Հարոլդ Փինթեր | Սև և սպիտակ

Շաբաթը վեց օր ես միշտ երթևեկում եմ նույն շուրջօրյա ավտոբուսով։ Գնում եմ Մարմարե կամարի մոտ և նստում եմ երկու-ինը-չորս ավտոբուսը, որն ինձ տանում է Ֆլիթ փողոց ։ Շուրջօրյա ավտոբուսներում երբեք չեմ խոսում տղամարդկանց հետ։ Այնուհետև Ֆլիթ փողոցում Սև և սպիտակ եմ մտնում, և երբեմն նաև իմ ընկերուհին է գալիս։ Մի բաժակ թեյ եմ խմում։ Ընկերուհիս ավելի բարձրահասակ է, քան ես, բայց ավելի նիհար է։ Երբեմն նա գալիս է, և ամենավերևի սեղանի մոտ ենք նստում։ Տեղ եմ պահում նրա համար, բայց միշտ չէ, որ կարող ես պահել այն։ Երբեք չեմ խոսում նրանց հետ, ովքեր զբաղեցնում են այն։ Լինում են որոշ դիտողություններ, որոնց երբեք ականջ չեմ դնում։ Երբեմն մի տղամարդ առավոտվա լրագիրն է աննկատ տալիս՝ ամենաառաջինը։ Նա պատմել էր ինձ, թե ժամանակին ով էր եղել։ Երբեք չեմ իջնում Ամբարտակի կողքին գտնվող այն վայրը։ Մի անգամ իջել եմ այնտեղ։ Եթե վերևի սեղանի կողքի պատուհանից նայես, կարող ես տեսնել, թե ինչ է կատարվում դրանից այն կողմ։ Հիմնականում ֆուրգոններ են։ Դրանք միշտ սլանում եմ։ Հիմնականում ֆուրգոնների վարորդները չեն փոխվում, նույնն են, բայց երբեմն՝ տարբեր։ Եղբայրս էլ էր այդպիսին։ Ժամանակին նա էլ էր այդ ամենի մեջ։ Բայց ես ավելի լավ կարող եմ բավականանալ առանց գիշեր, երբ մթնում է․ Սև և սպիտակում միշտ լուսավոր է, երբեմն կապույտ գույնով է ներկվում, որ գրեթե ոչինչ չեմ տեսնում։ Բայց ես ավելի լավ կարող եմ բավականանալ առանց ցրտի, երբ ցուրտ է։ Սև և սպիտակում միշտ տաք է, երբեմն միջանցիկ քամի կա, ես չեմ ննջում։ Ժամը հինգին փակվում են, որպեսզի ամեն ինչ մաքրեն։ Միշտ հագնում եմ իմ մոխրագույն կիսաշրջազգեստն ու կարմիր շարֆը, առանց շրթներկի ինձ երբեք չեք տեսնի։ Երբեմն ընկերուհիս է գալիս, նա միշտ երկու բաժակ թեյ է բերում։ Եթե ինչ-որ մեկը զբաղեցրած է լինում նրա տեղը, ընկերուհիս ասում է նրան այդ մասին։ Նա ինձնից մեծ է, բայց ավելի նիհար է։ Երբ ցուրտ է, հնարավոր է մի աման ապուր ուտեմ։ Խորը ճաշամանով են բերում։ Նաև հացի մի բարակ կտոր են տալիս։ Թեյի հետ չեն տալիս, բայց մի աման ապուրի հետ տալիս են։ Այնպես որ ավելի լավ է ապուր ուտեմ, երբ ցուրտ է լինում։ Ժամանակ առ ժամանակ կարող եք տեսնել, թե ինչպես են կանգ առնում շուրջօրյա ավտոբուսները։ Դրանք բոլորը ներքև են շտապում։ Ես երբեք ուրիշ ուղիով չեմ գնացել, ինչպես նրանցից որոշներն են գնում։ Լիվերպուլ փողոց եմ իջել։ Ահա թե որտեղ է նրանցից շատերի վերջնակետը։ Նա ինձնից ավելի ճերմակահեր է։ Լույսերը մի փոքր շփոթեցնում են քեզ։ Մի անգամ մի տղամարդ ոտքի կանգնեց և սկսեց ելույթ ունենալ։ Ոստիկանը ներս մտավ։ Դուրս հանեցին այդ մարդուն այնտեղից։ Հետո ոստիկանը մեզ մոտեցավ։ Շատ չանցած կշտամբեցինք նրան․ ընկերուհիս արեց դա։ Մինչև այդ նրանց երբեք չէի տեսել՝ ո՛չ մեկին, ո՛չ մյուսին։ Շատ ոստիկաններ չեն բերում։ «Մի փոքր ծեր եմ դրա համար, – ասաց ընկերուհիս նրան»։ «Իսկապե՞ս, – հարցրեց նա»։ «Քեզ համար չափազանց ծեր եմ, – պատասխանեց ընկերուհիս»։ Նա հեռացավ։ Ես դեմ չեմ, այստեղ աղմուկը շատ չէ, բայց մի փոքր աղմուկ միշտ էլ կա։ Տաքսիով եկող երիտասարդները մի անգամ են մտնում այստեղ։ Նա չհավանեց սուրճը։ Ես չեմ խմել այստեղի սուրճը։ Հետդարձի ճանապարհին մեկ կամ երկու անգամ Յուստոնում եմ խմել։ Բանջարեղենային ապուրն ինձ ավելի շատ է դուր գալիս, քան լոլիկինը։ Մի աման ապուր էի ուտում, երբ այդ տղամարդը կռացել էր սեղանի վրա և խորը քուն էր մտել՝ հենվելով արմունկներին և քորելով ծոծրակը։ Գլխից պոկվելով՝ նրա մազերն ուղիղ իմ ճաշամանի մեջ էին ընկնում, մեռելի պես քնած էր։ Տեղափոխեցի ճաշամանս։ Բայց ժամը հինգին փակվում են, որպեսզի ամեն ինչ մաքրեն։ Թույլ չեն տա մնալ։ Ընկերուհիս երբեք չի մնում, եթե այնտեղ է լինում։ Չես կարող մի բաժակ թեյ գնել։ Հարցրել եմ, բայց թույլ չեն տալիս նստել, նույնիսկ եթե բարձրացնես ոտքերդ։ Այնուամենայնիվ՝ կարող ես չորս ժամ ծախսել դրա վրա։ Ընդամենը մեկուկես ժամով են փակվում։ Կարող ես իջնել այն մեկը՝ Ամբարտակի կողքինը, բայց ես միայն մեկ անգամ եմ այնտեղ եղել։ Կարմիր շարֆս միշտ ինձ մոտ է։ Երբեք առանց շրթներկի չեմ լինում։ Հայացք եմ գցում նրանց վրա։ Նրանք երբեք ինձ չեն վերցնում։ Մի անգամ ֆուրգոնով տարան ընկերուհուս։ Չպահեցին նրան։ Ասաց, որ հավանել էին նրան։ Երբեք դրանով չեմ զբաղվել։ Մաքուր պետք է պահես քեզ։ Այնուամենայնիվ՝ Սև և սպիտակում նա նման բան չի հանդուրժի։ Բայց նրանք այնքան էլ շատ ջանք չեն թափում։ Տեսնում եմ նրանց հայացքները։ Մեծամասամբ ոչ ոք էլ չի նայում։ Շատերին չեմ ճանաչում, բայց տեսել եմ։ Մեծ սև գլխարկով և մեծ սև կոշիկներով մի կին է ներս մտնում։ Երբեք չեմ հասկանում, թե ինչ կա նրա մեջ։ Այն տղամարդը առավոտվա լրագիրն է տալիս նրան։ Կարճ ժամանակով է։ Կարող ես գնալ, հետո վերադառնալ։ Երբ լուսանա, ես կգնամ։ Ընկերուհիս չի սպասում։ Գնում է։ Ես դեմ չեմ։ Նրանցից մեկից սիրտս խառնեց։ Մի անգամ մորթե մուշտակով էի եկել։ «Ներարկումներ են անում քեզ, – ասաց նա, – ամբողջը Ուայթհոլն է, ամեն բան մտածված է, – ասաց նա, – կարող են ականջ դնել շնչառությանդ, ականջներիդ մեջ ներարկում անել»։ Ընկերուհիս ավելի ուշ եկավ։ Մի փոքր հուզված էր։ Հանգստացրի նրան։ Ներս տարան նրան։ Երբ լուսանում է, քայլում եմ դեպի Օլդվիչ։ Լրագրեր են վաճառում։ Մի առավոտ զբոսնեցի Վաթեռլո կամրջով։ Տեսա վերջին երկու-ինը-վեցը։ Պետք է որ վերջինը լիներ։ Ցերեկային լույսի ներքո շուրջօրյա ավտոբուսի տեսք չուներ։

Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *