Յուրի Սարգսյան | Մարդանմաններից մեկը

Չորսհարկանի դղյակի վերջին հարկից Սարիկն ուսումնասիրում է քաղաքը։ Պատշգամբը բաց է, հատակը, որի արծաթափայլ մակերեսն անդրադարձնում էր խտացող խավարի լույսը, ամբողջությամբ մարմարապատ։ Սարիկը կանգնած է թիբեթյան մետաքսե գորգին, որի գույնը խանգարում է մարմարներին և ընդհանրապես չի համապատասխանում ժամանակակից դիզայնի պահանջներին։ Գորգին կանգնած՝ նա ավելի վեհ ու հրամայող տեսք ունի, ինչպես վայել է իսկական մարդանմանին։ Իսկ քաղաքն ահագնացող խավարի հետ հետ փոքրանում ու խեղճանում է աչքի առաջ։ Փայլազրկվում, վերածվում է անմարդաբնակ տափաստանի՝ հակադրվելով քարապատ դղյակին, որը Սարիկն ասես ժառանգել էր գաղութային վերածննդից։
Բայց չէ, ոչինչ չի ժառանգել, Սարիկն այն ստացել է իր տիտղոսի համար։ Տասնյոթ մարդանմաններից յուրաքանչյուրն առանձին դղյակ ուներ՝ անկախ ամուսնական կարգավիճակից և ընտանիքի անդամների քանակից։ Կենտրոնից՝ Բարձր Աշտարակից, երևում էին բոլոր երկնաքեր դղյակները, որոնք չորս կողմերից գծել էին քաղաք-գերեզմանոցի սահմանները։ Սարիկն ընտրել էր հյուսիսային թևը, այստեղից՝ ամենաբարձր կետերից մեկից, անմաքրելի հետագծով ձգվում էին վերջին օրերի թողած հետքերը՝ մեկ կիսաքանդ շենքերի, մեկ էլ՝ փողոցում փռված, դեռ չհավաքված դիակների տեսքով, որոնց վրա խռնվում են բարեգուշակ ագռավները։
Այսպես էլ պիտի հիշվեր մարդանմանների հեղափոխությունը:
Սարիկն անում է Ռեմի Մարտինի երրորդ կումը, որի համն իր բերանը չէր առնի, նույնիսկ եթե մինչև մահիճ ընկնելն աշխատեր գրասենյակում, և կամաց թխկթխկացնում բազրիքին՝ կոտրելով սպասումով լի լռությունը։ Ուղիղ երեք րոպեից պիտի ժամանի ուղղաթիռը, վայրէջք կատարի հենց դղյակի լայնարձակ հրապարակում, որի պռունկին էլ՝ լողավազանի մոտ, սպասավորներն արդեն պատրաստել են հատուկ սեղանը՝ մրգեր, անուշեղեն և խմիչք, որը Սարիկը մի քանի րոպեից կտեսնի առաջին անգամ։ Ճիշտ կլինի բավարարվել միայն շամպայնով. մրգերի անուններն էլ դժվար էին տպավորվում։
Բայց այդ ամենը կեղծ զարդարանք է՝ տապ օրվա հպանցիկ քամի, որի մասին միայն աղոտ հիշողություն է մնում։ Կարևորը Մանեի ուրվագիծն է՝ վերջալույսի լարվածությանը հակադրվող, խավարի պսպղուն գունդ, որը լցնում է թանձր դատարկությունը։
Րոպեն մեկ պատշգամբին են մոտենում անվտանգության աշխատակիցները, որոնց Սարիկն ընտրել է հեղափոխության մասնակիցների ցանկից։ Սարիկն իր պարանոցին զգում է նրանց ծանրացող հայացքը, ուշադրությունն ու նախանձը։ Մարդիկ, որոնք հպարտ են, որ հիմա ծառայում են ոչ թե այլ մեկին, այլ մեծ, հեղափոխական գաղափարի, ապագայի հավասարության ու համերաշխության։
Սարիկը նայեց ժամին և շրջվեց։ Պաշգամբի դռան մոտ կանգ առավ, այնքան երկար, որ հասցրեց լսել ուղղաթիռի մոտեցող դզզոցը։ Մի րոպեից Մանեն կլինի շենքի գլխավերևում, հենց իր գլխավերևում ու հենց իր համար, ոչ թե ընկերության հանձնարարությամբ։
Նոր օրենքը թարմ էր ու խակ, անորոշ ձևակերպումներով պտտվում էր մասնակիցների ուղեղներում, որոնցից շատերը դեռ չէին հասցրել գլուխ հանել նոր կարգից։ Առաջնահերթությունը տրվում էր դավաճաններին, որոնք չհասցրին մեռնել հեղափոխության արյունալի մարտերում։ Մարդանմանների ջոկատի համար էլ կանոններ կային։ Ոչ մի հրապարակային ելույթ առանց մյուսների համաձայնության։ Ոչ մի ինքնագլուխ սպանություն դատաստանի օրվանից հետո։ Ամուրիներին՝ ամուսնություն միայն քո ազգի կնոջ հետ։ Առնվազն հինգ երեխա, երեքը՝ որդի։ Այսօր Սարիկը թքած ուներ։ Միջանցքի բազրիքի արանքից նա նայեց ներքև, որտեղ դռնապաններն արդեն իրեն էին սպասում։
Դղյակն իրոք պերճաշուք էր, եռակի այդքան՝ ներսից։ Արդեն մի քանի օր էր, ինչ Սարիկն արթնանում էր երրորդ հարկի սեփական ննջարանում, որի պատերի խեղդող ներկահոտին դեռ չէր հարմարվել։ Արթնանում էր առանց երեխաների ավելորդ ձայների և առանց գրասենյակից զանգի, բայց ներքև իջնելը դեռ փորձություն էր. նա զգուշանում էր, որ ծնկների դողն ու արագ շնչառությունը չմատնեն իրեն սպասավորների մոտ։ Հսկա բյուրեղապակյա լուսաջահը, որը գրեթե հպվում էր ներքնահարկի հատակին, տունը դարձնում էր մեծ, լուսավոր եկեղեցի, որտեղից Սարիկն ազատ էր կառավարելու իր հոտը։ Պատերի երկայնքով առանց ազատ տեղ թողնելու շարվել էին նկարահյուս գորգերն ու կտավները, որոնց ընտրությունը Սարիկը նույնպես վստահել էր անծանոթ մարդկանց։ Բայց ամենաերևելին հսկա օձն էր՝ մետաղի ձուլվածքից ու մանրաթելերից հավաքված հրեշը, որը սողում էր ներքին պատերով, իսկ աչքերը հետևում էին Սարիկին մարմնի բոլոր հատվածներից, շնչում ու արտաշնչում էին նրա հետ միասին։
Շուշանի նկարը, որը Սարիկն ի սկզբանե որոշել էր մուտքի պահարանի ազատ դարակին, չկար. այժմ այնտեղ «Փաթել Ֆիլիպի» ադամանդե ժամացույց էր վերջին, սահմանափակ հավաքածուից։ Չես իմանա, Մանեն կարող էր համաձայնվել և իսկույն տուն մտնել։ Ու ոչ միայն Մանեն։ Ժամացույցն իր տեղում էր, լրացնում էր նախասրահը։ Ձանձրալի համադրություն է, մտածում էր Սարիկը, բայց հեղափոխականին հարիր ու անհրաժեշտ, անհրաժեշտ, որովհետև նվեր էր։ Իսկ նվերից, ասում են, չեն հրաժարվում։
Ուղղաթիռն արդեն քսվում էր գետնին, քամու վիթխարի, թարմացնող ալիքներ էր ուղարկում։ Սարիկը կկոցեց, ապա մթնշաղի ցրիվ լույսերում փորձեց նկատել Մանեի ուրվագիծը։ Ահա և նա թիկնապահների արանքում՝ մեջքն ուղիղ, բայց ակնհայտորեն շփոթ-շվարած։ Ու նույնիսկ այդքան հեռվից աղոտ եզրագծվող դիմագծերը մատնում էին իրեն, միայն իրենն էին ուսից երկար ձգվող, սառցապակու պես հարթ մազերը, որոնք չէին հարցնում դղյակի բակում հայտնվելու նպատակը։
Սարիկի սիրտը թռավ կոկորդը և որոշ ժամանակ թրթռում էր այնտեղ։ Գրասենյակում թե գրասենյակից դուրս, դիակածածկ, ճնշող փողոցներում թե ապահով դղյակում՝ թիկնապահների ուղեկցության ներքո, նույն Մանեն էր, և րոպեներ անց, երբ կիմանա՝ ինչու է հայտնվել մարդանմանի երախում ու դուրս կթափի միաժամանկ վշտի և ուրախության արտասուքներ, էլի նույն Մանեն կլինի։ Բայց այս անգամ՝ իրենը։
Սարիկը խոր շունչ քաշեց. թվում էր՝ փայտացած դիակի հոտը դեռ վխտում է օդում, դեռ լսվում են կիզակետում պատահականորեն հայտնված մանուկների աղաղակները։ Սարիկն իսկույն վանեց այդ մտքերը։
Նա թափ տվեց, ձգեց պիջակը, որն այսօր կարծես թեթևակի սեղմում էր։ Օծանելիքի բույրը կարծրացավ օդում։ Սարիկը մոտեցավ սեղանին՝ մեջքն ուղիղ քայլելով ուղեգորգի վրայով, Մանեին նմանակելով՝ հին ու բարի օրերի ավանդույթի ուժով։ Հաղթանակի օրը հենց այսօր էր, հասկացավ նա դեռ մինչև փոքր հրապարակի միջով անցնել ու սեղանին հասնելը, հենց այսօր, ոչ թե օրեր առաջ, երբ հատակին փռվեց առաջին պաշտոնյայի մարմինը՝ օդում դիակ դառնալով։ Հենց այսօր, ոչ թե երեկ չէ առաջին օրը, երբ մարդանմանները նստեցին նոր, միասնական օրենսգրքի առաջին քննարկմանը, որը պիտի կոչվեր «երդմնագիր»։ Հենց այսօր այստեղ ամեն ինչ իրենն էր՝ իրականությունը, Մանեն, ուղեգորգը, որի վրայով էր անցնում Մանեին տիրանալու ուղին։ Տարօրինակ միտք է, որ ուղեգորգը կարող է պատկանել ինչ-որ մեկին, բայց այսօր դա այդպես էր։
Նա չքաշեց աթոռը, ինչպես ամեն անգամ անում էր գրասենյակում։ Ոչ այս անգամ։ Հաճոյանալով պիտի զբաղվեն թիկնապահները։ Մանեն նստեց՝ առանց իր կողմ թեքվելու, նայելով սեղանին դրված մրգերից մեկին, ապա ջեմերին ու սպիտակ գինուն․ մազերը դեռ պարում էին քամու տակ, շշմեցնող հոտ ունեին։ Պարզապես վախենում էր խոսել, վախենում էր բարձրաձայն բառ ասել, որ մեկ էլ չպարզվի՝ էս ամենն իրական է, ինքն իրոք գերի է փոքր, չնչին Սարիկի չորսհարկանի դղյակում, որի ետնաբակում տարատեսակ գազանների համար առանձնացված վանդակներ կան։
Բայց ստիպված է։
Սարիկը նստեց դեմ դիմաց ու ձեռքով նշան արեց, որ թիկնապահները հեռանան։ Իհարկե, Մանեին նախապես են ստուգել, դեռ մինչև բերելը։ Սրանք Մանեին դիպչել են։ Սարիկը հիշեց դրա մասին ու ծամածռվեց։
Նա քնքշորեն հետ տարավ Մանեի կրծքի վրա հավաքված մազափունջը, որի տակից պսպղում էր կատարյալ մեռելագույն մաշկը։ Գրասենյակում դա կարող էր անել միայն կատակով, իսկ հիմա դա անիմաստ, գրգռիչ ու կոպիտ շարժմունք էր՝ կատարյալ ժեստ խոսակցության սկիզբը դնելու համար։
– Չեմ ուզում վատ զգաս քեզ։ Առավել ևս մենակ ու անպաշտպան։
Նա ձգվեց, որ մատներով բարձրացնի Մանեի կզակը, բայց Մանեն ավելի շուտ բարձրացրեց հայացքը։ Մոլուցքը՝ ամեն ինչ թողնելու ու հենց այդտեղ՝ հենց սեղանի վրա, այդ հայացքը կուլ տալու, մի պահ ստիպեց Սարիկին ներքև նայել՝ ոտքերին, որոնք անհանգիստ, բայց աննշան թփթփացնում էին գետնին։ Աշխարհը շուռ եկավ ու մեծ գալարներով պտտվեց հեռու։ Չի կարելի, չէ։
– Սարիկ․․․
– Սար,- ասաց նա՝ հայացքն ուղղելով։ Աշխարհը հետ եկավ։- Սար, Մանե։
– Կներես,- փսփսաց Մանեն,- Սար։ Չգիտեի։
– Նոր անձնագիր, նոր անուն,- շարունակեց Սարիկը,- չէ, կատակ եմ անում, քեզ վատ մի զգա։ Կարող ես օգտվել, մեզ ոչ ոք չի հետևում, ոչ ոք չի լսում։
– Շնորհակալ եմ,- պատասխանեց Մանեն՝ ինքն էլ ոտքերին նայելով,- կասե՞ս՝ ինչով եմ արժանացել ընդունելությանը։
– Իհարկե,- ասաց Սարիկը՝ ողկույզից պոկելով մուգ մանուշակագույն խաղողի հատիկն ու սեղմելով առջևի ատամների արանքում։
Դա էլ էր ծրագրված, իհարկե։ Մանեն պիտի ատի իրեն, ատի, հետո իր վերափոխված, բիրտ մարմնում տեսնի փրկչի հոգին, որին կհասկանա՝ երկար է սպասել, շատ երկար։ Որովհետև ճակատագրից ոչ ոք չի խուսափել, սա է մարդկային ճշմարտությունը, որն անփոփոխ կոդի պես փակված է Մանեի ուղեղում։ Բայց րոպեներ անց, նստած ոսկեզօծ բազուկներով, եբենոսյա սևափայտից աթոռին, որն ավելի թանկ էր, քան գրասենյակի ողջ գույքն իրար հետ, Մանեն կտեսնի անհնարինը․ ինչպես է իր անձնական փրկիչը փոխում ճակատագրի ընթացքը։
Մանեն ժպտաց վախկոտ ժպիտով, աննշան, բայց բավական էր, որ ուժը գոլորշիանար Սարիկի մարմնից։
– Ձերոնք հարկայինում էին աշխատում, չէ՞։
Ժպիտը չքացավ։
– Հա… հա։ Էի՞ն։
– Երկու տուն ունեք, մեկն էստեղ, մյուսը գյուղում։ Երեք մեքենա, մեկը քոնն է, եթե չեմ սխալվում։ Եղբայրդ Լոնդոնում է սովորում։ Ամեն ինչ ճի՞շտ է։
Մանեն վեր թռավ, կիսատ կանգնեց՝ մերկ ծնկները քսելով սեղանին, տագնապը մաշկի տակ ապրող որդի պես վազում էր այտերով։ Հետո, հավանաբար զգուշանալով երևակայական կարմիր կետերից, որոնք ցանկացած պահի կարող էին պարել բլուզի վրա, նորից նստեց։
– Սարիկ… Սար։ Խնդրում եմ…
– Գյուղում շատ մեծ ամառանոց ունեք,- շարունակեց Սարիկը՝ զգուշանալով Մանեի հայացքը որսալուց,- քաղաքի կենտրոնում գեղեցկության սրահ։ Կարծեմ էսքանը։ Հա՞։ Չլարվես, խնդրում եմ, ես քեզ դրա համար չեմ կանչել։
– Հա, ճիշտ է։ Բայց մենք երբեք…
– Ծնողներդ մեղադրվում են նախկին իշխանությունների մեջ սերտ համագործակցելու արդյունքում իրականացրած կոռուպցիոն հանցագործությունների մեջ։ Երդմնագրի համապատասխանաբար 147, 148 և 152 հոդվածներ։
Տագնապը փոխարինվեց գերեզմանային գունատությամբ։ Շամպայնի բաժակի մոտ արցունքի նոսր կաթիլ ընկավ։
– Դրա համար տարիներ են տալիս, միշտ էդպես է եղել, միշտ էլ…
– Դավաճան դասակարգում հա։ Ոչ նոր հանրապետությունում,- Սարիկը կում արեց շամպայնից, ձևականորեն սրբեց կզակն ու աթոռը առաջ բերեց,- Երդմնագիրը համարյա պատրաստ է, մոտ երկու շաբաթից կլինի, ձերոնց կտանեն հավանաբար երեք շաբաթից՝ հաշվի առնելով պետական համակարգում աշխատելն ու պաշտոնի բարձր լինելը։
– Կտանե՞ն։
– Մահապատժի։ Կարծում եմ՝ հնարավոր կլինի միջնորդել ու թույլ տալ ընտրել պատժի կատարման ձևը, բայց ավել ոչինչ։ Ցավում եմ։
Մանեն հեկեկաց, ասես սպասում էր Սարիկի ցավակցությանը։ Արմունկները հենեց սեղանին, գլուխն առավ ափերի մեջ ու սկսեց հեծկլտալ։ Մրգերի սկուտեղը դղրդում էր շամպայնի շշի ու բաժակների հետ միասին, բայց ոչ մի սփոփիչ ձայն չկար օդում։ Օդում միայն մահվան խոստումն էր. Սարիկը մի փոքր էլ սպասեց։ Սպասեց՝ Մանեն հարցնի։
Հանկարծ ուղեղն աշխուժացավ. իսկ ի՞նչ, եթե ոչ թե մահապատիժ լինի, այլ դատաստան։ Մարդանմաններն ասում էին, որ մահապատիժը ամուսնուն դավաճանածի համար է, ոչ թե հայրենիքին։ Մահապատիժը ողորմություն է, սփոփանք մեղսավոր հոգուն, իսկ ողջ-ողջ այրելը դաս է բոլորին։ Սարիկը համաձայն էր։ Հանկարծ դիակի հոտը, որ վերջին օրերին ամենուր էր՝ շենքերում, շորերի վրա, նախաճաշի սեղանին, քիթն ընկավ։ Ի՞նչ սարսափելի գարշահոտով կվառվեն Մանեի ծնողների մարմինները։
Մանեն հանդարտվեց, բայց սիրտը դեռ վայրենու պես դմփդմփում էր։ Շպարը սև հաստաթելով իջնում էր կզակին՝ ներկելով դեմքը դիվային սևով։ Սարիկը վայելում էր լռությունը։
– Մենք միշտ ապրել ենք բոլորի նման, մենք սովորական մարդիկ էինք, Սար,- ֆսֆաց Մանեն արտասուքների միջից։
– Պարզվեց՝ մեր բոլոր խնդիրները հենց սովորական մարդկանցից են գալիս,- ասաց Սարը ծուռ ժպտալով,- ես էստեղ նստած չէի լինի, եթե սովորական մարդիկ իրենց իրոք սովորական պահեին։
– Բայց մենք իրար հետ ենք աշխատել, Սար, ես ու դու,- Սարիկի ստամոքսը մի պահ դատարկվեց, սիրտը կծկվեց,- ես մտածում էի…
– Ես ոչինչ չեմ որոշում, Մանե,- ընդհատեց Սարիկը,- նման որոշումները Բարձր Աշտարակում են կայացնում։ Հուսով եմ՝ դու էլ չես փորձում հիշեցնել ինձ գրասենյակի օրերի մասին։
– Չեմ ուզում, չէ։
– Ու չես փորձում զզվելի իրականությամբ խղճահարություն արթնացնել իմ մեջ, չէ՞։
– Չէ, Սար, չեմ փորձում։
– Այ ապրես։
– Բայց դու ոչինչ չե՞ս անի, Սար, ոչ մի բան չե՞ս անի, որ օգնես ինձ,- Մանեի աչքերը լցվեցին հիվանդագին թախանձանքով, այն տգեղ ողորմելությամբ, որով զուր հույս են պահում կախաղանից առաջ, որը չէր սազում Մանեին, բայց որին երկար սպասում էր Սարիկը։
– Ոչինչ։
Մանեն մի ձեռքով սրբեց արտասուքները, ու մինչև կհասցներ մյուս ձեռքն էլ տանել՝ հեկեկոցի հերթական պոռթկումը զսպելու համար, Սարիկն իր ձեռքը դրեց վրան։ Մարմինն էլեկտրահարվեց տարփանքի սպասումով. նա անդիմադիրելի ցանկություն զգաց, ցանկություն պառկեցնելու ու տիրանալու Մանեին հենց սեղանի վրա՝ նախապես թատերական երանգով շպրտելով շամպայնի բաժակները, տիրանալ հենց այդտեղ՝ ուղղաթիռի թիակների ու հեռվում կանգնած թիկնապահների, պատուհանների հետևում ծվարած սպասավորների ներկայությամբ, որոնք որպես մեռյալ աստվածներ կլինեն սուրբ խոստման ծեսի ականատեսները։ Պատռել բոլոր շորերը, գլուխը թաղել հեռու, շատ խորը և մտքից հեռացնել բոլոր մարդանմաններին, «երդմնագիրը», պալատն ու երկրի ապագան։
– Մի ձև կա դրանից խուսափելու,- ասաց Սարիկը, ապա, ասես վերահաստատելու համար ավելացրեց,- միայն էդպես կարող եմ օգնել քեզ։
– Ի՞նչ ձև,- շտապեց հարցնել Մանեն։ Դեմքին մռայլ ժպիտ կար՝ շպարից թխացած ու զարհուրելի։ Նա նման էր սպանդանոց տարվող գառան, որի համար հանկարծակի բացվում է հետևի դուռը։ Սարիկը մեքենայաբար կախեց գլուխը։
– Ամուսնացիր ինձ հետ,- ասաց նա։ Իրականում պիտի ասեր՝ «դու կարող ես ամուսնանալ ինձ հետ», բայց հաղթանակի համն առնելու համար շտապելն այդքան էլ չլսված բան չէր, մանավանդ մարդանմանի համար։
Մանեն կարծես առաջին անգամ էր լսում ամուսնանալու մասին։
– Ի՞նչ։
– Ամուսնացիր ինձ հետ,- կրկնեց Սարիկը՝ առանց ձեռքը Մանեի ձեռքից կտրելու։ Էլեկտրականությունը հաճելի դողով շարունակում էր ներսից ցնցել Սարիկի մարմինը։- Երդմնագիրը ներում է մարդանմանների կանանց ու նրանց անմիջական բարեկամներին՝ ծնողներին, քույր-եղբայրներին։
Ահա և փրկությունը։ Փրկությունը Մանեի դեմքի շփոթված արտահայտության տեսքով։ Հևիհև շնչառության ու ձեռքից հոսող քրտինքի տեսքով։ Մանեն խառնվեց իրար, շամպայնից մեծ կում արեց ու մյուս ձեռքը տարավ մրգերին։
– Բայց ես… բայց ո՞նց։
– Ինձ համար էլ դժվար կլինի։ Չգիտեմ, դժվար կլինի, երևի քեզ համար էլ,- ասաց Սարիկը՝ չնկատելով, որ Մանեի ձեռքն արդեն կիսով չափ օդում է պահել,- բայց ես կօգնեմ քեզ։ Դու կգաս այստեղ, կապրես քաղաքի ամենամեծ տներից մեկում,- նա ձեռքի շարժումով ցույց տվեց տունը,- կունենաս սպասավորներ ու անսպառ ազատ ժամանակ։ Իսկ ձերոնց առանձին տուն կտան։ Իհարկե, որոշակի կասկածներ կլինեն Խորհրդի մոտ, բայց ես բոլորին կասեմ, որ մենք վաղուց ենք նշանված։
Մանեն խոր շունչ քաշեց ու նայեց վերև։ Հետո հիշեց ու նորից հայացքը հառեց Սարիկին։
– Սար, բա Շուշա՞նը։
Սարիկը չհասցրեց պատասխանել, որովհետև հեռու հեռվից ատրճանակի կրակոցների բարձրության ձայն էր գալիս։ Գլուխը դնգդնգում էր։ Նա բացեց աչքերը. խավար էր, մի պահ նրան թվաց, թե մութ սենյակում է, և շուտով իր հերթն է որպես գերի, որին պիտի տանջամահ անեն հարցաքննելուց հետո։ Բայց բազուկը թրթռաց, և նա թեթևակի բարձրացրեց գլուխը։
– Սարի՞կ։ Սարի՛կ, վեր կաց, բոլորը ժողովի են, քեզ են սպասում։
Սարիկը երկու անգամ ուժեղ կկոցեց. աշխարհն ավելի պարզ գույներ ստացավ, և նա տեսավ Մանեին՝ դեմ դիմաց կանգնած, ձեռքին թղթապանակ, գրիչ, մյուսին՝ սուրճի մանուշակագույն բաժակը։ Կիսաբաց պատուհանից փչող քամին Սարիկին էր հասցնում փոշու, գարնան ու կանաչի հոտերը։ Նա մի կերպ պոկվեց աթոռից։
– Քնե՞լ էիր, Սարիկ։
– Եկա։
Մանեն շրջվեց ու քայլեց հեռու։ Գրասեղանին դրված իրերը՝ փոշոտ, փոքր ու ճղճիմ, սրտխառնոց էին առաջացնում։ Թղթեր, գրիչներ ու անթիվ անհամար լարեր՝ թունավոր օձի պես իրար մեջ գալարվող։ Գրասենյակում միայն Սարիկն էր։ Նա փակեց համակարգիչը, դրեց թևի տակ ու ծուլորեն առաջ քայլեց՝ ձեռքում խնամքով ծալելով ձեռագիր թղթի կտորը, որի վրա ինչ-որ օրենքներ էին համարակալված։
Նա գրպանեց թուղթը, ուղղեց մեջքն ու դուրս եկավ գրասենյակից։

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *