Աշոտ Ալեքսանյան | Զուգաշխարհներ

(Հատված)

Զատկի ավագ շաբաթվա երեկոյան, փողոցով քայլելիս զարմանալի միջադեպի ականատես եղա: Այլմոլորակային մեկը փորձում էր հավաքվածներին համոզել իր ով կամ ինչ լինելը: Ոչ ոք չէր հավատում: Խոսում էր աշխարհի բոլոր լեզուներով՝ միաժամանակ, ոչ ոք չէր հասկանում: Կերպարանափոխությունների էր տրվում, վերածվում կենդանու ու թռչունի, հրեշտակի ու հրեշի, չէր տեսնում ոչ ոք: Ստիպված որոշեց իր իրական կերպարանքով ներկայանալ, բոլորը սկսեցին ծիծաղել, քրքջալ, դե քանի որ շատ էր նման Սարդամարդուն: Ասաց, որ իր քաղաքակրթությունը իրեն գործուղել է երկիր մոլորակ՝ բնակիչների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկություններ հավաքագրելու նպատակով: Ասաց, որ ինքը մենակ չէ, իր հետ երկիր են ժամանել Մեծ Շան համաստեղության ևս երկու հետախույզներ: Այս պահին նրանք փաստահավաքչական աշխատանքներ են տանում մոլորակի տարբեր լայնություններում: Անհաջող ու համառամիտ կատակի  տպավորությունից սրտնեղած՝ ժողովուրդը սկսեց կամաց-կամաց ցրվել: Խեղճ արարածը անզորությունից սմքեց, հետո գետնից պոկվելով՝ տիեզերական երրորդ արագությամբ երկինք համբարձվեց:

Հիմա ոչ ոքի ոչնչով չես զարմացնի, մի պահ անցավ մտքովս: Մարդիկ սովորել են անսովոր երևույթներին: Հավատալու կամ չհավատալու խնդիր չկա, ամեն ինչ կարող է պատահել, ամենայն ինչ հնարավոր է ու անհնարինը ակնհայտ: Մեր Տեր Հիսուս Քրիստոսն ինքն էլ, հուսահատությունից, թե նախանձախնդրությունից դրդված, ժամանակին զիջման գնաց մարդկային գերիրապաշտությանը՝ ռացիոնալիզմին, ասելով. Եթե ի՛նձ չեք հավատում, գոնե իմ արածների՛ն հավատացեք: Նույնիսկ աշակերտները չհավատացին: Երկու դեպքում էլ, փաստորեն, վերերկրային ուժերի կողմից մարդուն ճանաչելու չլուծված, այլև անհաղթահարելի խնդիր կա: Հետևաբար, մարդ արարածը ոչ միայն ինքն իրեն չի ճանաչում, այլև անճանաչելի է նաև իրեն ծնող և իրեն հանդուրժող ուժերի կողմից: Ո՞րն է, հետևաբար, մարդուս անճանաչելի դարձնող այդ գաղտնիքը: Ըստ երևույթին այն, որ դատողական գործունեության գլխավոր առարկան ճշմարտության ճանաչողությունն է, սակայն միշտ չէ, որ ճշմարտությունը իրականության արտացոլումն է: Ուստի խնդիրը բազմակի իրականությունների գոյության մեջ է: Սրբությունը, գերբնականությունը, անդրենածնությունը, նույն այս մեր մարդակենտրոն աշխարհընկալումը տարբեր իրականություններ են, ինքնակա գոյություններ և հետևաբար միանգամայն անհամարժեք ու իրար հետ չխաչաձևվող ճշմարտություններ:

***

Մարդկային մտածողությունը իրերն ու երևույթներն ընկալում է այնպես և այնքանով, ինչպես և որքանով ինքը տիրապետություն ունի նրանց վրա, ավելին իրեն կամ չի հետաքրքրում կամ եթե հետաքրքրում է, ապա զուտ գործնական կարիքները հոգալու տեսակետից: Անհայտը կամ հրաշալին մարդկային մտածողությունը խաթարող մեծություններ են, դրանք նրան հետաքրքրում են զուտ կյանքի պարապը լցնելու կարիքից դրդված, բայցևայնպես չեն զբաղեցնում նրա անգամ հավաքական միտքը: Կրոնական գիտակցությունը, գիտական ճանաչողությունը, անդրաշխարհների մասին իմացությունը թերևս ընդլայնում է մարդուս ճանաչողական մտահորիզոնը, բայց նրա էությունը չի փոխում: Մինչդեռ գլխավոր խնդիրը հենց այդ էություն կոչվածի ճանաչումը պետք է լիներ, որն այդպես էլ տեղի չի ունենում: Գիտնականները տարբեր միջոցներով ու հաշվանքի համակարգերով փորձում են բացատրել աշխարհն ու մարդկային հոգեբանութան, այլև կենսագործունեության հիմնարար դրսևորումները: Եվ ի՞նչ: Ճանաչողության ծավալների քանակական ընդլայնումը երբեք էլ որակական հանգրվանի չի հանգեցնում: Որքան մարդիկ ավելի են քաղաքակրթվում ու գիտելիք կուտակում, այնքան ավելի թերահավատ են դառնում իրենց շրջապատող հրաշափառ ու ճանաչողությանն անենթակա երևույթների հանդեպ ու նաև անտարբեր՝ ավելի ու ավելի հակվելով դեպի հարմարավետության ու ինքնահնար վայելքի հավելաճը: Բայց չէ՞ որ խնդիրը, ի սկզբանէ, կարծես թե հոգեմտավոր դաշտի իրական ընդարձակմանն էր վերաբերում, ընդսմին՝ հրաշալիի հետ հաղորդակցմանն ու անհայտի հայտնաբերմանը, ինչը միանգամայն հետին պլան է մղվել նյութապաշտության այս նորագույն կրոնի թելադրանքով: Եվ միայն հիվանդությունն ու մահն են, որ դեռ մարդուս հեռավոր թելերով կապում են անդրաշխարհային գոյության ու կրոնական գիտակցության հիմնակաղապարային արժեքներին:

***

Տունդարձի ճանապարհին քամին ուժգնացավ ու սկսեց հորդառատ անձրև տեղալ: Ինձ մի կերպ գցեցի առաջին պատահած պանդոկը, որի պատերի մեջ ներծծված գարեջրի թմրեցնող բուրմունքը անմիջապես էլ ինձ իր կողմը գրավեց: Մի գավաթ գարեջուր պատվիրեցի ու կամաց-կամաց դատարկեցի այն, ինչպես ասում են՝ ցմրուր: Երկրորդ գավաթն էլ ձեռքս առա, որ ներծծեմ պարունակությունը, բայց, ո՜վ զարմանք, նկատեցի որ դիմացս նստած է մեր այլմոլորակային բարեկամը՝ ճիշտ և ճիշտ մարդկային կերպարանքով, միայն թե մոռացել էր դեմքի օտարոտի արտահայտությունը սքողել:

Ասացի.- Բարև, ի՞նչ կա:

Զգալով, որ իրեն չի հաջողվելու ծպտված մնալ, անմիջապես էլ արձագանքեց.

– Որտե՞ղ, Ձեր կողմերու՞մ, թե՞ ընդհանրապես:

Ասացի.– Ամենուր՝ այստեղ, այնտեղ և ամեն տեղ: Կոնկրետ և ընդհանրական իմաստով:

Ասաց.– Եթե դու ինձ անմիջապես նկատեցիր, ուրեմն քո մեջ հակում կա մեզ հետ կապի մեջ մտնելու: Դու կապավո՛ր ես:  Դու հավատու՛մ ես, չէ՞, որ մենք կանք:

Պատասխանեցի.– Չէ, ես պարզապես տեսնում եմ և արձանագրում առկա փաստը: Հավատա՞լս որն է: Հավատ կոչվածն ընդհանրապես կապ չունի ճանաչողական գիտելիքի հետ: Ընդհակառակը, եթե ինչ որ բանի հավատում ես, ուրեմն չես ճանաչում այն: Ձեր կողմերու՞մ ինչպես է:

Զրուցակիցս, առանց որ խորիմաստ դեմքի արտահայտություն ընդունելու, վրա բերեց.– Նույնն է, ճի՛շտ և ճի՛շտ նույնը: Բոլոր մտածող էակներն էլ մեծ հաշվով նույնական են, ավել կամ պակաս իմացական կարողություններով: Այդ իսկ պատճառով ինձ ավելի հետաքրքրում են ո՛չ այնքան ձեր իմացական կարողությունները, որքան որ կյանքը կազմակերպելու մղումները, և դրանից բխող ուրախություններն ու տխրությունները, մասնավորապես կյանքի իմաստի ու երջանկության ձեր պատկերացումը:

– Ասեմ,- վրա բերցի ես,- երևի թե այս հարցում էլ մեր միջև էական տարբերություններ չպետք է որ լինեն: Դուք էլ եք չէ՞ սիրում, ատում, ձգտում հարմարավետ կյանքի, մարդկանց բաժանում եք յուրայինների ու օտարների և աշխատում եք հնարավորինս սահմանափակել միջանձնային շփումների ծավալային մակարդակը:

– Մոտավորապես: Դե քանի որ մեզանում անձնավորությունները, ասել է թե՝ անձնավորված առանձնյակների տեսականին շատ էլ մեծ չէ, մենք՝ սիրիուսցիներս, հիմնականում հինգ տարատեսակով ենք աշխարհին ներկայանում. սառնարյուններ, տաքգլուխներ, ինքնապարտադրվողներ, զգայացունցներ և մտախռովներ: Եզրույթներս հասկանալի՞ են, թե բացատրության կարիք կա:

– Թերևս ամեն ինչ պարզ է: Պարզ չէ միայն, թե ինչու՞ ձեզանում չկան հայրենասերներ: Չէ՞ որ, ուզում եմ հավատալ, որ այդ զգացմունքը ձեզ ևս խորթ չէ: Թե՞ բացատրության կարիք կա:

– Չկա: Դե քանի որ մեզանում այդ զգացմունքը վերջին ժամանակներս արմատախիլ է արված, ընդսմին, հանրաքվեի միջոցով:

– Հա, բայց ինչպե՞ս կարելի է արմատախիլ անել մի բան, ինչը միս ու արյուն է դարձել, ինչպես, օրինակ, սեռական պատկանելությունը կամ բնազդը: Թե՞ դա էլ եք արմատախիլ արել՝ քոքից, և բազմանում եք առանց աչք թարթելու, ինքնաբեղմնավորմամբ:

– Դե դուք էլ եք, ինչպես տեսնում եմ, մոտեցել այդ հանգրվանին, մի քսան-երեսուն տարուց կամ գուցե հարյուր այլևս պարտադիր չի լինի կենակցելը՝ ինչ է թե ձեր շարունակությունը ապահովելու նպատակով: Իմիջիայլոց, այդ մեթոդը դուք հիմա էլ եք կիրառում, և դա շատ բացահայտ է ու աստիճանաբար ավելի լայն տարածում է գտնում: Ինչ վերաբերում է հայրենասիրություն կոչվածին, ապա այն մեր մեջ արմատախիլ է արված ո՛չ թե որովհետև մենք այդպես ենք որոշել, այլ որովհետև դրա գոյության անհրաժեշտությունն է վերացել: Ուստի և մենք մեր հանրաքվեին հարցը ձևակերպել էինք ոչ թե կա՞ արդյոք, թե՞ ոչ հայրենասիրություն ասվածը, այլ թե ինչպե՞ս վարվենք այդ բառի գործածականության հետ, որն արդեն իսկ դուրս է մղվել մեր բառապաշարից: Կամ պետք էր այդ բառի իմաստը ընդլայնել և որպես արխաիզմ դիտարկել կամ այն կացրդել, կցել որևէ այլ բառի՝ ենթիմաստային գործածականությամբ, և հասարակությունն ընտրեց այն որպես եսասիրություն բառի հոմանիշ գործածելու տարբերակը:  Չնայած վերջինս էլ շատ շուտով դուրս է մղվելու ընդհանուր օգտագործման բառապաշարից, քանի որ այն ևս վերանալու շեմին է: Մի խոսքով՝ դու ինձ հասկացար:

– Դե ո՞վ ունի ձեր պրոբլեմները: Եվ հաճա՞խ եք բառիմաստների վերաբերյալ հանրաքվեներ անցկացնում ձեր այդ հեռաստաններում:

– Պետք է խոստովանեմ, որ գնալով ավելի ու ավելի ենք ստիպված լինում այդ հնարքին դիմելու: Այ վերջերս, օրինակ, մի ամբողջ խումբ բառեր դուրս գրեցինք մեր բառապաշարից: Դրանք հիմնականում վերաբերում էին չափման միավորներին և որոշ մակբայների կամ մակբայաբար գործածվող գոյականների: Մասնավորապես՝ լուսային տարի, փարսանգ, իսկ մակբայներից՝ հատկապես ժամանակ արտահայտողները՝ ընդմիշտ, անվերջ, հավետ, հավիտյան: Այս վերջինները անիմաստ բառեր են, քանի որ մեք ապրում ենք այդ նույն հավիտենության մեջ, ի սկզբանէ կանք և միշտ էլ լինելու ենք: Իսկ չափի միավորները պարզապես սխալմունքի արդյունք են, քանի որ ես իմ տարածքից այստեղ եմ գալիս առանց որ ժամանակի մեջ տեղափոխվելու, քանզի ժամանակ ասվածը մոլորություն է և այն ընդհանրապես գոյություն չունի:

– Այդպես, այդպես: Իսկ ի՞նչ կասես սերունդների հերթափոխի մասին: Թե՞ դրանք ևս ժամանակի մեջ չեն հաջորդում իրար: Չգիտեմ ձեզանում ինչպես է, բայց երկիր մոլորակի վրա հին պատկերացումները ոչ միայն տիրապետող են, այլև իրականության մեջ դրանք հենց այդպես էլ կան: Առանց դրանց մենք պարզապես յոլա գնալ չենք կարող, դե քանի որ մեր իրականությունն է այդպիսին՝ կպչուն ու ինքնապարտադրվող:

– Շատ լավ է, որ եկար-հասար այդ ամենակարևոր հասկացությանը. իրականություն: Դուք իրական եք համարում այն, ինչը կա և չի կարող չլինել, այդպե՞ս է:

– Դե հա՛:

– Իսկ մենք այդ նույն իրականություն բառիմաստի մեջ ենք մտցրել ինչպես ողջ գոյություն ունեցողը, այնպես էլ չունեցողը, քանի որ գոյություն չունեցող պարզապես չկա:

– Դե դա զուտ իմաստակություն է, մեջը փուչ, կամ ինչպես մեզանում է ընդունված ասել՝ ծակ փիլիսոփայություն և ընդամենը:

– Դա նրանից է, որ դուք, երկրաբնակներդ, ձեր այդ թվացյալ մտածողության գերին եք, փոխանակ նրա տերը լինելու… դուք մտածում եք ոչ թե ձեր ներսից, այսպես կոչված ներքուստ, ինքնաբուխ, այլ ձեր շուրջը թևածող մտապատկերների ցաքուցրիվ կույտերից, քաղվածաբար, պատառիկներ եք մակաղելու պես որոճում և դրանք առինքնելով, դեռևս կիսամարս վիճակում, որպես պատրաստի թերկատար արտադրանք փղձկալու պես դուրս տալիս:

– Օրինակ…

– Օրինակ, երբ ասում եք՝ ես քեզ սիրում եմ, ես ուզում եմ ճանաչել աշխարհը կամ ես քաղցած եմ ու ծարավ, դրանով դուք նույն բանն եք ասում, այն, որ ձեզ միշտ էլ ինչ որ բան է պակասում՝ ձեր միջի պարապը, դատարկությունը լցնելու համար: Դուք դրսում տեսնում եք բնապատկերներ, քաղաքային որևէ տեսարան, երկինքը իր օդերևույթներով ու լուսատուներով, առանձին մարդու կամ կենդանական ու բուսական աշխարհի ներկայացուցիչներին և դրանք, ամբողջապես կամ մասնակիորեն, ներառում կամ ընկլուզում եք ձեր մեջ, ավելի դիպուկ ասած՝ ծամծմելով կուլ եք տալիս այդ ամենը: Եվ երբ արդեն կուշտ եք ու աչք ու որկորը հագեցած, կամաց-կամաց սկսում եք ձեր պատառոտած ու հոշոտած կերակուրները մաս առ մաս դուրս տալ՝ արտաթորանքի տեսքով ու ձեր միջով անցկացված մտապատկերների: Արդյունքում ձեզանից, ձեր աղեստամոքսային տրակտից ու գանգուղեղի հակազդեցական ծալքերից արտազատված թվացողական պատկերները, մտքի կամ զգացմունքի հավելախառնուրդով, վերադարձնում եք պատառ-պատառ արված նախաստեղծ իրականության այլևս այլակերպված փոփոխակին: Լուսինը դառնում է լուսնեղջույր, արևը արեգակի սկավառակ, սովորական ծառը՝ կենաց ծառ, պաշտպանիչ-հովանի կամ առնվազն օջախը ջերմացնող վառելափայտ, ինքնաշեն սրճարան-տաղավարը ծխելատեղի ու հանդիպավայր, գետն ու լեռը՝ հայրենի եզերք, հակառակ սեռի կոնկրետ ներկայացուցչին տիրանալու մարմաջը՝ աննյութական, հոգեպարար սեր, պարզապես կենակցության հակումը՝ սեռական պահանջմունք, կենցաղվարական, տեխնիկատնտեսական ու վերացական թեմաներով դատողականության ցուցադրական պոռթկումները՝ սեփական փորձառությամբ ու իրազեկվածության չափաբաժնով պայմանավորված աշխարհաճանաչողական գիտելիք: Ինչպես որ ձեր շնչածի ու արտաշնչածի բաղադրությունն է տարբեր, այնպես էլ ձեր ընկալածի ու արտահայտածի: Դուք նայում եք դիմացը փռված անծայրածիր ծովին ու մտածում եք ձեր ծովածավալ տենչանքների ու խորտակված երազանքների մասին, նայում եք սաղարթախիտ անտառին, որ ձեր ամենօրյա թթվածնի պաշարն է ապահովում, և խորհում եք քաղաքային եռուզեռին անձնատուր ձեր մանր-մունր հաճույքներին վերադառնալու մասին: Երկրային անդաստաններն ու երկնային հեռաստանները պայթեցնում են ձեր մեջ բնավորված բնազդածին ձգտումների բնարմատը, դրանով ավելի ու ավելի նեղացնելով ձեր մտահորիզոնի առաձգական շերտը ու խունացնում իրական հեռանկարների գունապնակը, որ ծիածանի գույներից է անդրադարձվում…

…Մինչ ես ուշիուշով լսում էի երկնառաք պատգամաբերի երկայնաշունչ ատենախոսությունը, հանկարծ ինձ բռնացրեցի այն զգացողության ճիրաններում, որ ինքս իմ աչքի առաջ հանկարծակի ծերացա, ողջ մաշկս կնճռապատվեց, ես ամբողջովին սմքեցի ու սովորական սովորույթի պես՝ երկրային դանդաղընթացին անձնատուր, գլխովին խրվեցի երկրակեղևի հատուկ ինձ համար ի պահ տրված մարդահասակ խորխորատը: Պարզ ասած՝ ոտքիս տակի առաթուր հողի հաստաբեստ շերտը ճեղքելով՝ գետնի տակ անցա: Դիմացինս, որ այս ամբողջ խոսակցության ընթացքում, շունչ առնելու կարճատև միջոցներին, պարբերաբար իր բարձաշխարհն էր երթևեկում, նույնիսկ չզարմացավ, անգամ աչքը չթարթեց, և ի վերջո մեն-մենակ մնաց իր չհասկացվածության մեջ: Ու այս ողջ պատահարը մեկ ակնթարթի մեջ իմաստազրկվեց:

***

Սակայն այս պատմությունը այսքանով չվերջացավ, ինչպես որ չեն վերջանում բոլոր այն պատմությունները, որոնք չեն ուզում վերջանալ: Հետևաբար, մի գեղեցիկ օր էլեկտրոնային փոստիս տարօրինակ մի նամակ եկավ: Առաքման հասցեն էր՝ Ծիր Կաթին, Մեծ Շան համաստեղություն, Սիրիուս Ա մոլորակ կամ որ նույնն է՝ Շնաստղ: Նամակագրի վանդակում գրված էր՝ Շունշանորդի դրոն Իդրոնաշնուշ: Գրության նպատակի դաշտում նշված էր՝ Հավերժական ողջույն ժամանակավոր Մարդորդի դրոդ Իդրոդրամին: Կապավորին:

Պահը պարտավորեցնող էր, որովհետև ստիպված էի ընտրություն կատարել երեք կարելիությունների միջև.

ա. Հավատալ և վստահել նամակի իսկությանը

բ. Համարել այն համացանցային վիրուս

գ. Դիտարկել իբրև կեղծանուն ֆեյք:

Կարող եք ինձ առարկել՝ ասելով, որ մինչև այդ երեք կարելիությունների հանրահռչակումը, նախ և առաջ գուցե պետք էր որ ես հաղորդագրության տեքստը գոնե աչքովս անցկացնեի: Սակայն բանն էլ հենց այն էր, որ տեքստ կոչվածը, որպես այդպիսին, կարելի է ասել, ըստ էության, բացակայում էր: Հաղորդագրության դաշտում Օրիոնի համաստեղության երեք աստղերն էին իծաշարուկ՝ մի գծի վրա զետեղված, որ չորրորդ մի աստղ էին նշագծում, որ նույն ինքը Շնաստղն էր, մոտավորապես Ա. դը Ս. Էքզյուպերիի մատիտանկարներին պատշաճող՝

          •

Ընդամենն այսքանը: Աստղագիտությունից հայտնի է, որ Օրիոնի գոտու երեք աստղերը ուղիղ գծով հենց Սիրիուսն են ցուցանում: Դեռևս բաբելոնացիները ի դեմս այս Սիրիուսի տեսնում էին մի շան՝ որսորդ Օրիոնին ուղեկցող: Հին եգիպտացիք ևս այս աստղաբույլում իրենց Իսիս կամ Անուբիս աստվածներին էին պատկերացնում: Հույներն էլ Սիրիուսը նույնացնում էին Ավրորայի արագավազ շան հետ, բայց նաև Օրիոնի որսորդական շունն էին համարում:

Եվ ուրեմն, ընթերցողի գլուխը ավելորդաբանություններով  չծանրացնելու բարեպատշաճությունից դրդված, վերևում հիշատակված երկրորդ և երրորդ կարելիությունները հենց շեմքից զանց առնելով, կարճ կապելով ասեմ, դե իհարկե, կասկած չկար, որ նամակի հեղինակը նույն ինքը այս պատմության նախընթեր դրվագներում մեզ բոլորիս քաջածանոթ սարդամարդն էր, պարզվում է՝ Շունշանորդի դրոն Իդրոնաշնուշը, ով այդ շատ բան ասող և ոչինչ չասող քառաստղ պատկերագրությունն ուղարկել էր ինձ՝ նվաստիս, ավելի ճիշտ, ըստ նրա՝ Մարդորդի դրոդ Իդրոդրամիս:

Հիմա կասեք, ինչպե՞ս իմացա, որ մի գծի վրա իծաշարուկ այդ երեք փոքր և մեկ եռամեծ կետերը հենց և հենց հիշյալ համաստեղություններն են խորհրդանշելու պես մատնանշում: Բայց այստեղ ես ձեզ կհակադարձեմ, ընդ որում՝ չորով. Իսկ դուք ի՞նչ էիք կարծում, չէ՞ որ պատմությունն այս կարծեմ ինքս եմ գրում և, հետևաբար, պետք է, չէ՞, նախապես իմանամ ինչն-ինչոց է և ընդհանրապես որը որից հետո է: Սա ես ասում եմ նրա համար, որ այլևս կասկածներ չլինեն իմ այս պատմության իսկության առնչությամբ, որովհետև, ինչպես ասացի, ինքս եմ այն այս պահին գրի առնում, ինչն էլ հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, սրան էլ հո չե՞ք կարող առարկել:

Եվ այսպես, շարունակելով պատմությունս, ասեմ, որ աստղերի այդ գծապատկերը ամենևին ինձ չշլացրեց, քանի որ դրանից ես ոչ շիլ դարձա, ոչ էլ շլմորեցի, ընդհակառակը, անթարթ հայացքս հաղորդագրությանը հառած՝ անմիջապես հասկացա, որ ուր որ է երկինքներից ինձ լուր է գալու, գուցե հյուր է գալու, և ես ամեն ինչ՝ բան ու գործ թողած, լցվեցի լուրն այդ նախաըմբոշխնելու սպասումով, թերևս օրեր, շաբաթներ շարունակ: Էլ ո՛չ աշխատանքի էի գնում, ո՛չ ընտանիքիս կարիքներն էի հոգում, ո՛չ էլ իմ… թերևս միայն ամենանհետաձգելիներն ու ինձանից չկախվածները մի կերպ ճանապարհ դնելով: Ո՛չ ուտում էի, ո՛չ խմում, դե որովհետև ամբողջ ժամանակ քնած էի, բայց արթմնի ուղեղով: Ու մեկ էլ, Wow! Շունշանորդին Շնաստղից ուղիղ դիմացս հայտնվեց: Էլ ոչ տարավ, ոչ բերեց ու ասաց.

  • Հը, ի՞նչ կա, չկա: Ծերանում ենք, տկարանում, բայց վատ սովորույթներից չենք հրաժարվում: Ուտուշ-խմուշ-կատվացատք, դե իսկ ծխելու ու սրանից-նրանից բամբասելով օրը լցնելու սովորության մասին չեմ էլ խոսում: Այս պահին ես ձեր կողմերում տիրապետող մի շատ ավելի հիմնարար, ես կասեի նույնիսկ գերարդիական և հոռի կենցաղավարման կերպի մասին կուզենայի ակնարկել, այն է՝ հովանավորչության և դրանից բխող կոռուպցիոն ռիսկերի, եթե կարելի է այս, ձեզ համար անպատվաբեր, ո՛չ հայեցի բառազույգը օգտագործել: Սրան դուք կարծեմ ԽԾԲ եք ասում, այնպես չէ՞:
  • Այնպես չէ, որ այդպես չէ: Խնամի-ծանոթ-բարեկամ եռամիասնությունն այսօր էլ դեռ արդիականությունը չի կորցել, բայց ես չեմ հասկանում, թե դա ի՞նչ կապ ունի քո նշած այն մյուս վատ սովորույթների հետ:
  • Բայց չէ՞ որ սա էլ ԽԾԲ է՝ խմել-ծխել-բռնասիրել, կամ խաբխբել-ծախծխել-բամբասել: Այնպես չէ, որ մենք այս հոռի սովորույթներին ու բարքերին ամենևին ծանոթ չենք, բայց մենք երբեմնակի դրանց ենք տրվում բարձր բարոյական կյանքի պատճառած ձանձրույթից դրդված, որպես ինքնաձաղկման ձև և այդ վտանգավոր արատներից զգուշանալու միջոց: Օրենքն ասում է, որ մենք՝ սիրիուսցիներս, միայն կամավոր ցանկության դեպքում կարող ենք, նաև պարտավոր ենք ձեռք զարկել այդ արատավոր երևույթներին, փորձել դրանք, եթե արդեն իսկ մտքովդ անցել է այդպիսիք գործել, որ չլինի թե ինքդ քեզ անաղարտ, անխոցելի ու գայթակղություններին չտրվող համարես ու այդպիսով մեծամտանաս: Օրենքն ասում է, որ բարոյական էակը, ժամանակ առ ժամանակ, ինչ-ինչ անբարոյական աղտեղություններ պետք է ինքզինքը թույլ տա, որպեսզի կրկին ու վերստին վստահանա իր բարոյական բարձր կերպարի ճշմարտացիության մեջ:
  • Ա՜յ քեզ բարոյականություն… Եվ որքա՞ն հաճախ եք դուք, ձեր այդ բարձունքներում, անբարոյական արարքներ ձեզ թույլ տալիս, որպեսզի վստահանաք դրանց պարսավելիության առնչությամբ:
  • Ոչ թե հաճախ, այլ կարելի է ասել միշտ և անընդհատաբար, դե քանի որ հավերժության մեջ երբեմն ասածը, գումարային տեսքով, ի վերջո անսահմանության է ձգտում, որովհետև ոչ սկիզբ կա, ոչ վերջ, և նման պայմաններում որքան էլ, թեկուզ միլիոնից մեկ, պախարակելի արարքներ քեզ թույլ տաս, ստացվում է, որ այդպիսիք քեզ հենց հավերժապես էլ թույլ ես տալիս և ընդամենը: Այս առումով, դուք ձեր այս կարճատև կյանքի ընթացքում, եթե անգամ առավոտից գիշեր հենց միայն անբարոյական աղտեղություններով զբաղվեք, հոռի բարքերին տրվեք, միևնույն է՝ բացարձակ և քանակական առումներով երբեք մեզ չեք հասնի…
  • Սպասի՛ր, սպասի՛ր: Դու հիմա այդ ի՞նչ ես դուրս տալիս: Դու հիմա բարոյական կյանքի՞, թե՞ անբարոյականության գովքն ես անում, չեմ հասկանում:
  • Ուզում եմ ասել, որ հավերժության մեջ ամենայն ինչ թույլատրելի է և թույլատրված, բայց դուք, որքան էլ սրբակենցաղ վարքով ապրեք, միևնույն է՝ թաղված եք անբարոյականության ճիրաններում, որովհետև վերջավոր եք ու անհեռանկարային…
  • Այսինքն, այն ինչ թույլատրված է հավերժական կյանքում, արգելված կամ հակացուցվա՞ծ է մահկանացու մարդուն: Դու դա՞ ես ուզում ասել, թե՞ մենք իրար չենք հասկանում:
  • Դու մոտեցար ճշմարտությանը, բայց նույն պահին ևեթ հեռացար նրանից, որովհետև դու ամեն ինչ ընկալում ես քո ոչ սահմանախախտ, որ է՝ սահմանափակ մտածողության դիրքերից: Դու ինչպե՞ս կարող ես հավակնել իմանալ, թե ինչ բան է ճշմարտությունը, երբ դրանով առաջնորդվելու ո՛չ հնարավորություն ունես, ո՛չ էլ ժամանակ և մանավանդ՝ կարիք: Դուք, երկրի բնակիչներդ, ձեզ բաժին հանված կյանքի ժամանակի մեջ տեղավորվելու չլուծված խնդիր ունեք, մինչդեռ հավերժական ճշմարտությունների մասին եք ճամարտակում ու դեռ հավակնում եք դրանցով առաջնորդվել կամ այդպես ապրել: Դուք չեք էլ պատկերացնում, թե որքան ծիծաղելի եք ձեր այդ գերհավակնոտ ձգտումների մեջ: Որքան ավելի շատ եք դուք բարձր բարոյական արժեքներից ու հավերժական ճշմարտություններից խոսում, այնքան ավելի եք խրվում անբարոյականության ու ստի սարդոստայնի մեջ: Ես դա ձեզ ասում եմ որպես սարդամարդ, ով լավատեղյակ է սարդոստայնն ընկածի հոգեմտավոր տվայտանքներին, նրան իբրև թե այդ ընթացքում պաշարած գլխից մեծ գաղափարներին, առավել ևս՝ դրանցով առաջնորդվելու կեղակարծ մտասևեռումին, գաղափարներ, որպիսիք ձեզանում թեև տեսականորեն կան, առմտածվում են, սակայն գործնականում չեն կարող կիրառություն գտնել և հետևաբար՝ ոչ ևս են: Այդպիսիք, ձեր այդ պայմաններում կամ, ինչպես դուք եք սիրում ասել, ստեղծված հանգամանքներում միմիայն փրկվելու ու փրկագնվելու մասին են մտածում, էլ ուր մնաց գործեն հանուն բարձրագույն, անանձնական արժեքների: Այս մասին ձեր այդ նախկին կապավորներից մեկն է, կարծեմ տևտոնացի Գոթֆրիդ Բեն էր անունը, բանաստեղծորեն շատ դիպուկ նկատել իր հռչակավոր ԴԵՊԻ ՈՒՐ քերթվածում, որը մեր դպրոցներում էլ է դասավանդվում, ահավասի՛կ.

Էլ ու՞ր կարող ես ինձ առաջնորդել,

ի՛նձ, ում աստղերն են դյութում վաղուց,

շնչու՞մ, զգու՞մ է հեռաստանը դեռ

խորաստանները գիշերամատույց:

Էլ ինչի՞ց պիտի փրկես դու ինձ,

ումից ամեն ինչ հոսում է, փախչում.

ձայները՝ գուժկան, թե՛ ավետումի,

ի՛նձ, ում կեղևն է քամուց խշշում:

Էլ ինչու՞ ես դու իմ ունկը մաշում,

և ինչի՞ համար, հանուն ինչի՞.

սարդոստայն ընկածն է միայն հաշվում

ժամն իր անկումի՝ ամենավերջին:

Ասված է և շատ լավ է ասված: Խոսք չկա, դուք դա շատ լավ եք կարողանում ասե՛լ, հայտնի չէ միայն, թե դրանով դուք ի՞նչ եք ուզում անե՛լ. այն, որ դուք ամեն ինչ, ողջ տիեզերակառույցը շատ լավ եք հասկանում, թերևս վիճարկելի չէ, սակայն դրանով ուղղորդվելը ձեր ուժերից ոչ միայն վեր է, այլև անպատկերացնելի, քանի որ պատկերացնել կարելի է միայն հնարավորը: Ուստի ձեր այդ գովաբանյալ, թվացյալ շարժունակության մեջ դուք մեխվածի պես անշարժացած եք նույն կետում, իմանալով ողջ ճշմարտությունը, ձեզ համար՝ դաժան, դուք մնում եք ինքնախաբկանքին անձնատուր և հետևաբար՝ անշրջահայաց: Նույն այդ ձեր բանաստեղծն ասում է ճշմարտություններ, որոնցով մենք՝ սիրիուսցիներս, լավագույնս ճանաչում ենք ձեզ, ձեր հոգեմտավոր խարխափումներն ու ձեր գործունյա անգործնականությունը, ձեր ուղեղներում դրված արգելանքը՝ տաբուն.

Ուղղություններ ցուցանելը,

գործառելը,

ժամանելը և մեկնելը

բնույթն է այս աշխարհի՝

անհստակատես:

Պատուհանիս առաջին

– իմաստունն է բարբառում –

մի հովիտ է ընկած, ուր

ստվերներն են ժողովված,

երկու բարդի մի ճամփա են ցուցանում,

դու գիտես՝ թե դեպի ուր:

Հեռաստանի պաշտամունքը

հոմանիշն է մշտանշարժի.

գծանշել,

գծերն առաջ տանել՝ պտտել՝

ըստ գալարման օրենքի –

պալարները ցողել-շաղել-,

նաև պարսերն ագռավների,

արտանետել վաղ երկնքի շառագույնի մեջ ձմռան,

ապա թողնել որ տապալվի –

դու գիտես՝ թե հանուն ում:

– Դե հերի՛ք է մեր մասին մեր իսկ բանաստեղծների հեգած ճշմարտություններով դասեր տաս մեզ, իմաստնությա՛ն դասեր: Հասկացանք, որ մենք՝ անձնապես, մահկանացու ենք, բայց դա չի նշանակում, որ քո այդ հավերժության դիրքերից, ինչպես մեզանում են ասում՝ էն, որ ձենդ տաք տեղից է գալիս, կարող ես մեր գլխին խրատներ կարդալ: Ի վերջո, ինչպես որ դուք, մենք ևս գտել ենք հավերժական կյանքի մեր ձևն ու բովանդակությունը: Դրանք իրարից արտաքուստ տարբեր են, սակայն, ըստ էության, նույնական են:

Այստեղ խոսակիցս հետաքրքրությունից աչքերը չռեց: Նա զարմացել էր, որ ես՝ վերջավորս, պատրաստվում էի մեր այս երկրային կյանքի կարճատև ժամանակը հավերժության հետ հարաբերել: Հետո նա մտածեց, թե գուցե ես հիմա հերթական այլաբանական ինչ-որ պատկերն էի իրեն հրամցնելու, որպիսիք շատ ընդունված են մեր այս երկրային միջավայրում. ինչպես, օրինակ, հոգու հավերժության, հետմահու կյանքի կամ սերունդների հերթափոխի հանգույն մի բան: Բայց նա չարաչար սխալվեց, որովհետև ես անմիջապես, առանց տանել-բերելու, ասացի.

– Մեզ տրված այս կյանքի ժամանակը միանգամայն բավական է հավերժությունն իր ամբողջականության մեջ լիուլի վերապրելու համար: Ավելիին ձգտելը չափն անցնել կնշանակի, էլ չասած հարատև ձանձրույթին անձնատուր լինելու մասին: Եվ հետո, ո՞վ ասաց կամ ի՞նչ գիտես, որ ձեր այդ թվացյալ հավերժությունն էլ մի օր իր վախճանին չի հասնելու և դուք, հոգեկան ցնցումների բովում, մահվան երախը չեք անցնելու: Մենք գոնե նախապես գիտենք մեր գլխներին գալիքը և, այսպես թե այնպես, համակերպվում ենք դրան, մինչդեռ ձեզ համար անակնկալը հիրավի կործանարար կարող է լինել, ընդսմին՝ հիմնահատակ ու անողորմ:

Այստեղ խոսակցիս փուքսը, ինչպես ասում են, թողեց, ու նա խանդաղատալի գորովանքով լցվեց անձիս, և հետևաբար, երկրաբնակներիս հանդեպ, որովհետև, խղճահարությունից, թե ասածներիս համոզչականությունից դրդված՝ նա, հավասարը հավասարի պես, ընկողմանեց կողքիս նստարանին և աչքերը հորիզոնին հառած բացականչեց.

– Թերևս դու իրավացի ես, կամ առնվազն, իրավացի ես քո՛ բանախոհական ընդունակությունների տեսանկյունից, մանավանդ որ անկեղծ ես խոսում: Մինչդեռ ես քո առաջ ինքնահավան գլուխգովանի տպավորություն պետք է որ թողնելիս լինեմ: Այստեղ դու հարյուր տոկոսով ես իրավացի: Սակայն թույլ տուր ինձ նկատել, որ ձեր այս աշխարհը և հետևաբար աշխարհի ձեր ընկալումը խարսխված է ձեր իսկ թերարժեքության բարդույթի վրա, այն է. լինելով մահկանացու էակներ, դուք ողջը նույն այդ հոգեմաշ անող հանգամանքով եք չափում ու դրանով պայմանավորում, ձեր հետաքրքրությունները դրան են միտված, որից ձերբազատվելու հնար չեք գտնում և, հետևաբար, հազար ու մի կեղծ գիտակերպ տեսություններ եք հորինում ու կրոնաբարո առասպելներ հերյուրում հանդերձյալ կյանքի ու հավերժության ձեր հերթապահ որոնումներում: Բայց ես նաև նկատել եմ, որ ձեր բնույթն այնպիսին է, որ դուք նաև չափազանց շուտ և հաճախագույնս ձանձրանում եք ձեր այս կարճառոտ գոյության ընթացքում, ձեզանից ոմանք անգամ ինքնասպանություն են գործում, այն է՝ ինքզինքը կամովին կյանքից զրկում, էլ չասած ձեզանում բուն դրած միմյանց ոչնչացնելու մոլուցքի մասին: Սիրելով այս անցավոր կյանքն ու նրա պարգևած բերկրանքը, դուք, միևնույն է, ժամանակ առ ժամանակ ձանձրանում եք ապրելուց և ձեր այդ ձանձրույթ կոչվածը կերպարանք չունի, դե քանի որ ինքներդ եք այն ձեր հեղհեղուկ, անհաստատուն կաղապարների վրա ձևում: Դուք մահվան եք ձգտում: Ապրելու ձեր տենչը երևակայական մի բան է, զտագույն թվացողություն: Դուք հաճույքով եք մահանում, այլապես չէիք ունենա զավակներ, որպեսզի ձեր ողջ կյանքի իմաստը, աստիճանաբար, նրանց մեջ փոխադրեիք, նրանցում մարմնավորված:

– Մինչև այստեղ դու հիմնականում ճիշտ ես: Բայց մենք հաճույքով էլ կուզենայինք հառնել, ինչպես որ մեր առասպելներն են մեզ խոստանում, այն առասպելները, որ ինքներս ենք հյուսել կամ եթե կուզես, քո գործածած բառով ասած՝ հերյուրել, ընդսմին՝ հավերժության տեսլականով:

Այս ընթացքում խոսակիցս գարեջուր խմելու առաջարկ արեց ինձ: Բնականաբար ընդունեցի, երևի ձանձրույթի հերթական գրոհին դիմագրավելու մոլուցքից մղված:

***

Կիսանկուղային հարկաբաժնում զետեղված գարեջրատանը հարբած բազմություն էր, և իրար հերթ չտվող ձայների ժխորը սղոցում էր ունկն ու իր այլևայլ փոխակայումներով բթացնում մնացյալ բոլոր զգայարանների աշխատանքը, նաև տեսողության ու հոտոտելիքի, մանավանդ որ այդ ժխորին հավելվում էին նաև ծխախոտի ծուխն ու ձիթայուղային ճենճահոտը: Ազատ սեղանի բացակայության պատճառով երկուսով տեղ զբաղեցրինք, նախապես թույլտվություն հայցելով, սեղաններից մեկի մի ծայրին հանգրվանած երիտասարդ կանանց զույգի հարևանությամբ: Վերջիններս թեև արտաքուստ դժկամությամբ համաձայնվեցին մեր ինքնապարտադրվող ընկերակցությանը, սակայն ամեն ինչից երևում էր, որ սկզբունքորեն դեմ չէին ամենասովորական մարտահրավերն ընդունելուն: Ես ու սիրիուսցին տեղավորվեցինք իրար դեմ-դիմաց, ինչպես որ այդ կանայք էին դեմ առ դեմ նստած: Նրանք ևս գարեջուր էին համտեսում՝ համադամ խորտիկների ուղեկցությամբ: Մատուցողները դես ու դեն էին վարգում՝ ուտեստներն ու կռճոնները փոխնիփոխ սկուտեղներում շարած: Զուգընկերս գարեջուր պատվիրեց ու մսեղենի տեսականի, հաց, համեմունք, դե որպեսզի հարևաններից հետ չմնանք, ըստ համաբանության օրենքի: Կանայք իրար մեջ կարծես զրույցի նոր թեմա բացեցին, նախկինն ընդհատելով, երևի որոշակիորեն կաշկանդված զգալով մեր ներկայությունից: Կարծես ուտեստեղենի ու խմիչքի բարեվայելուչ զուգակցմանն էր խոսքը վերաբերում: Գոնե այդպես հասավ ականջիս: Սիրիուսցին առաջարկեց խփել ու խմել հանուն և ի փառս կյանքի: Լիտրանոց գարեջրագավերը երկու ումպաշարով դատարկեցինք, ինչն ինքնին դրական տպավորություն գործեց անմիջական հարևանների վրա: Նրանք էլ, աշխույժով, իրենց գավաթները ցմրուր պարպեցին և վառեցին ծխախոտները:

– Կարծում եմ,- ասացի ես,- ձեր կողմերում էլ կին-տղամարդ կապը գոյություն ունի, կամ գուցե դրա նման մի բան:

– Դե հա, մեր կողմերում ևս սեռերի փոխհարաբերությունը թույլատրելի է ու օրենսդրորեն ամրագրված, թեև գործնական կյանքում այնքան էլ չի խրախուսվում: Մանավանդ որ մեզ մոտ հաճույքի ու բավականության շտեմարանը այնքան հարուստ է ու բազմազան, որ դրան երբեմն մի հարյուր տարի կարող է և չանդրադառնաս, բայց մե՛կ է՝ բնական ձգտումը իր գործն անում է, տղամարդ-կին գործառույթը, համենայնդեպս, հույժ արդիական է ու պահանջված: Ինչպես որ ուտելու հաճույքը, խմելու հաճույքը կամ ճամփորդելու ու ինքնագլուխ արարքներ թույլ տալու բերկրանքը, սա ևս, բացի բավականության աղբյուր լինելուց, նաև ցանկալի պարտականությունների թվին է դասվում: Ինչպես և, ես կասեմ տարիներով, դու հասկացիր հարյուրամյակներով, ոչինչ չանելու ու բացազատ թրևելու բերկրանքը: Մեր կողմերում, նա, ով ոչ մի զբաղմունք չունի, հենց նա՛ էլ ամենաբարեբանյալ ու երանավետ կյանքով է ապրում, իսկ ով մխրճվում է ինքնապարտադրիչ զբաղվածության ճիրանների մեջ, նա ոչ միայն իրեն հատկաշնորհված երանությանն է ըմբերանում, նաև որոշակիորեն խաթարում է զոր ու գիշեր ջուր ծեծող ու օդը տատանող առանձնյակների բնական ազատությանը: Մի խոսքով՝ երջանկությունն ինքնաբավ է, իսկ ինչ-որ գործով միտքը կամ մկանները զբաղեցնելու մոլուցքը՝ վնասարար, ընդսմին՝ առաջին հերթին նաև շրջապատի համար:

Այս ընթացքում այնպիսի զգացողություն էր, որ հարևանությամբ զրուցող կանայք բերանները գարեջուր առած՝ պապանձվել էին ու, դեռ մի բան էլ ակամա, մեր խոսակցությանն էին ունկնդրում, ոչ այն է՝ զրուցակցիս ասածների բովանդակությունից, որքան նրանցում արտահայտված տարաշխարհիկ զգացողության շղարշաքողից շլացած, որ ասես աչքերի առաջ փառ կապած լինեին: Զգալով կանանց համակած շլացումի խայծը, ինքս էլ խառնվեցի զրույցին՝ խոսքիս հետևյալ ձևը տալով.

– Դե՛ ով չի ուզենա պարապ-սարապությանը տրվել, դրանից ավելի երանելի զգացողություն դեռևս ոչ ոք և երբևէ ո՛չ ունեցել է, ո՛չ էլ կունենա: Վկա Մեծ Շան համաստեղության Սիրիուս մոլորակի ազգաբնակչությունը, որ բացարձակապես ոչնչով չի զբաղվում, մատը մատին չի տալիս և, դրանով իսկ, հենց միայն իմ ու քո նմանների մտքերն է պղտորում ու հրահրում: Ուրեմն ձեր կողմերու՞մ էլ նույն վիճակն է և նույն աշխարհընկալումը, ձեր այդ խուլ ու աշխարհից կտրված անդրերկրային կղզիներում:

– Մոտավորապես:

– Իսկ ձեր կողմերի կանայք գեղեցի՞կ են և, որ ամենակարևորն է, ազա՞տ են կին-տղամարդ հարաբերություներում… թե՞ ինքնաբավ են ու դրանով իսկ պարապ-սարապների տիրապետող դասին հատկաշնորհված:

– 50-50, ինչպես դուք եք սիրում արտահայտվել ձեր այդ թերկատար ուղեղներով: Ձեզանում վիճակագրություն կոչվածը գիտության աստիճանին է բարձրացված, իբրև բացարձակ արժեք, մենք թվերին հարաբերական մեծություններ ենք վերագրում:

……………………………………………………………………………………………

Այստեղ կանանցից մեկը չդիմացով ու պոռթկալու պես կրակեց.

– Այս ի՞նչ անհեթեթություններ եք դուրս տալիս, երևի ուզում եք գայթակղել մեզ և դրա համար ավելի հարմար թեմա չեք գտել, քան ձեր այդ տարաշխարհիկ դատարկաբանություններով մեր ունկը շլացնել: Անկեղծանամ, ինձ ո՛չ այն է գայթակղեց ձեր ընտրած նյութի բովանդակությունը, որքան այն, թե որպիսի համոզկերությամբ ու անթաքույց ներքին հավատով եք խոսում Ձեր այդ մատից ծծած կարծեցյալ իրականության մասին, առանց կաշվից դուրս գալու և անգամ, թվում է՝ մեզ չնկատելով: Ինձ ավելի շատ այս հանգամանքը զարմացրեց: Ահա՛ թե ինչու ես չդիմացա ու ինքնակամ խառնվեցի ձեր այս խոսակցությանը՝ անտարբերության բնական ցուցադրանքը զանց առնելով:

Սիրիուսցին, ամենևին չզարմացավ հարևանուհու անակնկալ միջամտությունից, և խոսքի ելևէջանքը դույզն-ինչ չփոխելով, նրա կողմը շրջվեց և, կարծես ինձ հետ կիսատ թողած խոսակցությունը  հարևանուհու ակնարկած նյութով ընդմիջարկելով, անայլայլ անտարբերությամբ շարունակեց.

– Ինչպես ե՛ս եմ հասկանում, դուք՝ երկրաբնակներդ, բոլո՛րդ անխտիր, անկախ սեռից, տարիքից ու հասարակական դրությունից, մշտապես գտնվում եք ամենօրյա գոյութենական կռվի բովում և հազվադեպ եք միայն, եթե չասենք ամենևին, կտրվում ձեր հոքնաբեղուն ու հոգսաշատ առօրյայից և հայացքներդ վեր հառնելով՝ խորամուխ լինում տիեզերական հավերժի գաղտնարանների մեջ: Դուք ձեզնից կախված ու չկախված ամեն ինչ անում եք, որպեսզի ձեր իսկ հորինաստեղծած իբրև թե կյանքը գոյավորող ձգտումներն ու իղձերը, ընդսմին՝ ամենն ըստ ամենայնի, իր այսպես կոչված բնական հունով ընթանա և ոչ երբեք անհունով և ըստ նախակոչվածության… Եվ մինչ դուք, անիմաստ, ձեր հանապազ օրն ենք մսխում, տիեզերքում տեղի են ունենում երևույթներ, որոնցում ներգրավված են ձեր էության աներևույթ ու չգաղտնազերծված հմայիլները, որոնք այդպես էլ փակ են մնում ու միայն եզակի դեպքերում են ինքնաբացահայտվում: Դուք նորածին երեխային, արդեն իսկ խանձարուրում, խեղում եք ու սահմանափակում նրա մտահորիզոնը, երբ դուք նրան ձեր այդ լալահառաչ ու ցնծագին պարերաժշտական ելևէջանքների տեսաձայնություններն եք մատուցում, և ձեր կենդանական բնազդի բավարարմանն ի խնդիր գգվում ու փաղաքշում եք նրանց՝ փոխանակ տիեզերական համանվագին ու վերերկրային անցուդարձերին հաղորդակից դարձնելուն: Դուք չեք թողնում, որ երեխայի հայացքը բացվի, ուղղորդվի դեպի իրեն ծնունդ տված վերժամանակային ու արտատարածական հեռաստանները, որ հայրենիքն է նրա բանիբուն հոգու:

Հարևանուհին այստեղ ջղաձիգ շարժումներ արեց՝ փորձելով ընդհատել շարունակվող տարաշխարհիկ խոսքաշարը: Սիրիուսցին, սակայն, անհողդողդ էր և համակված ասելիքը մինչև վերջ հասցնելու հասցեականությամբ:

– Դուք ասացիք, որ անկարող եղաք անտարբերություն ցուցաբերել բարեկամիս հետ խոսակցության նկատմամբ և Ձեզ հատկական անզուսպ շահագրգռվածությամբ խառնվեցիք Ձեզ չվերաբերող զրույցին: Այդ կապակցությամբ ես հետևյալը կասեմ. մարդկային եսը երկակի բաղկացուցիչ ունի` շահագրգիռ և անտարբեր: Եսի շահագրգիռ բաժնեմասը ձգտում է իրականությունը փոխակերպել այնպիսի մի բանի, ինչն այն չէ և չի էլ կարող լինել կամ որպես այդպիսին առմտածվել: Ձեր եսի լոկ անտարբեր մասն է, որ ծնունդ է տալիս առկա իրականությանն ու ձեր իրական պատմությանը:

– Ինձ անկեղծորեն շարունակում է զարմացնել ձեր այդ հորինովի իրականության մասին անթաքույց համոզվածությամբ և անսեթևեթ խոսելու հանգամանքը, և ընդամենը…

– Իրականության զգացողության ձեր՝ երկրաբնակներիդ ընկալումների մասին ես արդեն խոսել եմ իմ բարեկամի հետ ունեցած մեր նախընթաց զրույցներից մեկում, իսկ Ձեր այս զարմացական հարցադրման առնչությամբ ես այստեղ միայն կհավելեմ, որ իրեղեն ապացույցների, անհերքելի իրողությունների և առարկայական խոսակցությունների Ձեր այս հորինակերտած դարաշրջանում մարդ արարածը մի կողմից անձնատուր է լինում մշտառկա ու անփոփոխ իրականությունը, մյուս կողմից՝ ձգտում է նույն այդ իրականությունը վերափոխել ի շահ իրեն: …Եվ հետևաբար մարդ արարածը, ինչպիսին որ դուք եք, պատմական ընթացիկ անցուդարձը ևս դիտարկում է լոկ իր անձնապաստան շահեկանության դիրքերից: Դուք չունեք ձեր համակեցության կազմակերպման ավելի հուսադրող միջոց, քան շահագրգիռ դիտավորության դիրքերից առկա իրականությունը իր իսկ հակադրությանը փոխակերպելու մարմաջն է:

– Դրա պատճառը երևի թե այն է, որ մենք անհատականացված, մեր եսով պայմանավորված ընկալում ունենք մեզ շրջապատող աշխարհի և տրված իրականության մեջ նույն այդ մեր եսի ինքնահաստատագրման առնչությամբ: Իսկ Ձեր ասած այդ շահագրգիռ դիտավորություն կոչվածը ընդամենը այս բազմաբարդ ու անմիանշանակ աշխարհում սեփական եսի ինքնահաստատման բանիբուն և միակ հնարավոր միջոցն է:

– Հենց ամբողջ խնդիրն էլ այն է, որ դուք, երկրաբնակներդ, զգում և մտածում եք բոլորովին էլ ո՛չ ձեր եսի միջոցով: Դուք աշխարհն այնքան ենք փոքրացնում, որպեսզի այն ձեզ համար դառնա ճանաչելի, և կատարում եք արարքներ ու գործողություններ, որպեսզի շարժման տպավորություն կամ պատրանք ստեղծենք, թե դուք ձերովսանն գիտակցում ու ընկալում ենք ձեր եսից՝ ձեզանից դուրս առկա, արտահեղված աշխարհի անմիանշանակ տրվածությունը: Եվ որովհետև դուք ձեր եսի միջոցով չենք մտածում կամ զգայում, հետևաբար նաև գործում եք ըստ համընդհանուր ընդունելություն գտած խաղի կանոնների.

Ա. Չտեսնել այն, ինչն անտեսանելի է, մանավանդ՝ աներևույթ, այլև աներևակայելի, Բ. Անսալ սրտի թելադրանքին, որովհետև խիղճ ասածը առանձնապես չի բարձրաձայնում, եթե չասենք, որ ընդհանրապես ձայնազուրկ է, Գ. Սխալվել, սակայն չխոստովանել սեփական սխալները, քանզի անսխալական մարդ չկա ու նաև՝ քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում, Դ. Չանել ուրիշին մի բան, ինչը չես ցանկանա, որ ուրիշը անի քեզ, կամ հակառակը՝ անել որևէ բան՝ նույնի հակադարձման ակնկալիքով, Ե. Լինել հայրենասեր՝ յուրաքանչյուր ոք իր տեղում և իր հնարավորությունների չափով. ոմանք աստվածատուր կոչվածության ու բնատուր ձիրքի բերումով, ոմանք ցուցամոլ ինքնապարտադրման՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս օգտաշահությամբ, Զ. Եվ վերջապես՝ ունենալ մարդկանց ու պետությունների կառավարման անուրանալի որակներ և, ազնիվ մրցակցության բովում, ամեն գնով բարձրաբերձ աթոռների տիրանալ, եթե հանրությանը ծառայելու անդիմադրելի, սրբազան մոլուցքով ես համակված և մանավանդ՝ սեփական անփոխարինելիության սրբասուրբ կրկնամոլուցքով: Ես իմ ասելիքն ասացի ու հիմա հաճույքով կլռեմ՝ ձեզանից, սեղանակիցներիցս մեկից որևէ հոդաբաշխ ու համոզիչ, այլև հոգեպարար հակափաստարկ լսելու ակնքալիքով:

Սիրիուսցին իսկապես էլ լռեց ու դեմքի այնպիսի արտահայտություն ընդունեց, որ կարծես, ինչպես ասում են, համակ ականջ դարձած լիներ.

Այստեղ էլ ես չդիմացա և հենց այն է բլթացնելու պատրաստ հարևանուհուս կանխելով, նրա իսկ ձևակերպած ամենայն համոզկերությամբ ու ներքին անթաքույց հավատով զոռ տվեցի իմ դատողական ընդունակություններին ու, ինչպես ասվում է, հավատով խոստովանեցի.

– Կյանքի ճշմարտությունների հանդեպ մեր այս աներկբա համոզվածությունը բխում է մեր մեջ ի բնէ ներդրված աստվածային կամ եթե կուզես բարոյական հավատի ուժից, որի առանձին դրվագներին ինքդ քիչ առաջ անդրադարձար: Խոսքն այստեղ քո այդ սահմանումների ճիշտ կամ սխալ լինելուն չի վերաբերում: Նույն կերպ շատերն են մտածում նաև մեզանում: Այն, որ մենք մեր եսի միջոցով չենք մտածում, թերևս դու իրավացի ես: Սակայն դրա պատճառն այն է, որ մեր եսը փոխանցվող տեսակի է, այն շարունակում է ապրել նաև մեր մարմնական վախճանից անդին: Այստեղ ես հիրավի վերադառնում եմ սերունդների մեջ հավերժանալու մեր համոզմունքին: Վերևում քո հիշատակած այդ տևտոնացի բանաստեղծի ժամանակակիցը՝ նաիրցի Եղիշե Չարենցը իր բնազանցական խորհրդածություններում հետևյալ կերպ է բանաձևել հավերժության մեր հիմնակաղապարը և շատ դիպուկ.

Դու մի օր աչքերդ կփակես,

որ ուրիշը քո տեղ գոյանա.

կգնաս, կանցնես աշխարքից,

որ ուրիշը քո տեղ գոյանա:

– Այն դու՛ ես, իմաստուն, այն դու՛,-

բայց արդեն դարձած մի ուրիշ.

հաստատեց, ժխտելով նա քեզ,

որ ուրիշը քո տեղ գոյանա:

Այնինչ վերևում արված քո այդ թվարկումներն ընդամենը գոյության պայքարի մաս կազմող բնական մրցակցային վիճակ է, անհատական հոգեվիճակի ցուցադրություն, և ընդամենը, բայց հանճարեղ նաիրցու այս խոսքերը մեր՝ երկրաբնակներիս, թող որ անհաստատուն, սակայն հավերժության մաս կազմելու հավատո հանգանակն է՝ հազարամյակների քննությունը բռնած:

– Ինքնամխիթարական ցույցեր՝ ինքնախաբեության մոլուցքին սահմանակցող,- վրա բերեց սիրիուսցին:- Այդպես մեկդ մյուսի տեղ մշտապես գոյանալով դա դեռ հաստատուն պայման չէ հավերժության ծիրին ընդելուզվելու: Ես չեմ պնդում, որ դա սկզբունքորեն, իդեալական պլանում անհնար է, սակայն մեծ է հավանականությունը որևէ, թեկուզ անսպասելի կետում շղթայի որևէ օղակի ընդհատման: Չորս, հիգ, վեց՝ թելը կտրվեց, ասված է ձեր սիրած մանկական թոթովախոսություններից մեկում… Ձեր այդ նույն նաիրցի հանճարեղ բանաստեղծը իր դանթեական առասպելապատումում վերևում մեջբերվածի ճիշտ հակառակն է հեգում.

…Ու պե՛տք է քայլե՛լ ու քայլե՛լ համառ՝

Ապրելու հսկա տենչը բեռ արած,–

Քայլել անիմաստ մի կյանքի համար,

Մարել – ու վառել աստղերը մարած,

Որ – տիեզերքի զառանցանքը մառ

Չցնդի՛ երբեք ու մնա – երազ…

բայց դուք, չգիտես ինչու, չեք նկատում այդ ակնհայտ հակասականությունը. մեկ ուրիշը դարձածի ու տիեզերքի զառանցական երազի միջև: Դա նրանից է, որ ձեր համոզմունքները տրամաբանված չեն այնքան, որպեսզի դրանք գոյեն անհակասական ողջախոհության շրջանակներում: Ձեր այդ փոխբացառող, հակասական ու իրարամերժ, անտրամաբանական մտածողության եղանակը ապացույցն է այն բանի, որ դուք խաբեությամբ, իսկ որ առավել ցավալի է՝ ինքնախաբեությամբ եք զբաղված կամ որ նույնն է՝ դիմացինին և ինքներդ ձեզ մոլորության մեջ եք գցում: Իսկ ինչպե՞ս կամ ի՞նչ ազդակներից է գոյանում մարդ արարածի համոզվածության կանխավարկածը: Առաջին հանրածանոթ հանգամանքը, որ միտքս է գալիս՝ հասարակական ու անհատական կենսափորձով ամրագրված գիտագործնական խորագիտությունն է, որի հակառակ բևեռը, ըստ ձեր կողմերում շրջանառվող լուրերի, մարտնչող տգիտությունն է: Այս երկուսի՝ որպես միևնույն սանդղակաշարի զույգ ծայրաբևեռների միջև ընկած են այլևայլ զուգադրություններ ևս, զորօրինակ՝

  • ազատ կամք և կամազրկություն,
  • իշխելատենչություն իր բոլոր տարատեսակներով հանդերձ՝ ներքին մղումից սկսած մինչև ամեն գնով,
  • տիրասիրություն և նյութապաշտություն,
  • Բարձրյալի հանդեպ հավատ և սնահավատություն,
  • հայրենասիրություն և անձնապաշտություն,
  • գաղափարապաշտություն և ինքնասիրահարվածության մարմաջ,
  • հանրահռչակման մոլուցք և ցուցամոլություն,
  • ինքնամեկուսացում և ինքնապարտադրանք,
  • թքածություն և քաղաքացիական ներգրավվածություն

և ի վերջո՝

  • արկածխնդրություն և հաջողակության մոլուցք, որ ձեր այդ նաիրյան բառապաշարում քաջնազարականություն եք կոչում:

Ընդսմին, այս վերջինը, իր մշտառկայության տարազան չափաբաժիններով, պարտադիր պայման է բոլոր մյուսների կյանքի կոչման համար և ինչ-որ իմաստով համոզկերության երևույթի այս կամ այն պարբերաչափի բուն իսկ գոյավորիչ բաղադրամասն է հանդիսանում: Եվ թող գեղեցկուհի հարևանուհիներս ամենևին չկարծեն, թե բարեկամիս հետ մեր այս խոսակցությունն այնքան անկեղծ չէր թվա, եթե այդքան համոզիչ չլիներ:

Այստեղ ես մի պահ վարանեցի, և սակայն, հաջորդ պահին այլևս անվարան, խոսքիս հետևյալ ձևը տվեցի.

  • Մենք մի բանում ենք հաստատ համոզված, այն է, որ ամեն ասված ճշմարտության հակառակն էլ է ճիշտ և հետևաբար մոլորությունն ինքնին ընդամենը ճշմարտության տարատեսակներից մեկն է՝ նայած որ դիտանկյունից խնդրին կմոտենաս:
  • Այդ դեպքում էլ ինչու՞ եք սեփական ճշմարտացիության համար քափուքրտինք կտրած պայքարի մեջ մտնում, եթե նախապես ընդունում եք, որ յուրաքանչյուր ոք իր ճշմարտությունն ունի և որ դա ընդամենը ճաշակի հարց է, ոչ ավելին: Դարձյալ դուք սոփեստաբանում եք՝ ոչինչ չասող իմաստակություններ դուրս տալիս:

……………………………………………………………………………

Սիրիուսցու այս եզրափակիչ խոսքերին որևէ պատասխան չհետևեց ո՛չ իմ, ո՛չ էլ շվարած հարևանուհիներիս կողմից, ո՛չ բնավ այն պատճառով, որովհետև դրանք համոզիչ էին ու անսակարկելի, այլ, որ մեր այս զրուցակիցը վերջին նախադասությունն ասելուն պես աներևութացավ՝ բոլոր երեքիս աչքի առաջ, ու նաև գարեջուր մատուցողի, որի վայրկյան առաջ ապսպրած գարեջրի գավաթը տակավին ձեռքին բռնած՝ նա չքվեց, նույն պահին ախորժահունչ ֆռթոց արձակելով: Ի վերջո, բացի ինձնից, բոլոր ականատեսները աստիճանաբար հակվեցին այն մտքին, որ մարդը երևի մեծ-մեծ բրդող՝ մանր ստահակի մեկն էր, որ բոլորի աչքերին թոզ փչելով՝  ծլկեց գողոնի հետ միասին: Փա՜ռք Աստծո, որ գոնե այդպես կարծեցին: Ինձ մնում էր սեղանի հաշիվը փակել, գումարած գարեջրով լցված գավաթի արժեքը, ու բոլորից աննկատ՝ լքել խորտկարանի տարածքը: Այդպես էլ արեցի, դեռ մի բան էլ՝ մատուցողի գրպանիկը, լռության դիմաց, մի չաղլիկ թեյաբաժին խոթեցի: Ամեն ինչ կարծես իր տեղն ընկավ: Մի քիչ օրորվելով՝ որսացի պատահած տաքսին ու մի կերպ տուն ընկա:

***

Հիմա կասեք, թե ինչու եմ ես մատից ծծած այս պատմությունները լուրջ-լուրջ պատմում: Բայց եթե կա մեկը, կամ առավել ևս ընթերցողների փոքրաքանակ մի խումբ, որ չի զլացել ու այս հետգրային տողերին է հասել, ուրեմն և կնշանակի այստեղ ամեն ինչ չէ, որ մատից ծծած է և հետևաբար իրավունք ունի լուրջ համարվելու: Հակառակ դեպքում, եթե այս ամենն այսքան լուրջ չլիներ, հարկ էր կարծել, որ մենք իսկապես մենակ ենք տիեզերք կոչվող այս անսահմանությունում, և որ Արարիչը բան ու գործը թողած՝  մեր հարցերով է հենց միայն զբաղվում և ուրիշ որևէ  լայնություններում ոչ տիրություն անելու խնդիր ունի, ոչ էլ հետաքրքրություն, մանավանդ որ այդպիսիք առանձնապես չկան, մանավանդ որ մենք դադարել ենք հնարավորություններով մտածել: Մյուս կողմից՝ սա նաև ինչ-որ տեղ արդարացված է և սպասելի, քանի որ մարդուս ուղեղը պարզապես մի այնպիսի կառույց է, որ իրեն հատկաշնորհված գործառույթների նեղ շրջանակից դուրս ի վիճակի էլ չէ գործել: Այլապես այն կամ կխաթարվի, կամ գործիքն այդ կխելացնորվի:

Եվ հենց այսպես էլ ապրում ենք:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *