Սկիզբը՝ Այստեղ
Բայց Սիլվիան հավանաբար սխալվում էր։ Ըստ երևույթին, պարոն Քրոզիերը շատ ավելի քաղաքավարի և համբերատար էր դարձել, քան նա կարող էր պատկերացնել։ Ստորադաս մարդկանց հետ (իսկ Ռոքսանան միանշանակ նման մարդկանցից մեկն էր) նա հանդուրժողական և փափուկ էր։ Թեև հավանաբար միակ բանը, որ ուզում էր, ուղղակի պառկելը, իր անցած ուղու մասին մտորելը և ապագային նախապատրաստվելն էր։
Ռոքսանան մաքրում էր նրա ճակատի քրտինքը և ասում․
-Այդքան մի՛ ոգևորվիր։ Դու դեռ չես հաղթել։
-Ռոքսա՛նա, – ասաց նա, – Ռոքսա՛նա։ Դու գիտե՞ս, թե ում անունն էր Ռոքսա՜նա։
-Դեե՜ե, – ասաց նա, իսկ ես չդիմացա և մեջ ընկա։ Ուղղակի չկարողացա զսպել ինձ։
-Ալեքսանդր Մակեդոնացու կնոջ անունն էր։
Գլուխս ասես կաչաղակի բույն լիներ՝ հյուսված տեղեկության նմանատիպ փայլուն պատառիկներից։
-Իսկապե՞ս, – հարցրեց Ռոքսանան։ – Իսկ ո՞վ է նա։ Այդ Ալեքսանդր Մակեդոնացին։
Այդ պահին նայելով պարոն Քրոզիերին՝ հանկարծ մի անսպասելի և տխուր բան հասկացա։ Նրան դուր էր գալիս, որ Ռոքսանան չգիտեր։ Պարոն Քրոզիերին հաճույք էր պատճառում նրա տգիտությունը՝ նման իրիսի, որը լիզելիս հալչում էր նրա լեզվի վրա։
Առաջին օրը հագին շորտեր էին, ինչպես որ իմ հագին, բայց երկրորդ անգամ և դրանից հետո Ռոքսանան միշտ բաց կանաչ, հաստ և փայլփլուն կտորից զգեստ էր կրում։ Երբ վազում էր սանդուղքով, լսվում էր այդ կտորի շրշյունը։ Նա ոչխարի բրդից փափուկ տակդիր էր բերել պարոն Քրոզիերի համար, որպեսզի երկար պառկելու պատճառով վերքեր չառաջանային։ Ռոքսանան դժգոհ էր լինում, թե ինչպես էր գցված լինում նրա անկողնու սպիտակեղենը, և միշտ ուղղում էր այն։ Բայց որքան էլ որ հանդիմանում էր, նրա գործողությունները երբեք չէին նյարդայնացնում հիվանդին, և վերջինս խոստովանում էր, որ նրա հոգատարությունից հետո շատ ավելի հարմարավետ էր զգում իրեն։
Ռոքսանան երբեք իրեն չէր կորցնում։ Երբեմն հանելուկներ էր մտածում։ Կամ զվարճապատումներ, որոնցից շատերը մայրիկս անվայելուչ կհամարեր և չէր հանդուրժի մեր տանը՝ բացի այն դեպքերից, երբ դրանք պատմում էին հորս որոշ բարեկամներ, որոնք խոսակցության ուրիշ թեմաներ չունեին։
Այդ զավեշտապատումները սովորաբար սկսվում էին լուրջ ձայնով, բայց անհեթեթ հարցադրմամբ։
Լսե՞լ ես միանձնուհու մասին, որ գնում է խանութ՝ մսաղաց գնելու։
Իսկ լսե՞լ ես, թե ինչ քաղցրավենիք են պատվիրել հարսն ու փեսան իրենց ամուսնական առաջին գիշերվա համար։
Պատասխանները միշտ երկակի իմաստ էին ունենում, այնպես որ պատմողը կարող էր շփոթված ձևանալ և զրուցակցին մեղադրել կեղտոտ մտքեր ունենալու մեջ։ Իսկ երբ բոլորն արդեն վարժվեցին նրա զավեշտապատումներին, անցում կատարեց այնպիսիններին, որոնց գոյության մասին, ըստ իս, մայրիկս անգամ գաղափար չուներ, և որոնք շատ հաճախ ներառում էին սեռական հարաբերություններ ոչխարների, հավերի և փշախոզերի հետ։
-Սարսափելի է, չէ՞, – վերջում միշտ ասում էր նա։ Պնդում էր, թե նման բաներ չէր իմանա, եթե ամուսինն ավտոտնակում չլսեր դրանք ու չպատմեր նրան։
Այն, որ Տարեց Տիկին Քրոզիերը քթի տակ ծիծաղում էր, պակաս չէր անհանգստացնում, քան ինքնին զավեշտապատումները։ Ինքս ինձ հարցնում էի․ «Միգուցե իրականում չի՞ հասկանում դրանց իմաստը, և ուղղակի վայելում է այն, թե ինչպես է Ռոքսանան խոսում»։ Նստած էր՝ ծամծված, մտացրիվ ժպիտը դեմքին, ասես նրան նվեր էին տվել, որը վստահ էր, թե հավանելու էր, թեև դեռ չէր էլ բացել։
Պարոն Քրոզիերը չէր ծիծաղում, թեև իրականում նա երբեք էլ չէր ծիծաղում։ Բարձրացնում էր հոնքերը՝ ձևացնելով, թե Ռոքսանայի պահվածքը վրդովեցնում էր նրան, բայց միևնույն ժամանակ սեր էր ներշնչում։ Փորձում էի ինքս ինձ համոզել, որ այդ ամենն ընդամենը քաղաքավարություն էր։ Կամ երախտիք էր նրա ջանքերի համար, ինչպիսին էլ որ դրանք լինեին։
Ես դիտավորյալ ծիծաղում էի, որպեսզի Ռոքսանան չկարծեր, թե միամիտ բարեպաշտ էի։
Բացի դրանից՝ իր կյանքից պատմություններ էր պատմում, որպեսզի չձանձրանայինք․ պատմում էր, թե ինչպես էր տասնչորս տարեկանում Օնտարիո նահանգի ինչ-որ մոռացության մատնված հյուսիսային քաղաքից եկել Տորոնտո՝ ավագ քրոջը այցելելու, իսկ հետո աշխատանքի էր անցել «Իթոնս» -ում։ Սկզբում սրճարանում մաքրություն էր արել, հետո մենեջերներից մեկը նկատել էր, թե որքան արագ և ուրախ էր աշխատում, ինչից հետո կանացի ձեռնոցների բաժնում վաճառողուհի էր դարձել։ (Այնպես էր պատմում այդ ամենի մասին, ասես ինքը Warner Bros.-ն էր բացահայտել նրան)։ Եվ պատկերացնո՞ւմ եք, մի անգամ Բարբարա Էնն Սքոթը՝ գեղասահքի աստղն էր մտել այդ խանութ և մինչև արմունկ բարձրացող սպիտակ զամշե ձեռնոցներ էր գնել։
Իսկ այդ ընթացքում նրա քույրն այնքան երկրպագուներ ուներ, որ գիր-ղուշ էր անում, որպեսզի որոշեր, թե ում հետ էր ամեն երեկո գնալու ժամադրության, իսկ Ռոքսանան ծառայում էր նրա համար իբրև դեսպանորդ, որը կահավորված տան դռների մոտ ափսոսանքով դիմավորում էր մերժվածներին, մինչև որ քույրը հերթական ընտրյալի հետ ծլկում էր հետնամուտքով։ Ռոքսանան ասում էր, որ հավանաբար հենց այդպես էլ զարգացել էր նրա պերճախոսությունը։ Եվ շատ չանցած տղաներից ոմանք, ում հետ ծանոթացել էր նմանատիպ իրավիճակների շնորհիվ, սկսեցին արդեն նրան հրավիրել ժամադրության, այլ ոչ թե քրոջը։ Նրա իրական տարիքը, իհարկե, չգիտեին։
-Սրտանց զվարճացա, – ասաց Ռոքսանան։
Սկսեցի հասկանալ, որ կային հատուկ շատախոսներ՝ յուրահատուկ աղջիկներ, որոնց շրջապատի մարդիկ լսում էին ոչ թե նրա համար, թե ինչ էին ասում, այլ նրա համար, թե ինչպես էին դա անում։ Այն խնդության համար, որով այդ աղջիկներն այդ ամենը պատմում էին, նրանց դեմքերի փայլի համար, ներքին վստահության համար, որ այն ամենը, ինչ նրանք պատմում էին, իսկապես հիասքանչ էր, և նրա համար, թե ինչպես էին հավատում, որ այն ամենը, ինչ անում էին, իսկապես հաճույք էր պատճառում մարդկանց։ Գուցե կային նաև այլ մարդիկ (ինձ նմանները), որոնք չէին ուզում խոստովանել դա, բայց կորցնողը նրանք էին։ Եվ վերջիվերջո՝ ինձ նման մարդիկ երբեք չէին դառնա այն լսարանը, որի համար նմանատիպ աղջիկները ջանք էին թափում։
Պարոն Քրոզիերը նստած էր՝ բարձերին թիկնած, և միանգամայն երջանիկ տեսք ուներ։ Երջանիկ էր, որ ուղղակի կարող էր փակել աչքերն ու լսել նրան, իսկ հետո բացել ու տեսնել, որ դեռ նրա կողքին էր, ինչպես Զատկի առավոտվա շոկոլադե նապաստակը։ Իսկ հետո բաց աչքերով հետևել նրա քաղցր շուրթերի շարժումներին և շքեղ հետույքի ճոճին։
Վերևում Ռոքսանան նույնքան երկար էր ժամանակ անցկացնում, որքան ներքևում մերսում անելիս։ Ինքս ինձ հարցրի․ «Իսկ նա վարձատրվո՞ւմ է դրա համար։ Իսկ եթե ոչ, ինչպե՞ս կարող էր իրեն թույլ տալ այդքան երկար մնալ։ Եվ ո՞վ էր վարձատրում նրան, եթե ոչ Տարեց Տիկին Քրոզիերը»։
Ինչո՞ւ։
Որպեսզի խորթ որդին երջանիկ ու հարմարավե՞տ զգար իրեն։
Որպեսզի հենց ի՞նքը զվարճանար նման տարօրինակ ձևով։
Մի անգամ՝ ցերեկը, երբ Ռոքանան իջավ ներքև, պարոն Քրոզիերն ասաց, որ տարօրինակ ծարավ էր զգում։ Իջա ներքև, որպեսզի ջուր բերեի սափորից, որը միշտ սառարանի մեջ էր դրված։ Այդ ընթացում Ռոքսանան հավաքվում էր, որպեսզի տուն գնար։
-Ամենևին էլ չէի պլանավորել այսքան երկար մնալ, – ասաց նա։ Չէի ցանկանա հանդիպել այդ ուսուցչուհու հետ։
Մի պահ չհասկացա։
-Դե՜, Սիլ-վի-ան։ Նրա ուշքը չի գնում ինձ համար, այնպես չէ՞։ Քեզ տուն տանելիս երբևէ ինչ-որ բան ասե՞լ է իմ մասին։
Ասացի, որ մեր ուղևորությունների ժամանակ Սիլվիան երբեք չի հիշատակել Ռոքսանային։
-Դորոթին ասում է, որ չգիտի ինչպես վարվել նրա հետ։ Ասում է, որ ես շատ ավելի եմ երջանկացնում նրան, քան Սիլվիան։ Դորոթին է այդ ամենն ասում։ Չեմ զարմանա, եթե իմանամ, որ հենց նրա դեմքին էլ է նույն բանն ասում։
Հիշեցի, թե ինչպես էր Սիլվիան ամեն անգամ տուն վերադառնալուց հետո հուսահատությունից և բուռն ցանկությունից կարմրած դեմքով սանդուղքով անմիջապես վազում վերև՝ ամուսնու սենյակ՝ նույնիսկ չհասցնելով խոսել ո՛չ ինձ հետ, ո՛չ սկեսուրի։ Ուզում էի մի բան ասել դրա վերաբերյալ, պաշտպանել նրան, բայց չգիտեի, թե ինչպես։ Իսկ Ռոքսանայի նման մարդիկ, որոնք միշտ ինքնավստահ էին, հաղթում էին ինձ։
-Վստա՞հ ես, որ երբեք ոչինչ չի ասել իմ մասին։
Կրկնեցի, որ ոչ։
-Նա հոգնած է լինում, երբ տուն է վերադառնում։
-Հա՜։ Բոլորն են հոգնում։ Ուղղակի ոմանք ձևացնում են, թե հոգնած չեն։
Վերջիվերջո՝ մի բան ասացի, որպեսզի հակառակվեի նրան․
-Ընդ որում՝ նա ինձ դուր է գալիս։
-Ընթ որում՝ նա ինձ դուր է գալիս, – Ռոքսանան ծաղրեց ինձ։
Կատակելով, բայց միևնույն ժամանակ կտրուկ կերպով քաշեց ճակատիս մազափնջից, որը նոր էի ինքս ինձ կտրել։
-Պետք է մի պատշաճ բան անես մազերիդ հետ։ Դորոթին է ասում։
Եթե Ռոքսանան հիացմունք էր փափագում (դա նրա էությունն էր), ապա ի՞նչ էր ուզում Տարեց Տիկին Քրոզիերը։ Այնպիսի զգացում ունեի, ասես ինչ-որ չար բան էր կազմակերպվում, բայց չէի կարողանում որսալ, թե բանն ինչում էր։ Գուցե Ռոքսանային տանն ավելի երկար պահելու ցանկությունն էր, որպեսզի կրկնակի վայելեր նրա աշխուժությունը։
Ամառվա կեսն անցավ։ Ջրհորների ջուրը պակասեց։ Ջրցան մեքենան դադարեց գալուց, և որոշ խանութներ ցուցափեղկերը սկսեցին ցելոֆանե բարակ թաղանթներով փակել, որպեսզի ապրանքները շոգից չթառամեին և չխունանային։ Տերևները պուտավոր դարձան, խոտը չորացավ։
Տարեց Տիկին Քրոզիերը ստիպում էր իր այգեպանին ամեն օր փխրեցնել հողը։ Չոր եղանակին հենց այդպես էլ ընդունված է․ փխրեցնել ու փխրեցնել, որ գոնե ինչ-որ չափով ապահովվի խոնավությունը, որը պահպանվում է բնահողի խորքերում։ Քոլեջի ամառային դասերը պետք է ավարտվեին օգոստոսի երկրորդ շաբաթում, և այդ ժամանակ Սիլվիա Քրոզիերը կկարողանար ամեն օր տանը լինել։
Ռոքսանայի ներկայությունը շարունակում էր գոհացնել պարոն Քրոզիերին, սակայն սկսել էր ավելի հաճախ քնել։ Հանկարծակի կարող էր քնով անցնել՝ առանց գլուխը հետ գցելու, հենց որևէ պատմության կամ զավեշտապատման մեջտեղում։ Մի ակնթարթ հետո արթնանում էր և հարցնում, թե որտեղ էր։
-Այստե՞ղ ես, քնքո՛տ հիմարիկ։ Ենթադրում եմ, որ քո ուշադրությունը պետք է սևեռված լիներ ինձ վրա։ Մի հարված պետք է հասցնեի քեզ։ Կամ գուցե փորձեմ խուտո՞ւտ տալ։
-Կարծում ես՝ կանոններից դո՞ւրս է։ Այդ ե՛ս եմ սահմանում կանոնները։
Երևում էր, թե ինչպես էր թուլանում։ Այտերն այնպես էին փոս ընկել, ասես ծերուկ լիներ, ականջների վերևամասերը այնքան թափանցիկ էին դարձել, որ կարծես ոչ թե միս ու արյունից լինեին, այլ պլաստմասսայից։ (Չնայած այն ժամանակ չէինք ասում «պլաստմասսա», ասում էինք «ցելյուլոիդ»)։
Աշխատանքային վերջին օրս և Սիլվիա դասավանդման վերջին օրը մերսման օրն էր։ Սիլվիան պետք է վաղ առավոտյան գնար քոլեջ՝ մասնակցելու ինչ-որ արարողության, դրա համար ամբողջ քաղաքը ոտքով անցնելուց հետո միայն հասա, այնպես որ Ռոքսանան արդեն այնտեղ էր։ Նա և Տարեց Տիկին Քրոզիերը խոհանոցում էին, և երբ ներս մտա, այնպես նայեցին, ասես մոռացել էին, որ գալու էի․ թվում էր, թե ընդհատել էի նրանց խոսակցությունը։
-Հատուկ պատվիրել եմ դրանք, – ասաց Տարեց Տիկին Քրոզիերը։ Ըստ երևույթին՝ սեղանին դրված հրուշակեղենի տուփի մեջի նշով թխվածքների մասին էր խոսքը։
-Հասկանում եմ, բայց ես ասել էի, չէ՞, – պատասխանեց Ռոքսանան։ – Չեմ կարող ուտել։ Երբեք և ոչ մի պարագայում։
-Հարվիին հրուշակարան եմ ուղարկել, որպեսզի գնի դրանք, – ասաց Տարեց Տիկին Քրոզիերը։
-Լա՜վ, թող Հարվին էլ ուտի դրանք։ Լուրջ եմ ասում, այլապես սարսափելի դուրս կտա վրաս։
-Մտածեցի, որ ինքներս մեզ երես կտանք, – ասաց Տարեց Տիկին Քրոզիերը: – Վերջիվերջո՝ այսօր վերջին օրն է մինչև որ․․․
-Մինչև որ նրա հետույքն ընդմիշտ այստեղ կհաստատվի։ Գիտեմ։ Բայց ոչինչ անել չեմ կարող, եթե ուտեմ, այնպես դուրս կտա վրաս, որ բծավոր բորենու կնմանվեմ։
Այդ ո՞ւմ հետույքի մասին է խոսքը։
Սիլվիայի։ Սիլվիան։
Տարեց Տիկին Քրոզիերը գեղեցիկ, սև, մետաքսե խալաթ էր հագել՝ ջրաշուշանների և սագերի պատկերներով։ Նա ասաց․
-Քանի դեռ նա այստեղ լինի, ոչ մի յուրահատուկ բան չենք կարողանա կազմակերպել։ Ինքդ կտեսնես։ Երբ նա այստեղ լինի, նույնիսկ նրան չես կարողանալու մոտ գնալ։
-Այդ դեպքում եկե՛ք շտապենք և այսօր բոլորով մի լավ ժամանակ անցկացնենք։ Մի՛ մտածիր նմանատիպ բաների մասին։ Դու մեղավոր չես։ Գիտեմ, որ ջանում ես, որպեսզի ամեն բան լավ լինի։
– Գիտեմ, որ ջանում ես, որպեսզի ամեն բան լավ լինի, – չարախնդորեն և շինծու կերպով Տարեց Տիկին Քրոզիերը նմանակեց նրան։ Այնուհետև նրանք երկուսով հայացքները դեպի ինձ դարձրին, և Ռոքսանան ասաց․
-Սափորն իր սովորական տեղում է։
Սառնարանից վերցրի պարոն Քրոզիերի ջուրը։ Մտածեցի, որ կարող էին սեղանին դրված տուփի մեջի նշով թխվածքներից առաջարկել ինձ, բայց ըստ երևույթին, նրանց մտքով անգամ չէր անցնում անել դա։
Կարծում էի, թե պարոն Քրոզիերը փակ աչքերով թիկնած էր լինելու բարձերին, բայց նա միանգամայն կայտառ տեսք ուներ։
-Սպասում էի, – ասաց նա՝ շունչ քաշելով։ – Սպասում էի, թե երբ ես գալու։ Մի բան եմ ուզում խնդրել քեզ։ Կանե՞ս։
-Իհա՛րկե, – պատասխանեցի ես։
-Գաղտնի կպահես, չէ՞։
Անհանգստացա՝ մտածելով, թե խնդրելու էր, որպեսզի օգնեի նրան հասնել զուգարանի նստոցին, որը վերջերս հայտվել էր նրա սենյակում, բայց դժվար թե դա անհրաժեշտ լիներ գաղտնի պահել։
Խնդրեց մոտենալ իր անկողնու դիմացի պահարանին, բացել ձախ դարակն ու փորձել ինչ-որ բանալի գտնել։
Արեցի այն, ինչ ասաց։ Մի ծանր, հնաոճ բանալի գտա։
Ուզում էր, որպեսզի դուրս գայի սենյակից, փակեի դուռն ու կողպեի այն։ Իսկ բանալին ինչ-որ ապահով տեղում պահեի, օրինակ՝ շորտերիս գրպանում։
Ոչ ոքի չպետք է ասեի, թե ինչ էի արել։
Չպետք է ասեի, որ բանալին ինձ մոտ էր, մինչև որ չվերադառնար նրա կինը։ Հենց որ գար, պետք է առանձին հանձնեի նրան։ Արդյո՞ք հասկանում էի ես։
Լա՛վ։
Նա շնորհակալություն հայտնեց։
Լա՛վ։
Ինձ հետ խոսելու ողջ ընթացքում նրա դեմքն ամբողջովին քրտնել էր, իսկ աչքերն այնպես էին փայլում, ասես Ռոքսանան սենյակում էր։
-Ոչ ոք չպետք է ներս մտնի։
-Ոչ ոք չպետք է ներս մտնի, – կրկնեցի ես։
-Ո՛չ խորթ մայրս, ո՛չ Ռոքսանան։ Միա՛յն կինս։
Դրսի կողմից կողպեցի դուռն ու բանալին դրեցի գրպանս։ Հետո մտածեցի, որ բամբակե բարակ կտորի տակից այն կերևա, իջա ներքև՝ հետնամասի հյուրասենյակ, և թաքցրի այն «Նշանվածները» վեպի մեջ։ Գիտեի, որ Ռոքսանան և Տարեց Տիկին Քրոզիերը չէին լսի ինձ, քանի որ մերսման ժամն էր, և Ռոքսանան իր սովորական մասնագիտական ձայնով էր խոսում։
-Այսօր պետք է շատ ջանք գործադրեմ, որպեսզի վերացնեմ բոլոր այս թմրած հանգույցները, – ասաց Ռոքսանան։ Հետո լսվեց Տարեց Տիկին Քրոզիերի ձայնը՝ լի նոր դժգոհությամբ․
-․․․սովորականից ուժեղ ես հարվածում։
-Այլ կերպ չի լինի, – պատասխանեց Ռոքսանան։
Արդեն վերև էի բարձրանում, երբ մի բան անցավ մտքովս։
Եթե նա ինքնուրույն կողպեր դուռը (ինչպես որ անկասկած ուզում էր, որ բոլորը մտածեին), ես սովորականի նման նստած կլինեի վերին աստիճանի վրա, կլսեի, որ կողպում էր դուռը, ձայն կտայի նրան և իրարանցում կստեղծեի տանը։ Դրա համար նորից ներքև իջա և դիմացի սանդուղքի ներքևի աստիճանին նստեցի․ այդտեղից միանգամայն կարող էի ոչինչ լսած չլինել։
Մերսումն այդ օրը բավականին աշխույժ և գործնական կերպով էր ընթանում։ Ռոքսանան հավանաբար չէր կատակում։ Շատ չանցած լսեցի, թե ինչպես հետնամասի սանդուղքով վերև վազեց։
Կանգ առավ և ասաց․
-Հե՜յ, Բրյո՛ւս։
Բրյուս։
Քաշքշեց դռան բռնակից։
-Բրյո՛ւս։
Ըստ երևույթին, բերանով հպվեց կողպեքի ծակին, որպեսզի ոչ ոք չլսեր՝ բացի Բրյուսից։ Չէի կարողանում հասկանալ, թե կոնկրետ ինչ էր ասում, բայց գլխի ընկա, որ աղաչում էր։ Սկզբում խնդրում էր, հետո՝ աղաչում։ Որոշ ժամանակ հետո թվաց, թե աղոթում էր։
Երբ հասկացավ, որ այդ ամենն անօգուտ էր, սկսեց բռունցքներով հարվածել դռանը՝ ոչ շատ ուժեղ, բայց համառորեն։ Վերջիվերջո՝ դա էլ դադարեցրեց։
-Դե՛, – ասաց նա ավելի կտրուկ ձայնով։ – Եթե կարողացել ես հասնել դռանը, որպեսզի կողպես այն, կարող ես նաև հասնել դրան, որպեսզի բացես։
Ոչինչ չկատարվեց։ Մոտեցավ ճաղաշարին, ներքև նայեց և ինձ նկատեց։
-Պարոն Քրոզիերին ջուրը տարա՞ր։
Ես ասացի, որ այո։
-Այդ ժամանակ նրա դուռը կողպա՞ծ էր։
-Ո՛չ։
-Ինչ-որ բան ասա՞ց քեզ։
-Միայն շնորհակալություն հայտնեց։
-Նա կողպել է դուռը, և ինչ անում եմ, չեմ կարողանում ստիպել նրան պատասխանել։
Լսեցի, թե ինչպես Տարեց Տիկին Քրոզիերի ձեռնափայտը դիպավ հետնամասի սանդուղքի ամենավերևի աստիճանին։
-Այդ ի՞նչ աղմուկ է այդտեղ՝ վերևում։
-Ներսից կողպել է դուռը, և ձայն չի հանում։
-Ի՞նչ է նշանակում ներսից կողպել է դուռը։ Հավանաբար դուռը լռվել է։ Քամին փակել է, և այն լռվել է։
Այդ օրը քամի չկար։
-Ի՛նքդ փորձիր, – ասաց Ռոքսանան։ – Դուռը կողպված է։
-Ես չգիտեի, որ այս դուռը բանալի ունի, – ասաց Տարեց Տիկին Քրոզիերը, իբրև թե նրա տեղյակ լինելը կարող էր ինչ-որ բան փոխել։ Հետո անշտապ կերպով ստուգեց բռնակը և ասաց․ – Դե՜, փաստորեն դուռը կողպված է։
Մտածեցի, որ հենց դրա վրա էլ պարոն Քրոզիերը հույս էր դրել։ Նրանք ինձ չէին կասկածելու, կարծելու էին, թե ամեն բան նրա վերահսկողության տակ էր։ Եվ ըստ էության՝ հենց այդպես էլ կար։
-Մենք պետք է ներս մտնենք, – ասաց Ռոքսանան՝ոտքով հարվածելով դռանը։
-Վերջացրո՛ւ, – պատասխանեց Տարեց Տիկին Քրոզիերը։ – Ուզում ես կոտրե՞լ դուռը։ Միևնույն է չես կարողանա, այն պինդ կաղնեփայտից է։ Այս տան բոլոր դռներն են պինդ կազնեփայտից։
-Այդ դեպքում պետք է ոստիկանություն կանչենք։
Լռություն տիրեց։
-Նրանք կկարողանան պատուհանից մտնել, – ասաց Ռոքսանան։
Տարեց Տիկին Քրոզիերը խորը շունչ քաշեց և վճռականորեն ասաց․
-Չես հասկանում, թե ինչ ես խոսում։ Ես թույլ չեմ տա, որ ոստիկանությունն այս տուն ոտք դնի։ Թույլ չեմ տա, որ որդերի նման սողան իմ պատերի վրայով։
-Չգիտենք, թե նա ինչ կարող է ներսում անել, – շարունակում էր Ռոքսանան։
-Դե՜, այդ դեպքում դա նրա ընտրությունն է։ Այնպես չէ՞։
Նորից լռություն։
-Այո՛։ Ավելի լավ է հեռանաս, քանի դեռ չես մոռացել, թե սա ում տունն է։
Ռոքսանան սանդուղքով ներքև էր իջնում։ Ձեռնափայտի մի քանի հարվածներ լսվեցին նրա հետևից, հետո լռեցին։
-Եվ չկարծես, թե մեջքիս հետևում կկարողանաս ոստիկանապետի մոտ գնալ։ Նա քեզ չի լսի։ Ո՞վ է ընդհանրապես այստեղ հրամաններ տալիս։ Հաստատ ոչ դու։ Հասկացա՞ր ինձ։
Շատ չանցած լսեցի, թե ինչպես աղմուկով փակվեց խոհանոցի դուռը։ Իսկ հետո լսվեց Ռոքսանայի ավտոմեքենայի շարժիչի ձայնը։
Ես այդքան էլ չէի անհանգստանում ոստիկանության պատճառով, ինչպես Տարեց Տիկին Քրոզիերը։ Մեր քաղաքում ոստիկանությունը նշանակում էր ոստիկանապետ Մաքքլարթի, որը պարբերաբար գալիս էր դպրոց՝ նախազգուշացնելու, որպեսզի ձմռանը փողոցներում սահնակներով չսահեինք, իսկ ամռանը չլողայինք ջրաղացի ջրանցքում․ իհարկե, ոչ ոք չէր ենթարկվում նրան։ Այն միտքը, որ նա կարող էր բարձրանալ սանդուղքով և կողպված դռան հետ կապված ինչ-որ խրատներ տալ պարոն Քրոզիերին, ուղղակի ծիծաղելի էր։
Նա ընդամենը կասեր Ռոքսանային, որ վերջինս իր գործերով զբաղվեր և չխառնվեր Քրոզիերների գործերին։
Սակայն ամենևին ծիծաղելի չէր լինի, եթե Տարեց Տիկին Քրոզիերը հրամաններ սկսեր տալ, և ես մտածեցի, որ քանզի Ռոքսանան, որին նա, ըստ երևույթին այլևս չէր սիրում, արդեն հեռացել էր, հենց այդպես էլ անելու էր։ Թեև լսեցի, թե ինչպես մոտեցավ պարոն Քրոզերի սենյակի դռանը, բռնակին չդիպավ։ Միայն մի բան ասաց։
-Ավելի ուժեղ, քան կարծում ես։
Այնուհետև իջավ ներքև՝ սովորականի նման աղմկելով իր աննկուն ձեռնափայտով։
Մի փոքր սպասելուց հետո գնացի խոհանոց։ Տարեց Տիկին Քրոզիերն այնտեղ չէր։ Ո՛չ հյուրասենյակում էր, ո՛չ ճաշասենյակում, ո՛չ էլ ձմեռային այգում։ Սիրտ առա, թակեցի զուգարանի դուռը և բացեցի․ այնտեղ էլ չէր։ Այնուհետև ձգվեցի և խոհանոցի լվացարանի վերևի պատուհանից դուրս նայեցի, նկատեցի նրա ծղոտե գլխարկը, որը դանդաղ շարժվում էր մայրու ցանկապատի երկայնքով։ Պարտեզում էր, կիզիչ արևի ներքո քայլում էր ծաղկաթմբերի միջով։
Ինձ չէր անհանգստացնում այն միտքը, որը հուզում էր Ռոքսանային։ Նույնիսկ չդիտարկեցի այն, քանի որ անհեթեթ էր թվում այն, որ մարդը, ում ապրելու շատ քիչ ժամանակ էր մնացել, կարող էր վճռել ինքնասպան լինել։
Այնուամենայնիվ՝ նյարդայնանում էի։ Երկու թխվածք կերա, որոնք դեռ դրված էին սեղանին։ Ուտում էի՝ հուսալով, որ հաճույքը կվերադարձնի նորմալ զգացումները, բայց համարյա չզգացի դրանց համը։ Այնուհետև տուփը խցկեցի սառնարանի մեջ, որպեսզի չկարծեի, թե ևս մեկ հատ ուտելով՝ ինչ-որ բան կարող էր փոխվել։
Երբ Սիլվիան վերադարձավ տուն, Տարեց Տիկին Քրոզիերը դեռ դրսում էր։
Հենց որ լսեցի մեքենայի ձայնը, գրքի մեջից հանեցի բանալին և արագ պատմեցի Սիլվիային, թե ինչ էր պատահել՝ բաց թողնելով տեղի ունեցած խառնաշփոթի մեծ մասը։ Միևնույն է չէր լսելու։ Շտապեց վերև։
Ես մնացի սանդուղքի ներքևում, որպեսզի լսեի այն, ինչ կկարողանայի։
Ոչինչ։ Ոչինչ։
Այնուհետև լսվեց Սիլվիայի ձայնը՝ զարմացած, բայց ոչ հուսահատ, նաև չափից ավելի ցածր, որպեսզի կարողանայի լսել, թե ինչ էր ասում։ Մոտավորապես հինգը րոպե հետո նա արդեն ներքևում էր՝ հիշեցնելով, որ եկել էր տուն վերադառնալուս ժամանակը։ Դեմքը կարմրած էր, ասես այտերի բծերն ամբողջ դեմքով էին տարածվել, ապշած տեսք ուներ, բայց կարծես չէր կարողանում թաքցնել ուրախությունը։ Հետո հարցրեց
-Օ՜։ Որտե՞ղ է մայրիկ Քրոզիերը։
-Կարծում եմ՝ պարտեզում է։
-Լա՛վ, մի քանի վայրկյան սպասի՛ր, կարծում եմ պետք է խոսեմ նրա հետ։
Դրանից հետո այլևս այնքան էլ երջանիկ տեսք չուներ։
-Կարծում եմ՝ գիտես, – ավտոմեքենայով բակից հետընթաց դուրս գալով՝ ասաց նա։ – Ենթադրում եմ, որ պատկերացնում ես, թե որքան վշտացած է Մայրիկ Քրոզիերը։ Այնպես չէ, որ ես քեզ եմ մեղադրում։ Շատ լավ ես վարվել և հավատարիմ կերպով արել ես այն, ինչ քեզ խնդրել էր պարոն Քրոզիերը։ Չես վախեցել, որ ինչ-որ բան կարող էր պատահել, այնպես չէ՞։
-Ո՛չ, – ասացի ես և հավելեցի։ – Ռոքսանան էր վախեցել։
-Տիկին Հո՞յը։ Այո՜։ Շատ վատ է։
Երբ իջնում էինք այն վայրով, որն անվանում են Քրոզիերների բլուր, Սիլվիան ասաց․
-Չեմ կարծում, թե ցանկացել էր վախեցնել նրանց։ Գիտե՞ս, երբ երկար ժամանակ հիվանդ ես լինում, դադարում ես գնահատել ուրիշ մարդկանց զգացմունքները։ Կարող ես նրանց դեմ տրամադրվել, նույնիսկ եթե նրանք անում են ամեն բան, որպեսզի օգնեն քեզ։ Տիկին Քրոզիերը և Տիկին Հոյը, անկասկած, ամբողջ ուժով ջանում էին։ Բայց պարոն Քրոզիերն ուղղակի չէր ուզում, որ այսօր նրա կողքին ինչ-որ մեկը լիներ։ Մինչև կոկորդը կուշտ է նրանցից։ Հասկանո՞ւմ ես։
Սիլվիան ասես չէր էլ նկատել, որ ժպտում էր այդ ամենն ասելիս։
Տիկին Հոյ։
Արդյոք նախկինում լսել էի այդ անունը։
Արտաբերվեց քնքուշ և հարգալից կերպով, բայց վիթխարի մեծամտությամբ։
Հավատո՞ւմ էի այն ամենին, ինչ ասաց Սիլվիան։
Հավատում էի, որ դա այն էր, ինչ պարոն Քրոզիերն ասել էր նրան։
Այդ օրը նորից տեսա Ռոքսանային։ Տեսա հենց այն պահին, երբ Սիլվիան ծանոթացրեց ինձ նրա նոր անվանը։
Տիկին Հոյ։
Նա՝ Ռոքսանան, իր ավտոմեքենան կանգնեցրել էր Քրոզիերների բլուրի ստորոտի առաջին խաչմերուկում, որպեսզի տեսներ, թե ինչպես էինք անցնում նրա կողքով։ Չշրջվեցի, որպեսզի նայեի նրան, որովհետև ամեն բան այնքան խճճված էր, բացի այդ՝ Սիլվիան զրուցում էր ինձ հետ։
Իհարկե, Սիլվիան չէր կարող իմանալ, թե դա ում ավտոմեքենան էր։ Չէր կարող իմանալ նաև, որ Ռոքսանան, ըստ երևույթին, սպասել էր այնտեղ, որպեսզի իմանար, թե ինչ էր կատարվում, և ինչ դուրս էր եկել Քրոզիերների տանից, անընդհատ պտտվել էր տարածքում։ Սակայն Ռոքսանան, անկասկած, ճանաչել էր Սիլվիայի ավտոմեքենան։ Նկատել էր ինձ։ Հասկացել էր, որ ամեն բան կարգին էր՝ տեսնելով, թե ինչպես էր Սիլվիան խոսում ինձ հետ՝ բարյացակամ, լուրջ և թեթևակի ժպտալով։
Ռոքսանան ո՛չ թեքվեց, ո՛չ էլ բարձրացավ հետ՝ դեպի Քրոզիերների տուն։ Օ՜, ո՛չ։ Նա հատեց փողոցը (կողային հայելիով էի հետևում այդ ամենին) և ուղևորվեց դեպի քաղաքի արևելյան հատված, որտեղ պատերազմի ժամանակ տներ էին կառուցել։ Նա այնտեղ էր ապրում։
-Զգա՛ զեփյուռը, – ասաց Սիլվիան։ – Գուցե այս ամպերն անձրև բերեն մեզ։
Սպիտակ ամպերը շատ վերևում էին և կուրացնելու աստիճան պայծառ։ Ամենևին էլ նման չէին անձրևից առաջ մթագնող ամպերին, իսկ քամին զգացվում էր միայն այն պատճառով, որ բաց պատուհաններով էինք երթևեկում։
Շատ լավ հասկացա, թե ով հաղթեց և ով պարտվեց Սիլվիա և Ռոքսանա պատմության մեջ, բայց տարօրինակ էր մտածել գրեթե աչքաթող արված մրցանակի մասին՝ պարոն Քրոզիերի։ Ավելի տարօրինակ էր պատկերացնել, որ որոշում կայացնելու կամքի ուժ էր ունեցել, թեև կյանքի մայրամուտին այն զրկում էր նրան ինչ-որ բանից։ Մահվան շեմին մարմնական կիրքը կամ նույնիսկ իսկական սերը, այն էր, ինչից ուզում էր ազատվել, ինչպես ուզում են ազատվել թևքի վրա հայտնված թրթուրներից։
Սիլվիան տարավ պարոն Քրոզիերին լճի ափին վարձակալած մի առանձնատուն, որտեղ տերևաթափը դեռ չսկսած վերջինս մահացավ։
Հոյերի ընտանիքը հեռացավ, ինչը մեքենագետների ընտանիքների համար սովորական բան էր։
Մայրիկս պայքարեց քայքայող հիվանդության դեմ, որը վերջ դրեց նրա՝ մեծ գումարներ վաստակելու բոլոր երազանքներին։
Դորոթի Քրոզիերը սրտի կաթված ստացավ, բայց ապաքինվեց, և ասում էին, թե Հելոուինին կոնֆետներ էր գնել երեխաների համար, ում ավագ քույրերին և եղբայրներին ժամանակին քշել էր իր տան դռների մոտից։
Ես մեծացա և ծերացա։
