«Դու արթնանում ես, այդքանով էլ բավարարվի՛ր»
© Չակ Պալանիկ
Պապան տառապում էր Քոֆին – Լոուրիի սինդրոմով: Սինդրոմը շատ հազվագյուտ է, ուստի պապան շատ կատակներ ուներ էդ թեմայով: Ինձ ամենաշատը դուր էր գալիս՝ «Լոուրին նախիրի մեջից իմ ճակատը պաչեց»- ը: Քոֆին – Լոուրիի սինդրոմը գենետիկ մուտացիաներով պայմանավորված հիվանդություն էր, որը դրսևորվում էր հիմնականում գանգի, դեմքի ու ոսկրերի ձևախեղումներով, պապայի դեպքում՝ հիմնականում դեմքի. դա առաջինն էր, որ տպավորվում էր:
Ունենում ես թերզարգացած վերին ծնոտոսկր, պապան ուներ, դրա համար ներքին ծնոտը ավելի կախված էր երևում, մի քիչ էլ՝ առաջ հրած: Նայում էիր պապային, ու այդ դիրքով անընդհատ թվում էր՝ ինչ – որ բան պիտի ասի, բայց ոչինչ չէր ասում: Համ էլ թերզարգացած ինտելեկտուալ զարգացումն է բնորոշ, լայն բացվածքով աչքերը, շատ խիստ հոնքերը ու խեղճացած, չլսող ականջները: Այդքան էլ աչքի չէր զարնվում էս ցուցակը, բայց այ հոնքերը կային: Խիստ, ջղայնացած հոնքեր էին. երբ պապային նայում էիր՝ իր մշտական դիրքով՝ արթուն թե քնած (քնած ժամանակ բերանով էր շնչում), մտածում էիր՝ ուր որ է պիտի բան ասի, պիտի ջղայնանա, բայց գրեթե ոչինչ չէր ասում:
Պապան հարցնում էր՝ ֆեմինիստները բան չունե՞ն ասելու էս թեմայով:
Ասում էր՝ սինդրոմը ԻՔՍ քրոմոսոմով է պայմանավորված: Դեֆեկտիվ գենով՝ RSK2, ու քանի որ տղամարդիկ միայն մեկ ԻՔՍ ունեն, առ քեզ քո բախտն ու մինչև կյանքի վերջ քարշ տուր:
Բայց միայն Քոֆին – Լոուրիով չբավարարվեցին: Պապան մեկ էլ թքելու սինդրոմ ուներ, հատուկ անուն ոնց որ չկար: Այդպես էլ ասում էինք՝ թքելու սինդրոմ: Քայլում էր պապան՝ հայացքը առաստաղին՝ անվտանգության համար, ու հաճախ կրկնում էր՝ սա չենք շփոթում ծամել ու թքելու սինդրոմի հետ, հետո անգլերեն էր շեշտում նույնը՝ chewing and spitting՝ ավելի բարձր, հոխորտալի ձայնով:
Քոֆին – Լոուրին ծնված ժամանակից պապայի հետ էր, բայց թքելունը մի քիչ ուշ եկավ, բայց ես դեռ այնքան փոքր էի, որ ոչինչ չեմ հիշում: Երևի հետաքրքիր զգացողություն է, երբ պապայիդ չես կարողանում հիշել այն ժամանակներում, երբ չէր քայլում տնով մեկ, այգու ծառերի շուրջը, ջուր խմելիս կամ ուղիղ աչքերիդ մեջ նայելիս չէր թքում վրադ: Սինդրոմի էությունը հենց սա էր՝ մարդը ունի ենթալեզվային թքագեղձի խանգարում, ու կարող է թքել՝ ուր պատահի, թեկուզ հենց ուղիղ դեմքիդ, եթե ճակատագիրը այդպես որոշի:
Երբ փոքր էի, սա ավելի շատ հետաքրքաշարժ էր թվում, քան խնդրահարույց: Պապան մեկ – մեկ թքում էր ընթրիքի սեղանին՝ անձեռոցիկների վրա, եթե հասցնում էր, իսկ եթե չէ՝ ուղիղ ճաշի մեջ: Մաման համ արցունքոտվում էր, համ ինձ աչքով անում, մոլ՝ պապան հումոր ա անում: Բայց պապայի դեմքը այլայլվում էր, սև, հաստ հոնքերը կիտվում էին, դառնում մի հատ, ներքին ծնոտը փորձում էր հետ քաշել ու կարմրում էր:
– Իմ կարգավիճակի մարդու համար, տղես, կարևորը, որ ծանոթ մարդու մոտ թքես:
Երբեմն պապան թքում էր գրքի էջերի վրա, երբ երեկոյան բուխարու մոտ նստում, կարդում էր, որից էլի էր ջղայնանում, չգիտես՝ իր հիվանդության համար, թե գիրքն էր ափսոսում: Երբեմն պապան կարողանում էր կառավարել իրեն, բժիշկը ասել էր, որ քանի որ հիվանդությունը անհնար է բուժել, պապան գոնե կարող է փորձել հասցնել ինչ-որ կերպ փախչել անհարմար իրավիճակներից: Ուստի ամենից շատ պապան թքում էր հենց իր սվիտերի վրա, եթե հասցնում էր շորը վերև բարձրացնել:
Ասում էր՝
– Իմ կարգավիճակի համար կարևորը, որ հասցնես ներողություն խնդրել:
Մի անգամ պապային գործից հանեցին, երբ պահեստի ապրանքները դասավորելու ժամանակ մտավ տնօրենը, ու պապան չհասցրեց ոչ սվիտերի ծայրը բարձրացնի, ոչ էլ արկղերից մեկը ու թքեց ուղիղ տնօրենի ճակատին: Հրաշալի մետաֆոր էր: Ու ծիծաղելի, բայց ոչ տնօրենի համար:
– Իմ կարգավիճակի համար կարևորը, որ իմանաս՝ ում վրա ես թքում:
Ասում էր՝
– Կարևորը՝ կարողանաս բացատրել:
Այս ամենով եթե պապան սահմանափակվեր, անբացատրելին ավելի քիչ կլիներ: Բայց պապան մի հատ էլ շարժում ուներ: Լրիվ կոմպլեկտ էր պապան՝ անբուժելի արատավոր հիվանդություն, անհարմար սովորություն, ու անհասկանալի շարժում: Պապան ձեռքերը առաջ էր պարզում, ինչպես անում են ֆիզկուլտուրայի դասի նախավարժանքին: Քնելուց առաջ էր պարզում ու տարօրինակ հոգոց հանում: Չնայած հոգոցն էլ հոգոցի նման չէր, քանի որ ծնոտների դասավորությունը թույլ չէր տալիս մարդկային հոգոց հանել:
Պարզում էր, երբ հաց էր ուզում ուտել, երբ սկսում էր կարդալ, երբ տնից գնում էր:
Երբ զանգում էր, երբ դուրս էր գալիս՝ այգում սուրճ խմելու, պապան ձեռքերը առաջ էր պարզում, ասես պատրաստվում էր վարժություն անել, բայց չէր անում, ուղղակի իջեցնում էր՝ հետևում թողնելով իմ զարմացած դեմքը: Միշտ մտածում էի, որ ռիտուալ է:
Մեկ անգամ չէ, որ փորձել եմ պապային հարցնել այս մասին: Քոֆին – Լոուրիի մասին ամեն ինչ հասցրել եմ իմանալ: Պարզվում էր՝ պապային պիտի հատուկ լինեին մի քանի աուտիստիկ ախտանիշներ՝ ընդհանուր անհանգստություն, էմոցիոնալ զեղումներ, անծանոթներից անսպասելի վախ: Բայց շատ քիչ բան էր հատուկ պապային: Մկանային մասսան պետք է առհասարակ վերանար, բայց պապան իրեն հետևում էր:
Թքելու մասին էլ որոշ բաներ իմացել եմ: Պարզվում է՝ թքելուց անմիջապես առաջ բերանը թմրում է, ինչ-որ թթու հատիկներ են կուտակվում թքագեղձերում, ու օրգանիզմը՝ ուզես, թե չուզես, պետք է դրանցից ազատվի:
Իսկ ձեռքեր պարզելը մնում էր անհայտ: Մի քանի անգամ փորձել եմ ակնարկով հիշեցնել դրա մասին, մանավանդ երբ նստում էինք ուտելու, ու ես մեքենայաբար պապայի հետևից կրկնում էի այդ շարժումը: Երբեմն մեր ձեռքերը հպվում էին իրար, ու պապան ժպտում էր ներքին ծնոտի ողջ հնարավոր ուժով, ու ասում էր՝
– Օրը լավ ա սկսվել:
Բայց երբ հարցեր էի տալիս, պապան թեման փոխում էր:
Բայց մի օր պապան որոշեց խոսել: Այգու սեղանի աթոռին նստած էի՝ մուտքի մոտ՝ մի ձեռքով գարեջրի շիշն էի կոնծում, մյուսով՝ խաղում կրակայրիչով: Պապան եկավ խոհանոցից՝ հոնքերը լայն բացված, բայց իրեն հատուկ դեմքի նույն խիստ արտահայտությամբ ու նստեց դիմացս:
– Տուր էդ դրանից:
Սիգարետը մեկնեցի: Սպիտակ վերնաշապիկի վրա դեղին թուքի հետքեր էին: Պապան վառեց սիգարետը, ու հարցրեց՝
– Տեսե՞լ ես՝ ոնց են էկլերի մեջ կրեմ լցնում:
– Հա, պապ, – ասում եմ, ու մի կում անում գարեջրից:
– Իսկ վերջին շտրի՞խը: Որ սենց գալարաձև տանում են, համ էլ կողքերը մաքրում:
– Ահա:
– Դե լսի:
Ու պապան սկսեց պատմել:
Պապան երկու պատերազմ է տեսել: Առաջինը էդքան էլ պատերազմ չէր, սիրում էր կրկնել: Առաջին պատերազմում պապան քիչ է մասնակցել, հիմնականում թիկունքում, զենք – զինամթերք էր կրում: Այդ ամենը որպես կամավոր, իհարկե, քանի որ պապային ազատեցին բանակից: Հանձնաժողովի ղեկավարը կեսկատակ ասաց, որ չի ուզում խնդիրներ ունենալ, ծնոտի հետ կապված էլ վախեցան՝ վարակ տարածի: Իսկ քանի որ հիվանդությունն անբուժելի էր, պապային բաց թողեցին:
Երկրորդը մասշտաբներով ավելի մեծ էր: Պապան էս անգամ առաջնագիծ էր գնացել: Ասում էր՝ զգում էի՝ մահը մոտ էր (մահը մի քիչ ուշ եկավ), ասում էր՝ էս իմ հիվանդությամբ մի ոտս արդեն գերեզմանում է: Դրա համար էլ պապան վերցրեց հին հրացանը՝ պարտիզանական պատերազմի համար, մի քանի տուփ սիգարետ, ու գնաց:
Վեցերորդ օրը հայտնեցին, որ պապան գերի է ընկել: Ով տեսել էր, կապ էր տվել, ու լուրը հասել էր մեր հարևանին՝ Աննային:
Պապան թքում է գետնին, քիթը ցցում ու շարունակում է պատմել:
Յոթ հոգով էինք, ասում է: Յոթն էլ կամավոր, մի տեղ էին ընկել: Պապան չէր ուզում մանրամասների մեջ խորանալ, երևի ինձ էր խնայում, դրա համար օրվա ընթացքի մանրամասները բաց էր թողնում: Ես էլ հետո, երբ ուրիշին կպատմեմ, բաց կթողնեմ: Բայց պապան հիշում էր՝ ինչի համար է պատմությունը սկսել՝ ձեռքի շարժումները պիտի բացատրի, ու պատմում էր:
Երեկոյան յոթնյակին շարում էին համարյա կիսաշրջանաձև, կողքները երկու զինվոր էին կանգնեցնում: Շարքային զինվորներ էին, ասում էր պապան, դեմքներից էլ երևում էր, որ ստիպված են անում: Բայց աչքերի մեջ նայում էիր ու ոչինչ չէր տեսնում: Քո աչքերի մեջ շատ բան կարելի էր կարդալ՝ ատելություն, վախ, վրեժխնդրություն, իսկ իրենց հայացքը մահացած էր՝ կարգն էր այդպիսին, համ էլ հրամանատարից էին վախենում:
Հետո հրամանատարն էր գալիս, ամեն անգամ նոր հագուստով, բայց միշտ նույն տրամադրվածությամբ: Աչքերում զգալի անհամբերություն էր, բերանին՝ ատամի չոփ: Շպրտում էր մերոնցից մեկի վրա, ասում է պապան:
«Ձեռքերը հետև», – գոռում էր զինվորներից մեկը: Հետո գալիս ու իջեցնում էր բոլորիս զինվորական շալվարները, հետո՝ մնացածը: Կքած ժամանակ, երբ չես տեսնում, ավելի մանրակրկիտ ես զգում ամեն մի շարժումը քո վրա: Զինվորները միշտ հավաստիանում էին, որ մեզ լավ լողացնում են, մենք միշտ մաքուր ենք, որովհետև այդպես հրամանատարն էր կարգել:
– Բոլորդ հետ տարեք ձեռքերը, մեջքի հետևը, – գոռում էին:
Հետո հրամանատարը հերթով շինում էր բոլորին: Պապան էս բառն էր ընտրել, երևի՝ ամենահարմարը: Շինում էր հերթով, ամեն մեկին քիչ ժամանակ էր հատկացնում, որ բոլորին հասցներ գոհացնել:
– Տենանք ում բախտնա էսօր բերելու,- ասում էր հրամանատարը:
Էսօր լավ ձիգ ա, ասում էր հրամանատարը:
Բոլորի բախտն էլ մի օր բերում էր, ասում էր պապան: Այդպիսի պայմաններում, երբ ոչ ընկեր ես ճանաչում, ոչ բարեկամ, կարող ես նույնիսկ ավելի ձիգ պահել, որ քեզնից հոգնի ու չպրծնի: Չնայած ձեռքերը մեջքի հետևը պահելով՝ արդեն իսկ դժվար էր թուլանալ: Պապան հենց այդպես էլ անում էր:
Ռոժդ դուրս չի գալիս՛, պապային էր ասում:
Չգիտեմ աղոթում էր պապան, թե չէ, բայց ես պատկերացնում եմ, որ ամեն վայրկյան մեկից խնդրում էր, որ հանկարծ հրամանատարի կամ ուրիշ մեկի վրա չթքի:
– Համբալը չգիտեր, որ ես քիչ մարդու ա, որ դուր եմ գալիս, ասում էր պապան:
Հետո պրծնում էր մեկի մեջքին, ու գործիքով էլ հավաքում սրբում էր եղած – չեղածը: Էկլերի պես, վերջին շտրիխը սպիրալի պես: Գալարաձև փակում, ամփոփում էր օրը:
Պապան համոզված էր, մյուսներն էլ էին համոզված, որ հրամանատարի ֆետիշը հենց դա էր: Կատարյալ ակտ էր, սիրուն վերջաբան, այդպես էր երևի մտածում հրամանատարը: Զոհեր էին՝ ձեռքերը մտովի կապված, մեջքի հետևում, ոչինչ չէին կարող անել: Ձեռքերը հետևը պահելը սիմվոլիկ էր, նշանակում էր՝ անզորություն, նշանակում էր՝ պարտություն:
– Բայց հիմա ստեղ նստած եմ, – ասում է պապան ու ծուռ ժպտում:
Ու ձեռքերը առաջ է պարզում պապան: Հետ չի տանում էլ՝ այն ժամանակվա պես, այլ առաջ: Ամեն անգամ, երբ սեղանին պիտի նստի ուտելու, ձեռքերը առաջ է պարզում, ոչ թե հետ: Ձեռքերը առաջ է ձգում, ուրեմն նշանակում է՝ նոր օր է սկսվել, նոր կյանք է, առանց հրամանատարի:
Քնելուց առաջ պապան ձեռքերը առաջ է պարզում, նշանակում է՝ միայն առաջ պիտի նայել, ոչ թե հետ:
– Քեզ դոմփելուց պիտի միայն դիմացդ նայես, – ասում էր պապան:
Ամեն անգամ այգում գործ անելուց առաջ պապան ձեռքերը առաջ էր մեկնում, մեջքն ուղղում էր ու նայում արևին, նշանակում է՝ անցյալը չի կարող հետապնդել քեզ: Նշանակում է՝ կյանքը քեզ շանս է տվել:
Հիմա պապան չկա, բժիշկները շատ չէին տվել: Էլ չի պատմի ինձ ոչինչ, հետս գարեջուր էլ չի խմի: Բայց մի բան մնացել է՝ ձեռքերի շարժումը: Հիմա ես եմ դա անում, պապային եմ հարգում, պապային եմ հիշում: Գնում եմ պապայի գերեզման, քարի մոտ կանգնում ու ձեռքերս առաջ եմ պարզում՝ որպես մեծ խորհուրդ մեծ մարդուց ստացած, առաջ եմ մեկնում՝ պապայի աչքերի հետ մի գծով հավասարեցնում, նշանակում է՝ ամեն ինչ առջևում է:
Ոչինչ չի ավարտվել:
Հիանալի պատմվածք <3