Արման Գասպարյան | Դոնի

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Լուսանկարը՝ Զորիկ Գալստյանի

Համակարգչիս սուր ֆշշոցը պոկում է ինձ երազի քաղցր գրկից, որտեղ ես փորձառու նավավար եմ, խիզախ զորահրամանատար, գող, ոստիկան, նախագահ. ամեն ինչ, սակայն ոչ այն, ինչ իրականում եմ:
Համակարգչիս սարսափելի աղմուկը վերադարձնում է ինձ` ինձ, ինձ` իմ «ես»-ը, ինչից ինքս այնքան էլ ուրախ չեմ: Բացում եմ աչքերս: Մեքենան ձայնը կտրում է` զգալով արթնանալս:
«Ի՞նչ է ուզածդ»,- հարցնում եմ` սպասելով ցանկացած պատասխանի. հաշվետվություն շաբաթվա ընթացքում օգտագործված կենսաբանական էներգիայի, տանը զանգվածային անկարգությունների նոր ալիքի բռնկման մասին, անգամ` ռազմական կորուստների վերաբերյալ տեղեկատվություն` նախատեսված երազներիս զորահրամանատարի համար:
Առաստաղին` անկողնուս վերեւում, հայտնվում է կապույտ, լուսարձակող գրություն: Զգում եմ անլվա ոտքերիս գարշահոտը` հասկանալով, որ վատ նշան է: Սակայն այն, ինչ ես ընթերցում եմ, սկզբում մեկ, ապա, չշնչելով, երկու, երեք, շունչս կտրվելով եւ չհավատալով աչքերիս` չորս անգամ, ոտքերս ծածկում է ձյան շերտով: Սառցակալած արյունը շրջապատում է գնդի պես սեղմված սիրտս:
Դպրոցից հայտնում են, որ Դոնին «երկուս» է ստացել: Նրա օրագիրն ուղիղ կապված է համակարգչիս հետ: Վեր եմ թռչում անկողնուց` հրամայելով իմ որջի կառավարմամբ զբաղվող ռոբոտին միացնել լույսը:
Նորից ստիպում եմ համակարգչին կրկնել հաղորդագրությունը. հնարավոր է` ես ինչ-որ բան սխալ եմ հասկացել: Բայց չէ, ամեն ինչ ճիշտ է. որդիս «երկուս» է ստացել: Աշխարհում, որտեղ ապրում է 22 մլրդ մարդ, դա միայն մի բան է նշանակում. լիակատար պարտություն: Մարդկանց ահռելի կուտակման մեջ յուրաքանչյուրը պարտավոր է ապացուցել իր գոյության իմաստը, այն, թե որքանով է այդ գոյությունը հիմնավորված ու անհրաժեշտ մնացածին:
«Դո՛նի, ես քո մե՛րը: Էս ի՞նչ արեցիր»,- գոռում եմ ես` ափերով ուժգին սեղմելով ճաղատս, թվում է` այն կճայթի, ինչպես հասուն ձմերուկ: Իրականում նրա մոր մասին ես գրեթե ոչինչ չգիտեմ: Ընտանիքի պլանավորման գործարանում ինձ համար որդի պատվիրեցի: Արյունս խառնել էին ինչ-որ գրող կնոջ արյան հետ: Չգիտեի անգամ նրա անունը, այդ իսկ պատճառով կրկնեցի բառերս, որպեսզի շինությունների հաստ պատերի միջով հայհոյանքս հասնի հասցեատիրոջը:
Գարշելի գործարան: Նրանք ինձ ասացին, որ դոնորը, այսինքն` «մայրը», շատ տաղանդավոր կին է, եւ իմ կողմից ճիշտ դաստիարակվելու դեպքում Դոնին կդառնա ստեղծագործող անձ: Արարիչ: Ապագայի մարդ: Նա այն ամենն է, ինչ ես ունեմ, ու նա ինձ քաշեց:
Ուժեղ գլխացավ ունեմ: Մոտենում եմ լվացարանին, որը ենթարկվելով բարձրանում է խցիս անկյունից ու օդային բարձիկի վրա շարժվում իմ ուղղությամբ: Երեկոյան մեզն արդեն վերամշակվել է ջրի, իսկ ջուրը, տնտեսելու նպատակով, վերածվել է սառը գոլորշու, որով լվացարանը պատում է դեմքս: Անիծվե՛մ ես: Լրիվ հավանական է, որ վերջին անգամ եմ լվացվում: Վերջին անգամ եմ օգտագործում այս մոլորակի ռեսուրսները: Ես դրա մե՛րը: Մոլորակ որը մի ամբողջ քաղաքակրթության համար բանտի է վերածվել:
Չնայած երազանքներին ու հույսերին, մարդկությունն այդպես էլ չկարողացավ պոկվել հարազատ մոլորակից, որը ոչ միայն մեր օրորոցն է, այլեւ, ամենայն հավանականությամբ, կդառնա նաեւ գերեզմանը: Մեր համակարգի ոչ մի մոլորակ այնքան հյուրընկալ չգտնվեց Երկրի բեռի գոնե փոքր մասն իր վրա վերցնելու համար: Նրանք, ովքեր այլ մոլորակների վրա պետք է ճամբարներ ստեղծեին, կամակոր երեխաների նման որոշ ժամանակ անց Երկիր էին վերադառնում, իսկ կայանները ժամանակի ընթացքում թալանվում ու ոչնչանում էին: Տիեզերական ռոմանտիզմի դարաշրջանն ու մարդկային ամենակարողության նկատմամբ հավատը շուտով իրենց տեղը զիջեցին գոյության պահպանման, բազմացման ու կլանման սովորական բնազդներին: Հսկա մրջնանոցը, որում յուրաքանչյուր մրջյուն գիտեր իր տեղն ու նպատակը, վերածվեց ամենակուլ մանրէների ոհմակի:
Օգուտ չտվեցին ոչ սահմանների ոչնչացումն ու պետությունների վերացումը, ոչ էլ ծնելիության խիստ սահմանափակումների կիրառումը: Մարդկությունը ղեկավարող ընկերություններն առաջարկում էին ծառայություններ, որոնց շնորհիվ անընդհատ մեծանում էր կյանքի միջին տեւողությունը, եւ, պայքարելով մոլորակի բնակչության աճի դեմ, նրանք չէին էլ մտածում, որ դրա գլխավոր պատճառը բժշկության, սննդի, հանգստի ոլորտներում իրենց իսկ մատուցած ծառայություններն են:
Երբ 28-րդ հարյուրամյակի սկզբին բնակչության թիվը հասավ 20 միլիարդի, արդեն շատ ուշ էր. ընկերություններին, հատկապես նրանցից հզորագույններին` էներգետիկ ու շինարարական, ձեռնտու չէին պատերազմները, որոնց շնորհիվ հնարավոր կլիներ փոքր-ինչ շտկել իրավիճակը: Մոլորակի ռեսուրսները տարեցտարի սպառվում էին, դրա հետ մեկտեղ` խոշոր ընկերությունները կլանում էին փոքրերին, որոնք ի վիճակի չէին ապահովել աճող պահանջարկը: Ողջ մոլորակը ծածկվեց համընդհանուր հսկա քաղաքով` մեկ ահռելի տնից բաղկացած` միլիարդավոր բնակարաններով ու հազարավոր հարկերով: Աշխարհը կազմված է այնպիսի բնակարաններից, ինչպիսին իմն է, եւ երկար, անվերջ տրանսպորտային հանգույցներից, որոնք տանում են տուն-աշխարհի ցանկացած կետ: Այստեղ կրկին բնակարաններ են, բնակարաններ ու բնակարաններ…
Քաղցած չեմ ու պահում եմ սննդարար հաբը հետոյի համար: Միեւնույն է, այն անհամ է, միայն կոտրում է սննդարար նյութերի` օրգանիզմիս կարիքը: Ուզում եմ գլուխս հարվածեմ պատին, այնքան, մինչեւ կոտրվի: Վազում եմ անկողնու ուղղությամբ, որն արդեն հավաքվել է պատի մեջ: Հասկանալով իմ ցանկությունը` խելացի մեքենաները կրկին բացում են այն: Ես նստում եմ, որ մտածեմ:
Առաջին հերթին անհրաժեշտ է պատճառը հասկանալ: Ուզում եմ անմիջապես կապնվել որդուս հետ ու զրուցել, սակայն հրաժարվում եմ այդ մտքից. պակասում է միայն, որ խանգարեմ նրա պարապմունքները: Առավել եւս, որ ինձ հուզում է ոչ այնքան պատճառը, որքան հետեւանքները. «Շա՛ն որդի: Այդքան անգամ նրան բացատրել էի: Իսկ նա վերցրեց ու դավաճանե՛ց ինձ»: Զայրույթից ու անելանելիությունից մռնչում եմ: Պատին եմ հարվածում ձեռքիս տակ ընկած առաջին իրը. էլեկտրական ածելին կտոր-կտոր է լինում, սակայն մեկ ակնթարթ անց` նրա մասնիկները դանդաղորեն մոտենում են միմյանց` վերականգնվելու համար. «Ափսոս, իմ կյանքը, որ հենց նոր կոտրեց իմ հարազատ որդին, այլեւս չի լինի վերականգնել»,- մտածում եմ:
Զարմանալի է, այս փոքրիկ, խորանարդ բնակարանում այսքան տեխնոլոգիա կա: Միլիարդավոր մարդիկ ապրում են այսպիսի, մի քանի քառակուսի մետրանոց վանդակներում, որտեղ նրանց ննջարանն է, խոհանոցը, լոգասենյակն ու զուգարանը: Բնակարանն ինքն է հավաքում ու վերամշակում բոլոր թափոնները: Հսկա մոլորակային տան մարմնի առյուծի բաժինը բաղկացած է տասնյակ միլիարդավոր այսպիսի բնակարան-բջիջներից: Իսկ նրա փոքրիկ մասը կազմում է «5-րդ հատվածը»` բաղկացած մի քանի տասնյակ միլիոն ավելի խոշոր, հարմարավետ բնակարաններից, որոնցում ապրում են Արարիչները:
Ուզում եմ այս խցում ամեն ինչ կտոր-կտոր անել: Անելանելիության զգացումից վեր եմ թռչում տեղիցս` քայլելով մի պատից դեպի մյուսն ու հակառակը: Անկողինն արագ հավաքվում է: «Այ քեզ բան: Բախտս չբերեց, փաստորեն: Պարզվում է` ոչ միայն ես եմ Պլեբեյ, այլեւ որդիս»,- գետնից վերցնում եմ կոշիկն ու ամբողջ ուժով հարվածներ հասցնում գետնին ընկած էլեկտրական շանը. ածելին արդեն հավաքվել ու թաքնվել է: Շան գլուխը պոկվում է, դուրս է թափվում փորոտիքը: Սակայն զբաղմունքս թողնելուց անմիջապես հետո մեխանիզմի որովայնը վերածվում է փոքրիկ շինարարական հրապարակի` տասնյակ փոքրիկ մեքենաներով:
«Այս անիծյալ աշխարհում մարդուց բացի ոչինչ հնարավոր չէ՛ կոտրել»,- բղավում եմ: Ուզում եմ նաեւ ասել, որ ատում եմ բոլորի ու ամենի տիրոջը` բժիշկ Լիցիուս Գրեգորիին ու նրա «Արեւածագ» կորպորացիան, սակայն ձայնս կտրում եմ: Սառույցը մոտենում է սրտիս: Ի ուրախություն ինձ, բժիշկը մոլորակի վրա ապրող բոլոր Պլեբեյների մտքերը կարդալու միջոց դեռ չի հորինել, եւ խոսելու փոխարեն սկսում եմ մտածել:
Մտածում եմ այն մասին, որ անմահ, կիսաաստված Գրեգորին մեր աշխարհը դժոխքի վերածեց Պլեբեյների, եւ դրախտի` Արարիչների համար` իբրեւ թե մարդկության փրկության նպատակով: Ինչպիսի՛ անարդարություն: Մի՞թե ես մեղավոր եմ, որ անտաղանդ եմ ծնվել: Ըստ Գրեգորիի` այո՛: Երբ նրա «Արեւածագը» 3001 թվականին վերածվեց աշխարհում գոյություն ունեցող միակ ընկերության, Գրեգորիին ընդունեցին որպես փրկչի, ով հայտնվել է հազարամյակի սկզբին ու գիտի քաղաքակրթության փրկության գաղտնիքը:
Նրա թեզերի համաձայն, մարդն ինքը պետք է արժանանա գոյության իրավունքին: Այդ իրավունքը նրա ստեղծագործական ներուժն է: Հենց ստեղծագործականը, քանի որ «մասնագիտություն» հասկացությունն այդ ժամանակ արդեն մեքենաներին էր հատուկ: Որքան շատ ես ստեղծագործում հօգուտ մարդկության, այնքան ավելի ես բարձրանում Գրեգորիի աստիճանով` դառնալով Արարիչների արտոնյալ ռասայի անդամ, ովքեր ապրում ու ստեղծագործում են շքեղ պայմաններում:
Ռոբոտների բանակի օգնությամբ Գրեգորին շատ արագ կյանքի կոչեց իր մեխանիզմը: Բայց չէ՞ որ ստեղծագործական ներուժը պարգեւ է, որը ոչ բոլորին է տրված: Մնացյալ բոլորին Գրեգորին անվանեց Պլեբեյներ. ստորին շերտ` դատապարտված գոյություն պահպանելու խորանարդ վանդակներում:
Հայրս եւ հորս հայրը Պլեբեյներ էին: Բայց Դոնին: Ես այնքան ջանք գործադրեցի, որպեսզի նա դուրս պրծնի այս դժոխքից ու ապրի թագավորներին վայել կյանքով: Ինչպես Արարիչները: Այն ժամանակ, երբ նա ծնվեց, երբ մեքենաները հանձնեցին նրա փոքրիկ մարմինն ինձ, ես հավաքեցի հնարավոր ողջ գրականությունը, ներբեռնեցի լավագույն երաժշտությունը, արվեստի լավագույն ստեղծագործությունները: Դրանք ամբողջ ընթացքում նրա առջեւ էին: Նրա ականջներն անընդհատ լսում էին ամենաչքնաղ ելեւէջները: Ամեն գիշեր քնելուց առաջ ես նրա համար գրքեր էի ընթերցում, հազարավոր ու հազարավոր էջեր: Ստիպում էի նրան ինքնուրույն ընթերցել վեպեր, գիտական գրականություն: Գնում էի էլեկտրոնային ներկ, որպեսզի նա նկարեր: Փնտրում էի նրա ստեղծագործական ներուժը բոլոր հնարավոր դրսեւորումներով:
«Ես ամեն ինչ ճի՛շտ էի անում»,- խեղդվում եմ զայրույթից: Դողում եմ կատաղի վախից: Երբ երկու տարի առաջ Դոնին դպրոց ընդունվեց, երջանիկ էի: Դպրոցը Պլեբեյների ու Արարիչների աշխարհների միջեւ միակ կամուրջն է: Այստեղ վեր են հանվում երեխաների ստեղծագործական կարողությունները, սակայն այստեղ է որոշվում նաեւ ծնողների ճակատագիրը: Նրա ընդունվելուց ես մտածում էի, որ գործի կեսն արված է. նա վատ չէր նկարում, պատմվածքներ էր գրում, որոնք երբեմն ինձ դուր էին գալիս: Սկզբում ես վախենում էի, որ նրա մոտ «պսեւդոստեղծագործության համախտանիշ» կգտնեն, որի պարագայում դպրոցականը փորձում է ստեղծագործել` լինելով բացարձակ անտաղանդ, ինչի արդյունքում նա շատ արագ դուրս է թռչում դպրոցից: Սակայն, որպես կանոն, համախտանիշը հայտնաբերվում է կրթության առաջին օրերին, իսկ Դոնին արդեն երկու տարի սովորում է ու գոհ է ուսումից:
«Ինչ էլ լինի պատճառը` երկուսը երկուս է»,- մոտենալով փոքրիկ բարին` սքոթչ եմ լցնում: Դառը հուրն այրում է ներսս: Որոշում եմ հարբել ու ծեծել որդուս, երբ նա վերադառնա դպրոցից: Պատճառներն ինձ չեն հետաքրքրում. ստանալով միակ «երկուսը» դպրոցում` անմիջապես դուրս ես թռչում: Ճանաչվում ես Պլեբեյ ողջ մնացած կյանքի համար:
Իսկ թե որքան կապրես, որոշելու է ամենակարող Գրեգորին: Մեր աշխարհում ապրող յուրաքանչյուրին հայտնի են նրա բառերը, որոնք յուրաքանչյուրի ուղեղում, որպես հիշողություն, ներարկվում են ծնվելու պահին. «Ինչո՞ւ ես ծնվել, մարդ: Հանուն ինչի՞ ես ապրում այս աշխարհում: Ի՞նչն է քեզ ոգեշնչում: Եթե ոչ մարդկության ապագան, ապա դու Պլեբեյ ես: Եթե ապրում ես ստեղծագործելու համար, ապա դու Արարիչ ես: Եթե կլանում ես ավելին, քան կարող ես տալ, ապա քո գոյությունն անիմաստ է: Իսկ եթե ավելի լավն ու առավել հարուստ ես դարձնում աշխարհը, ապա արժանի ես լավագույն կյանքի»:
Դատարկություն եմ զգում: Մեկ ակնթարթում ամեն ինչ կորցրած: Կորցրել եմ միակ շանսը: Այն տրված է յուրաքանչյուր Պլեբեյի: Եթե դու Պլեբեյ ես, դա դեռ վերջը չէ: Պատվիրիր քեզ միակ զավակ: Դաստիարակիր նրան ավելի լավ, քան քեզ քո ծնողն է դաստիարակել: Դարձրու նրան Արարիչ, հայտնաբերիր տաղանդները: Թող նա դպրոց գնա:
«Ես քեզ տվեցի ողջ իմ կյանքը, Դո՛նի»,- գոռում եմ պատի ուղղությամբ: Արդեն շշից եմ խմում: Դառը, սինթետիկ սքոթչը վերջանում է: Հազիվ եմ ոտքի վրա մնում: Այսպես ավելի լավ է, ոչինչ չեմ զգա: Դուռը թակում են: Դա Դոնին չէ:
«Մտե՛ք»,- բղավում եմ` նստելով բացված անկողնուն: Բնակարանի դուռը դանդաղ բացվում է, ներս է մտնում «Արեւածագի» խորհրդանիշով բարձրահասակ ռոբոտը: Ես իմ շանսը կորցրի, բայց Դոնին ունի եւս մեկը: Հուսով եմ` նա ամեն ինչ ճիշտ կանի:
Փակում եմ աչքերս: Լսվում է բլաստերի սուլոցը: Ես մեռնում եմ:

Share Button

2 Կարծիք

  • yeranosyan sona says:

    Ընտիր էր, կեցցեք!

  • Hayk says:

    Առաջարկում եմ այս պատմվածքը ներառել 3-4-րդ դասարանների պարտադիր ընթերցանության ցանկում, քանի որ շատ ազդեցիկ էր ու հաստատ երեխաներին լավ սովորելու կմղի 🙂 Շատ նման էր Կուրտ Վոննեգուտի “Ուտոպիա 14” գրքի աշխարհին: Լավ է Արման ջան: Ֆանտաստիկան ստացվում է քո մոտ, շարունակիր նույն ուժով:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *