Արեգ Բագրատյան | Ֆեյք լուրեր են

– Գրիր, որ մոռանաս:
– Հիշի, որ պատմական ժամանակներում ես ապրում. թոռներիդ պատմելու լիքը բան կունենաս:
– Չկորես, հետներս խոսա հանգիստ:
Chat GPT-ն ու մտերիմների չատերը նույն խորհուրդն են տալիս: Պատերազմի ու դրանից դուրս գալու մասին արհեստական ու բնական բանականությունները մի կարծիքի են: Լավ, արժի մի բան բզբզալ:

– Հլը Թեհրանում ե՞ս:
– Ի՞նչ կա, չեք մեռել, չէ՞: Լավ, ուրեմն, ես հելա, խառն եմ, հետո կխոսանք:
– Ինչի Թեհրանո՞ւմ ես:
– Անջատի քեզ, բան չկա, մի խորացի:

Գիշեր: Բոլորը փակել էին աչքերը: Էս ամառվա շոգին՝ ամպրոպի ձե՞ն: Վատ չի, մի քիչ կհովանանք: Հետո՝ ինչ-որ անհասկանալի նամակներ: Օրվա այդ ժամին հիմնականում արևմտյան կիսագնդում են արթուն, իսկ արևելյան կիսագնդում արթուն են բարձից անհարմար վիզը գցած ու ցավից քունները կորցրած մարդիկ: Համենայն դեպս, մի նամակ՝ աշխարհի արևմտյան հատվածից, մեկն էլ՝ արևելյան: Դրանից հետոն հիմնականում անհետաքրքիր է ու նման բոլոր ժամանակների բոլոր պատերազմներին: Հասկանալ իրականությունը, ուտել, կենտրոնանալ, գնել պաշար, ուտել, հետևել լուրերին, ուտել, մոտ տեղում պահել առաջին անհրաժեշտության իրերը, ուտել ու նման բաներ:
– Պատերազմ ա՞:
– Շա՞տ են խփում:
– Դե դուք ապահով տեղ եք, չէ՞:
– Ձեզ մո՞տ ա:
– Չէ, ժողովուրդ, ամեն ինչ նորմալ ա: Ֆեյք լուրեր են:
Մեդիատեռորի ու ֆեյք լուրերի մասին վերջին տարիներին այնքան շատ է խոսվում, որ առանց երկար-բարակ մտածելու՝ արհեստական դարձած բնական բանականությամբդ դիմում ես քիչ թե շատ հավատալի այդ հնարքի օգնությանը:

Քաղաքն աստիճանաբար կամ միանգամից դատարկվում է: Չգիտես՝ միանգամից էր, թե աստիճանաբար, որովհետև առաջին օրերին քաղաքին բնորոշ խցանումներն էին, որ կոչի թերաֆիք: Հետո՝ արդեն դատարկ փողոցներ ու խալվա՜թ: Դատարկ փողոցներով երթևեկելիս առաջին մի քանի օրերին առնում ես մյուս օրերի խցանումներից ազատված լինելու հաճույքը՝ լազզա՜թ: Բայց հետո հանկարծ զգում ես, որ շուրջդ մի տեսակ ապոկալիպտիկ իրականություն է: Մի քանի մեքենաներ, անընդհատ քչփորվող աղբամաններ, ագռավներ, բոլորը՝ իրենց հատուկ ձայներով: Դատարկ փողոցներով երթևեկելիս հանկարծ հասկանում ես, որ նման խտությամբ քաղաքները դատարկվում կամ պետական արձակուրդների կամ էլ պատերազմների պատճառով, ու երկուսի դեպքում էլ դատարկությունն ավելի ակնհայտ է դարձնում մարդու մենությունը: Բայց նման մտքերը կարելի է հեշտությամբ ցրել, հեռացնել քեզնից՝ ասենք կարդալով պատերազմի մասին վերջին նորությունները՝ նախագահները հեռախոսազրույց են ունեցել, արտաքին գործերի նախարարը հանդիպումներ է ունենում: Հիշեմ՝ սրանք տեղեկանքներում էլ գրեմ:

Մի քանի օր հետո հրթիռակոծության ձայները հեշտորեն տարբերում ենք դրանք խոցող ՀՕՊ համակարգերի ձայներից: Անգամ դրանց օտարալեզու անուններն ենք հիշում, իսկ սովորական դարձած ժամերից հենց մի քիչ ուշանում է, իրար ենք խառնվում՝ մի բան եղած չլինի. ժամը 8-ն անցավ, չխփին:

– Տղերք, եկեք խմենք մեր համար անհանգստացողների կենացը: Բոլորս էլ մի տեսակ մեղքի զգացում ունենք իրենց հանդեպ:
– Դուք է՞լ էս օրերին չեք կարողանում ամենահարազատ մարդկանց հետ բարև-բարլուսից ավել խոսաք:
– Ասեք, որ ուրիշ զգացողություն ա, երբ կան մարդիկ, որոնց մանրամասն ամեն ինչ կպատմես, կդատարկվես, որ մյուսների մոտ շարունակես մեդիատեռորի ու ֆեյք լուրերի մասին լոլոներդ:

– Արա, էս գիշեր շատ ուժեղ էին խփում: Տունս լավ դղրդում էր:
– Դզեց, լավ էլ ձրի կարուսել ես նստել:
– Հա չէ: Հիշո՞ւմ ես՝ ոնց էինք ճամփին Ուսպենսկայայի Կարուսելը լսում: ԴԴ

– Այ բալա, հելեք եկեք, ինչ եք նստել:
– Ինչի ի՞նչ ա եղել:
– Մի ջրիկացի: Էստեղով լուրերը նայում ենք, շատ վախենալու ա: Թրամփն ա ասել՝ արագ դուրս եկեք քաղաքից: Խաղ ու պար չի էլի:

– Խո՜բ, Թեհրանը մեջից տարան: Քաղաքի մերը կրական:
– Քյասաֆաթները գոնե վիզա տված էլնեին, Ռուդեհենի տեղը Ամերիկա էրթայինք:
– Խո՜բ, ամենը թանկացեր ա: Դոլարը հելեր ա հարուր թոման:
– Դեսպանուչան թեժ գիծին ճի՞շտ եմ զանգեր: Լավ ե՜՞ք, ամենը լավ ե՜՞ն: Ձեռքներդ չցավի: Խո՜բ, չեմ սիրի ձեր ժամանակը շատ գիր անեմ: Մե հատ կարևոր հարց ունիմ: Փասփորթիս նորոգումի համար էի դիմեր, ի՞նչ վախտի կարող եք ինձի ժամ տար:
– Բարև ձե՜զ, քաղաքացիուչան համար կարո՞ղ եմ գալ:

Օրերը շարունակվում են: Մեծ գրողները օրերին սիրուն ու տեղին մակդիր կտային: Բայց դրանք սովորական դարձած օրեր էին: Նույն տեսարանը՝ հեռախոսազանգեր, նամակներ, լուրեր, տարբեր իրականություն, ամենուր՝ իրանագետներ, պրոֆեսորներ, իսրայելագետներ, դոկտորներ, ռազմաքաղաքական վերլուծաբաններ: Զանգեր, պատասխաններ, անիմաստ լուրերի անիմաստ հերքումներ:

– Ասում են՝ էս էրկու օրը կպրծնի:
– Չէ, էստեղ չեն խփել: Մենք լավ հեռու ենք:
– Արա, էս գիշեր էլի ադիբուդի ռեժիմի մեջ էինք: Փաստորեն երկու հարևան թաղերս են լավ գմփցրել:
– Ինչ վատ ա, կարուսելը կար, սալյուտն էլ՝ հետը: ԴԴ
– Ի՞նչ կա, չե՞ք մեռել: Լավ, ես հելա, գործեր ունեմ:
Օրերն անցնում են: Պիտի փորձել ցրել պատերազմի ձանձրույթը: Քերուեքի «Ճանապարհինը» շուտվանից էի ուզում կարդալ: Շատ եմ լսել, ասում են՝ լավ գործ է: Հինգ էջ, տասը էջ: Տնաշենը պարբերություններ էլ չի թողել, մարդ իմանա՝ որտեղ դադար տա: Բիթ սերունդ: Ինչ հետաքրքիր տերմին է: Ճանապարհի արքետիպը ուժեղ բան է: Չգիտեմ՝ քանի էջ կկարդամ, բայց ինչ-որ նմանություն եմ զգում Քիառոստամիի «Բալի համը» կինոյի հետ: Բայց էնտեղ ճանապարհն ու որոնումները այլ տեղ էին տանում: Եսիմ:
Ժամը ութն անցավ: Երկնիշ դարձող օրերի սովորությունն էսօր չխախտեցին: ՀՕՊ-ը տեղում է: Արժի խմել:
– Մեր կենացը:
– Բայց վատ չենք ձգում:
– Պե՞տք էր, որ հիմա «Բոհեմը» միացնեիր:

Տասներկուերորդ օրվա առավոտ: Մյուս բոլոր օրերից չտարբերվող միօրինակ առավոտ:
– Էրեխեն ծնվեց:
– Դզեեեեց: Շնորհավոր:
Վատ չի: Արդեն որոշակի փոփոխություն: Իջնեմ գործի, տեսնենք՝ ինչ կլինի: Ճանապարհին՝ մի քանի զանգ, ձայնային հաղորդագրություն՝ համապատասխան մարդկանց համապատասխան տեղեկատվությամբ:
– Աչքիս լավ բան կա, բայց հետո կասեմ՝ ճամփին ես:
– Արա՜, հասկացա: Շատ լավ ա:
Արդեն շատ լավ ա: Արժի գնալ տուն: Ճանապարհին անընդհատ լսում ես հեռվում թողած հուշերի քաղաքի մասին մայրենիով հնչող սիրուն մի երգ: Տանն էլ ռմբակոծվող քաղաքին նայող ծաղիկն էր բռնել ու ծաղկել: Տոն օրերին դատարկված քաղաքում ու տոնի առթիվ մի ռեստորանում նվեր ստացած հողի ծաղիկ էր: Ասել էի՝ ինձնից ինչ ծաղիկ պահող, ասել էին՝ ուղղակի դիր պատուհանի մոտ ու ջրիր:
Ուշ երեկոյան՝ նորից ակտիվություն արևմտյան կիսագնդից: Լուրեր, տեղեկատվության հեղեղ ու վերջում՝ կրակը դադարեցնելու վերաբերյալ բարձր քաղաքական կամք դրսևորելու որոշում և պատասխանատվություն:
– Հիմա ինչ, վե՞րջ:
– Ինչպես փաստել էինք մեր նախորդ վերլուծություններում, պատերազմը ունի երկու ելք. կամ կավարտվի կարճ ժամանակում, կամ էլ կարող է ձգվել բավական երկար: Այս անգամ էլ չսխալվեցինք: Կեցցե՛ մեր վերլուծական միտքը: Հետևեք մեր ֆեյսբուքյան, տելեգրամյան ու տիկտոկյան լայվերին:

Փաստորեն վերջ: Վերջ, որովհետև առավոտը էրեխեն ծնվել էր: Վերջ, որովհետև պարզել էինք՝ լավ բան ա եղել, ու առանց ավել-պակաս խոսքի՝ իրար հասկացել: Վերջ, որովհետև ծաղիկը բռնել էր ու ծաղկել:

Share Button

Նշանաբառ՝

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *