Սիմին   Բեհբահանի | Մինչև ականջների ծայրը…

Բանաստեղծուհի, գազելի ժանրի վարպետ և հասարակական գործենության ակտիվ մասնակից Սիմին Բեհբահանին (1924-2014թթ.) հեղինակել է նաև մի շարք պատմվածքներ: Նա ծնվել է Թեհրանում, ուսյալ և լուսամիտ ընտանիքում: Հայրը եղել է դիվանագետ, բանաստեղծ և թերթի խմբագիր, իսկ մայրը՝ բանաստեղծ և ֆրանսերենի ուսուցչուհի, նաև իր ժամանակի առաջադեմ ու պայքարող կանանցից:  Ս. Բեհբահանին իր ընտանիքում մոտիկից շփվել է պարսից գրականության հայտնի դեմքերի հետ: Գրել սկսել է 14 տարեկանից, այնուհետև տարբեր տարիներում  հրապարակել բանաստեղծությունների ժողովածուներ: Գրական գործունեությանը զուգահեռ ակտիվ մասնակցություն է ունեցել կանանց իրավունքների պաշտպանության աշխատանքներին, իսկ իր գրվածքներում արտացոլել է կանանց խնդիրները, ինչպես նաև հասարակական-քաղաքական  հարցեր՝ արտահայտելով խիզախ դիրքորոշումներ: Իր բաժին լուրջ ներդրում է ունեցել նաև Իրանի գրողների միության հիմնադրման գործում: 1998-ին նրան շնորհվել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մրցանակ, ինչպես նաև շահել է գրական միջազգային մրցանակներ:

 

 

Աղջիկը փողոց ելավ՝ հարդարված և դուրեկան: Օդը հագեցված էր գարնանային բողբոջների բույրով, շունչը մեղրահամ էր դնում լեզվի տակ, զեփյուռի զովքը նորոգում էր հոգին:

Աղջկա «Հաֆթ սինի»[1] սեղանը՝ խնձորով, քացախով, ածիկով, ծիլերով, փշատով ու մետաղադրամով ոչ մի բանի պակաս չուներ: Պետք է ծաղկի խանութ էլ գնար և հակինթ էլ առներ… գուցե սեղանի վրա մետաղադրամի տեղը չէ… ուռենու մի քանի ոստերն  էլ  շուք կտային տանը,  համ էլ բախտաբեր են, ինչպես մայրն էր ասում:

Սիգաճեմ էր գնում և ուրախ: Արեգակն էլ արևելքից մինչև երկնքի մեջտեղը ջերմ  սիգանքով էր շարժվում. դեռ նոր ճամփակեսին էր հասել: Աղջկան թվում էր, թե արևը ժպտում էր, ոչ միայն արևը, այլև աշխարհն էր ժպտում: Փողոցը բանուկ էր, բայց ոչ նախորդ օրերի չափ: Զվարթասերները և  նրանք, ովքեր ի վիճակի էին, մեկնել էին գավառներ ու շրջաններ: Նա ոչ մի նովրուզյան տոնի ոչ մի  ուղևորության չէր գնացել: Սրտում տենչանք կայծեց, բայց հիշեց, որ հայրն ասել էր. «Թեհրանը հիմա է հաճելի. օդը մաքուր է, բնակչությունը՝ սակավ»:

Ծաղկի խանութ մտավ: Մշտական ծաղկավառաճառին չտեսավ, նրա փոխարեն հաճախորդներին սպասարկում էր սևաչյա ու թխադեմ մի երիտասարդ: Սպասելով իր հերթին՝ կանգնեց մի անկյուն և աչքերը սահեցրեց ծաղիկների վրայով: Նորից նայեց ծաղկավաճառին, որ ծանոթ չէր, բայց  նրա մոտ մի տեսակ գաղտնիք կար, որ օտարությունն ավելի էր քաղցրացում, քան ծանոթությունը:

-Ահմադ աղան  ո՞ւր է,-հարցրեց աղջիկը:

Ծաղկավաճառը նայեց նրան, նայվածքը արևային էր ու տաք, գլխի գագաթից սորաց մինչև ոտքերի ծայրն ու վար իջավ: Հենց կարծես՝  իր մայրն էր   բաղանիքում մի աման տաք ջուրը գորովանքով գլխից մինչև ոտքերը լցնում: Տարիների հեռավորությունից հիշեց իր մոր գուրգուրանքը: Ասես, քանի տարով հետ էր վերադարձել: Թվաց, որ մայրը դեռ ողջ է, և ձեռքերը նուրբ են: Ծաղկավաճառի հայացքը դեռ աղջկա դեմքին էր: Նրա ձայնից սթափվեց.

-Խնդրե՛մ, ինչո՞վ եմ կարող Ձեզ օգնել:  Ահմադ աղան Նովրուզի առիթով Շիրազ է գնացել՝ իր բարեկամներին այցելելու:

Երիտասարդը քաղաքավարի էր: Հայացքն ինչ-որ չասված խոսք ուներ, իսկ նրա լռությունն աղջկան գայթակղում էր՝ լսելու: Սև բիբերը կայծկլտում էին և   միացնող թելի պես աղջկա սրտին կապակցվում: Բախտը բերեց, որ այդ հայացքը շատ շուտ հեռացավ իր դեմքից  և վաճառասեղանին դրված ծաղկեփնջի վրա կանգ առավ: Աղջիկը շունչ քաշեց և ինքն իրեն հավաքեց: Արյունը եռ էր գալիս իր կոպերի  ու այտերի տակ: Նայեց սրահի ծաղիկներին, մի քանի քայլ գնաց նրանց միջով, մեղմորեն շոշափեց  մեկ-երկու ծաղկի թերթ և կանգնեց՝ մեջքով դեպի վաճառողն  ու դեմքով  դեպի ծաղիկները:

-Լսում եմ Ձեզ, խանու՛մ:

Հաճախորդները գնացել էին: Աղջիկը, առանց ծաղկավաճառի կողմը նայելու, ասաց.

-Հակինթի ծաղկաման եմ ուզում և մի քանի ճյուղ ուռենի:

Հետո հակինթերի հավաքածուին նայելով՝ մատնացույց արեց. «Էն մեկը, ա՜յ էն մեկը»: Ծաղկավաճառի արագ շարժումով ծաղկամանը հայտնվեց վաճառասեղանի վրա:  Կրկին նույն հայացքով և այս անգամ փաղաքուշ ոճով ասաց աղջկան.

-Լավ ընտրություն արեցիք, ծաղիկ ճանաչող եք:

-Շնորհակալ եմ:

Այս անգամ այլևս  չգիտեր՝ ի՜նչ աներ այդ հայացքի հետ: Աչքը հառեց հակինթի ճյուղին և ինքն իրեն մտածեց. «Ի՞նչ նմանություն ունի յարի վարսերին, որ Հաֆիզն ասում է՝ «Ունեմ  մի կուռք, որ իր ծաղիկ երեսի շուրջ հակինթե  հովանոց ունի»: Հետո նայեց ծաղկավաճառի  գանգուր ու մետաքսե մազերին: Կա նմանություն:

Ծաղկավաճառը գեղեցիկ թղթով փաթաթեց ծաղկամանը և է՛լ ավելի գեղեցիկ դեղին ժապավենով բազմաթերթ ծաղիկ  պատրաստեց ու  փակցրեց ծաղկամանին: Աղջիկը գոհունակ և ուրախացած ասաց. «Ի՜նչ լավ, դեղինն ու կապույտը շատ են սազում իրար»: Եվ հետո ժպտաց և այս անգամ տեսավ, որ ծաղկավաճառի հայացքը մեղմորեն ու պարկեշտ թեքվեց իր դեմքից   և սևեռվեց  հակինթի ճյուղի վրա:

Կարծես՝ երկուսն էլ այն զգացողությունն ունեին, թե ինչ-որ բան է գոյանում,    հատիկի պես մի բան, որը գարնանային խոնավ հողի տակ դանդաղ ճեղքում է իր թաղանթը՝ մի կողմից արմատ և մյուս կողմից ծիլ տալով: Դա  արարման պահն է հենց: Պետք է ըստ արժանվույն գնահատել այն:

Աղջիկը՝ մտածկոտ ու ամոթխած, վերցրեց ուռենու ճյուղերը, փողը վճարեց և փողոց դուրս ելավ: Քայլում էր, բայց, ասես, ծաղկավաճառի հայացքից մի թել միակցվել էր իր սրտին, ինչքան հեռանում էր, ավելի էր երկարում թելը և գալիս էր իր հետ, գալիս էր, գալիս…

***

«Հաֆթ սինի»  սեղանը դասավորված էր: Հակինթի ծաղկամանը ճիշտ հայելու առջև էր դրված և կրկնապատկերվել  էր: Աղջիկն իր մտքում ասաց. «Սա ես եմ և   մյուսն էլ՝ նա: Երանի՜ դուրս գար հայելուց»:

 Հայրը, սեղանի մոտ նստած, տարեմուտի աղոթքն էր կարդում: Նայեց աղջկան ու ասաց. «Ի՞նչ ես մտածում»:

Աղջիկը դողաց՝ «Չլինի թե  գլխի է ընկել»: Ասաց.

-Մորս եմ հիշել, ի՜նչ նուրբ ձեռքեր ուներ: Ինձ իր հետ բաղնիք էր տանում, օճառի փրփուրով   մեղմ տրորում գլուխս  և մի աման գոլ ջուր լցնում վրան: Ինչքա՜ն հաճելի էր: Աչքերս պինդ փակում էի, որ օճառից չկսկծան: Մայրս համբուրում էր ինձ»:

Հոր աչքերը փայլեցին արցունքի շողքով, և ասաց. «Շուտ գնաց ու մեզ մենակ թողեց»:

***

Աղջկա սրտին կապված թելն անքակտելի էր, անընդհատ խտուտ էր տալիս սիրտը, անհամբեր  էր դարձնում նրան, նույնիսկ քնած ժամանակ հանգիստ չէր տալիս: Ձեռքը տանում էր, որ կտրի թելը, ոչինչ չէր գտնում ձեռքը: Ցերեկները  գնում էր ծաղկի սրահի մոտով անցնում, փողոցից նայում՝ խանութի ներսը: Այնքան էր գնում ու գալիս, մինչև ծաղկավաճառի աչքը նրան էր ընկնում: Նույն պահին տուն էր վերադառնում, բայց էլի  ուրիշ թել էր պարուրվում սրտի շուրջ: Ամեն քայլափոխին  ձգվում էր թելը, մինչև որ հասնում էր տուն:

Յոթերորդ օրը նայեց հակինթին: Թառամել էր: Ասաց. «Պիտի մի ուրիշ ծաղկաման առնեմ»: Տնից դուրս գնաց: Երիտասարդ ծաղկավաճառը խանութում չէր: Խանութի տերը վերադարձել էր ճամփորդությունից: Գործնական խանութպանի հայացքով նայեց աղջկան ու ասաց.

-Ի՞նչ կկամենայիք:

Աղջիկը հիասթափվեց: Կարծես, մի աման սառը ջուր էին լցրել գլխին: Մարմինը սարսռաց, կարծես՝ քնից արթանացել էր, ամեն ինչ ավարտվել էր: Խանութը մութ էր, ծաղիկների ծանր հոտը խեղդում էր նրան: Թելերը փաթաթվել էին սրտի շուրջ, սիրտը ձկան պես ուռկանն էր ընկել, ու ձկնորսը թողել գնացել էր: Չգիտեր՝ ինչ անել:

Դարձավ խանութատիրոջն  ու առանց ոչ մի նախաբանի ասաց.

-Էս թելերը փաթաթվել են սրտիս շուրջ, շունչս կտրել են: Մկրա՛տ, Ձեր մկրատը տվե՛ք: Ուզում եմ կտրել սրանք:

Մարդը ապշահար ասաց.

-Ո՞ւր են, ի՞նչ թելեր: Ձեզ լավ չեք զգու՞մ: Կուզե՞ք տաքսի կանչեմ Ձեզ համար:

Աղջիկը լարովի տիկնիկի պես թիկունքը դարձրեց խանութպանին  և  ուղիղ ու չոր քայլերով, ռոբոտի պես դուրս գնաց խանութից:

Տուն հասավ, գլխաշորը վերցրեց և հոգնածաբար  բարևեց հորը:

-Խեր լինի, գույն չկա երեսիդ, անտրամադիր ես երևում, էլի ինչի՞ մասին ես մտածում, աղջի՛կս:

-Ոչինչ: Հիշեցի, որ մի օր մայրս սխալմամբ մի աման սառը ջուր լցրեց գլխիս: Հայրիկ ջան, սառել եմ, ու՞ր է մայրիկս:

-Հանգստացիր աղջի՛կս, սրանից հետո ինքդ պետք է մայր լինես:

Մտքումն ասաց. «Մայր լինեմ»: Նրա հայացքն էլ էր դա ասում, բայց այնքա՜ն երկար դուրս չեկավ հայելուց, մինչև երկուսս էլ թառամեցինք: Հետո նայեց հակինթի ծաղկամանի կողմը: Ծաղկամանում երկու ճյուղ հակինթ կար՝ երկուսն էլ թարմ, երկուսն էլ երիտասարդ: Ապշահար  բացագանչեց.

-Հայրի՜կ, հրա՛շք: Հակինթի ճյուղը երկու հատ է դարձել, էլ թառամած չի: Առավոտյան տեսա՝  բան չէր մնացել մինչև չորանար:

Հայրը ծիծաղեց  և ասաց.

-Մի՞թե ինքդ չես պատվիրել: Մի երիտասարդ էր բերել  և ասաց՝ «Ձեր աղջիկն է գնել: Երկվորյակ հակինթներ են»: Ասաց, որ ինքը ծաղիկների մասնագետ է, ես էլ նրան խնդրեցի, որ վաղը գա՝  մեր վարդածառը էտի:

Աղջիկն ինքն իրեն շշնջաց.

-Հայելուց դուրս եկավ, որ տան դռնից ներս մտնի:

-Ի՞նչ ասացիր…

Թարգմանությունը պարսկերենից ՝  Էմիկ  Ալեքսանդրիի

[1] «Հաֆթ սին»/«Յոթը ս»՝ իրանական նովրուզին յուրաքանչյուր տան մեջ պատրաստվող ավանդական ու խորհրդանշական սեղան, որի վրա շարվում են «Ս» տառով սկսվող յոթ բաղադրիչ: Սեղանին սովորաբար դրվում են նաև Ղուրան, Հաֆիզի գիրքը, հայելի, մոմեր, ներկած հավկիթ, քաղցրավենիք և ապակե ջրասափորում  լողացող  կարմրավուն ձկնիկներ:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *