Վիկտոր Պելևին | Ստորգետնյա երկինք

Մետրոն մինչև հիմա երազելու հնարավորություն է ընձեռում մոսկվացիներին

Մոսկովյան մետրոն հավանաբար միակ տրանսպորտային միջոցն է աշխարհում, որով զբոսաշրջիկներն այնքան են հետաքրքրվում, որքան թանգարաններով և ճարտարապետական հուշարձաններով․ հիրավի այն խորհրդային արվեստի գլուխգործոցն է, որը ոչ թե իբրև տրանսպորտային միջոց էր մտածված, այլ իբրև մի բան, որը պետք է վերափոխեր մարդկանց գիտակցությունը և առօրյա կյանքից գաղափարախոսական ոլորտ տեղափոխեր այն։ Մետրոյի կառուցման պատմությունը սկիզբ է առել երեսունականներից, և ինչքան էլ պարադոքսային թվա, աշխարհի առաջին աթեիստական պետությունն աչքի առաջ է ունեցել անտիկ աշխարհի կրոնական ժառանգությունը։ Այդ օրինաչափությամբ մետրոն տաճարների ստորգետնյա համալիր է հիշեցնում, որտեղ հավատացյալները մի սրբավայրից մյուսն են տեղափոխվում, կամ հռոմեական կատակոմբներ, որտեղ հավաքվում էին առաջին քրիստոնյաները, և որտեղ ծագել էր անտիկ աշխարհին փոխարինելու եկած քաղաքակրթութունը։ Նույն կերպ մոսկովյան կատակոմբները՝ զարդարված մարմարով և գրանիտով, պողպատով և փայլող բյուրեղապակիով, պետք է դառնային նոր հասարակության օրրանը․ սոցիալիզմի կառուցումը գետնի տակ էր սկսվել։

 

Տարօրինակ հիբրիդներ

Մոսկովյան մետրոյի կայարաններն ացտեկների սրբավայրերից և հունական տաճարներից բաղկացած տարօրինակ հիբրիդներ են։ Որմնախորշերում աստվածների փոխարեն հերոսների արձաններ են կանգնեցված․ զինված նավաստիներ, զինվորներ և բրոնզե տրեխներ հագած գյուղացիներ։ Մետրոյի էսթետիկան ամենևին էլ ստեղծագործական ազատության արդյունք չէ, այն առաջին հերթին բարդ քաղաքական նկատառումներից է բխում։ Օրինակ՝ մետրոյի «Հեղափոխության հրապարակ» կայարանի բացումից առաջ գաղափարախոսական հանձնաժողովն ուզում էր այնտեղից վերացնել արձանները, քանի որ դրանք կիսակռացած դիրքով, գրեթե ծնկի իջած էին ցուցադրում խորհրդային մարդուն։ Ստալինն ինքը խոչընդոտեց դրան, որովհետև արձաններն ասես կենդանի լինեին։ Բրոնզե կուռքերն ավելի երկար կյանք ունեցան, քան Ստալինն ու Խորհրդային միությունը, դրանց՝ միլիոնավոր ձեռքերի կողմից հղկելով փայլեցված ատրճանակների փողերը մինչև հիմա ուղղված են դեպի ամբոխը։
Մոսկովյան մետրոն երկու տեսակի արձաններով է բնակեցված․ խորհրդային մշակույթի պանթեոնի գրողներ ու բանաստեղծներ, աշխատանքի և պատերազմի անանուն հերոսներ։ Մետրոյի պատերի խճանկարները շատ հաճախ վերացական երկրաչափական զարդանկարներ են, որոնց մեջ ներհյուսված են այնպիսի խորհրդային խորհրդանիշեր, ինչպիսիք են մուրճը և մանգաղը կամ հնգաթև աստղը, և այնքան նրբորեն են ներհյուսված, որ զարմանալի տպավորություն է ստեղծվում․ երբ անցնում ես դրանց մոտով, ինչ-որ չափով զգում ես այդ պատերի գաղափարախոսական ճառագայթումը։ Երբեմն պետք է ուշադիր զննես դրանք, մինչև որ կհասկանաս, թե ինչու է վերացական խճանկարը կոմունիստական գաղափարների վեհության վերաբերյալ մտքեր առաջացնում։ Գաղափարախոսությամբ լցված զարդանկարների կողքին մոգական նշաններով խճանկարներ կան․ պատերը զարդարված են անտիկ խորհրդանիշերով, կաբալիստական մոտիվներով, ռուներով և այլնով։
Որոշ կայարաններում գիտակցաբար օգտագործվել են անտիկ ճարտարապետության նմուշներ, որոշները հիշեցնում են Քնոսոսի ՝ Մինոտավրոսի լաբիրինթոսով պալատը, իսկ «Կրոպոտկինսկայա» կայարանն իր երկակի սյունաշարով եգիպտական տաճարի ներսակողմի է նման, բայց ոչ թե ջահերով է լուսավորված, այլ էլեկտրական լամպերով։ Այնտեղ օրինական կերպով կարելի է լուսանկարահանել միայն հատուկ թույլտվությամբ։ Մասամբ պատճառը մետրոյի ռազմավարական նշանանակությունն է․ հիսունականներին և վաթսունականներին դրանք ատոմային ռմբապաստարանների էին վերածվել։ Յուրաքանչյուր կառամատույցի սկզբում և վերջում ծանր, պողպատյա դռներ են ներկառուցված, որոնց շնորհիվ կայարանները կարելի է հերմետիկ փակել։ Ոչ ոք դրանք փակ չի տեսել՝ բացի մի քանի մասնագետներից, բայց կարելի է պատկերացնել այդ սարսափելի իրավիճակը․ շարժասանդուղքով ներքև իջնող ամբոխ, որի հետևից փակվում են կես մետր հաստությամբ պողպատյա դռները։ Սակայն միանգամայն հնարավոր է, որ այդ դռներն արդեն վաղուց չեն գործում։
Եթե մետրոյով կենտրոնից մինչև ծայրամաս գնաս, կթվա, թե ճանապարհորդում ես ժամանակի միջով՝ երեսունականներից դեպի մեր օրեր։ Պերճությանն ու շքեղությանը փոխարինելու են գալիս ճգնավորությունն ու, կարելի է ասել նաև, աղքատությունը, և որքան շատ ես հեռվանում կենտրոնից, այնքան ավելի հազվադեպ ես հանդիպում մետրոյի վերգետնյա շինությունների, այնտեղ մուտքերն ուղղակի ստորգետնյա անցումներ են, որոնց վերևում կարմիրով վառվում է «Մ» տառը։ Կենտրոնում կայարանները նման են փոքրիկ դամբարանների, իսկ Լենինի դամբարանը նման է մետրոյի կայարանի։ Եվ ընդհանրապես, մետրոն, որը վաղուցվանից Լենինի անունն է կրում, վիրտուալ դամբարան է՝ գաղափարների դամբարան, ապագայի դամբարան, երազանքի դամբարան։
Ինչպես ցանկացած պաշտամունքային օբյեկտ, մետրոն համակված է մռայլ առասպելներով։ Լուրեր են պտտվում, թե թունելների ստորգետնյա համակարգում բնակվում են հսկա առնետ-մուտանտներ՝ փոքրիկ շների չափսի, որոնք ժամանակ առ ժամանակ ռելսերի վրա են նստում և ստիպում են գնացքներին կանգ առնել։ Գիշերները թունելներով շրջում են հատուկ բրիգադաներ՝ զինված Կալաշնիկովի ինքնաձիգերով և լապտերներով, և գնդակահարում են առնետներին։ Ասում են, որ առնետները սնվում են դիակներով, որոնք գիշերները դուրս են նետում գնացքների պատուհաններից։ Մոսկվայի կենտրոնի ինչ-որ հատվածում պետք է լքված կայարան լինի, որի կառամատույցները լցված են Ստալինի այն բոլոր արձաններով, որոնք հիսունականներին հեռացրել էին քաղաքից (այս ամենը քիչ հավանական է, քանզի շատ կայարաններում դեռևս պահպանվել են Ստալինի հսկայական դիմանկարները, որոնք շատ հեշտությամբ կարելի կլիներ մաքրել սվաղի հաստ շերտով)։
Բայց մետրոյի մասին ամենագեղեցիկ և ամենասարսափելի առասպելի հեղինակները երեխաներն են․ այն սարսափելի պատմություններից մեկն է, որոնք պատմում էին պիոներական ճամբարներում։ Երբ վրանում մթնում էր, սկսվում էին պատմություններն այն մասին, թե ինչ է լինում մարդկանց հետ, որոնք քնում են գնացքներում և բաց են թողնում վերջին կայարանը։ Երբ գնացքը մտնում է մետրո, մարդկանց արթնացնում են, դուրս են հանում վագոններից և շղթայում։ Դրանից հետո նրանք երկար տարիներ են անցկացնում գետնի տակ՝ աշխատելով և վերանորոգելով այն առեղծվածային մեխանիզմները, որոնք շարժման մեջ են գցում մետրոյի հսկայական օրգանիզմը։ Այդ ամբողջ ժամանակ իբրև թե տրանսի մեջ են լինում, որովհետև ինչ-որ բան են լցնում նրանց ուտելիքի մեջ։ Երբ ծերանում են և այլևս չեն կարողանում աշխատել, մի գեղեցիկ օր արթնանում են լեփ-լեցուն վագոնի մեջ՝ շրջապատված մարդկանցով, որոնք շտապում են աշխատանքի։ Նրանք ոչինչ չեն հիշում իրենց ստորգետնյա կյանքի մասին, ուղղակի հասկանում են, որ դեռ երեկ երիտասարդ էին և հույսերով լի, իսկ այսօր արդեն ծեր են։ Նրանց կյանքն ավարտված է, և բացարձակ չեն հասկանում, թե ինչ է կատարվել նախորդ օրվա և այսօրվա միջակայքում։

Խորհրդային Հադես

Այս պատմությունը հիանալի փոխաբերություն է․ բազմաթիվ ծեր մարդիկ երթևեկում են մետրոյով, և երբ նայում են վագոնների պատերի գովազդային ցուցատախտակներին, նրանց դեմքերին արտացոլվում են օտարացումը և անըմբռնելիությունը։ Հավանաբար այն պատմության մարդիկ նույնպես դեմքի նման արտահայտությունն են ունեցել։ Իրենց ամբողջ կյանքն անց են կացրել խորհրդային կայսրության հսկայական մեխանիզմում, և նրանց՝ մեկը մյուսից չտարբերվող օրերը հենց այդպիսի գաղափարախոսական տրանսի մեջ են անցել։ Իսկ հիմա ծեր հասակում նրանց շպրտել են անհասկանալի, թշնամական մի աշխարհ, որը միայն մի սպասելիք ունի նրանցից․ հնարավորինս շուտ դուրս գան և իրենց տեղը զիջեն ուրիշներին։ Խորհրդային մետաֆիզիկայի համաձայն՝ մահից հետո մարդը շարունակում է ապրել իր աշխատանքի պտուղներում։ Այդ իմաստով մետրոն խորհրդային Հադեսն է, այն փոքրաթիվ հոգիների ապաստարանը, որոնց ոչինչ չի մնում՝ բացի ստորգետնյա թունելների մռայլ խոնավությունից։
Բայց Տերը ողորմած է։ Մոսկովյան մետրոյի ամենախորը կայարաններից մեկում՝ «Մայակովսկի» կայարանում, սվաղած մռայլ առաստաղից անցում է կատարվում օվալաձև պատուհաններից այն կողմ բացվող նկարված լուրթ երկինք՝ ինքնաթիռներով, գույնզգույն օդապարիկներով և ծաղկող խնձորենու ճյուղերով։ Գուցե երեսունականների, քառասունականների և հիսունականների շինարարները, բոլոր այն մարդիկ, որոնց արձանն է մոսկովյան մետրոն, գնացել են հենց այնտեղ, այդ նկարված լազուր՝ հավերժական մայրամուտի քարացած վարդագույն ամպերով ստորգետնյա երկինք։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *