Ես և կինս ագարակատերեր չենք․ ճիշտն ասած, նույնիսկ Լերիսը։ Յոհաննեսբուրգից տասը մղոն այն կողմ՝ գլխավոր ճանապարհի վրա էր գտնվում տունը, որ կարծում եմ գնել էինք՝ ինքներս մեր մեջ ինչ-որ բան փոխելու համար, իսկ ամուսնության մեջ, ինչպիսին որ մերն է, թվում է, թե անընդհատ տարուբերվում ես՝ չկարողանալով գտնել տեղդ։ Երբ խոսքն ամուսնության մասին է գնում, միայն խորին, հանգստավետ լռություն ես ուզում։ Ագարակը, իհարկե, չապահովեց այն, բայց ուրիշ բաներ արեց՝ անսպասելի և անտրամաբանական։ Լերիսը, ով, ըստ իս, մեկ-երկու ամսով պետք է չեխովյան տխրության մեջ ընկներ, այնուհետև տունը փոխանցեր ծառաների տնօրինմանը՝ հերթական անգամ ցանկանալով ստանալ տենչալի դերը և դառնալ այնպիսի դերասանուհի, ինչպիսին որ միշտ երազել էր լինել, խորասուզվեց ագարակի տնտեսության մեջ այն լուրջ կենտրոնացվածությամբ, որով ժամանակին համակում էր թատերագրի գիտակցության ստվերները։ Եթե չլիներ նա, արդեն վաղուց հրաժարված կլինեի այդ ամենից։ Նրա երբեմնի փոքրիկ, հարթ և խնամված ձեռքերը (նա այն դերասանուհիներից չէր, որոնք կարմիր գույնով էին ներկվում և ադամանդներով մատանիներ էին կրում) շան թաթերի նման կոշտ են դարձել։
Ես, իհարկե, միայն երեկոներն ու հանգստյան օրերն եմ անցկացնում այնտեղ։ Բաժնետեր եմ բարձրակարգ տուրիստական ընկերությունում, որը բարգավաճում է․ ինչպես ասում եմ Լերիսին, այդ ամենն անհրաժեշտ է տնտեսությունը վարելու համար։ Այնուամենայնիվ՝ թեև գիտեմ, որ չենք կարող դա մեզ թույլ տալ և հավերի չափից ավելի քաղցր հոտը, որոնց բուծում է Լերիսը, սրտխառնոց է առաջացնում մոտս (այնպես որ փորձում եմ չանցնել դրանց վանդակների մոտով), ագարակն ինքնին գեղեցիկ է, գեղեցկություն, որ գրեթե մոռացել էի։ Հատկապես գեղեցիկ է կիրակի առավոտյան, երբ արթնանում եմ, դուրս եմ գալիս ձիավարժության և արվարձանի արմավենիների, ձկներով լի արհեստական լճակների և թռչունների՝ արհեստական քարերից պատրաստված կուտամանների փոխարեն տեսնում եմ ամբարտակի վրա տեղավորված սպիտակ բադերին, առվույտների մարգը՝ այնքան վառ, որքան ցուցափեղկերի արհեստական խոտը, և չար աչքերով փոքրիկ, ամրակազմ ցլիկին (ցանկասեր, բայց ձանձրացող տեսքով), որի կանանցից մեկը քնքշորեն լիզում է վերջինիս մռութը։ Դուրս է գալիս Լերիսը՝ գզգզված մազերով և փայտը ձեռքին, որից ծորում է անասունների վրայի մակաբույծներին ոչնչացնելու համար նախատեսված լուծույթը։ Մի պահ կանգնելու է և երազկոտ հայացքով հեռուն է նայելու, ինչպես ժամանակին խաղացել է այն պիեսներում։
-Վաղն են զուգավորվելու, – ասելու է նա։ – Նրանց երկրորդ օրն է։ Տե՛ս, թե ինչպես է սիրում նրան, իմ փոքրիկ Նապոլեո՜ն։
Այնպես որ երբ կիրակի ցերեկը հյուրեր են գալիս խմիչքները լցնելիս ասում եմ․
-Ամեն օր քաղաքից վերադառնալիս անցնելով արվարձանային տների շարքերի մոտով՝ գրո՛ղը տանի, զարմանում եմ, թե ինչպես էինք դիմանում այդ ամենին․․․Չե՞ք ցանկանա ուսումնասիրել շրջակայքը։
Եվ ահա ես սայթաքելով դեպի գետի ափն եմ ուղեկցում ինչ-որ սիրունիկ աղջնակի և նրա երիտասարդ ամուսնուն․ աղջիկը գուլպաներով կպչում է եգիպտացորենի խրձերին, անցնում է կովի թրիքի բլիթների վրայից, որոնք դռդռում են զմրուխտականաչավուն ճանճերի պատճառով, և կրկնում․
-Ա՜խ, այդ գրողի տարած քաղաքային լարվածությունը։ Եվ բավականին մոտ ես քաղաքին, որպեսզի կարողանաս որևէ շոու այցելել։ Կարծում եմ՝ հրաշալի է։ Չէ՞ որ և՛ մեկն ունես, և՛ մյուսը։
Եվ մի պահ այնպես եմ ընդունում այդ հաղթանակը, ասես հաջողել եմ անհնարինը, որին ամբողջ կյանքս ձգտել եմ, ասես ճշմարտությունն այն է, որ «երկու եղանակով» էլ կարող եմ հասնել այդ ամենին՝ այդ երկու եղանակներից մեկը զատելու փոխարեն ընտրելով միակ երրորդը, որի մասին ամենևին չէի էլ մտածել։
Բայց նույնիսկ մեր ամենախելամիտ պահերին, երբ Լերիսի երկրային խանդավառությունը նյարդայնացնում է ինձ այնչափ, որչափ ժամանակին թատերականը, իսկ նա համարում է, որ իր խանդավառ լինելու ունակությունների հանդեպ իմ «նախանձը» մեծապես ապացուցում է իմ՝ իբրև կյանքի մշտական ուղեկից լինելու անհամապատասխանությունը, այնուամենայնիվ՝ վստահ ենք, որ ազնվորեն խուսափել ենք այն լարվածություններից, որոնք, ըստ մեր հյուրերի խոսքերի, հատուկ են քաղաքային կյանքին։ Յոհաննեսբուրգի մարդիկ, «լարվածություն» ասելով, նկատի չունեն ո՛չ զուգահեռ փողոցներով ինչ-որ տեղ շտապող մարդկանց, ո՛չ պայքարը փողի համար, ո՛չ էլ քաղաքային կյանքին բնորոշ ընդհանուր մրցակցային ոգին։ Նկատի ունեն սպիտակ մարդկանց բարձերի տակ դրված զենքերն ու պատուհանների ճաղավանդակները։ Նկատի ունեն այն տարօրինակ իրավիճակները, երբ քաղաքային մայթերին սև մարդիկ չեն ուզում ճանապարհ տալ սպիտակ մարդկանց։
Գյուղական տարածքում, նույնիսկ քաղաքից ընդամենը տասը մղոն այն կողմ, կյանքը բոլորովին այլ է։ Գյուղում դեռևս պահպանվել են նախաանցումային վերապրուկները․ մեր հարաբերությունները սևամորթների հետ գրեթե ավատատիրական են։ Սխալ, կարծում եմ հնացած, բայց բոլոր առումներով շատ ավելի հարմար։ Ո՛չ հակակողոպտչական ճաղեր ունենք, ո՛չ էլ զենք։ Լերիսի ագարակի տղաները կանայք և փոքրիկ նեգրներ ունեն, որոնք նրանց հետ ապրում են այդ հողերում։ Նրանք եփում են իրենց թթու գարեջրերը՝ առանց վախենալու ոստիկանական ստուգայցերից։ Իրականում միշտ հպարտանում ենք նրանով, որ խեղճ մարդիկ ոչ մի վախենալու բան չունեն, քանի որ մեզ հետ են, Լերիսը նույնիսկ հսկում է նրանց երեխաներին մի կնոջ իրազեկությամբ, ով երբեք իր սեփական երեխաները չի ունեցել, և իհարկե, այնպես է բուժում նրանց բոլորին (փոքրերին և մեծերին), ինչպես նորածիններին, երբ վերջիններս հիվանդանում են։
Այդ պատճառով էլ անցյալ ձմեռ ամենևին չվախեցանք, երբ գիշերով տղաներից մեկը՝ Ալբերտը, թակեց մեր պատուհանը, երբ արդեն խորը քուն էինք մտել։ Մեր անկողնում չէի, քնած էի ննջասենյակի կողքի հանդերձասենյակում, քանի որ Լերիսը նյարդայնացնում էր ինձ, և չէի ուզում, որ վերաբերմունքս փափկեր միայն այն պատճառով, որ լոգանքից հետո նրա մարմինը տալկի այդքան քաղցր հոտով էր բուրում։ Նա եկավ և արթնացրեց ինձ։
-Ալբերտն ասում է, որ տղաներից մեկը շատ հիվանդ է, – ասաց նա։ – Ավելի լավ կլինի, որ իջնես և ստուգես։ Դատարկ բանի պատճառով Ալբերտը երբեք չէր արթնացնի մեզ։
-Ժամը քանի՞սն է։
-Ի՞նչ նշանակություն ունի։
Լերիսը գժվելու աստիճան տրամաբանական է։
Անհարմար կերպով վեր կացա, քանի դեռ նա շարունակում էր հետևել ինձ (Ինչո՞ւ եմ ինձ հիմար զգում, երբ ամեն անգամ լքում եմ նրա անկողինը։ Քանի որ հաջորդ առավոտյան՝ նախաճաշի ժամանակ, չէր նայում դեմքիս, երբ խոսում էր ինձ հետ, հասկացա, որ ցավ ու նվաստացում էր ապրում այն պատճառով, որ չեմ ուզում նրան) և դուրս եկա ծանրաշարժ կերպով, քանի որ քունը դեռ գլխիս էր։
-Տղաներից ո՞ր մեկն է, – հարցրի Ալբերտին, երբ երկուսով հետևում էինք լապտերիս լույսի շարժմանը։
-Նա այնքան հիվանդ է։ Շա՜տ հիվանդ է, բաա՛ս , – ասաց նա։
-Բայց ո՞վ։ Ֆրա՞նցը, – հիշեցի, որ նախորդող ողջ շաբաթը Ֆրանցը անդադար հազում էր։
Ալբերտը չպատասխանեց․ ցույց էր տալիս ճանապարհը, և միասին քայլում էինք չորացած, բարձր խոտերի վրայով։ Երբ լապտերի լույսն ընկավ նրա դեմքին, տեսա, որ ծայրահեղ շփոթված տեսք ուներ։
-Ի՞նչ է այս ամենը նշանակում, – հարցրի ես։
Լույսի ներքո կախեց գլուխը։
-Ես չեմ, բաա՛ս։ Չգիտեմ։ Պետրուսն է ուղարկել ինձ։
Նյարդայնանալով նրա հետևից դեպի հյուղակներ շտապեցի։ Իսկ այնտեղ՝ Պետրուսի՝ աղյուսե ոտքերով պողպատյա մահճակալի վրա մի մահացած երիտասարդ էր պառկած։
Ճակատին դեռևս փայլում էին սառը քրտինքի կաթիլները, իսկ մարմինը դեռ տաք էր։ Տղաները կանգնել էիբ նրա շուրջն այնպես, ինչպես կանգնում են, երբ ինչ-որ մեկը խոհանոցում ամանեղենից ինչ-որ բան է կոտրում՝ լուռ և անտարբեր։ Ինչ-որ մեկի կինը կանգնել էր ստվերում՝ ձեռքերը գոգնոցի տակ սեղմած։
Պատերազմից հետո հանգուցյալ չէի տեսել։ Այժմ ամեն բան այլ էր։ Ուրիշների նման էի զգում ինձ՝ օտար և անօգտակար։
-Ի՞նչ է եղել, – հարցրի ես։
Կինն ափով թեթև խփեց կրծքին և տարուբերեց գլուխը՝ հասկացնելով, որ շնչելիս ցավ էր զգացել հանգուցյալը։
Հավանաբար թոքաբորբից էր մահացել։
Շրջվեցի դեպի Պետրուսը․
-Ո՞վ էր այս տղան։ Ի՞նչ էր անում այստեղ։
Գետնին դրված մոմի լույսի ներքո երևաց, որ Պետրուսն արտասվում էր։ Միասին գնացինք դեպի դուռը։ Երբ հայտնվեցինք դրսում՝ մթության մեջ, սպասեցի, որ խոսեր։ Բայց լռում էր։
-Դե՜, Պետրո՛ւս, պետք է ասես ինձ, թե ով էր այս տղան։ Ընկե՞րդ էր։
-Եղբայրս էր, բաա՛ս։ Ռոդեզիայից էր եկել՝ աշխատանք փնտրելու։
* * *
Պատմությունը մի փոքր ապշեցրեց ինձ և Լերիսին։ Երիտասարդ տղան Ռոդեզիայից ոտքով եկել էր Յոհաննեսբուրգ՝ աշխատանք փնտրելու, ճանապարհին մրսել էր, քանի որ բաց երկնքի տակ էր գիշերել, և երեք օր առաջ գալու պահից սկսած հիվանդ պառկած էր եղել իր եղբայր Պետրուսի հյուղակում։ Մեր տղաները վախեցել էին օգնություն խնդրել մեզանից, քանի որ երբեք էլ չպետք է իմանայինք նրա ներկայության մասին։ Ռոդեզիայի բնիկներին արգելված է մուտք գործել Նահանգներ առանց համապատասխան թույլտվության․ երիտասարդն ապօրինի ներգաղթյալ էր։ Անկասկած, մեր տղաներն արդեն մի քանի անգամ հաջողությամբ գլուխ էին բերել այդ ամենը․ հավանաբար նրանց բազմաթիվ հարազատները, յոթ կամ ութ հարյուր մղոն ոտքով անցնելով` աղքատությունից հասել էին բարձր գոտկատեղով տաբատներով կոստյումներով, ոստիկանության ստուգայցերով և սևերի քաղաքային հետնախորշերով լի դրախտ՝ Իգոլի, Ոսկե քաղաք․ Բանտու ժողովուրդն այդպես է անվանում Յոհաննեսբուրգը։ Դրանից հետո մնում էր միայն համոզել նման մարդուն թաքնվել մեր ագարակում այնքան ժամանակ, մինչև որ աշխատանք չգտնվեր այնպիսի մեկի մոտ, ով կխիզախեր ապօրինի ներգաղթյալին աշխատանքի ընդունելու համար դատական հետապնդման ենթարկվել՝ փոխարենը ստանալով մի մարդու ծառայությունները, ում քաղաքը դեռ չէր արատավորել։
Դե ինչ, այս մեկն այլևս երբեք վեր չէր կենալու։
-Կարելի է կարծել, թե զգացել էին, որ կարող էին պատմել մեզ, – հաջորդ առավոտ ասաց Լերիսը։ – Հենց որ այդ մարդը հիվանդացավ։ Այնուամենայնիվ՝ կարելի է կարծել․․․
Երբ Լերիսն ինչ-որ բանով տարված է լինում, սենյակի կենտրոնում կանգնելու սովորություն ունի, ճիշտ այն մարդկանց նման, ովքեր շուտով պետք է ճանապարհորդության մեկնեն, և ամենածանոթ առարկաներն ուշադիր զննելու սովորություն, ասես առաջին անգամ է տեսնում դրանք։ Քիչ առաջ, երբ Պետրուսը խոհանոցում էր, նկատեցի, որ Լերիսը համարյա նեղացած և համարյա վիրավորված տեսք ուներ։
Ամեն դեպքում այլևս իսկապես ո՛չ ժամանակ ունեի, ո՛չ էլ ցանկություն, որպեսզի խորանայի այն կյանքի մեջ, որով Լերիսը կուզեր, որ տարվեինք, ինչպես որ գլխի էի ընկնում նրա անհանգիստ և համառ հայացքներից։ Նա այն կանանցից է, որոնց չի հուզում, որ կարող են տգեղ կամ տարօրինակ երևալ․ չեմ կարծում, թե կմտահոգվեր, եթե իմանար, թե որքան տարօրինակ տեսք է ունենում, երբ նրա ամբողջ դեմքն անհամաչափորեն այլանդակվում է հրատապ անորոշությունից։ Ես ասացի․
-Ըստ իս՝ այժմ ամբողջ կեղտոտ աշխատանքը ես պետք է անեմ։
Շարունակում էր հայացքը հառել վրաս՝ փորձության ենթարկելով ինձ․ եթե միայն իմանար, որ իզուր էր ժամանակ վատնում։
-Պետք է առողջապահական մարմիններին տեղյակ պահեմ, – հանգիստ կերպով ասացի ես։ – Չեն կարող ուղղակի տանել և թաղել նրան։ Վերջիվերջո՝ իրականում չգիտենք, թե ինչից է մահացել։
Այնպես էր կանգնել այնտեղ, ասես հանձնվել էր․ ուղղակի այլևս չէր նայում վրաս։ Չէի հիշում, թե երբ էի վերջին անգամ այսքան նյարդայնացած եղել։
-Միգուցե ինչ-որ վարակիչ բան էր, – ասացի ես։ – Աստված գիտի։
Պատասխան չկար։
Մենախոսությամբ զբաղվելու սիրահար չեմ։ Դուրս եկա՝ ձայն տալու տղաներից մեկին, որպեսզի բացեր ավտոտնակն ու պատրաստեր ավտոմեքենան՝ քաղաք գնալու համար։
* * *
Բավականին հոգսաշատ գործ դուրս եկավ, ինչպես որ կանխատեսել էի։ Ստիպված եղա տեղյակ պահելու ոստիկանությանը, ինչպես նաև առողջապահական մարմիններին ու պատասխանելու բազմաթիվ ձանձրացնող հարցերի․ ինչպե՞ս կարող էր պատահել, որ տեղյակ չլինեի տղայի ներկայության մասին։ Եթե ես չէի վերահսկում անձնական տարածքներս, ինչպե՞ս կարող էի վստահ լինել, որ մշտապես չէին նմանատիպ բաներ պատահում։ Եվ այլն, և այլն։ Եվ երբ զայրույթով բռնկվեցի և ասացի նրանց, որ քանի դեռ իմ ենթակաները կատարում էին իրենց աշխատանքը, իրավունք չէի վերապահում ինձ կամ պարտավորված չէի զգում քիթս նրանց անձնական կյանք մտցնելու, ոստիկանության մի քիչ բութ, կոպիտ սերժանտն այն հայացքներից գցեց վրաս, որն առաջանում է ոչ թե ուղեղում ընթացող մտածողական գործընթացից, այլ ձիրքից, որը հատուկ է բոլոր նրանց, ովքեր հավատարիմ են իշխող ռասայի տեսությանը․ անմիտ վստահություն արտահայտող հայացք։ Սերժանտն արհամարհանքով լի քմծիծաղ տվեց՝ հիմարությունիցս հիացած։
Այնուհետև ստիպված եղա Պետրուսին բացատրելու, թե ինչու պետք է առողջապահական օրգանները դիահերձման համար վերցնեին եղբոր մարմինը, և թե ինչ էր ինքնին դիահերձումը։ Երբ մի քանի օր հետո զանգահարեցի առողջապահության նախարարություն, որպեսզի իմանայի արդյունքները, ասացին, որ մենք իրավացի էինք, և մահը վրա էր հասել թոքաբորբի պատճառով, և դիակից ազատվել էին այնպես, ինչպես որ կարգն էր։ Դուրս եկա և գնացի այնտեղ, որտեղ Պետրուսը հավերի համար կեր էր պատրաստում, և ասացի, որ ամեն բան կարգին էր․ կրծքավանդակի շրջանում զգացվող ցավի պատճառով էր եղբայրը մահացել։ Պետրուսը պարաֆինի բանկան դրեց հատակին և հարցրեց․
-Ե՞րբ կարող ենք գնալ և բերել նրան, բաա՛ս։
-Գնալ և բերե՞լ նրան ։
-Խնդրում եմ, բաա՛ս, կարո՞ղ եք նրանց հարցնել, թե երբ պետք է գնանք։
Վերադարձա տուն և ամբողջ տնով մեկ սկսեցի Լերիսին կանչել։ Վերջինս հյուրերի սենյակից սանդուղքով իջավ, և ես ասացի․
-Ի՞նչ եմ հիմա անելու։ Երբ պատմեցի Պետրուսին, նա հանգիստ կերպով ուղղակի հարցրեց, թե երբ կարող են վերցնել դիակը։ Կարծում են, թե իրենք են թաղելու նրան։
-Դե՜, վերադարձի՛ր և ասա՛ նրան, – պատասխանեց Լերիսը։ – Պետք է ասես նրան։ Ինչո՞ւ դեռ չես ասել։
Երբ նորից գտա Պետրուսին, նա քաղաքավարի կերպով հայացքը բարձրացրեց։
-Տե՛ս, Պետրո՛ւս, – ասացի ես։ – Դուք չեք կարող գնալ և բերել եղբորդ։ Նրանք արդեն արել են դա․ արդեն թաղել են նրան, հասկանո՞ւմ ես։
-Որտե՞ղ, – դանդաղ և խուլ կերպով հարցրեց նա, ասես կարծում էր, թե սխալ էր հասկացել։
-Գիտես ոնց, նա օտար էր։ Գիտեին, որ տեղացի չէր, ու տեղյակ չէին, որ բարեկամներ ունի այստեղ, դրա համար որոշել են, որ պետք է թաղեն նրան։
Դժվար էր աղքատի գերեզմանն իբրև արտոնություն ներկայացնել։
-Խնդրում եմ, բաա՜ս, բաասը պետք է հարցնի նրանց։
Բայց նկատի չուներ, որ ուզում էր իմանալ, թե որտեղ էր թաղված եղբայրը։ Ուղղակի անտեսեց անհասկանալի մեխանիզմը, որը, ինչպես ներկայացրի ես, աշխատել էր նրա եղբոր դեպքում․ ուզում էր վերադարձնել եղբորը։
-Բայց Պետրո՛ւս, – ասացի ես, – ինչպե՞ս կարող եմ։ Եղբայրդ արդեն թաղված է։ Հիմա արդեն չեմ կարող հարցնել։
-Օ՜, բաա՜ս, – բացականչեց նա։ Կանգնած էր՝ թեփով պատված ձեռքերը պարզած, իսկ բերանի անկյունը ցնցվում էր։
-Աստվա՜ծ իմ, Պետրո՛ւս, նրանք չեն լսի ինձ։ Միևնույն է չեն կարողանա։ Ների՛ր ինձ, բայց չեմ կարող։ Հասկանո՞ւմ ես։
Պետրուսն ուղղակի շարունակում էր նայել վրաս՝ գիտակցումով, որ բոլոր սպիտակ մարդիկ ունեն ամեն ինչ և կարող են անել ցանկացած բան․ եթե չեն անում, ուրեմն՝ ուղղակի չեն ուզում։
Ավելի ուշ՝ ճաշելիս, Լերիսն ասաց․
-Գոնե կարող էիր զանգահարել։
-Տե՛ր, ո՞ւմ տեղն ես ինձ դրել։ Ի՞նչ է, պետք է վերակենդանացնեի՞ նրան։
Բայց չէի կարող չափազանցնել այն եղանակը, որով ուզում էի ազատվել այդ անհեթեթ իրավիճակի պատասխանատվությունից, որ դրված էր ինձ վրա։
-Զանգի՛ր նրանց, – շարունակում էր Լերիսը։ – Գոնե կկարողանաս ասել նրան, որ արեցիր դա, բայց բացատրեցին, որ անհնար է։
Սրճելուց հետո, գնաց խոհանոց։ Շատ չանցած վերադարձավ և ասաց․
-Ծեր հայրը գալիս է Ռոդեզիայից՝ հուղարկավորությանը ներկա գտնվելու։ Թույլտվություն ունի և արդեն ճանապարհին է։
Դժբախտաբար մարմինը վերադարձնել հնարավոր չէր։ Իշխանություններն ասացին, որ դա որոշակի առումով ապօրինի էր, բայց քանի որ առողջապահական բոլոր կանոնները պահպանվել էին, էքսգումացիայի թույլտվություն չտալ չէին կարող։ Պարզեցի, որ հաշվի առնելով սգո սրահի բոլոր ծախսերը՝ ընդհանուր քսան ֆունտ էր նստելու։ Կարծեցի, որ վերջ։ Քանի որ Պետրուսը ամսական հինգ ֆունտ էր ստանում, չէր կարող քսան ֆունտ ունենալ, և շատ ավելի լավ, քանի որ հանգուցյալը դրանից ոչ մի օգուտ չէր ունենալու։ Իհարկե, ինքս չէի առաջարկելու նրան։
Քսան ֆունտ (կամ մոտավորապես այդքան) առանց ափսոսանքի կվատնեի բժիշկների կամ դեղորայք գնելու վրա, որոնք կարող էին օգնել տղային, երբ նա ողջ էր։ Բայց քանի որ նա արդեն մահացած էր, չէի պատրաստվում քաջալերել Պետրուսին ծախսելու ավելին, քան նա վատնում էր տարվա ընթացքում՝ ընտանիքի բոլոր անդամներին հագուստ գնելու համար։
Այդ գիշեր, երբ խոսեցի նրա հետ այդ ամենի մասին, նա ասաց․
-Քսան ֆո՞ւնտ։
-Այո՛, հենց քսան ֆունտ, – պատասխանեցի ես։
Մի պահ հայացք գցելով նրա դեմքին՝ նկատեցի, որ հաշվարկում էր։ Բայց երբ կրկին խոսեց, մտածեցի, թե ինձ թվաց այն, ինչ ասաց։
-Պետք է վճարենք քսան ֆունտ, – այնպիսի ձայնով ասաց դա, որով սովորաբար խոսում են այնքան անհասանելի բանի մասին, որի մասին մտածելն անգամ անտանելի է։
-Լա՛վ, Պետրո՛ւս, – ասացի ես և վերադարձա հյուրասենյակ։
Հաջորդ առավոտ, երբ պատրաստվում էի քաղաք գնալ, Պետրուսը ցանկացավ խոսել ինձ հետ։
-Խնդրեմ, բաա՛ս, – ասաց նա՝ անշնորհք կերպով թղթադրամների կապոց մեկնելով։
Խեղճերն այնքան հազվադեպ են տվողի դերում լինում, այլ ոչ վերցնողի, որ ուղղակի չգիտեն, թե ինչպես պետք է սպիտակ մարդուն գումար հանձնեն։ Ահա այդ քսան ֆունտը՝ մեկ կամ կես ֆունտանոց թղթադրամները հատ առ հատ դրված․ դրանցից որոշները այնքան ճմռթված և ծալծլված էին, որ ասես կեղտոտ լաթի կտորներ լինեին, իսկ մյուսները՝ հարթ և գրեթե նոր։ Ըստ իս՝ և՛ Ֆրանցի, և՛ Ալբերտի, և՛ Դորայի, և՛ խոհարարի, և՛ Յակոբի, և՛ այգեպանի, և՛ առհասարակ ագարակից և շրջակայքի բոլոր ագարակներից բոլոր բոլորի փողերն էին։ Գումարը վերցնելիս ավելի շատ նյարդայնացած էի, քան զարմացած․ ինձ նյարդայնացնում էին անիմաստ վատնումը և այդչափ աղքատ մարդկանց այդ ապարդյուն զոհողությունը։ «Աղքատներին բնորոշ արարք, մտածեցի ես։ – Կյանքի ընթացքում իրենք իրենց զրկում են ամենաանհրաժեշտ բաներից, որպեսզի որոշակի պարկեշտությամբ ապահովված լինեն գոնե մահից հետո»։ Իմ և Լերիսի նման մարդկանց համար այդ ամենն անհասկանելի է․ մեզ համար կյանքը շռայլաբար ծախսելու մասին է, իսկ մահը՝ (եթե, իհարկե, առհասարակ երբեմն մտածում ենք դրա մասին) վերջնական սնանկության։
* * *
Միևնույն է ծառաները շաբաթ երեկոյան չեն աշխատում, այդ պատճառով հարմար օր էր հուղարկավորության համար։ Պետրուսն ու նրա հայրը ժամանակավոր վերցրին մեր՝ ավանակներով լծված սայլը, որպեսզի դագաղը բերեին քաղաքից։ Վերադառնալուց հետո Պետրուսն ասաց Լերիսին, որ ամեն բան «կարգին» էր․ դագաղն արդեն սպասում էր նրանց՝ ամուր փակված, հավանաբար որպեսզի զերծ մնային բավականին տհաճ տեսարանից, որ կարող էր լինել երկու շաբաթ թաղված լինելուց հետո։ (Այդքան ժամանակ պահանջվեց իշխանություններից և սգո սրահից, որպեսզի ավարտին հասցնեին դիակի տեղափոխման հետ կապված վերջին գործընթացները)։ Ամբողջ առավոտ դագաղը դրված էր Պետրուսի հյուղակում՝ սպասելով մեր ագարակի արևելյան սահմանից այն կողմ գտնվող գերեզմանատուն տեղափոխվելուն․ այն փոքրիկ գերեզմանատուն, որ մնացել էր այն ժամանակներից, երբ այս տարածքն իսկական գյուղատնտեսական շրջան էր, այլ ոչ թե քաղաքամերծ նորաձև կալվածք։ Զուտ պատահականություն էր, որ հայտնվել էի ցանկապատի մոտ, երբ թաղման թափորն անցնում էր այնտեղով․ Լերիսն արդեն որերորդ անգամ մոռացել էր տրված խոստումն ու շաբաթ երեկոյան տունը նորից վերածել էր ապրելու համար ոչ պիտանի վայրի։ Վերադարձա տուն և զայրույթից կորցրի ինձ՝ տեսնելով Լերիսին՝ հին, մաշված տաբատը հագին և նախորդ գիշերվանից չսանրված մազերով․ իբր թե որոշել էր քերելով հանել հյուրասենյակի հատակի լաքը։ Այնպես որ վերցրի 8 համարի սպորտային մականս, որպեսզի կատարելագործեի խաղագնդակը դեպի փոսիկ ուղարկելու հարվածներս։ Քանի որ նյարդայնացած էի, բոլորովին մոռացել էի հուղարկավորության մասին և հիշեցի դրա մասին միայն այն ժամանակ, երբ տեսա ցանկապատի մյուս կողմի արահետով դեպի ինձ շարժվող թաղման թափորը։ Այն վայրից, որտեղ կանգնած էի, պարզ երևում էին գերեզմանները, և այդ օրն արևը շողշողում էր կոտրված կավե ամանեղենի, ձեռքով պատրաստված ծռված խաչի և մուրաբայի ապակե բանկաների վրա, որոնք անձրևաջրերից և թառամած ծաղիկներից սևացել էին։
Փոքր-ինչ շփոթված էի, չգիտեի շարունակեի հարվածել խաղագնդակին, թե շարունակեի այն ժամանակ, երբ ամբողջ թափորն անցներ իմ կողքով։ Սայլը ճռճռում և խզխզում էր անիվների ամեն պտույտի ժամանակ և շատ դանդաղ էր առաջ շարժվում՝ կանգառներով, ինչը լիովին համապատասխան էր երկու ավանակներին, որոնք քաշում էին այն․ նրանց փոքրիկ փորիկները մաշված էին և գզգզված, գլուխները՝ կողափայտերի արանքը խցկած, ականջները ներքև կախած, ինչը հնազանդ և վհատ տեսք էր տալիս նրանց։ Այդ ամենը հատկապես համապատասխանում էր սայլի հետևից դանդաղ քայլող կանանց և տղամարդկանց խմբին։ Համբերատար ավանակ։ Հետևելով այդ ամենին՝ մտածեցի․ «Հիմա հասկանալի է, թե ինչու է այս կենդանին աստվածաշնչյան խորհրդանիշ դարձել»։ Այնուհետև թափորը հավասարվեց ինձ և կանգ առավ, և ես ստիպված իջեցրի մականս։ Սայլի վրայից իջեցրին դագաղը (այն լաքապատ փայլուն, դեղին փայտից էր, ասես էժանագին կահույք լիներ), իսկ ավանակները սկսեցին ցնցել ականջները՝ քշելով ճանճերին։ Պետրուսը, Ֆրանցը, Ալբերտն ու Ռոդեզիայից ժամանած ծերուկը բարձրացրին և իրենց ուսերին դրեցին դագաղը, թափորը շարունակեց ճանապարհը՝ արդեն ոտքով։ Ճիշտն ասած, բավականին անհարմար պահ էր։ Ապուշի պես անշարժ կանգնած էի ցանկապատի մոտ, իսկ նրանք դանդաղ անցնում էին իմ կողքով՝ հայցքները խոնարհած․ չորս տղամարդ՝ կորացած փայտե փայլուն արկղի ծանրությունից, և սգավորների խառնիխուռն շարան։ Բոլորը մեր կամ հարևանների ծառաներն էին, որոնց ճանաչում էի իբրև մարդկանց, ովքեր անկաշկանդ ու զվարթ շատախոսում էին մեր դաշտերում կամ խոհանոցներում։ Լսում էի ծերուկի շնչառությունը։ Հենց որ կռացա՝ նորից վերցնելու մականս, ինչ-որ բան խախտվեց նրանց սահուն հանդիսավորության մեջ․ միանգամից զգացի, ասես ինչ-որ ջերմություն կամ հանկարծակի սառը հոսանք անցավ օդով, որ պատում է ոտքերը գետի մեջ։ Ծերուկն ինչ-որ բան էր ասում քթի տակ․ մարդիկ շփոթված կանգ առան և սկսեցին բախվել միմյանց․ ոմանք հրում էին, որպեսզի առաջ շարժվեին, իսկ մյուսները ֆշշացնում էին՝ լռություն պահանջելով։ Երևում էր, որ շփոթված էին, բայց չէին կարող անտեսել ձայնը․ այն նույն ազդեցությունն ուներ գիտակցության վրա, ինչ մարգարեական փնթփնթոցը, որը սկզբում անհասկանալի է, բայց ստիպում է ականջ դնել։ Դագաղի անկյունը, որը ծերուկն էր բռնել, թեքվել էր, ասես վերջինս փորձում էր ազատվել դրա ծանրությունից։ Պետրուսը համոզում էր նրան։
Փոքրիկ տղան, որին թողել էին հետևելու ավանակներին, բաց թողեց սանձերն ու վազեց նայելու։ Չգիտեմ ինչու (հավանաբար հենց այն նույն պատճառով, որ մարդիկ վազում են դեպի նրան, ով ուշաթափվում է կինոթատրոնում) բացեցի ցանկապատի մետաղալարը և գնացի նրա հետևից։
Պետրուսը հուսահատությամբ և սարսափով լի հայացքը բարձրացրեց ինձ վրա (ցանկացած մեկի վրա)։ Ռոդեզիայից ժամանած ծերուկը ամբողջությամբ բաց թողեց դագաղը, իսկ մյուս երեքը, չկարողանալով պահել այն, իջեցրին գետնին՝ հենց արահետին։ Դրա փայլուն կողքերից սկսեց թեթև փոշի բարձրանալ։ Չէի հասկանում, թե ինչ էր ասում ծերուկը, դրա համար էլ չգիտեի արդյոք պետք էր միջամտել, թե ոչ։ Բայց այդ պահին այլայլված ամբոխի ողջ ուշադրությունը կենտրոնացած էր իմ լռության վրա։ Ծերուկը մոտեցավ ինձ՝ առաջ պարզած դողդողացող ձեռքերով, և սկսեց ինձ հետ խոսել․ բառերը չէի հասկանում, բայց առոգանությունից զգացի, որ վրդովեցուցիչ և արտասովոր ինչ-որ բան էր ասում։
-Ի՞նչ է պատահել, Պետրո՛ւս։ Բանն ինչո՞ւմ է, – հարցրի ես։
Պետրուսը վերև բարձրացրեց ձեռքերը, կախեց գլուխն ու հիստերիկ կերպով տարուբերեց այն, իսկ հետո կտրուկ հայացքն ինձ վրա բարձացրեց․
-Նա ասում է, որ իր որդին այդքան ծանր չէ։
Լռություն։ Լսում էի, թե ինչպես էր շնչում ծերուկը՝ կիսաբաց բերանով, ինչպես շատ հաճախ լինում է տարեց մարդկանց դեպքում։
-Իմ որդին երիտասարդ և նիհար էր, – վերջիվերջո ասաց նա անգլերեն։
Կրկին լռություն։ Այնուհետև ձայների տարափ տեղաց։ Ծերուկը սկսեց սպառնալիքներ թափել բոլորի վրա․ նրա ատամները դեղնած էին և ցանցառ, իսկ բեղերը՝ թավ, ճերմակ և լայնասաղարթ, այնպիսին, որ այժմ չեն հանդիպում, և ակնհայտորեն աճեցված էին՝ նմանեցնելով Կայսրության վաղ կառուցողներին։ Նրա բեղերն ասես որոշակի կշիռ էին հաղորդում նրա խոսքերին, ինչի պատճառը գուցե այն էր, որ դրանք դարձել էին ծերության ավանդական իմաստունության խորհրդանիշը․ գաղափար, որն այնքան արմատացած է մեր մեջ, որ մինչև հիմա գիտակցության սահմաններից դուրս գտնվող, գրեթե միստիկ բան է ներշնչում։ Ցնցեց նրանց․ կարծում էին, թե խելագարվել էր, բայց ստիպված էին լսելու։ Իր իսկ ձեռքերով սկսեց բարձրացնել դագաղի կափարիչը, և երեք տղամարդիկ մոտեցան, որպեսզի օգնեին նրան։ Հետո նստեց գետնին՝ շատ ծեր, շատ թույլ, այլևս անզոր խոսելու։ Ուղղակի բարձրացրեց ձեռքը դեպի նա, ով պառկած էր այնտեղ։ Հրաժարվեց՝ ամեն բան թողնելով նրանց․ այլևս ոչնչի համար պիտանի չէր։
Բոլորը խռնվել էին դագաղի շուրջը (ես նույնպես)՝ տեսնելու, թե ինչ էր ներսում, և արդեն մոռացել էին անսպասելի և վշտալի առիթի մասին, որին այն վերաբերում էր․ ինքնին անսպասելիության փաստից մի քանի րոպե զարմանքը համակել էր նրանց։ Ախ էին քաշում, ոգևորված զրուցում էին, հուզմունքից գրեթե բղավում էին։ Նույնիսկ նկատեցի, թե ինչպես էր ավանակներին հետևող փոքրիկ տղան ցատկոտում՝ գրեթե լաց լինելով զայրույթից, որ մեծերը փակում էին տեսադաշտը։
Դագաղի մեջ պառկած էր մի մարդ, որին նախկինում երբեք ոչ ոք չէր տեսել․ տեղացի էր՝ ամրակազմ, սպիտակ մաշկով և ճակատի վրա կոկիկ կերպով կարված սպիով։ Այն հավանաբար կռվի ժամանակ հասցված հարվածի արդյունք էր, որը նաև ուրիշ, ավելի դանդաղ ազդեցություն ունեցող վնաս էր հասցրել, ինչն էլ հանգեցրել էր մահվան։
* * *
Մի ամբողջ շաբաթ վիճեցի իշանությունների հետ այդ դիակի պատճառով։ Այնպիսի զգացում ունեի, ասես նրանք ցնցված էին (իրենց բնորոշ զսպվածությամբ) իրենց կողմից թույլ տրված սխալից, բայց խառնաշփոթի մեջ, որը տիրում էր անանուն հանգուցյալների շրջանում, ի զորու չէին որևէ բան ուղղելու։
-Փորձում ենք պարզել, – ասացին ինձ։ – Դեռևս հետաքննություն ենք անցկացնում։
Թվում էր, թե ցանկացած պահի կարող էին ուղեկցել ինձ դիարան և ասել․ «Ահա՛։ Հերթով բարձրացրե՛ք սավանները և փնտրե՛ք ձեր թռչնաբուծարանի տղայի եղբոր դին։ Այստեղ այնքան սև դեմքեր կան, մի՞թե մեկը չի համապատասխանի»։
Եվ ամեն երեկո, երբ տուն էի վերադառնում, Պետրուսը խոհանոցում ինձ էր սպասում։
-Դե՜, նրանք փորձում են։ Դեռևս փնտրում են։ Բաասը զբաղվում է քեզ համար այդ հարցով, Պետրո՛ւս, – ասում էի ես։
-Աստվա՛ծ իմ, ժամանակի կեսը, որ պետք է գրասենյակում անցկացնեմ, այս պատմության հարցերով թափառում եմ քաղաքի խուլ տեղերով, – մի երեկո ասացի Լերիսին։
Նրանք՝ Լերիսը և Պետրուսը, առանց հայացքը կտրելու նայում էին ինձ, երբ խոսում էի, և այդ պահերին անհավանականորեն նման էին միմյանց, թեև դա անհնար էր թվում․ կինս՝ սպիտակ, լայն ճակատով և անգլուհու նրբագեղ կառուցվածքով, և թռչնաբուծարանի տղան՝ կոշտացած ոտքերով, որոնք երևում էին ծնկների հատվածում պարանով կապկպված խակի գույնի տաբատի տակից, և քրտինքի կտրուկ, տագնապալից հոտով, որը գալիս էր նրա մաշկից։
-Իսկ ինչո՞ւ է հիմա այդ ամենը քեզ վրդովեցնում, ինչո՞ւ ես այդքան համառորեն կառչել այդ գործից, – հանկարծ ասաց Լերիսը։
Հայացքս հառեցի նրան։
-Սկզբունքի հարց է։ Ինչո՞ւ պետք է մարսեն նման խարդախությունը։ Եկել է ժամանակը, որ այդ պաշտոնյաներին շշպռի մեկը, ով չի զլանա գործն ավարտին հասցնել։
-Ահա՜ թե ինչ, – ասաց Լերիսը։
Իսկ երբ Պետրուսը բացեց խոհանոցի դուռը, որպեսզի հեռանար, քանի որ խոսակցությունն իրեն ոչ հասու մակարդակ էր տեղափոխվել, Լերիսը նույնպես թեքեց հայացքը։
Շարունակում էի ամեն երեկո հավատացնել Պետրուսին, թեև կրկնում էի նույն խոսքերը, իսկ ձայնս ամեն անգամ փոխվում էր՝ աստիճանաբար ավելի կամացուկ դառնալով։ Վերջիվերջո՝ պարզ դարձավ, որ այլևս երբեք չէինք կարողանալու վերադարձնել Պետրուսի եղբորը, որովհետև իրականում ոչ ոք չգիտեր, թե որտեղ էր նա։ Շինարարական հողամաս հիշեցնող գերեզմանատա՞նը, ինչ-որ համարի ներքո՞, որ ամենևին էլ նրանը չէր, կամ գուցե բժշկական ուսումնարանի լաբորատորիայո՞ւմ՝ մկանների շերտերի և նյարդերի խրձերի վերածված։ Աստված գիտի։ Նա այլևս ինքնություն չուներ այս աշխարհում։
Եվ միայն այդ ժամանակ ամոթով լի ձայնով Պետրուսը խնդրեց փորձել գումարը վերադարձնել։
-Այնպիսի առոգանությամբ, ասես թալանում էր սեփական հանգուցյալ եղբորը, – ավելի ուշ ասացի Լերիսին։ Բայց ինչպես արդեն նշեցի, Լերիսն այնպես էր տարվել այդ ամենով, որ նույնիսկ թեթև քմծիծաղը չկարողացավ գնահատանքի արժանացնել։
Փորձեցի վերադարձնել գումարը։ Լերիսը նույնպես փորձեց։ Երկուսս էլ զանգահարում էինք, նամակներ գրում, բանավիճում, բայց ապարդյուն։ Պարզվեց, որ գումարի մեծամասնությունը հատկացվել էր սգո սրահի ծառայություններին, իսկ այն, այնուամենայնիվ, իր աշխատանքը կատարել էր։
Այնպես որ այդ ամենն ապարդյուն վատնում էր, նույնիսկ շատ ավելի, քան սկզբում ենթադրել էի, հատկապես այդ խեղճերի համար։
Ռոդեզիայից ժամանած ծերուկը գրեթե նույն հասակն ուներ, ինչ Լերիսի հայրը, դրա համար նրա հին կոստյումներից մեկը տվեց ծերուկին, և վերջինս վերադարձավ տուն՝ շատ ավելի լավ հագնված, քան եկել էր՝ ձմռանը պատրաստ։
Թարգմանությունն անգլերենից` Էլիզա Ստեփանյանի

