
Ժամանակին մի երկրաշարժ էր եղել․ բայց այդ մեկն ամենաուժեղն էր, որ ֆիքսվել էր սկսած Ռիխտերի սանդղակի հայտնագործությունից, երբ հնարավոր դարձավ չափել ապոկալիպտիկ նախազգուշացումները։
Այն շրջել էր մայրցամաքային ծանծաղուտը ։ Նմանատիպ ստորգետնյա ցնցումները շատ հաճախ ջրհեղեղների պատճառ են դառնում․ այդ հսկան փոխել էր ուղղությունը, օվկիանոսն այնպես էր հետ քաշել, ասես խորը շունչ էր առել։ Մեր աշխարհի ամենագաղտնի մակարդակը բացվել էր․ ծովի հատակին խորտակված նավեր, տների ճակատներ, պարահանդեսի սրահների ճյուղավոր մոմակալներ, զուգարանակոնք, ծովահենների սնդուկ, հեռուստացույցի էկրան, փոստակառք, ինքնաթիռի կմախք, ֆոտոխցիկ, մարմարե իրանաքանդակ, Կալաշնիկովի ինքնաձիգ, զբոսաշրջային ավտոբուսի պողպատյա զրահ, մկրտության ավազան, սպասք լվացող ինքնաշխատ մեքենա, համակարգիչ, թրեր՝ խեցե պատյանի մեջ, քարի վերածված մետաղադրամներ։ Ապշած հայացքները հառված էին այդ ամենին․ բնակչությունը, որը փախուստի էր դիմել իրենց՝ առափնյա բլուրների վրայի տներից, ուժասպառ էր եղել։ Այնտեղ, ուր ցամաքային դղրդյունն ու թնդյունը սարսափեցնում էին նրանց, այժմ կատարյալ լռություն էր տիրում։ Ծովային լորձը փայլատակում էր այդ իրերի վրա․ ասում են՝ ներքևում ժամանակ չկա և երբեք էլ գոյություն չի ունեցել, այնտեղ անցյալի և ներկայի նյութեղենությունը, ինչպիսին, որ այն կա, չունի ժամանակագրական հաջորդականություն, ամեն բան ընդհանուր է, ամեն ինչ ոչինչ է, կամ ամեն ինչին միանգամից կարելի է տիրանալ։
Մարդիկ շտապեցին վերցնելու․ վերցնե՛լ, վերցնե՛լ։ Այս մեկը (ժամանակին, ցանկացած պահի, ժամանակ առ ժամանակ) արժեքավոր էր, մյուսը կարող էր պետք գալ, իսկ թե ինչ էր այն մեկը, ինչ-որ մեկն անպայման կիմանար, երրորդը, անկասկած, հարուստներին էր պատկանել, իսկ այդ պահին այն իմն էր, եթե չճանկեիր այնտեղ եղածը, մեկ ուրիշը կաներ։ Ոտքերը սահում էին ջրիմուռների վրա և ընկղմվում թաց ավազի մեջ, շնչահեղձ ծովային բույսերը, զարմանքից բերանները բացած, նայում էին նրանց, ոչ ոք չէր էլ նկատում, որ ձկներ չկային, ջուրը քշել-տարել էր երկիր մոլորակի կենդանի բնակիչներին։ Խանութների թալանը, որը քաղաքական ապստամբությունների ժամանակ սովորական առօրյա էր մարդկանց համար, անհամեմատելի էր այդ ամենի հետ։ Ցոփ ուրախությունը տղամարդկանց, կանանց և նրանց երեխաներին ուժ էր տալիս տիղմի և ավազի մեջից հանելու այն ամենը, ինչ չգիտեին էլ, որ ուզում էին, շարժվելիս արագացնում էր նրանց երերուն քայլվածքը, և դա ավելին էր, քան պատահականության սկզբունքով օգուտ քաղելը, դա բնության ուժի հափշտակումն էր, որի առաջ անզոր էին։ Վերցնե՛լ, վերցնե՛լ․ հափշտակելիս ունակ էին մոռանալու իրենց ավերված տների և տարիների ընթացքում կուտակված կարողության կորստի մասին։ Միմյանց ձայն տալով՝ խախտում էին լռությունը և որորների ճռվողյուն հիշեցնող այդ ճիչերի ներքո չլսեցին հեռվից մոտեցող ձայնը, որը գնալով ուժեղանում էր, ինչպես մոլեգին քամին։ Իսկ հետո ծովը վերադարձավ և կուլ տվեց նրանց՝ համալրելով իր գանձարանը։
Ահա այն ամենը, ինչ հայտնի էր հեռուստատեսության հաղորդումներից, որոնք իրականում ցուցադրելիք չունեին՝ բացի հորձանուտի անագե բարակ թաղանթից, ռադիոների հարցազրույցներից՝ այն փոքրաթիվ տկարների, ամաչկոտների և խելամիտների հետ, որոնք չէին իջել իրենց բլուրներից, և լրագրերից, որտեղ հաշվետվություններ էին տպագրվում մարմինների մասին, որոնց անհասկանալի պատճառով ծովը մերժում էր և դուրս էր գցում ափ։
Բայց գրողին հայտնի է մի բան, որն ուրիշները չգիտեն․ ծով՝ երևակայության փոփոխություն։
Իսկ հիմա լսե՛ք․ կա մի տղամարդ, ով ամբողջ կյանքում հստակ մեկ առարկայի (ինչի՞) մասին է երազել։ Շատ իրեր ունի, որոնցից մի քանիսին հաճախ է ուշադրություն դարձնում, քանի որ հավանաբար սիրում է դրանք, իսկ որոշները դիտավորյալ անտեսում է, որովհետև դրանք, ըստ երևույթին, չպետք է ձեռք բերեր, բայց չի էլ կարող հրաժարվել դրանցից․ մահճակալի գլխավերևում կախված է ճապոնական նկար՝ Հոքուսայի «Մեծ ալիքը», իրականում ամենևին էլ արևելյան իրերի հավաքածու չիստեղծում, թեև եթե այն դիմացի պատին կախված լիներ, միգուցե ոչ թե ուղղակի կահավորանքի մի մաս լիներ, այլ ավելի մեծ նշանակություն ունենար նրա համար։ Տարիներ շարունակ նրա գլխի հետևում էր՝ տեսադաշտից դուրս։ Բոլոր այս իրերը, բայց ոչ այն միակը։
Թոշակառու է, վաղուց ամուսնալույծ, առափնյա բլուրների վրա գտնվող հին, բարեկարգ առանձնատուն է ընտրել՝ իբրև մի տեղ, որտեղ կարելի կլիներ թաքնվել քաղաքի գրոհից։ Գյուղից մի կին մաքրություն է անում տանը, ուտելիք է պատրաստում և որևէ այլ հաղորդակցմամբ չի ձանձրացնում։ Հուզմունքներից զուրկ օրհնյալ կյանք է, կուշտ է նմանատիպ հուզումներից՝ և՛ հաճելի, և՛ ոչ, բայց նրա պատուհաններից բացվող տեսարանն այն ամենին, ինչը չէր կարող տեղի ունենալ, որին երբեք արժանի չէր դառնալու, յուրօրինակ իշխանություն է։ Այդ տղամարդը նրանցից մեկն է, ովքեր սլանում են ծովի փայլփլուն հատակով, անցյալի բեկորների վրայով, մեկ և միակ բանի վրայով՝ լրիվ մերկ։
Բոլոր կողոպտիչների նման, որոնց հետ չի շփվում և ոչ մի ընդհանուր բան չունի, մի առարկայից դեպի մյուսն է շտապում` շուռ տալով նկարազարդ ճենապակու բեկորները, քայքայմամբ, լքվածությամբ և ժանգով ստեղծված քանդակները, գինու՝ աղաջրի մեջ պահված տակառները, շուռ եկած մրցարշավային մոտոցիկլետը, ատամնաբույժի աթոռը, լոք տալով՝ անցնում է՝ մարդկային քայքայված կողոսկրերի և նախագարշապարի ոսկրերի վրայով, որոնք ունակ չի տարբերելու։ Բայց ի տարբերություն ուրիշների՝ ոչինչ չի վերցնում, մինչև որ չի տեսնում նարնջաշագանակագույն ջրիմուռների փնջերով զարդարված, սադափե խեցիներով և կարմիր մարջանի ատամիկներով ամրացված մի առարկա։ (Հայելի՞)։ Ասես անհնարն իրականություն է դարձել․ միշտ իմացել է, որ ինչ-որ մի տեղ գոյություն ունի, ծովի հատակին է, դրա համար էլ չի իմացել, թե ինչ է դա, և նախկինում երբեք չի կարողացել գտնել։ Այն կարող էր ի հայտ գալ միայն շնորհիվ այն բանի, ինչը դեռ երբեք չէր պատահել․ մեր մոլորակի գերագույն պարոքսիզմի, որ երբևէ չափվել է Ռիխտերի սանդղակով։
Նա բարձրացնում է այդ առարկան՝ հայելին, դրա վրայից ավազ է թափվում, ջուր է հոսում, որը միակ վառ ցոլքն է, որ մնացել է դրանից, վերցնում է իր հետ․ վերջապես տիրացել է դրան։
Եվ ահռելի ալիքը բարձրանում է նրա մահճակալի գլխավերևից ու քշում-տանում է նրան։
Նրա անունը, որը մեծ հայտնություն էր վայելում մայրաքաղաքի նախկին ռեժիմի շրջաններում, չկա ողջ մնացածների ցուցակում։ Նրա հետ միասին վերջին զոհերի, հին ժամանակների ծովահենների և ձկնորսների կմախքների միջև են նաև նրանք, ում դիկտատուրայի ժամանակաշրջանում նետում էին ինքնաթիռներից, որպեսզի ծովը թաքցներ վերջիններիս, և ոչ ոք երբեք չգտներ նրանց։ Ո՞վ ճանաչեց նրանց այդ օրը, որտե՞ղ են նրանք գտնվում։
Ո՛չ մեխակ կա ջրի մակերեսին, ո՛չ էլ վարդ։
Ծովի խորքերում կորած։
Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի
