Թոմաս Ման | Gladius Dei

I

Մյունխենը շողում էր լույսերի մեջ։ Տոնական զարդարված հրապարակների ու սպիտակ սյունազարդ տաճարների, անտիկ հուշակոթողների ու բարոկկո ճարտարապետական ոճի եկեղեցիների, ցայտաղբյուրների, պալատների ու քաղաքային պուրակների վերևում ձգված էր կապույտ մետաքսե պայծառ երկինքը, և քաղաքի լայն, լուսավոր, կանաչապատ ու գեղեցիկ նախագծված համայնապատկերն ընկած էր հունիսյան առաջին, հրաշալի օրվա արևի տաք շնչի մեջ։

Յուրաքանչյուր նրբանցքում թռչունների ծլվլոց ու ծածուկ ցնծություն․․․ Իսկ հրապարակներում ու պուրակներում որոտում, ծփում ու աղմկում էր հանգիստ ու գեղեցիկ քաղաքի անշտապ ու զվարճալի առօրյան։ Տարբեր երկրներից ժամանած ճանապարհորդները՝ փոքրիկ, դանդաղ, վարձու կառքերով, անցնում էին փողոցներով` ինքնաբեր հետաքրքրությունից դրդված աջուձախ տների պատերին նայելով, կամ էլ վեր էին բարձրանում թանգարանների աստիճաններով։

Շենքերի շատ պատուհաններ բաց էին, և փողոցից լսելի էին ներսից հնչող երաժշտության ձայները, դիլետանտների կողմից մեծ ջանքերով ու բարեխճորեն կատարվող վարժանքները` դաշնամուրով, ջութակով կամ թավջութակով։ Բայց «Օդեոնում», որտեղից նույնպես ձայներ էին լսվում, լուրջ դաշնամուրային կոնցերտներ էին սովորում։

Երիտասարդները, որոնք սուլում էին Նոտունգի մոտիվներով, իսկ երեկոյան ժամանակակից թատրոնի վերջին շարքերն էին զբաղեցնում, թափառում էին համալսարանում ու պետական գրադարանում՝ գրական թերթերը իրենց վերարկուների գրպաններում։

Գեղարվեստի ակադեմիայի առջև, որն իր սպիտակ թևերը Թյուրքենշտրասսեի ու մյունխենյան Հաղթական կամարի միջև էր տարածել, կանգնած էր պալատական կառքը, իսկ աստիճանների վրա գույնզգույն խմբերով նստած, կանգնած ու պառկած էին մոդելներ՝ բարետես ծեր տիկնայք, կանայք ու երեխաներ՝ ալբանացի լեռնականների հագուստներով։

Շենքերով եզրված հյուսիսային բոլոր երկար փողոցներում մարդիկ թափառում էին անշտապ ու անհոգ։ Դեռ վաստակի ծարավով իրենք իրենց չհալածած ու հալ ու մաշ չարած՝ ապրում էին իրենց հաճելի նպատակներով։ Երիտասարդ նկարիչները՝ լայնեզր գլխարկներով, թրթռուն փողկապներով, առանց ձեռնափայտի այդ անհոգ վարպետները, որոնք իրենց բնակարանների վարձը գունավոր ուրվանկարներով են վճարում, զբոսնում են՝ այս բաց կապույտ հետկեսօրով ինքնաներշնչվելով, և նայում են անցնող աղջնակների հետևից, նրանց դարչնահեր, գեղեցիկ, կարճլիկ ու գիրուկ կերպարներին, թմբլիկ ոտքերին ու կասկած չհարուցող բարեվարքությանը։ Արևի տակ շողշողում էր յուրաքանչյուր հինգերորդ տան արհեստանոցի ցուցափեղկերը։ Երբեմն քաղաքային շենքերի շարքում հանդիպում էր երևակայությամբ հարուստ, մի երիտասարդ ճարտարագետի կողմից արված այնպիսի աշխատանք՝ լայնարձակ ու կամարաձև, արտասովոր օրնամենտներով, հարուստ ոճով ու սատիրայով։ Ասենք՝ ինչ-որ տեղ չափազանց ձանձրալի ֆասադի վրա հանդուգն իմպրովիզացիայով շրջանակված դուռ՝ սահուն գծերով և արևային երանգներով, Բաքանտներով[1], ջրային ոգիներով ու վարդերանգ մերկությամբ…

Միշտ դուրեկան է ճեմելը ատաղձագործական արվեստանոցների ցուցափեղկերի առջևով ու ժամանակակից շքեղ իրերի տոնավաճառներով։ Ի՜նչ երևակայածին հարմարավետություն, գծերով արտահայտված ի՜նչ հումոր ամեն ինչում։ Ամենուրեք քանդակների, շրջանակների և հնությունների փոքր խանութներ են սփռված, որոնց ցուցափեղկերից քեզ են նայում ֆլորենտական քվատրոչենտոյի կանանց կիսանդրիները՝ լի ազնվական դյութանքով։ Եվ այդ ամենափոքր և ամենաէժան խանութների սեփականատերը պատմում է ձեզ Դոնատելլոյի և Մինո դա Ֆիեզոլեի մասին, ասես անձամբ նրանցից է ստացել կրկնօրինակման իրավունքը․․․

Բայց այնտեղ` Օդեոնի հրապարակում, հսկայական լոջիայի առջև, որի դիմաց տարածվում էր խճահատակը, ռեգենտի պալատին թեքությամբ դեմ հանդիման արվեստի գործերի մեծ ու ընդարձակ պահոցի՝ Մ․Բլութենցվայգի խանութի լայն պատուհանի ու ցուցափեղկերի շուրջ խռնվել էին մարդիկ։ Ցուցադրման ի՜նչ ուրախալի շուք։ Աշխարհի բոլոր պատկերասրահների գլուխգործոցների կրկնօրինակները տեղադրված էին թանկարժեք, նուրբ երանգավորված և զարդանախշված շրջանակներում՝ արհեստական պարզության ճաշակին համապատասխան: Ժամանակակից արվեստի արտանկարներ, զգայական ցնծությունից ծնված երևակայություն, որոնցում կարծես  անտիկը հումորային և իրատեսական ձևով վերածնված թվար: Վերածննդի պլաստիկան ավարտուն ձուլվածքներում, մերկ բրոնզե մարմիններ և փխրուն դեկորատիվ բաժակներ, կախվող պռունկներով կավե ծաղկամաններ, որոնք ստեղծվել են մետաղահալոգենների լոգանքից հետո պսպղուն գունանյութերում թաթախվելով, ոսկեզարդ գրքակազմեր, նոր դեկորատիվ արվեստի տրիումֆեր, ժամանակակից քնարերգուների ստեղծագործություններ, որոնք պարուրված էին դեկորատիվ և վայելչագեղ ճոխությամբ, դրանց միջև կախված էին նկարիչների, երաժիշտների, փիլիսոփաների, դերասանների, բանաստեղծների, ժողովրդական հետաքրքրություն վայելող այլ անհատների դիմանկարները․․․Կողքի գրախանութի առաջին պատուհանում մոլբերտի վրա մեծ նկար է դրված, որի առաջ բազմություն է գոյանում․ թանկարժեք, կարմիր-շագանակագույն երանգներով հին ոսկեպատ լայն շրջանակի մեջ տեղադրված է լուսանկարը՝ ուշագրավ մի գործ, տարվա գլխավոր միջազգային ցուցահանդեսի սենսացիայի ճշգրիտ պատճենը, որը տեսնելու համար գովազդային սյուներին փակցված համերգների ազդագրերի և հիգիենիկ պարագաների մասին գեղարվեստորեն ձևակերպված առաջարկների կողքին հնաբանություններ պարունակող, տպավորիչ հրավերքի պաստառներ էին հայտնվել։

Նայիր շուրջդ, նայիր գրախանութների պատուհաններին։ Աչքերդ կհանդիպեն այնպիսի վերնագրերի, ինչպիսիք են «Բնակարանների ներքին հարդարումը Վերածննդի ժամանակներից», «Գունազգացողության դաստիարակություն», «Վերածնունդը ժամանակակից արվեստում», «Գիրքը որպես արվեստի գործ», «Արվեստի ծարավ», և դու պետք է իմանաս, որ այդ բրոշյուրները  գնվել ու ընթերցվել են հազարավոր անգամներ, իսկ երեկոյան այդ նույն թեմաների մասին խոսվել են լեփ-լեցուն սրահներում…

Թե բախտդ բերի, կհանդիպես այն հայտնի կանանցից մեկին, որին մարդիկ սովոր են տեսնել արվեստի կիզակետում, մեկին՝ այն հարուստ ու գեղեցիկ տիկնանցից, որոնք արհեստականորեն ստացած տիցիանական շեկ մազեր ունեն ու ադամադե պաճուճանք ու որի հրապուրող դիմագծերը մի հանճարեղ դիմանկարիչի ձեռքով հավերժության մաս է դարձել, իսկ իր սիրային կյանքի մասին խոսում է ողջ քաղաքը։ Արվեստագետների տոնախմբության թագուհիները դիմակահանդեսում՝ փոքր-ինչ շպարված, փոքր-ինչ զարդարված, ազնվական նախուտեստներից հագեցած, կոկետ ու երկրպագություն վայելող։

Տե՜ս, այնտեղ մի մեծ նկարիչ կառքով իր սիրելիի հետ  անցնում է Լյուդվիգշտրասեով։ Մարդիկ ցույց են տալիս անցնողներին, մնում են կանգնած ու հայացքով ճանապարհում են այդ երկուսին։ Շատերն են ողջունում նրանց և դեռ հերիք չէ, չեն թողնում, որ ուղեկցորդները առաջ անցնեն։

Արվեստը ծաղկում է, արվեստը իշխում է, արվեստը ձգում է իր վարդաբոլոր գավազանը քաղաքի վրա և ժպտում է:

Համակողմանի հարգալից մասնակցություն նրա բարգավաճմանը, համակողմանի, ջանասեր ու նվիրված ծառայություն ու քարոզչություն, գծի, զարդերի, ձևի, զգացմունքների, գոյություն ունեցող գեղեցկության հավատարմասիրտ պաշտամունք․․․ Մյունխենը շողում էր լույսերի մեջ։

II

Մի երիտասարդ էր անցնում Շելլինգշտրասսեով։ Հեծանվորդների ազդանշանների ուղեկցությամբ քայլում էր նա սալահատակի կենտրոնով՝ Լյուդվիգսքիրխեին ընդառաջ։ Նրան նայելիս կարելի էր նմանեցնել արևի վրայով անցնող ստվերի կամ դժվար ժամանակների մասին ներաշխարհդ ցնցող հիշողության։ Մի՞թե չէր սիրում արևը, որը գեղեցիկ քաղաքը տոնական փայլով էր ցողել։ Ինչո՞ւ էր նա քայլում՝ հայացքը գետնին դարձրած, այդպես անհաղորդ շրջապատող աշխարհի հետ։

Նա գլխարկ չէր կրում, ինչը կոստյում չպարտադրող անհոգ քաղաքի որևէ բնակչի մոտ դժգոհության չէր կարող առաջացնել, բայց դրա փոխարեն գլուխը ծածկել էր իր լայն, սև վերարկուի գլխանոցով, որը ստվերում էր անկյունավոր, դուրս ցցված ճակատը, քողարկում էր ականջները և շրջանակում հյուծված այտերը։ Խղճին ծանրացած ի՞նչ վիշտ, ի՞նչ տարակուսանք և ի՞նչ անգութ արարք կարող էր այդչափ ներս ընկած այտերի պատճառը լինել։ Մի՞թե այսպիսի արևոտ օրերին սոսկալի չէ տեսնել այն վիշտը, որն ապրում է ինչ-որ մեկի այտափոսերում։ Նրա մուգ հոնքերը նեղ քթարմատի մոտ ամենախիտն էին, քիթը մեծ էր ու սապատավոր, իսկ շուրթերը հաստ ու փքված։ Երբ բարձրացնում էր իր միմյանց բավականին մոտ գտնվող շագանակագույն աչքերը, անկյունավոր ճակատի երկայնքով կնճիռներ էին հայտնվում։ Նրա հայացքը իմացություն, սահմանափակվածություն ու տառապանք էր արտահայտում։ Եթե նայեք դեմքին, կտեսնեք, որ այն նման է վանականի նկարած ճիշտ այն հին պատկերին, որը պահվում է Ֆլորենցիայի նեղ ու ծանրաշունչ վանական խցում, որտեղից ժամանակին սարսափելի ու կործանարար բողոքներ էին հնչեցվում կյանքի ու նրա տրիումֆի դեմ․․․

Հիերոնիմուսն անցնում էր Շելլինգշտրասսեով, քայլում էր դանդաղ ու հաստատուն՝ վերարկուի տակից երկու ձեռքերով այն իրեն սեղմելով։ Երկու փոքր աղջիկ՝ գեղեցիկ, կարճահասակ ու գիրուկ էակներ, մազերը նրբագեղ ժապվեններով հավաքած, հաստլիկ ոտքերով ու կասկածներ չհարուցող վարքագծով, ձեռք ձեռքի տված, չարաճճիաբար իրար հրելով ու ծիծաղելով, անցան նրա կողքով, առաջ շարժվեցին, սկսեցին վազել ու քրքջալ նրա գլխանոցի ու դեմքի վրա։ Բայց նա դրան ուշադրություն չդարձրեց։ Գլխահակ ու առանց աջ ու ձախ նայելու՝ հատեց Լյուդվիգշտրասսեն և բարձրացավ եկեղեցու աստիճաններով։

Կենտրոնական դռան մեծ թևերը լայն բացվեցին։ Սառը, հեղձուցիչ ու սրբազան ծխով առատ խնկարկված կիսախավարի խորքում ինչ-որ տեղ նկատելի էր թույլ, կարմրավուն լույս։ Աչքերն արյունով լցված մի ծեր կին վեր ելավ աղոթատեղից, հենվելով իր ձեռնափայտին, կաղին տալով անցավ սյուների արանքով։ Նրանից բացի եկեղեցում ոչ ոք չկար։

Հիերոնիմուսը եկեղեցու լվացարանում թրջեց ճակատը և կուրծքը, ծնկի իջավ գլխավոր խորանի առջև, ապա կանգ առավ կենտրոնական նավում։ Մի՞թե չէր կարելի կարծել, որ նրա կերպարանքը մի տեսակ հասակ առավ այստեղ՝ ներսում։ Նա կանգնած էր ուղիղ ու անշարժ, ազատ վեր բարձրացրած գլխով, նրա մեծ, սապատավոր քիթը, թվում էր, հաստ շուրթերի վրա տիրաբար կախված, իսկ հայացքն այլևս գետնին չէր ուղղված, այլ համարձակորեն ուղիղ ձգվում էր տարածության մեջ, դեպի խորանի խաչելության տեսարանը։ Որոշ ժամանակ անշարժ տեղում կանգնելուց հետո մի քայլ հետ գնալով՝ նա կրկին ծալեց ծունկը ու դուրս եկավ եկեղեցուց։

Նա դանդաղ ու հաստատուն քայլերով անցնում էր Լյուդվիգշտրասսեով՝ գլուխը կախ, լայն, չսալարկված երթևեկելի փողոցի մեջտեղով դեպի արձաններով շրջապատված հսկայական լոջիան։ Սակայն, հասնելով Օդեոնի հրապարակ, նա բարձրացրեց իր աչքերը ճիշտ այնպես, երբ նրա անկյունավոր ճակատին կնճիռներ են գոյանում, ու դանդաղեցրեց քայլերը․նրա ուշադրությունը գրավել էր Մ․Բլութենցվայգի ընդարձակ արվեստի գործերի խանութի ցուցափեղկերի առաջ հավաքված մարդկանց բազմությունը։

Մարդիկ պատուհանից պատուհան անցնելով, իրար ուսերի վրայով ցուցադրված գանձերը դիտելով՝ կարծիքներ էին փոխանակում։ Հիերոնիմուսը միացավ նրանց և իր հերթին սկսեց հատ առ հատ, ոչինչ աչքից բաց չթողնելով դիտել ամբողջը։

Նա զննում էր աշխարհի բոլոր պատկերասրահների գլուխգործոցների պատճենները՝  թանկարժեք շրջանակներն իրենց պարզ յուրօրինակությամբ, Վերածննդի պլաստիկան, բրոնզե մարմիններն ու  դեկորատիվ ապակյա բաժակները, նրբագեղ ծաղկամանները, գրքազարդերը, արվեստագետների, երաժիշտների, փիլիսոփաների, դերասանների ու բանաստեղծների դիմանկարները և ապա  նորից մի պահ անդրադառնում էր յուրաքանչյուրին։ Չնայած նա ներսից երկու ձեռքով ամուր բռնել էր վերարկուն, բայց գլխանոցով ծածկված գլուխը կարճ, կտրուկ շարժումներով մի նմուշից մյուսն էր թեքում, ու նրա մուգ, քթարմատի մոտ խտացող, վեր բարձրացրած հոնքերի տակից նայում էին նրա աչքերը՝ մի պահ ամեն առարկայի ինչ-որ արտասովոր, բութ ու սառը զարմանքի արտահայտությամբ սևեռված։ Ի վերջո հասավ առաջին պատուհանին՝ այնտեղ, որտեղ գտնվում էր սենսացիա առաջացրած պատկերը, որոշ ժամանակ իր առջև խռնվող մարդկանց ուսերի վրայից դիտեց այն, մինչև վերջապես հաջողվեց առաջ անցնել ու հասնել ցուցափեղկին։

Մեծ կարմրաշագանակագույն լուսանկարը, որ բացառիկ ճաշակով շրջանակված էր ոսկեգույնով, դրված էր պատուհանից բացվող սենյակի մեջտեղում՝ մոլբերտի վրա։ Դա Մադոննան էր, միանգամայն ժամանակակից, բոլոր պայմանականություններից զերծ աշխատանք։ Սուրբ ծննդկանի կերպարը աչքի էր ընկնում ապշեցուցիչ կանացիությամբ, մերկ ու գեղեցիկ։ Նրա մեծ, թովիչ աչքերը թուխ երանգով էին եզերված, իսկ բարակ ու անսովոր կերպով ժպտացող շուրթերը կիսաբաց էին։ Նրա բարակ, փոքր-ինչ լարված և ջղաձգորեն սեղմված մատները բռնել էին երեխայի ազդրը՝ բարեկազմ ու գրեթե պարզունակ նիհարությամբ մի մերկ տղայի, որը խաղում էր իր կրծքի հետ ու միաժամանակ հարևանցի խորաթափանց հայացքով դիտորդի ուղղությամբ նայում։

Հիերոնիմուսի կողքին երկու պատանի էին կանգնած ու զրուցում էին նկարի մասին՝ գրքերը թևատակերում, որոնք կամ պետական գրադարանից վերցրել էին, կամ էլ այնտեղ պատրաստվում էին հանձնել․ մի խոսքով՝ հումանիտար կրթությամբ մարդիկ, արվեստի ու գիտության բնագավառներում գիտակներ։

-Գրողի ծոցը գնամ, լավ է գլուխ բերել այս ջահելը,- ասաց նրանցից մեկը։

-Եվ ակնհայտ է, որ մտադրություն է ունեցել ինչ-որ մեկի նախանձը շարժելու,-ավելացրեց մյուսը,- մտասույզ կին․․․

-Խելքահան անող կին․․․ Մարդ սկսում է կասկածել սուրբ հղիության դոգմային․․․

-Այո-այո, բավականաչափ փայփայվածի տպավորություն է թողնում․․․Տեսե՞լ ես բնօրինակը։

-Բնականաբար։ Ես տարվել էի դրանով։ Այդ գույների մեջ նա էլ ավելի աֆրոդիզիակ է թվում․․․հատկապես աչքերը։

-Նմանությունն, ըստ էության, ակնհայտ է։

-Ինչպե՞ս թե։

-Բնորդուհուն չե՞ս ճանաչում, ախր նա լուսանկարի համար օգտագործել է իր հավաքարարուհու կերպարը։ Սա գրեթե դիմանկար է, միայն թե արատավորության երանգով խիստ ոճավորված։ Այդ փոքրիկն իհարկե իրականում ավելի անմեղ է։

-Հուսով եմ։ Կյանքը շատ հոգնեցուցիչ կլիներ, եթե շատ հանդիպեին նման mater amata[2]-ներ։

-Պինակոտեկը գնել է սա։

-Իսկապե՞ս։ Տեսեք է՜։ Բնորդուհին, իմիջայլոց, կարծես թե լավ էլ իմացել է՝ ինչ է արել։ Մարմնի ու հագուստի գծերի ֆակտուրան իրոք աչքի ընկնող է։

-Այո, աներևակայելի տաղանդավոր տղա է հեղինակը։

-Ճանաչու՞մ ես նրան։

-Մի քիչ։ Նա հաստատ կարիերային առաջխաղացում կունենա։ Նրան արդեն երկրորդ անգամ են ռեգենտի մոտ ընթրիքի հրավիրել։

Այս վերջինի մասին նրանք խոսեցին, երբ արդեն հրաժեշտ էին տալիս իրար։

-Այսօր երեկոյան թատրոնում կտեսնվե՞նք,- հարցրեց նրանցից մեկը,-Դրամատիկական ակումբն այսօր Մաքիավելիի «Մանդրագոլան» է ցուցադրելու։

-Օ՜, բրավո։ Այ դրանից կարելի է բավականություն ստանալ։ Ես պլանավորել էի արվեստագետների վարիետե գնալ, բայց, ամենայն հավանականությամբ, ի վերջո կնախընտրեմ պատվարժան Նիկոլոյին։ Առայժմ․․․

Նրանք հեռացան իրարից, հետևի շարքերն անցան ու ամեն մեկը մի ուղղությամբ գնաց։ Նրանց փոխարինեցին այլ մարդիկ ու սկսեցին ուսումնասիրել հաջողված նկարը։ Բայց Հիերոնիմուսն անշարժ կանգնել էր իր նույն տեղում․նա կանգնած էր՝ գլուխն առաջ պարզած, և երևում էր, թե ինչպես է կրծքի մոտ ջղաձգորեն բռունցքված ձեռքի մեջ առել վերարկուն։  Նրա հոնքերն այլևս այն սառը ու մի քիչ չարակամ զարմանքի արտահայտությունը չունեին, այլ խոնարհվել էին ու մռայլվել։ Սև գլխանոցով կիսով չափ ծածկված նրա այտերը, թվում էր, էլ ավելի էին ներս ընկել, քան մինչ այդ, իսկ շուրթերը բոլորովին գունատ էին։ Նրա գլուխն ավելի ու ավելի էր խոնարհվում կրծքին։ Շուտով ներքևից վեր բարձրացրած աչքերով էր նայում ստեղծագործությանը, իսկ քթածայրը սկսել էր դողալ։

Նման դիրքում մնաց հավանաբար մեկ քառորդ ժամ։ Շուրջը հավաքված մարդիկ ցրվեցին, բայց նա տեղից չշարժվեց։ Ի վերջո դանդաղ-դանդաղ շրջվեց ու ծանրաքայլ հեռացավ։

III

Բայց Մադոննայի պատկերը շարունակում էր հետապնդել նրան։ Ամեն անգամ իր նեղ ու ծանրաշունչ սենյակ մտնելիս կամ սառը եկեղեցում ծնկի գալիս իր վրդովված հոգում զարթնում էր նա՝ իր թովիչ աչքերով, հանելուկային ժպիտով, մերկ ու գեղեցիկ։ Եվ ոչ մի աղոթք ի զորու չէր այդ կերպարանքը հեռու մղել իրենից։

Բայց պատահեց այնպես, որ երրորդ գիշերը Հիերոնիմուսը բարձրից մի կանչ ու հրաման ստացավ՝ միջամտել ու ձայն բարձրացնել ընդդեմ անխոհեմ զազրելիության և գեղեցկության հանդուգն սնապարծության։ Իզուր էր Մովսեսի նման որպես պատրվակ իր ծանրալեզու լինելն առաջ քաշում։ Աստծո կամքն անսասան էր ու պահանջում էր հաղթահարել երկչոտությունը, գնալ ցնծացող թշնամիների մոտ ու կատարել այդ զոհաբերությունը։

Ի վերջո, քանի որ այդ էր կամքն Աստծո, առավոտյան նա ճանապարհ ընկավ արվեստի գործերի Մ․Բլութենցվայգի խանութ։ Քայլում էր՝ դարձյալ գլխանոցը գլխին քաշած ու ներսի կողմից թիկնոցը երկու ձեռքով ամուր բռնած։

IV

Տոթ էր, բայց երկինքը մռայլվել էր ու փոթորկով էր սպառնում։ Խանութի ցուցափեղկերի շուրջը դեռ ամբոխ էր հավաքված, հատկապես այն մեկի, որտեղ գտնվում էր Մադոննայի պատկերը։ Հիերոնիմուսը միայն մի արագ հայացք գցեց այդ կողմը, ապա սեղմեց պաստառներով ու արվեստի մասին գրություններով պատված ապակե դռան բռնակը։

-Աստծո կամքը թող լինի,-ասաց նա ու ներս մտավ խանութ։

Մի երիտասարդ, գեղեցիկ, թխահեր աղջիկ՝ գեղեցիկ մազակալերով ու թմբլիկ ոտքերով,  որը գրակալի հետևում մի մեծ գրքի մեջ նշումներ էր անում, մոտեցավ նրան ու սիրալիր հարցրեց, թե ինչով կարող է օգտակար լինել։

 -Շնորհակալ եմ,- ցածրաձայն ասաց Հիերոնիմուսը և իր կնճռոտ ճակատի տակից լրջորեն նայեց նրա աչքերին,- Ես Ձեզ հետ չէ, որ ուզում եմ խոսել, այլ խանութի սեփականատիրոջ՝ պարոն Բլութենցվայգի:

Մի քիչ վարանելով՝ նա հետ գնաց ու կրկին անցավ իր զբաղմունքին։ Հիերոնիմուսը կանգնած մնաց խանութի մեջտեղում։

Այն ամենը, ինչ դրսից որպես հավաքածուի մի օրինակ էր ցուցադրված, այստեղ՝ ներսում քսաններով իրար վրա էր դարսված ու ողջ սենյակում տարածված․ գույնի, գծերի ու ձևերի, ոճի ու հումորի, նրբաճաշակության ու գեղեցկության լիություն։ Հիերոնիմուսն ասես գաղտագողի իր երկու կողմը նայեց, ապա իրեն ավելի ամուր սեղմեց իր սև թիկնոցի ծալքերը։

Նրանից բացի խանութում շատերը կային։ Ամբողջ սենյակով ձգվող լայն սեղաններից մեկի ետևում նստած էր մի պարոն՝ դեղին կոստյումով ու սև այծամորուքով, որը թերթում էր ֆրանսիական նկարներով մի թղթապանակ ու երբեմն-երբեմն մկկոցի նմանվող ծիծաղով էր արձագանքում դրանց։ Առաջին հայացքից վատ վարձատրվող ու բուսակեր մի երիտասարդ սպասարկում էր նրան՝ նոր թղթապանակներ բերելով։ Մկկացող պարոնին դեմ դիմաց մի խնամված ծեր կին տնտղում էր ժամանակակից ասեղնագործությունները, սառը գույներով շքեղ ծաղիկները, որոնք կողք կողքի իրենց երկար, կոշտ ցողունների վրա ուղղաձիգ վեր էին ձգվում։ Նրանց շուրջը օգնելու պատրաստ պտտվում էր խանութի աշխատակիցը։ Երկրորդ սեղանի շուրջ, ճանապարհորդի գլխարկը գլխին, բերանում՝ ծխամորճ, անհոգ նստած էր մի անգլիացի։ Կոկիկ հագնված, լավ սափրված, անորոշ տարիքի այդ տղամարդն անտարբերությամբ փորձում էր ընտրել բրոնզնե քանդակներից մեկը, որոնք ինքը՝ Բլութենցվայգն էր նրան մոտեցրել։ Նա ձեռքն առավ փոքրիկ, մերկ մի աղջկա սեթևեթ կերպարանք՝ դեռևս չհասունացած ու կակուղ, ձեռքերը կոկետ անպղծությամբ կրծքին խաչած։ Գլխից բռնած ուշադիր զննեց՝ դանդաղ այն բոլոր կողմերից ուսումնասիրելով։

Պարոն Բլութենցվայգը՝ կարճ, շագանակագույն, հաստ մորուքով և նույն գույնի պսպղան աչքերով մի մարդ, ձեռքերը շփելով քայլում էր նրա շուրջը՝ գովաբանելով փոքրիկ աղջկան իր իմացած լավագույն բառապաշարով, որոնք երբևէ հասցրել էր սովորել։

-Հարյուր հիսուն մարկ, սըր, – ասաց նա անգլերեն, – Մյունխենյան արվեստ, սըր: Շատ լավիկն է, լի գրավչությամբ, ինչպես ինքներդ եք տեսնում։ Սա ինքը գրացիան է, սըր։ Ախր իսկապես գեղեցիկ է, նրբակերտ ու հիարժան,-այդ պահին էլի ինչ-որ բան մտքին եկավ ու ավելացրեց,- ծայրահեղության հասնող շլացուցիչ ու գերող․․․-այնուհետև ամենը սկսեց սկզբից։

Նրա քիթն ավարտվում էր վերին շրթունքի վրա այնպես, որ բեղերի տակ քթով շնչելիս անընդհատ թեթևակի փնչոց էր լսվում։ Երբեմն, այդ ընթացքում, երբ նա մոտենում էր գնորդին ու կանգնում թեք կեցվածքով, թվում էր՝ հոտոտում է նրան։ Երբ Հիերոնիմուսը ներս մտավ, պարոն Բլութենցվայգը հենց այդ դիրքով հարևանցի մի հայացք գցեց նրա կողմը, ապա կրկին դեպի անգլիացին դարձավ։

Խնամված տարեց կինը կատարեց իր ընտրությունն ու դուրս եկավ խանութից։ Մի տղամարդ ներս մտավ։ Պարոն Բլութենցվայգը էլի մի պահ հոտոտեց նրան, ասես այդ կերպ ցանկանում էր գնահատել նրա գնողունակության աստիճանը, հետո նրա սպասարկումը վստահեց երիտասարդ հաշվապահին։ Նոր ներս եկած տղամարդը ընդամենը գնեց Պիերոյի՝ հրաշալի Մեդիչիի որդու հախճապակյա կիսանդրին և իսկույն հեռացավ։ Անգլիացին նույնպես պատրաստվում էր գնալ։ Աղջնակի քանդակը գնելուց հետո նա ևս դուրս եկավ՝ պարոն Բլութենցվայգի հարգալից խոնարհումների ուղեկցությամբ։ Այնուհետև արվեստի գործեր վաճառողը շրջվեց դեպի Հիերոնիմուսը և կանգնեց նրա առջև․

-Ի՞նչ եք ցանկանում,- հարցրեց նա՝ այս անգամ ավելի պակաս խոնարհությամբ։

 Հիերոնիմուսը երկու ձեռքով ձգեց թիկնոցը և գրեթե առանց թարթելու նայեց պարոն Բլութենցվայգի դեմքին: Հաստ շուրթերն իրարից դանդաղ հեռացնելով՝ ասաց․

-Ես եկել եմ Ձեզ մոտ այն պատուհանի մեծ լուսանկարի՝ Մադոննայի պատճառով,-նրա ձայնը լարված էր ու անելևէջ։

-Այո, իհարկե,- խանդավառված պատասխանեց պարոն Բլութենցվայգը ու սկսեց ձեռքերն իրար շփել,- Շրջանակով՝ յոթանասուն մարկ, սիրելիդ իմ պարոն։ Դա վերջին գինն է․․․առաջին կարգի կրկնօրինակում։ Ծայրահեղ շլացուցիչ ու գերող։

Հիերոնիմուսը լռեց։ Մինչ վաճառականը խոսում էր, նա խոնարհեց գլխանոցով ծածկված գլուխը, ինքն իր մեջ սուզվեց, հետո կրկին ուղղվեց ու ասաց․

-Ես նախապես զգուշացնում եմ, որ ի վիճակի չեմ և նույնիսկ ընդհանրապես չեմ ցանկանում որևէ բան գնել։ Ցավում եմ, որ ստիպված եմ  հիասթափեցնել Ձեր սպասելիքները։ Ես հասկանում եմ, որ դա կարող է Ձեզ ցավ պատճառել։ Նախ և առաջ ես աղքատ եմ, իսկ հետո՝ ես չեմ սիրում այն բաները, որոնք Դուք վաճառում եք։ Ոչ, ես ոչինչ չեմ կարող գնել։

-Ոչ․․․ուրեմն ոչ,-ասաց պարոն Բլութենցվայգը ու փնչացրեց։- Այդ դեպքում կարո՞ղ եմ արդյոք հարցնել․․․

-Որքանով Ձեզ ճանաչում եմ,- շարունակեց Հիերոնիմուսը,- դուք հավանաբար ինձ հարգանքի չեք արժանացնի միայն այն բանի համար, որ ինձ չեմ կարող թույլ տալ Ձեզնից որևէ բան գնել։

-Հըմ․․․- ասաց պարոն Բլութենցվայգը,- իհարկե ոչ, միայն թե․․․

– Այնուամենայնիվ, ես խնդրում եմ լսել ինձ և կշիռ տալ իմ խոսքերին։

-Կշիռ տալ․․․հըմ, կարո՞ղ եմ հարցնել․․․

-Կարող եք հարցնել,-ասաց Հիերոնիմուսը,-իսկ ես Ձեզ կպատասխանեմ։ Ես եկել եմ Ձեզ խնդրելու, որ այդ մեծ պատկերը՝ Մադոննայի լուսանկարը անմիջապես հեռացնեք պատուհանից և այլևս երբեք չցուցադրեք այն:

Պարոն Բլութենցվայգը որոշ ժամանակ լուռ նայեց Հիերոնիմուսի դեմքին՝ մի արտահայտությամբ, կարծես հրամայելով նրան շփոթվել իր արկածախնդիր խոսքերի պատճառով: Բայց քանի որ այդ տեղի չունեցավ, նա կատաղի փնչացրեց ու վրա բերեց․

-Չե՞ք բարեհաճի արդյոք տեղեկացնել՝ Դուք այստեղ եք որպես որևէ պաշտոնակատար ա՞նձ և լիազորվա՞ծ եք արդյոք ինձ նման հրահանգներ տալ։ Իրականում ի՞նչն է Ձեզ այստեղ բերել․․․

– Օ, ոչ, – պատասխանեց Հիերոնիմուսը, – ես ոչ պաշտոնյա եմ, ոչ էլ պետության կողմից տրված աստիճան ունեմ։ Իշխանությունն ինձ հետ կապ չունի, պարոն։ Այն, ինչ ինձ այստեղ է բերել, միմիայն իմ խիղճն է։

Բառեր փնտրելով՝ պարոն Բլութենցվայգը գլուխը տարուբերեց, ծանր փնչացրեց բեղերի մեջ, վերջապես դիմեց խոսքին ու ասաց․

-Ձեր խիղճը․․․ուրեմն պատրաստ եղեք․․․ի գիտություն ընդունել․․․որ Ձեր խիղճը մեզ համար․․․ բոլորովին անկարևոր բան է։

Այդքանն ասելուց հետո շրջվեց, մոտեցավ խանութի հետնամասում դրված գրակալին ու սկսեց գրել։ Խանութի երկու աշխատակիցները լիաթոք ծիծաղեցին։ Հաշվապահական իր գրքի վրա կուչ եկած գեղեցիկ օրիորդը նույնպես քթի տակ ծղրտաց։ Ինչ վերաբերում է դեղին հագնված այծամորուսավոր պարոնին, ապա ակնհայտ էր, որ նա օտար է, քանի որ երևում էր՝ նա ոչինչ չէր հասկացել խոսքից, այլ շարունակում էր ուսումնասիրել ֆրանսիական նկարները ու ժամանակ առ ժամանակ լսվում էր նրա մկկոց հիշեցնող ծիծաղը։

-Սպասարկեք պարոնին,- առանց շրջվելու ասաց Բլութենցվայգը ու շարունակեց գրել։ Ցածր վարձատրվող բուսակերի արտաքնով երիտասարդը, ծիծաղը հազիվ զսպելով, մոտեցավ Հիերոնիմուսին։ Հետո մոտ եկավ էլի մի վաճառող։

-Կարո՞ղ ենք էլի ինչ-որ բանով օգտակար լինել,- մեղմ հարցրեց առաջինը։ Հիերոնիմուսն անթարթ նայում էր նրան՝ իր տառապալից, բութ, բայց ներասույզ հայացքով։

-Ոչ, այլևս ոչնչով։ Ես պարզապես խնդրում եմ պատուհանից հեռացնել Մադոննայի պատկերը, այն էլ՝ մշտապես։

-Օ․․․ ինչո՞ւ։

-Դա սուրբ Աստվածածինն է,- խլաձայն արտաբերեց Հիերոնիմուսը։

-Ամեն դեպքում․․․Ինքներդ լսեցիք, որ պարոն Բլութենցվայգը մտադիր չէ կատարել Ձեր ցանկությունը։

-Պետք է հիշել, որ դա սուրբ Աստվածածինն է,-ասաց նա՝ գլուխը թափահարելով։

-Ճիշտ է, հետո՞ ինչ։ Մի՞թե չի կարելի Մադոննա ցուցադրել։ Չի՞ կարելի նկարել։

-Ո՛չ այդպես, ո՛չ այդպես․․․,- ասաց Հերոնիմոսը գրեթե շշուկով, գլուխը վեր բարձրացնելով ու մի քանի անգամ ուժեղ թափահարելով։ Այժմ նրա գլխանոցի տակ ընդգծվող ճակատն ամբողջությամբ կնճռապատ էր,- տեսնում եք ախր, այդ մարդու նկարածն ինքնին ցանկասիրությունն է։ Անթաքույց տարփանք։ Իմ ականջներով լսեցի, թե ինչպես են երկու հասարակ ու անգիտակից մարդ, տեսնելով Մադոննայի այս պատկերը, ասում, որ այն ստիպում է նրանց կասկածել սուրբ հղիության դոգմային…

-Օ, հավատացած եղեք, որ այդպես չէ,- մտախոհ ժպտալով՝ ասաց երիտասարդ վաճառողը։ Ազատ ժամանակ նա ժամանակակից արվեստի առաջխաղացման մասին մի գրքույկ էր գրել և հիմա ընդունակ էր կիրթ զրույց վարելու։

-Լուսանկարը արվեստի ստեղծագործություն է,- շարունակեց նա,- պետք է դրան հաղորդել այն մասշտաբը, որին արժանի է։ Այս գործը ամենուրեք բուռն ծափահարությունների է արժանացել։ Նույնիսկ պետությունը գնել է այն․․․

-Ես գիտեմ, որ պետությունն այն գնել է,- ասաց Հիերոնիմուսը,- Ես նաև գիտեմ, որ նկարիչը երկու անգամ ճաշել է ռեգենտի մոտ։ Մարդիկ խոսում են այդ մասին, և Աստված գիտի, թե ինչպես են մեկնաբանում այն փաստը, որ ինչ-որ մեկը կարող է այդ պատվին արժանանալ այսպիսի ստեղծագործության համար։ Ինչի՞ մասին է վկայում այդ փաստը։ Աշխարհի կուրության, կուրության մասին, որն անընդունելի է, եթե հիմնված չէ անամոթ շողոքորթության վրա։ Այս նկարը ծնվել է ցանկասիրությունից և ցանկասիրություն է վայելում։ Ճի՞շտ է դա, թե՞ ոչ։ Պատասխանեք։ Դուք նույնպես պատասխանեք, պարոն Բլութենցվայգ։

Դադար տիրեց։ Հիերոնիմուսն ամենայն լրջությամբ պատասխան էր պահանջում ու տառապյալի իր ներթափանցող հայացքը մի վաճառողից մյուսին էր ուղղում, որոնք շվարած, բայց հետաքրքրասիրությամբ ծիկրակում էին Բլութենցվայգի կոր մեջքի հետևից։ Բոլորը լուռ էին։ Միայն դեղնազգեստ, սև այծամորուսավորն էր ֆրանսիական նկարների վրա կուչ եկած քրքջում։

-Դա ճի՛շտ է,- շարունակեց Հիերոնիմուսը՝ լարված ձայնում դողացնելով իր խորը վրդովվմունքը,- Դուք չեք համարձակվում հերքել։ Բայց ինչպե՞ս է հնարավոր լրջորեն փառաբանել այս նկարը ստեղծողին, ասես նա ևս մեկով ավելացրել է մարդկության հոգևոր բարիքները։ Այդ դեպքում ինչպե՞ս կարելի է այս գործի առջև կանգնելով անմտորեն անձնատուր լինել այդ ամոթալի վայելքին, որն ստիպում է քնեցնել խիղճը «գեղեցկություն» բառով, դեռ ավելին՝ լրջորեն ներշնչել քեզ, թե դրանից բավականություն ստանալը մարդավայել, ազնիվ, վեհ զգացմունք է։ Զազրելի տգիտությո՞ւն է սա, թե՞ ստոր կեղծավորություն։ Գիտակցությունս կանգ է առնում․․․կանգ է առնում այն անհեթեթ փաստի առջև, թե ինչպես կարող է մարդ հասնել բարձրագույն փառքի, երբ այդքան ինքնավստահ ու հիմարաբար կենդանական բնազդներին է տրվում․․․Գեղեցկություն․․․ ի՞նչ է գեղեցիկը։ Ինչի՞ միջոցով է գեղեցիկը դրսևորվում և ինչի՞ վրա է ազդեցություն ունենում։ Անհնար է, որ այս հարցերի պատասխանները չիմանաք, պարոն Բլութենցվայգ։ Ու որքանո՞վ է հավանական՝ մի բանն այդքան լավ ներսից ու դրսից ճանաչել ու հիմա դրա հանդեպ զզվանք ու ափսոսանք չզգալ։ Հանցագործություն է անամոթ երեխաների ու հանդուգն անխելքների տգիտությունը գեղեցկության մեծարմամբ ու հանցավոր երկրպագությամբ հաստատելը, օրինավորելը և զորացնելը, քանի որ նրանք չգիտեն, թե ինչ է տառապանքը և չեն իմանա, թե ինչ է փրկությունը․․․Հիմա կասեք՝ մռայլ ես նայում կյանքին, անծանո՛թ մարդ։ Իսկ ես ահա թե ինչ կասեմ Ձեզ․ իմացությունն աշխարհի ամենադաժան տառապանքն է, բայց դա մի քավարան է, առանց որի մաքրագործող պատժի ոչ մի մարդկային հոգի փրկության չի արժանանա։ Ոչ անպատկառ մանկամտությունը, ոչ էլ գարշելի ամենաթողությունը բարիք չի  բերում, այլ այն գիտակցությունը, որում մեր պիղծ մարմնի կրքերը մեռնում ու մարում են։

Լռություն։ Սև այծամորուսով դեղնազգեստը նորից սկսեց ծիծաղել։

-Դուք, հավանաբար, արդեն պետք է գնաք, – մեղմ տոնով ասաց վատ վարձատրվող երիտասարդը։

Բայց Հիերոնիմուսը ոչ մի դեպքում չէր պատրաստվում հեռանալ։ Իր թիկնոցի մեջ ողջ հասակով ուղղվեց, ու կրակվող աչքերով խանութի մեջտեղում կանգնած, նրա հաստ շրթունքներից կոպիտ ու մի տեսակ ժանգոտ հնչողությամբ առանց դիմադրության անեծքներ դուրս թռան․․․

-«Արվե՜ստ,- բացականչում են,-հաճո՜ւյք, գեղեցկությո՜ւն․․․ Աշխարհը գեղեցկությամբ պատեք ու ամեն առարկա ոճի առաքինությամբ օժտեք»։  Չքվե՛ք, ցնորվածներ։ Կարծում են՝ հարուստ գույներով աշխարհի թշվառությունը կարելի է քողարկե՞լ։ Հավատում են, որ ճոխ սեղանի տոնական աղմուկով կարելի է խլացնե՞լ տանջված հողի հառաչանքները։ Սխալվո՜ւմ եք, անամոթներ։ Աստծուն ծաղրել չի կարելի, նրա աչքերում զզվելի է փայլփլուն մակերեսայնության ձեր հանդուգն կռապաշտությունը։ Դու անարգում ես արվեստը, անծանո՛թ՝ կասեք ինձ։ Իսկ ես Ձեզ կասեմ՝ ես չեմ անարգում արվեստը։ Արվեստն անխիղճ խաբեություն չէ, որն իր գրավչությամբ արդարացնում ու օրինավորում է մարմնական կյանքը։ Արվեստը սրբազան ջահ է, որը գթասրտորեն լույս է գցում բոլոր սարսափելի խորքերը, գոյության բոլոր ամոթալի ու անդիմանալի անդունդները։ Արվեստն աստվածային կրակ է, որ մեզ տրվել է, որպեսզի աշխարհն, իր ողջ խայտառակությամբ ու չարչարանքով, բռնկվի և հանգչի փարատող կարեկցանքի մեջ։ Հեռացրեք, պարոն Բլութենցվայգ, հեռացրեք հայտնի նկարչի աշխատանքը պատուհանից․․․և լավ կանեք՝ այրեք այն ու մոխիրը քամուն տաք՝ աշխարհի չորս կողմերը փչող քամուն․․․

Նրա անդուրեկան ձայնն ընդհատվեց։ Նա արագ մի քայլ նահանջեց, իր սև թիկնոցի տակից ազատ արձակեց աջ ձեռքը, մոլեգին շարժումով պարզեց ու ցնցվող ձեռքի տարօրինակ ծուռտիկ մատները դարձրեց ցուցադրության կողմը՝ դեպի այն ցուցափեղկը, որտեղ Մադոննան էր հանգրվանել։ Նա անշարժացավ այդ հրամայական ժեստի դիրքում։ Խոշոր, սապատավոր քիթը էլ ավելի էր սրվել ու առաջ կախվել, մուգ, քթարմատի մոտ խիտ հոնքերն այնքան էին վեր բարձրացել, որ գլխանոցով ստվերված ճակատը նորից երկար կնճիռներով էր պատվել, իսկ ներս ընկած այտերը կարմրել էին տենդագին այրոցից։

Բայց այդ պահին պարոն Բլութենցվայգը շրջվեց։ Հավանաբար այդ յոթանասուն մարկ արժեցող կրկնօրինակն այրելու մտադրությունը կամ ընդհանրապես Հիերոնիմուսի ելույթը նրան այնպես էին վրդովել, որ ի վերջո համբերությունը հատել էր․ինչպես էլ որ անվանենք, դա ակնհայտ խիստ ու արդարացի զայրույթի տեսարան էր։ Նա գրիչով ցույց տվեց խանութի դուռը, մի քանի անգամ կարճ ու հուզված փնչացրեց բեղերի մեջ, հարմար բառեր ընտրելով, ազդու շեշտադրությամբ ասաց․

-Եթե Դուք՝ պատրոն, այս ակնթարթին չլքեք տարածքը, ստիպած կլինեմ փաթեթավորողին խնդրել, որ օգնի Ձեզ այդ հարցում։ Պա՞րզ է։

-Օ, դրանով ինձ ամենևին չվախեցրիք, Դուք ինձ չեք կարող վռնդել, չեք կարող լռեցնել,- բացականչեց Հիերոնիմուսը՝ գլխանոցը կրծքի մոտ ձգած ու գլուխը անվախ թափահարելով,- Ես գիտեմ, որ մենակ ու անզոր եմ, բայց միևնույն է, չեմ լռի, մինչև չլսեք ինձ, պարոն Բլութենցվայգ։ Հեռացրեք նկարը պատուհանից և հենց այսօր էլ այրեք այն։ Ախ, միայն դա չէ, որ այրել է պետք։ Այրեք նաև այս արձանիկներն ու կիսանդրիները, որոնց միայն նայելն արդեն մեղքի տակ է գցում, այրեք այս ծաղկամաններն ու զարդերը, այս հեթանոսության անամոթ վերածնունդը, այս գռեհիկ զարդարանքներով սիրային քառյակները։ Այրեք ամենը, ինչ կա խանութում, պարոն Բլութենցվայգ, քանի որ դրանք աղբ են Աստծո աչքերում։ Այրե՛ք, այրե՛ք, այրե՛ք բոլորը,- հունից դուրս եկած, կատաղի շարժումներով չորս կողմը ցույց տալով՝ սկսեց գոռալ Հիերոնիմուսը,- Այս ցանքն արդեն պատրաստ է հունձքի․․․Այս ժամանակների հանդգնությունն արդեն կոտրել է բոլոր պատնեշները․․․Բայց ես ասում եմ Ձեզ․․․

-Քրաութհուբե՛ր,- ձայնին ուժգնություն տալով՝ կանչեց պարոն Բլութենցվայգը՝ դռներից մեկի կողմը շրջված,- արագ այստեղ եկեք։

Հրամանից հետո տեսադաշտում հայտնվածը մի վիթխարի, հսկա էակ էր, աննկարագրելի գեր մարդկային կերպարանք, որի փքված, այտուցված, փափուկ վերջույթները ամենուր անճոռնիորեն իրար էին կպչում․․․անչափելի, հատակի վրա դանդաղ սահող, ծանր հևացող հսկա՝ ածիկով ու  գարեջրով սնված, ցեղի չափազանց պնդակազմ զավակ։ Նրա դեմքի վրա իսկույն աչքի էր ընկնում ժապավենանման, փոկի բեղերը, մարմինը ծածկում էր լայն, սոսնձից կեղտոտված գոգնոցը, իսկ վերնաշապկի դեղին թևքերը քշտված էին առասպելական արմունկներին։

-Բաց արեք դուռն այս պարոնի համար, Քրաութհուբեր,-ասաց Բլութենցվայգը,- իսկ եթե ամեն դեպքում չկարողանա գտնել տեղը, օգնեք նրան փողոց դուրս գալ։

-Հը՞,- ասաց Քրաութհաբերը՝ իր փոքրիկ փղի աչքերով մերթ Հիերոնիմուսին, մերթ զայրացած գործատուին նայելով․․․Այդ խուլ ձայնի մեջ զգացվում էր դժվարությամբ զսպված ուժը։ Իր ծանր քայլերով շուրջբոլորն ամեն ինչ ցնցելով՝ հասավ դռանը և բաց արեց այն։

Հիերոնիմուսը գունատվել էր։ Ցանկանում էր ասել․«Այրե՛ք․․․»,- բայց արդեն զգում էր, թե ինչպես է ինչ-որ սարսափելի ուժ, ծանր մի մարմին, որի դեմ հնարավոր չէր դիմադրել, դանդաղ ու առանց դիմադրության դրդում նրան դեպի դուռը։

-Ես թույլ եմ․․․,-արտաբերեց նա,- իմ մարմինը չի դիմանա բռնության․․․չի կարող հաղթահարել, չէ․․․ ի՞նչ է դա ապացուցում։ Այրեք․․․

Նա լուռ էր։ Արդեն արվեստի գործերի խանութից դուրս էր։ Պարոն Բլութենցվայգի հսկա ծառան մի փոքր հրելուց ու թափ տալուց հետո ի վերջո այնպես էր դուրս հրավիրել նրան, որ  թևի վրա հենված, մի կողմ էր ընկել քարե աստիճաններից։ Իր հետևից անմիջապես շրխկոցով փակվել էր ապակե դուռը։

Նա վեր բարձրացավ։ Ուղիղ կանգնած ծանր շնչելով՝ մի ձեռքը դուրս հանած՝ կրծքի վրա, բռունցքի մեջ հավաքվել էր գլխանոցը, իսկ մյուսը՝ թիկնոցի տակ թողել։ Նրա այտերից մոխրագույն գունատություն էր թափվում․ խոշոր, սապատավոր քիթը երկու կողմերից ուռչում ու ցնցվելով հետ էր քաշվում, նրա տգեղ շուրթերը խեղաթյուրվել էին հուսահատ ատելության արտահայտությամբ, իսկ հուզմունքից բոցավառված աչքերը մոլորված ու հափշտակված թափառում էին գեղեցիկ հրապարակով։

Նա չէր նկատում իրեն ուղղված հետաքրքրաշարժ ու ծաղրական հայացքները։ Նա լոջիա առջև՝ խճահատակին տեսնում էր աշխարհի սնապարծությունները, արվեստագետների խնջույքի դիմակահանդեսային հագուստները, զարդաքանդակները,  ծաղկամանները, թանկարժեք զարդերն ու ոճային պարագաները, մերկ արձաններն ու կանանց կիսանդրիները, հեթանոսության գեղարվեստական վերածնունդը, վարպետների ձեռքով պատրաստված հայտնի գեղեցկուհիների դիմանկարները, գռեհիկ շքեղությամբ զարդարուն սիրային բանաստեղծություններն ու բուրգի տեսքով կառուցված արվեստի քարոզչական աշխատանքները և իր հանդիմանական խոսքերի պատճառով ստրկացած ժողովրդի ցնծագին ճիչերի տակ ճարճատող կրակի տարրալուծմանը․․․ Թեաթիներշտրասսեի հետևում բացվող ամպերի դեղնավուն պատի ֆոնին, որտեղ խլաձայն որոտ էր սկսվել, նա տեսնում էր մեծ, հրեղեն մի սուր, որ ծծմբականաչ լույսերի մեջ ուրախ քաղաքի վրա էր տարածվում․․․

-Gladius Dei super terram[3]…,-հազիվ լսելի շշնջացին նրա հաստ շուրթերը։ Ամբողջ հասակով ուղղվելով, բռունցքը վերարկուի տակ զայրույթով սեղմելով՝ նա դողացող ձայնով մրմնջաց,- Cito et velociter[4]!

Թարգմանությունը գերմաներենից՝ Մարիամ Տոնոյանի

[1] Բաքանտ – (հուն․ Βάκχη) Բաքոսի պաշտամունքի տոնակատարության անդամ, որն այնքան էր տարված այդ աստվածությամբ, որ սկսում է խելագարության նշաններ ցույց տալ։ Նրա այդ վարքագիծը հայտնի է մանիա (μανία) բառով։ Պարբերաբար գրաֆիկական պատկերների մեջ հանդիպող Բաքանտը պատկերվում էր եղջերվի, հորթի մորթուց հագուստով և Տիրսոսի գավազանով:

[2](լատ.) սիրելի մայր

[3] (լատ.) Աստծո սուրը Երկրի վրա

[4] (լատ.)  արագ ու շտապ

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *