Սա Սևն է, կողքինն էլ ես եմ: Սևը նկարում ձախինն է:
Ինքը կատու է, բնականաբար՝ սև:
Սևը, միայն բնակության վայրի իմաստով, փողոցային կատու է: Իր էլի երկու քրոջ կամ եղբոր հետ նրանց մայրը՝ Գուրգենը (նա ևս փողոցային է), երբ դեռ խեղճերն ընդամենը ափաչափ էին, բերել և թողել էր մեր բնակարանի դռան դիմացի շորի վրա: Ասեմ, որ Գուրգենը չափազանց խելացի է կատու լինելու համար, սակայն մարդ լինելու համար՝ երկու ոտքից ավելի ունի: Չնայած՝ ոտքերի թիվը և ինտելեկտը, կարծում եմ, իրար հետ նույնիսկ կոռելյացիոն կապ չունեն:
Մի խոսքով, Գուրգենի թիրախը ես էի. նա լավ էր նշան բռնել գիտեր: Եվ եթե հավատանք համացանցում շրջանառվող այն վարկածին, ըստ որի՝ երկրաբնակ կատուները Սիրիուսից եկած լրտեսներ են, ապա կարող ենք համարձակորեն պնդել, որ Գուրգենի նախնիներից մեկն է սպանել Ջոն Քենեդիին կամ Ջոն Լենոնին. լրտեսները կերպարանափոխվելու հիանալի վարպետներ են:
Ինձ թվում է, որ այսքանից հետո դուք հասկացաք, որ ես լուրջ կասկածներ ունեմ Գուրգենին որպես և լոկ կատու ընկալելու համար:
Հավանաբար կպատկերացնեք նաև ընտանիքիս, մեղմ ասած, արձագանքը՝ դռան շեմին երեք կույր փիսիկների հայտնվելու հետ կապված: Կոմպրոմիս էր պետք, և քաղաքական կոնսենսուսը իմ արտասվախառն թախանձանքների օգնությամբ հանգեցրեց դռան առջև տաք արկղի տեղադրմանը՝ մինչև փիսիկները կմեծանան:
Նշեմ, որ որոշումից դժգոհ չէր նաև Գուրգենը, որովհետև երբ տնեցիները բացակայում էին, ես նրան հապշտապ ներս էի թողնում՝ կերակրվելու և ջուր խմելու: Հետո ինքն էլ իր հերթին ձագերին էր կերակրում: Ժամանակի հետ ես նրանց սկսում էի զանազանել և նույնիսկ անուններ դրեցի՝ Չալո, Շեկո և Սև: Երեքից ամենանվազը Սևն էր:
Ժամանակին զուգահեռ երկարում էին նաև արկղից Գուրգենի բացակայությունները, և մի օր էլ այդ խորամանկն ընդհանրապես չվերադարձավ: Դե, իհարկե, ինձ նման հիմարի էր գտել: Ես թաքուն ու երկար փնտրեցի նրան, սակայն ապարդյուն: Այս անգամ տնեցիներն իսկապես խղճացին ինձ: Խղճացին նաև հարևանները. նրանցից մեկը նույնիսկ ասաց, որ կատուն Աստծո թաշկինակն է:
Չմխիթարեց:
Կաթով կերակրելու գործն արդեն ոչ միայն իմն էր, այլև ընտանիքիս անդամներինը. ոմանք փիսիկներին էին խղճում, ոմանք էլ (հատկապես ամուսինս) ինձ. նա պարզապես համոզվել էր, որ ես անուղղելի եմ, և ինձ դարձի բերելու բոլոր ջանքերն անիմաստ էին լինելու:
Ի վերջո փիսիկներն այնքան մեծացան, որ արդեն կարողանում էին ինքնուրույն ցած իջնել:
Ես ցնծության մեջ էի:
Սակայն, ինչպես միշտ, նիրվանան երկար չտևեց:
Մի օր որդիս տուն եկավ՝ Սևին համազգեստի թևի տակ առած. նրա թաթիկն էր վնասվել: Փիսոն ոչինչ չէր ուտում, չէր կարողանում քայլել: Ճակատագիրն անարդար էր գտնվել նրա նկատմամբ. քիչ էր՝ սև էր, դեռ մի բան էլ՝ հիվանդ էր:
Իսկ սև և միաժամանակ հիվանդ կատու ո՞վ է սիրում …
Ստիպված էի նրան տանը խնամել:
Մթության մեջ Սևը չէր երևում, և անիմաստ էր մութ սենյակում փնտրել սև կատվին, երբ նա, միևնույն է, այնտեղ էր:
Վերջապես որդուս և իմ համատեղ ջանքերով Սևն սկսեց քայլել, հետո՝ վազել: Մի օր էլ նա ինքնուրույն բակ իջավ:
Պատշգամբի պատուհանից հետևում էի նրան: Սիրտս խփում էր՝ ինչպես քննասենյակ մտնելիս: Չէի սխալվել:
Կատվային հանրությունը չընդունեց նրան: Մայրն անգամ լկտիաբար հարձակվեց վրան և ճանկռեց դեմքը: Սևը կուչ եկավ, ապա լարելով մկանները՝ լեղապատառ փախավ: Քիչ անց նա կրկին տանն էր: Սևը մեղավոր չէր. նա, ինչպես բոլորս, պիտի գնար այնտեղ, որտեղ նրան սիրում էին:
Ես մտածում էի, թե նա նույնիսկ համոզված է, որ մենք ենք իր ընտանիքը, որ ինքը ևս մարդ է կամ, գուցե, մենք՝ կատու… Չնայած՝ նա հայելու մեջ իրեն երբևէ չէր տեսել:
Ինչպե՞ս են կենդանիներն իրենց նույնականացնում իրենց ցեղի, տեսակի հետ, մանավանդ, երբ ցեղի ու տեսակի երես չեն տեսել …. Մենք գոնե գիտակցություն ունենք: Իսկ եթե նրանք է՞լ ….
Ես շատ էի ուզում, որ Սևն արագ մեծանա, դառնա աժդահա մեկը, ումից կվախենար անգամ Գուրգենը:
Իսկ Սևը չէր մեծանում: Կամ էլ մեծանում էր այնքան դանդաղ, որ ես չէի նկատում: Սևը սիրում էր գոգիս նստել: Ինձ դուր էր գալիս նրա մռռոցը, երբ տեղավորվելով ծնկներիս վրա՝ միացնում էր իր անհասկանալի շարժիչն ու գունդ դարձած մրափում: Ես նրա համար «Enimal Planet» էի միացնում, միասին նայում էինք: Սևը սիրում էր հատկապես թռչունների մասին հաղորդումները: Ականջները սրած՝ նա կամ անդադար երկու ոտքի վրա էր լինում, կամ որսորդի գենետիկ համառությամբ թռչում էր էկրանին: Հետո մի պահ հիասթափվում էր հերթական ձախողումից, ապա անցնում էր իր ակրոբատիկ ներկայացման կրկնությանը:
Լինում էին օրեր, երբ ես բարկանում էի Սևի վրա, ավելի շուտ՝ ինձ վրա: Որպես հետևանք՝ Սևին տնից վռնդում էի, որպեսզի նա չմոռանա իր կատվային էության մասին, որպեսզի իր տեղը գտնի բակի կատվային մեծ ընտանիքում. ի վերջո սեռահասունության հետ բնազդը նրան դուրս էր կանչելու, և … նրան կարող էին մերժել: Ես նայում էի Սևի կանաչ աչքերին և կրկին չէի կարողանում հավատալ, որ նա որձ է, որովհետև լինել փիսիկ և լինել որձ՝ մի տեսակ անըմբռնելի էր ինձ համար և ըմբռնելի դառնալու հեռանկար էլ չուներ՝ համենայն դեպս՝ իմ ուղեղում:
Մի օր էլ հերթական վռնդումից Սևը վերադարձավ թաց մռութով ու ցավից կծկված. արյան մուգը սև դեմքի վրա զանազանելի չէր:
Ես ինձ աշխարհի ամենամեղավոր մարդն էի համարում: Ինչպե՞ս կարող էի քավել մեղքս այդ խեղճ կենդանու առջև, որին ընտելացրել էի, իսկ հիմա ուզում էի նրան ինքնուրույն և ուժեղ տեսնել: Մեղքս աններելի էր. ես ինձ ու՞մ տեղն էի դրել…
Լողացնելուց և վերքերն ամոքելուց հետո որոշեցի, որ մոռանալու եմ ամեն բան՝ տարիքս, հասարակական (բակային) դիրքս և ոչ միայն:
Սկզբում մի լավ լաց եղա, հետո իջա դեղատուն՝ ջրածնի պերօքսիդ գնելու:
Հիմա ես ու Սևս էլ փիսիկ չենք լինի: Վերջ:
Սկզբում ես ներկեցի մազերս (իհարկե վարսահարդարի մոտ)՝ մուգ ու բաց զոլերով ծածկելով գլուխիս մգությունը, հետո հերթը հասավ Սևին:
Ներկող խառնուրդը պատրաստելիս՝ Սևին վագր էի պատկերացնում՝ մի քիչ էլ նմանեցնելով ականջներում՝ փոմփոլավոր այն վագրակատուներին, որոնց երկուսս էլ այնքան շատ էինք սիրում նայել «Enimal Planet»-ում: Գիտակցությունս հաստատակամորեն շրջանցում էր այն փաստը, որ վագրերը մինչև երեք տարեկանը խոցելի են, չեն կարողանում ինքնուրույն որս անել, կերակրվել և ամբողջությամբ կախված են մորից:
Սևը պիտի դառնար բակի չար ու նախանձ կատուների ահ ու սարսափը, և մենք հաղթելու էինք՝ երկու զոլավորներս, ովքեր դեռ հավատում էին մարդկանց և կատուների աշխարհի բարությանը, որովհետև բարությունը երբեմն հարկավոր է պարտադրել:
Վեր թռա: Քնել էի:
Սևը թռել էր բազմոցին ու լիզում էր ձեռքերս:
Հասկացա, որ երազ էի տեսնում, որ իմ ու Սևի նմանները միայն երազում են վագրակատու դառնում: Հասկացա, որ իմ Սևը Սև էլ պիտի մնա՝ անկախ գույնից, գեղեցիկ կամ տգեղ, ուժեղ կամ թույլ լինելուց: Ո՞վ էի ես, որ ուզում էի խաթարել նրա ինքնությունը…
Ես պարզապես սիրում էի նրան, ով ինձ նման, չգիտես ինչու, աշխարհ էր եկել, ապրում էր, չգիտես ինչու,և մի օր էլ ինձ նման, չգիտես ինչու, անպայման պիտի մեռներ: