Մի ծառը նման է մյուսին, բայց ոչ այնքան: Մի վարդակակաչը ասես կողքինը լինի, բայց ոչ ամբողջությամբ: Քիչ թե շատ մարդկանց նման՝ ընդհանուր ուրվագիծ, բայց ապշեցուցիչ անհատական նրբագծեր: Ողջո՛ւյն, Թոմ, ողջո՛ւյն Էնդի: Ողջույն, Արչիբալդ Մանուշակ և Քլարիսսա Զանգակածաղիկ: Բարև՛, Լիլիան Ուռեբի և Նոյ՝ կաղնին, որին գրկել ու համբուրել եմ ամեն գարնան առաջին օրը նախորդ երեսուն տարվա ընթացքում: Եվ ի պատասխան՝ նրա հազարավոր տերևները դողդողում են: Ի՜նչ կյանք ունենք: Մի՞թե աշխարհում էլ ոչ ոք չի ուզում վեր կենալ
գիշերվա կեսին
ու երգել
_______
Ամենասկզբում այնքան երիտասարդ էի ու ինքս ինձ չճանաչող, որ հազիվ գոյություն ունեի: Ստիպված էի լինում դուրս գալ, տեսնել ու լսել աշխարհը, արձագանքել նրան նախքան առհասարակ կիմանայի՝ ով էի, ինչ էի, ինչ էի ուզում լինել: Վորդսվորթն ուսումնասիրել է ինքն իրեն ու առարկան զարմանալի համարել: Իրականում նա ուսումնասիրել է իր հարաբերությունը բնական աշխարհի ներդաշնակությունների և աններդաշնակությունների հետ: Հենց դա էլ հուզմունք է առաջացրել:
_______
Ես ամբողջ օրը քայլում եմ դրախտին հարակից դաշտում:
_______
Եվ ով որ մտածում է՝ այս բառերը, որ գրում եմ, արժանի ու շնչող են, բարի է: Գրելը ո՛չ գունագեղ կյանք է, ո՛չ հլու արտեֆակտ, այլ մի տեքստ, որ իր ողջ կարողությունը կդներ առաջարկության հույսի վրա: «Արի՛ ինձ հետ արևածաղիկների դաշտ»-ը ավելի լավ տող է, քան ցանկացած այլ բան, որ այստեղ կգտնես, իսկ արևածաղիկները շատ ավելի զարմանահրաշ են, քան նրանց մասին ասվող ցանկացած բառ:
______
Ամբողջ մի գարնանային օր քայլեցի հոսանքն ի վեր՝ ծածանքների միջով, երբեմն էլ՝ ափով: Մանուշակները, դիցենտրաները, քլայտոնիաները, տրիլլիումները, սանգվինարիաները ընկերակցում էին ինձ, մինչ ձարխոտերը այնպես ոլորուն էին բարձրանում, որ կարելի էր զգալ նրանց մարմինների վրա դեպի վեր ձգվող նրբագեղ մազերը: Ծնողներս հոսանքն ի վար էին՝ ինձնից ոչ հեռու, ապա ավելի հեռվացան, որովհետև սխալ ուղղությամբ էի քայլում. հոսանքն ի վեր, ոչ թե վար: Ի վերջո՝ օգնության թեժ գծով հաղորդեցին իմ մասին, իսկ ահա ես ուրախ-ուրախ անցնում էի առվի զովության միջով: Ուրեմն գուցե հենց դա էր ճիշտ ճանապարհը: Եթե սա էր կորչելը, ուրեմն թող բոլորս և միշտ կորած լինենք: Հաճարենու տերևները նոր-նոր վայր էին գցում իրենց պղնձե վերարկուները. բաց կանաչ և դոդողուն նրանք մուտք էին գործում նոր տարի: Սիրտս նորից ու նորից բացվում էր: Ջուրը դիմադրում էր իմ ջանքերին, ապա իր ապակե՝ առաջ անցնելու թույլտվությունը հպվում էր կոճերիս: Դեպի աղբյուրը գնալու զգացողությունը:
Չեմ կարծում, որ իրականում երբևէ վերադարձա տուն:
_______
Արդյո՞ք կա մի բան, որն անքակտելի պարաններով կապված չէ մնացած ամեն ինչին: Ոլոռներն ու հացահատիկները ցանիր, երբ լիալուսին է, այլապես կարող ես ձախողել: Սա հասկացվել էր ինչ ցանքը սկսվել էր: Սերմի ուշադրությունը լուսնի հմայքին, կարծում եմ, չափելի է ինչպես մոլորակի թեքությունը: Կամ գուցե և ոչ: Գուցե պիտի ավելացնես ժամից, եզակի դաշտից կամ էլ ցանկ անողից պատրաստված անչափելի բաղադրամասը:
_______
Երևակայությունումս պարզ ապրում է այն, որ սև կաղնին ուրախ է սև կաղնի լինել: Նկատի ունեմ՝ նրանք բոլորը, բայց հատկապես մի ծառ, որ տանում է Բլեքվոթըր, որ ծաղկի պես գեղեցիկ ձև ունի, և որ հաճախ եմ գրկել ու շուրթերս հպեր նրան: Գուցե հարյուր տարեկան է: Եվ ով գիտի՝ ինչի մասին է երազել որ կյանքի առաջին գարունների ընթացքում՝ խուսափելով անտառային նապաստակների ատամներից կամ այլ վտանգներից: Ով գիտի՝ երբ է գերագույն համբերատարությունը հաստատվել, և քամու՝ տերևներով անցնելը բավարար շարժում ու ճամփորդություն է եղել:
_______
Կամաց-կամաց տատրակների տարածքներից անցա քլայտոնիաների մոտ: Նրանից հասա տրիլլիումներին: Հետո՝ սանգվինարիաներին: Ապա մուգ ձարխոտերին: Այնուհետև պարկեսիաների վայրի երաժշտությունը:
______
Երբ լայնաթիկունք, մորթածածկ արջը հիվանդանում է, ճամփա է ընկնում լեռնալանջերով և դաշտերով՝ փնտրելով հատուկ խոտեր, ծաղիկներ, տերևներ և բույսեր, որոնք բուժիչ ուժ են կրում: Նա ուտում ու կազդրուրվում է: Կարո՞ղ ես դու, ա՛յ խելացի, այսպես անել: Ինչ-որ բան գիտե՞ս ապրելավայրիդ մասին, թե այն ինչ է առաջարկում: Երբևէ ասե՞լ ես. «Պարոն Արջ, սովորեցրո՛ւ ինձ: Ես եկող մահվան հաճախորդն եմ, և քեզ մի կճուճ մեղր ու արևմտյան բլուրների տւոնս կտամ միայն թե իմանամ՝ ինչ որ գիտես:
______
Պարկեսիաներից հետո միայն լռություն էր:
______
Միանգամից հասկացիր այս հստակությունը: Թիթեռները գրքեր չեն գրում, ոչ էլ շուշանները կամ մանուշակները: Ինչը չի նշանակում, որ նրանք իրենց ուրույն կերպով չգիտեն, որ գոյություն ունեն: Որ չգիտեն՝ իրենք կենդանի են, որ չեն զգում. այն գործողությունը, որի վրա հենվում է ողջ գիտակցությունը՝ թեթևությամբ կամ ծանրությամբ: Համեստությունը տերև-աշխարհի պարգևն է: Սնափառությունը մեր՝ մարդկանց անեծքն է:
_____
Երբեմն վերստին կորչելու տենչը հայտնվում է ինձ պատրանքի պես: Չափահասության հետ պատասխանատվությունները կլանեցին ինձ ծանր վերարկուների պես: Ես չէի ընտրել նրանց, չեմ մեղադրում հիմա, բայց ինձնից ժամանակ պահանջվեց նրանց մերժելու համար: Այժմ ծնկի եմ գալիս առկավկում, դեմքս խոնարհում մանուշակների փնջերի, խոնավության, թարմության, անընդհատության զգացողության մեջ: Գիտե՝ ինչ-որ բան այն չէ, եթե ուշադրությունս հավերժությանը չեմ պահում: Թող ամենափոքրիկ մեխը լինեմ տիեզերքի տան մեջ. փոքրիկ, բայց օգտակար: Թող հավերժ մնամ այս հոսանքում: Թող մեծագույն հարգանքով նայեմ հողմածաղկին, հասարակ տատասկին և քորեոփսիսին:
_______
Սովորեցրե՛ք երեխաներին: Մենք այնքան էլ կարևոր չենք, բայց երեխաները կարևոր են: Նրանց ցույց տվեք երիցուկներն ու բացագույն երնջակները: Սովորեցրեք սասսաֆրասի և մշտականաչների համը: Վելլելաների, փիփերթի, չմշկածաղկի կյանքերի մասին: Ինչպես նաև կայտառների՝ կանադական ձմեռային հատապտղի, թելուկ սպիտակի և հապալասի մասին: Նաև բուրավետների՝ հազրեվարդի, օրեգանոյի: Տվեք՝ անանուխ դնեն գրպանների մեջ դպրոց գնալիս: Նրանց դաշտերն ու անտառները տվեք, և աշխարհի հնավորությունը՝ փրկված եկամտի մագնատներից: Կանգնեցրեք նրանց հոսանքի մեջ, ուղեկցեք հոսանքն ի վեր, ուրախացեք մինչ նրանք սովորում են սիրել այս կանաչ աշխարհը, որտեղ ապրում են, դրա փայտերն ու տերևները, և հետո էլ այն լուռ, գեղեցիկ ծաղկունքը:
_______
Ուշադրությունը նվիրվածության սկիզբն է:
Թարգմանությունը անգլերենից՝ Անահիտ Ղազախեցյանի