Հայնրիխ Բյոլ | Այն ժամանակ Օդեսայում

Օդեսայում այն ժամանակ շատ ցուրտ էր։ Ամեն առավոտ մենք մեծ, դռդռացող բեռնատարներով սալահատակի վրայով գնում էինք դեպի օդանավակայան, դողալով սպասում դաշտի վրայով թռչող մեծ, մոխրագույն թռչուններին։ Առաջին երկու օրերին, սակայն, ինքնաթիռ բարձրանալիս, հրաման եղավ, որ եղանակը բարենպաստ չէ թռիչքի համար, Սև ծովի վրա չափազանց խիտ մառախուղ է սփռվել, կամ ամպերն են շատ ցածր, և մենք նորից նստեցինք մեծ, դռդռացող բեռնատարներն ու սալահատակի վրայով վերադարձանք զորանոց։

Զորանոցը շատ մեծ էր, կեղտոտ, լի ոջիլներով, և մենք նստում էինք հատակին կամ պառկում կեղտոտ սեղանների վրա՝ խաղալով տասնյոթ և չորս կամ երգելով և սպասելով, թե երբ կհաջողվի հաղթահարել պատնեշը։ Զորանոցում շատ զինվորներ էին սպասում, սակայն ոչ ոքի թույլ չէին տալիս մուտք գործել քաղաք։ Առաջին երկու օրերին մենք փախչելու ապարդյուն փորձեր արեցինք. նրանք մեզ բռնեցին, և, որպես պատիժ, մենք ստիպված էինք տեղափոխել մեծ, տաք սուրճի տարաները, բեռնաթափել հացը։ Եվ այդ ողջ ընթացքում այնտեղ կանգնած էր մի գանձապահ՝ ռազմաճակատի համար նախատեսված հրաշալի մորթե վերարկուով, և հաշվում էր, որ ոչ մի հաց չկորչի. մենք այդ ժամանակ մտածում էինք, որ գանձապահը սկսում է ոչ թե թվերից, այլ՝ հաշվարկից։ Օդեսայի երկինքը դեռ մշուշոտ ու մութ էր, և պահակները հետ ու առաջ էին քայլում զորանոցի սև, կեղտոտ պատերի առջև։

Երրորդ օրը մենք սպասեցինք մինչև լիովին մթնելը, ապա գնացինք ամենամեծ դարպասի մոտ, և երբ պահակը մեզ կանգնեցրեց, մենք ասացինք. «Հրամանատար Սելչինի», և նա թույլ տվեց մեզ անցնել։ Մենք երեքով էինք՝ Կուրտը, Էրիխը և ես, շատ դանդաղ էինք քայլում։ Ժամն ընդամենը չորսն էր, և արդեն լրիվ մթնշաղ էր։ Մենք չէինք ցանկացել հայտնվել այդ մեծ, սև, կեղտոտ պատերից դուրս, և հիմա, երբ դրսում էինք, կնախընտրեինք վերադառնալ այնտեղ։ Մենք ընդամենն ութ շաբաթ էինք եղել զինվորական և շատ էինք վախենում, նաև՝ գիտեինք, որ եթե վերադառնանք այնտեղ, ցանկանալու ենք ամեն կերպ դուրս գալ, ինչն անհնար կլիներ։ Ընդամենը ժամը չորսն էր, և մենք չէինք կարողանում քնել ոջիլների և երաժշտության պատճառով, նաև վախենում էինք, միաժամանակ հույս ունեինք, որ հաջորդ առավոտյան կարող է լինել թռիչքի համար բարենպաստ եղանակ, մեզ կտեղափոխեն Ղրիմ, որտեղ հնարավոր է, որ մենք մահանանք։ Մենք չէինք ցանկանում մահանալ, մենք չէինք ցանկանում մեկնել Ղրիմ, բայց նաև չէինք ցանկանում ողջ օրը նստել այդ կեղտոտ, սև զորանոցներում, որտեղից սուրճի փոխարինիչի հոտ էր գալիս, և որտեղ անընդհատ բեռնաթափում էին ռազմաճակատի համար նախատեսված հացը, որտեղ ռազմաճակատի համար նախատեսված վերարկուներով գանձապահները միշտ կանգնած էին այնտեղ և հաշվում էին, որպեսզի ոչ մի հաց չկորչի։

Ես չգիտեմ, թե մենք ինչ էինք ցանկանում։ Մենք շատ դանդաղ քայլում էինք այդ մութ, անհարթ արվարձանի նրբանցքով. չլուսավորված, ցածր տների միջով գիշերը սփռվում էր մի քանի փտած փայտե սյուների վրա, իսկ դրանից այն կողմ, ինչ-որ տեղ, թվում էր, թե անապատ էր, անապատ, ինչպես տանը, որտեղ նրանց թվում է, թե ճանապարհ են գցում, ջրանցքներ են կառուցում և չափիչ ձողեր են պտտեցնում, բայց ճանապարհից ոչինչ չի ստացվում, և նրանք այնտեղ նետում են աղբ, մոխիր ու բեկորներ։ Այնտեղ նորից խոտ է աճում՝ կոպիտ, վայրի խոտ, փարթամ մոլախոտեր, և «Աղբ թափելն արգելվում է» ցուցանակն այլևս տեսանելի չէր, քանի որ այնտեղ այդքան շատ աղբ էին թափել։

Մենք շատ դանդաղ էինք քայլում, քանի որ դեռ շատ շուտ էր։ Մթության մեջ մենք հանդիպեցինք զորանոց մտնող զինվորների, իսկ զորանոցից դուրս եկողները հասան մեզ։ Մենք վախենում էինք հեծելազորի հարձակումից և կնախընտրեինք հետ գնալ, բայց նաև գիտեինք, որ զորանոց վերադառնալուց հետո լիովին հուսահատվելու ենք, և ցանկալի էր վախը, քան զորանոցի սև, կեղտոտ պատերի ներսում հուսահատությունը, որտեղ սուրճ էին մատուցում և հաց էին բեռնաթափում ռազմաճակատի համար, և որտեղ գանձապահները վազվզում էին իրենց գեղեցիկ վերարկուներով, մինչդեռ մենք սարսափելի մրսում էինք։

Երբեմն ձախ կամ աջ կողմում երևում էր մի տուն, որտեղից մուգ դեղին մի լույս էր շողարձակում, և մենք լսում էինք պայծառ, օտարոտի, անհանգիստ, զիլ ձայներ։ Եվ հետո, մթության մեջ, բացվում էր մի լուսավոր պատուհան, բարձր աղմուկ էր սփռվում, և մենք լսում էինք զինվորների երգող ձայները. «Սա Մեքսիկայի արևն է»։

Մենք հրեցինք դուռը և ներս մտանք։ Ներսում տաք էր և ծխահոտ էր տարածված, այնտեղ զինվորներ կային՝ ութ կամ տասը հոգի, որոնցից մի քանիսը կանանց հետ էին, խմում էին ու երգում. երբ մենք ներս մտանք, նրանցից մեկը բարձրաձայն ծիծաղում էր։ Մենք երիտասարդ էինք, նույնիսկ՝ կրտսեր, ողջ վաշտի ամենակրտսերներից էինք։ Մենք հագել էինք նոր համազգեստ, և փայտե մանրաթելերը ծակում էին մեր ձեռքերն ու ոտքերը, մեր ներքնազգեստներն ու վերնաշապիկները սարսափելի քորում էին մեր մերկ մաշկը, իսկ մեր բրդյա տաք շապիկները նոր էին և ծակոտկեն։

Կուրտը՝ ամենակրտսերը, առաջացավ և սեղան ընտրեց։ Նա կաշվի գործարանում աշակերտ էր և միշտ մեզ պատմում էր, թե որտեղից են սերում կաշիները, չնայած դա առևտրային գաղտնիք էր. նա նույնիսկ ասել էր, թե որքան են իրենք վաստակում դրանցից, չնայած դա խիստ առևտրային գաղտնիք էր։ Մենք նստեցինք նրա կողքին։

Վաճառասեղանի հետևից դուրս եկավ մի կին, մի գեր, սևամորթ կին՝ բարի դեմքով և մեզ հարցրեց, թե ինչ ենք ցանկանում խմել։ Սկզբում մենք հետաքրքրվեցինք, թե ինչ արժե գինին, քանի որ լսել էինք, որ Օդեսայում ամեն ինչ շատ թանկ արժե։
«Մեկ գրաֆին գինին հինգ մարկ արժե»,- ասաց նա, և մենք պատվիրեցինք երեք գրաֆին գինի։ Մենք շատ փող էինք կորցրել տասնյոթ ու չորս խաղալիս, մնացորդը բաժանեցինք, պարզվեց՝ յուրաքանչյուրը տասը մարկ ուներ։ Զինվորներից մի քանիսը նույնպես ճաշում էին, ուտում էին սպիտակ հացի կտորների և սխտորի հոտ ունեցող երշիկների վրա դեռևս գոլորշիացող տապակած միս։ Մենք հիմա հասկացանք, թե որքան քաղցած ենք, և երբ կինը բերեց գինին, հարցրեցինք, թե որքան է արժեցել ճաշը։ Նա ասաց, որ երշիկներն արժեն հինգ մարկ, իսկ միսը հացի հետ՝ ութ։ Հետո ասաց, որ դա թարմ խոզի միս է, բայց մենք պատվիրեցինք երեք երշիկ։ Զինվորներից մի քանիսը համբուրեցին կանանց կամ գրկեցին նրանց, և մենք չգիտեինք, թե որ կողմ պետք է նայել։

Երշիկները տաք ու յուղոտ էին, իսկ գինին՝ շատ թթու։ Երշիկներն ուտելուց հետո չգիտեինք, թե ինչ պետք է անել։ Մենք միմյանց պատմելու բան չունեինք։ Երկու շաբաթ վագոնում պառկել էինք կողք-կողքի և ամեն ինչ պատմել միմյանց։ Կուրտն աշխատել էր կաշվի գործարանում, Էրիխը եկել էր ֆերմայից, իսկ ես՝ դպրոցից։ Մենք դեռ վախենում էինք, բայց այլևս չէինք մրսում…

Կանանց համբուրած զինվորները կապեցին գոտիները և դուրս եկան նրանց հետ։ Նրանց մեջ երեք աղջիկ կային, որոնք սիրուն պատմություններ էին պատմում, ծիծաղում ու ծլվլում էին, բայց հեռացան վեց զինվորների հետ. կարծեմ վեցն էին, թե հինգը։ Մնացին միայն հարբեցողները, որոնք երգել էին. «Այո՛, դա Մեքսիկայի արևն է»։ Վաճառասեղանի մոտ կանգնածներից մեկը՝ բարձրահասակ, շիկահեր կապրալը, շրջվեց ու նորից ծիծաղեց մեզ վրա. կարծում եմ՝ մենք նույնպես լուռ և հնազանդ նստած էինք մեր սեղանի մոտ՝ ձեռքերը ծնկներին դրած, ինչպես զորանոցում պարապելիս։ Հետո կապրալն ինչ-որ բան ասաց տանտիրուհուն, և տանտիրուհին մեզ սպիտակ շնապս բերեց՝ մեծ բաժակներով։ «Մենք հիմա պետք է ի պատիվ նրա բաժակ բարձրացնենք»,- ասաց Էրիխը և հարվածեց նրա ծնկներին։ Ես անընդհատ բղավում էի «կապրալ», մինչև նա հասկացավ, որ ես իրեն նկատի ունեի։ Հետո Էրիխը նորից հարվածեց մեր ծնկներին, մենք կանգնեցինք ու միասին բղավեցինք. «Կենացդ, կապրա՛լ»։ Մյուս բոլոր զինվորները բարձրաձայն ծիծաղեցին, կապրալը բարձրացրեց բաժակը և ասաց. «Ձեր կենացը, պարոնա՛յք նռնակաձիգեր»։

Շնապսը կծու և դառն էր, բայց այն մեզ ջերմացրեց, և մենք հաճույքով ևս մեկ բաժակ խմեցինք։
Շիկահեր կապրալը ձեռքով արեց Կուրտին, Կուրտը մոտեցավ, մեզ էլ ձեռքով արեց կապրալի հետ մի քանի բառ փոխանակելուց հետո։ Նա ասաց, որ մենք խելագար ենք, որովհետև փող չունենք, և ինչ-որ բան պետք է վաճառենք. հետո հարցրեց, թե որտեղից ենք գալիս և ուր ենք գնում, մենք ասացինք, որ զորանոցում ենք սպասում և պետք է թռչենք Ղրիմ։ Նա լուրջ դեմք ընդունեց և ոչինչ չասաց։ Հետո ես նրանից հետաքրքրվեցի, թե ինչ կարող ենք վաճառել, նա պատասխանեց՝ ամեն ինչ։
Այստեղ կարելի էր վաճառել ամեն ինչ՝ վերարկուներ ու գլխարկներ, ներքնազգեստ, ժամացույցներ, ինքնահոս գրիչներ։

Մենք չէինք ցանկանում վերարկու վաճառել, շատ վախեցած էինք. դա արգելված էր, քանի որ Օդեսայում այդ ժամանակ շատ ցուրտ էր։ Մենք դատարկեցինք մեր գրպանները. Կուրտն ինքնահոս գրիչ ուներ, ես՝ ժամացույց, իսկ Էրիխը՝ նոր, կաշվե դրամապանակ, որը շահել էր զորանոցում անցկացված վիճակախաղի ժամանակ։ Կապրալը վերցրեց երեք իրերը և տանտիրուհուց հետաքրքրվեց, թե որքան պետք է վճարի դրանց համար։ Վերջինս շատ ուշադիր նայեց իրերին, ասաց, որ վատն են, և պետք է վճարել 250 մարկ, 180-ը՝ միայն ժամացույցի համար։

Կապրալն ասաց, որ 250 մարկը չնչին գումար է, նաև հավելեց, որ նրանք ավելին չէին տա, և եթե մենք հաջորդ օրը թռչեինք Ղրիմ, դա իր համար որևէ նշանակություն չէր ունենա, և մենք պետք է վերցնեինք այն։
Զինվորներից երկուսը, որոնք երգել էին. «Այո՛, դա Մեքսիկայի արևն է…», իջան սեղաններից և թփթփացրին կապրալի ուսին. նա գլխով արեց և դուրս եկավ նրանց հետ։

Տանտիրուհին ինձ էր տվել ողջ գումարը, և ես պատվիրեցի երկու բաժին խոզի միս՝ հացով ու մեկ բաժակ շնապս։ Հետո մենք ևս երկու բաժին խոզի միս կերանք, խմեցինք մեկ շիշ շնապս։ Միսը թարմ էր և ճարպոտ, տաք և գրեթե քաղցր, իսկ հացը պատված էր ճարպով։ Նորից մեկ բաժակ շնապս խմեցինք։ Տանտիրուհին ասաց, որ այլևս խոզի միս չունի, միայն երշիկ է մնացել, և մենք բոլորս կերանք մեկական երշիկ, որի հետ մատուցեցին գարեջուր՝ թանձր, մուգ գարեջուր, խմեցինք ևս մեկ բաժակ շնապս. նաև տորթեր բերեցին մեզ համար, հարթ, չոր տորթեր՝ պատրաստված աղացած ընկույզից։ Հետո մենք ավելի շատ շնապս խմեցինք և նույնիսկ չէինք նկատում մեր ներքնազգեստի և բրդյա փափուկ շապիկների մեջ գտնվող փայտանյութի բազմաթիվ փշերը։ Նոր զինվորներ էին եկել, և մենք բոլորս երգում էինք. «Այո՛, դա Մեքսիկայի արևն է…»։

Ժամը վեցին մեր գումարն արդեն վերջացել էր, և մենք դեռ չէինք հարբել։ Մենք վերադարձանք զորանոց, քանի որ ոչինչ չունեինք վաճառելու։ Մութ, անհարթ փողոցում լույսերը չէին վառվում, և երբ մենք անցանք պահակակետի մոտով, հերթապահն ասաց, որ պետք է գնանք պահակատուն։
Պահակատանը շոգ էր և չոր, կեղտոտ սիգարետի հոտ էր գալիս. սերժանտը բղավեց մեզ վրա և ասաց, որ շուտով կտեսնենք դրա հետևանքները։ Բայց մենք այդ գիշերը շատ լավ քնեցինք, իսկ հաջորդ առավոտյան կրկին մեծ, դռդռացող բեռնատարներով սալահատակի վրայով մեկնեցինք դեպի օդանավակայան։ Օդեսայում ցուրտ էր, պարզ, հրաշալի եղանակ էր, և մենք վերջապես մուտք գործեցինք ինքնաթիռներ։ Եվ երբ նրանք օդ բարձրացան, մենք հանկարծ հասկացանք, որ երբեք չենք վերադառնա, այլևս երբեք…

Թարգմանությունը գերմաներենից՝ Թագուհի Հակոբյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *