Քեթրին Մենսֆիլդ | Օրիորդ Բրիլլ


Չնայած պայծառ եղանակին, երբ կապույտ երկինքը կարծես ոսկեգույն փոշով պատված լիներ, և լույսի մեծ բծերը սպիտակ գինու շիթերի պես ցողված լինեին Ժարդեն Պյուբլիքի վրա, օրիորդ Բրիլլը գոհ էր մորթին կրելու համար։ Օդը կանգնած էր, բայց բերանդ բացելուն պես սառնություն էիր զգում, ինչպես կզգաս մեկ բաժակ սառը ջրից՝ խմելուց առաջ։ Ժամանակ առ ժամանակ երկնքից մի տերև էր հայտնվում ու պարելով ընկնում։ Օրիորդ Բրիլլը բարձրացրեց ձեռքն ու դիպավ մորթուն։ «Փոքրիկս» … Ինչ հաճելի էր այն նորից զգալ։ Կեսօրից հետո էր տուփից հանել, վրայից թափ տվել փոշին, մի լավ խոզանակել ու ետ բերել փոքրիկ աչքերի փայլը։ «Ի՞նչ է ինձ հետ պատահել», — կարծես ասում էին փոքրիկ տխուր աչքերը։ Օ՜, ինչ հաճելի էր տեսնել, թե ինչպես էին դրանք նորից նայում իրեն կարմիր ծածկոցի միջից։ Բայց քիթը, որն ինչ-որ սև նյութից էր պատրաստված, բոլորովին ամուր չէր։ Երևի հարված էր ստացել։ Ոչինչ, երբ ժամանակը գա, մի փոքր սև կնքամոմ կքսի, երբ իսկապես անհրաժեշտ լինի։ «Փոքրիկ չարաճճի»․․․ Այո՛, հենց այդպիսին էր այն համարում։ Փոքրիկ չարաճճի, որ կծոտում էր պոչը հենց նրա ձախ ականջի տակ։ Նույնիսկ հանում էր վրայից, դնում գոգին ու շոյում։ Ձեռքերի ու թևերի մոտ խուտուտ էր զգում, բայց ենթադրում էր, որ քայլելուց է։ Ու ամեն անգամ շնչել-արտաշնչելիս ինչ-որ թեթև ու տխուր, չէ՛, ոչ թե տխուր, այլ ինչ-որ մի նուրբ բան էր շարժվում կրծքում։
Այսօր կեսօրին շատ մարդիկ կային, շատ ավելի, քան անցած կիրակի։ Նվագախումբը հնչում էր ավելի բարձր ու ավելի ուրախ, քանի որ սեզոնը սկսվել էր։ Թեև նվագախումբն ամբողջ տարին կիրակիներին նվագում էր, սեզոնից դուրս այն երբեք նույնը չէր։ Նույն բանն է, երբ նվագես միայն ընտանիքի անդամների համար։ Երբեք չես մտածի, թե ինչպես ես նվագում, քանի դեռ անծանոթներ չկան։ Կարծես դիրիժորն էլ նոր վերարկու էր կրում, չէ՞։ Համոզված էր, որ այն նոր է։ Դիրիժորը ոտքը քսքստացրեց գետնին ու թափահարեց թևերը, ինչպես աքաղաղ, որը պատրաստվում էր սկսել աքլորականչը։ Իսկ կանաչ ռոտոնդայում նստած նվագախմբի երաժիշտները փքեցրին այտերն ու խոժոռ հայացքով նայեցին նոտաներին: Ահա և հնչեցին ֆլեյտային նմանվող գեղեցիկ հնչյունները, որոնք կարծես պսպղուն կաթիլների մի շղթա լինեին։ Օրիորդ Բրիլլը համոզված էր, որ կկրկնեն։ Եվ այդպես էլ եղավ։ Նա բարձրացրեց գլուխն ու ժպտաց։
Միայն երկու հոգի էին նստած նրա «հատուկ» տեղում։ Տարեց մի մարդ, թավշյա վերարկուով, ձեռքերն ամուր սեղմած փորագրված մեծ ձեռնափայտին։ Մյուսը մեծահասակ, գիրուկ կին էր՝ ուղիղ նստած, ասեղնագործ գոգնոցի վրա էլ՝ հյուսքի կծիկն էր։ Նրանք չէին խոսում, ինչն իհարկե հիասթափեցուցիչ էր, քանի որ օրիորդ Բրիլլը միշտ խոսակցությունների ակնկալիք ուներ։ Նա արդեն մասնագիտացել էր ուրիշների խոսակցությունները լսելու մեջ, առանց ցույց տալու, որ լսում է, ինչպես նաև մի քանի րոպեով մտնելու մարդկանց կյանքի մեջ, մինչև նրանք խոսում էին։
Հայացքը գցեց մեծահասակ զույգի վրա։ Հավանաբար շուտով կգնան։ Անցած կիրակին էլ ուրիշ անգամների նման հետաքրքիր չէր։ Ահա, անգլիացին ու նրա կինը։ Նա կրում էր սարսափելի Պանամա գլխարկ, իսկ կինը ` կոճակներով երկարաճիտ կոշիկներ։ Ամբողջ ժամանակ խոսում էր ակնոց կրելու մասին, որովհետև զգում էր դրա կարիքը, բայց կարծում էր, որ իմաստ չունի կրելը։ Միևնույնն է կոտրվելու է ու աչքերին լավ չի նստելու։ Իսկ տղամարդն այնքա՜ն համբերատար էր։ Ամեն տեսակ ակնոց առաջարկեց՝ ոսկեգույն շրջանակներով, ականջների շուրջը կորացող, քթի կամրջի ներսի փոքրիկ բարձիկներով։ Բայց ոչ, նրան ոչինչ չէր գոհացնում։ «Դրանք միշտ սահելու են քթիս վրայով»։ Օրիորդ Բրիլլը ուզում էր նրան մի լավ թափ տալ։
Տարեցները նստած էին նստարանին՝ լուռ ինչպես արձաններ։ Բայց ոչինչ, ամբոխ միշտ էլ կա հետևելու համար։ Այստեղ ու այնտեղ, ծաղկանոցների ու նվագախմբի ռոտոնդայի դիմաց, զույգերն ու խմբերով մարդիկ զբոսնում էին, կանգնում զրուցելու, իրար ողջունելու կամ էլ՝ ծաղիկներ գնելու ծեր մուրացկանից, որն իր ծաղիկներով պնակը ամրացրել էր ցանկապատին։ Փոքրիկ երեխաները նրանց մեջ վազվզում էին՝ սլանալով ու ծիծաղելով։ Փոքրիկ տղաները կզակի տակ կրում էին մեծ սպիտակ մետաքսե ժապավեններ, իսկ փոքրիկ աղջիկները, որ կարծես ֆրանսիական տիկնիկներ լինեին, թավշե ու ժանյակավոր զգեստներով էին։ Ու երբեմն մի փոքրիկ, օրորվող բալիկ հանկարծ ծառերի տակից երերալով դուրս էր գալիս բաց տարածք, կանգնում, շուրջը նայում ու հանկարծ «փլոփ» նստում գետնին, մինչև նրա փոքրիկ, արագ-արագ քայլող մայրը՝ ջահել հավի պես, շտապում էր նրան հանդիմանելու ու փրկելու։ Մյուսները նստած էին նստարաններին ու կանաչ աթոռներին։ Բայց գրեթե միշտ, ամեն կիրակի, նույն մարդիկ էին։ Օրիորդ Բրիլլը գրեթե բոլորի մեջ հաճախ մի զվարճալի բան էր նկատում։ Նրանք տարօրինակ էին, լուռ, գրեթե բոլորը ` ծեր, ու նրանց երկար նայելու ձևից թվում էր, թե հենց նոր էին դուրս եկել փոքրիկ մութ սենյակներից կամ նույնիսկ…նույնիսկ պահարաններից։
Ռոտոնդայի հետևում բարակ ծառերն էին՝ դեղին, ներքև կախված տերևներով, ու դրանց միջից երևում էր ծովի բարակ մի գիծ, իսկ դրանից այն կողմ՝ կապույտ երկինքը՝ ոսկեգիծ ամպերով։
«Թում-թում-թում, թիդլը-ումը՛ թիդլը-ումը՛ թում թիդլի-ումը՛ թում թա՛», նվագում էր նվագախումբը։
Կարմիր հագուստով երկու աղջիկ անցան ու կապույտ համազգեստով երկու երիտասարդ զինվորներ մոտեցան նրանց։ Նրանք ծիծաղեցին, զույգերի բաժանվեցին ու ձեռք ձեռքի տված գնացին։ Երկու գյուղացի կանայք ծիծաղելի ծղոտե գլխարկներով ու լուրջ դեմքով անցան՝ իրենց հետ տանելով գեղեցիկ ծխագույն ավանակներ։ Մի սառն ու գունատ միանձնուհի շտապելով անցավ։ Մի գեղեցիկ կին անցավ ու ձեռքից գցեց մանուշակների փունջը, ու փոքրիկ տղան վազեց դրանք կնոջը տալու համար։ Կինը վերցրեց ու նետեց դրանք, ասես թունավոր լինեին։ Աստվա՛ծ իմ։ Օրիորդ Բրիլլը չգիտեր՝ հիանար այդ տեսարանով, թե ոչ։ Հիմա էլ սպիտակ կզաքիսե գլխարկով մի կին ու մոխրագույն հագուստով մի ջենթլմեն հանդիպեցին հենց իր դիմաց։ Տղամարդը բարձրահասակ էր, ձիգ կեցվածքով ու վեհանձն։ Իսկ կինը գլխարկ էր կրում, որը գնել էր, երբ դեռ շիկահեր էր։ Այժմ ամեն ինչ՝ նրա մազերը, դեմքը, նույնիսկ աչքերը, նույն գույնի էին, ինչպես հնամաշ գլխարկը։ Նրա ձեռքը՝ մաքուր ձեռնոցի մեջ, երբ բարձրացավ շուրթերին դիպչելու համար, նման էր փոքրիկ դեղնավուն թաթիկի։ Օ՜, որքան ուրախ էր կինը նրան տեսնել ՝ իսկապես հիացած։ Մտածում էր, որ կեսօրից հետո էլի կհանդիպեն։ Պատմում էր, թե որտեղ է եղել, ծովափին, այստեղ, այնտեղ, ամենուր։ Այնքան գեղեցիկ օր էր։ Չէ՞ որ նա էլ կհամաձայներ։ Հավանաբար այդպես էլ կարծում էր։ Բայց ջենթլմենը գլխով անհամաձայնության նշան տվեց, վառեց ծխախոտն, ու ծուխը փչեց ուղիղ նրա դեմքին։ Նույնիսկ, երբ կինը դեռ խոսում ու ծիծաղում էր, նա մի կողմ նետեց լուցկին ու շարունակեց քայլել։ Սպիտակ գլխարկով կինը մնաց մենակ։ Նա սկսեց ավելի պայծառ ժպտալ, քան երբևէ։ Բայց նույնիսկ նվագախումբը կարծես գիտեր, թե ինչ է նա զգում ու ավելի մեղմ էր նվագում, ավելի քնքուշ, իսկ թմբուկը կրկնում էր․ «Գազանը՛, Գազանը՛»։ Ի՞նչ պետք է անի։ Ի՞նչ կլինի։ Մինչ օրիորդ Բրիլլը մտածում էր, գլխարկով կինը ձեռքը բարձրացրեց՝ կարծես հենց այնտեղ ինչ-որ մեկին էր տեսել, ավելի հաճելի մեկին, և փոքրիկ արագ քայլերով հեռացավ։ Նվագախումբը նորից փոխեց մեղեդին ու սկսեց նվագել ավելի արագ, ավելի ուրախ, քան երբևէ։ Օրիորդ Բրիլլի կողքին նստած տարեց զույգը վեր կացավ ու հեռացավ, իսկ երկար բեղերով մի զվարճալի ծերուկ երաժշտության ռիթմով կաղալով քայլում էր ու քիչ էր մնում, բախվեր կողք-կողքի քայլող չորս աղջիկներին։
Օ՜, ինչ հրաշալի էր։ Ինչքա՜ն էր սիրում այս ամենը։ Ինչքան էր սիրում այստեղ նստել ու հետևել ամեն ինչին։ Դա ճիշտ ներկայացման պես էր։ Հենց ներկայացում էր, որ կար։ Ո՞վ կհավատար, որ հետևում երկինքը նկարած չէ։ Բայց միայն այն ժամանակ, երբ մի փոքրիկ շագանակագույն շուն հանդիսավոր անցավ, ապա դանդաղ հեռացավ՝ ինչպես թատրոնի մի փոքրիկ շուն, որ ասես թմրեցված լիներ, օրիորդ Բրիլլը հասկացավ, թե ինչն էր այս ամենը դարձնում այդքան հուզիչ։ Նրանք բոլորը բեմի վրա էին։ Նրանք միայն հանդիսատես չէին, պարզապես դիտողներ չէին։ Նրանք խաղում էին։ Նույնիսկ ինքը դեր ուներ ու ամեն կիրակի գալիս էր։ Անկասկած ինչ-որ մեկը կնկատեր, եթե նա այնտեղ չլիներ, չէ՞ որ, նա էլ էր ներկայացման մեջ։ Ինչ տարօրինակ էր, որ երբեք այդպես չէր մտածել։ Եվ այնուամենայնիվ, դա բացատրում էր, թե ինչու էր ամեն շաբաթ նույն ժամին տնից դուրս գալիս՝ որպեսզի ներկայացումից չուշանա։ Եվ դա նաև բացատրում էր, թե ինչու էր նա տարօրինակ, ամաչկոտ զգացում ունենում, երբ անգլերենի դասին իր աշակերտներին պատմում էր, թե ինչպես է կիրակի օրն անցկացրել։ Անկասկած հենց այդպես էր։ Օրիորդ Բրիլլը համարյա բարձրաձայն ծիծաղեց։ Նա բեմի վրա էր։ Նա մտածեց այն ծեր, հիվանդ ջենթլմենի մասին, որի համար շաբաթը չորս անգամ կեսօրից հետո թերթ էր կարդում, մինչ նա այգում քնած էր։ Արդեն սովորել էր բամբակե բարձին դրված նրա թույլ գլխին, փոս ընկած աչքերին, բաց բերանին ու սրածայր քթին։ Եթե նա մեռած լիներ, գուցե շաբաթներով էլ նկատած չլիներ։ Դա նրան չէր էլ անհանգստացնի։ Բայց ծեր տղամարդը հանկարծ հասկացավ, որ իր համար թերթ կարդում է մի դերասանուհի։ «Դերասանուհի՜»։ Ծեր գլուխը բարձրացրեց, ու ծեր աչքերում երկու լուսավոր կետեր թրթռացին։«Դերասանուհի՜, դու՞ ես»։ Օրիորդ Բրիլլը հարթեց թերթը, կարծես դա իր դերի բնագիրն էր ու մեղմորեն ասաց։ «Այո՛, ես արդեն երկար ժամանակ է, ինչ դերասանուհի եմ»։
Նվագախումբը դադար էր վերցրել։ Հիմա նորից սկսեցին նվագել։ Տաքուկ ու արևոտ մի բան էին նվագում, բայց միևնույն ժամանակ ինչ-որ թեթև սառնություն կար, և ի՞նչ էր դա, տխրությու՞ն, չէ, տխրություն չէր, այլ մի բան, որը ստիպում էր երգել։ Մեղեդին բարձրանում էր ու բարձրանում, արևը շողում էր, ու օրիորդ Բրիլլին թվում էր, որ հիմա բոլորը՝ հավաքված բազմությունը, կսկսեն երգել։ Միասին քայլող ծիծաղող ջահելները կերգեին, ու նրանց կմիանային տղամարդկանց վճռական ու քաջ ձայները։ Իսկ հետո նաև նա, և նստարաններին նստած մյուսները՝ կմիանային մի տեսակ նվագակցությամբ՝ մեղմ, հազիվ բարձրացող ու իջնող հնչողությամբ, գեղեցիկ, հուզիչ․․․Օրիորդ Բրիլլի աչքերն արցունքով լցվեցին ու նա ժպիտով նայեց մյուս «դերակատարներին»։ «Այո՛, մենք հասկանում ենք, մենք հասկանում ենք», — մտածեց նա, թեև չգիտեր, թե իրականում ինչ էին հասկանում։
Ու հենց այդ պահին մի տղա ու աղջիկ եկան ու նստեցին ծեր ամուսինների տեղում։ Նրանք գեղեցիկ հագնված էին։ Նրանք սիրահարված էին։ Հերոսն ու հերոսուհին, որ կարծես հենց նոր ժամանեցին երիտասարդի հոր զբոսանավով։ Օրիորդ Բրիլլը պատրաստվում էր լսել նրանց, չնայած դեռ անձայն երգում էր իր դողացող ժպիտով։
—Չէ, հիմա չէ, — ասաց աղջիկը։ — Այստեղ չէ, չեմ կարող։
— Բայց ինչու՞։ Այդ հիմար ծեր բանի՞ պատճառով, էնտեղ՝ վերջում նստածի՞, — հարցրեց տղան։ — Ընդհանրապես ի՞նչ գործ ունի այստեղ։ Ու՞մ է պետք։ Ինչո՞ւ  իր հիմար ծեր մռութը տանը չի պահում։
—Ամենածիծաղելին վրայի մորթին է, —քրքջաց աղջիկը։ —Ոնց որ տապակած վայթինգ ձուկ լինի։
—Ա՜յ, գնա՛ այստեղից, — զայրացած շշնջաց տղան։ —Ասա՛ ինձ, ma petite chère…։
—Չէ, այստեղ չէ, —ասաց աղջիկը։ — Դեռ չէ։
. . . . . . .
Տուն վերադառնալիս սովորաբար մեկ կտոր մեղրով տորթ էր գնում հացթուխից։ Դա նրա կիրակնօրյա փոքրիկ հաճույքն էր։ Երբեմն նուշ էլ կար իր կտորում, երբեմն՝ ոչ։ Դա այնքա՜ն բան էր փոխում։ Երբ նուշ էր լինում, կարծես մի փոքրիկ նվեր էր տուն տանում, մի անակնկալ, մի բան, որ կարող էր նույնիսկ չլինել։ Նուշով կիրակի օրերին նա տուն էր շտապում, ու թեյնիկի համար լուցկին մի տեսակ աշխուժորեն էր վառում։
Բայց այսօր անցավ հացթուխի կողքով, հետո բարձրացավ աստիճաններով, մտավ փոքրիկ մութ սենյակը, սենյակ, որը կարծես պահարան լիներ, ու նստեց կարմիր փափուկ ծածկոցի վրա։ Երկար ժամանակ այնտեղ նստած մնաց։ Տուփը, որից հանել էր մորթին, մահճակալի վրա էր։ Մորթին արագ-արագ հանեց պարանոցից ու առանց նայելու դրեց տուփի մեջ։ Բայց երբ փակեց տուփը, նրան թվաց, որ լացի ձայն լսեց։

Թարգմանությունը անգլերենից՝ Լիլիթ Գասպարյանի

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *