Հովիկ Մխիթարյան | Էքսպերիմենտ


Ես գիտության մարդ եմ, սիրում եմ նորարարություններ ու փորձեր: Դրանք մեր կյանքի շարժիչ ուժն են: Բայց ասում են, թե կանայք ևս շարժիչ ուժ են: Նրանք ոգեշնչում ու արթնացնում են մեր նիրհած ուժերը։ Պարզապես մենք՝ տղամարդիկս, լավ չենք հասկանում նրանց, երբեմն հեգնում ենք կամ վիրավորում։ Բայց նրանք ֆանտաստիկ հնարավորություններ ունեն: Կարողանում են աներևակայելին երևակայելի դարձնել և հակառակը`հնարավորն՝ անհնար: Իսկ նրանց տեսադաշտում ու անգամ փորձադաշտում մենք՝ միամիտ տղամարդիկս, այնքան խոցելի ու անպաշտպան ենք: Դրանում ես համոզվեցի անձնական օրինակով, ու այն շա՜տ ուսանելի էր…
Ես ինձ փորձված աղվես էի համարում, կանացի սրտեր գերող, Բրեդ Փիթ կամ Ջորջ Բայրոն, հմայքի տիտան և անդիմադրելի մաչո, Հոլիվուդի աստղ: Բայց, ինչպես ասում են, փորձված աղվեսը երկու ոտքով է թակարդն ընկնում…
Դա տեղի ունեցավ այն ժամանակ, երբ ես, ատամիս ցավից տնքալով, գնացի ատամնաբուժարան: Ասեմ ուրեմն․ինձ երբեք չի հիացրել սույն հաստատությունը, և այն իմ երազած լավագույն վայրերից մեկը չէ: Մանուկ ժամանակ նրա տեսքը դեռ հեռվից սարսափեցնում էր ինձ, իսկ երբ ներս էի մտնում, հոտերը մեկ այլ աշխարհ էին տանում ինձ՝ սարսափի, տառապանքների ու անփառունակ մահվան աշխարհը: Ամոթ է խոստովանելը, բայց մի անգամ նույնիսկ բարեհաճեցի ուշաթափվել` դեռ բերանս չբացած: Հա, չմոռանամ, մի անգամ էլ փախել եմ հենց ատամնաբուժական աթոռի վրայից: Ցավազրկող դեղը ներարկելուց հետո ես փախա գեղանի ու վախվորած կխտարի նման։ Մինչ բժիշկը հետևիցս բղավում էր` հե՜տ արի, արդեն ուշ էր, ես տուն էի հասել․․․
Իմ փախուստն այսպես եղավ։ Ոտքերս թույլ-թույլ գցելով, անտրամադիր ու վախվորած գնում եմ վերահիշյալ ահասարսուռ հաստատությունը: Բժիշկը ներարկեց դեղը, անզգայացրեց ատամս: Հանգստացրեց` նստիր, խաղաղվիր, ցավ չես զգա: Ես նստեցի, բայց չխաղաղվեցի. ատամնաբույժներին չվստահելու ախտաբանական կասկածներ ունեմ: Պայծառ ժպիտով հավաստիացրի, որ խելոք նստում եմ ու սպասում: Իսկ երբ դուրս գնաց, հո չփախա՜. նապաստակը ձեզ օրինակ: Բժիշկը հետևիցս բղավեց` հե՜տ արի… բայց դե խելքս հացի հետ հո չեմ կերել, որ հետ գամ…
Այս բոլորը մանրամասն պատմում եմ, որ ավելի լավ հասկանաք, թե ինչ տեղի ունեցավ այն հիշարժան օրը: Մեղավորը, ինչպես միշտ, մեր փոքրիկ բարեկամներներն են՝ ատամները, որ փչանալու ու ցավելու հատկություն ունեն: Եվ մեր ոտքերը, կամա թե ակամա, տանում են սույն վտանգավոր ու անցանկալի հաստատության շեմը: Ապա մենք հարգանքին ու երկյուղին միախառնված վախով սողոսկում ենք այն հաստատությունը, որտեղից դեղերի խորհրդավոր, երբեք չմոռացվող բույրերն ենք զգում: Սողոսկում ենք, եթե ինչ-որ տեղ ճանապարհին միտքներս չենք փոխում ու չենք փախչում անհայտ ուղղությամբ: Իսկ երբ մտնում ենք, դառնում ենք սույն տաճարի քուրմերի զոհը:
Ուրեմն, ասեմ ձեզ, ես վախվորած ներս եմ մտնում: Քարտուղարուհին գրում է տվյալներս: Մի տեսակ սիրով ու գորովանքով է նայում ինձ, ինչպես մայրը` հարազատ զավակին: Հետո եմ հասկանում, թե ինչ էր նշանակում այդ խորհրդավոր ու կաթոգին հայացքը: Փաղաքուշ բռնելով ձեռքս` ներս է տանում: Այստեղ արդեն ինձ սպասում են, և ես շատ կարևոր անձ եմ զգում ինձ: Գործին ավելի լրջություն տալու համար բռնում եմ ծնոտս ու տառապագին դեմք ընդունում: Զգում եմ, որ հանդիսավո՜ր պահ է։
Բայց ինչքա՜ն մարդ կա սենյակում: Ոչ միայն բժիշկը, ներկա են բազմաթիվ երիտասարդներ` խալաթներով: Գլխի եմ ընկնում՝ պրակտիկանտներ են: Ինձ ավելի կարևոր եմ զգում` ես արդեն գիտության մասնիկն եմ, նրա նահատակն ու զոհը, գիտության գրանիտը կրծելու մի հյուլե: Հիմա գիտությունը ևս մեկ քայլ առաջ կգնա իմ համեստ ատամի շնորհիվ: Այդ միտքը, ինչպես նաև այսքան մարդու ներկայությունն ինձ հույս է տալիս. հիմա մի ամբողջ կուրս` գիտության իր քրմերով հանդերձ, ինձանով է զբաղվելու: Հուզմունքից աչքերս արցունքակալում են: Հանուն ճշմարտության կարող եմ ասել, որ դեռևս գաղտնի հայացքներ եմ նետում դեպի դուռը, բայց ուշ է. ես անցել եմ ռուբիկոնը, իսկ գիտության թափանիվը շարժման մեջ է դրվել: Ես նրա մի համեստ պտուտակն եմ․․․
Ինձ շրջապատում են համընդհանուր խանդավառության ներքո: Ընդգծված հարգանքով նստեցնում են էլեկտրական, ներեցեք՝ ատամնաբուժական աթոռին: Ինչպես ասում են` վիճակը գցված է: Ապա ճանապարհ են տալիս բժշկուհուն: Նազանքով ու ճեմելով մոտենում է մի… գեղեցկության մոդել կամ նվազագույնը` նրանից հետ չմնացող բժշկուհին: Նա թագուհուն վայել կեցվածքով նստում է իր գահին, ներեցե՛ք, աթոռին և մոտենում ինձ: Ապա այս ու այն կողմ է տանում ատամնաբուժական աթոռը և որոնումների արդյունքում մեր դեմքերը հավասարվում են։ Ոչ շատ, բայց այնքան, որ շունչս պահում եմ նրա գեղեցկությունից հմայված. համա՜ թե գեղեցիկն է, հա՜, իսկը կինոաստղ… մեջս վճռականություն եմ զգում հանուն նրա դիմանալու ամեն ցավի ու տառապանքի։ Իսկ, միգուցե, մտմտում եմ ես, վերջում էլ առաջարկությո՞ւն անեմ․․․ բայց առաջ չընկնենք իրադարձություններից։
– Բացի՛ր, – ասում է նա կիսախնդրանքով:
Չեմ ցանկանում մերժել նրա խնդրանքը, բայց նաև վատ եմ զգում բացել բերանս և ցուցադրել նրա ողջ պարունակությունը: Բայց հանկարծ մի միտք է շամփրում ուղեղս`ես ոչ թե ժամադրության եմ եկել, այլ բուժվելու, և բացում եմ բերանս…
– Օ՜, – արտաբերում է նա` զննելով բերանիս խոռոչը, և ավելի է մոտենում ինձ:- Ուշ ես եկել, երիտասա՛րդ, լավ չէ…: Ծանր դեպք է: Ապա ինչ-որ խորհրդավոր բառ է արտաբերում, «իզմի» և «լոգիայի» միախառնուրդ մի բառ, որից մարմնովս սարսուռ է անցնում։ Շատ եմ վախենում բժշկագիտական «իզմերից»։
– Այստեղ ցավո՞ւմ է, – հանկարծ հարցնում է նա` միջնադարյան, ինձ անծանոթ նողկալի գործիքով հարվածելով ատամիս, որին ի պատասխան` ես ահասարսուռ մռնչոց եմ հանում. բնականաբար, դա դրական պատասխանն էր:
– Ծա՞նր դեպք է,- հարցնում եմ անհանգիստ, – դեռ կապրե՞մ…
– Կապրես,- ղունղունում է նա,- և այն էլ շատ երկար ու ավելի երջանիկ, առանց այս ատամի: Սա պետք է հեռացվի, դա անկասկած է: Շատ ես ուշացրել:
– Իսկ սա՞, – բերանիս խորքերում ինչ-որ տեղ կրկին կտկտացնելով հարցնում է նա: Հերթական մռնչոցն էլ ընդունելով որպես դրական պատասխան` նա փորձում է առաջ հակվել և հանկարծ… Բժշկուհու ճեփ-ճերմակ խալաթի բացվածքից իմ առջև է հառնում մի զույգ գեղեցկություն: Այն գեղեցկությունը, որով աշխարհի բոլոր երկրներում ու բոլոր մայրերը կերակրում են երեխաներին: Այն գեղեցկությունը, որ խելքամաղ է անում աշխարհի բոլոր տղամարդկանց և միշտ… Բայց ցավը ոնց որ մի քիչ թեթևանում է, թեև ոչ ամբողջովին: Նա նորից է մղվում դեպի իմ բերանի խորխորատները և շարունակում խորախորհուրդ ստուգումները: Չէ՜, գործերս կարգին վատ են, սարսափահար մտածում եմ ես: Ինձ միայն մի բան է հույս տալիս և կյանքի կոչում` կողքիս նստած բժշկուհին:
Իսկ դուք գիտե՞ք, որ ըստ գիտական տվյալների, յուրաքանչյուր բացասական հույզ հարկավոր է փոխհատուցել տասներկու դրական հույզով, և այդ դեպքում անհետք անցնում է ցանկացած սթրես: Ու փորձում եմ որոնել, գտնել այդ տասներկու դրական հույզերը: Ի ուրախություն և վկայություն գիտության առաջընթացի, գտնում եմ այն` ի դեմս բժշկուհու: Դե ինչ, անհետք գրողի ծոցն ուղարկենք բոլոր բացասական հույզերը․․․
Բայց չմոռանամ ասել, որ այս ուսանողներն անընդհատ պլշած ինձ են նայում, ուսումնասիրում դեմքիս արտահայտությունն ու հույզերը, կարծես փորձակենդանի լինեմ՝ ճագար, առնետ կամ նմանատիպ տարօրինակ կենդանի:
– Մո՛տ եկեք, – հրամայում է բժշկուհին ուսանողներին, – ա՜յ, տեսնո՞ւմ եք այս… ու լատիներեն ինչ-որ բարդ արտահայտություն է արտաբերում, որից մարմնովս ավելի ուժեղ սարսուռ է անցնում, ու սկսում եմ ատել այդ մեռած լեզուն` լատիներենը: Ու մինչ մտածում եմ ինչպես հավասարակշռել հույզերս, ճակատագիրն ինքն է օգնության հասնում ինձ, որովհետև նա ավելի լավ գիտի, թե ինչպես պետք է կարգավորել այնպիսի դաժան սթրես, ինչպիսին է ատամնաբույժին այցելելը: Հարցն այն է, որ բժշկուհին, որ նաև գեղեցկուհի է, ավելի է մոտենում ինձ, և, ո՜վ զարմանք, ցավն անհետանում է: Ինձ թվում է՝ նույնիսկ հոդերիս ցավն է անցնում, որ վաստակել էի վաղուց, շա՜տ վաղուց:
– Ա՛յ, մենք հիմա կսրսկենք հիվանդին,-ասում է աչքներն ինձ վրա չռած ուսանողներին:- Ատամը պետք է հեռացնել շատ ուժեղ ցավազրկողների օգնությամբ, որպեսզի մարդը չուշաթափվի:
Ուշադիր նայում է ինձ… Փորձում եմ ժպտալ, բայց փոխարենը դիվային ծամածռություն եմ կազմակերպում լայն բացված բերանովս. համա թե ապուշ տեսք ունեմ, հա՜, – անցնում է մտքովս:
-Rizus sardonikus, – ասում է բժշկուհին․․․
-Սատանայական ժպիտ կամ ջղաձգություն, – արագ պարզաբանում է ուսանողներից մեկը։
Հույս ունեմ՝ որ աչքերս ամեն ինչ ասում են ժպիտի փոխարեն: Ու մինչ դառը փիլիսոփայում եմ, նա ևս մի քանի սանտիմետր է հաղթահարում մեր միջև առկա տարածությունից, և ասեղն արդեն լնդիս մեջ է: Ես մի անհոդաբաշխ աղմուկ եմ հանում, բայց քանի որ իմ ու բժշկուհու միջև տարածությունը կրճատվել է միանգամայն իմ օգտին, աչքերս ինքնաբերաբար շեղվում են դեպի դրական հույզերի աղբյուրը: Ապրելու բնազդային տենչն ինձ ասում է` ավելի մոտ, ավելի ու ավելի մոտ դրական հույզերին: Ուրեմն, ցավը նորից նահանջում է, ինձ զգում եմ մի ուրիշ աշխարհում… Այս ամենը սկսում է դուր գալ ինձ: Մի տեսակ համակրանքով եմ լցվում սույն հաստատության հանդեպ և զարմանում եմ` ինչպես առաջներում չէի սիրում այն: Ախր, այնքան գեղեցիկ են այդ ատամնաբույժները, այնքան սիրալիր ու բարեկիրթ:
Այո՜, զգում եմ, դեղը սկսում է ազդել: Իսկ բժշկուհին պարզաբանում է, որ ինձ այնպիսի ուժեղ ցավազրկող են ներարկել, որ նույնիսկ փղերին է շշմեցնում: Այստեղ ես ինձ փիղ եմ զգում, ավելի քան փիղ, միգուցե, դինոզավր, մամոնտ, գիտության նահատակ, դրական հույզերի, եթե ոչ` բժշկուհու գերին: Մի խոսքով, ես իմ տեղում եմ: Նույնիսկ կյանքի հանդեպ եմ լցվում պայծառ հույսերով ու երազանքներով: Իսկ բժշկուհին խորամանկ ժպիտով ինձ է նայում:
– Հիմա նա այլևս ցավ չի զգա, – վերջին պարզաբանումներն է անում նա, – նույնիսկ փղերը ոչինչ չեն զգում:
Եվ քիփ, շա՜տ քիփ մոտենում է փղին, ներեցեք`ինձ, հպվում ողջ մարմնով, համարյա գրկում, որից ես անսահման գեղեցիկ ու հաճելի զգացումներ եմ ունենում և ինչպես կասեր Շեքսպիրը, նույնիսկ ցանկանում եմ մահանալ նրա գրկում: Այսպես կիսագրկած` նա վերջնականապես անզգայացնում է ինձ դրական հույզերի իր հողմերով ու դրական վերաբերմունքով: Զգալով թմրանյութի ազդեցությունը` ես փակում եմ աչքերս և ընկնում երազանքների գիրկը:
Այստեղ բժշկուհին մի կտրուկ ցնցում է կատարում, որի հետևանքը լինում է այն, որ ես այլևս չունեմ այդ չարաբաստիկ ատամը: Ի պատասխան` ես մի վերջին անգամ` այս անգամ արդեն` ուրախության ու թեթևության ապրումների ոռնոց եմ արձակում:
-Ահա՛ և ատամը, – ասում է նա` այն ցույց տալով ուսանողներին: Մենք հեռացրինք առանց անզգայացման: Սովորական ջուր էինք ներարկել: Իսկականը հիմա կներարկենք, որ այցելուն ցավ չզգա: Հիմա հասկացա՞ք:
Իրենք չգիտեմ ինչպես, բայց ես հրաշալի հասկացա այս փորձի ողջ իմաստն ու գնահատեցի գիտությունը: Եվ այն ճշմարտությունը, որ լավագույն թմրանյութը կանացի հմայքն է: Այն անվրեպ անզգայացնում է:
Չե՞ք հավատում. հարցրե՛ք ինձ: Ես անցել եմ այդ ճանապարհը:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *