Նարեկ Թոփուզյան | Կոնֆետ առնելը կնոջից մնաց

...Երազուն սերը ծարավի է շուտափույթ սխրագործության, որ կարելի է կատարել արագորեն և բոլորի աչքի առջև: Եվ այդպիսի ծարավն իրոք հասնում է այն աստիճանի, որ նույնիսկ կյանքն է զոհաբերում, միայն թե երկար չտևի մարտիրոսությունը, այլ շուտով ավարտին հանգի, ինչպես բեմի վրա, և բոլորը նայեն ու գովաբանեն: Իսկ գործուն սերը աշխատանք է ու տոկունություն, ոմանց համար էլ թերևս մի ամբողջ գիտություն:
Ֆյոդոր Դոստոևսկի «Կարամազով եղբայրներ»

Սուզանավի իլյումինատորներ հիշեցնող անցքերը հանդիսատեսի սփաթին անկիրք դեմ տված դեղին, կիսալուսնաձև եզրագծերով սկահակի պարունակությանը տղամարդը երկար ժամանակ հայացք չէր ձգել: Կլիներ ամիս-կես … ամիս-կես կլինե՞ր. հա՛, հաստա՜տ, մի էդքան հաստատ կլիներ: Լի՜քն էր, դատա՜րկ էր – վերջին ամիսուկեսի մեջ էս հարցին մի տեսակ անդրադառնալու սիրտ չէր եղել: Մերժված սմարթֆոնի համար գետնին կամակորությունից ջղաձգվող էրեխին էդ սրտով անդրադառնալը նույնիսկ չէր գալիս, ոչինչ չէր կարողանում ստիպել նրան տեղից վեր կենալ, գնալ դեպի էրեխեն ու թե մխիթարելու էր՝ մխիթարեր, թե քացուտակ տալու էր՝ քացուտակ տար նրան, ու հիմա էլ, երբ խոհանոցի ուգալոկի իր սիրած անկյունից նրա բացակա հայացքը գտել էր սկահակը, էլի սիրտ չուներ: Ինչ-որ բանի վրա խարսխվելու կարիք ունեցող հայացքը պարզապես մի բերան ոսկորի հետևից անհույս ընկած անտեր շան նման հածում էր խոհանոցով մեկ ու կարող էր դիպչել խոհանոցային պահարանի գագաթին դրված իրենց հարսանեկան փոշեթաթավ ըմպանակներին, պռոշից վերջին կաթիլը կախ ընկած վիսկիի կողընկեց շշին, բայց ահա դրա փոխարեն հանդիպեց սկահակին:
Մի քիչ յուրահատուկ ձևակերպմամբ, սուզանավի իլյումինատորներ հիշեցնող անցքերով, բայց սովորական աման էր, որտեղ կինը լցնում էր կոնֆետների ընտրանին: Որքան տղամարդը հիշում էր էս ամանը, դրա գլխին կամարում էր կարամելային սնկի ուռուցիկ թմբիկն ու էրեխեքի ձեռամբ հրուշակեղենային առատության կամարը դանդաղ, բայց հաստատուն նստում էր ինչպես նոր գցված տան ֆունդամենտը: Պատահել էր տղամարդը երբեմն ինքն էլ ձեռք էր գցել ամանին ու ստույգ հիշում էր՝ սովորաբար կոնֆետների առատությունից դրանում տեղ չէր լինում, բայց հիմա՝ ամիս-կես հետո ամանի երբեմնի լիքը տեսքից ոչինչ չէր մնացել: Էրեխեքը, որոնց համար սովորաբար ամանի մեջ կախ էր տրվում սնկի հովանոցը, գնացել-էկել, կերել էին կոնֆետներից առավել ներկայանալիները՝ սկզբում շոկոլադները, հետո ժելեները, հետո մարմելադները, ճիշտ ինչպես ամանորյա չարազը՝ նախ հնդկընկույզը, հետո պնդուկը, ընկույզն ու վերջում միայն չամիչը: Մեկ-երկու և ամանը ցամաքել էր մինչև դրա հատակն ու համալրումից զրկված ամանի մեջ հիմա մնացել էին անանուխի համով մի քանի անհրապույր շուշա-կոնֆետներ, կապուչինոյի համով մեկ-երկու կոճակ-կարամելներ ու կերված կոնֆետների ճմրթված խշխշան թղթեր:
Տղամարդը, ծնկներին հենվելով, նստած տեղից ծանր-ծանր վեր կացավ, ֆռթոցով գլուխը քաշեց էսպրեսսոյի վերջին, սառչած կումը, քաշեց արդեն կրակը ֆիլտրի մոտ մլմլացող ծխախոտի վերջին մուխն ու կախ ընկած կաթիլը լպստեց-ուղղեց վիսկիի հենց նոր դատարկած շիշը: Ամիս-կես կլիներ էրեխեքը գնում-գալիս կանգնում էին ամանի գլխին ու հուսախաբված դժգոհում. «Է՜հ պապա, էս էլի կանֆետ չկա՞»:
«Այ բալա, դուք ինչպես ձեր էն․․․»,– մրմնջաց, անունը չտվեց տղամարդը, բայց շարունակեց,– տենց էլ կարևորն անկարևորից զատել չսովորեցիք էլի, ընտանիքն աշխատանքային խնդություններին հակադրել չկարողացաք, ախր ի՜նչ կանֆետ, տունը ոտներիդ տակից փախչում ա, իսկ ձեր կռիվը դատարկ կանֆետի համար ա»։ Սա էր ուզում տղամարդն ասել դաս տալու պես, բայց երևի նրան, ում անունը չտվեց անարդյունք, շատ էր նման դասեր տվել, դրա համար էլ էս անգամ իմաստ ու սիրտ չգտավ խոսքին վարժապետական անդրդվելիություն հաղորդելու համար։ Մտածեց միևնույն է, եթե մարդն իր պատկառելի տարիքում ինքնավար կերպով լրջանալու աստվածատուր շնորհին չի արժանացել, նրան է՛լ ի՞նչ սովորեցնես, առավել ևս ինչ սովորեցնես էրեխուն։ Բայց սիրտ կա՜ր, չկա՜ր, մինչև հիմա ծնողի սրտին նայողն էդ ո՞ր էրեխեն է եղել: Էրեխեքին կոնֆետ էր պետք։ Կոնֆետ էր պետք ու պըրծ: Պետք էր շուտափույթ, քանի չէր հնչել դատապարտող, սպառնալից հայտարարությունը. «Պապա՜, որ մաման կա՜ր, մեզ միշտ կանֆետ էր առնում»:
Կառնե՜ր, խի մաման ուրիշ դա՞րդ ուներ, մաման հարկավ կառներ։
Էրեխեքի համար կոնֆետներ առնելը կնոջից մնաց, ճիշտ ինչպես քաղցրաթթու հուշը հանգուցյալից հետո: Էդպես անում էր նա․ սրանից մի բուռ, մի բուռ նրանից, մի բուռ էն մեկելից, տեսար մեկ էլ կինը մեծ մի տոպրակ կոնֆետ ծանր-ծանր առած, գործից տուն կգար, կլցներ կիսալուսնաձև սուզանավ հիշեցնող դեղին ամանի մեջ ու կդներ խոհանոցում ի տես ամենքի. «Հա բա՜, երեխեքս կանֆետ ուզեն, բա չլինի՞՝ ուզած ժամանակ գան, ուտեն»,– իրազեկում էր կինն էնպես, ասես իր պորտը կարամելային ավազանի մեջ էին կտրել: Ու դրուստ որ, էրեխեքը ներս-դուրս, դուրս-ներս ու շեշտակի դեպի կոնֆետներով սկահակն այնպես առօրեաբար, ասես կոնֆետների առկայությունը սովորական մի օրինաչափություն էր, ասես առօրեական հացի չլինելը ոչինչ, բայց կոնֆետինը՝ ոչ: Ամեն ինչ, կոնֆետով, սակայն չէր սահմանափակվում։ Հետո կինը դես էր բերում մրգեղենով տոպրակը, ներսի եղածը մեկ այլ սկահակում դասավորում, դնում էր կոնֆետների կողքն ու պլանավորում էր էրեխեքի մրգային բերկրանքը: Բայց բերկրանքի էս տեսակն առաջինի պես ինքնաբերաբար ենթադրվող բան չէր։ Սա նույնը չէր, ինչ ամանի մեջ անփութեռանդ լցված կոնֆետների խուրձը։ Բերկրանքի էս տեսակը ջանքերի գործադրում էր պահանջում՝ էնտեղ միրգը լվանալ, միրգը կտրատել, որովհետև էրեխեքից մեկը միրգը կեղևով է սիրում, մյուսը առանց կեղևի, հետևաբար՝ միրգը չկլպել, կլպել, եթե պետք է ու եթե պետք է, պատառաքաղի ծերին վազացնել էրեխեքի հետևից թե՝ բալես կե՛ր օգտակար ա, բալես կե՛ր վիտամին ա, բալես կե՛ր չգիտեմ էլ ինչ զհարմար ա:
Իսկ կինն էդ ամբողջի զահլեն չուներ: Կինն էդ ամենի զահլեն ամենևին չուներ։
Եթե ասես կինն էրեխեքին չէր սիրում, հաստատ կասես՝ հերյուրանք է. ինը ամիս սրտի տակ կրել էր, դեռ չծնված գլուխներն էր շոյել, հետներն անուշ զրույցի էր բռնվել, ո՞նց չսիրեր, սրանց չսիրեր, էլ ու՞մ, մարդու՞ն սիրեր, մարդու չգիտես ինչու ատելի մո՞րը սիրեր, միջավա՞յրը սիրեր, որ նա էդպես էլ չկարողացավ իրենը դարձնելը ո՛չ հանուն իրեն, ո՛չ ընտանիքի և ո՛չ էլ մինչևիսկ էրեխեքի: Էնպես որ, չէ՛, սիրու՛մ էր ու յանի քիչ էլ չէր սիրում, բայց սիրո ցուցադրակա՞ն, հը՞, հռչակագրայի՞ն… երևի հա գիտե՞ս՝ հռչակագրային տեսակով: Սիրո մի տեսակով, որը հայտարարվում է ի լուր աշխարհի, բայց որի հետևում թաքցվում է առանձնակի ջանքեր գործադրելու մտադրության բացակայությունը: Ասենք այբուբենով պլակատը կբերեր կփակցներ պատին ու թե՝ էս «Ա» տառն ա, հլը ասա ա՜-թոռ, էս «Զ» տառն ա, հլը ասա զա՜ն-գակ ու էդ մի անգամով ամեն ինչ սկսում-մեռնում էր: Իսկ էդ էրեխեն հայտնապես այբուբենի իմացությամբ չի լույս աշխարհ եկել, եթե ուզում ես այբուբենն իմանա նրա հետ պիտի աշխատես, նրա վրա պիտի ջանք թափես, թե չէ «Ա-աթոռ», «Զը-զանգակ», բա վե՞րջը: Ու նույնը՝ գրելը. հայերենի և մաթեմատիկայի մասնիկների տետրեր կառներ, երջանկացած, որ էրեխեքին պիտի ճանաչողության բերկրանքը պատճառի, կբերեր-կդներ դեմները: Հա բայց դեմները դնելով չի չէ՞, էդ էրեխեքը դեռ ոչ դպրոց-բան, կիսատ-պռատ «Ա-աթոռ», «Զը-զանգակ»՝ լսել ու մտներից տեղում բաց են թողել «Ա»-ն էլ, գրողի տարած «Զ»-ն էլ, էդ էրեխեքը դեռ երեկ են սովորել գդալը ճիշտ բռնելու, վաղը միայն պիտի սովորեն քամակը ճիշտ սրբելու ձևը, սրանց մատների արանքը հարկավոր է գրիչ խցկել, հարմարեցնել ու հետևել էլ, որ թղթի վրա պարզված նրանց գրիչն անհրաժեշտ ուղեգծից չշեղվի, որպեսզի էդ մատները գրիչ պահելու մոտիվ ունենան, որպեսզի բռնած ճանապարհով ընթանալիս հետ քաշվելու պատրաստ, դրանք հանկարծ չերերան, հարկավոր է հանգամանալից բացատրել էդ ամբողջի նպատակները. օրինակ՝ սովորի՛ որ աշխարհի կոռ ու բեգյարը վզիդ չդնեն, սովորի՛, որ համբալ չդառնաս, սովորի՛, որովհետև իմացության մեջ է մարդու վեհությունը, իսկ կի՞նը… իսկ կինն ի՜նչ, տետրը բերեց դրեց, մի երկու շտրիխով տետրը խաղալիք ռոբոտից տարբերակեց, ապա սեփական կոռ ու բեգյարը վզին, հեռախոսն առավ, քաշվեց կողքի սենյակ։ Եվ թող մեկնարկեն ամենայն ոսկորների բամբասական աղացները․ «Աղչի Լաուրի՞կ․․․»։ Արդյունքն արդեն պարզ է․ տետրը նախ որոշ ժամանակ մնաց սեղանի վրա, հետո հայտնվեց ուգալոկի փեղկի տակ, իսկ վերջում պարզապես անհետ կորավ:
Կամ տառապյալ աշխատավորի իր աշխատավարձը կնոջ աչքին չէր գա՝ կգնար փեշ փող կթափեր, ռելիեֆավոր շապիկով հեքիաթների նկարազարդված շքեղ հրատարակությունը կառներ, կբերեր ձեռները կտար, իսկ էրեխեքը հայտնի է արդեն, «Ա-աթոռ», «Զը-զանգակ»՝ կարդալուց գլուխ են հանում նույնքան, որքան վենետիկյան լոֆերները հրատարակչական գործի նրբություններից: Էս քյորփեքին հեքիաթ կարդացողը մերը պիտի լինի, պիտի գիշերը քնելուց առաջ կարդա, սնարի կողքը նստած կարդա, սիրով կարդա, բայց դե պարզ է երևի՝ բերում գիրքը տալիս է ձեռներն ու որպես թե սերն առ որդիքն աշխարհին ապացուցել է, քաշվում է ղրաղ․ առավելապես ընկերուհիների հետ հեռախոսով խոսելու։ «Աղչի Լաուրի՞կ․․․»։ Իսկ էրեխե՞քը… իսկ էրեխեքն ի՞նչ, խաղալիք թե գիրք, նրանք վերցնում են գիրքը որպես թե խաղալիք կվերցնեին ու հեքիաթների գիրքն ինչպես նրանց հեքիաթային ռոբոտը՝ սկզբից պոկվում է գլուխը, մյուս օրը անհետանում են ձեռքերը, հետո ոտքերը, իսկ վերջում արդեն ինքն ամբողջությամբ:
Թվաց մի բան կփոխվի եթե էրեխեքը դպրոց-մանկապարտեզ գնան, բայց հազիվ թե փոխվեց: Շատ բան չփոխվեց էրեխեքից առաջինի՝ դպրոց, երկրորդի՝ մանկապարտեզ գնալուց հետո: Վերցրեց էրեխին առաջին անգամ ուրախ-ուրախ դպրոց տարավ ու բոցավառվեց նրա ուսմամբ: Առաջին երկու տարին ջանք ու եռանդ չխնայեց էնպես, որ նայեիր կասեիր կյանքում ուրիշ նպատակ չունի, քան էրեխուն Յեյլի պրոֆեսոր դարձնելն է, մինչևիսկ մտադրվեց գործից դուրս գալ ու էրեխին ձոն դառնալ, բայց դրա հետ միասին բուտերբրոդի եղածն ի՞նչ է, կինը ոչ մի անգամ զահլա չարեց սարքել, դնել էրեխու հետ, որովհետև սերն առ որդին երազուն էր, ծարավի շուտափույթ սխրագործության, որ ավելորդ չարչարանքի զահլա չէր թողնում: Ասենք հեչ մի անգամ լայաղ չարեց առավոտվա կողմ թարմ մնալու համար իրիկունը ուշ ժամի բուտերբրոդի հաց առնել ու մտածել հացն էրեխի քիմքին հարմար մի բանով համեմելու մասին. եթե հարցը վերաբերեր խանութից պատրաստի կեքս ու կրուասան առնելուն, էդ մեկը հա՜, էդ մեկը հա սատանան դրան տանի, իսկ եթե կալբաս հաց, եթե դույզն իսկ ավելորդ չարչարանք, ապա՝ ո՛չ, ոչ մի դեպքում: Մի խոսքով չհաշվեիր մնացյալը, կինն իր մսից կտրեց, էրեխի հետ պարապեց-սովորեցրեց նրան ու ոնց հանկարծակի բոցավառվել էր նրա ուսմամբ, մեկել տենց հանկարծակի հանգավ: Թե հետն էդ ընթացքում ինչ կատարվեց, չհասկացվավ: Մի օր գործից տուն եկավ, ասաց՝ էլ քեզ դաս չեմ սովորեցնելու, ո՜նց ուզում ես սովորի: Ասաց, ապա խաղաղ սրտով գնաց տեղերը մտավ․ առավելապես ընկերուհիների հետ հեռախոսով խոսելու։ «Աղչի Լաուրի՞կ․․․»։ Էլի՞ Լաուրիկ։ Դե լավ էլի, ուրիշ հակահերոսի անուն չկա՞, Լաուրի՜կ, Լաուրի՜կ, բանսարկու Արարիչդ շուն չդառնա հա Լաուրիկ։ Սա ասելուց հետո կինը խոսքը գետնով գրեթե չտվեց: Եվ որ ասես էրեխի դասերին այլևս մոտ չեկավ, հաստատ կասես՝ հերյուրանք է. եկավ, եկավ, բայց մեկ-մեկ, եկավ խղճի արթնացմամբ կամ էլ հավեսի ներհոսքով միայն: Իսկ էրեխեն խուճուճ դասերի ձեռը մեկ հրկիզվեց, մեկ էլ հրկիզվեց, մինչև տատը նրան չառավ իր ծերունական ծուռմռտիկ շվաքի տակ:
Եվ նույնը կրտսերը: Տնօրենին Աստվածաշունչ, մեջը չորացրած վարդի թերթիկներ, էն էլ հաստատ չի, որ դրանից հետո կլինի ու որ էրեխի մանկապարտեզը հաստատ լինի, հազար ծանոթ իրար խառնեցին: Հազար ծանոթ խառնեցին, մինչև կարողացան մանկապարտեզում էրեխի համար թաք մի տեղ գտնել: Առաջին մեկ-մի քանի անգամն էրեխով բոցավառված՝ կինն առավ պարտեզ տարավ, ընթացքում մի քանի անգամ «ինչ ա, ոնց ա», հետաքրքրվեց էրեխի առօրյայով ու ոնց հանկարծակի բոցավառվել էր, տենց հանկարծակի էլ հանգավ: Մի օր գործից տուն եկավ, ասաց՝ իբր աշխատանքից առավոտ ուշանում է ու դրա համար այլևս մանկապարտեզ չի տանելու: Ասաց, անվրդով տեղերը մտավ ու էն դեռահաս կաչաղակի՝ Լաուրիկի, ականջը խուլ, էդ էր ու էդ, ոտքը մանկապարտեզի մանրահատակին մեկ էլ դիպավ մի անգամ միայն՝ երբ էրեխի ավարտական հանդեսն էր: Եկավ ու ծափ, ծիծաղ, խնդություն՝ հրճվեց, բայց մինչևիսկ ո՛չ խիղճ, ո՛չ հավես, ոչինչ-ոչինչ չստիպեց նրան էրեխի ձեռը ձեռն առնել ու նորից մի անգամ նրա հետ մանկապարտեզ գնալ, մի անգամ նրա հետ մանկապարտեզից տուն վերադառնալ: Թե է՛ս դեպքում հետն ինչ կատարվեց նախորդի պես պարզ չդարձավ: Գլխավորապես հայտնի է արդեն, սերն առ որդին երազուն էր, ծարավի շուտափույթ սխրագործության, որ ավելորդ չարչարանքի զահլա չէր թողնում:
Հարբածին խիստ բնորոշ հետագծով ճոճվելով, տղամարդը ձեռքը գցեց սուպերմարկետի նախասրահում սարած զամբյուղների դեզին: Ալկոհոլից պղտորված գիտակցության մեջ կենտրոնական մի հարցադրում չէր թողնում նրան անջատել զամբյուղը դեզից․ «Յարաբ աստված, լավ իր մեղքը ո՞րն էր, ի՞նչ սխալ էր գործել ինքը կնամարդի անիրավության օբյեկտ դառնալու համար, ի՞նչ էր արել, որ չպիտի աներ, ի՞նչ պիտի աներ, որ չէր արել»։ Որքան էլ պղտորված լիներ գիտակցությունը, որքան էլ հարբած լիներ նա, էս հարցը արդեն կլիներ ամիս-կես … ամիս-կես կլինե՞ր. հա՛, հաստա՜տ, մի էդքան հաստատ կլիներ, որ նրան հանգիստ չէր տալիս։ Հարցն ինքնին ջհանդամը, քի՞չ նման հարցեր են ծագում մարդկանց մոտ, բայց հարցը ողջամտորեն պատասխանված չէր, ողջամտորեն սպառված չէր ու ողջամիտ պատասխանի բացակայությունն էր, որ խանգարում էր նրան բռնել համակերպման ուղին ու կենտրոնանալ կնոջից էլ կարևոր պահի ամենաօրհասական հարցի վրա․ «Է՜հ պապա, էս էլի կանֆետ չկա՞»։
Տղամարդն օրորվելով անցավ նախասրահը բուն սրահից բաժանող արգելապատնեշն ու կարծես գտավ անհրաժեշտ կենտրոնացումը։ Կա՛, ինչու՞ չկա, բալա, կինը չկա, բայց կոնֆետ որքան ուզես, կինը չկա, բայց կոնֆետ առնողն էլ հո չի մեռել, կինը չկա, բայց սերն ու հոգատարությունը նրա հետ հո չմեռա՞ն։ Կյանքը ոնց որ շարունակում է հա՞։ «Բալա, էս քուրիկին չխնդրենք գա մեզ մամա լինի»,– զբոսնելիս դիմացից եկող մի որևէ աղջկա նկատի ունենալով հարցնում էր տղամարդը կրտսերին։ Ընդհանուր դժբախտությունը սերտացրել էր հեր ու որդուն՝ օրինաչափությունները բեկվել էին, էդպես չպիտի լիներ, բայց էդպես էր ստացվել և հերն ապաժամորեն ախպեր էր դարձել․ «Չէ է՜, ախպեր, ինքը շատ չաղ ա»,– խնդմնդում էր կրտսերը։ «Իսկ էս մեկի մասին ի՞նչ կասես»,– չէր հանձնվում տղամարդը։ «Չէ է՜, ախպեր, էսի մամային շատ ա նման, բա որ թողնի գնա՞»,– գրեթե քրքջում էր որդին և ոչինչ նրա խոսքում մամային վերադարձնելու մասին։ «Եսիմ, ախպեր, մաման արդեն երրորդ անգամն ա գնում, մաման լուրջ մարդ չի, ինքը չորրորդ անգամ էլ կգնա։ Իմ համար մեկա, ես կդիմանամ, ես հեսա բանակ եմ գնալու, բայց դու չորրորդ անգամին կդիմանա՞ս»,– մտահոգվում էր խոժոռված մեծը։ Նենց որ կյանքը կնոջ հետ կամ առանց նրա իրոք շարունակվում էր։ Ու որ շարունակվում էր, տղամարդը ո՛չ էս կողմ, ո՛չ էն կողմ՝ ուղղվեց դուզ դեպի սուպերմարկետի կարամելային դրախտը:
Էդպես անում էր կինը․ մի բուռ «Ալյոնկա» կոնֆետներից, մեկը՝ «Փչոլկա», երկու բուռ «Կառովկա» կոնֆետներից, մի յոթ հարյուրի՝ «Վիշենկա», մի ութ հարյուրի՝ «Մալինկա» – ընդհանուր քաշը մեկ-մեկուկես կիլո, արժեքը՝ հինգ-հինգուկես հազար, մի վեց-յոթ փաթեթ ձեռքը տղամարդը մոտեցավ գանձարկղին: Էդ ատելի գանձարկղներում, երբ էրեխեքին կոնֆետ առնելու հանձնառությունը դեռ կնոջինն էր, երբ նա դեռ հասկանում էր ընտանեկան հանձնառությունների նշանակությունը, կինը շատ փող էր թողել: Ստանում էր աշխատավարձն ու էդ կոնֆետ-մրգերից էրեխեքին գյուռ-գյուռ առնում էր, գյուռ-գյուռ շոր ու խաղալիք էր առնում, իսկ ամսվա վերջին չոքում տղամարդու պռնկին՝ թե էլ փող չմնաց, ձեռի փող տուր: Տղամարդը սուսուփուս փողը տալիս էր, վերջում դիտավորյալ, թե պատահական, դուրս էր գալիս մաման լավն է, պապան՝ հըկը:
Իսկ ժամանակին այդպես չէր: Ժամանակին ամենևին էլ այդպես չէր։
Ժուկով-ժամանակով տղամարդն աշխարհի ամենալավն էր։ Բոլոր-բոլորից լավն էր ու ժամանակին կինը նրան առավ իր ամենակուլ սիրով, էնպիսի սիրով, որ տղամարդու համար շահագրգիռ նրա մերձավորները նախ զարմանքով, թե լինու՞մ է արդյոք նման սեր երկրագնդի երեսին, էդ սիրո ինտենսիվությունից հետո տպավորված խաղաղվեցին․ փաստորեն լինում է։ Ու լավ է, որ լինում է, որովհետև ապահով ձեռքերի կհանձնեն իրենց միակին․ սիրով շրջապատված կլինի իրենց տղեն և ինքն էլ սեր կտա, մի բաժակ ջուր տվող կունենա և մեկին կունենա, ում ինքը ջուր կտա, հավատարմության պակաս չի զգա իրենց տղեն, անպատեհ պահի հարազատի ձեռամբ մեջքը խրված դանակի ցավից չի ոռնա իրենց տղեն: Կինն առավ տղամարդուն, նրանով բոցավառվեց և առաջին մի քանի տարին նրա համար ջանք ու եռանդ չխնայեց: Հետո տղամարդու շունչը, որ մի ցուրտ գիշեր չի, որ ջերմացրել էր կնոջը, սկսեց նյարդայանացնել նրան ու դրանից թաքնվելու համար կինը գիշերները վերմակը սկսեց գլխին քաշել։ Թե էդ ընթացքում ոնց հաջողեց չխեղդվել սեփական ածխաթթվային մաղձից, էնքան էլ պարզ չի, բայց հետո կինը սկսեց նաև արհամարհանքով դեն շպրտել անկողնի իր հատվածում նրա նվիրական մարմինը փնտրող տղամարդու երկչոտ ձեռքը, որին հանդիպելու համար սովորաբար ինքն էր դեմ տալիս վաղուց արդեն ոչ երիտասարդ իր մարմինն ու սկսեց համբույրների ակնարկներից խուսափողաբար դեսուդեն տալ սովորաբար դեպի դրանք աճապարող շուրթերը:
Հեքիաթն արագ անցավ, վրա տվեց հեղձուկ առօրեականությունն ու հասավ դրա դեմ պայքարի ժամանակը: Ուրեմն եթե հեքիաթ, ապա էդ մեկը հա՜, էդ մեկը հա գրողը դրան տանի, իսկ եթե պայքար մեռնող հեքիաթի գոյության իրավունքի համար… եթե պայքար, եթե դույզն իսկ ավելորդ չարչարանք, ապա՝ ո՛չ։ Ոչ մի դեպքում, թե չէ միրգը կա՝ է՛լ կլպե՞լս որն է: Իսկ մնացածն արդեն դասական կանոններով՝ կինը ոնց բոցավառվել էր, տենց հանկարծակի էլ հանգավ ու Սերն ափսոս եղավ։ Թե հետն էդ ընթացքում ինչ կատարվեց, չհասկացվավ: Ամիս-կես առաջ… ամիս-կե՞ս. հա՛, հաստա՜տ մի էդքան կլիներ, ամիս-կես առաջ գործից տուն եկավ, նստեց ուգալոկի՝ տղամարդու սիրած անկյունին ու փուչ հայացքն ամուսնուց հեռու՝ դեպի սուզանավի իլյումինատորներ հիշեցնող անցքերով կամարակապ սկահակը, կամացուկ, բայց առարկություն չհանդուրժող տոնով ասաց որոշել է հեռանալ: Էդ պահին, երբ նա ազդարարում էր էս տխմարությունը, մրրիկի հեռավոր շառաչին անականջալուր էրեխեքն անմեղ-անմեղ վտվտում էին կողքն ու որ է՛ս չքմեղ գառները հեսա պիտի կանգնեն մոր թեթևամտության համար պատասխան տալու հրամայականի առաջ, նույնիսկ դա չխանգարեց նրան ինչ-որ բան բստրել պատճառների մասին։ Նախասիրություններով առանձնապես աչքի չէր ընկել, ուստի շատ էլ կինո չէր նայել, բայց երևի ամերիկյան մեկը հասցրել էր տեսնել ու երևի դրանից էր լսել նման պակասամիտ պատճառաբանություն, որովհետև նայեց էրեխեքին, գիտակցեց իր պատասխանատվությունը նրանց բարօրության համար, բայց հետ չկանգնեց մտադրությունից, միևնույն է ասաց․․․ ինչ ասա՞՜ց, հա՛, ասաց ուզում է մի քիչ գնալ առանձին ապրել՝ հասկանալու համար սիրու՞մ է կողակցին, թե՞ ոչ։ Չասաց, ա՛յ մունդռիկ, հազար տարի հետն ապրելուց հետո է՛լ ինչ մեկ ամիս, է՛լ ինչ գող փիսո, է՛լ ինչ քաչալ շուն, ասաց ուզում է գնալ՝ հասկանալու համար սիրու՞մ է, թե՞ ոչ։ «Մամա, տե՞ղ ես գնում, ինձ էլ հետդ կտանե՞ս»,– նախատեսվող մրրիկի ձագարին հուպ մարմինը միջանցքից խոհանոց բերելով միամիտ-միամիտ հարցրեց կրտսերը տեղ գնալու անունը լսելով։
Էն որ մտադրությունների ազդարարումը ծանծաղամտություն էր, կասկած չկար, բայց մինչ սա ասելը՝ իրականում ինչ էր կատարվել կնոջ հետ, պարզ չդարձավ նույնիսկ հոգեվարքային խանգարումների և հուզական անկայունության ուսումնասիրության մեջ մասնագիտացած կլինիկական ու աբնորմալ հոգեբանության ռահվիրաների հետ լսումներից հետո: Պատճառը, սակայն, գլխավորապես հայտնի է արդեն, սերն էր առ ամուսինը, որ երազուն էր, ծարավի շուտափույթ սխրագործության։ Այդ ծարավը հասել էր էն աստիճանի, որ արագորեն, բոլորի աչքի առաջ զոհաբերել էր տղամարդուն, որպեսզի կնոջ մարտիրոսությունը երկար չտևի, մարտիրոսության կրակների մեջ երկար չմնձրի կնոջն ու ինչպես բեմի վրա, հանգել էր իր ավարտին։ Նպատակը հասանելի էր դարձել՝ բոլորը նայել, գովաբանել էին կնոջը սնամեջ սիրո համար, որը ավելորդ ջանասիրություն չէր հանդուրժում․ «Արա էս տղու բախտը ո՜նց ա բերել, սա սենց սիրող կնիկ ո՜նց ա կպցրել»։ Հա ըհը, սիրող կնիկ։ Սիրող կնիկ չէ, ուրիշի ընտանիք՝ մութ անտառ։
Լսվեցին սուպերմարկետի գանձարկղային հաշվիչի ընդհատուն վեց-յոթ ծկծկոցները։ Դրամարկղի հաշվիչի էկրանն արտապատկերեց կոնֆետների համար վճարման ենթակա գումարի չափն ու տղամարդը ձեռքը տարավ դեպի դրամապանակը: Հաջորդ օրը լույսը հազիվ բացված, կինը լքեց տղամարդուն։ Տղամարդն ինքը նրան դրեց ավտոն, տարավ դստեր մշտական վերադարձների մղձավանջում ապրող զոքանչի տուն ու հըլը մի հատ էլ հետևից զանգեց զոքանչին ու խնդրեց նրան․ «Տատի, ինքը մեր բոլորի ամենաթանկն ա, ասում ես՝ հավատում եմ, որ չես ուզում ետ ընդունել, որ ի՛մ կողմից ես, բայց ուրիշ գնալու տեղ չունի, հո փողոցում չի մնալու, տեղ տվեք, մինչև հասկանանք սրա վերջն ինչ ա լինելու»։ Էդ վերջ կոչվածից ամիս-կես … ամիս-կես կլինե՞ր. հա՛, հաստա՜տ, մի էդքան հաստատ անցած կլիներ։ Իրական վերջը չէր երևում ու արձանագրելու էր, որ կինը գնաց, իսկ նրանից էրեխեքի համար կոնֆետներ առնելը մնաց: Կնոջից էրեխեքի համար գոնե կոնֆետ առնելը մնաց։ Կնոջից էրեխեքին մնաց քաղցրաթթու հուշն ինչպես հանգուցյալից հետո։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *