Ցեղասպանության ամենախառը պահին, երբ խառնվել էին ոտ ու գլուխ, թև ու թիկունք, աչք և ունք, քիթ ու բերան, վարդապետը հիշեց, որ հաց ուտելուց առաջ չի աղոթել: Մի կողմից էլ ի՞նչ աղոթեր, երբ հաց էլ չկար ուտելու, բայց միևնույն է, աղոթքը պարտադիր էր:
Ինտրան էդ աղոթքների վրա խփնվեց․ վերջում աղանդավոր դարձավ ու թրքական գյուղերով ընկած քարոզում էր երկնային արքայություն ու անդրշիրիմյան կյանք՝ սեր ամենեցուն:
Ինչպիսի՜ ներաշխարհ:
Բայց էդ ժամանակ հո ինքը չէ՞ր կարող իմանալ Ինտրայի աղանդավոր դառնալու մասին․ «չէ՞ որ մինչև նրա կոտորածից փրկվելն ու աղանդավոր դառնալը դեռ մի 3 տարի կար», – մտածեց վարդապետը, հանեց գրպանից մի կտոր շաքար ու դրեց լեզվի տակ: Դառնություն զգաց ու արագ կուլ տվեց, որ դառնությունը բերանով մեկ չտարածվի: Լեզուն ատամներով քերեց, հետո դառնությամբ լցված թքի վերջին կաթիլը կուլ տվեց ու սկսեց սուլել:
Ոտն ու ձեռքը, գլուխն ու ականջը, թևն ու թիկունքը աչքի պոչով նայում էին նրան ու չէին հասկանում՝ ինչ մեղեդի է: Նա սուլում էր ու մտածում՝ տուն հասնի ու սուլոցը փոխանցի թղթին։ Գնա ու փոխանցի, չէ՞ որ էդ սուլոցը հասնելու է երկինք՝ էն մեռելների հետ միասին, ովքեր դաշտում հազարներով պառկած էին: Ամենաականջ ծակողը չմեռածների ձայներն էին՝ չնայած դրանք էլ էին երաժշտությանը մի այլ երանգ տալիս: Վարդապետը սուլում էր, իսկ նրանք ձայնակցում ողջ ու մեռած, նոր ծնված ու հարություն առած, մեռնող ու մեռցրած:
Ինտրան քայլում էր թուրքական գյուղերով ու ծպտյալ հույներ, ասորիներ ու հայեր որոնում՝ ոչ թե նրանց որպես տվյալ ազգի ներկայացուցիչ դարձի բերելու ու հետո թուրքերին նվիրելու համար, այլ Աստծո զինվոր դարձնելու նպատակով:
«Ճշմարիտ ուղին էր գտել»,- մտածեց վարդապետը, բայց հետո վախեցավ ինքն իր մտքից: «Բախտավոր էր թերևս նա, որ գոնե ինչ-որ մի ճանապարհ գտել էր ու արդեն կարևոր չէ էդ ուղղու ճիշտ ու սխալ լինելը, կարևորը նա այդ ուղով փորձում էր հետ դառնալ»,- բարձրաձայն ասաց վարդապետը՝ իրեն թվալով, թե մտքի մեջ է ասում:
-Թերևս ես էլ գնամ տուն, վեր հանեմ իմ հին նոտաները՝ էն 20 տարիների հավաքածս աշխատանքները, որ հատիկ-հատիկ, գյուղ առ գյուղ, տուն առ տուն, քաղաք առ քաղաք, խրճիթ առ խրճիթ, հավաքել եմ ու հանձնեմ տիեզերքին:
Տան ճանապարհին թուրք զինվորները շատ հոգատար էին:
– Վարպե՛տ, թեյ կուզե՞ք,- վարպե՛տ, հո կառքի միջի նստարանը շատ չոր չէ՞,- բարձ կուզե՞ք՝ դնեք ձեր տակ,- հո անցքերից չի փչու՞մ:
«Ես հո թանգարանի նմուշ չե՞մ, որ էսքան վրաս դողում են»,- մտածեց վարդապետը, բայց չհրաժարվեց փափուկ բարձից: Բարձը տակը դրեց ու ամբողջ ճանապարհին էլ ոչ մի խոսք չասաց։ Միայն սուլում էր ու սուլոցի հնչյուններով զբաղեցնում թուրք զինվորներին: Նրա միակ միտքը տուն հասնելն էր ու 20 տարվա հավաքած նոտաները վեր հանելը։ Այնուհետև այն մշակել, փոխել, ավելացնել, պակասեցնել, նոր սուլոցներ դնել դրանց մեջ, վերնագրեր հորինել ու հետո էդ նոր դրածներն էլ փոխել ու մեկ էլ վերջում դրանք հանձնել տիեզերքին:
Դուռը կասկածելիորեն բաց էր: Ինտրան ասել էր, որ Աստծո դռները միշտ են մարդու առջև բաց, բայց սա Աստծո դուռը չէր հաստատապես, այլ իր տան դուռը երևի։
Վախն իրենից առաջ մտավ շքամուտք:
Քրքրում էր գզրոցները, նկուղը, տանիքը, դարակները, յորղանն ու դոշակը, փափուկ բարձի մեջ էր ման գալիս ու չէր գտնում:
-Ու՞ր են նոտաներս, ու՞ր են նոտաներս, ու՞ր են նոտաներս,- սուլում էր նա, իսկ էդ անտերներն էլ ոչ մի կերպ չէին ուզում հայտնվել:
Դողղղը փոխակերպվեց լռության, ու վարդապետը հասկացավ, որ նրանք իրենից առաջ են հասել տիեզերք:
Այլևս չխոսեց:
Վարդապետ իմ խեղճ, բայց և բախտավոր: