Լիլիթ Բաղդասարյան | ՄտաՊԱՏՐԱՆՔ

Ես չեմ հորինել այս խաղը,
Ինչ-որ մեկը վաղուց խաղում է մեզ…

Իսկ եթե…
Կասկած. ճեղք՝ առաստաղին: Երկու կողմից սեղմված, երկու կողմ ձգվող, անշարժ, խորը ճեղք՝ առաստաղին: Անվերջ շարժման մեջ, քաոսը՝ ներսում, պտույտ, պտույտ, պտույտ, նույն տեղում…գլխապտույտ:
Գոլորշի՝ շնչառության ու թեյի, գոլորշի՝ օդում:
Դեռ չներծծված մոլեկուլ:
Վրձնի վրա դեռ պնակին չխառնված գույն:
Անիմաստությունը զգացողություն է՝ հավերժորեն ճիշտ, հավերժորեն մերժված:
Ինքնամերժումը փակուղի է՝ չորս կողմերից:
Սպիտակը բոլոր գույների միաժամանակյա արտացոլումն է:
Ոչինչ չես տեսնում, երբ տեսնում ես ամեն ինչ:
Ադապտացիա, ադապտացիա… Ադապտացիան այն է, ինչն օգնում է գոյատևել, հատկապես, երբ ուժեղ չես: Հատկապես, երբ ապրում ես կյանքից հինգ պակաս, բայց կյանքն այն է, ինչ շարունակում է կատարվել քեզ հետ:
Հիշողություն:
Հիշողությունը խաղ է: Կատակ: Ինքնապաշտպանություն՝ գիտակցությունից անդին:
Մարդն այն է, ինչ չի փոխվում:
Մարդն այն է, ում մեջ կատարվում է ամեն ինչ:
Լինելու և գոյություն ունենալու միջև կուչ եկած, շփոթմունք, կասկած. ճեղք՝ առաստաղին:
Ճեղքված առաստաղ:
Շուռ եկած երկինք:
Տեղումներ չեն լինում:
Կիսատ ձյուն, կիսատ ձմեռ. մառախուղ: Առանց տերևի ճյուղերը սպառնալիք են:
Մառախուղ:
Ամեն ինչ էլի նման է հիշողության:
Հետհայացք:
Հայացք առաջ:
Մշուշի մեջ ես, ինչպես մտքերը՝ գլխում, ինչպես զգացողությունները՝ մարմնում: Մի քայլ այնկողմ ոչինչ չի երևում. ճանապարհը բացվում և փակվում է ամեն հաջորդ և նախորդ քայլի հետ:
Երկնքում սև թռչուններ կան՝ մեկ, երկու, երեք…երեքը…
Տեսողությունը խուդուդ է տալիս հիշողությունդ:
3 թիվն իր կարևորությամբ … իբրև երեք մոգեր, սուրբ երրորդություն, նախքան այգաբացը աքլորի երեք կանչ… Չէ, չէ, չէ, այն չէ՜ 3…1,2,3…
Հանձնվում ես:
Պառկել ես սև կիսաքանդ շինության մեջտեղում:
Մեջքի վրա:
Ճեղք՝ առաստաղին:
Կաթիլները՝ դեմքիդ 1,2, 3… Երաժշտություն:
Արվո Պյարտ:
Այսքան բեռ պետք չէր վերցնել ուսերիդ:
Կքանդվես:
Քանդվում ես:
Կորցնում ես թելը:
Հալվում ես:
Դառնում ես հատակ:
Սահում ես պատի վրայով: Շրջանցում պատուհանը:
Հասնում ես առաստաղի ճեղքին:
Լցվում ներս:
Գոլորշի:
Թեթևությունը:
Ծանրությունը:
Հանգստությունը:
Տագնապը:
Դատարկություն:
Դատարկություն:
Աջ կողմում սև է, ձախում՝ սպիտակ:
Ամեն քայլդ գույն է:
Աստիճան:
Նոր գույն:
Նոր աստիճանը:
Հետագիծը չի ջնջվում:
Հետ քայլ անելն անհնար է:
Բարձրանում ես:
Կամ իջնում:
Բարձրանում ես:
Կամ իջնում:
Դռներ են: Ձեռքդ մեկնում ես բռնակին: Հալվում է: Ծորում է:
Ոտքերիդ տակով:
Հետագծով:
Աստիճանների վրայով:
Գլուխդ կախում ես:
Նկատում ես, որ ոտաբոբիկ ես:
Մերկ ես:
Մազերդ երկար են:
Ինչպես 19 ում:
-Առանց քեզ չեմ կարող,-ասում ես ու շարժվում:
Շարժվում ես առաջ:
Անգիտակցաբար: Գոյություն ունենալու այլ տարբերակ չկա:
Կամքը կապ չունի:
Կամքը կապ ունի միշտ: Հակասություններից ծնվում է երևույթների իսկությունը:
Բախում:
Անտիմատերիա:
Էներգիա:
Էներգիան չի սկսվում կամ վերջանում, մի ձևից վերափոխվում է մյուսի:
Խաղ: Գիտելիք: Հիշողություն: Հոսք:
Մենակ ես, բայց ոչ այնքան, որքան կնախընտրեի: Կամ՝ ոչ այնպես:
Գույները խամրում են:
Աստիճանները վերջանում են:
Մոխրագույնը:
Սպիտակ դուռը:
Ուզում ես թակել՝ չես հասցնում:
Սենյակում ես: Հյուրասենյակ է հիշեցնում: Կամ՝ աշխատասենյակ:
Բոսխի «Երկրային վայելքների այգին» է, բուխարու վերևում: Զգում ես էներգիան:
Չափերը ստում են, բնօրինակն է:
Կարևոր չէ: Տեսադաշտը կախվում է հեռավորությունից: Մոտենում ես: Տարածությունը երկարում է: Կտավը հեռվում է: Նայում ես.
դետալները դետալների մեջ, ընթացքն` ընթացքի, ու ոչ մի անջատում: Համընդհանուր պատկերն ու սահմանների լուծումը երևակայության և իրականության միջև, կամ` իրականության կատարյալ մատուցումը երևակայական պատկերների միջոցով:
Կատարյալը:
Արվեստը:
Կտավի վրա կերպարները սկսում են շարժվել: Բոլոր հայացքները միաժամանակ նայում են քեզ: Ետ քայլ ես անում: Ոտքերդ դողում են: Ընկնում ես հատակին: Սառնությունը: Մերկ ես:
Քաոսը: Հետո՝ հանգստությունը:
Թուլանում ես՝ ասես Եվան ես՝ նախքան
արգելված պտուղը կծելը: Չես մտածում, միայն զգում ես:
Թեթևությունը: Լույսը: Ժպիտը: Հայացքը:
Մի քանի վայրկյան միայն: Խնձորը: Չես կծելու: Չես կծելու: Չես կծելու: Կծում ես: Կյանքն սկսվում է սխալից: Սխալները միշտ կարևոր բանի մասին են: Բայց ինչի՞:
Սկսում ես տարբերել գույները:
Շուրջդ մարդիկ են հայտնվում:
Բառեր ես սովորում, որ բացատրես:
Շատ ծիծաղ, քիչ զգացումներ:
Երկինքը, ջուրը, այգին. նոր պտուղներ, շատ պտուղներ… փորձում ես կծել բոլորից: Ժամանակը: Շտապում ես: Ծամելու ժամանակ չի մնում: Սկսում ես կուլ տալ: Փակում ես աչքերդ: Պայթյուն: Մթնում է: Պայթյունները: Կրակը: Սարսափը: Օգնության կանչող հայացքները: Սև թռչունները: Ծանոթ հայացքները:
Գոռում են:
Բոլորը գոռում են:
Վազում են դեպի քեզ:
Անշարժանում ես:
Արվո Պյարտի նոտաներն են գալիս: Ալիքների վրա են վերցնում քեզ:
Տանում են: Հատակը: Սառնությունը:
Էլի սենյակում ես: Կտավը չկա: Բուխարին չկա: Փորձում ես կանգնել: Գլուխդ աջ ու ձախ ես շրջում: Մազերդ խուդուդ են տալիս այտերդ: Աչքերդ թաց են: Արտասվում ես: Ոչինչ չես հասկանում: Շրջվում ես: Առջևումդ հայելի է: Արտացոլանքդ: Փորձում ես մոտենալ:
Որքան մոտենում ես հայելուն, այնքան արտացոլանքդ հեռվանում է: Որքան հեռվանում ես քեզանից, այնքան ավելի ես փորձում մոտենալ:
Տագնապը:
Ադապտացիան:
Ի վերջո նստում ես՝ մնացած կետը չկորցնելու համար:
Ձեռքդ առաջ ես պարզում: Ցուցամատդ երկարում է կետի ուղղությամբ: Կետն սկսում է աստիճանաբար լայնանալ: Մոտենում է: Հպում:
Սևն իր մեջ է վերցնում քեզ:
Քաոսը: Պտտվում ես: Պտտվում ես: Պտտվում ես: Քաոսը: Պատկերները: Ձայները: Աղմուկը խլացնում է բառերը, արագությունը՝ պատկերները: Քաոսը: Պտույտը: Շրջանները: Արագության մեջ կորցնում ես ընթացքն ու գտնում նշանակությունը: Ծանոթ պատկերները: Իրադարձությունները: Կարևոր իրադարձությունները:
Հիշողություններ են: Քո հիշողություններն են:
Խա՞ղ է: Կատա՞կ: Թե՞ իրականություն:
Եվս մեկ անգամ չես հաղթահարի:
Ձեռքեր են դուրս գալիս: Քաշում են մազերդ: Ճանկռում են: Ցավ չես զգում: Ոչինչ չես զգում: Հոսքի մեջ ընկած պտտվում ես:
Աշունը: Տերևները: Կնճռոտված մաշկը: Կյանքն այն է ինչ շարունակել է կատարվել քեզ հետ, իսկ դու չես զգացել:
Տարվա եղանակները: Ձյունը, գարունը, անձրևը, ծիածանը: Տերևները: Քամին խառնում է մազերդ: In the windmills of your mind. Սիրտդ կանգ է առնում 17:30-ի վրա: Սև թռչունների շրջապտույտը : Շարականների ձայնը: Խնկաբույրը: Հիշում ես այդ օրը: Սպասումը կծկում է անոթներդ: Սպասումը: Սպասման մեջ հավերժության արտաշունչը: Ոտնաձայներ չես լսում: Չկան: Դեռ չկան: Հույսը:
Նստարանը: Լապտերները: Ամեն ինչ պատրաստ է: Բայց չկա: Չկա: Չի գալիս: Լռությունը: Անհանգստությունը: Տագնապը:
Լռություն: Առանց որևէ նոտայի, առանց քամու ձայնի: Առանց կենդանության:
Ոտնաձայնը: Սիրտդ սկսում է աշխատել ոտնաձայների հաճախությամբ. դանդաղում է, կանգ է առնում: Ուղիղ մեջքիդ հետևում: Չես շրջվում: Արցունքի կաթիլը պոկվում է ակնակապճիցդ: Ընկնում՝ իր մեջ արտացոլելով կերպարանքը: Ուսիդ վրա ձեռքի ծանրությունը: Տաքությունը: Կենդանությունը: Չես արտաշնչում: ՈՒզում ես ամեն ինչ պահել ներսումդ: Անսահման ես: Հավերժ ես: Չկաս: Տեսնում ես ինչպես է լույսն ընկնում խավարի մեջ: Տեսնում ես ինչպես է պտտվում Երկիրը: Ծանրության ուժը: Մթնոլորտը: Սֆերաները: Ջուրը: Ցամաքը: Ջրից դուրս սողացող կենդանիները: Կանաչը: Մարդը: Պատմությունը: Ցեղերը: Թագավորությունները: Պատերազմները: Մշակույթը: Կրոնները: Վերածնունդը: Պատերազմները: Սերը: Երկունքի ցավերը: Նորածինը՝ մոր որովայնին: Հանգստությունը: Հիմա հասկանալի է ինչի մասին էր այս ամենը:
Արցունքի կաթիլը փշրում է պատկերը սալահատակին:
Շրջվում ես: Լույսը լցվում է հայացքիդ մեջ:
«Մենք կհանդիպենք վերջից հետո, և Աստված չի զղջա իր արարումի համար»:
Վերջից հետո: Հիշողությունը:
Ձեռքդ առաջ ես պարզում: Ուզում ես հպվել այտին: Լույսն իր մեջ է վերցնում քեզ: Շարժումը: Առօրյան: Հայտնվում ես մեքենայի ղեկին, խցանման մեջ: Հիվանդանոցում ես: Պացիենտները: Քաղցկեղը: Ամպուտացված կրծքագեղձերով կանայք: Հիվանդության պատմագրերը նմանվում են մահվան պատմագրերի, որ քո ձեռքով ես լրացնում: Ինչ-որ բան պետք է անել: Չգիտես ինչ: Ամեն ինչ ձեռքով մի կողմ ես բրթում: Վազում ես: Վիրասրահների միջանցքով: Մինչև վերջ: Միջանցքը երկարում է: Մթնում է: Անհանգստությամբ ես լցվում: Վախը: Վախերը սպառնում են առավել հաճախ, քան այն ամենն, ինչից վախենում են: Աչքերդ փակում ես: Խորը ներշնչում ես: Ջազը: Էլզա Ֆիցջերալդի ձայնն է «Bewitched, bothered and bewildered”: Պտտվում ես: Սայթաքում: Դեմքով բախվում ծանոթ դռան: Բացում է դուռը: Սև աչքերը: Ձգողությունը: Քեզ պարի է հրավիրում: Պտտում է: Չեթ Բեքերի երաժշտությունը: Բազմոցին պառկած շունը նայում է աչքերիդ մեջ: Սեղանի գինին, սպիտակ շապիկը, պատուհանը: Գլխապտույտը: Մոտենում ես պատուհանին: Ներքևում քաղաքն է: Մեքենաները: Լիճը: Կյանքը բանաստեղծություն է, որ գրվում է պատուհանից դուրս: Ժպտում ես:
Նինա Սիմոնեի ձայնը «Օհ տեր աստված մի թող ինձ սխալ հասկացված լինել»: Դուրս ես ցատկում պատուհանից: Ընկնում լճի մեջ: Սուզվում, ու չես խեղդվում: Սուզվում ես, բայց չես խեղդվում: Սուզվում ես մինչև խորքերն ու ոչինչ չես գտնում: Լույսը չի երևում: Հեռվում ես, բայց Նա, ով միշտ կա, ավելի հեռվում է: Մատներով ճանկռում ես քեզ, փորձում բացել մարմինդ: Ոչինչ չկա: Ոչինչ չի ստացվում: Ջուրը սկսում է պտտվել: Ջրապտույտն իր մեջ է վերցնում քեզ: Պտտում է: Տեսնում ես մոտեցող մատը: Լսում ես ջազի հեռվացող ձայնը: Բոսխի դժոխքը: Արքայությունն ես տեսնում աչքերում՝ հավերժորեն քեզ հետևող: Ձեռքդ պարզում ես առաջ: Հպում չի լինում: Ջրապտույտի հատակում ես: Փոքրանում ես: Քամվում: Հայտնվում կաթիլի մեջ:
Տեսնում ես հատակին պառկած մարդուն: Գրավիտացիան նորից ներքև է ձգում:
Կաթիլի մեջ ես:
Ընկնում ես ճակատին:
Փշրվում:

*
Առաստաղի ճեղքից կաթիլներ են թափվում դեմքին. 1, 2, 3… Բացում է աչքերը: Առաստաղի ճեղքը: Երկու կողմից սեխմված, երկու կողմ ձգվող, անշարժ, խորը ճեղքը՝ առաստաղին…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *