Զավեն | Առանց սառույցի վոդկա

ԱՌԱՆՑ ՍԱՌՈՒՅՑԻ ՎՈԴԿԱ

Ծիծաղը սրտի խորքից է, և նրա համար միևնույն է այս կամ այն սեղանը: Ծիծաղում է, մոտենում ու հարցնում.
— Որևէ բան չե՞ք ցանկանում:
— Դեռևս ոչ,– ասում եմ:
— Ի՞նչ էիր պատմում,– ասաց:
— Պատմում էի, որ երեխա ժամանակ, խաղի ընթացքում Սաքոն թռավ ճաղի վրա, մատը լռվեց սայրին, կտրվեց, ընկավ գետնին. ես վերցրի, վազեցի նրանց տուն, պահեցի մոր առաջ, ասացի՝ «Սաքոյի մատը»: Երբեմն մտածում եմ,– ասացի,– քաքի մեկն եմ:
— Դրանում կասկած չկա,– ասաց ու ծիծաղեց:

Լուսամուտի ետևից, վարագույրի ետևից, ամեն ինչի ետևից տեսել էի, որ ում հետ էլ լինի, ինչպես հիմա, սրտի խորքից, հենց այնպես ծիծաղում է: Ինքն էլ գիտի, որ ավելի հմայիչ է դառնում: Սակայն ես ասես լռվել եմ մի կտոր պարանի, չորս հախճասալի և մի ոտքը ջարդված քառոտանու միջև:

Ասացի.
— Երբեմն մարդ այնպիսի ցավ է ունենում, որ սիրուց չի: Սիրտը ուզում է վեր կենալ և ինչ ձեռքն ընկնի` ջարդուփշուր անել…
Ասացի.
— Տեսե՞լ ես, երազում երբեմն մարդ ուզում է ինչ-որ բանից փախչել՝ չի կարողանում. ոնց որ մարդու ոտքերը գետնին սոսնձված լինեն:

Գալիս է, ծիծաղում ու ասում.
— Դեռևս ոչինչ չե՞ք ցանկանում:
Ուզում էի Ժան-Լուի Տրենտինյանի նման ասել՝ «Ազատ սենյակ չունե՞ք»:
Ասացի.
— Վոդկա՝ առանց սառույցի:
— Մարգարիտա՝ սառույցով:

Եվ ծիծաղեց, և ավելի կանացի դարձավ, և ավելի հմայիչ: Վոդկան սիրո ստվերի տակ` իսկն էր: Ուսերը մերկ էին և հոգի էին տալիս համբույրի համար:
— Ինչի՞ մասին ես մտածում,– հարցրի:
— Սաքոյի մոր,– ասաց:

ԳՈՒՑԵ ԱՆՁՐԵՎ ԷԼ ԳԱ
Պանդոկապանը խումար ու կարմիր աչքեր ուներ: Իր մտքերի մեջ էր: Քառոտանու վրա տեղաշարժվեցի ու ասացի.
— Դու՞ք էլ էիք ավերակում:
— Ի՞նչ եք ցանկանում,– ասաց:
— Գարեջուր,– ասացի:

Մարդ չկար: Աղը դատարկեցի գարեջրի մեջ և ասացի.
— Ասում ես՝ օգուտ էլ ունի՞:
— Ի՞նչը,– ասաց:
— Աղն եմ ասում` գարեջրի հետ:

Հայացքը խումար էր ու կարմիր: Խղճացի: Շատ միայնակ էր:
— Զարմանալի է,– ասացի,– շարունակ մտածում եմ, որ դուք էլ եք ավերակում եղել:
Հեգնաժպտաց: Գարեջուրը դառն էր ու աղի: Գլխիվայր սայթաքեցի մինչև մայթ, դիպա ծառին, առվակին և դիակի սպիտակությամբ փրփուրին. հայացքս ընկավ վրան ու մեխվեց: Շները, թափառաշրջիկները, պոռնիկները և ոստիկանները հավաքվել էին ավերակում, կրակ էին արել, օղի էին խմում և մեկմեկու քամակը մատ մտցնելով` հռհռալով ծիծաղում էին: Մեկը մոտեցավ, մի քանի անգամ ուժեղ ներքաշեց ծխախոտի ծուխը, կռացավ և ծխախոտի այրվող կրակը թափահարեց դիակի պատռված ակնախորշում: Ինչ-որ բան պղպջակի պես պայթեց խավարի ու լռության մեջ, և քամին հայացքի մոխիրը ցրեց ավերակում:

Ցուրտ էր: Վերադարձա տուն: Կինս քնած էր: Նստեցի մահճակալի եզրին, նրան շրջեցի ու ծխախոտ վառեցի: Զարմանալիորեն հմայիչ ու ցանկալի էր: Ծխեցի, կրակը շիկացավ:
— Նանարի՞դ մոտ էիր,– ասաց:
— Մարմինդ էս ինչ ճերմակ է…

Երանի ինչ-որ բան ասեր, երանի ճանկռոտեր, երանի ինչ-որ բան աներ: Լռության մեջ ինչ-որ բան պայթեց: Քնելս չի տանում: Լուռ է ու սառը: Քամին սուրում է: Փողոցի խորքում կարմիր նեոնալույսը աչքով է անում: Երևի հիմա ինչքան շուն, պոռնիկ, թափառաշրջիկ ու ոստիկան կա՝ հավաքվել են պանդոկում: Գուցե անձրև էլ գա: Վերադառնում եմ տուն և քնած կնոջս կողքին պառկում ու քնում եմ:

BUDWEISER

Դուրս որ նետվեցինք` մարդուն հենց նոր դրել էին շտապօգնության մեքենայի մեջ, իսկ կնոջը պանդոկի վերևի սենյակից իջեցնում էին, որ տանեն: Քամին սուրում էր: Վերադարձա բար: Բաբն ասաց.
— Լցնե՞մ:

Հեռուստացույցը գովազդում էր, Ֆրենկը դաշնամուր էր նվագում, և մի ահագին կոկորդիլոս՝ տասներկու հատանոց Budweiser-ի տուփը մեջքին, դուրս էր գալիս պանդոկից: Կինը վերադարձավ, եկավ նստեց քառոտանուն ու ասաց.
— Մենա՞կ ես:

Ուզում էի ասել՝ տխուր եմ, որովհետև երբ նա մեկ ուրիշի հետ է լինում` ավելի միայնակ եմ: Չստացվեց: Ասացի.
— Ի՞նչ կխմես:

Ձիթապտուղը դառն էր ու աղի, հեռուստացույցը բեյսբոլ էր ցուցադրում:
— Սիգարետ կպցրու,– ասաց:

Մինչ վառում էի ծխախոտը, նա նմանվեց Էմանուելին, որին մարդը մի գիշեր տարավ բոքսի ռինգ և ասաց՝ «ծնկի», որպեսզի այն թայլանդացին ռինգի մեջտեղում, բոլորի առաջ հետևից հեծնի նրան:
— Քեզ,– ասում եմ,– երեք հարյուր ձևով ուզում եմ, մեկն այս գիշերվա պես է:
— Դու,– ասաց,– ինձ միայն քո պատմվածքների համար ես ուզում:

Ո՞վ իմ ոտքը բացեց դեպի պատմվածք: Պատմվածքը սկսվեց «Շահրզադ» կինոթատրոնի այն տեսարանից, երբ այն հոգևորականը կիսաբաց դռան արանքից լիզում էր Լուկրեցիա Բորջիայի մերկ թևը:
— Ինչ որ գաղտագողի է արվում` մեղք է,– ասացի,– բացի սիրուց:
— Մխտըրեցիր (կեղտոտեցիր),– ասաց:

Ֆրենկը վերջին ուժերն էր գործադրում, բեյսբոլն ավարտվել էր, և կոկորդիլոսը վերադառնում էր պանդոկ:
— Վերջինը լցնե՞մ,– ասաց Բաբը:

Որտե՞ղ է պատմվածքի վերջը: Իգուանան վերջին գիշերը վզի պարանն այնքան է ձգում, որ կամ այն պատռի, կամ խեղդվի: Դուրսն անփոփոխ է: Քամին դեռևս սուրում է, և վառ է վերևի սենյակի լույսը:

Թարգմանությունը պարսկերենից՝ Էդուարդ Հախվերդյանի 

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *