Մենք՝ հատուկ նշանակության մենթական զորքերս, երեքով կանգնած էինք մայրաքաղաքային մայրուղու վրա՝ հզորացման նպատակով․ Սերյոգան՝ Պրիմատ մականունով, նրա սիրելի ընկեր Թզուկը և ես։
Վերջերս Պրիմատը մի փութ փամփուշտ էր գնել ժամկետային զինծառայողներից և ամեն հերթապահությանը արևածաղիկների նման մի բուռ վերցնում էր հետը։ Մի փամփուշտ էր խցկում ծառայողական ատրճանակի մեջ և սկսում էր փնտրել, թե ում կարող էր գնդակահարել։
Գիշերը՝ մոտավորապես ժամը երեքին, երբ ավտոմեքենաները պակասեցին, Պրիմատի աչքով մի թափառական շուն ընկավ, որը չարաբաստիկ պահին շեղակիորեն վազում էր այդ հատվածով, շվշվացրեց, շունը թերահավատորեն արձագանքեց, մի կողքի ծռված՝ փորձեց մոտենալ երկաթով և չարությամբ բուրող մարդկանց և, իհարկե, միանգամից մահաբեր այրվածք ստացավ կողին։
Շունը չսատկեց նույն պահին, մի որոշ ժամանակ այնպես էր կաղկանձում, որ հավանաբար արթնացրել էր անտառի բնակիչների կեսին։
Բլոկպոստը անտառի մոտ էր։
Ես դուրս թքեցի ծխախոտը, շունչ քաշեցի և գնացի՝ թեյ խմելու։
«Հավանաբար հիմա գլխին կկրակի և վերջը կտա,— մտածեցի ես՝ լարվելով կրակոցի սպասումից, թեև իմ ներկայությամբ հավանաբար տասը հազար անգամ կրակել էին»։
Այս անգամ ևս ցնցվեցի, փոխարենը շունը ձայնը կտրեց։
Չէի բարկանում Պրիմատի վրա, իսկ շանն ամենևին էլ չէի խղճում։ Սպանեց-սպանեց, դե՜, մարդուն դուր է գալիս կրակել, ի՞նչ կա դրա մեջ։
— Գոնե հեղափոխություն լիներ,— մի անգամ ասաց Պրիմատը։
— Լո՞ւրջ ես ասում,— խնդությամբ ցնցվեցի ես,— ես էլ էի հեղափոխություն ուզում։
— Դե՜, հա՛։ Գոնե սրտանց կկրակեմ,— ասաց նա։ Մի վայրկյան հետո գլխի ընկա, թե հատկապես ում վրա էր ուզում կրակել։
Այդ պահին նույնպես առանձնապես չվշտացա։ Ճիշտն ասած, հավանում էի Պրիմատին։ Զզվելին ծպտված մոլագարներն են, որոնք մարդ են ձևանում։ Պրիմատն անկեղծ էր իր մոլություններում և ոչ մի վատ բան չէր տեսնում անձնական նախատրամադրվածությունների մեջ, բացի այդ՝ նա իսկապես լավ զինվորի տեսք ուներ։ Երբեմն ինձ թվում է, որ զինվորները հենց Պրիմատի պես պետք է լինեն, մնացածը վաղ թե ուշ ոչ պիտանի են դառնում։
Բացի այդ՝ զվարճալի և նույնիսկ բարեսիրտ հումորի զգացում ուներ․ դա, ըստ էության, միակ բանն է, որ տղամարդկանց մեջ հաճելի է ինձ․ քաջասիրտ և զվարճալի լինելու կարողությունը, մյուս ընդունակությունները շատ ավելի քիչ են հուզում ինձ։
Որպես կանոն, իր մականվան համար Պրիմատը չէր նեղանում, հատկապես այն բանից հետո, երբ բացատրեցի նրան, որ սկզբում և՛ մարդիկ, և՛ կապիկները, և՛ ավստրալիական համրուկները պրիմատներ էին համարվում։
Սակայն ինքը Պրիմատը ուրիշ բացատրություն ուներ․ նա պնդում էր, որ ջոկատի մնացած բոլոր մարտիկները հենց նրանից էին սերվել։
— Ես ձեր նախահայրն եմ, անպո՛չ կապիկներ,— ասում էր Պրիմատը և սկսում վարակիչ կերպով ծիծաղել։
Իսկ Թզուկը կատակելով Պրիմատի հոր տեղն էր դնում իրեն, թեև գրեթե երեք անգամ փոքր էր վերջինից։
Պրիմատը մոտավորապես հարյուր քսան կիլոգրամ էր, և բազկամարտում հաղթում էր մեր բոլոր մարտիկներին․ անձամբ ես նույնիսկ չէի էլ համարձակվել մրցել նրա հետ։ Ձեռնամարտի չէին էլ կանչում նրան այն բանից հետո, երբ մարտիկներից մեկի կողոսկրն էր կոտրել, իսկ մյուսի գլուխն էր վնասել մարտի հենց առաջին վայրկյաններին։
Մինչև Թզուկի ջոկատ գալը Պրիմատն առանձնապես ոչ ոքի հետ չէր շփվում․ երկաթ էր քարշ տալիս ու հռհռում, բոլորի հետ հավասարապես սիրալիր էր։
Իսկ Թզուկի հետ ընկերացան։
Թզուկը ջոկատի ամենակարճահասակն էր, և այդպես էլ չհասկացա, թե ինչու էին նրան ընդունել․ մի քանի կարճահասակ տղա ունեինք ջոկատում, բայց նրանցից յուրաքանչյուրը երեք ուժեղ և ծանրամարմին տղամարդու տեղ կարող էր գնալ։ Իսկ Թզուկը իսկական թզուկ էր․ ձեռքերը բարակ էին, իսկ կրծքավանդակն ասես սարյակաբույն լիներ։
Ոչ թե խեթ էի նայում նրան, այլ ավելի շուտ նույնիսկ չէի նկատել, որ հայտնվել էր մեր շարքերում։ Իսկ նրա համար հավանաբար միևնույն էր կամ հմտորեն ձևացնում էր, թե այդպես էր։ Բայց հետո՝ ընդմիջման ժամանակ, ծխելիս խոսքը խոսք բերեց, և իմացանք, որ Թզուկի կինը վերջերս լքել էր նրան։ Վերջինս մանկատնից էր և ոչ մի տեղ չէր կարողանում երկար մնալ, այդ թվում նաև ամուսնացածի կարգավիճակում։ Բայց մնացել էր վեց տարեկան դուստրը, և վերջերս հենց այդպես էլ շարունակում էին ապրել՝ հայր և դուստր, երկուսով։ Բարեբախտաբար Թզուկի մայրը կողքի տանն էր ապաստանել, և օրվա ընթացքում մի պահ գալիս էր՝ երեխային կերակրելու, երբ կնոջ կողմից լքված որդին գնում էր աշխատանքի։
Պատմելիս Թզուկը չէր պարծենում իր ճակատագրով և ոչ էլ տխրություն էր ներշնչում, ուղղակի ծխախոտի ծուխն այնքան խորն էր ներս քաշում, ասես ուզում էր միանգամից դրա վերջը տալ։ Միանգամից չէր ստացվում, բայց հինգերորդ մուխից հետո կարելի էր հանգցնել ծխախոտը։
Բարյացակամ զգացմունքներով լցվեցի նրա հանդեպ։ Իսկ հետո արդեն անփոփոխ հետաքրքրությամբ հետևում էի այդ զույգին՝ Պրիմատին և Թզուկին․ և՛ լափելու, և՛ ծխելու, և՛ քիչ էր մնում միզելու էլ միասին գնային։ Շատ չանցած ավտոմեքենայով ման գալիս սկսեցին անառակ աղջիկների կպցնել․ մե՛րթ մեկին՝ երկուսի համար, մե՛րթ ամբողջ ավտոմեքենան այնպես էին լցնում, որ անհնար էր հաշվարկել ճվճվացողների և հռհռացողների քանակը․ և ոչ մի նշանակություն չուներ, որ Պրիմատը երիտասարդ ու մարմնեղ կին ուներ։
Չնայած Պրիմատի մականվանը՝ դեմքը սպիտակ էր, մեծ, առանց մազերի և ճարպից մի փոքր խախտված դիմագծերով, բայց երբ ժպտում էր, ամեն բան իր տեղն էր ընկնում․ և՛ քիթն էր ավելի ակնառու դառնում, և՛ աչքերն էին ուշադիր հայացքով նայում, և՛ ադամախնձորն էր ցայտուն կերպով դուրս ցցվում, իսկ բերանը լիքն էր ամուր և համառ կերպով կանգնած մեծ և դեղին ատամներով։
Թզուկը նույնպես մորուք չուներ, բայց սպայական, բարակ բեղիկներ էին նշմարվում։ Առհասարակ մանր դիմագծեր ուներ, ասես տարօրինակ, բեղավոր տղա տիկնիկ լիներ։ Իսկ երբ Թզուկը ծիծաղում էր, դիմագծերն ընդհանրապես չէր կարելի տարբերակել, դրանք միանգամից խառնվում ու խճճվում էին, աչքերն անհասկանալի ուղղությամբ էին գնում, իսկ բերանը դեսուդեն էր ընկնում՝ շաղ տալով մանրիկ ատամները։
Միանգամից երևում էր, որ Թզուկը Պրիմատի նման արյունռուշտ չէր․ ինքը ոչ ոքի չէր պատրաստվում սպանել, բայց մեծ ընկերոջ զվարճանքներին հետաքրքրությամբ էր հետևում ՝ ասես ինչ-որ բան խորհելով՝ մե՛րթ մի կողմից մոտենալով, մե՛րթ՝ մյուս։
Դրսից լսվեցին նրանց հուզված ձայները, դուրս եկա բլոկպոստից։
— Վերջը տվի՞ք շան,— հարցրի ես։
— Քածի,— պատասխանեց գոհունակությամբ լցված Պրիմատը։
Հանեց զենքը, հեռացրեց փողի պահպանակը, դիմահար կերպով սեղմեց սանդղամուտքի՝ կեչու հաստության փայտե սյանը և նորից կրակեց։
— Տե՜ս է՜,— ասաց նա՝ զննելով սյունը։— Չծակեցի։ Թզո՛ւկ, կանգնի՛ր մյուս կողմից, մի անգամ էլ փորձեմ։
— Իսկ դու ա՛փդ դիր, և ինքդ քե՛զ վրա փորձիր,— սկսեց ծիծաղել Թզուկը՝ ատամները շաղ տալով։
Պրիմատը ափը հպեց փայտին, և մինչ ես, սնոտի սարսափից ուշքի գալով, հասցրի ինչ-որ բան ասել, միանգամից ևս մեկ անգամ կրակեց՝ փողը հակառակ կողմից սեփական մեծ ափի վրա ուղղելով։ Չտեսա արդյոք կրակոցի պահին ցնցվեց նրա ձեռքը, թե ոչ, որովհետև ինքնաբերաբար կկոցեցի աչքերս։ Երբ բացեցի, Պրիմատը դանդաղ հեռացրեց ափը սյունից՝ մոտեցնելով աչքերին։ Այն սպիտակ և մաքուր էր։
Առավոտյան բազայում Պրիմատի կնոջը հանդիպեցինք։ Նրա դեմքը նուրբ էր, խոնավ և քնաթաթախ, ասես ծաղիկն անձրևից հետո։ Շատ էր լաց եղել և չէր քնել։
— Ո՞ւր էիր,— հիմար հարց տվեց ամուսնուն` հարված հասցնելու հեռավորության վրա մոտենալով նրան։ Լավ էին նայվում միասին՝ մեծ և երկարասրունք։
— Ձկնորսության էի, չե՞ս տեսնում,— ասաց նա՝ «հըմ» անելով և ձեռքը ատրճանակի պատյանին խփելով։
Կինը նորից սկսեց լաց լինել, իսկ Թզուկին նկատելով՝ գրեթե բղավեց․
— Սա՛ էլ է այստեղ։ Նրա պատճառով է ամեն ինչ։
Թզուկն այնքան լարված դեմքով շրջանցեց երիտասարդ կնոջը, որ այն ավելի շատ փոքրացավ՝ դառնալով Պրիմատի բռունցքի չափ։
— Գժվե՞լ ես,— անտարբեր կերպով հարցրեց Պրիմատը։— Ի՞նչը դուրդ չի գալիս։ Որ աշխատանքի՞ եմ գնում։
— Մի հատ էլ պատրաստվում ես Չեչնիա գնալ, զզվելի՛ արարած,— ասաց կինը՝ անպատասխան թողնելով ամուսնու հարցը։
Պրիմատը թոթվեց ուսերն ու գնաց՝ զենքը հանձնելու։
— Գոնե դո՛ւ ինչ-որ բան ասա նրան,— ասաց ինձ։
— Ի՞նչ ասեմ։
Հասկանում էի, որ վայրագաբար և ոչ առանց հիմքի խանդում էր նրան, այնքան, որ չէր հավատում, թե աշխատանքի էր գնում, այլ ոչ թե անբարո աղջիկների մոտ։ Բայց նրա վերջին խոսքը Չեչնիայի մասին էր։ «Չեչնիան ի՞նչ կապ ունի,— մտածեցի ես, դրա համար էլ հարցին հարցով պատասխանեցի»։
Կինը զզվանքով թափահարեց ձեռքը՝ ասես գետնով տալով օդում մնացած խոսքերս, և հեռացավ։ Ուշադրություն չդարձնելով ավտոմեքենաներին՝ անցավ փողոցն ու կանգ առավ այգու ցանկապատի մոտ՝ մեջքով դեպի բազան։ Կանգնած էր՝ թեթևակի օրորվելով։
«Նրան է սպասում,— գոհունակությամբ մտածեցի ես։— Բայց ուզում է, որ նա մոտենա։ Լավ կնիկ է»։
Զենքը հանձնելուց հետո Պրիմատը ծխեց Թզուկի հետ՝ ժամանակ առ ժամանակ խեթ-խեթ նայելով կնոջ մեջքին․ նրանք ծիծաղեցին, ևս մեկ անգամ հիշեցին գնդակահարված քածին, կոշիկի ծայրով ջանասիրաբար տրորեցին գետնին թքած ծխուկները, նորից մեկական ծխախոտ ծխեցին և վերջապես բաժանվեցին։
Պրիմատը մոտեցավ կնոջն ու շոյեց նրա մեջքը։
Կինն ինչ-որ բան ասաց նրան, հավանաբար բավականաչափ ոչ սիրալիր ինչ-որ բան, և առանց շրջվելու քայլեց փողոցով։ Պրիմատը հետևեց նրան՝ ոչ այնքան շտապելով։
«Երևի մի հիսուն մետրից կհաշտվեն,— վճռեցի ես»։ Պատուհանից էի հետևում նրանց։
Մեկ րոպե հետո Պրիմատը հասավ կնոջը և ձեռքը դրեց նրա ուսին։ Վերջինս հետ չքաշվեց։ Նույնիսկ զգացի, թե ինչպես նրա կոնքերը սկսեցին ավելի լայնատարած կերպով ճոճվել, այնպես, որ շարժվելիս դիպչեին Պրիմատի կոնքին։
«Կհասնեն տուն ու․․․ ամեն բան միանգամից տեղը կընկնի,— քնարերգորեն մտածեցի ես՝ նույնիսկ մի փոքր գրգռվելով այդ երկուսին պատկերացնելիս, երկու բուրավետ գազանների հնագույն հոտերից»։
Չգիտեմ ինչու համոզված էի, որ Պրիմատն օժտված էր տղամարդկային հարուստ կրքով, որը չափից ավելի էր։ Նրա մեջ առկա սերմնահեղուկի քանակությունը չէր զիջում ուրիշների արյունը հեղելու ցանկությանը։ Մեկը հեղեց, մյուսը թափեց, ամեն բան կարգին է, ամեն բան իր տեղում է։
Առաջին մարդուն նույնպես Պրիմատն է սպանել։
Մի ամբողջ շաբաթ տառապում էր, արյունն ինքնուրույն չէր գալիս նրա մոտ։ Լարված ուշադրությամբ զննում էր չեչենական բնապատկերները, բուռն գոյացող փլվածքները, դատարկ և մռայլ շենքերը՝ մեծ հույսով ամեն պահի կրակոցի սպասելով։ Ոչ ոք չէր կրակում նրա վրա, Պրիմատը տխուր էր և ջոկատի համարյա բոլոր անդամներից նյարդայնանում էր։ Իհարկե, բացի Թզուկից, որի հետ շփվելիս Պրիմատի դեմքը պայծառանում էր, իսկ դիմագծերը պարզանում էին։
Տղերքը գրեթե աղոթում էին, որպեսզի փորձանքը շրջանցեր մեր ջոկատը, իսկ Պրիմատը լրջորեն կատաղում էր․
— Պատերազմ գալ ու պատերազմ չտեսնե՞լ։
— Ուզո՞ւմ ես դագաղի մեջ պառկել,— հարցնում էին նրան։
— Գրո՛ղը տանի, ի՞նչ տարբերություն, թե որտեղ ես պառկում,— զզվանքով պատասխանում էր Պրիմատը։
Մոտակայքում գտնվող փողոցներից մշտապես կրակոցներ էին լսվում, ամեն օր սպանում էին ինչ-որ մեկին՝ հարևան հատուկ նշանակության ջոկատից մեկին, երբեմն հիմար և անհեթեթ փոխհրաձգության ժամանակ քիչ էր մնում ոչնչանային գինովցած «ժամկետային զինծառայողների» ամբողջական ջոկատներ: Միայն մենք էինք կախարդվածների պես անվի տակ տալիս Գրոզնին․ մեր խումբը հիմնականում իբրև պահակախումբ էր ծառայում, հազվադեպ խուզարկություններ էր կատարում։
— Գրո՛ղը տանի, ինչի՞ համար այնտեղ գնանք,— պատասխանում էի ես՝ դիմացի նստարանին նստած։
— Իսկ եթե այնտեղ ռուս տղերքի՞ն են կոտորում,— ծռմռում էր բերանը Պրիմատը։
— Ոչ մեկին էլ չեն կոտորում,— պատասխանում էի ես և մի փոքր լռելուց հետո ավելացնում,— կկանչեն, կգնանք։
Մեզ, իհարկե, չէին կանչում։
Երրորդ շաբաթվա երրորդ օրը՝ առավոտյան խուզարկության ժամանակ, քաղաքի արվարձաններում վերջապես բռնեցինք հինգհարկանի շենքի ձեղնահարկում թաքնված երեք անզեն և նյարդային երիտասարդների։ Տեղեկություն ունեինք, որ երբեմն ձեղնահարկից կրակում էին մոտակա պարետատան վրա։
— Իսկ ինչո՞ւ եք այստեղ քնում,— հարցրեց հրամանատարը։
— Շենքը ռմբակոծել են, քնելու տեղ չկա,— պատասխանեց նրանցից մեկը։
Այդ պահին հրամանատարը պատռեց նրանցից մեկի սվիտերը, կապույտ նշանը, որն ուսի վրա է մնում զենքի կոթից, շատ բան բացահայտեց։
Բայց ոչ մի զենք չգտանք ձեղնահարկում։
— Անձնագրեր ունե՞ք,— հարցրին նրանց։
— Երբ ռմբակոծում էին, հրդեհի ժամանակ վառվել են, այո՛,— շարունակում էին պնդել չեչենները։
— Դե՜, պարետատանը կպարզեն,— գլխով նշան արեց հրամանատարը։— Հեռո՛ւ պահեք նրանց իրարից, որպեսզի ոչինչ չասեն միմյանց,— ավելացրեց նա։— Հակառակ դեպքում կպայմանավորվեն, թե ինչ պատասխաններ են տալու։
Մեր քողարկաներկված տղերքը ցրվել էին հարևան մուտքերով և այնտեղ էին աշխատում․ դրսում նույնիսկ լսվում էր, թե ինչպես էին դռները դուրս ընկնում ծխնիներից․ եթե ոչ ոք ձայն չէր հանում, ջարդում դուրս էին հանում դրանք։ Գերիներին տարբեր կողմեր տարան, և դրանցից մեկի մոտ հայտնվեցին Պրիմատն ու Թզուկը։
Ապահովության համար երեք ծառայակիցների տարա շենքի կողքի երկու շարքով կանգնեցված ցախանոցների մոտ՝ հսկելու, որպեսզի հանկարծակի ինչ-որ անկոչ հյուր չունենայինք կամ կեղտոտ և անվրեպ մեկը դուրս չգար ցախանոցներից։
Ծխելով վերադառնում էի, երբ մի միտք ծագեց գլխումս․ հանկարծ հիշեցի, թե ինչպես էր Պրիմատը դանդաղ թարթում աչքերը, երբ օձիքից բռնեց իր գերուն և «գնացի՛նք» ասելով՝ կասկածելի կերպով հեռու տարավ այն շենքից, որտեղ տեղի էր ունենում խուզարկությունը, տարավ փոքրիկ պարապուտի մոտ, որը վերջին շրջանում աղբանոցի էր վերածվել։
Արագացրի քայլերս, ցախանոցներից այն կողմ նայելով՝ տեսա Պրիմատին, որը մեջքով էր կանգնած դեպի ինձ, իսկ Թզուկը չարագուշակ ժպիտով դեմքիս էր նայում։
— Վազի՛ր,— ցածրաձայն, բայց հասկանալի կերպով հրամայեց Պրիմատը գերուն։— Հակառակ դեպքում կգնդակահարեն։ Իսկ ես կասեմ, որ փախել ես։ Վազի՛ր։
— Կանգնի՛ր,— ճչացի ես՝ սարսափից գրեթե շնչակտուր լինելով։
Ճիչս ստիպեց չեչենցուն տեղից պոկվել․ վեր-վեր ցատկելով՝ սլացավ պարապուտով, մետաղալարից կառչեց, թավալգլոր ընկավ, ոտքի կանգնեց, ևս մի քանի քայլ արեց և ծոծրակով փամփուշտ որսաց։
Պրիմատը շրջվեց դեպի ինձ։ Ձեռքին ատրճանակ էր։
Լռեցի։ Արդեն ասելիք չկար։
Մեկ րոպե հետո վազելով եկավ հրամանատարը՝ մեր՝ ոսկորներ կոտրող տղերքից մի քանիսի հետ։
— Ի՞նչ է եղել,— հարցրեց նա՝ նայելով տղերքին՝ պատառոտված վերքեր, արյուն և մահվան այլ հետքեր տեսնելու համար։
— Փախչելու փորձ կատարելիս․․․— սկսեց արդարանալ Պրիմատը։
— Թողնե՛լ,— ասաց հրամանատարը և մի պահ ուշադիր նայեց Պրիմատի աչքերի մեջ։
— Միայն մեկ բառ․ պրիմատ,— մեծ ջանքերով ասաց նա և թքեց։
Հիշեցի, թե ինչպես էինք գարնանային մի թաց երեկո հավաքվում՝ Չեչնիա մեկնելու։ Զենք էինք ստանում, նռնակներն էինք ամրացնում, մեկուսիչ ժապավենով պահունակներն էինք փաթաթում, փափկացնում էինք ուսապարկերը, զրահաբաճկոններն էինք ձգում, շատ էինք ծխում ու հռհռում։
Պրիմատի կինը եկել էր կա՛մ գիշերվա չորսին, կա՛մ առավոտյան հինգին և սև աչքերով կանգնել էր միջանցքի կենտրոնում։
Նրան տեսնելով՝ Թզուկն անհետ կորավ հանդերձարանում․ նստել էր այնտեղ՝ լուռ և նույնիսկ մի փոքր ընկճված։
Պրիմատը մոտեցավ կնոջը, նրանք լուռ նայում էին միմյանց։
Նրանց մոտով անցնելիս նույնիսկ ամենախիզախ տղերքն ինչ-ինչ պատճառներով լռում էին։
Ես նույնպես լուռ անցա նրանց կողքով, կինը նկատեց ինձ և գլխով արեց․ հանկարծ հասկացա, որ հղի էր, ժամկետը փոքր էր, բայց արդեն հաստատ և լուրջ․ դանակի տակ հաստատ չէր ընկնի։
Պրիմատը հանգիստ և օտարացած դեմքով էր, ասես արդեն անցել էր սևահողային Ռուսիայի կեսը և լեռների վերևից ավարին էր հետևում։ Հետո հանկարծ ծնկի իջավ և ականջը հպեց փքված փորին։ Չգիտեմ, թե ինչ լսեց, բայց դաջվել է հիշողությանս մեջ․ զինված մարդկանցով լի միջանցք, սև երկաթ և սև հայհոյանքներ, իսկ այդ ամենի կենտրոնում լամպի դեղին լույսի ներքո ծնկի իջած սպիտակ մարդը՝ ականջը թաքցված պտղին հպած։
«Պրիմա՞տն էր, հա՞։ Իսկապես Պրիմա՞տն էր,— ինքս ինձ հարցրի ես՝ մոտենալով դիակին, որի ծոծրակն այնպիսի տեսք ուներ, ասես ատամներով մի կտոր պոկել էին դրանից»։
Ոչ ոք չպատասխանեց ինձ։
Մեր գործուղումային «զորացրումից» առաջ փոքրիկ կերուխում կազմակերպեցինք։ Խրախճանքի ամենաթեժ պահին զորանոցի լույսն անջատվեց, և Թզուկը բոլորին ծիծաղեցրեց՝ ճղճղան և զարմանալիորեն անկեղծ ձայնով բղավելով․
— Կուրացա՜։ Կուրացա՜ ես։
— Հայրի՛կ, ի՞նչ պատահեց քեզ,— զվարճախոսությանը միացավ Պրիմատը։
— Որդի՛ս, այդ դո՞ւ ես,— արձագանքեց Թզուկը։— Որդի՛ս, տա՛ր ինձ մի լուսավոր տեղ՝ հեռու այս անտաշների հռհռոցից՝ դեպի վերջին արև։
Հենց այդ պահին լույսը միացրին, և բոլորը տեսան, թե ինչպես էր Պրիմատը ձեռքերի վրա տանում Թզուկին։
Հետագայում թախիծով էինք հիշում այդ պատմությունը։
Տուն վերադարձի թռիչքից երկու օր առաջ Պրիմատն ու Թզուկը փոքրաթիվ խմբի հետ միասին ուղևորվեցին մի նախալեռնային խուլ տեղ՝ բլոկպոստից վերցնելու չգիտես ինչ կերպով բռնված մի դաշտային հրամանատարի։ Ուղղաթիռով գնացին՝ հատուկ նշանակության զորքերի մի քանի զինվորների հետ միասին, որոնք կա՛մ Նիժնի Տագիլից էին, կա՛մ Վերխնի Ուֆալեյից։
Դաշտային հրամանատարին անխնամ կերպով, և՛ կոշիկները, և՛ ատրճանակի կոթը կիրառելով, դեմքը ջարդուփշուր անելով՝ ուղղաթիռի մեջ տեղավորեց անձամբ Պրիմատը․ միաժամանակ փոքր-ինչ ձգձգելով խաղը՝ ուղղաթիռի մոտ կանգնած էին այդ նույն, չեմ հիշում թե որ քաղաքի հատուկ նշանակության զորքերի զինվորները՝ ատրճանակների փողերը տարբեր կողմեր ուղղած։ Նրանց դուր էր գալիս ցուցադրել իրենց․ վստահ էին, որ ոչ ոք չէր կարող զարկել նրանց, նման բան պատահում է գործուղման ավարտին։ Թզուկը նույնպես, ատամները շաղ տալով, այս ու այն կողմ էր անում տարածքում։
Այդ պահին թփերի մեջից երկու առանձին կրակոցով տապալեցին և՛ Նիժնի Տագիլցուն, և՛ Վերխնի Ուֆալեյցուն․ մի խոսքով՝ երկուսն էլ գետնին ընկան՝ միանգամից և կտրուկ։ Թզուկը փոքրիկ կենդանու նման թփերի մեջ թաքնվեց, և երբ ուժեղ հրաձգություն սկսվեց, չարձագանքեց Պրիմատի կանչին։ Ինքը Պրիմատն այդ պահին արդեն ուղղաթիռի մեջ էր, և պտուտակի թևերը կատաղի կերպով թափահարվում էին՝ հույս ունենալով հնարավորինս շուտ լքել այդ գրողի տարած տեղը։
Դուրս թռչելով՝ Պրիմատը, անպաշտպան և քրտնած, առանց կռանալու մի քանի կրակոց արձակեց անհրաժեշտ ուղղությամբ, հետո բարձրացրեց վիրավորներին՝ միանգամից երկուսին տեղավորելով ուսերին, և տարավ դաշտային հրամանատարի մոտ, որը լսելով հրաձգությունը՝ իրար տվեց կապկապված ոտքերը և սկսեց արագ-արագ թարթել արյան պատճառով իրար կպած թարթիչներով, ինչպես թիթեռը, որն ունակ չէ թռչելու։
Այնուհետև Պրիմատը վազեց Թզուկի հետևից, հանեց նրան թփերի մեջից և տարավ դեպի ուղղաթիռ։
Մի խազ անգամ չկար Թզուկի վրա։ Քանի դեռ ուղղաթիռը վեր էր բարձրանում, աչքերը կկոցելով՝ փորձում էր հասկանալ, թե հատկապես, որ մասին էին կրակել, բայց մարմնի ոչ մի մասը չէր ցավում։ Այդ պահին Թզուկը բացեց ուրախ բերանը, որպեսզի այդ մասին հայտներ Պրիմատին։
Պրիմատը նստած էր նրա դիմաց՝ սև լճակի մեջ և լուռ․ մի աչքը չկար։ Հետո պարզվեց, որ երկրորդ փամփուշտը ոտքին էր կպել, իսկ երրորդը՝ ուղիղ թևատակին, այնտեղ, ուր զրահաբաճկոնը չէր պաշտպանում նրա սպիտակ մարմինը։
Բացի այդ՝ մի քանի փամփուշտներ ցրիվ էին եկել զրահաբաճկոնով մեկ, և Պրիմատի օրգաններից մի քանիսը հավանաբար պայթել էին սարսափելի հարվածներից, բայց օրգաններն արդեն ոչ ոք չէր հետազոտել․ արդեն բավական էր միայն այն, որ Պրիմատը մի որոշ ժամանակ վազվզվել էր մեկ աչքով՝ կապարի տաքացած կտորը գլխի մեջ։
Ե՛վ Նիժնի Տագիլցին, և՛ Վերխնի Ուֆալեյցին ողջ մնացին, իսկ Թզուկին պարգևատրեցին։
Տուն էինք վերադառնում Պրիմատի հսկայական ցինկե դագաղի հետ։
Կինը ցասումնալից դեմքով դիմավորեց դագաղը և այնպես հարվածեց դագաղի խուփին, որ Պրիմատը, անկասկած, մի պահ բացեց մնացած աչքը, բայց այդպես էլ ոչինչ չհասկացավ։
Թաղմանը լուռ կանգնած էր, մի կաթիլ արցունք անգամ չթափեց, և երբ եկավ հողը գերեզմանին գցելու պահը, քարացավ՝ շիկակարմիր գունդը ձեռքին։ Մյուսները մի փոքր սպասեցին նրան, հետո առաջացան՝ իրենց գնդերը ձեռքներին։ Հողը զարկվում և ցրիվ էր գալիս։
Թզուկը ոչ թե լաց էր լինում, այլ ավելի շուտ թնկթնկում էր, ուսերը ցնցվում էին, իսկ կրծքավանդակն առաջվա նման սարյակաբույն էր հիշեցնում, որի ներսում ինչ-որ մեկը ղռղռում էր և թափահարում կամացուկ թևերը։
Պրիմատի կինն այնքան ուժեղ էր սեղմում ձեռքի հողը, որ այն ամբողջովին թափվեց մատների արանքներից, և միայն տհաճ կպչունությունը մնաց ափի մեջ։
Հենց այդպես էլ՝ կեղտոտ ձեռքով, եկավ հոգեհացին։
Սկզբում լռության մեջ էին խմում, հետո սկսեցին զրուցել, ինչպես որ ընդունված է։ Անընդհատ նայում էի Պրիմատի կնոջը՝ քարացած ճակատին և կոշտ շրթունքներին։ Չդիմացա, մոտեցա և նստեցի նրա կողքին։
— Ո՞նց ես,— գլխով փորը ցույց տալով՝ հարցրի ես։
Լուռ էր։ Հետո անսպասելի կերպով շոյեց ձեռքս։
— Գիտե՞ս,— ասաց նա։— Ա՜խր, նա ինձ վատ հիվանդությունով էր վարակել։ Արդեն հղի ժամանակ։ Ե՛վ չէր կարելի կարգին բուժվել, և՛ չէր կարելի վարակակիր մնալ։ Իսկ հենց նրան սպանեցին, ճիշտ նույն օրն ամեն բան անցավ։ Բժիշկների մոտ գնացի, ստուգվեցի․ ոչինչ չկա, ասես երբեք էլ չի եղել։
Մի քանի ամիս հետո Պրիմատի տունը թալանեցին, քանի դեռ այրին ստուգման էր գնացել։ Բոլոր փողերը հափշտակել էին, շատ բան վճարեցին մահկանացուները․ բացի այդ՝ վերցրել էին ավտոմեքենայի բանալին և հենց ավտոտնակից էին տարել այն։
Կատարվածից երեք օր հետո այրին զանգահարեց ինձ և խնդրեց գալ։
— Ինչ-որ նորություններ կա՞ն,— հարցրի ես։
Թոթվեց ուսերը։
— Ես․․․ենթադրություններ ունեմ,— պատասխանեց նա՝ շոյելով մեծ փորը։— Գնա՞նք մի կնոջ մոտ։ Վհուկ է։ Վաղուցվանից ոչ ոքի հետ չի հանդիպում, ասում է, որ իր ճշմարտությունը չարիք է բերում։ Բայց պարտք է հորս, դրա համար էլ կհանդիպի ինձ հետ։
Մտովի «հըմ» արեցի․ ի՞նչ վհուկներ, Աստվա՛ծ իմ։ Բայց գնացինք․ այրուն չէի կարող մերժել։
Մի բարեհամբույր և պայծառ կին բացեց դուռը, որն ամենևին էլ ծեր չէր, սևազգեստ չէր և առանց գլխակապի էր․ ամենևին էլ այնպիսին չէր, ինչպիսին ես էի պատկերացրել․ ժպտերես, սպիտակ ատամներով, սարաֆանը հագին, գեղեցիկ։
— Թեյ կխմե՞ք,— առաջարկեց նա։
— Կխմենք,— ասացի ես։
Սեղանի շուրջ նստեցինք, մեկական կոնֆետ կերանք․ լայնափոր բաժակների մեջ լցված թեյը տաք և բուրավետ էր։
— Ինչ-որ մեկի՞ն եք փնտրում։
— Տունս են թալանել,— պատասխանեց այրին։— Եվ ամեն բան շատ բարեհաջող կերպով է արվել, ասես յուրային մեկն է․ ոչինչ չեն փնտրել, գիտեին, թե որտեղ ինչ է դրված։
Վհուկը գլխով արեց։
— Ահա՛, լուսանկար եմ բերել։
Պայուսակից հանեց լուսանկարը, հիշեցի այն հաճելի չեչենյան օրը, երբ խմում էինք, իսկ հետո լույսը անջատվեց, իսկ հետո նորից միացավ, լուսանկարահանվեցինք, բոլորով՝ արդեն գինովցած, հազիվ էինք տեղավորվել լուսանկարի մեջ, ձիերի նման լայնաթիկունք էինք։
— Հենց այս մեկն է թալանել,— հասարակ կերպով ասաց վհուկը և գեղեցիկ եղունգով դիպավ Թզուկի դեմքին։
— Տեսնո՞ւմ եք,— մի փոքր լռելուց հետո ավելացրեց։— Այնպես է նստել, ասես բոլորից բարձր է։ Նայե՛ք։ Չէ՞ որ նա պստիկ է։ Իսկ այստեղ ամենևին էլ չի զգացվում, որ պստիկ է։ Այրի՛ ջան, ամուսնուցդ խոշոր է երևում։ Այս մե՞կն է ամուսինդ,— մատնացույց արեց Պրիմատին։— Մահացել է արդեն։ Բայց նրա երեխաները լավն են լինելու։ Սպիտակ։ Երկվորյակ ես ունենալու։
Շշմած նստել էի․ նույնիսկ ձեռքիս թեյի գդալը դողաց։
Թզուկը երեք ամիս առաջ էր վաշտից ազատվել, այդ ժամանակվանից ոչ մի լուր չկար նրանից։
— Գնացի՛նք նրա մոտ,— դրսում գրեթե գոռալով ասացի ես՝ կատաղությունից ցնցվելով՝ համարյա պատրաստ սպանություն գործելու։
Այրին անտարբեր կերպով գլխով արեց։
Թզուկի տնակն արվարձանում էր, շատ չանցած հասանք այնտեղ և տեսանք, որ լուսամուտները փակ էին, իսկ դռան վրա կողպեք էր կախված, այն մեծ կողպեքներից էր, որ կախում են միայն իսկապես հեռու տեղ մեկնելիս։
Հարևանների դռները թակեցինք, և այո՛, նրանք հաստատեցին․ մեկնել էին։ Բոլորը մեկնել էին․ և՛ մայրը, և՛ դուստրը, և՛ ինքը։
Նստեցինք ավտոմեքենան․ ես՝ վրդովված և չարացած, այրին՝ հանգիստ և լուռ։
— Հարկավոր է դիմում տալ,— բորբոքվեցի ես՝ ծխելով և այնպիսի ատելությամբ նայելով տանը, ասես մտածում էի կրակի տալ այն։— Կգտնեն և բանտ կնստեցնեն այդ անասունին։
— Պետք չէ,— ասաց նա։
— Ինչպե՞ս թե պետք չէ,— շնչահեղձ եղա ես։
— Չի կարելի։ Սերյոժկայիս ընկերն էր։ Չեմ կարող։
Գործի գցեցի շարժիչը և շարժվեցինք։ Այրին ձեռքերը դրել էր հսկայական փորին և ժպտում էր։
Թարգմանությունը ռուսերենից՝ Էլիզա Ստեփանյանի

