Հուսիկ Արա | Երբ գալիս ես

Երբ գալիս ես

1.
-Դու գարուն ես,
ես ծառ եմ քեզ սպասող.
ծաղկում եմ, երբ գալիս ես:

-Ես հող եմ,
դու ամպ ես իմ երկնքում.
երբ անձրևում ես,
կանաչում եմ ինչպես պարտեզ:

-Դու երկիրն ես,
ես՝ քո շուրջը պտտվող լուսին,
ցերեկն իմ լույսը առնում եմ քեզնից
և լույս եմ տալիս քո գիշերին:

-Ես լեռ եմ,
դու՝ իմ խորքում եռացող լավա,
երբ բխում ես,
հուր եմ դառնում ու կրակ:

-Դու լույսն ես,
ես՝ լուսավորվողը քեզնից,
եթե լույսդ տաս ուրիշին,
ես չեմ մթնի,
կզատվեմ ինձնից և կդառնամ ուրիշ:

-Ես ջուր եմ խաղաղ,
մնա ինձ հետ կրակ.
երբ սուզվում ես իմ մեջ,
եռում եմ ու դառնում փոթորիկ:

-Դու սերն ես,
ես՝ քեզնով լցված սիրտ,
հանդարտ եմ բաբախում,
չթափվի կաթիլդ՝
հանկարծ դատարկվեմ քեզնից,
որ միասին լինեն սեր ու սիրտ,
չեն ապրի առանձին,
և մեկը ասի մյուսին՝
ես կամ,
որովհետև դու կաս:

 

2.
-Ես մարմին եմ,
դու արյունն ես իմ,
երբ շարժվում ես իմ մեջ,
տրոփում եմ ինչպես սիրտ:

-Դու արևն ես,
ես քո ծիրից կախված մոլորակ,
կմոլորվեմ անհայտում,
թե չձգես ինձ:

-Ես ձյուն եմ,
դու մաքրությունն ես իմ.
զգույշ եմ քայլում,
ոտնահետքեր չմնան քո սպիտակին:

-Դու իմ հոգին ես,
չգնաս ինձնից,
երբ իմ մեջ ես,
մարդ եմ զգում ինձ:

-Ես քո սիրտն եմ,
ինձ չհանես քեզնից.
ոչ ես կապրեմ,
ոչ դու կապրես առանձին:

 

Կանչիր ինձ

Կանչիր ինձ,
ես քո երազն եմ.
բա՛ց արա աչքերդ
և կտեսնես ինձ:

Քո առջև եմ ես,
մեկնի՛ր ձեռքդ
և ինձ կունենաս քո թևերի վրա:

Ես ծովի չափ քո կարոտն եմ,
հա՛ն իմ խեցին,
և կշողամ մարգարիտ
քո ափերի մեջ:

Քո ծաղիկն եմ ես,
պոկի՛ր ինձ.
արևդ կդառնամ
և միշտ կբուրեմ գարուն
քո կյանքի բոլոր եղանակներին:

Ես հատուցումն եմ
քո ամեն կորցրած ակնթարթի,
քո երջանկությունն եմ,
որ գտել ես.
զգույշ թերթիր հոգիս,
սրտի դողով կարդա ինձ,
քո ճակատագիրն եմ ես:

 

 

Մի՛ թող

Մի՛ թող ինձ,
ես քո լույսն եմ,
կորելու ես խավարի մեջ:

Ինձ մի՛ հանձնիր,
քո կրակն եմ ես,
մրսելու ես՝ ուր էլ լինես,
մի՛ փակիր ինձ,
ես քո օդն եմ,
չես շնչելու ինձնից դուրս,
սրտիդ բաբախն եմ,
կանգ ես առնելու,
թե ինձ վանես հեռու:

Մի՛ թող քամիների մեջ, անձրևների տակ
ու ցուրտ փողոցում առանց քո արևի.
հետո գալու ես՝ չես հասնելու ինձ,
ես եմ գալու հետո՝ չեմ գտնելու քեզ
այս անտարբեր, մեզ մոլորած քաղաքում:

Ես քո՛ ջերմությունն եմ,
ուրիշ մեկից չեմ արձակվի,
ես քո՛ շնչառությունն եմ,
չեմ դառնա շունչը ուրիշ մեկի,
ես քո՛ սիրտն եմ,
ուրիշ մարմնում չեմ բաբախի:

Ինձ մի՛ մոռացիր.
քո հոգին,
քո էությունը,
քո հիշողությունն եմ ես,
չես լինի առանց ինձ:

Մի՛ շփոթիր,
մի՛ երկմտիր,
մի՛ մատնիր ինձ,
ես քո հավատն եմ,
ինձ մի՛ ուրացիր:

 

Խնայիր ինձ

Խնայիր ինձ
այս բարակ, մանր,
դանդաղ օրերի մեջ,
իմ բոլոր ժամերին
և ամեն ակնթարթ,
որ օտար, հեռու
ու դատարկ են,
երբ առանց քեզ են:

Քո սրտի մի տակ թելից եմ կախված,
հանկարծ չկտրես,
քո սիրո մի բուռ լույսով եմ լցված,
նորից չավերես,
քո տաք մարմինն է ծածուկ արևս,
երբեք չզրկես:

Իմ ընտրությունն էր,
կորցնել ամեն բան՝
աշխարհը և ինձ,
միայն թե գտնեմ քեզ:

Քո սրտի թելն է,
քո մի բուռ սերն է,
քո մարմնի տաքն է,
որ մնացել է ինձ:
Այս դանդաղ, բարակ,
մանր օրերի մեջ
խնայիր քեզ,
որ ես եմ:

 

Անտարակույս

Անտարակույս,
չկասկածող քո ձեռքերով
վերցրու ինձ`
առանց շփոթելու:

Սիրո կրակը,
որ փնտրել ես հեռու,
իմ ջերմությունն է
քեզ այդքան մոտիկ.
ա՛ռ սրտիդ մեջ ու պինդ պահիր:

Հրաշքը, որ սպասում ես,
և թերացել ես երբեմն, թե կգա,
իմ շնչառությանն է` թեքված ուսիդ,
կկատարվի հիմա և միշտ.
ուղղակի հավատա:

Երազը,
է՛ն միակը,
որ տեսել ես
ու չես մոռանում,
իմ աչքերի մեջ է
և իրական կդառնա քո բոլոր օրերում:

Քո ամեն երազ իմ աչքերի մեջ է,
և սրտիս միջով են անցնում
քեզ երջանկություն տանող
բոլոր դռները.
մի՛ երկմտիր,
բաց արա հատ-հատ
ու ներս մտիր.
բանալին
իմ հոգին է
ափիդ մեջ:

 

Մնա՛

Ես ամուր հող եմ քո ոտքերի տակ.
այս անհաստատ աշխարհում
հենվիր ձեռքերիս և
մնա՛:

Քո փնտրած անդորրը
և գտած հանգիստն եմ ես.
մտիր խաղաղ իմ օրերից ներս և
մնա՛:

Իմ սիրտը` ապահով տանիք,
և հուսալի ծածկոց է հոգիս,
իսկ աչքերս պարեկներ են քեզ հսկող.
ամփոփվիր իմ թևերի մեջ և
մնա՛:

Մնա՛
քո խնամքով, կարեկցանքով,
ողջ էությամբ,
թե ուզում ես
քո պակասով, կիսատներով,
մեղք ու սխալով մնա,
թեկուզ երկմտելով,
չուզենալով,
դժկամությամբ.
մինչև իսկ համարես ձախողումը քո,
չեմ նեղսրտի,
եթե գինն է քո մնալու:

Անգամ ձմռան նման դժվար,
նույնիսկ մահվան պես ծանր, մնա՛,
կհաշտվեմ, եթե ինձ էլ հանես քեզնից,
միայն թե մնա՛:

 

Մի՛ գնա

Քո պահապան հրեշտակն եմ ես,
մի՛ գնա:

Քեզ չարից պաշտպանող հմայիլն եմ ես,
մի՛ գնա:

Քեզ երջանկություն բերող թալիսմանն եմ ես,
մի՛ գնա:

Ուրիշ մի տեղ չես գտնելու
ջերմությունը իմ ձեռքերի,
ուրիշ մեկը չի չի գտնելու քեզ,
ինչպես ես եմ հավատում.
ո՛չ այս, ո՛չ էլ մյուս կյանքում
չի լինելու քեզ ինձ պես`
ոտքից գլուխ երկրպագող
մեկ ուրիշ սեր:

Մի՛ գնա,
որքան էլ երթդ լինի սիրուն.
նման ջրերի վրա քայլող Աստծու,
ամպերի մեջ սահող լուսնի
և ամբողջովին ծաղկած գարնան:
Մի՛ գնա,
արհավիրք ու աղետներ,
թեկուզ պատերազմ զսպելու
խաղաղությամբ:
Մինչև անգամ
ինձ արձակված փամփուշտը
մարմնիդ մեջ առնելու`
որպես կյանքս փրկող
զոհաբերություն, մի՛ գնա:

Ետ չե՛ս դառնա,
որովհետև
քեզնից հետո
ես չեմ լինի ոչ մի տեղ,
և չի լինի քեզ համար
ո՛չ ճանապարհ, ո՛չ ոտնահետք.
երբեք մի՛ գնա:

 

Արի՛

Արի՛,
նույն ոտնահետքով ե՛տ արի,
ճանապարհը, որ տարել է քեզ,
նորից բերելու է ինձ:

Արի՛ լիարժեք,
ամբողջական,
անմնացորդ՝
ինչպես որ գնացել էիր,
և ոչինչ մի մոռացիր քեզնից:

Ես նույն տեղում եմ
և այն բոլոր տեղերում,
որ միշտ գտել ես ինձ:
Ես երբեք էլ չեմ գնացել,
սպասում եմ իրական աշխարհի մեջ
և իմ բոլոր տենչանքներում:

Արի՛ իրականում,
բնական,
քո ջերմությամբ,
առանց տեսիլք ու խաբկանքի,
որովհետև ես չեմ քնում,
երազ չեմ տեսնում
և չեմ անրջում առանց քեզ:

Ես միայն սեր եմ՝
արթուն,
համակ
ու բովանդակ,
և սպասում եմ քեզ:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *