Քեն Լիու | Սիրո ալգորիթմներ

Սկիզբն՝ այստեղ

Մաս 2

Քանի՞ կին կար, որ ինձ նման էր։ Ես ուզում էի, որ լիներ մի բան, որ կլցներ գիրկս, մի բան, որին կկարողանայի սովորեցնել խոսել, քայլել, մի փոքր մեծացնել, որպսեզի կարողանայի հրաժեշտ տալ, և որպեսզի այդ ճիչերը դադարեին։ Բայց ոչ իսկական երեխա։ Չէի կարողանա ուրիշ իսկական երեխայի հետ առնչվել։ Դա դավաճանության նման մի բան կլիներ։
Մի փոքր պլաստմասսայե մաշկ, մի փոքր սինթետիկ գել, շարժիչների ճշգրիտ հավաքածու և գրագետ ծրագրավորում, ու ես կկարողանայի անել դա։ Եվ թող տեխնոլոգիաները բուժեն բոլոր վերքերը։
Բրեդին այդ գաղափարը զզվելի թվաց։ Վրդովված էր։ Չէր կարողանում հասկանալ։
Մթության մեջ սկսեցի անձեռոցիկներ փնտրել մեզ համար։
-Այդ ամենը կկազմաքանդի և՛ մեզ, և՛ ձեռնարկությունը, – ասաց Բրեդը։
-Գիտեմ, – պատասխանեցի ես և պառկեցի։ Ուզում էի քնել։
-Այդ դեպքում արի անենք դա, – ասաց Բրեդը։
Այլևս չէի ուզում քնել։
-Չեմ կարողանում, – շարունակեց Բրեդը։ – Քեզ այսպիսին տեսնել։ Երբ տեսնում եմ, թե ինչքան մեծ ցավ ես ապրում, սիրտս կտոր-կտոր է լինում։ Շատ ցավոտ է։
Նորից սկսեցի լացել։ Այդ ըմբռնումը, այդ ցավը։ Մի՞թե հենց դա է սերը։
Երբ արդեն համարյա քնել էի, Բրեդն ասաց․
-Գուցե պետք է մտածենք ձեռնարկության անվանումը փոխելու մասին։
-Ինչո՞ւ։
-Դե՜, հենց նոր մտքովս անցավ, որ «Ոչ Սովորակ Խաղալիք» անվանումը մի փոքր զվարճալի է հնչում անպարկեշտ մտքերով մարդկանց համար։
Ժպտացի։ Երբեմն գռեհկությունն ամենալավ դեղամիջոցն է։
-Սիրում եմ քեզ։
-Ես էլ քեզ։
#
Բրեդը հաբեր է տալիս ինձ։ Հնազանդորեն վերցնում եմ դրանք և դնում բերանս։ Հետևում է, թե ինչպես եմ փոքրիկ կում անում ջրով բաժակից, որ բերել է։
-Ես մի քանի զանգեր ունեմ անելու, – ասում է նա։ – Իսկ դու մի փոքր ննջիր, լա՞վ։
Գլխով եմ անում։
Հենց որ դուրս է գալիս սենյակից, թքում եմ հաբերը։ Գնում եմ լոգասենյակ և ողողում բերանս։ Կողպում եմ դուռն ու նստում զուգարանակոնքին։ Մտովի փորձում եմ թվարկել պի թվի արժեքները։ Հիսուն հինգը վերհիշում եմ։ Լավ նշան է։ Հավանաբար Օքսետինի ազդեցությունը վերանում է։
Նայում եմ հայելու մեջ։ Ուշադիր զննում եմ աչքերս՝ փորձելով հայացքով ներթափանցել ցանցաթաղանթի մեջ, համեմատելով լուսընկալիչները՝ պատկերացնում եմ դրանց տեղը ցանցաթաղանթում։ Մի կողմից մյուսն եմ շարժում գլուխս՝ հետևելով, թե ինչպես են մկանները լարվում և թուլանում։ Դժվար կլինի նման արդյունք ստանալ։
Բայց ոչինչ չկա դեմքիս վրա, ոչ մի իսկական բան չկա այդ մակերեսի հետևում։ Որտե՞ղ է ցավը, որտե՞ղ է այն ցավը, որ սերն իսկական էր դարձնում, ստիպում էր ըմբռնել։
-Ամեն ինչ կարգի՞ն է, քա՛ղցրս, – հարցնում է Բրեդը լոգասենյակի դռան հակառակ կողմից։
Բացում եմ ծորակն ու ջուր ցողում դեմքիս։
-Այո՛, – ասում եմ ես։ – Պատրաստվում եմ լոգանք ընդունել։ Կարո՞ղ ես ուտելու մի բան գնել այն խանութից, որ տեսել ենք փողոցի մյուս ծայրին։
Երբ ինչ-որ բան եմ խնդրում անել Բրեդին, դա հանգստացնում է նրան։ Լսում եմ, թե ինչպես է փակվում դուռը նրա հետևից։ Փակում եմ ծորակը և նորից հայելու մեջ նայում՝ հետևելով, թե ինչպես են ջրի կաթիլներ գլորվում դեմքիս վրայով՝ թաքնվելով կնճիռների մեջ։
Մարդկային մարմինը հրաշք է, որը կարելի է վերստեղծել։ Իսկ մարդկային բանականությունը զավեշտ է։ Հավատացե՛ք ինձ, գիտեմ, թե ինչ եմ ասում։
#
Ո՛չ, ես և Բրեդը նորից ու նորից համբերատար բացատրում էինք տեսախցիկներին, որ «արհեստական երեխա» չէինք ստեղծում։ Մտադրված չէինք և չէինք էլ անելու։ Դա սգացող մայրերին մխիթարելու եղանակ էր։ Եթե ունենայիք Էյմիի կարիքը, կիմանայիք։
Քայլում էի փողոցում և տեսնում կանանց, որոնք գնում էին՝ խնամքով գրկում կապոց պահելով։ Երբեմն գլխի էի ընկնում, անկասկած, գլխի էի ընկնում նրանից, թե ինչպես էր թափահարվում փոքրիկ ձեռքը։ Ուշադիր զննում էի կանանց դեմքերն ու հանգստանում։
Կարծեցի, թե առաջ էի անցել, դադարել էի սգալուց։ Պատրաստ էի նոր նախագիծ սկսելու, ավելի մեծ նախագիծ, որն իսկապես կբավարարեր փառասիրությունս և ցույց կտար աշխարհին հմտություններս։ Պատրաստ էի շարունակելու կյանքս բնականոն հունով։
Թարայի ծրագրավորման համար չորս տարի պահանջվեց։ Վաճառվող մյուս տիկնիկների ստեղծման հետ զուգընթաց աշխատում էի նաև նրա վրա։ Արտաքնապես Թարան նման էր հինգ տարեկան աղջնակի։ Փոխպատվաստման համար նախատեսված թանկարժեք պլաստմասսայե մաշկն ու սինթետիկ դոնդողը եթերային ու հրեշտակային տեսք էին տալիս նրան։ Մուգ գույնի և ջինջ աչքեր ուներ, որոնց մեջ կարելի էր նայել հավերժ։
Այդպես էլ ավարտին չհասցրի Թարայի շարժիչի ծրագրավորումը։ Հետադարձ հայացք գցելով՝ հասկանում եմ, որ դա օրհնություն էր։ Ծրագրավորման ընթացքում իբրև ժամանակավոր հավելում օգտագործել էի Քիմբերլիի՝ դեմքի արտահայտությունների համար պատասխանատու շարժիչը, որը Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մեդիա լաբորատորիայից ուղարկել էին Քիմբերլիի երկրպագուները։ Սարքավորված լինելով բազմաթիվ ավելի կատարյալ միկրո շարժիչներով, քան Քիմբերլին՝ Թարան կարողանում էր պտտել գլուխը, թարթել աչքերը, կնճռոտել քիթը և դեմքի հազարավոր համոզիչ արտահայտություններ ընդունել։ Վզից ներքև կաթվածահար էր։
Բայց նրա բանականությունը։ Օ՜, նրա բանականությունը։
Օգտագործել էի լավագույն քվանտային պրոցեսորները և լավագույն կոշտ կրիչներ, որպեսզի գործադրեի բազմաթիվ հետադարձ կապերով, բազմաշերտ արհեստական նեյրոնային ցանցը։ Գործածել էի Սթենֆորդի իմաստաբանական տվյալների բազան և ներդրել էի սեփական վերափոխումները։Ծրագրավորումը հիասքանչ էր։ Իսկական արվեստի գործ էր։ Միայն տվյալների բազայի ծրագրավորման համար վեց ամսից ավելի ժամանակ էր պահանջվել ինձանից։
Սովորեցրել էի նրան, թե երբ պետք է ժպտար և երբ պետք է խոժոռվեր, սովորեցրել էի խոսել և լսել։ Ամեն գիշեր ուսումնասիրում էի նեյրոնային ցանցի հանգույցների ակտիվացման գրաֆիկները՝ փորձելով գտնել և լուծել խնդիրները մինչև դրանց առաջ գալը։
Բրեդը ծրագրավորման ընթացքում չէր տեսել Թարային։ Նա չափից ավելի զբաղված էր Էյմիի հասցված վնասի շտկմամբ և նոր տիկնիկների իրացմամբ։ Ուզում էի անակնկալ անել նրա համար։
Թարային դրեցի հաշմանդամի սայլակի մեջ և ասացի Բրեդին, որ նա ընկերներից մեկի երեխան էր։ Որոշ հանձնարարություններ կատարելու պատրվակով խնդրեցի Բրեդին զբաղեցնել նրան, քանի որ մի քանի ժամով բացակայելու էի։ Աշխատասենյակումս թողեցի նրանց։
Երբ երկու ժամ հետո վերադարձա, Բրեդը «Պրահայի Գոլեմը » գրքից ինչ-որ բան էր կարդում նրա համար․ «Արի՛, -ասաց Մեծն Ռաբբի Լոուն, – բացի՛ր աչքերդ և խոսի՛ր իսկական մարդու նման»։
«Իսկը Բրեդն է, – մտածեցի ես»։ Նա իր սեփական հեգնանքի զգացումն ուներ։
-Լա՜վ, – ընդհատեցի նրան։ – Շատ ծիծաղելի է։ Հասկացա կատակը։ Որքա՞ն ժամանակ պահանջվեց քեզանից։
Նա ժպտաց Թարային։
-Մեկ ուրիշ անգամ կավարտենք, լա՞վ, – ասաց նա։ Հետո շրջվեց դեպի ինձ․ – Ինչի՞ համար։
-Գլխի ընկնելու համար։
-Ինչի՞ մասին գլխի ընկնելու։
-Հերիք է կատակես, – ասացի ես։ – Իսկապես, ի՞նչը մատնեց նրան։
-Ի՞նչը մատնեց, – միաժամանակ հարցրին Բրեդն ու Թարան։
#
Այն ամենից, ինչ ասում և անում էր Թարան, ոչինչն ինձ համար անակնկալ չէր։ Կարող էի կանխագուշակել այն ամենը, ինչ ասելու էր, մինչև նրա արտաբերելը։ Վերջիվերջո՝ նրա մեջ ամեն բան ես էի կոդավորել և հստակ գիտեի, թե ինչպես էին փոփոխվում նրա նեյրոնային ցանցերը ցանկացած տեսակի փոխներգործության ժամանակ։
Ուրիշ ոչ ոք գլխի չէր ընկնում։ Պետք է ցնծայի։ Իմ տիկնիկն անցնում էր Թյուրինգի թեստը ։ Բայց ես վախեցած էի։ Ալգորիթմները ծաղրում էին մարդկային բանականությանը, իսկ ոչ ոք կածես նույնիսկ գլխի չէր ընկնում։ Ասես դա ոչ ոքի չէր հուզում։
Մեկ շաբաթ հետո հայտնեցի նորությունը Բրեդին։ Առաջնային շոկից հետո նա ուրախացավ (ինչպես որ ենթադրել էի)։
-Ֆանտաստի՜կ է, – ասաց նա։ – Այսուհետ մենք ուղղակի խաղալիքներ արտադրող ձեռնարկություն չենք։ Պատկերացնո՞ւմ ես, թե ինչ էր կարող ենք անել սրա հետ։ Դու հայտնի կդառնաս, իսկապես հայտնի։
Բրեդը շարունակ խոսում ու խոսում էր հնարավոր կիրառությունների մասին։ Հետո նկատեց լռությունս և հարցրեց․
-Ի՞նչ է պատահել։
Եվ ես պատմեցի նրան Չինական սենյակի մասին։
Փիլիսոփա Ջոն Սերլին հաճախ էր տալիս այդ հանելուկը արհեստական բանականության հետազոտողներին։ «Պատկերացրե՛ք մի սենյակ, – ասում էր նա, – մեծ սենյակ, որը լի է գրասենյակային մանրախույզ ծառայողներով, որոնք շատ լավ են կատարում բոլոր հրահանգները, բայց միայն անգլերեն են խոսում։ Այդ սենյակ է մտնում տարօրինակ խորհրդանշաններով քարտերի անդադար հոսք։ Ի պատասխան՝ գրասենյակային ծառայողները պետք է ուրիշ տարօրինակ խորհրդանշաններ նկարեն քարտերին և ուղարկեն սենյակից։ Դրա համար գրասենյակային ծառայողները մեծ գրքեր ունեն, որոնք լի են անգլերեն կանոններով, որոնցից մեկը հետևյալն է․ «Երբ մեկ հորիզոնական խճճագրով քարտ եք տեսնում, որին հաջորդում են երկու ուղղահայաց խճճագրերով քարտեր, դատարկ քարտի վրա եռանկյունի՛ նկարեք և փոխանցե՛ք ձեզանից աջ նստած ծառայողին։»»։ Կանոններում ոչինչ չի ասվում այն մասին, թե ինչ են նշանակում այդ խորհրդանշանները։
Պատահում է, որ սենյակ մտնող քարտերի վրա հարցերը չիներեն են լինում, և գրասենյակային ծառայողները, հետևելով կանոններին, ողջամիտ պատասխաններ են ձևավորում չիներեն։ Բայց արդյոք կարելի է ասել, որ այս գործընթացի մասնակիցներից որևէ մեկը (կանոնները, գրասենյակային ծառայողները, սենյակն՝ իբրև ամբողջույթուն, բուռն գործունեությունը) գոնե մեկ բառ հասկանում էր չիներեն։ Գրասենյակային աշխատողներին փոխարինեք «պրոցեսորով», իսկ կանոնների գրքերը՝ «ծրագրով», և կտեսնեք, որ Թյուրինգի թեստը երբեք ոչինչ էլ չի ապացուցի, իսկ արհեստական բանականությունը պատրանք է։
Բայց մյուս կողմից՝ կարող եք օգտագործել Չինական սենյակի փաստարկը․ գրասենյակային ծառայողներին փոխարինեք «նեյրոններով», իսկ կանոնների գրքերը ուժեղացնող կարողությունների կասկադով կառավարվող ֆիզիկիկական օրենքներով, այդ դեպքում ինչպե՞ս կարելի է ասել, որ մեզանից ինչ-որ մեկն ինչ-որ բան է «հասկանում»։ Միտքը պատրանք է։
-Չեմ հասկանում, – ասաց Բրեդը։ – Ի՞նչ ես խոսում։
Շատ չանցած գիտակցեցի այն, որ դա հենց այն էր, ինչ ակնկալում էի լսել Բրեդից։
-Բրե՛դ, – ասացի ես՝ հայացքս հառելով նրա աչքերին և ստիպելով, որ հասկանար։ – Վախենում եմ։ Իսկ եթե մե՞նք էլ ենք Թարայի նման։
-Մե՞նք։ Նկատի ունես մարդի՞կ։ Ի՞նչ ես խոսում։
-Իսկ եթե,- ասացի ես՝ դժվարությամբ բառեր ընտրելով, – մենք բոլորս օրեցօր ինչ-որ ալգորիթմի ենք հետևում։ Իսկ եթե մեր ուղեղի բջիջներն ուղղակի ուրիշ ազդանշաններ են որսում։ Իսկ եթե մենք ընդհանրապես չենք մտածում։ Իսկ եթե այն, ինչ հիմա ասում եմ քեզ, ուղղակի կանխագուշակելի հակազդեցություն է, անիմաստ ֆիզիկայի արդյունք։
-Ելե՛նա, – ասաց Բրեդը, – թույլ ես տալիս, որ փիլիսոփայությունը խանգարի իրականությանը։
«Քնել եմ ուզում, – մտածեցի ես՝ հույսս կորցնելով»։
-Կարծում եմ՝ լավ կլինի, որ մի փոքր քնես, – ասաց Բրեդը։
#
Գումարը տվեցի սուրճ մատուցող աղջկան, իսկ նա սուրճ մեկնեց ինձ։ Հայացքս հառեցի աղջկա վրա։ Առավոտյան ութին այնքան հոգնած և ձանձրացած տեսք ուներ, որ թվաց, թե ես նույնպես հոգնած եմ։
Արձակուրդի կարիք ունեմ։
-Արձակուրդի կարիք ունեմ, – ասաց նա՝ չափազանցված հոգոց հանելով։
Անցա ընդունարանի աշխատակցի սեղանի մոտով։ Բարի լույս, Ելենա։
Ուրիշ մի բան ասա, խնդրում եմ։ Սեղմեցի ատամներս։ Խնդրում եմ։
-Բարի լույս, Ելենա, – ասաց նա։
Կանգ առա Օգդենի խորանարդի մոտ։ Նա ինժեներ էր։ Եղանակը, անցյալ գիշերվա խաղը, Բրեդը։
Նա տեսավ ինձ և ոտքի կանգնեց։
-Լավ եղանակ է, չէ՞, – քրտինքը ճակատից մաքրեց և ժպտաց ինձ։
-Տեսա՞ր երեկվա խաղը։ Վերջին տաս տարիների ընթացքում տեսածս ամենալավ հարվածն էր։ Անհավատալի է։ Հե՜յ, Բրեդը դեռ չի՞ եկել։
Սպասումը սառեց նրա դեմքին, սպասում էր, որ հետևեի սցենարին, կյանքի հանգստացնող ռեժիմին։
Ալգորիթմները առաջնորդվում էին կանխորոշված ընթացքով, իսկ մեր մտքերը՝ մեկը մյուսին նույնքան մեխանիկական և կանխագուշակելի ձևով, որքան մոլորակների շարժումներն իրենց ուղեծրերով։ Ժամագործն ինքնին ժամն էր։
Վազեցի իմ աշխատասենյակ և փակեցի դուռը՝ ուշադրություն չդարձնելով Օգդենի դեմքի արտահայտությանը։ Մոտեցա համակարգչին և սկսեցի ջնջել ֆայլերը։
-Բա՛րև, – ասաց Թարան։ – Ի՞նչ ենք անելու այսօր։
Այնպիսի արագությամբ անջատեցի նրան, որ կոտրեցի սարքի միացման-անջատման կոճակի մեխը։ Նրա մեջքի սնուցումն անջատեցի։ Պտուտականով և աքցանով շարունակեցի աշխատանքս։ Շատ չանցած անցում կատարեցի մուրճին։ Սպանությո՞ւն էի գործում։
Բրեդը ներխուժեց դռնից։
-Ի՞նչ ես անում։
Հայացքս բարձրացրի նրա վրա՝ նոր հարվածի համար հետ տանելով մուրճը։ Ուզում էի պատմել նրան ցավի և սարսափի մասին, որոնք անդունդի նման լայն բացվել էին շուրջս։
Բրեդի աչքերում չտեսա այն, ինչ ուզում էի տեսնել։ Չտեսա ըմբռնում։
Թափահարեցի մուրճը։
Բրեդը փորձում էր խելքի բերել ինձ հիվանդանոց պառկեցնելուց անմիջապես առաջ։
-Դա ուղղակի սևեռուն գաղափար է, – ասաց նա։ – Մարդիկ միշտ էլ բանականությունը զուգորդել են տվյալ պահին արդի տեխնոլոգիական նորույթների հետ։ Երբ հավատում էին ոգիներին և վհուկներին, կարծում էին, թե փոքրիկ մարդուկ է ապրում ուղեղում։ Երբ հայտնվեցին մանածագործական մեխանիկական հաստոցները և դաշնամուրները, կարծեցին, թե ուղեղը շարժիչ է։ Երբ մարդիկ ունեցան հեռագրասարքեր և հեռախոսներ, կարծեցին, որ ուղեղը լարային ցանց է։ Իսկ հիմա դու կարծում ես, թե ուղեղն ընդամենը համակարգիչ է։ Ազատվի՛ր այդ մտքից։ Հենց դա է պատրանքը։
Խնդիրն այն էր, որ ես գիտեի, որ Բրեդն ասելու էր դա։
-Պատճառն այն է, որ մենք երկար ժամանակ է, ինչ ամուսնացած ենք, – բղավեց նա։ – Դրա համար էլ կարծում ես, որ այդքան լավ գիտես ինձ։
Գիտեի, որ դա էլ էր ասելու։
-Անընդհատ նույն տեղում շրջաններ ես, – ասաց նա․ ձայնի մեջ պարտության ելէջներ էին լսվում։ – Ուղղակի գլուխդ պտտվում է այս ամենից։
Ցիկլեր իմ ալգորիթմում։ ՊԱՏՃԱՌԱՅԻՆ և ԺԱՄԱՆԱԿԱՅԻՆ ցիկլեր։
-Վերադարձի՛ր ինձ մոտ։ Ես սիրում եմ քեզ։
Էլ ի՞նչ կարող էր ասել։
#
Վերջապես մենակ մնալով լոգասենյակում՝ նայում եմ ձեռքերիս, մաշկիս տակից թափանցող երակներիս։ Իրար եմ սեղմում ափերս և զգում զարկերակս։ Միս ու ոսկորներ, լավ ծրագրավորում։
Ծնկներս ցավում էին հատակի սառը սալիկներին դիպչելիս։
Կարծում եմ՝ ցավը իրական է։ Ցավի համար ոչ մի ալգորիթմ չկա։ Նայում եմ դաստակներիս, և սպիները սարսափեցնում են ինձ։ Այս ամենը շատ ծանոթ է թվում, ասես նախկինում էլի եմ արել դա։ Հորիզոնական սպիները՝ այլանդակ և վարդագույն, ասես որդեր լինեն, որոնք նախատում են ինձ անհաջողության համար։ Սխալներ ալգորիթմում։
Հիշում եմ այդ գիշերը․ ամենուրեք արյուն, շչակների ոռնոց, բժիշկ Ուեսթ և բուժքույրեր, որոնք բռնում են ինձ դաստակներս վիրակապելիս, և Բրեդը՝ վերևից հայացքը հառած վրաս, նրա՝ անըմբռնելի սգով այլայլված դեմքը։
Ավելի լավ պետք է անեի, երակները շատ խորն էին թաքնված, ոսկորները պաշտպանում էին դրանց։ Կտրվածքները պետք է ուղղահայաց արվեն, եթե իսկապես ուզում եք։ Դա է ճիշտ ալգորիթմը։ Ցանկացած բան իր բաղադրատոմսն ունի։ Այս անգամ ամեն բան ճիշտ կանեմ։
Որոշ ժամանակ պահանջվեց, բայց վերջապես քունս սկսեց տանել։
Երջանիկ եմ։ Ցավն իրական է։
#
Բացում եմ սենյակիս դուռն ու միացնում լույսը։
Լույսն ակտիվացնում է Լաուրային, որը նստած է կոմոդիս վրա։ Այս մոդելը ցուցադրման համար էր օգտագործվում։ Վաղուց նրա վրայից չէի սրբել փոշին, և նրա զգեստը մաշված տեսք ուներ։ Նա պտտում է գլուխը՝ շարժումներիս հետևելու համար։
Շրջվում եմ։ Բրեդի մարմինն անշարժ է, բայց արցունքներ եմ տեսնում նրա դեմքին։ Սալեմից տուն վերադառնալու ողջ ճանապարհին լաց էր լինում։
Գլխումս հնչում էր հյուրանոցի տիրոջ ձայնը․ «Միանգամից գլխի ընկա, որ ինչ-որ բան այն չէր։ Նախկինում էլ էր նման բան եղել այստեղ։ Նախաճաշին այնպիսի տեսք ուներ, ասես վատ էր զգում իրեն, իսկ երբ վերադարձաք, թվում էր՝ բոլորովին ուրիշ աշխարհում էր։ Երբ լսեցի, որ ջուրն այդքան երկար ժամանակ հոսում էր խողովակներով, միանգամից վերև նետվեցի»։
Փաստորեն ես կանխատեսելի էի։
Նայում եմ Բրեդին և հավատում եմ, որ իրոք ցավ է ապրում։ Ամբողջ սրտով հավատում եմ։ Բայց միևնույն է ոչինչ չեմ զգում։ Մեր միջև անդունդ է, այնքան մեծ անդունդ է, որ չեմ զգում նրա ցավը։ Ոչ էլ նա՝ իմը։
Բայց իմ ալգորիթմները դեռ աշխատում են։ Ճիշտ խոսքեր եմ փնտրում։
-Ես սիրում եմ քեզ։
Բրեդը ոչինչ չի ասում։ Առաջին անգամ թևաթափ է եղել։
Շրջվում եմ։ Ձայնս արձագանքում է ամբողջ տնով՝ անդրադառնալով պատերից։ Լաուրայի ձայնային ընկալիչները, որքան էլ որ դրանք հին լինեն, որսում են այն։ Ազդանշաններն անցնում են «IF» հրահանգի կասկադով։ «DO» ցիկլերը պտտվում և պարում են, քանի դեռ Լաուրան տվյալների բազայում որոնում է իրականացնում։ Շարժիչները դռռում են։ Միանում է սինթեզատորը։
-Ես էլ քեզ եմ սիրում, – ասում է Լաուրան։
# # #

Թարգմանությունը անգլերենից՝ Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *