Ֆեյ Դաո | Պատմություն աշխարհի վերջի մասին

Երբ մայրս երիտասարդ էր, հորս ասել էր, որ չի ամուսնանա նրա հետ, եթե նույնիսկ նա աշխարհում մնացած վերջին տղամարդը լինի: Այդ խոսքերը խորապես վիրավորել էին հորս: Նա իր վիշտը վերափոխեց ուժի և ոտքի կանգնեց՝ ի վերջո դառնալով տիեզերքի տեխնիկական սպասարկման մշտական աշխատող, մարդ, որ տասնյակ հազարավոր ոտնաչափ հեռավորության վրա՝ երկնքում, ի կատար էր ածում հեռավոր մարդկության, հեռավոր երկրի և իմ հեռավոր մոր հույսերը:
Հետո, երբ հայրս ասաց աշխարհում մնացել էր վերջին տղամարդը, մայրս ամուսնացավ նրա հետ:
Երբ հայրս ընկերակցում էր աստղերին այդ մռայլ, կլաուստրոֆոբիկ տիեզերական կայանում, իր գործից բացի՝ բոլոր ջանքերը ներդրեց մորս հանդեպ ատելությունը վառ պահելու համար՝ երդվելով, որ մնացած կյանքում այլևս ոչ մի կնոջ չի սիրի: Հետո հայրս վերադարձավ երկիր և ամուսնացավ նրա հետ, որովհետև այդ ժամանակ մայրս աշխարհում մնացած միակ կինն էր:
Նրանք այլընտրանք չունեին:
Ոչ վաղ անցյալում մարդկությունը գաղափար չուներ, որ ինքը ոչնչացման շեմին է: Այդ կույր լավատեսության պատճառով՝ աղետից առաջ մարդիկ ամենևին պատրաստ չէին:
Անհետացումները տեղի էին ունենում որոշակի մեթոդով, հետևողականորեն: Վիճակագրության համաձայն՝ անհետանում էին մարդկանց հետևյալ տեսակները՝ Ամեն բանի ընդունակներ, Ոչ մի բանի պիտանի չեղողներ, Հերոսներ, Չարագործներ, Ցնցող գեղեցկություն ունեցողներ, Սոսկալի տգեղներ, Համաշխարհային միլիարդատերեր, Փողոցի մուրացկաններ…
Ըստ էության՝ որտեղ մարդիկ կային, անհետանում էին: Դա հա- վասարապես վերաբերում էր բոլոր բնակիչներին, որոնք մարմնավորում էին բարու և չարի անաչառ նախասկիզբը խախտող ինչ-որ բան: Տարիներ շարունակ մարդկությանն անհանգստացնող հիմնախնդիրը՝ բնակեցվածության հետ կապված, կարծես թե հիմնարար լուծում էր ստացել:
Տարիներ շարունակ Աստծուն անհանգստացնող՝ մարդկության հիմնախնդիրը կարծես թե հիմնարար լուծում էր ստացել: Հազիվ թե արժե հիշատակել այդ ամենին հաջորդած խուճապի մասին: Դա միայն քաոսի մի պահ էր աշխարհի վերջին օրերից առաջ: Մարդիկ սիրում էին այսպես նկարագրել դա. Այսինչը «չքացել է»: Դա պարզ բնորոշում էր, և իմաստն էր պարզ՝ ամեն ինչ կատարյալ է: Ոմանք ասում էին, որ Աստված սկսել է աշխարհը մաքրելու աշխատանքը: Մյուսներն էլ կարծում էին, թե օտարերկրացիներն առևանգում են մարդկանց ինչ-ինչ պատճառներով, գուցե ստրկական աշխատանքի համար: Ոմանք էլ, որ մի քիչ ավելի հարուստ երևակայություն ունեին, կարծում էին, թե ավելի բարձր մի քաղաքակրթության ներկայացուցիչներ իրենց սիրելի երկրաբնակներին ուղարկում են ավելի կատարյալ մի կենսատարածք, որտեղ նրանք ապրելու են ավելի բարձր ու վսեմ կյանքով: Բայց դա չափազանց անբնական, մտացածին մի բան էր, այնպես որ՝ ոչ ոք ուշադրություն չէր դարձում այդ ամենին:
Աշխարհը դարձավ հանգիստ ու խաղաղ: Մարդիկ դադարեցրին բոլոր պատերազմները: Պատմության մեջ առաջին ու նաև վերջին անգամ նրանք միավորվեցին ընդդեմ ընդհանուր թշնամու՝ վճռելով վերջ տալ այդպիսի արգահատելի վարքագծին: Բոլոր միջոցները ներդրվեցին այդ նպատակի համար: Երկրագնդի ամբողջ բնակչությունը կազմակերպվեց: Աշխարհի բոլոր անկյունների ակտիվ գրողներից բացառիկ մի խումբ ձևավորվեց, և այդ գրողներն ստեղծեցին բազմաթիվ գործեր, որ ներկայացնում էին վերջին օրերի տրամադրությունները և մարդկային մշակույթի միայնակ վախճանը: Այդ մարդկանց մեծամասնությունը շուտով չքացավ՝ շատ անավարտ գործեր թողնելով դարերին: Փիլիսոփաներն օգտագործում էին ամեն մի վայրկյանը: Խուճապի մեջ չիմանալով, թե երբ կչքանան առանց որևէ հետքի, նրանք շտապում էին հիմնադրել ու սահմանել ով գիտե ինչքան և ինչպիսի թարմ և նոր տեսական համակարգեր: Փիլիսոփաներից և աստվածաբաններից ոչ ոք չէր հետաքրքրվում, թե ինչպես էին մարդիկ այդուհետ գոյատեւելու: Նրանք կենտրոնացած էին այն բանի վրա, թե ինչպես մարդիկ չէին գոյատևելու: Իհարկե, ամենից գործնականը և ամենից հարգանքի արժանին գիտնականներն էին: Նրանք միավորեցին աշխատողների մնացած զանգվածներին եւ զարմանալի արագությամբ ստեղծեցին Համաշխարհային ինքնասպասարկման գոյատևման համակարգ (ՀԻԳՀ)՝ նպատակ ունենալով ինչ-որ կերպ փրկվածների ու վերապրածների համար պայմաններ ապահովել, որպեսզի նրանք կարողանան շարունակել գոյատևել եւ ամեն բան տանել իրենց ուսերին՝ հուսալով, որ մարդկային քաղաքակրթությունը կարող է վերադառնալ, ինչպես Դունշանի ճգնավորն է վերադառնում աշխարհիկ կյանքին:
Այն օրը, երբ այս նախագիծը ավարտվեց, մոլորակի վրա մոտ հիսուն գիտնական էր մնացել: Նրանք արտասվում էին՝ խորապես հուզված: Միայն այդ ժամանակ մարդիկ հասկացան, թե ինչ է նշանակում միահամուռ համամբվել բազմաթիվ դժվարությունների դեմ: Միավորվեցին պայծառ մտքի տեր տասնյակ և միջակ ունակության տեր հարյուրավոր մարդիկ: Ափսոս, որ այդ միջազգային առաջադեմ ոգին փոքր-ինչ ուշ միավորեց մարդկանց: Այլապես կյանքը մի քիչ ավելի հիասքանչ կլիներ: Այդ երեկո երբ հերոսները վճռականորեն որոշեցին առաջ շարժվել և գիշեր-ցերեկ հսկողության տակ պահել ամեն բան, որպեսզի տեսնեն, թե արդյո՞ք իրենց ընկերներից մեկնումեկը կարող է անհետանալ խիստ ուշադիր հսկողության պայմաններում:
Հաջորդ առավոտյան բոլոր հիսուն հերոսներն էլ անհետացան:
Դա մեծ վիշտ պատճառեց ժամանակի բոլոր մարդկանց: Բոլորն անհուն մի դառնություն էին զգում մարդկային արժանապատվության հանդեպ այդ թշնամանքից: Քննարկումների միջոցով նրանք որոշում կայացրին ՝ մի վերջին ջանք գործադրել դիմակայության համար: Մնացած տասը հազարի չափ մարդիկ հրաժարվեցին անձնական կյանքի գաղտնիությունից ՝ օգտագործելով ՀԻԳՀ-ի տեսախցիկները, որոնք ընդգրկում էին ամբողջ տարածությունը եւ մշտապես հետևում ու հսկողության տակ էին պահում նրանց: Նրանք օգտագործելու էին այդ համակարգը՝ արձանագրելու յուրաքանչյուր մարդու կյանքի ամեն րոպեն, ամեն վայրկյանը, եւ նկատի ունենալով, որ կլինեն մարդիկ, ովքեր չեն անհետանա, ենթադրում էին, որ կմնան մարդիկ, ովքեր կդիտեն տեսագրությունը:
Նրանք պետք է տեսնեին և հասկանային, թե իրականում ինչպես են մարդիկ չքանում:
«Նույնիսկ եթե մեռնենք, պետք է հասկանանք ինչպես»,- մտածում էին բոլորը:
Եվ այնժամ, ակնթարթորեն,- դժվար է ճշգրիտ ասել, թե երբ,- տասը հազարի չափ մարդիկ բացարձակապես չքացան:
Կյանքն այնքան դաժան է. վերջում ձեզ ստիպում է պարզապես անձն ատուր լինել:
Այդ ժամանակ աշխարհում մնացել էին միայն մեկ տղամարդ և մեկ կին: Թվում էր՝ աղետը դադարել է:
Երկուսն էլ գոնե բնական մահով մահացան, ոչ թե չքացան:
Կարող եք ասել, թե երկրի վրա մնացած վերջին տղամարդ ու կին զույգի համար մի փոքր ավելի հեշտ էր, քան Ադամի եւ Եվայի համար՝ նրանց օրերում: Առնվազն գոնե կար անհավանական ՀԻԳՀ-ն, որ նրանց կարող էր հագուստ ու սնունդ տալ առանց որևէ դժվարության: Այդ տեսանկյունից հնարավոր էր, որ քաղաքակրթությունը, թեև վերջին ծանր շնչում, դեռ չէր հասել իր վերջնական սահմանագծին: Շատ դժվարություններ ծագեցին անհետացումների պատահական տեղաբաշխման պատճառով: Հատկապես մարդկային ռեսուրսների ոլորտում, օրինակ, սարսափելի շատ դժվարություններ կային: Գրեթե անհնար էր որևէ մտահղացում հանգեցնել վերջնական անսխալ իրականացման: Սա շատ մտահոգիչ խնդիր էր: Հետագա վերլուծության ենթարկելիս այս հիմնախնդրի հարուցած ամենացավալի արդյունքն այն ժամանակ հետևյալն էր: Քաոսային, անկանոն կառավարման պատճառով հայրս տիեզերքում գրեթե կորել էր տեսադաշտից: Եթե չլինեին որոշակի պահի որոշակի իրավիճակում պատասխանատու անձինք, ովքեր հետագայում ինչ-որ պատճառներով անսպասելիորեն մտածում էին ինչ-որ բաների մասին, ապա որոշակի հանձնարարություններ տալիս, որոնք կարողանում էին հանգեցնել որոշակի ճիշտ արդյունքների ձեռքբերման, հայրս անկասկած լքված կլիներ տասնյակ հազարավոր ոտնաչափ բարձրության վրա՝ ընկե- րակցելով աստղերին տիեզերքի սառն անսահմանության մեջ, մարդկության վերացման նախաշեմին: Իհարկե, եթե դա տեղի ունենար, ապա կարող էր սփոփանք լինել նրա համար:
Ի վերջո, նա վերադարձավ երկիր:
Հայրս, հենց որ պարկուճի դուռը բացեց, տեսավ ՀԻԳՀ-ի ավտոմատ սարքավորումը: Անօդաչու թռչող սարքեր, անվարորդ էքսկավատորներ, ինքնագնացներ ու փոխադրամիջոցներ, ավտոմատ ջեռուցիչներ, ավտոմ ատ կերպով բերք հավաքող մեքենաներ, ավտոմատ մերսող, ավտոմատ կերպով համբուրգեր պատրաստող մեքենաներ և ամեն տեսակ նման բաներ, որ ետուառաջ էին անում՝ աշխատելով հանգիստ, անշտապ, ասես ոչինչ էլ չէր պատահել:
Ծաղկեփնջեր կամ ծափահարություններ չեղան: Մեկ մարդ իսկ չկար, որ ուշադրություն դարձներ նրա վրա:
Թվում էր, որքան որ աչքը կարող էր տեսնել, անսահման երկնքի ներքո, ծովերով սահմանափակված ամբողջ ցամաքը անխռով ու ներդաշնակ, խաղաղ ոսկեդարում է գտնվում: Ամբողջ աշխարհը բ ացարձակապես անբիծ էր ու անարատ: Եվ միակ բանը, որ կարող էր ստիպել աշխարհն ամայի անվանել, այն էր, որ մեկ մարդ անգամ չէր երևում:
Ավելի ուշ, վիթխարի համակարգչի առջև, որը կառավարում եւ վերահսկում էր ամբողջ ՀԻԳՀ-ն, հայրս դողացող շուրթերով հարցրեց. «Ասա ինձ՝ ես վերջի՞նն եմ»:
Համակարգիչը կայծակնային արագությամբ զննեց ամբողջ երկրագունդը և ցածր ձայնով պատասխանեց, որ հայրս վերջին մարդը չէ: Նա զուգընկեր ուներ:
Հայրս գտավ մորս և ամուսնացավ նրա հետ:
Չնայած մի ժամանակ ամենաչար եւ քինոտ խոսքերն էին նետել իրար երեսի, հիմա, երբ աշխարհում մնացել էին միայն երկուսով, հասկացան, որ այլևս եnμեք չեն կարող լքել իրար: Նրանք պետք է միանային: Դա պարտականություն էր և պարտավորություն, բայց նաեւ նրանց հոգու խորքից ծնված անհրաժեշտություն էր:
Այդ պահից ի վեր նրանք հազվադեպ էին խոսում: Կարողանում էին համաձայնության գալ ցանկացած բանի շուրջ՝ պարզապես լուռ նայելով միմյանց: Նրանք ապրեցին միասին. դա նախասահմանված էր երկնքի կողմից:
Գյուղական վայրում կիսավեր մի եկեղեցի գտան, հագան իրենց տոնական պատշաճ զգեստները: Ոչ ոք չկար այդտեղ, որ հարց տար նրանց: Պարզապես նայեցին իրենց առջև վեր խոյացող խաչին եւ արտաբերեցին այս երկու բառը՝ «Համաձայն եմ»:
ՀԻԳՀ-ի օգնությամբ եւ պաշտպանությամբ՝ շրջեցին ամբողջ աշխարհը: Նիագարայի ջրվեժից մինչեւ աֆրիկական անապատներ, բուրգգերից մինչեւ Մեծ պարիսպ, Լուվրից մինչեւ Էմփայր սթեյթ բուլդինգ: Նրանք ունեին և՛ ժամանակ, և՛ եռանդ՝ թափառելու դատարկ երկրագնդով մեկ: Անօդաչու ինքնաթիռներով կտրեցին անցան լեռնագագաթներ և օվկիանոսներ՝ մեն-մենակ թռչելով շերտավոր ամպերի միջով, անսահման պայծառ լույսին ընդառաջ:
Այդ անվերջ մեղրամիսն այնքա՜ն ազատ էր ու անհոգ եւ այնքա՜ն թախծալի: Օրվա ընթացքում միշտ միմյանց ձեռք էին բռնում, իսկ գիշերները քնում էին իրար գրկած: Մեկ վայրկյան իսկ չէին լքում իրար՝ համակված նախնական մի վախով, թե անփութության ու անուշադրության մի պահի այլևս երբեք չեն կարողանա տեսնել միմյանց: Նրանք միայն պետք է ապր եին կամ մեռնեին միասին՝ կտրականապես դեմ լինելով, որ իրենցից մեկնում եկն անհետանար եւ մյուսին թողներ անասելի վշտի մեջ:
Ուրիշ ոչ ոք չունեին, որին կարողանային ապավինել: Նրանք կախված էին մեկը մյուսից: Ինձ ծնունդ տալուց հետո մայրս ընկավ հետծննդաբերական դեպրսիայի մեջ: Մի օր նա զգաց, որ այլևս հորս կարիքը չունի: Եnμ հայրս քնած էր, նա թողեց այն ձեռքը, որ բռնել էր այդքան երկար տարիներ, վեր կացավ ու գնաց: Նա երկար ճանապարհ անցավ, կտրեց զարկերակը եւ հանգիստ պառկեց:
Հայրս գտավ մորս և թաղեց նրան:
Այդ պահից հայրս այնքա՜ն դժբախտ էր: Երբ գրկում էր ինձ, երբեք չէր ժպտում: Իհարկե, նա դաժան մարդ չէր: Երբ ես սկսեցի հասկանալ ամեն բան և կարող էի ինքնուրույն սովորել ու գործել, հայրս մեկ գիշերվա մեջ անճանաչելիորեն ծերացավ:
Նա մահացավ՝ ամուր բռնած իմ ձեռքը, ասելով, որ երբեք իր ապրած կյանքում մորս հանդեպ ատելություն չի ունեցել: Նա սիրում էր մորս: Հիմա նրանք հանգստի գրկում են և ինձ մենակ են թողել, ամբողջովին մենակ: Երբեմն մտածում եմ, թե միգուցե Աստված այլեւս չէր կարող տեսնել մարդկային աշխարհում տիրող ամբողջ ատելությունը, դրա համար էլ խնդրեց բոլոր կողմնակի մարդկանց մի կողմ քաշվել մի պահ՝ թողնելով միայն հորս ու մորս, որպեսզի սովորեն, թե ինչպես պետք է համակերպվեն կյանքի հետ:

Թարգմանությունը անգլերենից՝ Խորեն Գասպարյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *