեց իմ առաջ, մի ծեր տղամարդ էր, ով նույնպիսի մի գլխարկ ուներ գլխին և հարցրեց ինձ, թե ինչ է իմ ուզածը, և երբ ես ասացի ինչն ինչոց է, նա ինձ ցուցադրաբար հարկադրեց, ավելի շատ իր լռությամբ, քան թե զազրախոսությամբ, գնալ Բուրգաու և հարցուփորձ անել Բուրգաուի մսագործներին, թե արդյոք նրանցից որևէ մեկը կորցրել էր այս գլխարկը: Մեկ ժամ առաջ, ըստ նրա, յոթը մսագործներ Բուրգաուից գտնվելիս են եղել Պարշալենում, ովքեր գնել էին մորթազերծման ենթակա բոլոր խոճկորներին: Բուրգաուցի մսագործները Պարշալենում ավելի լավ գին են վճարում քան պորշալենցի մսագործները, ընդհակառակը՝ պարշալենցի մսագործները Բուրգաուում ավելի լավ գին են վճարում խոճկորների համար քան բուրգաուցի մսագործները, և այսպիսով պարշալենցի խոճկորաբույծ վարպետները մշտապես վաճառում են իրենց խոճկորները բուրգաուցի մսագործներին, ընդհակառակը՝ բուրգաուցի խոճկորաբույծ վարպետները մշտապես իրենց խոճկորներն են վաճառում պարշալենցի մսագործներին: Վստահաբար բուրգաուցի մսագործներից ինչ-որ մեկը, Պարշալենը լքելիս, խոճկորային իրարանցման մեջ, կորցրել էր իր գլխարկը, ասաց ծերունին և դուռը փակեց: Այս ծեր դեմքը, սև բծերով, աղտոտ, զբաղեցնում էր ինձ Բուրգաուի ճանապարհի ողջ ընթացքում: Մշտապես ես տեսնում էի այդ աղտոտ դեմքը և նրա վրայի սև բծերը, մահվան բծերը, մտածում էի ես. այդ մարդը դեռ ապրում է և արդեն իսկ մահվան բծեր ունի դեմքին: Եվ ես մտածեցի, քանզի այդ մարդը գիտի, որ ես այս գլխարկն ունեմ, ուրեմն ես պետք է Բուրգաու ուղևորվեմ: Ուզեմ թե չուզեմ՝ ես պե՛տք է գնամ Բուրգաու: Ծերունին ինձ կմատնի: Եվ ես լսում էի, ընթանլիս, մշտապես այդ բառը ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ, մշտապես այդ նույն բառը՝ ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ, ԳԼԽԱՐԿԱԳՈ՛Ղ: Լիովին հյուծված՝ ես հասա Բուրգաու: Մսագործների տները Բուրգաուում շարված են իրար կիպ՝ կողք-կողքի: Բայց երբ ի պատասխան իմ դռան թակոցին առաջին մսագործ վարպետը հայտնվեց շեմքին և նույն գլխարկն ուներ իր գլխին, ինչ և պարշալենցիք, ես սարսափեցի: Ես անմիջապես ետդարձ կատարեցի և վազեցի դեպի հաջորդը: Սրա ներկայությամբ ևս, սակայն, նույն բանը կրկնվեց, միայն թե այս մեկը գլխարկը դրել էր ոչ թե գլխին, այլ իմ պես՝ ձեռքում էր բռնել, ուստի նրան ևս ես հարց չտվեցի, թե գուցե նա կորցրել էր իր գլխարկը . . . Իսկ ի՞նչ ասացի, թե ինչու՞ եմ դուռը թակել, մտածեցի ես: Ես հարցրեցի ժամը քանիսն էր, և մսագործը, այն բանից հետո, երբ ասել էր «ժամը ութն է», ինձ ապուշ անվանեց և անգամ ներս չհրավիրեց: Վերջապես ես հարցուփորձ արեցի Բուրգաուի բոլոր մսագործներին, թե արդյոք նրանք կորցրել էին իրենց գլխարկը, սակայն ոչ ոք այն չէր կորցրել: Ես որոշեցի հարցուփորձ անել նաև անտառահատներին, թեև իմ վիճակը ամենատառապյալն էր, որպիսին կարելի էր երևակայել: Սակայն անտառահատները բոլորն էլ հայտնվեցին դռան շեմին՝ նույնանման գլխարկը գլխներին, իսկ վերջինը անգամ սպառնաց ինձ, քանի որ ես, սարսափահար եղած, ինչպես կարելի է կարծել, անմիջապես չքվելու իր պահանջից, նույն պահին չչքվեցի, և նա իր գլխարկով գլխիս հարվածեց և ինձ գետնին տապալեց: Ամեն մեկը նույն գլխարկն ուներ գլխին, ասում էի ինքս ինձ, երբ բռնեցի դեպի Ունտերախ տունդարձի ճանապարհը, «բոլորը նույնանման գլխարկներ, բոլորը», ասացի ես: Հանկարծ սկսեցի վազել, և ես այլևս չէի զգում, որ վազելով մտա Ունտերախ, և ես լսում էի բոլոր կողմերից. «Դու պե՛տք է գլխարկը վերադարձնես: Դու պե՛տք է գլխարկը վերադարձնես»: Հարյուրավոր անգամներ ես լսում էի այս նախադասությունը. «Դու պե՛տք է այն վերադարձնես իր տիրոջը»: Սակայն ես շատ էի հյուծված, որպեսզի ի վիճակի լինեի թեկուզ մի եզակի մարդու հարցնել, թե գուցե նա՛ էր կորցրել իմ գտած գլխարկը: Ես այլևս ուժ չունեի: Ես դեռ պետք է տասնյակներով մսագործների և անտառահատների ու գեղջուկների ոտքը գնայի հարցուփորձի: Երբ ես իմ տուն մտա, ինձ թվաց, թե նաև փականագործների ու որմնադիրների տեսա՝ նույնանման գլխարկներով: Եվ ով գիտե, արդյոք նրանք նման մի գլխարկ վերին-ավստրիական գավառից տարբեր մեկ ուրիշ տեղանքում չե՞ն կորցրել: Ես դեռ պետք է հարյուրավոր, հազարավոր, հարյուրհազարավոր տղամարդկանց հարցուփորձ անեի: Երբևէ, կարծում եմ, ես այսպես հյուծված չեմ եղել որքան այն պահին, երբ ես վճռեցի պահե՛լ գլխարկը: Բոլորն են այսպիսի գլխարկ կրում իրենց գլխին. մտածեցի ես, բոլո՛րը, երբ նախասրահում ես լիովին անձնատուր եղա իմ վտանգավոր տքնանքին: Ես վերստին զգացողությունն ունեի հյուծված-վերջացած լինելու, ինձ լիուլի սպառած լինելու: Ես սարսափի զգացողություն ունեցա դատարկ տնից ու դափ-դատարկ սառը սենյակներից: Ես սարսափում էի ինքս ինձնից, և որպեսզի այլևս չտրվեմ իմ այս մահասարսուռ զարհուրանքին, ես ստիպեցի ինձ նստել և այս երկու էջերը գրի առնել . . . Երբ վերստին, անգամ եթե ամենայն հնարամտությամբ և սակայն գերգարշելի իմ հիվանդությանն ու հիվանդոտությանն էի անձնատուր լինում, ես մտածում էի, հիմա ուրիշ էլ ինչ կարող եմ ինձ համար ձեռնարկել, և ես նստում էի ու սկսում գրել: Եվ ես մտածում էի՝ գրելիս, ամբողջ ընթացքում և մշտապես, որ ավարտելուն պես՝ ինչ-որ բան եփեմ, մի բան բերանս գցեմ, մտածում էի ես, վերջապես գոնե մեկ անգամ տաք մի բան ուտեմ, և որովհետև գրելու ընթացքում վրաս մի այնպիսի սառնություն էր իջնում, ես գլխարկն անմիջապես գլխիս էի քաշում: Նրանք բոլորը նման գլխարկ ունեն հագած, մտածում էի ես, բոլո՛րը, մինչ ես գրում էի ու գրում . . .

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *