ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ | Բարձրից

z

Իմ բարի սրտի էն մեծ խոհերից,
Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հզոր հոգին,
Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոլաց դեմ վերին այեր`
Մարդկային ամեն հնարքներից վեր,
Վե՜ր ամեն շուքից ու շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս`
Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա
Ճառագեց ներքև` աշխարհքի վրա:

Տեսավ աշխարհքը` գեղեցի՜կ, անվե՜րջ,
Եվ հայրենիքներն անձուկ նրա մեջ,
Եվ աստվածները նրանց զանազան,

Եվ սուրբերը խիստ, խտրող ու դաժան:
Տեսավ` ուտում են ամենքն ամենքին.
Ամեն հայրենիք` իրեն զավակին,
Եվ իր պաշտողին` ամեն մի աստված,
Եվ կյանքը տանջանք, ցավ համատարած:

Ու ոչ մի երկիր չկա հանգչելու –
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Ու ոչ մի անկյուն չկա շնչելու
Շունչն աստվածային` լի անվերջ սիրով…

Անպատում վշտով վերստին նայեց
Իմ էս մեծ սրտին` աշխարհքից էլ մեծ –
Անսահմա՜ն աշխարհք, և սեր ընդհանուր,
Եվ մարդը ուրախ, եվ երգ ամենուր…

Ու իջավ նորից էնտեղ հանգչելու –
Խոր, արարչական հանգիստն անխռով,
Էնտեղ հանգչելու, էնտեղ շնչելու
Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով…

20 դեկտեմբեր 1915թ.

 

Share Button

2 Կարծիք

  • Կարեն Անտաշյան says:

    Երկար մտածում էի թե մարտի 1-ին ինչ եմ հրապարակելու… գտա:

  • Կարինե says:

    էհ, մարտի 1-ին արդեն 3 տարի է` չգիտեմ` ուրախանամ, թե տխրեմ: Ժամանակին ինձ համար տոն էր, հիմա… չգիտեմ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *