Ալեքսանդր Իլիչևսկի | Աշխարհի տանիքներին

Սիրում եմ զբոսնել Երուսաղեմի տանիքներով։ Այստեղից այնքան շատ ես երկինքը տեսնում, այստեղից այնքան լավ է երևում մայրամուտը, որ թվում է, թե ողջ քաղաքն ինչ-որ ոսկեգույն անեզրության ծայրին է ապրում․ հայացքն անկարելի է հառել տեսանելի հորիզոնին, քանի որ այն դեպի անապատն է իջնում։
Ցերեկը Երուսաղեմում հարկավոր է շատ հեղուկ խմել։ Օդի նենգ չորության պատճառով ջրազրկումն աննկատ է վրա հասնում։ Եթե ամբոխի մեջ ուշագնաց լինեք, ձեզ կփրկեն։ Եթե անապատում լինեք, դա մահացու վտանգավոր է․ վտանգավոր է նաև ամայի վայրերում, օրինակ՝ քաղաքի տանիքներին։
Պաշտում եմ զբոսնել քաղաքի տանիքներով, բակերին նայել՝ գաղտագողի մոտենալով, իսկ որոշ տեղերում սողալով։ Այնքան հաճելի է ներսից նայել քաղաքին, որը լի է նեցուկային պատերով, պարիսպներով, խուլ նրբանցքներով, որը քարե շատ բարձր միջնապատերով բաժանված է թաղամասերի․ վերևից դրանք որմնաշարված ապակու բեկորներով են ծածկված։ Դա շատ հին ապակի է։ Այնքան հին է, որ փայլատ է դարձել՝ արևածագերից, կեսօրերից և արևամուտերից կուրացած։
Մի անգամ լրիվ միայնակ թափառում էի տանիքներով, և հանկարծ այդ տեղերից մեկում՝ ինչ-որ կամրջակից և շրջապտույտից հետո մի ծերունու տեսա, որը անձրևոցով պաշտպանվում էր արևից։ Նա օրորվելով էր քայլում։ Չհասցրի շուրջս նայել, երբ հանկարծ ծերունին նստեց տանիքի եզրին և ուշագնաց եղավ։
Շտապեցի օգնելու նրան։ Անգիտակից էր։ Անձրևոցը ծերուկի գլխի տակ դրեցի, քանդեցի վերնաշապիկի օձիքը և ուզում էի ջուր տալ նրան, բայց միանգամից հետ ցատկեցի։ Տեսա, որ վզի վրայից դուրս էր ցցվել մաշկի ծայրը․․․ո՛չ, սիլիկոնի։ Այո՛, դա դիմակի ծայրն էր, այն սիլիկոնե դիմակներից մեկի, որոնք օգտագործում են ծաղրանքի համար կամ Հելոուինի ժամանակ, երբ ուզում են ինչ-որ մեկին վախեցնել երկար, երկաթե ճանկերով ինչ-որ մի չար ծերուկի գալուստով։
Վատ զգացի ինձ։ Երուսաղեմի տանիքներին։ Շուրջս անգամ մի մարդ չկար։ Դիմացս հենց այդ պահին ուշագնաց էր եղել մի մարդ, որն այդ անգութ արևի ներքո, այդ արտասովոր տապի միջով ինչ-որ տեղ էր գնում՝ սիլիկոնե դիմակը հագին․․․
Շուտափույթ կերպով հանե՛լ դիմակը։ Հենց այդպես էլ վարվեցի։ Քաշեցի հանեցի ծերուկի վրայից դիմակը և ապշեցի․ դիմացս՝ երուսաղեմյան անանուն տանիքի վրա, գեղեցիկ, երիտասարդ կին էր պառկած՝ պարուսինե տաբատ և տղամարդու վերնաշապիկ հագած։ Դիմակի միջից դուրս պրծան խարտյաշ վարսերը և թափվեցին նրա ուսերին։
Մի քանի րոպե անցավ։ Դրանք հավետ դրոշմվեցին հիշողությանս մեջ։
Կամաց-կամաց ուշքի եկավ։ Ջուր խմեց և անգլերեն խոսելով՝ կարողացավ բացատրել, թե որտեղ էր իջևանել։ Ես գիտեի այդ էժանագին «Պետրա» հյուրանոցը, որի վերին հարկերից հրաշալի տեսարան էր բացվում դեպի Եզեկիայի ավազան։ Օգնությունս առաջարկեցի, և նա, ձեռքիս հենվելով, անշտապ կերպով ինչ-որ տեղ տարավ ինձ։
Ճանապարհին պարզվեց, որ շվեդուհի էր, որ վաղուց էր ամուսնացել, բայց դեռ անզավակ էր։ Դիմակահանդեսը միայն մի պատճառով էր կազմակերպվել․ պարզվում է Լացի պատի այն հատվածում, որտեղ միայն տղամարդկանց են թողնում, յուրահատուկ «որդեծնական» քար կա, որին եթե կինն աղոթելիս դիպչի անպայման կհղիանա։
Դիմակը հագել էր, որպեսզի կարողանար անարգել մուտք գործել Լացի պատի՝ տղամարդկանց համար նախատեսված հատված, որտեղ երկար աղոթել էր կիզիչ արևի ներքո։ Իսկ հետդարձի ճանապարհին մոլորվել էր, երազանքների գիրկն էր ընկել և մոռացել էր հանել դիմակը։
Այդպես ես ծանոթացա Մարգարեթի հետ։ Դեռ մեկ շաբաթ էլ մնալու էր քաղաքում, և այդ ողջ ընթացքում ընդհանրապես չէինք բաժանվում միմյանցից։ Մեկ տարի անց նամակ ստացա նրանից, որում ընդամենը մեկ բառ էր․ «Միքայել»։ Այդպես իմացա, որ տղա երեխա էր ծնվել, որին իմ անունն էին տվել։

Թարգմանությունը ռուսերենից` Էլիզա Ստեփանյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *