Վարդան Սմբատյան | Անհայրություն

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Հայելիներն ու հայրությունը նողկալի են ինձ համար, քանզի երկուսն էլ բազմապատկում ու տարածում են տիեզերքը:
Խ. Լ. Բորխես:

Ամեն ինչ սկսվեց այն օրը , երբ երկնավոր հայրը որոշեց որդուն ուղարկել որպես զոհ, նա կրեց պատիժը հոր փոխարեն ու արնաքամ դիմեց հորը.«-Հայր ինչո՞ւ զիս թողեցիր»:
Շատ բան չի փոխվել, անցել է մի քանի հազար տարի. կրկին որդիներն են պատժվում հայրական զանցանքների համար:
«Որբության մոլորակ»… ահա էսպես պիտի կոչվեր մոլորակը, որտեղ ապրում ենք, բայց արի ու տես մի խելոք որոշեց այն «Երկիր» կոչել:

Հայրս ինձ հեքիաթ չի կարդացել, երբեք չի օրորել, չի ապտակել, չի պատմել իր սխրանքների մասին, հայրս քայլող երազ է եղել: Երեսուն տարի է, ինչ կամ, երեք անգամ եմ տեսել երեք ակնթարթով:
Մեկ անգամ՝ որպես հայր, մեկ անգամ` սուրբ հոգի, երրորդ անգամ՝ որպես որդի, տեսա իմ որբությունը նրա անփայլ աչքերում:
Հետո պարզեցի, որ նա էլ է անհեր մեծացել: Իմ պապը` ոչ ավել, ոչ պակաս մի հրեա տիպ լքել է տատուս հորս ծնվելու օրը:
Հերս չներեց պապուս, ես` իրեն, պապս ատում է Աստծուն: Աստված զզվում է մեզնից, նա գիտակցեց իր մեծ արարչական զանցանքը և երկնքում յոթ միլիարդ բարձրության վրա կերտեց իր մենության ամրոցը, կարգեց սերովբեների և քերովբեների:
Մեզ հավետ կբաժանի երկինք կոչվող կապույտ վարագույրը :
Ես բարձրացնում եմ սավանս, նետում եմ Աստվածաշունչը, գիրքը լողալով օդի բացիլներում մեխվում է աներևույթ պատի մեջ, դեղնավուն բառերը բոցկլտացող լեզուների պես վառվում են, վեր եմ կենում, վերցնում արդեն իսկ բացված էջը.
<<Ես իմ խոսքը ինձնից յոթ անգամ վեր եմ դասում>>: Կարդում եմ բարձրաձայն, չէ ես չեմ կարդում, ինչ-որ մեկը խոսում է իմ շիկացած բերանով:
Գլուխս սկսում է պտտվել, լույսի պտտահողմն ինձ քաշում է վար`դեպ անհատակ, հավերժական անդուդը: Լույսի ու մթի հատվող զիգզագներով գալարվում եմ ու տեսնում. հայրս լացում է, պապս ծխում է` հայհոյելով Աստծուն, կրակի լեզուները ճայթում են դեմքիս, գոռում եմ:
Սև աքաղաղները բզկտում են Պետրոսի ու հորս գանգերը, բայց ամեն հարվածից հետո նրանք ավելի բարձր են ծիծաղում. «Չենք ճանաչում, չենք ճանաչում»:
– Ո՞ւմ, ո՞ւմ, ու՞մ, – ձայնը կրկնապատվում է, վերածվում ատոնալ երգչախմբի:
Անդունդը փակվում է…
սպիտակ փոշում մեջ կորում են արնաշաղախ Պետրոսն ու հայրս: Պապս ծխում է վերջին գլանակը ու մոխրանում է հանգչող ծխախոտի աննշմար կրակում: Սև աքաղաղները հոշոտում
են աստվածաշունչը, լայնաշերտ պատերս կլանում են ճիչս, ծանոթ մի ձեռք փակում է բերանս
ու մաքրելով քրտնած ճակատս՝ սաստում.
-Լռիր, չիմանալը փրկում է, ուրանալը փրկում է…

Share Button

1 Կարծիք

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *