Հովիկ Մխիթարյան | Աստղերն իմ բարեկամները չեն


Վիրավորը երբեք չէր մտածել, որ աստղերի լռությունը զարհուրելի կլինի։ Մանուկ ժամանակ աստղերն ամեն օր էին խոսում իր հետ, պատմում անծայրածիր երկինքներում թևածող խաղաղության հեքիաթը։ Հիմա մահահոտ լռություն է․ինչի՞ համար են աստղերը, եթե ցույց չեն տալիս ապրելու ճանապարհը։
Վիրավորը զգույշ շարժեց ոտքն ու մի ձեռքը, փորձեց հասկանալ վերքերի վիճակը և թե՝ որոնք էին ավելի վտանգավոր, կամ կարո՞ղ էր կենդանի մնալ, մինչև օգնություն կգար կամ չէր գա։ Նա չէր կարող ոտքի կանգնել։ Տնքում էր և փորձում ավելի հարմար տեղավորվել կողքի վրա, որպեսզի չզգա մեջքի, ձախ ձեռքի ու ոտքի սուր ցավերը։
Ինչպես դանդաղեցրած ֆիլմում աչքի առջևով անցնում էին մարտի տեսարանները։ Ծանր մարտ էր, կենդանի մնալը՝ հրաշքի պես մի բան։ Շատերը զոհվեցին, մի քանիսը չդիմացան, նահանջեցին, կամ էլ փախան․․․Դրվագ առ դրվագ, երբեմն ամբողջական, երբեմն ցիրուցան նրանք հայտնվում են հայացքի առաջ։ Չի կարող հիշել ողջ ընթացքը։ Մի պահից, երբ սուր ցավ զգաց, վայր ընկավ, դանդաղ կորցնում էր գիտակցությունը, կարծես մղձավանջում տեսավ իր վրա կռացած ընկերներին, հետո դա էլ անհետացավ և կորցրեց իրականության զգացումը։ Միակ զգացումն այն էր, որ դա վերջը չէ և որ ինքը կենդանի է։
Երբ ուշքի եկավ, երեկո էր, ինքը պառկած էր նույն անհարմար դիրքով, ցավից տնքացող մարմնով․․․ հակառակորդը հեղեղի նման թափվեց իրենց դիրքի վրա։ Մինչև այդ էլ էին տեսել նրանց։ Իրենց նման զինվորներ էին, մի փոքր այլ գույնի համազգեստներով։ Իրենք չէին վախենում, ետքայլ չկար-ետևում գյուղ էր, կանայք, երեխաներ, տարեցներ, որ համառորեն չլքեցին հարազատ գյուղը։ Այստեղ ծնվել ենք, այստեղ էլ կմահանանք, – ասացին նրանք, և դուրս չեկան, ինչքան էլ համոզեցին։
Նա փորձեց ավելի հարմար տեղավորվել, ինչքան թույլ էին տալիս վերքերը։ Հիշողությունն անկախ իրենից վերականգնում էր տեսարանները։
Մարտը երկար տևեց։ Ընկան թշնամական առաջին շարքերը։ Մյուսները շարունակում էին առաջ գալ, արդեն կրակելով։ Առաջին զոհերը․․․Իր հետ երկար ժամանակ մարտական հերթապահություն իրականացրած Համոն տնքաց ու թեքվեց կողքի։ Արագ մոտեցավ, փորձեց օգնել-ծանր վիրավոր էր․մահացավ իր աչքերի առաջ։
Թշնամիները շատ էին, անհնար էր մինչև վերջ դիմադրել։ Որպես փորձառու դիրքապահ ու հին զինվոր, ինքը երկար դիմադրեց, տեսավ, ինչպես էին զոհվում «մալադոյները»՝ մեծահասակների նման։ Շարքերը նոսրանում էին, նահանջի հրաման տրվեց։ Հենց այդ ժամանակ էլ վիրավորվեց ու ուշաթափվեց։ Անորոշ, անգիտակից, հիշողությունների պատառիկներ էին լողում ուղեղում։ Տեսավ վաղուց մահացած պապին, իրենց գյուղում էր, փոշոտ ճանապարհներ են, եղբոր հետ քարերով հարվածում են էլեկտրական լարերին, պապը բարկանում է, իրենք փախչում են։ Կրակոցների ձայներ են լսվում, իրենք արագացնում են վազքը, միայն թե հասցնենք փախչել, կենդանի մնանք- առկայծում է ուղեղում։
Երբ վերջնականապես ուշքի եկավ, պառկած էր դիակի տակ-կողքի զորամասից մի զինվոր էր իր վրա, ում անունն այդպես էլ չհիշեց։ Պատերազմից առաջ չէր էլ մտածում նրա մասին-, դե սովորական տղա է, կավարտի ծառայությունն ու տուն կգնա, այդպես էլ չեն շփվի իրար հետ։ Հիմա սա սովորական տղա չէ, – մտածեց, փրկել է իր կյանքը․․․ երբ թշնամիները ստուգում էին՝ արդյո՞ք ոչ մեկը կենդանի չէ մնացել, ու կրակում էին վիրավորների վրա, այս զինվորը, վիրավոր, դժվարությամբ բարձրացել է իր վրա, ու փրկել իրեն ստուգող կրակահերթերից։ Նրա հագուստը քրքրված էր, արյունոտ։ Եթե այդ տղան մտներ իր մարմնի տակ, ինքը մահացած կլիներ։
Նորից բացեց աչքերը։ Երկնքում բռնկվել էին աստղերը։ Այնքան շատ էին ու այնքան պայծառ, կարծես ափի մեջ լինեին։ Նրանք հանդարտ թարթում էին մի պահ ու նորից անշարժանում։ Արդյո՞ք կենդանի են աստղերը, թե՞ անկենդան։ Նրան թվաց, թե իրեն են նայում ու ծաղրում ապրելու իր ջանքերը։ Դա երևակայության խաղ էր, բայց շատ կուզեր, որ նրանք տուն առաջնորդեին իրեն, ցույց տային ճանապարհը։ Աստղերը տեսել են երկրի ամբողջ պատմությունը, դարերի ընթացքում նրանց հայացքի առջև բացվել են ու փակվել մարդկային ճակատագրերը, աստղերը իմաստո՜ւն էին, սակայն մոլորվածին ցույց չէին տալիս ապրելու ճանապարհը․․․
-Ցույց տվեք ճանապարհը, – ինքնաբերաբար ասաց նա աստղերին։
Լռություն․․․ նրանք անկյանք փայլ էին արձակում։ Աստղերը երբևէ եղե՞լ են մեր բարեկամները, – մտածեց լուռ բարկությամբ, – մանավանդ հիմա, երբ մահն իրեն գրկել ու օրորում է իր սառը գրկում։
Մի բան արած լինելու համար նա հայացքով ընդգրկեց մարտի դաշտը․․․ դիակներ, եղբայրաբար, միանման, տարբեր դիրքերով անշարժացել էին գետնին։ Ընդամենը մի քանի ժամ առաջ առաջ նրանք մոլեգին փափագում էին ոչնչացնել իրար։ ․․․ հիմա ամենատարբեր դիրքերով անշարժ պառկել են մարտի դաշտում, գրկած զենքերն ու հողը, ինքն էլ նրանցից մեկը ու չգիտի կենդանի կմնա՞․․․ թե՞ ոչ
Մահը եղբայրական հանգույցներով միացրեց բոլորին, – ասաց ինքն իրեն, – իսկ միգուցե հենց սրա՞ համար էր այս ամենը։ Որ տարբեր ազգերից տարբեր մարդիկ մի վերջին ակնթարթի հավասարվեն միմյանց։ Նա զգաց, որ ցրտել է և մրսում է։
-Ես մեռնո՜ւմ եմ, – տնքաց, – քանի դեռ կենդանի եմ, աղոթեք ինձ համար, – չգիտես ում դիմեց նա։
Ցուրտ էր, մրսում էր։ Նայեց շուրջը, կողքին, հակառակորդ զինվորի «դիակի» ձեռքերի մեջ տափաշիշ նկատեց։ Հասկացավ, որ հարկավոր է ջուր խմել։ Դժվարությամբ շարժվելով, ձեռքը մեկնեց տափաշշին, երբ փորձեց հանել, հանկարծ տնքոց լսեց։ Ձեռքը մեխանիկորեն, ետ քաշեց․․․․
-Վերցրու, – հազիվհազ, ռուսերենով ասաց թվում է թե մահացած զինվորը։
Աչքի պոչով նայեց՝ երեխա էր, 18 տարին նոր բոլորած, աղվամազը դեմքին, արյունոտված շրթունքներով։ Նայեց ուշադիր․ ոտքը համարյա չկար։ Արյունը լճացել էր․․․
-Վերցրու, – կրկնեց նա, – չեմ կարող մեկնել․․․ես էլ եմ ծարավ․․․
Ծանր լռությունը խախտում էր հեռվից լսվող թնդանոթների ձայնը։ Ընդհատ-ընդհատ, բայց նյարդայնացնող կանոնավորությամբ։
Վիրավորը ջանք արեց, տափաշիշը դանդաղ մոտեցրեց թշնամու շուրթերին։ Նայեց աչքերին․ մարում էին, կյանք համարյա չկար այնտեղ։ Չի ապրի, -մտածեց նա, – տեսնելով, թե ինչպես անկյանք շրթունքներից կաթկթում էին ջրի թանկագին կաթիլները․․․ ինքն էլ հաճույքով կխմեր, բայց ենթագիտակցությունից հեռացրեց այդ միտքը, – ջահել տղա է, ու մահանում է սառը դաշտում, աստղերի անհաղորդ թարթումների ներքո։
-Ախպե՜ր, – կմկմաց վիրավորը դողացող շրթունքներով, – ես ուդի եմ․․․ինչո՞ւ կրակեցիք իմ վրա․․․
-Մենք իրար վրա ենք կրակել, տղա։ Ես հայ եմ։
-Գիտեմ, որ հայ ես, – հազիվհազ արտաբերեց վիրավորը, – ուրիշ ի՞նչ պիտի լինեիր․․․ հայ, ոտքս ցավում է, ձեռքերս էլ, որովայնս․․․ ապրես ջրի համար․․․
-Քո ջուրն է, տղա։
Նայեցին իրար։ Ինքը 29 տարեկան էր, հակառակորդը՝ 18-ից ոչ շատ մեծ։ Ու պառկած է մահվան դաշտում, անսպասելի, հանկարծակի հանդիպում․․․
-Գնում ենք, – ասաց «տղան», – մեռնում ենք, մոտ արի, ախպեր, մեռնում ենք, փրկող չկա, եթե հիմա գային, տանեին բուժեին, կապրեինք, չէ՞։
-Հա, – ասաց վիրավորը։ – Արի գոռանք, ինչքան ուժ ունենք։
Նրանք հավաքեցին վերջին ուժերը և սկսեցին ճչալ ամեն մեկն իր լեզվով, որ երկու կողմերին էլ հասկանալի լինի։
Նրանց ձայնը հասնում էր դաշտերին ու հովիտներին, ձորերին ու նոսր թփուտներին, աստղերին, բայց 2020 թվականի հոկտեմբեր ամսին այդ կողմերում մահացել էր կյանքը․․․բաց դաշտում արյունը ծորում էր, կաթկթում վիրավորների կրծքավանդակից, մեջքից, ոտքերից, «տղայի» գլխից ու ոտքից, լճանում։ Նրանք խաղաղված իրար էին նայում․․․կյանքը հեռանում էր անվերադարձ։
-Գրկիր ինձ, – մեռնում եմ, – ասաց ուդին։ – Մենակ մեռնելը սարսափելի է, ես վախենում եմ մահից, բայց չեմ կարողանա ապրել։ Որ ապրես, գտի մերոնց, Ռուսաստանում հանդիպի, ասա մորս, որ վերջին անգամ դու ես գրկել ինձ։ Նա քեզ շատ կսիրի, դու էլ ես վիրավոր։
Վիրավորը ուժերը լարելով մոտեցավ «տղուն»։ Փորձեց գրկել զգույշ, որ չցավեցնի։
-Ըհը, – ասաց նա, – մենակ ենք, չէ՞, ու մեռնում ենք։
-Ես մրսում եմ, տղա, – ասաց վիրավորը, – էսպես մրսել եմ մեկ էլ այն ժամանակ, երբ ճողվածքի վիրահատությունից հետո տարան վերակակենդանացման բաժանմունք։ Ասացի մրսում եմ, մի շատ սիրուն բուժքույր հաստ, տաք վերմակ գցեց վրես։ Խնամքով գցեց վրաս, ծածկեց բոլոր կողմերից։
-Հիմա ո՞նց ես, – հարցրեց մի քանի րոպե հետո։
-Տաքացա, – ասացի ես, ու ցանկացա գրկել բուժքրոջը։
-Ես չեմ մրսում, ջերմում եմ, ներսս տաք է, ու շատ ծարավ եմ։ Ես մեռնելու եմ։
-Նայի աստղերին, որ չմեռնես, կամ խաղաղ կմեռնես։
-Նայել եմ , – չի օգնում․․․ բայց լավ է, որ բարեկամացանք, եթե չմեռնեինք, իրար չէինք տեսնի ու չէինք սիրի․․․ աստղերը մեր բարեկամները չեն, մենք ենք իրար բարեկամները։ Հիմա ախպեր ենք։ Ես արդեն չեմ մրսում, տաք եմ, բթացել եմ։ Ախպեր, հանի իմ բաճկոնը, նոր է ու շատ տաք, հագի, ես չեմ կարող շարժվել, ցավում է, դու հանի, մեծ տղա ես․․․ դու ընտանիք ունե՞ս․․․
-Ունեմ, մեկ տղա ու մեկ աղջիկ։ Չե, չեմ հանի, չեմ ուզում, թող մնա քո վրա, դու էլ ես մրսում, չես զգում։
-Հանի, քեզ սպասում են, դու չես կարող մեռնել․․․ ես չեմ կարող հանել։
-Բայց մենք թշնամիներ չե՞նք։
-Հիմա մենք մի տեղ ենք գնում, որտեղ թշնամիներ չկան, երկնքում թշնամիներ չկան, կամ դա երկինքը չէ։ Հիշեցի՜․․․ երբ գնում էի տատիս տուն, նրանց բակում բարդիներ կային, հա, ես պապ չունեի։ Ու այնքա՜ն երկար էին բարդիները, որ երբ պառկում էինք քնելու, տեսնում էի օրորվող կատարները։ Բակում մի քանի ծառեր էլ կային՝ բալի, ծիրանի․․․ մենք մեր ավանդություններով պաշտում էինք պտղատու ծառերը, որ չի կարելի բարձրանալ նրանց վրա, պոկել և ուտել պտուղներն այնքան ժամանակ, քանի դեռ դրանք չեն թափվել գետնին։ Սակայն ես երեխա էի ու խախտում էի ուդիական օրենքը՝առաջին բալերը գողանում էի և ուտում։ Հետո ուրիշի վրա էին գցում մեղքը, բայց ոչ իմ։ Հիմա տխրում եմ դրա համար, դու ինձ կներե՞ս դրա համար․․․Դու տատ, պապ ունե՞ս, այգի․․․երկնքում կտեսնե՞նք այգիներ։ Երկինքն առանց այգու չի լինի, չէ՞․․․
-Ունեի, պապ։ Երբ գնում էի գյուղ, տան պատշգամբից երկա՜ր նայում էի հեռվում առկայծող երկաթգծին։ Երբ մի քանի օր մնում էինք գյուղում, ես կարոտում էի գնացքին, որով մերոնք գալիս էին տեսակցության ու ետ վերադառնում։ Հիմա հասկանում եմ, թե գնացքներն ինքան կարևոր են․․․ երկնքում գնացքներ կլինեն, կնստենք, կգնանք հեռավոր, ուրիշ երկրներ։
-Ծարավ եմ, հայ տղա, երկնքում ջրերի աղբյուրներ կլինե՞ն․․․
-Չգիտեմ, ինձ ոչինչ չեն ասել, կամ չգիտեն։ Իսկ ձերոնք ի՞նչ են ասել։
-Ես էլ չգիտեմ։ Մի անգամ միայն, երբ դպրոցական էի, դասարանցիներով փուչիկներ փչեցինք, գույնզգույն, մի 50 հատ, ու բաց թողեցինք ամպերի մեջ։ Նրանք դանդա՜ղ հեռացան, ոնց հիմա ես եմ հեռանում երկրից այդ փուչիկների նման․․․ ես երկար նայեցի նրանց ետևից, մինչև անհետացան ամպերի մեջ։ Հանկարծ հիշեցի, ինչո՞ւ․․․ինչո՞ւ է այնտեղ լռություն․․
-Չէ, տիեզերքը շնչում է, լսո՞ւմ ես նրա զարկերը․․ մենք այդ զարկերի մի մասն ենք։
-Դա քո սիրտն է զարկում, անորոշությունից։ Բայց մեզնից մեկը պետք է ապրի, որ մարդկանց պատմի մահվան մասին։ Պատմի, թե ոնց էին մահանում ուդի ու հայ տղաները, ասի, որ կրակել մարդու վրա չի կարելի, որ մեծ արագությամբ սլացող երկաթը խոր խրվում է մարմնի մեջ ու սպանում։ Դու կպատմե՞ս այդ մասին;
-Մենք կենդանի կմնանք ու կպատմենք։
-Ես չեմ կարողանում ապրել, հայ տղա, չգիտեմ ինչպես ապրել, շատ ծարավ եմ միայն, այնտեղ՝ երկնքում ջրերի աղբյուրներ կա՞ն՝ զով, սառնորակ, հագեցնող, այնտեղ բարդիներ, սպիտակ բներով կեչիներ կա՞ն, ինչպես տատիս տանը։
Վիրավորը նորից զգույշ տղայի շրթունքներին մոտեցրեց տափաշիշը, մտածելով, թե ինչ հաճույքով ինքն էլ կխմեր այդ ամբողջ տափաշիշը, կհավաքեր գետնին թափվող թանկագին կաթիլները։
-Երկնքում ամեն ինչ կա, ինչ երկինք, որ ամեն ինչ չլինի։
-Դու շատ բան գիտես, հին ազգից ես, այնտեղ աղջիկներ կա՞ն։ Ես չգիտեմ ինչ է աղջիկը, միայն տեսել եմ, որ շատ գեղեցիկ են, սիրում են մեզ, ավելին չգիտեմ։
-Դու կապրես, մի մտածի, մի վախենա, դեռ շատ բան կտեսնես։
-Չեմ կարողանում ապրել, ցավո՜ւմ է, ձեռքս, ոտքս, գլուխս, եթե հիմա մերոնք գային՝ կապրեի, դու էլ կապրեիր․․․ մենք կապրենք, հայ տղա, դու մեծ ես, շատ բան գիտես, ասա՝ մեզ խաբե՞լ են, ինչո՞ւ չասացին, որ գալիս ենք իրար վրա կրակելու, մեռնելու, ասացին, որ գնում ենք հաղթելու․․․ քեզ է՞լ են նույնն ասել։
Վիրավորը լուռ տնքում էր, նայում կողքին պառկած տղային․․․
-Լսի, տղա, արի նայենք աստղերին, միասին ու մի ցանկություն պահենք։
-Մենք ցանկություն չունենք, բացի ապրելուց, բայց ես շատ եմ վնասվել, մարմինս չկա, ցավում է, չեմ հավատում, որ կապրեմ, այ եթե հիմա տանեին հիվանդանոց․․․ դու կապրե՞ս, հայ ախպեր․․․ եթե ապրես, գտիր մերոնց։ Ասա, որ տեսել ես ինձ, խոսել ենք, ու միասին էինք մահանում, սարսափում ու մի կողմ հրում մահը․․․ Գրկիր ինձ, մենակ վախենում եմ մահից ․․․ եթե դու կողքիս չլինեիր, ես ավելի շուտ կմահանայի։ Երբ ուզեցիր տափաշիշը վերցնել, արդեն մահանում էի, բայց ուշքի եկա։ Գիտե՞ս, տանն էլ էի վախենում լռությունից ու միայնությունից։ Լավ եղավ, որ կողքիս ես։ Ես աղոթում էի, որ մեկը կողքիս լինի, որ մենակ չմահանամ․․․ դու այստեղ ես, ախպեր։
-Ես ոչինչ չարեցի, որ ապրես․․․
-Դու ինձ ջուր տվեցիր, օգնեցիր, որ մենակ չլինեմ, որ մենակ չմահանամ։
Նա մի պահ լռեց հետո ասաց․
-Խնդրում եմ՝ մի կողմ շպրտի ավտոմատը ու էլ չկրակես, մարդ ենք սպանում։ էլ զինվոր չենք, մահացող մարդ ենք, տղա, հայ, ուդի․․․մի սպանի, որ ապրես, հիմա դու ոնց ե՞ս ապրելու, եթե տեսել ես իմ մահը, ես մահանում եմ, չեմ ապրելու, չեմ հավատում․․․ ցույց տուր երեխաներիդ նկարը, ես երեխաներ չեմ ունենալու։
-Դու կապրես, մի մտածի, – ասաց վիրավորը, ձեռքը դժվարությամբ մտցնելով գրպանը և հանելով նկարը․․․ մեռնող տղա է, թող տեսնի, մտածեց։
-Հա՜, ախպեր, փոքր են, ինչ լավն են, ես երեխաներ սիրում եմ, նրանք մեզ նման չեն, որ գնաս տուն, կասես, որ մի ուդի հորեղբայր ունեի, մեռավ իմ կողքին։
-Դու էլ կապրես, – իր համար ստեց վիրավորը։
-Չէ, քեզ սպասում են, դու չես մահանա, ես մի մայր ունեմ, նա կդիմանա։
Գիշեր էր, ցրտում էր։ Նրանք դժվարությամբ, սառը ցոլցլացող աստղերի փայլի ներքո, ցավից լացող մարմիններով ավելի մոտեցան, գրկեցին իրար։ Ուդին ցավից գոռաց։
-Ցավո՜ւմ է, – մղկտաց նա, – բայց այսպես լավ է, չեմ մրսում։
Մոտակայքում ձայն չկար, հեռվում, ինչ-որ տեղ շարունակում էին խուլ, անիմաստ որոտալ հրանոթները։ Վիրավորն այլևս ոչինչ չզգաց, տհաճ, մինչև ոսկորները հասնող թմրություն էր իջնում վրան։ Նինջը պատեց նրան։ Մղձավանջի մեջ, ենթագիտակցությամբ ինչ-որ շարժումներ էր զգում, իր վրա։ Չէր հասկանում, բայց գիտեր, որ էլ չի մրսում, ինչպես չէր մրսում վերակենդանացման բաժանմունքում, երբ բուժքույրն իր վրա տաք վերմակ գցեց։
Լուսաբացը նրանք դիմավորեցին գրկախառնված։
Վիրավորն ուշքի եկավ այն ժամանակ, երբ մի քանի ուժեղ ձեռքեր գրկեցին նրան, արագ դրեցին պատգարակի վրա․
-Բուժկետ հասցրեք, – գոռաց նրանցից մեկը, – կենդանի է, տղեր՛րք։ Արա՛, վրան էս մահացածի բաճկոնն է, այ ես քու, ոնց է գցել վրեն, չեմ հասկանում, փաթաթել է ոնց հնարավոր է․․․
-Սպասեք, – թույլ ասաց նա, – կողքիս տղեն․․․
-Մահացել է, ցավդ տանեմ, – ասացին։
-Ուշադիր նայեք, գուցե չի մահացել, օգնեք էդ տղին, հանեք զինվորական գրքույկը, տեսնեմ ով է։
-Ինչի՞դ է պետք, մահացել է հաստատ ․․․
-Խնդրում եմ, տղերք, հանեք, տվեք ինձ․․․
Մոտեցան, հանեցին ծոցագրպանից ու վիրավորին մեկնեցին ուդի տղայի զինվորական գրքույկը։
Նա նայեց նկարին, ապա թուլացած բռունցքի մեջ ամուր սեղմեց արյունոտված զինվորական գրքույկը։ Երբ հայացքն ընկավ մոմի, պատրույգը սպառած ճրագի նման հալված, մարած աստղերին, մի հեգնական ժպիտ աղավաղեց տառապանքից այլայլված նրա դեմքը։ Նրան թվաց, թե երազի մեջ տեսավ, ինչպես աստղերն անձայն հետևում են հողի ողբերգությանը։ Կաթնծիր լո՞ւյս էր հորդում այնտեղից․․․ օրորվում էին վիրավոր ծառերը, որոնց մեղմ սոսափյունը չէին խանգարում անգամ հեռվից լսվող թնդանոթների որոտը։ Նրանք սոսափում էին աշխարհի չափ հին մի երգ, տառապանքի ու մահվան, բարեկամության մասին․․․
Նա հոգնած փակեց աչքերը և արդեն քնի մեջ շշնջաց ինքնիրեն․
-Աստղերը մեր բարեկամները չեն։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *