Գիշերվա փայլուն ջրերը ազատում են ինձ
Բազմազան գույներից և ձևերից։
Այգու թռչուններն ու աստղերը
փառավորում են երազի և խավարի
վաղնջական կարգերի բաղձալի վերադարձը։
Խավարը քողարկում է հայելիները,
որ արտացոլում են պատրանքն իրերի։
Գյոթեն հրաշալի է ասել. «այն, ինչ մերձ է, հեռանում է»:
Այս չորս բառերի մեջ է խորհուրդը մթնշաղի։
Այգու վարդերը դադարում են լինել վարդեր
և վերածվում են Վարդի։
Գիշերվա պատմությունը
Սերնդեսերունդ
մարդիկ արարել են գիշերը։
Ի սկզբանե խավարն էր և երազը,
և տատասկը` մերկ ոտքերը ճանկռող,
և վախը գայլերից:
Մենք երբեք չենք իմանա, թե ով է հորինել բառը՝
երկու մթնշաղի միջև ընկած ստվերն անվանող։
Մենք երբեք չենք իմանա, թե որ դարում է
գիշերը դարձել աստղային տարածության գաղտնագիր:
Ուրիշները ստեղծել են առասպելը:
Նրան դարձրել են մայրը աստվածուհիների,
որոնք մանում են թելը ճակատագրի։
Զոհաբերել են նրան սև ոչխարներ
և աքաղաղ, որ ավետում է նրա վերջը։
Քաղդեացիները նրան նվիրաբերեցին տասներկու տուն,
իսկ ստոիկները՝ անհամար աշխարհներ։
Հեկզամետրը և Պասկալի սարսափը նրան ձև են տվել։
Լուիս դե Լեոնը նրանում տեսավ
իր դողդոջուն հոգու հայրենիքը։
Հիմա գիշերը թվում է անսպառելի,
ինչպես հնամյա գինի։
Ոչ ոք չի կարող հայել նրան, առանց գլխապտույտի։
Ժամանակը նրան պսակել է հավերժությամբ։
Ի՞նչ կլիներ գիշերվա հետ
առանց մեր փխրուն աչքերի։
Քունը
Գիշերը մեզ վստահում է մոգական
խնդիր․ վերծանել տիեզերքը՝
պատճառների և հետևանքների
այն անսահման լաբիրինթոսը,
որ սուզվում է ժամանակի հորձանուտում։
Գիշերը ցանկանում է, որ մի գիշեր
մոռանաս անունդ, ծագումդ և նախնիներիդ,
ամեն բառ ու արցունք,
այն, ինչ տրվել է արթմնի,
երկրաչափների երևակայական կետը,
գիծը, հարթությունը, խորանարդը,
բուրգը, գլանը, ծովը, ալիքները,
բարձը՝ քո այտի տակ ու թարմությունը սավանի,
այգիները, կայսրությունները, կայսրերին,
Շեքսպիրի անունը
և ամենադժվարը` քո սերը։
Զարմանալի է, որ մի հաբը կարող է
ջնջել ողջ տիեզերքը և արարել քաոս։
Դու
Միայն մի մարդ է ծնվել աշխարհում
Միայն մի մարդ է աշխարհում վախճանվել։
Մնացյալը վիճակագրություն է
Աներևակայելի համատեղություն։
Ինչպես անհամատեղելի են անձրևի բույրը
և երեկվա երազը։
Այդ մարդը Ոդիսևսն է, Աբելը, Կայենը,
առաջինը, որի առջև բացվել է աստղային երկինքը,
ով կառուցել է առաջին բուրգը,
ով ուրվագծել է «Ի – Ցզինի» հեքսագրամները,
դարբինը, որ ռունագրեր է փորագրել Հենգիստի սրին
նետաձիգ Էյնար Թամբերսկելվերը, Լուիս դե Լեոնը,
գրքասերը, որ կյանք է պարգևել Սեմյուել Ջոնսոնին,
Վոլտերի այգեպանը, Դարվինը` «Բիգլի» նավախելին,
հրեան մահաբեր խցիկում,
իսկ ժամանակի հետ՝ ես և դու։
Միայն մի մարդ է իր մահը գտել Իլիոնում,
Մետավրոսում, Հասթինգսում, Աուստերլիցում,
Տրաֆալգարում, Գեթիսբերգում։
Միայն մի մարդ է մահացել հիվանդանոցներում,
նավերում, անտանելի մենության մեջ,
սիրո ննջասենյակում։
Միայն մի մարդ է տեսել անհուն լուսաբացը:
Մի մարդ է զգացել թարմությունը ջրի,
Համը՝ մրգերի և մսի։
Ես խոսում եմ մեկի, միակի
և հավերժ միայնակի մասին։
Կապը
Ժողովուրդների տեղաշարժը,
որոնք պատմաբանը փորձում է քարտեզագրել`
ուղղորդվելով կավե և բրոնզե պատահական գտածոներով,
և որոնց մասին այդ ժողովուրդները պատկերացում չունեին։
Արշալույսի աստվածները,
որոնք ո’չ կուռք են թողել, ո’չ խորհրդանիշ:
Կայենի արորի ակոսները։
Ցողի կաթիլները՝ դրախտի այգու խոտերին:
Հեքսագրամները, որոնք կայսրը հայտնաբերել է
սուրբ կրիաներից մեկի պատյանին:
Ջրերը, որոնք չգիտեն, որ Գանգեսն են։
Վարդի կշիռը Պերսեպոլիսում։
Վարդի կշիռը Բենգալիայում։
Դեմքեր` խանութի ցուցափեղկերից մեկի պաստառին։
Հենգիստի սրի անունը։
Շեքսպիրի վերջին տեսիլքը։
Փետուրը, որը գրել է այս տարօրինակ տողը․
He met the Nightmare and her name he told։
Առաջին հայելին, առաջին հեկզամետրը:
էջերը, որոնք կարդում էր ալեհեր ծերունին`
բացահայտելով, որ իրեն վիճակված է դառնալ Դոն Կիխոտը։
Իրիկնալույսը, որի բոսորագույնը
դեռ հրափայլում է կրետական սկահակին։
Տիբերիուս Գրակքուս անունով երեխայի խաղալիքները։
Պոլիկրատոսի մատանին` ճակատագրից մերժված։
Այս կորուստները երկար ստվեր են նետում
և կանխորոշում այսօրվա և վաղվա քո ամեն մի քայլը:
Թարգմանությունը՝ Սամվել Թավադյանի

