Ծնվել է Թեհրանում, 1958 թվականին։ Մասնագիտությամբ սոցիոլոգ է։ Պատմվածքների առաջին ժողովածուն՝ «Կանաչ բլուրներ (ծաղաթներ)» անվանումով, լույս է տեսել 1989 թվականին։ 1995 թ. լույս է տեսել «Փոքրիկ ծաղտնիքներ» պատմվածքների ժողովածուն, 1999 թ.՝ «Մի կին, մի սեր» ժողովածուն, 2002 թ.՝ «Կորցված սերային հատկանիշ» վեպը։
Մովաքին էինք։ Աշնան վերջն էր, ցուրտ էր, արևը լավ չէր ջերմացնում։ Կեսօրին լողանում էինք։ Մինչև ջրի սառնությանը ընտելանալը, արագարագ ոտք ու ձեռք էինք թափահարում։ Հետո կանայք հերթով դուրս էին գալիս ջրից, պաղությունից փշաքաղված՝ փաթաթվում սրբիչներով, սկսում էին զրուցել։ Քանի որ այդ ժամին երեխաները դպրոցում էին լինում, ուտելիքը հետներն էին վերցնում՝ ափին ճաշելու համար։ Ես նրանց լեզուն չէի հասկանում, բայց ջանում էին իմ իմացած մի քանի բառերի միջոցով հաղորդակցվել ինձ հետ։
Զրուցում էինք։ Օրաթերթեր էին կարդում, ամսագրեր թերթում։ Խոսում էինք պատերազմների ու խաղաղության, բանակցությունների արդյունքների, ղեկավար անձանց այցելությունների ու սրանց փոխայցելությունների, գրողների ու զոհերի, տերորների ու պետական հեղաշրջումների մասին։ Այդ ամենի հետ անմիջական առնչություն չունեինք, մեր գործը խոսելն էր։ Սրբիչները գլխներիս փաթաթած՝ զրույցը ժամեր էր ձգվում։ Հետո սև ամպեր կուտակվեցին, սկսեց անձրև կաթկթալ։ Կանայք իրենց ժամացույցներին նայեցին, վեր կացան։ Սրբիչները խցկեցին պայուսակների մեջ, հագնվեցին։ Զվարճալի մեծ գլխարկներով էին, գործի գցեցին շարժիչները՝ պետք է դպրոց հասնեին։ Արդեն բավական հեռվից ձեռքի թափահարումով հրաժեշտ տվեցին։
Առաջին անգամ, երբ ափ էի եկել, ո՛չ սրբիչ ունեի, ո՛չ լողալ գիտեի։ Կեսօր էր, արևն այրում էր։ Տղամարդիկ, մի քանի շարքով կողքկողքի պառկած, արևի լողանք էին ընդունում։ Գորշ, բրդոտ մի մեծ շուն վազվզում էր երեխաների հետ։ Կարծեցի՝ թափառական շուն է։ Երբ երեխաները ծովը մտան, սկսեց պլաստմասսայե կարմիր գնդակով խաղալ։ Ջուրն էր նետում, հետո հանում, թաղում էր ավազների մեջ, ապա վնգստալով գտնում։ Ինչպես ձագին՝ ատամներով բռնած՝ տանում էր մեկ ուրիշ տեղ։ Մի քանի դեռահասներ միացան շանը, նետում էին գնդակները, հետո աղմուկով ջուրը մտնում։ Առաջին օրերն էին։
Զբոսնում էի ափի երկայնքով։ Մի օր էլ մերկ կանանց հարց տվեցի՝ ինչ պատասխան են տալու իրենց աստծուն։ Չհասկացան՝ ինչ եմ ուզում ասել։ Կարծեցին՝ ինքս ինձ հետ եմ խոսում, ծիծաղեցին՝ թափ տալով ձեռքները։ Արդեն ցրտել էր։ Սրբիչի մեջ էի փաթաթվել։ Բոլորը գիտեին՝ լողալ սովորելուց հետո՝ նոր էի գնել, վարդագույն, ասեղնագործ երիզներով էր։
Այդ ցուրտ եղանակին նստում էի կանանց հետ, օրաթերթ էին կարդում, զրուցում։ Չնայած լեզուն չգիտեի, բայց հատհատ վերծանում էինք բառերի իմաստը։ Լրագրի առաջին էջում Նյու Յորքի փլուզված զույգ երկնաքերերներն էին պատկերված, կողքին արաբ մահապարտ տղամարդկանց նկարներ էին, որոնք ցանկություն ունեին ինքնասպանություն գործելուց հետո դրախտ ընկնել։
Կանայք զարմացան՝ դրա՞խտ։ Ուզում էին հասկանալ՝ ինչ բան է դրախտը։ Նրանց բացատրեցի, սկսվեց բուռն քննարկում։ Այժմ բոլորը գիտեին՝ ես մի երկրից էի եկել, որի մասին ոչ ոք ոչինչ չէր լսել։ Շուրջս հավաքվեցին նաև անծանոթ տղամարդիկ։ Ուզում էին դրախտի մասին պատմեի մի լեզվով, որին չէի տիրապետում։ Ցանկանում էին հասկանալ, թե՝ իսկապե՞ս արաբները դրախտ կընկնեն։ Իսկ այն մյուսները՞, որոնք այդ ժամին բարձրահարկ երկնաքերերում են եղել։ Հասկացա՝ չպիտի այո կամ ոչ ասեի։ Անորոշ պատասխաններ էի տալիս։ Ձևացնում էի՝ իբր ես էլ շփոթի մեջ եմ, թույլ տվեցի իրենք արտահայտվեն։ Ուշադիր և սառնասրտորեն հետևում էի խոսակցություններին։ Փորձում էին իմ կարծիքն էլ իմանալ։ Բայց պարզ, կտրուկ պատասխանները զայրացնում էին նրանց։ Սիրում էին ամեն բանի մասին մինչև վերջին մանրամասներով խոսել։ Բառերը հոսում էին։ Հետո նորից այդ ցուրտ եղանակին ծովը մտանք։ Արագ արագ ձեռք ու ոտք թափահարելով՝ նորից ընտելանում էինք ջրի սառնությանը։ Դուրս էինք գալիս, սրբիչներով փաթաթված՝ նստում էինք ափին, զրուցում։ Երեկոյան Մայքլը մեծ սրբիչը ուսին, շան հետ ափ էր գալիս։ Անկյունում շունը լքում էր։ Թռչունները դիմավորում էին նրան, նստում ուսերին, թևթևի զարկում։ Ժպտերես այդ տարեց մարդը քայլում էր ափով, հետո սրբիչը փռում, կտոր տոպրակից բուռբուռ ցոր ցորեն էր հանում, լցնում սրբիչի վրա։ Թռչունները կտցում էին հատիկները, հետո ընտանիների նման ընկնում էին նրա հետևից, թառում գլխին ու ուսերին։ Նա քահքահ ծիծաղում էր։ Կանայք ասում էին՝ Մարիայի սիրեկանն է։
Մի օր էլ նրանք ինձ համար լեզվի դասատու գտան՝ իրենց երեխաների ուսուցիչն էր՝ Մայքլի կրտսեր եղբայրը։ Առաջին անգամ քաղաք Մայքլի հետ էի գնացել։ Շունն էլ մեզ հետ էր։ Մայքլը մոտ վաթսուն տարեկան էր։ Ականջին արծաթյա ականջօղ էր կրում։ Քաղաք հասնելուն պես, հնդկական սովորույթի համաձայն, երկու ձեռքերի ափերը միացնում էր, կպցնում քթին։ Դա նրանց ողջույնի ձևն էր։ Ամենուր հետևում էի նրան, պահում էի գլխարկը, փաստաթղթերի հին կաշվե թղթապանակը կամ այլ պարագաներ։ Մայքլի շունը ջրից վախենում էր։ Նա քարշ տալով էր շանը նավ նստեցրել։ Ոստիկանատան մոտ էլ չէին թողնում ներս մտցնել։ Մայքլը նրան մայթի երկաթյա բազրիքից կապեց, բայց շունն այնքան կաղկանձեց, որ ոստիկանները ստիպված թույլ տվեցին։ Մինչև Մայքլը պատուհանի մոտ կանգնած խոսում էր օտարերկրացիների գործեր պատասխանատուի հետ, շունը մի սենյակից մյուսն էր անցնում։ Խնդրեցին պահել նրան։ Շունը հենց այդտեղ էլ փռվեց գետնին, քնեց։ Խռխռացնում էր, կոպերը ցնցվում էին, կարծես երազ էր տեսնում։ Վերադարձին էլ Մայքլին թույլ չտվեցին նստելու տեղը զբաղեցնել, նա թոկից բռնած՝ կանգնած էր տախտակամածին։ Շունը դնչկալով էր, ուժասպառ էր եղել։ Մայքլը առանց նրա վրա ուշադրություն դարձնելու ծխում էր։ Անցնողդարձողները կռանում, շոյում էին շանը։ Եթե ամեն մեկը ոտքի մի հարված հասցներ նրան, գուցե թոկի կարիք չլիներ և այլևս այդքան ագրեսիվ չպահեր իրեն։ Ափ հասնելուն պես Մայքլը հեռացավ շան հետ։
Երբ կանանց ասացի, որ չեմ ուզում ուսուցիչս տղամարդ լինի, նրանք ասացին՝ դժվարություններ չեմ ունենա, ոչ ոք ամուրի տղամարդու նման համբերատար չէ։ Նրանք վստահում էին Մայքլի եղբորը։ Չնայած նրանց կարծիքով երկուսն էլ տարօրինակ էին, բայց չէր ուզում որևէ մեկը այդ մասին Մայքլին ասեր։ Ես նրան միայն հեռվից էի տեսնում՝ շան հետ ափի երկայնքով զբոսնելիս։ Մի քանի անգամ էլ մայրամուտին էի տեսել։ Երկուսով էին, մակույկի նման մեծ գլխարկներ դրած։ Նրանցից ավելի երիտասարդը ոտաբոբիկ քայլում էր ավազների մեջ՝ մի ձեռքին կոշիկներն էին, մյուսին՝ հագուստի քղանցքների ծայրը։ Ջուրն էր մտնում, մինչև կոճերը թրջում ոտքերը, հետո նորից ետ գալիս։ Ուզում էի տեսնել՝ մե՛րկ են, թե՛ ոչ, բայց ոչինչ չէր երևում, գուցե սպասում էին՝ մինչև լողափը դատարկվեր, մենակ մնային։
Եղանակը քանի գնում, ցրտում էր։ Օրերը կարճացել էին։ Անձրևի կաթկթոցի տակ նստում էինք ափին, զրուցում։ Մի օր էլ Մարիան եկավ։ Նիհար էր, արևայրուկից թխած մաշկ ուներ։ Երբ Մայքլը հեռվում երևաց, կանայք սկսեցին ծպտալ, ուսերով բոթել իրար։ Ամպամած եղանակ էր։ Նա, շան և իր շուրջը թևածող թռչունների հետ, մոտեցավ, սրբիչը փռեց ավազներին, ցորեն շաղ տվեց։ Հետո նստեց, խոսեց Մարիայի հետ։ Կանայք ասացին. «Մարիան ուզում է ամուսնանալ», հետո բարձր ծիծաղեցին՝ կողքանց քաշելով մեկը մյուսի մազերը։ Մարիան նյարդայնացած էր։ Վեր կացավ, առանց հրաժեշտ տալու Մայքլին՝ գնաց։ Նա մի բուռ ցորեն նետեց Մարիայի հետևից։ Երբ թռչունները իջան ցորենի վրա, մի բուռ էլ ուսերին, գլխին, երկար սև մազերին շաղ տվեց։ Մարիան դրա համար վիրավորեց Մայքլին։ Բայց նա՝ տարեց մարդը, հասավ Մարիային, տոպրակի ցորենը շաղ տվեց նրա շուրջբոլորը։ Մարիայի նիհար կերպարանքը վազում էր ափի երկայնքով՝ թռչունները թառած նրա գլխին, ուսերին, թևերին, դարձյալ ցորենահատիկներ էին պահանջում։ Կանայք ծիծաղում էին, ամսագրերն ու լրագրերը գլանած՝ իրար գլխի էին խփում։ Ասում էին՝ նման արարքների պատճառով է, որ Մարիան հիասթափվել է Մայքլից։ Հետո միանգամից ժամացույցին նայեցին, վեր կացան, սրբիչները խցկեցին պայուսակները, հագնվեցին, գործի գցեցին շարժիչները, որ հասնեն դպրոց։ Զվարճալի մեծ գլխարկները դրած, հեռվից հրաժեշտ տալով ինձ՝ լքեցին ծովափը։
Միանձնուհիներ հայտնվեցին։ Զրուցում էինք։ Ծանր անձրև էր տեղում, թռչունները անհետացել էին։ Վեր կացանք, երեքով էինք՝ ես, Մայքլը, նրա շունը՝ վրայից ջուր էր կաթկթում։ Մայքլն սկսեց խոսել։ Չէի հասկանում՝ ինչ էր ասում։ Շուրթերն էր ճպճպացնում, բերանի ջուրը սև ատամների արանքից ցայտում էր։ Երբ նրա տան մոտ հասանք, անձրևը վարարել էր։ Տուն հրավիրեց։ Երկու սենյականոց էր՝ մեկը վերևի, մյուսը՝ ներքևի հարկում։ Ի նշան լռության պահպանելու՝ մատը շրթին դրեց, առաջին հարկի սենյակի դուռը բացեց։ Շունը ներս մտավ։ Մայքլը կանչեց. «Մամա, ես եկա», հետո ձեռքով հասկացրեց, որ վերև բարձրանամ։ Դուռը բաց էր։ Կիսավեր սենյակ էր, կենտրոնում երկտեղանոց ջարդված փայտե մահճակալ էր դրված։ Գաջե պատին շրջանակի մեջ, նորահարսի՝ խամրած մեծ լուսանկար էր կոճգամով ամրացված և մի քանի փայտե հին խաչեր, սրբապատկեր։ Առաստաղի անկյուններից անձրևաջուր էր կաթկթում հատակին դրված պլաստմասսայե կեղտոտ դույլերի մեջ։ Մայքլը պատշգամբից խոնավ ու ջարդված մի աթոռ բերեց, վրան շոր գցեց՝ առաջարկեց նստել։ Հետո մազերը սանրեց, վառեց կիսատ սիգարը։ Նստեց։ Հուզված էր, գրգռված, ավելի երիտասարդ էր երևում։ Ասաց, որ ուզում է սենյակը վերանորոգել։ Լողասենյակից մի քանի տուփ ներկեր բերեց, ցույց տվեց։ Հետո ուղեկցեց պատշգամբ. մի կողմում ծովափն էր, մյուսում՝ դեպի իմ տուն ձգվող զառիվերը։ Ինձ երբեմն Մարիա էր ասում, ապա ներողություն խնդրում։ Բռնեց ձեռքերս, խոսում էր աչքերիս մեջ նայելով։ Թռչունների ծերտի հոտը խփում էր քթիս, բերանի ջուրը դեմքիս էր ցայտում։ Դույլերը դատարկեց, ասաց՝ ինձ համար է տունը նորոգելու։ Փայտե ջարդված կոմոդից մի ճամպրուկ հանեց, որ լիքն էր հնամաշ շորերով, փողկապներով ու դեղնած հագուստներով՝ իր ծովագնացության օրերից էր հիշատակ մնացել։ Խունացած մի լուսանկար ցույց տվեց. ինքն էր՝ տախտակամածին կանգնած։ Հետո ձեռքերս ափերի մեջ առավ, ուզում էր՝ խոստանայի, որ կմնամ իր հետ։ Հասկացա՝ չպիտի այո կամ ոչ ասեի։ Անորոշ պատասխաններ էի տալիս։ Ձևացրի՝ իբր շփոթված եմ, նրան թույլ տվեցի խոսել։ Ուշադիր լսում էի։ Ուզում էր իմ վերաբերմունքն էլ իմանալ։ Գիտեի՝ կտրուկ պատասխան տալու դեպքում կվշտացնեի նրան։ Ուզում էր՝ տունը նորոգելուց հետո տեղափոխվեմ իր մոտ։
Կնոջ ձայնը նրան էր կանչում. «Մայքլ, Մայքլ»։ Շունը հաչում էր։ Նա լուռ մնալու նշան արեց, և մենք միասին ներքև իջանք։ Շունը դռան մոտ էր, Մայքլը շոյեց գլուխը։ Ապա երկու ձեռքերի ափերը միացրած՝ քթին մոտեցրեց, ի նշան հրաժեշտի, և մոր սենյակը մտավ։
Մթնել էր։ Տեղատարափ անձրև էր։ Խոնավ սրբիչը գլխիս գցած՝ քարքարոտ զառիվերով բարձրանում էի տուն։ Զգում էի՝ կոշիկներիս ինչոր կեղտ էր կպչում։ Այդ տարածքներում շատ շներ էին լինում, ամբողջ զառիվերը լիքն էր շան կղկղանքով։
Սենյակիս պատուհանից ծովը չէր երևում։ Լսվում էր քամու սուլոցը, ճեղքերից քամին դեմքիս էր խփում։ Նենջարանում ոչ ոք չկար, որ ինչոր բան հարցներ, բայց այտերս կարմրել, այրվում էի։ Անթարթ նայում էի սեղանի ապակյա մակերեսի մեջ արտացոլված, ուռած և կարմիր սեփական աչքերիս։ Սրբիչը գլխիս գցած՝ ափ վերադարձա։ Միանձնուհիները անձրևանոցները ձեռքներին քայլում էին ու զրուցում։ Ծովն ալեկոծ էր, սև, ծանր ալիքները ափին էին հարվածում։ Գետնին գույնզգույն սադափներ կային։ Տարեց մարդը պատշգամբում չէր, նրա սենյակի լույսի առկայծումներն էին երևում։ Սանդալներս հանեցի, մտա ջուրը։ Սառն էր, սովորականից ավելի պաղ։ Դժվարությամբ էի մխրճվում ալիքների մեջ։ Սրբիչս էի ափսոսում, նոր էր, սիրում էի այն։ Առաջին անգամ էի նման բան զգում, երջանիկ էի…
Թարգմանությունը պարսկերենից՝ Նունե Հովհաննիսյանի
