Արմեն Արշալույսյան | Ձիավոր

Ձիավոր

 Ընկած եմ մահճակալին հյուրանոցային համարի: Հարբած էնքան, որ ցուցամատս կծող աղջիկը չի կարող արթնացնել: Բայց զգում եմ՝ ինչ սիրով է անում գործը: Էդ գիշեր հետս միայն էդպես կարողացավ հարաբերվել: Իսկ դռան հետևում մեկն անդադար ծեծում էր դուռը: Ստիպված արթնացա: Ընկերուհին էր. կիսում էր սենյակը կծանի հետ: Առաջարկեցին երեքով գիշերենք: Մերժեցի. կծելու հավես չէր մնացել: Փոշմանեցի, երբ ցնցուղ էի ընդունում: Քնեցի հատակին՝ մահճակալի և պատի արանքում. լրիվ մերկ, մենության մեջ: Խենթ մենություն: Ավելի գրավիչ քան մատս ծծողը, ով մեջքով ու հետույքով ինձ էր սեղմվել:

Միլեր – Արվեստագետը նա է, ով մենության է ձգտում:

 Իմ մեջ մի պահ մտածեցի, երևի արվեստագետ եմ: Պահանջը կա մենակ մնալու: Էնքան մեծ պահանջ, որ մենությունս չփոխարինեցի էն երկուսի հետ (չէ՛, հաստատ արվեստագետ եմ): Կծանն էլ իր հերթին թողեց ինձ: Ընկերուհին՝ ընդհակառակը. օգտվեց առիթից ու ձեռքը մտցրեց գրպանս: Հիշեցրեց, որ հյուրանոցի ճանապարհին կծել եմ մատը, որ չխանգարի իմ ու ընկերուհու սիլիբիլիները: Խնդրեցի՝ սահմանափակվի գրպանովս: Նա՛ էլ վրայիցս թռավ:

 Մենակ մարդը միշտ փնտրում է մեկին: Զգացում կա, որ մեկը պետք է: Կյանքդ մենակ ավելի լավ չես փչացնի, քան մեկի հետ, ով դա կանի քո փոխարեն, ով սիրալիր խոսքեր կասի, ձեռքը կտանի այտիդ, գլուխը կդնի ուսիդ: Կհամոզի՝ թաքուն հետևել է քեզ մինչ ծանոթանալը: Նկարել է քեզ թաքուն: Սիրահարվել թաքուն: Եվ ամեն ինչ մի օր կավարտվի, և դուք կփախչեք իրարից: Սկզբում սառը բարև կտաք, հետո չեք նկատի․ կձևացնեք, որ ծանոթ էլ չեք: Մինչ էն պահը, երբ թատրոնում մի մատ ողերիդ վրայով կսահի ներքև: Մատ, որ կարոտից պատրաստ է անգամ բռնաբարելու քեզ:

 Մեջքիս ծակոցներ զգացի: Ուզեցի շրջվել՝ չթողեց: Ականջս կծեց: Կտրված ձայնով հարցրեց՝ ո՞նց եմ: Ինչ եմ անելու, երբ ներկայացումը պրծնի: Եթե պատահաբար անցնեմ իրենց տան մոտով, կարող եմ մտնել: Ամիսներ անց հիշել էր (երևի մենակ մնալուց կամ սիրուց՝ չգիտեմ): Ես էլ չէի մոռացել. քաղաքը, նստարանը, հյուրանոցային համարները՝ իմ, նրա: Ու ինչքան քիչ բան է պետք արթնացնելու համար անցյալը. մատի սահուն շարժում վերից վար:

 Մի քանի օրից կանգնած էի տան դիմաց, թակում էի դուռը: Աշունը նոր էր սկսվել, իսկ նա ծիտ էր՝ ամառային շորտով: Հասցրեց միայն դուռը փակել․ սեղմեցի դռանը: Զգացի՝ ինչ բան է նրա հետ հայտնվել էնտեղ, ուր դռները չեն թակում…

– Կարոտել էի քեզ:

– Բա ո՞ւր էիր, չկայիր:

– Դո՛ւ չուզեցիր, որ մնամ:

– Սո՜ւս: Իսկ դու մնայիր:

– Աղջիկներդ մի գլուխ նույնն եք ասում:

– Միշտ մտածում եմ՝ ճի՞շտ է էս ամենն անելը:

– Էլի նույն երգերդ:

– Մի քանի օր առաջ զանգել էր…

– Հա՜, ասա՛՝ էլի ինչի ես հիշել:

– Ապո՜ւշ, չէ: Ուղղակի, երբ զանգում է, սկսում եմ քեզ ավելի շատ սիրել…

– Էդ բառն էլ մի՛ ասա:

– Ասում էր՝ քիչ է մնացել, կգա, ու իրար հետ կլինենք:

– Մտածում էի՝ ինձնից հետո էլ շանսեր չունի, էն էլ պարզվեց…

– Հա, բայց դու չկաս: Ո՞ւր էիր էս քունած ամիսներին: Հեշտ է վազելով մոտս գալը, երբ կանչում եմ…

– Էլ չեմ գա… Դու էլ խելոք սպասիր, մինչև գա, որ մտնես ծոցը,- չթողեց՝ գնամ, ձիգ գրկեց: Սիրով գրկեց: Նուրբ գրկեց: Պահելով գրկեց:

– Կներես: Մենակ մնալուց արդեն գժվում եմ: Մերոնք էս տարի էլ չեն գալու, գրանցման հետ կապված խնդիրներ կան, ու… էլի մենակ նոր տարի, ծնունդ: Ու ամեն տնից դուրս գալիս շատ չուշանաս․ շանդ պետք է կերակրես: Որովհետև չկա մեկը, որը դա կանի քո փոխարեն: Դու էլ…

 Ես գնացի: Չնայած չէ՛, էս անգամ կասեմ: Հա՛, կար ժամանակ, որ քեզ կորցնելը ցավ էր. կորցրի: Հետո փորձում էի գտնել քեզ ուրիշների մեջ: Բեմադրում էի էն տեսարանները, որ քեզ հետ էի ունեցել: Էս քաղաքից հեռու, անծանոթ հյուրանոցում (էլի հյուրանոց): Ցանկությունը ապրածդ վերապրելու միշտ խեղդում է քեզ: Ողջ ընթացքում պատկերացնում էի, թե դու էիր: Ինձ օգնեց, չնայած վերջում փախավ ընկերոջ մոտ: Հա՜, ինչ կարող եմ անել: Առայժմ հայտնվում են միայն նրանք, որոնք կիսատ սերեր ունեն ու վերջում դրանց մոտ են վազում: Իսկ դու մտի՛ր կուսանոց, որովհետև խելացիները գիտեն, թե ինչ եք անում նրանց հետ:

 Ես խելացի էի, դրամատիկ, համլետ:

– Ուզում եմ՝ բեմադրությունը սկսվի մթության մեջ: Կանթեղը ձեռքին՝ ներս կմտնի ծեր Հորացիոն, որ վերջին դարերում առաքյալի պես քարոզել է Համլետի մասին:

 

Ծեր Հորացիո – Ասում են՝ արքան Դանեմարքայի,

                            Թունավորել է քնած Համլետին:

                            Ասում են նաև, որ արքայորդին

                            Վրեժ է լուծել իր հորեղբորից:

                            Ասում են՝ այստեղ ապրում է ոգի՝

                            Ուրվական (խելագար) ոգի…

Բացվում է վարագույրը

 Համլետը՝ կանգնած մեր տան հյուրասենյակում, իսկ հայրս՝ պառկած փայտե արկղի մեջ: Երկուսն էլ լուռ են: Սարսափելի լուռ: Անմարդկային: Երկուսի դեմքին էլ դիմախաղ չկա: Չկա շարժում: Անգամ չի լսվում շնչառությունը նրանց, թեև արտաքինից ամեն ինչ կարգին է թվում… թվո՞ւմ, ո՛չ. այլ է. Չգիտեմ՝ «թվումն» ինչ բան է:

Ոչ մելանագույն վերարկուս միայն,

Ոչ հանդիսավոր սև հանդերձները,

Ոչ էլ երեսի վշտահար տեսքը,

Կսկիծի բոլոր ձև ու կերպերի նշանների հետ

Կարող են երբեք հարազատորեն ներքինս հայտնել.

Դրանք բոլորն էլ ճիշտ է թվում են,

Բայց այստեղ ներսս այնպիսի բան կա, որ անց է ցույցից… լուռ մեռած մի բան: Ավելի շատ նման է զսպելուն: Սանձել լաց լինելու ցանկությունը: Զսպել կաթիլները, որ կարծրանում են կոկորդիցդ իջնելիս.

Պետք է գիտնաս, որ հայրդ նույնպես կորցրեց մի հայր,

Այդ կորած հայրն էլ կորցրեց իրենը…

Եմ

Խոնավ գետնանցումով քայլում եմ՝ շարունակելով թերթել նորությունները, իսկ դրանք անվերջ կարելի է թերթել, թերթել, թ    ե     ր    թ   ե    լ: Նրանք գիտեն քեզ հետաքրքրող ամեն ինչ: Քո փոխարեն կգտնեն, ցույց կտան: Չերևացող ընկերներդ էլ իրենց հերթին կկիսվեն տարբեր նորություններով, մտքերով: Ստիպված կտեսնես դրանք: Պարապությունից կկարդաս կամ ծուլությունից կանցնես առաջ: Կլայքես, որովհետև բարև տալու պես բան է դարձել. կթերթես առաջ:

ՊԱՏԵՐԱԶՄԸ ԴԵՌ ՉԻ ՎԵՐՋԱՑԵԼ

Կկարդաս, ու ոսկորներդ կջարդվեն: Բերանդ կլցվի դառնահամով, լեղապարկդ կթքես դուրս: Երիկամներդ կհանես ու քարերի փոխարեն ռումբեր կլցնես (hրամանատա՛ր, ստացել եմ կոորդինատները, հիմա երիկամային հարված կհասցնեմ թշնամուն, և աշխարհի երեսին մենք առանց նրանց կմնանք): Ոտնաթաթերդ կսառչեն, փորլուծություն կսկսվի: Սիրտդ դուրս կգա տեղից: Կդնես պարսատիկի կաշվե փոկի մեջ. ԿԿՐԱԿԵՍ ՈւՂԻՂ ՃԱԿԱՏԻՆ: Կվախենաս, կչարանաս, կհարցնես՝ ինչո՞ւ:

Դե՜, որովհետև պատերազմները երբեք չեն ավարտվում,

այլ ընդհատվում են Օլիմպիական խաղերով: Կրակը ձեռքիդ՝ վազում ես աշխարհով մեկ: Այն երբեք չի հանգչում, այլ մի ջահից անցնում է մյուսին: Չի վերջանում, որովհետև վերջին հասնելուն դեռ ժամանակ կա: Կսկսվի, երբ լինեն սով և համաճարակ: Երբ կմնանք տանն ու դուրս կգանք տնից հատուկ թերթիկներով՝ պահպանելով սոցցանցերի հեռավորություն: Կմնանք տանն ու կլինենք օնլայն: Սա նոր չքնաղ աշխարհի սկիզբն է, որ համբերատար կքողարկի ՀԻՆԸ թաքուն, աննկատ: Քայլ առ քայլ մեզ կծծի իր մեջ: Ու մի օր կանցնես փողոցներով՝ փորձելով գտնել դեմքեր: Կփորձես անծանոթ մեկի հայացքը որսալ ու չես գտնի: Կնստես նստարանին՝ մտածելով՝ երբ տեղի ունեցավ ամենը: Հայացքդ կընկնի խաչքարի դիմաց տարօրինակ շարժումներ անող մեկին: Խելագա՞ր է: Հետո կտեսնես հեռախոսը, որով իրեն է նկարում: Կհասկանաս՝ աշխարհը փոխվել է, խելագարները՝ նույնպես: Մենք նոր վայրում ենք հայտնվել: Վայր, որտեղ Մեծ Եղբայրդ միշտ հետևում է քեզ: Վայր, որտեղ ջախջախվել է արժեքը: Որտեղ խաչին կապիկ է խաչված: Որտեղ ամեն հարյուրերորդ վայրկյանին մի նոր նկար, տեսահոլովակ, մեկնաբանություն է հայտնվում, որոնք կոչնչացնեն քեզ (այդ աշխարհում), եթե մրցունակ չդառնաս:

Դու հայտնվել ես ցանցում, Ձկնի՛կս.

մինչ էդտեղ խճճված ուզում ես հարմար դիրք գտնել, նրանք կխորովեն քեզ…

Դեկտեմբերի 25-ին James Webb տիեզերանավը վերջապես բարձրացավ Տիեզերք:

Այսօր դարձա 23 տարեկան. Shine on, you 23:

Ռոնալդուն գոլ խփեց Մանչեստերի կազմում. See:

#yellow

#TheShowMustGoOn

Հունիս 16. Կենացդ, Ջո՛յս:

ՊՐԵՄԻԵՐԱ

 Հոկտեմբերի 1-ին:

 Չէպիկական ներկայացում…

 Շուբերտը նվագում է ինձ համար և այս չորս աղջկա, որ կանգնած են բեմին կամ եզրին ծովի:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *