Մեկ-մեկ այնպես եմ իմ մեջ
գտնում բոլորին,
որ ուզում եմ նստել գետնին ու լացել։
Բոլոր շների համար,
որ ուժեղ չէին ու չդիմացան,
կանանց համար,
ովքեր ոչինչ չգտան ապրելու համար,
համառելու համար ոչ մի երազ չունեցան,
որովհետև նրանցն էր ինչ-որ անհայտ խաչ
և փրկություն՝ չգիտես ումից։
Այն կանանց համար,
ովքեր ստիպված մազերն են ծածկում,
լեզուն են կծում ստիպված,
որ փրկեն ապրելու փորձերն իրենց,
այն աղջիկների համար,
ում առաջին անգամն
առանց իմանալու էր ու ցավոտ,
եւ որովհետև ծնողները ծախել էին նրան։
Մեկ-մեկ ուզում եմ նստել ու լացել,
որ Արցախում վառեցին տները,
հիշողություններն ու
սերերը, երեւի,
որ ինձնից ջահելները մեռան՝
հավատալով, որ վաղը գալիս է միշտ,
ում անունները չկարդացի երբեք,
որ ողբերգությունը թիվ լինի միայն,
վիճակագրություն, որ ստում է։
Ուզում եմ փակել աչքերս ու
գրկել այն երեխաներին,
ովքեր մանկության փոխարեն
պատերազմ են տեսնում,
ովքեր ծնվում են միանգամից մեծ,
ովքեր մեռնում են, երեւի, ավելի խաղաղ՝
հույս ունենալով,
որ կա մի քիչ ավելի լավ տեղ,
մի տեղ, որտեղ գոնե մանկություն կա։
Մեկ-մեկ ուզում եմ գոռալ ցավից
այն ձագուկների համար,
ում ուտում են սավաննաներում,
ում չեն հասցնում փրկել մայրերը։
Մեկ-մեկ փակում եմ աչքերս
ու ապրումակցում այն տղամարդկանց,
ովքեր գերի են անհասկանալի «օրենքների»․
եւ դրանից երջանիկ չեն նախ իրենք,
եւ նրանք երբեմն երեխա են թվում,
որովհետեւ փոքր ժամանակ ասել են՝
լացել չի՛ կարելի,
իսկ նրանք․․․ ուզում են լացել։
Մեկ-մեկ այնպես եմ գտնում բոլորին իմ մեջ,
որ ինձ թվում է՝
ես ծնվել եմ Սիրիայում,
դպրոց գնացել՝ Արցախում,
մեռել՝ Լիբանանում
և եկել եմ մի քիչ ուրիշ մարմնով,
իսկ ցավը չի անցնում։
Մեկ-մեկ թվում է՝
ինձ վառել են միջնադարում,
և ես սուֆրաժիստների հետ քարեր եմ շպրտել
խանութների ապակիներին,
և ծնվել եմ Քրիստոսից առաջ
ու հանդիպել եմ Բուդդային,
եւ նորից կարծել եմ,
որ չեմ ուզում ուղեկից լինել ոչ ոքի,
և հիմա այստեղ եմ։
Ես երբեք չեմ եղել Արցախում,
հիջաբով կանանց տեսել եմ
Սևանի եկեղեցու մոտ,
Սիրիայի մասին լսել եմ ու տեսել վիդեոներով,
Լիբանանից տուրիստներ ենք ունեցել,
եւ ես դիմավորել եմ նրանց։
Եւ ես չեմ տեսել՝
ինչպես է օձը փոխում իր կաշին,
բայց տեսել եմ՝
ինչպես են թափվում փողոցային շան մազերը,
եւ ինչպես է նա
գարդոններ գտնում այս ցուրտ-ցուրտ ձմռանը։
Ես տեսել եմ մայրերի դեմքը,
երբ որդին սահմանին է,
ինքը՝ հարսանիքի։
Ես տեսել եմ՝ ինչպես են այդ կանայք
փախցնում հայացքները,
և ինչպես են աններելի ջանք գործադրում,
որ չփլվեն,
հատկապես, երբ կենացները զինվորների մասին են։
Ահա այս դատարկ ու սառը հատակին
ես ուզում եմ պառկել ու լացել այն բոլորի համար,
ովքեր տառապում են ավելի, քան ես։