Վսեվոլոդ Նեկրասովին[1]
Ճեփ-ճերմակահեր Վալերկան ճարպկորեն հեծանիվ նստեց՝ բռնվելով մեկուսիչով կապկպված ղեկից․
-Սան, Ստյոպկան ասում է նաև, որ կոմերիտական չէ և ընտանիքավոր մարդ է, իսկ դու, Սա՛ն, ինքդ վերջդ տվել ես, այն էլ գիտակցված։ Թող ինքն էլ գլուխ դնի դպրոցականների հետ։ Հենց այդպես էլ փոխանցել է․․․
Սանդղամուտքին նստած Սանկան քմծիծաղ տվեց և հոգոց հանեց․
-Միևնույն է վաղը գնալու էի։ Անկախ նրա մերժումից։ Անցյալ անգամ նրանց մոտ դիզելու մասին այնպիսի բաներ էր դուրս տվել, ոչ ոք ոչինչ չէր հասկացել։ Ստիպված նորից էի բացատրել։ Ավելի լավ է իր լավ ընկերների հետ խանութի մոտ կանգնի․․․
Վալերկան քմծիծաղ տվեց՝ ոտքով գետնից հետ հրվելով․
Սանկան վեր կացավ նստարանից․
-Փոխանցի՛ր նրան, որ նա անբան է և հիմար։ Չնայած որ ընտանիքավոր մարդ է։
Վալերկան սկսեց ծիծաղել և արագ սլացավ փողոցով։
Սանկան ցատկեց սանդղամուտքից։
Խոտին պառկած Նայկան վեր թռավ և երկար, սև պոչը խաղացնելով՝ վազքով մոտեցավ նրան․
-Կորի՛ր, կորի՛ր այստեղից։
Ծնկին խփեց։
Ոռնալով շունը մի կողմ թռավ։
Սանկան անցավ ցանկապատի մոտով, պտտեց ցախանոցի դռան սողնակը և բացեց այն։
Լապտերը դրված էր դարակի վրա՝ ռանդայի[2] և մեխերով բանկայի միջև։ Սանկան վերցրեց այն և մտցրեց տաբատի գրպանը։ Կռացավ, խարխափելով աջ անկյունում գտավ՝ օղու՝ կիսով չափ խմած շիշը, որը փակված էր թղթե խցանով, հանեց խցանն ու մի կում արեց։
Օղին վառեց բերանը։
Թքեց, նորից փակեց շիշը, խցկեց գրպանն ու շրջվեց։ Արևը վաղուց անցել էր Պոտաևների՝ ուռենիների մեջ թաղված հյուղակի հետևը, երկուսն էլ իրենց հոտերը քշել էին։ Հազիվ նկատելի մառախուղը սահում էր դեպի ձորակը` ողողելով բաղնիքների և մառանների մթագույն ուրվագծերը։ Այդ կողմում արածում էր Եգորի՝ ոտքին կապ գցած ձին։
Սանկան վերցրեց բահը, անցավ ցանկապատի ձողերի վրայով և առանց շտապելու քայլեց բանջարանոցների միջով։ Կարտոֆիլի տերևուքը, որը փոքր-ինչ ծածկվել էր ցողով, խշխշում էր նրա տաբատին դիպչելիս։ Դիմացից դուրս թռավ անտառային աղավնին և միանգամից սրընթացորեն հեռացավ։ Սանկան բռնեց բահի կոթից և քարշ տվեց տերևուքի վրայով։
Շատ չանցած բանջարանոցները փոխվեցին լուպինի[3] ընդարձակ դաշտերով։
Հետևում՝ գյուղի կողմից, պարային երաժշտություն լսվեց։ Սանկան շրջվեց։ Այդտեղից՝ բլրավոր դաշտից երևում էր, թե ինչպես ցածլիկ ակումբի պատուհաններում լույսեր վառվեցին։
Նա թքեց և արագ հեռացավ՝ թևի տակ դնելով բահը։
Արևմուտքից կարմիրին տվող բարձր երկինքը մաքուր էր, Սանկայի գլխավերևում թեթևակի փայլփլում էին աստղերը։ Առջևում սևին էր տալիս անտառը։ Արևի տակ խանձված լուպինի հոտ էր գալիս, որն անխնա կերպով ճռթճռթում և փոշի էր դառնում Սանկայի կոշիկների տակ։
Սանկան կանգ առավ, հանեց շիշը և մի կում խմեց․
-Ա՜խ, դա՜ռն է․․․
Հեռվում՝ անտառից դուրս եկող փողոցով շարժվեց տրակտորը՝ միացված ցոլարձակ լապտերներով։
Սանկան պահեց շիշը, հանեց ծխախոտի տուփը և սկսեց ծխել։ Դաշտն արդեն ավարտվում էր, և սկսվում էր մանրածառուտը։
Տրակտորն իջավ ձորակ։ Դրա ձայնը թուլացավ և շատ չանցած անհետացավ։ Ծխելով Սանկան մտավ մանրածառուտ։ Այն ամբողջությամբ թփերով էր ծածկվել, չհնձված խոտը հասնում էր մինչև գոտկատեղ։
-Ախր ես նույնիսկ մեղավոր չեմ, – փնթփնթաց նա՝ ճեղքել-անցնելով խոտերի միջով։ – Հիմա ինձ ի՞նչ․․․
Մատղաշ կեչու բնին դիպչելով՝ բահը սղաց ընկավ նրա ձեռքից։ Կռացավ, վերցրեց այն և դրեց ուսին։ Աջ կողմում երևաց ճանապարհը։ Սանկան դուրս եկավ այնտեղ, շրջվեց։
Մթության մեջ աղոտ կերպով ուրվագծվում էին ծառերը, խրճիթների պատուհաններում վառվում էին լույսերը։ Ակումբում երաժշտություն էր նվագում։
-Հենց նրանք էլ դրդել էին նրան այդ աշխատանքին, գարշելինե՜ր․․․
Արագ-արագ քայլեց ճանապարհով։
Առջևում՝ դաշտի մեջտեղում, վեր էր խոյանում փարթամ աճած գերեզմանային կեչիների պուրակը։
-Գարշելինե՜ր․․․
Սանկայի ձայնը դողաց։
Ճանապարհը խցանված էր փափուկ փոշիով, կոշիկները տրորում էին այն։
-Այնուամենայնիվ․․․ ինչո՞ւ ոչ գրադարանում։ Ինչո՞ւ։
Ամբողջ ուժով բահը թրխկացրեց գետնին և քարշ տվեց իր հետևից։
Երկնքում առկայծեց մի կարմիր կետ․ ինքնաթիռ էր։
Ճանապարհը դեպի ձախ էր թեքվում, բայց Սանկան դուրս եկավ ճանապարհից և խոտերով պատված արահետով քայլեց դեպի գերեզմանատուն։ Նեխած, տեղ-տեղ կոտրված ցանկապատը պարսպում էր կիպ կանգնած հաստաբուն կեչիները։ Շուրջը մոլախոտեր էին աճում։
Սանկան մոտեցավ երկու ծռված սյուներին, որոնք իբրև դարպասներ էին կանգնեցվել, շրջվեց։ Դաշտում գեթ մի կենդանի հոգի չկար։ Միայն թույլ լսվում էր երաժշտության ձայնը, որը մնացել էր գյուղի մանրածառուտի մյուս կողմում։
Նա մտավ գերեզմանատուն՝ խեթ-խեթ կողքերը նայելով, և քայլեց գերեզմանների միջով։ Այնտեղ նեխած փայտի և երիցուկների հոտ էր գալիս։ Կեչիները թեթևակի խշխշում էին գլխավերևում։
Ցանկապատված չորս գերեզման անցնելով՝ Սանկան քայլ արեց կեչու արմի վրայով և կանգ առավ՝ ձեռքերը դնելով բահի կոթին․
-Ահա․․․
Նրա դիմաց վեր էր խոյանում երկարավում բլրակ՝ ծածկված արհեստական պսակներով և ծաղիկներով։
Հանեց լապտերը և լույս արեց։
Թղթե ծաղիկների շիլափլավի վրա երկաթյա հասարակ տախտակիկ էր դրված։
Վրան փութկոտությամբ փորագրված էր․
ՍՈՏՆԻԿՈՎԱ
Նատալիա Ալեքսեևնա
18.1.1964–9.6.1982
Սանկան վառեց լապտերը, հանեց օղու շիշն ու մի կում արեց։
Խոտածածկ ցանկապատի մոտ ինչ-որ բան սկսեց խշխշալ։ Լապտերի լույսն այդ կողմ գցելով՝ մի կտոր հող վերցրեց և այդ կողմ նետեց։ Խշխշոցը դադարեց։
Ծնկի իջավ, դիպավ տախտակիկին, քթով ֆսֆսացրեց․
-Ահա և ես, Նատա՜շ․․․ բա՜րև․․․
Ինչ-որ թռչուն թռավ գերեզմանատան վրայով՝ թևերով ճեղքելով գիշերային օդը։
-Ե՛ս, Նատա՜շ․․․ ե՛ս եմ․․․
Սանկան լռեց և հանկարծ սկսեց լաց լինել՝ քթով զարկվելով սառը տախտակիկին։
-Նատա՜․․․շենկա՜․․․Նատա՜․․․շե՜ն․․․կաա՜՜ա․․․
Լապտերն ընկավ ձեռքից։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի
[1] Ռուս բանաստեղծ, քննադատ, գրականագետ։
[2] Ատաղձագործական և հյուսնական կտրող ու ողորկող գործիք, որ բաղկացած է փայտե կոճղակից և նրան ամրացված լեզվակից:
[3] Թրմուզ, եգիպտաոլոռ, բակլազգիների (թիթեռնածաղկավորներ) ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի, կիսաթփերի ցեղ։

