Առաքել Սեմիրջյան | Զանգ

Ձմեռվա մեջ պարփակված ցավը հալվում էր գարնան արևի նախնական ճառագայթների շոյոցից։ Ցավը ոչ մի կերպ չէր ուզում թողնել, կարծես ութոտնուկ լիներ, որ իր բոլոր լպրծուն թևերով ամուր կառչած լինելով, չէր ուզում պոկ գար։
Նա անդադար զանգում էր մեկին, որ գիտեր՝ վաղուց չկա, սակայն էլի չէր հանձնվում ու շարունակում էր զանգել․- մեկ էլ տեսար հեռախոսի մյուս ծայրից պատասխանեց։
Զանգերը գնալով ավելի անձայն էին հնչում, ինչպես լսողության ստուգման սարքերը, որով որոշում են որքան է ծերացել ականջի թմբկաթաղանքը, սակայն ականջի խորքերի հեռավոր անկյունում դեռ կարելի էր լսել զանգի ծլնգոցը։
Կարևորը զանգի ձայնի լսելը չէր, այլ թե արդյոք մյուս կողմից մեկը կվերցնի՞ հեռախոսը, թե՞ չէ, սակայն չեղած տեղը զանգի գուդոկներն էլ էին ինչ-որ սփոփանքի թուլյ թրթիռներ առաջացնում։
Արդյոք այդքան վատ լուրեր լսած ականջները այլ ելևեջնե՞ր էին տենչում, արդյոք այդքան մահ ու սեր տեսած աչքերը մի փոքր էլ ա՞յլ բան էին ցանկանում տեսնել, արդյոք այդքան արագ բաբախած սիրտը մի քիչ էլ կանգնե՞լ էր ուզում։
Օրըստօրե զանգերը վերածվում էին ծիսակատարման ու ամսաթվի մեջ գեթ մի թիվ չէր մնացել, որի վրայով նրանք անցած չլինեին։
Օր կար մի քանի անգամ էր զանգում, օր կար ընդամենը մեկ, սակայն 20 ծլնգոցից պակաս երբևէ չէր եղել որ պահի։
Անվերջանալի թվացող զանգերի 17-րդ տարում, 17-րդ զանգի վրա, մարտի 17-ին մեկ էլ ինչ-որ մեկը հեռախոսը վերցրեց։
Դա հաստատ եմ հիշում, քանի որ մատներով էի հաշվում զանգի գուդոկների քանակը, որովհետև ստիպված չեղա 20-ը լրանալուց հետո հեռախոսը անջատել։
Ոչ մի բառ չլսվեց, սակայն հստակ լսվում էր շնչառության ձայնը։ Ես էլ որևէ բառ չարտաբերեցի։ Ինձ այդ շնչառությունը հերիք էր հետագա կյանքիս համար։
Էդ օրվանից սկսած իմ կողմից հավաքվող զանգերը դադարեցին, սակայն ամեն օր արդեն՝ շուրջ 17 տարի, ես ստանում եմ զանգեր ու դրանց չեմ պատասխանում, իսկ նա հաստատ գիտի, որ կապ չունի՝ ես կա՞մ, թե՞ չկամ՝ միևնույն է մի օր ես այդ զանգին պատասխանելու եմ։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *