Ֆրանց Կաֆկային՝
լավ նորություններից՝ տուբերկուլյոզն արդեն լիովին բուժելի է,
վատերից՝ կյանքը շարունակում է մնալ նույնը․․․
․․․կա մարդկային մի տեսակ, գուցե՝ ինձ, գուցե քեզ պես, որի համար յուր ճակատագիրը սեփական ձեռքերում ունենալու հավատը ոչ այլ ինչ է, քան պատիժ, նրանք, գուցե ես, գուցե դու, ու անշուշտ, ու միշտ, ու պատկանում են անտեսանելի ծովի ամենակուլ անդունդներին, ուր մարդկային միտքը երբեմն իջնում է՝ իհարկե միայնակ, իհարկե անխարիսխ, ուրեմն՝ այսպիսի մի հոգի, ուրեմն՝ նա էր, ու նա անուն չի ունենալու այստեղ․ պաշտպանում եմ գուցե ինձ, գուցե՝ քեզ․․․
․․․այդ օրը՝ ոչ մի փոթորիկ, այդ օրը՝ ոչ մի նշան, և այնուամենայնիվ, և չնայած դրան, և մայրիկի պատրաստած այդքան սիրելի՝ խաղողի տերևով տոլմայի ախորժաբեր փաթաթուկներով լի ամանին նայող նրա մոխրագույն աչքերում բարձրացավ մի ալիք, որից նրան, որից վիճակված չէր փրկվել, բայց դու, բայց նրա համար անհոգ եղիր․ կարևոր է, որ վերջում, որ ինքդ էլ չվարակվես, ուրեմն՝ նա վերցրեց պատառը, ուրեմն՝ մոտեցրեց շուրթերին, ուրեմն՝ հոգու խորքից մի ձայն ելավ՝ սառը, անողոք, կասեի՝ բարբարոս՝
…բա որ խեղդվես…
…բա որ…
…խեղդվես…
…իհարկե հազաց, իհարկե ջուր խմեց, իհարկե ծիծաղեց իր վրա, ես էլ, դու էլ նույնը կանեինք, հիմարություն, շշնջաց, բայց հաջորդ պատառը, բայց երբեք նախկինը չէր լինելու, հիմարություն ա, կրկնեց, բայց կուլ տալու պահին կոկորդը կարծես փակվեց, սիրտն արագացավ, ձեռքերը քրտնեցին, սպասիր՝ այլ կերպ, սպասիր՝ այլ լեզվով՝ միտքը, ինչպես ծովի մառախուղ, արագ ծածկեց ողջ տեսադաշտը, կոկորդը՝ անիծված նեղուց, շունչը՝ փոթորկված քամի, սիրտը՝ մահ գուժող խելագարված թմբուկ․
…չէ, հաստատ…
…հիմա հաստատ խեղդվում եմ…
…հիմա վերջ…
…գրականությունն այստեղ պահանջում է, գրական ավանդությունն այստեղ երկար-բարակ կնկարագրեր՝ ինչպես է ցատկում տեղից, խոր շունչ քաշում, մայրը, անկասկած, կմիջամտեր, ի՞նչ եղավ, կասեր անհանգիստ ձայնով կամ նման մի բան, լավ եմ, ուղղակի, կթաքցներ եղելությունը կամ նման մի բան, ու անպայման, ու այդ օրը չէր ավարտի ճաշը, հաջորդ օրը ևս կարևոր է, հաջորդ օրը նորից կփորձեր՝ արդեն նախքան ուտելը կոկորդում անբացատրելի սեղմումը զգալով, ու այս անգամ միայնակ կլիներ տանը, ու միայնակը ևս կարևոր է, երկար կնայեր ափսեին, տոլման նույնը կլիներ, բայց այլևս, բայց ոչ անվտանգ կամ՝ մահվան կնիքը վրան, ըստ ճաշակի, հետո փոքր պատառ կվերցներ ու ավելի կմանրացներ, հետո կմոտեցներ բերանին ու երկար կծամեր, բայց նորից, բայց գլխում կպայթեր․
…հիմա՞ կուլ տամ, թե՞ շուտ ա…
…եթե խեղդվեմ…
…ո՞վ կփրկի…
…ու ճիգով, ու կուլ կտար, ու սիրտը նորից ուժգին կբաբախեր կամ՝ ափ նետված ձկան պես կթպրտար, նորից ըստ ճաշակի, գլխապտույտ կզգար, ու կասկած, ու չէր ունենա, ու վստահ կլիներ, որ հիվանդ է, որ խնդիր կա կոկորդի հետ, ինչն էլ մեկ, ամենաշատը երկու-երեք օր անց կհերքվեր առաջին բժշկի կողմից, առաջինը կարևոր է, կհաջորդեին ուրիշները, ուրիշները ևս կարևոր է, ու բոլորը, ու մի մարդու պես, ու կկրկնեին՝ առողջ ես, հետո հերթը կհասներ հոգու բժիշկներին, կպարզվեր՝ տասներկու տարեկան հասակում լսել է ութսունութի երկրաշարժից հրաշքով փրկված, հիվանդանոցում վարունգ ուտելիս խեղդամահ եղած տղամարդու պատմությունը, իսկ տղամարդը չնայած վաղուց չկա, իսկ նրա պատմությունն իր գլխում է, կպարզվեր՝ ծնողներն են մեղավոր՝ հայրը գերհոգատարությամբ, մայրը՝ վերջինիս խոչընդոտելու համարձակություն չունենալու համար, իսկ հայրը հիմա չկա, իսկ մայրը նույնն է, հետո կգային հաբեր, կրոններ, էլի հաբեր, բայց անանուն, հոգեմաշ, կասեի՝ կենդանական վախը կմնար, կարճ ասած՝ ուտելիքն այսուհետ համ չուներ, կարճ ասած՝ ուտելիքը մահվան դեմք էր կրում, կարճ ասած՝ ինչքան էլ տարօրինակ հնչի՝ նա մոռացել էր ինչպես ուտել, և հիմա, երբ քեզ համար խնայեցի ժամանակ, բայց ոչ, բայց նյարդեր, և հիմա, երբ մեկ էջում ասացի այն, ինչ պիտի լիներ հինգում, բայց դեռ, բայց շարունակել է պետք, ուրեմն՝ իմ օձ-պատում, գալարվի՛ր ձեռքիս տակ, ուրեմն՝ իմ սիրուն օձ, ներսդ դարձրու դուրս, դուրսդ՝ ներս՝ պոչիցդ ուտելով ինքդ քեզ…
…այդ օրը նա, այդ օրը վերջնականապես հրաժարվեց ուտելիքից, դրանից առաջ քիչ էր ուտում, հետո՝ ավելի քիչ, հետո ընտրում էր միայն փափուկ բաներ՝ յոգուրտ, ապուր, բայց նույնիսկ, բայց դրանք, բայց հիմա վախ էին առաջացնում․
․․․ամեն կլլում՝ փորձություն․․․
․․․ամեն պատառ՝ խաղ մահվան հետ․․․
գիշերները մտածում էր իր վիճակի մասին, պառկած լսում շնչառությունը, փորձում վերահսկել կոկորդը․
… եթե հիմա էլ փակվի…
… եթե քնած ժամանակ խեղդվեմ…
վեր էր կենում, նստում անկողնում, ջուր խմում, մի օր ջուր խմելիս խեղդվեց, խեղդվելը ո՞րն է, ոչ մի լուրջ բան, բայց դա, բայց պարզվեց՝ վերջն էր․ այդ պահից ջուրն էլ դարձավ վտանգ, թշնամի, կասեի՝ դավաճան․
…ոչ մի փորձ, ոչ մի պայքար…
…միայն սով…
նրա աշխարհը խտացավ, դարձավ կետ թղթի վրա, այլևս տանից դուրս չէր գալիս, ոչ ոքի հետ շփում չուններ, մայրը փորձում էր համոզել, բարկանում էր, լալիս, սկզբում նիհարությունը քիչ նկատելի էր, անգամ վատ չէր, որովհետև միշտ, որովհետև ավելորդ քաշ ուներ, սակայն․
․․․հայելու մեջ դեմք նիհարած, սրված․․․
վերջում թուքը կուլ տալուց էլ էր սարսափում․
․․․հայելու մեջ զույգ խոռոչներ․․․
իսկ միջին վիճակագրական մարդը, իսկ օրվա ընթացքում, իսկ թուքը կուլ է տալիս մոտավորապես վեց հարյուրից հազար անգամ․
․․․հայելու մեջ ինքն էր․․․
որոշ տվյալներով՝ նույնիսկ մինչև հազար հինգ հարյուր անգամ՝ կախված վիճակից․․․
…գրականությունն, իհարկե, այստեղ պահանջում է, գրական ավանդությունն, իհարկե, այստեղ երկար-բարակ ու անպայման, ու խոցող զսպվածությամբ կնկարագրեր՝ հերոսի մահը, բայց դու, բայց արդեն, բայց գիտես, որ սա այդ դեպքը չէ, ուրեմն իմացիր՝
․․․նա ողջ է․․․
․․․ապրում է կողքիդ․․․
․․․հենց այս պահին՝ չհավատալով․․․
․․․ո՛չ ինքն իրեն․․․
․․․ո՛չ բժիշկներին․․․
․․․ո՛չ Աստծուն․․․
․․․բայց․․․
․․․ հավատով․․․
․․․բայց․․․
․․․ գոյությանը․․․
․․․բայց․․․
․․․ դժոխքի․․․

