Հաս Չախալյան | Փախուստ երկնքից
Ֆաթիմայի բարակիրան մարմինը մի տղամարդ էր արդեն շոշափել։
Սակայն գլխից մինչև ոտքերը ծածկվում էր սև մետաքսով՝ աչքերի եզրերը ընդգծելով երբեմն բարակ ստվերաներկով. ոչ ոք չէր նկատում տխրությունը։
Երկինքը ամպոտ էր, ավազը օդ էր բարձրացել ու երկնաքերերի վրա ուղտերի քարավան կարելի էր նկարել։
Անձրև չեկավ:
«Ալլահը չի ների»,- մտածեց Ֆաթիման՝ փակելով պատուհանը։
Եթե փակեր ղուրանը առանց ահեղ դատաստանի սարսափի, գուցե երկինքը չծանրանար ամպերի վրա, գուցե հայրը հասկանար լամպի մոտ ժամերով առանձնանալու լռությունը։
***
Արաբական մեղրածոր հյուրասիրությունը առաջնային ծիսակարգ է ավանդական օջախներում:
Ֆաթիման թաթախեց մատները ավազի մեջ՝ նարնջագույն խմոր ստանալով, հետո տեսավ անապատը այն ողորկ ծառերի ետևում, որոնք չորացել էին տապից։
Ինչքան շատ էր մոտենում ինքն իրեն, այնքան հեռանում էր։
Աչքերը սառել էին, հանկարծ մի պայծառ միտք խուտուտ տվեց. «Փախչել տնից»:
Օդը սենյակում քչացավ, գազօջախում եփվող փախլավան այրվեց:
Իսկ միտքը, որ նման էր փախլավայի համար նախատեսված շիրային, սկսեց ավելի ծորալ:
Ֆաթիման չգիտեր, որ ազատությունը կարող էր ծնվել կայծակնային արագությամբ, որ այն կարող էր կնոջը ուղղորդել անհնազանդության, որը գուցե հենց երջանիկ ապրելու միակ ելքն էր։
Մուստաֆայի ընտանիքում բոլոր կանայք համեստորեն հարմարվել էին տեղի բարքերին, ամուսնացել էին ոչ իրենց ընտրությամբ, ունեցել էին երեխաներ և մեռել իրենց մահով:
Իսկ Ֆաթիման, որ տան կրտսեր դուստրն էր, ընդդիմանում էր հորը՝ հակառակ այն ամենի, որ հայրը ընկալելով հասարակության և կրոնի պարտադրանքը՝ շարունակում էր ներողամիտ լինել դստեր նկատմամբ:
Սակայն հայրը, երբեք մտքի ծայրով անգամ չէր կարող երևակայել, որ իր դուստրը երբևէ կհանդգներ կենակցել որևէ տղամարդու հետ առանց ամուսնության` խարան ու նախատինք դառնալով ողջ գերդաստանի համար:
Մուստաֆայի համար սիրո ստեղծման միակ օազիսը ընտանիքն էր:
Այդպես էր եղել առաջ, այդպես էր լինելու հետո, մինչև այն պահը, երբ մի գիշեր Ֆաթիման փախավ տնից`շրջված հողաթափերը թողնելով դռան առաջ։
***
Ասում են` կինը ճշմարտապես երջանիկ է մեն-մենակ, որովհետև առաջինը մերկացնում է ոչ թե իր մարմինը, այլ հոգին:
Եվ ասում են` Ֆաթիմայի հետքը կորել էր վաղուց:
Միգուցե մոլորվել էր անապատում կամ էլ երջանիկ էր սիրած տղամարդու հետ `արմավենիների շուքի տակ պառկած:
«Ինչքա՜ն տարբեր են կանայք», – մտածում էի ես` թերթելով լրագրերը` մոռանալով արաբական ընտանիքի պատմությունը:
Օրվա լրահոսը շատ ծանր էր։
«Աշխարհի մի ծայրում պատերազմներ են, մի ծայրում վթարներ, մի տեղ սով է, մի տեղ ուտելիքի ավելցուկից մարդիկ դարձել են ագահ:
Ու ի՜նչ անտանելի է քաղաքականությամբ զբաղվելը հատկապես, երբ անհատների ճակատագիրն է որոշվում:
Մարդիկ շարունակ իրար հոշոտում են, մարդիկ ձգտում են օրենքներին և բարքերին, որ կյանքի հետ հաշտության օղակ գտնեն:
Սա քաոս է, որի համար ոչ ապրողներն են մեղավոր, ոչ մեռնողները»։
Մտքիս թելը ընդհատվեց, սուրճս վերջացավ:
Լրագրի ներքևում հայտնում էին՝ մի հղի կնոջ էին գտել մեռած, որը կարծես հարազատներ էլ չուներ։
Մի պահ քարացա, ճիշտ նույն լուսանկարն էր, նույն դեմքն ու ժպիտը:
Հետո սկսեցի պատկերացնել` ինչպես էր Ֆաթիման հանել իր կոշիկները`թողնելով ծովի ափին ու սուզվել:
Քամին վերջին անգամ խաղացել էր նրա վարսերի հետ երկնագույն գլխաշորի արանքից՝ դարչնաբույր թեյի նստվածք թողնելով Մուստաֆայի բաժակին։
Տարօրինակ երջանկություն էր։
Անձրև եկավ, երկնաքերերի վրա ճայեր էին նստել սակայն։