Խուլիո Կորտասար | Երկրորդ անգամ

ՈՒՂՂԱԿԻ ՍՊԱՍՈՒՄ ԷԻՆՔ ՆՐԱՆՑ․ յուրաքանչյուրիս բաժին էին հասել մեր օրն ու ժամը, բայց կար մի պարզ ճշմարտություն․ առանց շտապելու հանգիստ ծխում էինք այնքան, որքան կկամենայինք, ժամանակ առ ժամանակ գալիս էր սև Լոպեսը, սուրճ էր բերում, այդ ժամանակ դադարեցնում էինք բոլոր աշխատանքները և քննարկում էինք վերջին նորությունները․ գրեթե միշտ նույնը․ տնօրենի այցը, վերևներում կատարվող փոփոխությունները, Սան-Իսիդրոյում[1] կայացած ելույթները։ Նրանք, իհարկե, չգիտեին, որ սպասում էինք իրենց, ի՞նչ ասել է սպասում էինք, ամեն բան պետք է առանց վրիպումների ընթանար․ ժամանակ առ ժամանակ ինքս ինձ կրկնում էի տնօրենի խոսքերը․ «Կարող եք հանգիստ լինել, յուրաքանչյուրդ կամաց-կամաց անելու եք ձեր գործը, ոչ մի բարդություն չպիտի առաջանա, եթե ինչ-որ սայթաքում էլ լինի, ձեզ հետ ոչ մի առնչություն չի ունենա, պատասխանատվությունը վերևների վրա է, և օրենքը տնօրենն է, այնպես որ հանգի՛ստ եղեք, տղանե՛ր, եթե ինչ-որ անախորժություն լինի, խոստանում եմ, ես պատասխան կտամ, միակ բանը, որ կխնդրեմ ձեզանից, որպեսզի ճիշտ օբյեկտ ընտրեք, սկզբում տեղեկություններ հավաքեք, որպեսզի անհաջողություն չկրենք, հետո նոր գործի անցեք»։

Անկեղծ ասած, գլխացավանք չառաջացավ, տնօրենը այնպիսի հարմարավետ տարածք էր գտել, որ գլուխ գլխի չէինք նստում, և մեկը մյուսի հետևից ընդունում էինք նրանց՝ յուրաքանչյուրին հատկացնելով այնքան ժամանակ, որքան հարկավոր էր։ «Մեզ մոտ, – անընդհատ կրկնում էր տնօրենը, – ամեն ինչ քաղաքակիրթ ձևով է»։ Եվ նա իրավացի էր, ամեն բան այնքան կազմակերպված էր, որ նույնիսկ Այ-Բի-Էմը[2] չէր հասնի մեզ, աշխատանքը յուղի պես էր գնում, շտապելու կարիք չկար, ոչ ոք չէր արագացնում աշխատանքը։ Սրճելու և կիրակնօրյա կանխատեսումների ժամանակ ունեինք, և այդ գործում տնօրենն առաջինն էր, որ ուզում էր իմանալ, թե ում վրա կարելի էր խաղադրույք կատարել, քանի որ այդ հարցում վտիտ Բյանչետտին գերազանցում էր ցանկացած գուշակի։ Ամեն օր նույն բանն էր․ լրագրերը ձեռքներիս՝ գալիս էինք աշխատանքի, սև Լոպեսն առավոտյան առաջին սուրճն էր մատուցում մեզ, և շատ չանցած գալիս էին նրանք՝ անհրաժեշտ ձևականություններ անցնելու։ Ծանուցագրի մեջ ասվում էր․ «Ձեզ վերաբերող անհրաժեշտ ընթացակարգ»․ իսկ մենք այնտեղ նստած ուղղակի սպասում էինք նրանց։ Եվ իսկապես, նույնիսկ եթե ծանուցագիրը դեղին թղթի վրա է, միևնույն է պաշտոնական տեսք ունի, հենց այդ պատճառով էլ Մարիա Ելենան տանը բազմիցս ուշադիր զննել էր այն․ անընթեռնելի ստորգրության վրա դրված կանաչ կնիք, համապատասխան ամսաթիվ և հասցե։ Ավտոբուսի մեջ Մարիան նորից հանեց այն պայուսակից և լարեց ժամացույցը՝ ավելի ինքնավստահ լինելու համար։ Մասա փողոցի վրա գտնվող գրասենյակ էին կանչել նրան, տարօրինակ էր, որ հենց այդտեղ էր գտնվում նախարարությունը, բայց նրա քույրը ասել էր, թե որտեղ պատահի գրասենյակներ էին բացում, քանի որ նախարարություններում սաստիկ նեղվածք էր, և իսկապես, ավտոբուսից իջնելուն պես Մարիան հասկացավ, որ քույրն իրավացի էր․ ոչինչ չասող թաղամաս էր՝ երեք-չորս հարկանի շենքեր, մանր-մունր կրպակներ, նույնիսկ մի քանի ծառ կար․ քաղաքի այդ հատվածում դեռևս կային։

«Լավ է գոնե դրոշ կա, – մտածեց Մարիա Ելենան՝ մոտենալով յոթ հարյուրերորդ թաղին, – միգուցե դեսպանատան նման մի բան է, որը գտնվում է բնակելի թաղամասերի մեջ, բայց այն միշտ հեռվից տեսանելի է պատշգամբում որևէ տեղ ամրացված բազմագույն դրոշի շնորհիվ»։ Թեև ծանուցագրի մեջ հստակ նշված էր շենքի համարը, Մարիային շփոթեցրեց հայրենի դրոշի բացակայությունը, և նա կանգ առավ անկյունի վրա (միևնույն է դեռ շուտ էր և կարելի էր մի քիչ սպասել) և առանց անհրաժեշտության կրպակներից մեկի վաճառողին հարցրեց, թե արդյոք այդ թաղամասում էր գտնվում նշված հասցեն։

-Իհա՛րկե, – ասաց կրպակի վաճառողը, – այնտեղ՝ թաղամասի մեջտեղում, բայց այքնան լավ կլիներ, որ սկզբում մի քիչ ինձ հետ զրուցեիք, տեսնո՞ւմ եք, թե որքան եմ այստեղ միայնության մեջ ձանձրանում։

– Վերադառնալիս, – ժպտաց Մարիա Ելենան՝ անշտապ հեռանալով ու ևս մեկ անգամ ստուգելով դեղին թղթի վրայի հասցեն։

Այնտեղ գրեթե ո՛չ մեքենաներ կային, ո՛չ մարդիկ, միայն խանութներից մեկի առաջ մի կատու էր նստած, իսկ գլխավոր մուտքից մի փարթամամարմին կին էր դուրս գալիս՝ փոքրիկ աղջկա ձեռքը բռնած։ Նշված հասցեից մի փոքր այն կողմ մի քանի ավտոմեքենաներ էին կայանված, համարյա յուրաքանչյուրի ղեկին մեկը նստած լրագիր էր կարդում և ծխում։ Գլխավոր մուտքը սալապատ և նեղ էր, ինչպես ամեն ինչն այդ թաղամասում, իսկ խորքում երևում էր սանդուղքը։ Դռան վրայի ցուցատախտակը բժշկի կամ ատամնաբույժի ցուցատախտակի էր նման՝ մի փոքր կեղտոտ, իսկ  ներքևամասում թղթի կտոր էր սոսնձված՝ ինչ-որ գրվածք թաքցնելու համար։ Տարօրինակ էր, որ վերելակ չկար, երրորդ հարկ, և այդքանը պետք էր ոտքով բարձրանալ, մի տեսակ նման բան չես սպասում կանաչ կնիքով և ստորագրությունով լուրջ թուղթ ստանալիս։

Երրորդ հարկի դուռը փակ էր, վրան ո՛չ զանգ կար, ո՛չ էլ համար։ Մարիա Ելենան սեղմեց բռնակը, և դուռն անձայն բացվեց, մինչև կանաչավուն սալիկներով պատված միջանցքը և դրա երկու կողմերում դրված նստարաններին նստած մարդկանց տեսնելը, զգաց ծխախոտի ծուխը։ Մարդիկ շատ չէին, բայց այդ ծխի մեջ և նման նեղ միջանցքում թվում էր, թե երկու տարեց կանայք, ճաղատ տղամարդն ու կանաչ փողկապով երիտասարդը ծնկներով կպչում էին միմյանց։ Իհարկե, զրուցում էին, որպեսզի ժամանակ սպանեին, և հենց այն պահին, երբ Մարիա Ելենան բացեց դուռը, ականջի ծայրով լսեց կանանցից մեկի խոսքի վերջամասը, բայց նրանք, ինչպես միշտ ընդունված է, միանգամից լռեցին՝ հայացքները հառելով նրա վրա, որը ամենավերջինն էր եկել, և կրկին ինչպես միշտ ընդունված է, Մարիա Ելենան, կարմրելով և հիմարության համար ինքն իրեն կշտամբելով, կամացուկ ողջունեց նրանց և քարի պես կանգ առավ մուտքի մոտ, սակայն երիտասարդը ձեռքով նշան արեց նրան՝ իր կողքի ազատ տեղը մատնանշելով։ Հենց որ նստեց՝ շնորհակալություն հայտնելով, միջանցքի հեռավոր ծայրի դուռը կիսաբացվեց, և այնտեղից փնթփնթալով դուրս եկավ շիկակարմիր մազերով մի տղամարդ՝ անքաղաքավարի կերպով նստածների ծնկների միջով անցնելով, և նույնիսկ ներողություն չխնդրեց անհանգստացնելու համար։ Աշխատակիցը, լուռ սպասելով, մի ոտքով պահում էր դուռը, մինչև որ կանանցից մեկը, ներողություն խնդրելով, խցկվելով չանցավ Մարիա Ելենայի և ճաղատ պարոնի մոտով և չմտավ ներս․ մուտքի և աշխատասենյակի դռները գրեթե միաժամանակ փակվեցին, և միջանցքում նստածները նորից սկսեցին զրուցել՝ ճռճռան նստարաններին շուռումուռ գալով։

Ինչպես միշտ, յուրաքանչյուրն իր թեման ուներ․ ճաղատ պարոնը բողոքում էր դանդաղ առաջ գնացող պաշտոնական ձևականություններից, և եթե առաջին անգամ էր այդպես, հետագայից ինչ կարելի էր սպասել, ըստ երևույթին, կես ժամից ավել սպասելու էին միջանցքում, հետո երեք-չորս հարց էին տալու և բարով մնաս մաղթելու, համենայն դեպս՝ նրան այդպես էր թվում։

-Հավատացնում եմ, – ասաց կանաչ փողկապով տղան, – ես երկրորդ անգամ եմ այստեղ, և ամեն բան այդքան էլ կարճ չի տևում, ինչպես կարծում եք, մինչև գրամեքենայով տպագրում են, մինչև որոշակի դժվարությամբ մտաբերում ես ինչ-ինչ ամսաթվեր և նման բաներ, բավականին երկար ժամանակ է անցնում։

Ճաղատ տղամարդն ու տարեց կինը հետաքրքրված լսում էին նրան, որովհետև առաջին անգամ էին, ըստ երևույթին, այդ ամենի միջով անցնում, ինչպես որ Մարիա Ելենան, թեև վերջինս իրեն իրավունք չէր վերապահում մասնակցելու խոսակցությանը։ Ճաղատ տղամարդն ուզում էր իմանալ, թե որքան ժամանակ էր անցնում առաջին կանչից հետո, երբ երկրորդ անգամ էին կանչում, և տղան բացատրեց, որ իր դեպքում երեք օր էր անցել։ «Իսկ ինչո՞ւ են երկու անգամ կանչում, – մտածեց Մարիա Ելենան և նորից կարմրեց»։ Մահու չափ ուզում էր, որ ինչ-որ մեկը սկսեր նրա հետ խոսել, քաջալերեր, խոսակցության մեջ ներգրավեր, ուզում էր, որ վերջապես դադարեր վերջինը լինելուց։ Տարեց կինը պայուսակից փոքրիկ սրվակ հանեց, որի մեջ հավանաբար աղ էր, հոգոց հանեց և սկսեց հոտոտել այն։ Հավանաբար այլևս ի վիճակի չէր այդչափ ծխախոտի ծուխ տանելու, երիտասարդն առաջարկեց հանգցնել ծխախոտը, իսկ ճաղատ տղամարդն ասաց, որ «իհարկե» այդ միջանցքը խայտառակություն էր, և եթե վատ էր զգում իրեն, կարելի էր և չծխել, սակայն տարեց կինը պատասխանեց, որ կարիքը չկար, ընդամենը մի փոքր ձանձրացել էր, քիչ հետո ամեն բան անցնելու էր, տանը նրա ամուսինն ու երեխաներն անդադար ծխում էին, այնպես որ նա նույնիսկ չէր էլ նկատում ծուխը։ Մարիա Ելենան, որը նույնպես ուզում էր ծխել, տեսավ, որ տղամարդիկ հանգցրին ծխախոտները, երիտասարդը ներբանի վրա էր հանգցնում․ միշտ չափից շատ ես ծխում, երբ սպասում ես, անցյալ անգամ ավելի վատ էր, նրանից առաջ յոթ կամ ութ մարդ էր սպասելիս եղել, այնպես որ վերջիվերջո ծխախոտի ծխի այնպիսի թանձր շերտ էր գոյացել միջանցքում, որ ոչինչ չէր երևում։

-Կյանքը սպասման սրահ է, – ասաց ճաղատ տղամարդը՝ ոտքով զգուշությամբ տրորելով ծխախոտն ու նայելով իր ձեռքերին, ասես այլևս չգիտեր, թե ինչ աներ դրանցով, իսկ տարեց կինը խորը հոգոց հանեց՝ դրա մեջ ներդնելով իր ողջ կենսափորձը, և փոքրիկ սրվակը նորից թաքցրեց պայուսակի մեջ․ հենց այդ պահին բացվեց աշխատասենյակի դուռը, և դուրս եկավ մյուս կինը՝ արդեն բոլորովին այլ քայլվածքով՝ շարժելով մյուսների նախանձը, ելքի մոտ հասնելով՝ բարի օր մաղթեց բոլորին, ասես խղճում  էր հերթում սպասողներին։ «Փաստորեն ամեն բան այնքան էլ երկար չի տևում, – մտածեց Մարիա Ելենան, – ինձանից առաջ 3 հոգի կա, ենթադրենք նրանցից յուրաքանչյուրը քառորդ ժամ կմնա, թեև ոմանց դեպքում կարող է ավելի երկար տևել, ինչպես որ ասաց երիտասարդը, չէ՞ որ նա արդեն երկրորդ անգամ է այստեղ»։ Սակայն երբ ճաղատ տղամարդը մտավ աշխատասենյակ, Մարիա Ելենան համարձակություն հավաքեց և հարցրեց, որպեսզի ավելի վստահ լիներ, և երիտասարդը մի փոքր մտածելուց հետո ասաց, որ առաջին անգամ մեկը կարող էր երկար մնալ ներսում, մյուսը կարճ, երբեք հաստատ չէին կարող իմանալ։ Տարեց կինը նկատեց, որ մյուս կինը միանգամից դուրս եկավ, իսկ ճաղատ տղամարդը մի ամբողջ հավերժություն ներսում էր։

-Լավն այն է, որ սպասողները քիչ են, – ասաց Մարիա Ելենան, – նման տեղերում շատ ես տանջվում։

-Փիլիսոփայորեն պետք է մոտենալ այս ամենին, – ասաց երիտասարդը, – մի՛ մոռացեք, որ դեռ նորից եք գալու, այնպես որ մի՛ անհանգստացեք։ Երբ առաջին անգամ էի եկել, ոչ մեկի հետ հնարավոր չէր նույնիսկ բառ փոխանակել, մարդիկ շատ էին, բայց չէր հաջողվում զրուցել, փոխարենն այսօր ինչ եկել եմ, ժամանակը բավականին արագ է թռչում, որովհետև բոլորն իրենց մտքերով են փոխանակվում։

Մարիա Ելենային դուր էր գալիս զրուցել տղայի և տարեց կնոջ հետ, համարյա չէր զգում, թե ինչպես էր ժամանակն անցնում,  մինչև որ ճաղատ տղամարդը դուրս չեկավ, և տարեց կինը վեր կացավ տեղից այնպիսի արագությամբ, որն ամենևին բնորոշ չէր նրա տարիքին, խեղճն ուզում էր հնարավորինս շուտ ազատվել այդ բոլոր ձևական ընթացակարգերից։

-Ահա և երկուսով մնացինք, – ասաց երիտասարդը։ – Դեմ չե՞ք լինի, եթե ծխեմ։ Այլևս չեմ դիմանում, ուղղակի տիկինը, ըստ երևույթին, այնքան վատ էր զգում իրեն․․․

-Ես նույնպես ուզում եմ ծխել։

Վերցրեց երիտասարդի առաջարկած ծխախոտը, միմյանց ասացին իրենց անունները, աշխատավայրերը, հաճելի էր փոխանակվել միմյանց տպավորություններով՝ մոռանալով միջանցքի և լռության մասին, որը ժամանակ առ ժամանակ այնքան ուժեղ էր զգացվում, ասես փողոցներն ու մարդիկ շատ հեռվում էին։ Մանուկ ժամանակ Մարիա Ելենան նույնպես ապրել էր Ֆլորեստա թաղամասում, բայց այժմ ապրում էր Կոնստիտուցիայի փողոցում։ Կառլոսին դուր չէր գալիս այդ թաղամասը, նա ավելի շատ նախապատվությունը տալիս էր արևմուտքին, որտեղ ավելի մաքուր էր օդը, և ավելի շատ ծառեր կային։ Նրա երազանքը Վիլլա դել Պարկում ապրելն էր, հենց որ ամուսնանար, գուցե կարողանար այնտեղ բնակարան վարձել, նրա ապագա աները խոստացել էր օգնել, իսկ նա օգտակար կապերի տեր մարդ էր և կարողանում էր նման գործերը ճարպկորեն գլուխ բերել։

-Չգիտեմ ինչու, բայց կանխազգում եմ, որ ամբողջ կյանքս Կոնստիտուցիայի փողոցում եմ անցկացնելու, – ասաց Մարիա Ելենան։ – Վերջիվերջո այնքան էլ վատ չէ։ Եվ եթե երբևէ բախտ վիճակվի․․․

Տեսավ, թե ինչպես բացվեց միջանցքի խորքում գտնվող դուռը, և զարմացած նայեց երիտասարդին, որը ոտքի կանգնեց և հրաժեշտ տալիս ժպտաց․ «տեսնո՞ւմ եք, որ զրուցելիս չեք էլ նկատում, թե ինչպես է ժամանակն անցնում»։ Տարեց կինը սիրալիր կերպով հրաժեշտ տվեց նրանց, հեռանալիս շատ գոհ տեսք ուներ․ աշխատասենյակից դուրս գալիս բոլորն այնքան երիտասարդ և արագաշարժ էին դառնում, ասես ծանր բեռ էին հանել նրանց ուսերից, պաշտոնական ընթացակարգերն ավարտված էին, մի գործը պակասեց, դրսում սրճարան կար, ուր մեծ հաճույքով կմտնեին մի բաժակ բան խմելու կամ սրճելու, որպեսզի զգային, որ ընդուրանն ու բլանկերն իսկապես անցյալում էին մնացել։ Այժմ, երբ Մարիա Ելենան արդեն մենակ էր, ժամանակն ավելի դանդաղ էր անցնելու, սակայն եթե ամեն բան նախկինի պես ընթանար, Կառլոսը բավականին արագ դուրս կգար, թեև կարող էր նաև ավելի երկար ներսում մնալ, քան մյուսները, չէ՞ որ նա երկրորդ անգամ էր այնտեղ, ո՞վ գիտեր, թե ինչ ձևականություններ էին նրան սպասվում։

Սկզբում ոչինչ չհասկացավ, երբ դուռը բացվեց և աշխատակիցը նայեց նրան ու գլխով նշան արեց, որպեսզի ներս մտներ։ Կարծեց, թե Կառլոսը ստիպված էր երկար ժամանակ այնտեղ մնալ՝ տարբեր թղթեր լրացնելով, իսկ մինչ այդ նրանք կզբաղվեին իրենով։ Ողջունեց աշխատակցին և մտավ աշխատասենյակ․ նոր էր ոտքը ներս դրել, երբ մեկ այլ աշխատակից ցույց տվեց սև գրասեղանի մոտ դրված աթոռը։ Ներսում տարբեր աշխատակիցներ կային, միայն տղամարդիկ, բայց նա չտեսավ Կառլոսին։ Գրասեղանի մյուս կողմում նստած հիվանդոտ տեսքով աշխատակիցը նայում էր ձեռքի թղթին․ առանց հայացքը բարձրացնելու մեկնեց ձեռքը, և Մարիա Ելենան միանգամից գլխի չընկավ, որ վերջինս ծանուցագիրն էր խնդրում, հետո երբ հասկացավ, շփոթված սկսեց պայուսակի մեջ փնտրել այն՝ կամացուկ ներողություն խնդրելով, մեկ-երկու իր հանեց պայուսակից, մինչև որ գտավ անհրաժեշտ դեղին թուղթը։

-Լրացրե՛ք սա, – ասաց աշխատակիցը՝ մեկնելով բլանկը։ – Մեծատառերով և հնարավորինս ընթեռնելի։

Սովորական հիմարություններ էին․ անուն և ազգանուն, տարիք, սեռ, բնակության հասցե։ Երբ սկսեց լրացնել, Մարիա Ելենան զգաց, որ ինչ-որ անհասկանալի բան անհանգստացնում էր իրեն։ Հարցը բլանկը չէր, բացատները լրացնելը հեշտ էր, շուրջը, ասես ինչ-որ մի բան պակասում էր կամ իր տեղում չէր։ Նա դադարեց գրել և շուրջը նայեց․ գրասեղաններ, որոնց մոտ նստած աշխատակիցները զրուցում էին միմյանց հետ կամ աշխատում, պլակատներով և լուսանկարներով պատված կեղտոտ պատեր, երկու պատուհան, դուռ, որով ներս էր մտել․ աշխատասենյակի միակ դուռը։ Մասնագիտություն՝ կողքին կետագիծ․ մեքենայաբար լրացրեց սյունակը։ Մեծատառերով, հրանավորինս ընթեռնելի։

Երբ ներքևամասում ստորագրում էր, աշխատակիցն այնպիսի հայացքով էր նայում նրան, ասես չափից ավելի երկար էր լրացնում բլանկը։ Աշխատակիցը մի պահ ուսումնասիրեց բլանկը և ոչ մի սխալ չգտնելով՝ դրեց թղթապանակի մեջ։ Հետո հնչեցին հարցեր, որոնցից որոշներն անիմաստ էին, քանի որ դրանց պատասխանները բլանկը լրացնելիս արդեն տվել էր, բայց կային հարցեր նաև ընտանիքի մասին, վերջին մի քանի տարիների բնակության տեղի փոփոխության մասին, ապահովագրության մասին, հաճախ էր նա ճանապարհորդում, թե ոչ, իսկ եթե այո, ապա ուր, ստացել էր անձնագիր, թե ոչ,  կամ արդյոք պատրաստվում էր դիմել ստանալու համար։ Ըստ երևույթին, ոչ մեկին չէին հետաքրքրում պատասխանները, համենայն դեպս՝ աշխատակիցը գրի չէր առնում դրանք։ Աշխատակիցը կտրուկ ասաց Մարիա Ելենային, որ կարող էր գնալ, բայց պետք է վերադառնար երեք օր հետո՝ ժամը տասնմեկին․ գրավոր ծանուցման կարիք չկար, բայց այնպես չլիներ, որ մոռանար։

-Իհա՛րկե, պարո՛ն, – ասաց Մարիա Ելենան՝ ոտքի կանգնելով, – ուրեմն՝ հինգշաբթի ժամը տասնմեկին։

-Ցտեսությո՛ւն, – ասաց աշխատակիցը՝ առանց նրան նայելու։

Միջանցքում ոչ ոք չկար, և այնտեղով անցնելիս նույն զգացումներն ուներ, ինչ մյուսները․ շտապողականություն, թեթև շնչառություն, փողոցում հայտնվելու և ամեն ինչ անցյալում թողնելու անհագ ցանկություն։ Մարիա Ելենան բացեց ելքի դուռը և սանդուղքով իջնելիս նորից սկսեց մտածել Կառլոսի մասին, տարօրինակ էր, որ Կառլոսը դուրս չեկավ, ինչպես մյուսները։ Տարօրինակ էր, որովհետև աշխատասենյակն ընդամենը մեկ դուռ ուներ, թեև չէր կարող ավելի ուշադիր զննել տարածքը, աշխատակիցը բացեց դուռը, բայց մտնելիս չհանդիպեց Կառլոսին, բայց մյուսների նման դուրս էլ չեկավ․ շիկակարմիր մազերով տղամարդը, կանայք և մնացած բոլորը՝ բացի Կառլոսից։

Արևը շիկացրել էր մայթը, դրսում սովորական աղմուկ և օդ էր․ Մարիա Ելենան մի քանի քայլ առաջացավ և կանգ առավ ծառի տակ՝ այնտեղ, որտեղ չկային կայանված ավտոմեքենաներ։ Նայեց մուտքի դռանը, մտածեց, որ կարելի էր մի քանի րոպե սպասել, որպեսզի տեսներ, թե ինչպես էր դուրս գալիս Կառլոսը։ Կառլոսը չէր կարող դուրս չգալ, բոլորն էլ դուրս էին գալիս, երբ ձևականություններն ավարտվում էին։ Մտածեց, որ ձգձգվել էր, քանի որ նա միակն էր, որ երկրորդ անգամ էր եկել․ ո՞վ գիտի, գուցե հենց այդպես էր, որ կար։ Տարօրինակ էր թվում, որ չէր տեսել նրան աշխատասենյակում, թեև հնարավոր է այնտեղ ևս մի դուռ  կար, որը պլակատների տակ չէր երևացել, հաստատ ինչ-որ բան վրիպել էր նրա աչքից, բայց միևնույն է տարօրինակ էր, ինչպես որ ինքը, մնացած բոլորը միջանցքով էին դուրս եկել․ բոլորը, ում առաջին այցն էր, միջանցով էին դուրս եկել։

Մինչև հեռանալը (մի փոքր սպասել էր, բայց անվերջ այդպես չէր կարող շարունակվել) մտածեց, որ հինգշաբթի պետք է վերադառնար։ Գուցե այդ օրն ամեն բան այլ էր լինելու, ուրիշ դռնով էին նրան ներս թողնելու, թեև անհասկանալի էր, թե ուր և ինչի համար։ Պարզ է, որ նա չգիտեր, որտեղի՞ց պետք է իմանար, բայց մենք գիտեինք, մենք սպասելու էինք նրան և մյուսներին՝ անշտապ ծխելով և միմյանց հետ զրուցելով, սև Լոպեսը նորից էր սև սուրճ պատրաստելու մեզ համար․ իսկ քանի՜-քանի՜ բաժակ էինք խմում առավոտյան․․․

[1] Քաղաք Բուենոս Այրեսում։

[2] Միջազգային ընկերություն, որի գլխամասը գտնվում է ԱՄՆ–ի Նյու Յորք նահանգի Արմոնկ քաղաքում։ Այ-Բի-Էմը արտադրում և շուկայում իրացնում է համակարգչային սարքավորումներ, , տրամադրում է հոսթինգի ու խորհրդատվական ծառայություններ բազմաթիվ ոլորտներում՝ մեծ համակարգիչներից մինչև նանոտեխնոլոգիաներ։

Թարգմանությունը իսպաներենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *