Դավիթ Ավետիսյան | Դառը սուրճ

Ա
Դասաժամս ավարտվեց: Ես դուրս եկա համալսարանից մի տեսակ թեթևացած,կարծես ինչ-որ կարևոր բան եմ արել և ուզում եմ ինքս ինձ պարգևատրել: Ուզում էի պարզապես ոտքով քայլել փողոցում ու շփվել մարդկանց հետ: Իսկ շփվելը միայն ձեռքսեղմումով կամ սեղանի շուրջ նստելով չի լինում: Քայլում ես ու նայում անցնող մարդկանց, ծանոթներին ժպտում ես, մի քանի խոսք փոխանակում, անծանոթները ինչ-որ զգացունմեր են առաջացնում, մտովի նրանց հարցեր ես հղում, երբեմն կարճ հայացքներ փոխանակում, երբեմն ինչ-որ մեկին քո ծանոթին ես նմանեցնում… Ասում են՝ գիտությունն արդեն մոտ է նրան, որ հատուկ ակնոցներ հագնելով՝ կարող ես որոշել, թե ինչ է մտածում դիմացինդ, ինչպես ֆիլմերում: Աստված չանի, չգիտես, թե դրանից ինչ կստացվի:
Աշնան լավագույն օրերից մեկն էր: Արևն ասես մոր պես էր ժպտում՝ մեղմ, աչքերի խորքերից, կենսաբեր: Աշունը ոսկեջրել էր աշխարհը, ծառերի վրա ոսկեդեղինն էր: Մի պահ ինձ թվաց, որ իմ հոգու աշունը և այս աշունը հանդիպել են իրար, ողջագուրվում են, ասես չեն տեսնվել մի ամբողջ դար: Ինձ թվաց, թե աշունն ինձ սուրճի է հրավիրում վերջին: Դե, որ սուրճի մասին խոսք գնաց, ոտքերս ուղղվեցին դեպի թիվ մեկ հիվանդանոց, ուր աշխատում էր իմ վաղեմի ընկերը՝ պրոֆեսոր Ռոման Ղուկասիչը: Նա ինձ համար իսկական բժշկի և մտավորականի կերպար էր: Բացառիկ համեստության տեր մարդ: Երկար տարիներ ղեկավարում էր բժշկական համալսարանի ամբիոններից մեկը, հիվանդանոցի պրոֆեսորն էր ու աններելի լավատես: Հաճելի զրուցակից էր, իսկ նրա բուժքույրը՝ մշտաժպիտ, փոքրամարմին ու գեղեցկատես Աննան, աշխարհի ամենահամով սուրճն էր պատրաստում: Ասես սուրճի մեջ ժպիտ էր լցնում: Հիվանդանոց գնալու համար պետք է անցնեի դիմացի մայթը: Լուսանշանը կարմիր էր: Երկու կողմում էլ մարդիկ էին: Նկատեցի՝ դիմացի մայթի աղբամաներից մեկի մեջ քուջուջ անող մի կին, երկու մեծ տոպրակները ձեռքին, մոտեցավ կանգառին և սկսեց ճանապարհը հատել՝ ուշադրություն չդարձնելով մեքենաների ազդանշաններին: Քայլում էր դանդաղ, ծանր տոպրակները քարշ տալով, ասես թքած ուներ մեքենաների, կանոնների և այս աշխարհի վրա: Նա անցավ ճանապարհը և մոտեցավ ճանփեզրին տեղավորված աղբամանին: Ցնցոտիների մեջ նրա մեծ ու խամրած աչքերից ատելություն և զայրութ էր թափվում, ասես բողոք, ընդվզում լիներ՝ ուղղված մնացածներին: Ճանապարհն անցնելու փոխարեն ես մոտեցա նրան, գրպանիցս հանեցի մի փոքր գումար (ասես ինձ էլ մեղավոր զգացի նրա վիճակի համար) ու մեկնեցի նրան: Նախ չտեսնելու տվեց, հետո շուռ եկավ դեպի ինձ և ոչնչացնող հայացք նետելով՝ չարությամբ արտաբերեց.
– Ես մուրացկան չեմ, ես իմ հացը վաստակում եմ,- ասաց նա ու շարունակեց իր գործը: Աշնանային տրամադրությունս միանգամից կորավ: Պարզվում է՝ արևը բոլորի համար հավասար չի ճառագում, աշնան ծառերի այս գեղեցկությունը բոլորի համար չէ: Մարդկանցից և իրենց ճակատագրից նեղացածներ կան, որոնց համար աշխարհը սև է ու դժոխք: Սակայն այդ պայմաններում նա իր հպարտությունը չէր կորցրել. հրաժարվեց իմ օգնությունից: Ինձ մոտ այնպիսի զգացողություն էր, թե ապտակ եմ ստացել ու մեղավորն էլ ես եմ:

Բ
Երբ մոտեցա Ռոման Ղուկասիչի առանձնասենյակի դռանը, նա, մի փոքր փաթեթ ձեռքին, դուրս էր գալիս: Ողջագուրվեցինք: Նա անմիջապես նկատեց, որ տրամադրություն չունեմ.
– Հիվանդ հո չե՞ս::
– Չէ, ուզեցի քեզ տեսնել:
– Լավ,- ասաց պրոֆեսորը,- հիվանդի մոտ եմ գնում, մի ծեր կին է, գուցե քեզ հետաքրքրի, միասին գնանք:
Առանց իմ կամքը հարցնելու՝ Աննային հրահանգեց, որ մի խալաթ էլ ինձ համար բերի: Ես հագա այն և հետևեցի Ռոման Ղուկասիչին: Մտանք մի հիվանդասենյակ, որը ավելի շատ բանտախցի էր նման: Չորս մահճակալ էր տեղադրված, նրանցից երեքը դատարկ էին, կեղտոտ ներքնակներով: Նրանց կողքի սեղանիկները կիսաջարդված էին, պատուհանի շրջակները՝ մաշված, գունաթափ, պատուհանների ապակիները պոլիէթիլենային թաղանթով էին պատված, մանրահատակը տեղ-տեղ պոկված էր: 90-ական թվականներն էին, պետությունը հիվանդանոցներին գրեթե չէր օգնում: Մահճակալներից մեկի վրա հնամաշ սպիտակեղենով տեղաշորի մեջ պառկած էր խիտ ու ճերմակ մազերով, սպիտակամաշկ, ութսունին մոտ մի կին, որի դեմքի կնճիռներն ասես չորացած գետի վտակներ լինեին, իսկ ձևավորված կղզյակները վկայում էին նրա դեմքի վաղեմի գեղեցկության մասին: Աչքերում գունաթափված կապույտն էր, որը լցված էր թախիծի գունաշերտով: Ծեր կինը,մեզ տեսնելով, փորձեց նստել: Ռոման Ղուկասիչը հորդորեց, որ նա պառկի: Ինձ ներկայացրեց որպես հոգեբան, հետո ավելացրեց, որ իր ընկերն եմ: Հիվանդի անունը Նվարդ էր: Տիկին Նվարդը մի հայացք ձգեց ինձ վրա և դժվարությամբ ասաց.
– Հոգեբանները լավ մարդիկ են լինում:
Ես շնորհակալություն հայտնեցի և հարցեր չտվեցի, որ նա չմտածի, թե հոգեբանի կարիք ունի: Երևում է, որ նա վատ էր շնչում, բառերը հատ-հատ էր արտաբերում: Ռոման Ղուկասիչը ձեռքի փաթեթը դրեց մահճակալի կողքի սեղանիկի վրա՝ ասելով.
-Կոտլետներ են, տիկին Գրետան է պատրաստել ու խնդրել է, որ անպայման օգտվես:
Ես հակացա, որ նրանք ընտանիքով մտերիմներ են: Ռոման Ղուկասիչը սկսեց պատմել կնոջ խոհարարական տաղանդի մասին: Ես էլ փորձեցի կատակել.
– Էս տղամարդիկ, երբ սկսում են իրենց կոջը գովել, առաջին հերթին ներկայացնում են նրա խոհարարական արվեստը:
Տիկին Նվարդը փորձեց շնորհակալություն հայտնել, նկատեցի, որ դեմքը շառագունեց: Ռոման Ղուկասիչը թույլ չտվեց, որ նա շարունակի՝ ավելացնելով.
– Գիտեմ՝ այսօր ներարկում չեն արել, քիչ հետո կանեն:
Ռոման Ղուկասիչը դուրս եկավ, ես էլ՝ նրա հետ: Մտանք նրա առանձնասենյակը: Աննան անմիջապես բացեց դուռը և ինձ հարցրեց.
-Սուրճը Ձեզ համար՝ դառը:
Ես գլխով համաձայնության նշան արեցի, Ռոման Ղուկասիչն էլ.
– Ինձ համար էլ դառը,- ինչը Աննային զարմացրեց. նա միշտ կիսաքաղցր էր խմում:
Երբ Աննան հեռացավ, ես դիմեցի պրոֆեսորին.
– Ռոնան Ղուկասիչ, ո՞վ էր հիվանդ կինը, որքան հասկացա՝ մտերիմներ եք:
Ռոման Ղուկասիչի դեմքից ժպիտը ծորաց: Երբ նա ժպտում էր, ասես նրա դեմքին ծիածան էր շողում: Նա կիսաժպիտով ասաց.
– Դե, ինչպե՞ս ասեմ, և՛ իմ մտերիմն է, և՛ ոչ: Մեկ ամսից ավելի է, որ գտնվում է մեզ մոտ, հարազատներ չունի, դեղորայքը և սնունդը ես և իմ երկու բուժքույրերն ենք հայթայթում, լռելյայն պայմանավորվածություն ունենք, ամեն մեկս տանից ինչ-որ բան է բերում, կինս ամեն առավոտ ուտելիք է դնում, նույնիսկ տեսակցության է գալիս, սակայն վիճակը չի կայունանում, դուրս գրեմ՝ ուր գնա, եթե խնամող չունի: Վաստակավոր մանկավարժ է, երբեմն աշակերտներն են գալիս տեսության, նրանցով շատ է հպարտանում, անձնական կյանքից չի խոսում, հպարտ կին է, դժվարությամբ է թույլ տալիս, որ օգնենք: Բայց ի՞նչ անի, հո սովամահ չի՞ լինելու: Դեղորայքն է խնդիր, հիվանդանոցը չունի, դեղատներից ենք վերցնում:
Նրա վրա թախիծ իջավ, այդ պահին նրա դեմքը նմանվեց մթնած ամպի, որը եկավ ու նստեց ճերմակ քուլաների վրա:Ես էլ, օգտվելով առիթից, պատմեցի նրա մոտ գալիս պատահածի մասին:
– Հպարտությունը հոգու յուրօրինակ վիճակ է, որը մարդուն ծնված օրից է տրվում, այն կամ կա, կամ չկա,- ասաց նա:
Ես էլ առարկեցի.
– Երբեմն այն մխիթարանք է ծանր վիճակում հայտնված մարդու համար:
Ռոման Ղուկասիչը չհամաձայնեց.
– Չէ՛, եթե այն կա, անելանելի վիճակներում անգամ մարդուն չի լքում:
Մեր զրույցը ընդհատեց Աննան, որը, ներս մտնելով, սուրճը դրեց սեղանին: Երբ Աննան, իմ հաճոյախոսությունները լսելով, սենյակից դուրս եկավ, ես դիմեցի բժշկին.
– Ռոման Ղուկասիչ, գուցե ես էլ միանամ Ձեր խմբին և ինչ որ բանով օգնեմ տիկին Նվարդին:
– Կարելի է, նկատեցի՞ր, որ էս օրվա ներարկումը չենք արել, պատճառը՝ դեղորայքի բացակայությունն է:
Նա թղթի վրա գրեց դեղերի անունը և մեկնեց ինձ՝ ասելով.
– Համարենք, որ դու այսօր հեքիաթի բարի ծերունին ես:
Սուրճս վայելելուց հետո վերցրեցի դեղատոմսը և առանց ցտեսություն ասելու՝ դուրս եկա, ասելով.
– Քիչ հետո կվերադառնամ:
Հիվանդանոցից դուրս եկա, անցա դիմացի մայթը, ուր իրար կողքի երկու դեղատուն կար, մտա նրանցից առաջին պատահածը, տասը օրվա համար դեղեր գնեցի: Իհարկե, դեղերն այնքան էլ էժան չէին: «Լավ է, որ աղբամաններից իրեր հավաքող կինը գումարից հրաժարվեց, գուցե այս նպատակը ի վերուստ էր որոշված,- մտածեցի ես,- այլապես գումարը չէր բավականացնի»:
Երբ վերադարձա, Ռոման Ղուկասիչը տեղում չէր: Աննան ասաց, որ հիվանդայցի է: Դեղերը թողեցի Աննայի մոտ: Աննայի ուրախությանը չափ չկար, անմիջապես գնաց ներարկումը կատարելու: Հիվանդանոցից դուրս եկա, առավոտվա տրամադրությունս կարծես վերականգվեց: Երբ տուն հասա, կնոջս պատմեցի: Գուցե մտքում մի փոքր նեղվեց գումարի հարցում, սակայն նա բարի կին է, ժպտաց, նույնիսկ խոստացավ տիկին Նվարդին ուտելիք տանել: Միայնության մեջ կյանքի և մահվան պայքար մղող տիկին Նվարդը մտքիցս դուրս չԷր գալիս: Մի քանի օր հետո որոշեցի սուրճի պատրվակով գնալ հիվանդանոց ու տեղեկանալ նրա առողջության մասին: Երբ ուզում էի մտնել Ղուկասիչի մոտ, բուժքրոջ դուռը բաց էր, Աննան, ինչպես միշտ, տեղում էր: Բարևեցի: Նա տեղից վեր կացավ, մոտեցավ ինձ և խորհրդավոր տոնով ասաց.
– Ռոման Ղուկասիչը սարսափելի զայրացած է, նույնիսկ հիվանդներին չի ընդունում:
Իմ հարցին, թե ինչ է պատահել, ասաց, որ չգիտի ու նրան այդ վիճակում երբևէ չի տեսել: Ես նրան հարցրեցի տիկին Նվարդի առողջական վիճակի մասին:
– Վիճակը չի բարելավվում, շնչարգելությունը գնալով ավելի խորանում է, իսկ վատն էլ այն է, որ հրաժարվում է սնունդից, ինձ թվում է՝ միտումնավոր, հաճախ է կրկնում, թե մեզ վրա բեռ է դարձել:
Աննայի աչքերն արցունքոտվեցին:
– Ախր մենք նրան մոր պես ենք սիրում:
Ես մտածեցի. «Մարդը ուրիշի ցավով ի՞նչպես կարող է այսպես ապրել, այն համարել իր սեփականը, գուցե մարդու տեսակը դրանով է նաև տարբերվում կենդանական աշխարհի մնացած էակներից»:
Այնուամենայնիվ որոշեցի մտնել Ղուկասիչի մոտ: Նա իրոք այլայլված էր: Իմ բարևը գլխի շարժումով ընդունեց: Դեմքը կարմրած էր, աչքերը զայրութից պայթում էին, անհանգիստ շարժումներով սեղանի թղթերն այս ու այն կողմ էր տանում: Ես նրան այդ վիճակում չէի տեսել, նա մշտազվարթ բնավորություն ուներ, ես միշտ մտածել եմ` մռայլ մարդիկ չեն կարող լավ բժիշկ լինել, բժիշկի ուրախ տրամադրությունը փոխանցվում է հիվանդին, ու այն դառնում է հաջող բուժման սկիզբ: Հիշեցի` երբ առաջին անգամ ինձ մոտ բավականին բարձր շաքար հատնաբերվեց, Ռոման Ղուկասիչը ժպտալով ասաց.
– Хорошо, хорошо…
Ես էլ, որ սրտնեղել էի ,ասացի, թե դրա ինչն է хорошо, նա էլ թե.
– Շաքարը հիվանդություն չէ, առողջ ապրելակերպ է, որին պետք է ձգտենք բոլորս: Ես նրա խոսքերից թեթևություն զգացի, սկսեցինք կատակել, իսկ հիմա նա փոթորիկ է, ինչը նրան նման չէ: Տագնապած հարցրի.
– Ի՞նչ է պստահել, – հարցրի՝ մտածելով՝ ընտանեկան ինչ-որ խնդիր ունի: Նա խորը շունչ քաշեց.
– Դու տիկին Նվարդին ճանաչում ես, անցած անգամ դեղեր բերեցիր, շնորհակալ եմ, ներարկումները կատարում ենք, լավագույն դեղերն ես գնել, սակայն նա հրաժարվում է սննդից, չգիտեմ ինչ անել, դա էլ բավական չէ՝ մի երկու օր առաջ նրան տեսության էր եկել նրա աշակերտներից մեկը՝ Տաթևիկ անունով ու ասել, որ տիկին Նվարդը երկու որդի ունի, որոնցից մեկը արտերկրում է, մյուսը այստեղ է և ոչ ավել ոչ պակաս ազգային ժողովի հանձնաժողովի նախագահ է:
– Զանգիր դրան,- զայրացած ասացի ես:
– Երեկվանից զանգում եմ, ասում են՝ զբաղված է, հետո զանգեմ, ներկայացել եմ, ասել՝ ով եմ, վերջապես առավոտյան միացրին, նա ինձ ասում է.
– Ինչո՞վ կարող եմ օգնել, պրոֆեսոր:
Ես էլ ափերից դուրս եկա ու ասաց.
-Ոչ թե ինձ է պետք օգնել, այլ Ձեր մորը, որը մահամերձ է, դեղերն ու սնունդն օտարներն են բերում…
Նա էլ, թե՝
– Ինչպե՞ս, կինս՝ Վիկան, ասում է՝ ամեն օր այցելում է, ամեն ինչ կարգին է:
Ղուկասիչը չկարողացավ խոսքն ավարտել, զայրութը խեղդում էր: Երկուսս էլ լռեցինք, ինչպես ասում են, բառերն ավելորդ էին: Հանկարծ դուռը բացվեց, ներս մտան մի խումբ փողկապավոր տղամարդիկ, նրանցից երկուսին հեռուստատեսությունից գիտեի, մեկը առողջապահության նախարարն էր, մյուսը ազգային ժողովից էր, հանձնաժողովի նախագահ: Դե, պարզ էր՝ տիկին Նվարդի համար էին եկել: Իմ մնալն ավելորդ էր, դուրս եկա: Աննային ցտեսություն ասացի, հեռացա, Աննան հետևիցս բարձրաձայնեց.
– Դառը սուրճը:
Ես քթիս տակ մրմնջացի.
-Արդեն խմեցի…

Գ
Մի քանի օր հետո լրատվամիջոցները գուժեցին տիկին Նվարդի մահը: Հոգեհանգիստը Սուրբ Հովհաննես եկեղեցում էր: Պարտքս համարեցի ներկա գտնվել: Հանրապետության ողջ էլիտան ներկա էր: Այնտեղ էր նաև Ռոման Ղուկասիչը: Նա ցավով ինձ ասաց, որ տղային զանգելը լավ գաղափար չէր, նրա այցելությունն ավելի էր վատթարացրել Նվարդի վիճակը, ավելի էր ընկճվել: Հասկացել էր, որ ամբողջ հիվանդանոցը գիտի իր ընտանիքի պատմությունը: Նրան հատկապես տղայի հեղինակությունն էր անհանգստացնում: Նվարդն ապրել չէր ուզում, իսկ երբ մարդը ուզում է մեռնել, նրան դժվար է օգնել… Ռոման Ղուկասիչը, հայացք ձգելով Նվարդի որդու կողմը, ասաց.
– Մարդկանց համար պետք է ցավ ապրել ոչ միայն այն ժամանակ, երբ նրանք մեզանից հեռանում են, այլ նաև, երբ ծանր վիճակում են և օգնության կարք ունեն: Ես որեէ մեկին չցավակցեցի, Ռոման Ղուկասիչն էլ չմոտեցավ տղային: Սակայն նա նկատել էր պրոֆեսորին և մեղավոր հայացքով նրան էր նայում:
Աճյունի շուրջը մի խումբ սևազգեստ կանայք էին նստած: Հավանաբար նրանց մեջ էր նաև տիկին Վիկան…

Share Button

9 Կարծիք

  • Tatevik says:

    Հրաշալի ,ուսուցանող պատմություն է:Մտորելու տեղ է տալիս:Օգտակար կլիներ հատկապես պատանիներն ընթերցեին,թե չէ ինչ հիմարություն ասես ընդգրկում եմ դասագրքերում:Իսկ նման պատմությունները լուրջ դաստիրակչական գործառույթ կարող են իրականացնել:Շնորհակալություն հեղինակին👌

  • Tatevik says:

    ընդգրկում են*

  • Hovik says:

    Շատ հուզվեցի,որքան զգացմունքային էր պատմությունն ու խորը:Այն եզակի դեպքերից է,որ միշտ կմնա հիշողությանս մեջ:Ծնողին սիրելու և պատվելու ,նրան կենդանության օրոք ուշադրություն դարձնելու կոչ կա այս պատմության մեջ:

  • Ռոլանդ Ավետիսյան says:

    Իրոք, դառը սուրճ էր Նաև ընթերցողներիս համար այս փոքրածավալ, բայց հուզաշատ պատումը։ Եվ որքան հարիր մեր երկրի ոչ վաղ անցյալին, դժբախտաբար։ Հիմա գոնե պակասել են աղբաման քրքրողները, բայց մարդու, մանավանդ հարազատի նկատմամբ ուշադրության, հոգատարության պակասը ցնցող է։ Մի°թե հնարավոր էր հավատալ, որ մեր ազգային խառնվածքին այնքան խորթ երևույթը այսքան շուտ ու շատ տարածում կունենա մեզանում։
    Հեղինակը մատը դրել է վերքին և նուրբ անցումներով ուզում է մեզ կրկին վերադարձնել մեր ազնիվ ու ամենամարդկային արմատներին, որպեսզի կարողանանք ըմբոշխնել աշնան գեղեցկությունը և մեզ հարամ չլինի խմած սուրճը։

  • Միքայելյան says:

    Հետաքրքի, բովանդակալից, ասելիքով հարուստ տողեր են… ամեն տողը նոր մտքերի ու ապրումների, ինչու ոչ հիշողությունների անթերի վերապրում է արթնացնում։ Գրողը իր հատուկ ընտրված նուրբ ստեղծագործելու կարողությամբ ընթերցողին նվիրում է նորը զգալու անփոխարինելի զգացումը։ Նման գեղեցիկ ստեղծագործությունները ժառանգություն են սերունդների համար…

  • Ashkhen says:

    Գեղարվեստական բարձրարժեք գործ. նման ստեղծագործությունները պետք է տեղ գտնեն դպրոցական դասագրքերում։

  • Հ. Հովհաննիսյան says:

    Մենք հաճախ ենք հպարտանում հայկական ընտանիքներում տարեցների նկատմամբ ավանդական հոգատարությամբ, սակայն գիտենք նաև, որ մեզ մոտ էլ քիչ չեն անսիրտ, սառը, հաշվենկատ մարդիկ, որոնց համար հիվանդ և տարեց ծնողը բեռ է դառնում, մինչդեռ ծեր մայրը մինչև վերջին շունչը անհանգստանում է զավակի, նրա անվան համար: Ահա այսպիսի մոր և անհոգի, քաղքենի զավակի մասին է պատմվածքը: Սովորական թվացող այս պատմությունը ներկայացված է պարզ, հուզիչ շարադրանքով, առանց ավելորդաբանությունների: Աշխարհում ավելանում է միայնակ, հարազատների կողմից լքված ծերերի թիվը, կյանքի առաջընթացի հետ մարդը ավելի միայնակ է դառնում՝ կարոտ շրջապատի ուշադրության և հոգատարության: Այս մասին է ահազանգում հեղինակը: Պատմվածքը ընթերցողին ասես մի պահ կանգ առնելու և արժեքները վերագնահատելու, առօրյա թոհուբոհում մարդկային լավագույն հատկանիշները չկորցնելու մասին խորհելու առիթ է տալիս:

  • Ashot says:

    Դավիթ Ավետիսյանի պատմվածքները բարձրարժեք գործեր են, հատկապես նրա « Կակաչներ մայրիկին» պատմվածքը դասագրքային է:

  • mxitar says:

    Մի շնչով կարդացի, խոսքեր չունեմ, մեծ բավականություն ստացա, հրաշալի արձակ, գեղարվեստական հետաքրքիր հնարքով է կերտված տիկին Վիկայի կերպարը, որի նմանները մեր շրջապատում քիչ չեն:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *