Լիլիթ Ղազարյան | Ապրում եմ

Ու երբ երեք օր շարունակ մազերիցդ ծխի հոտ է գալիս,
ուզում ես սափրել գլուխդ վատ որոշումներից․․․

Ես, լողալ չիմանալով,
շարունակում եմ խելակորույս նետվել նույն գետն ու
ինձ դուր է գալիս շնչակտուր ափին հասնելու զգացողությունը։

Չէ, փնտրածս մահվան հայացքը չէ,
ես պարզապես ուզում եմ խժռել կյանքը, որովհետև հակառակ դեպքում
ժամանակն է ինձ հոշոտելու։

Բա հետո՞։
Չէ, պիտի սափրեմ գլուխս։
Օճառաջրում կմեռցնեմ անմիտ ցնորքները,
որ ոտնաթաթերս նորից զգան հողի կոշտությունը։
Բաճկոնիս գրպանները կլցնեմ ծանր քարերով,
ի՛մ քարերով, որոնք էդպես էլ թանգարանային նմուշ չդարձան։
Երևի ինձնից բացի ոչ մեկին հետաքրքիր չէին դրանց կնճիռները,
ու, ծանրացած բաճկոնը հագիս, քարշ կգամ փոշոտ փողոցներում,
միայն թե՝ գետը չնետվեմ։

Երևի տարիների ընթացքում փոշոտ փողոցները քիչ-քիչ կասֆալտապատեն,
իմ փոշոտված դեմքն էլ կդառնա արյունլվա,
ու ես նորից կսիրեմ կարմիր գույնը՝
լինի ծաղկած, թե ցավոտ։

Ծնկներս ցավում են,
այտերս՝ արյունահոսում,
ողնաշարս ծռվել է քարերի ծանրությունից,
ոտնաթաթերս ընկղմվել են թաց ասֆալտի մեջ ու սպասում են դրա չորանալուն։
Ու ես ապրում եմ,
Ու գլուխս սափրեցի,
Ու էլ շնչակտուր չեմ հասնի ափին,
Չե՛մ նետվի նույն գետը,
Չե՛մ սուզվի սեփական քմահաճույքներում։

Ոտքերս, ասֆալտի մեջ քարացած,
ես կկանգնեմ ընդդեմ ժամանակին,
քամուն՝ հակառակ,
ու գետից այնքա՜ն հեռու․․․

Ու ես սափրեցի գլուխս հակառակի պես, հենց այն օրը, երբ պիտի ձյուն գար,
ոտքերս քարացած ասֆալտի մեջ,
գլուխս սափրած ու ձյունից թրջված,
ու․․․ ես ապրում եմ

հոկտեմբերի 6, 2021
ք․Երևան

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *