Հովիկ Մխիթարյան | Դիրքի ավագը

Արեգակը վախվորած դուրս էր հանում առաջին շողերը: Հորիզոնը լուսավորվում էր: Առջևում ձգվում էր հարթ ճանապարհը, երևում էին այրված մեքենաներ, զենքերի մնացորդներ ու բեկորներ, քրքրված հողը երեխայի խզբզոց էր հիշեցնում։ Հեռվում ուրվագծվում էր լեռան գագաթը, որ երկնքի մուգ ֆոնին վեհ տեսարան էր ներկայացնում: Գեղեցկությունը համահունչ չէր իրավիճակին:
Դիրքի ավագ Շավոն հին կռվածներից էր: Աչքի չընկնելով ֆիզիկական արտահայտիչ տվյալներով՝ նա երբեք բարեկամություն չէր արել վախի հետ: Անթափանց աչքերով, բարձրահասակ, ձիգ ու գեղեցկադեմ հին մարտիկը բարեկամություն էր անում միայն արևածագի հետ, բայց սիրում էր և դիտել մայրամուտը, ինչքան թույլ էր տալիս ծառայությունը և մարտական հերթապահությունները։ Մահվան մասին չէր մտածել: Վախն անհետացավ այն օրից, երբ առաջին անգամ ձեռքը վերցրեց զենքը և դա իր ընտրությունն էր: Վախը մնաց յոթ սարից այն կողմ: Ինչպես հիմա, երբ սպասում էր արևի առաջին շողերին, ու երբ սուլում էին առաջին ռումբերը` հրեշավոր ուժով, առանց մի րոպե իսկ դադար տալու:
Երբ սկսվեց պատերազմը, շատ արագ հասան դիրքեր, առաջին իսկ ժամից մարտի դաշտում էին։ Շավոն հասկացավ, որ սա ուրիշ կռիվ է, որ դժոխքի դռներն են բացվել իրենց վրա…
-Դիրքավորվե՜լ, – բղավեց նա, – զենքերը պատրա՜ստ… սա ուսումնական տագնապ չէ:
Հետո կապի դուրս եկավ ու ասացին, որ զորանոցներին են խփել, առայժմ մեծ օգնություն չի լինի, կուղարկեն մի քանի պայմանագրայինների:
Նա տեսավ, որ տղերքը շփոթահար են, բայց դեմը թշնամի չկար դեռևս, թշնամին օդում էր: Ահավոր աղմուկը չէր թողնում լսեին իրար: Շատ արագ կազմավորեց դիրքը, ամեն մեկն իր տեղում էր, իրարից երկու մետր հեռավորության վրա ու սպասում էին: Վտանգ կար, որ հետևակի գրոհ կարող էր լինել: Անցան սպասումի ժամերը, տագնապահար իրար էին նայում ու սպասում:
Շավոն մի անգամ էլ ստուգեց դիրքերը:
Ու վտանգը չուշացավ, երբ լռեցին հրանոթները, թշնամին գրոհի անցավ: Հեղեղի նման դեպի իրենց էր գալիս հետևակը… քանակով մի տասը անգամ շատ կլինեին իրենցից:
-Տղերք, – գոռաց անճանաչելի ձայնով, – պատրա՞ստ եք… ա՜խ, էս երեխեքն ի՞նչ են անում այստեղ, կհասցնե՞ն գիտակցել ուսումնական վարժանքի ու մարտի տարբերությունը:
Երբ թշնամին մոտեցավ ու հնչեցին առաջին կրակոցները, տղաները պատասխանեցին համաչափ համազարկով ու ընկան առաջին շարքերը, բայց գալիս էին, կարծես իրենցը չէր մահն ու կյանքի գեղեցկությունը, չէի՞ն վախենում, թե՞ … Շավոն տեսավ, որ մոտ մեկ ու կես տարի ծառայած Լևոնը հանկարծ կախեց գլուխն ու մարմինը թուլացավ: Դեպի նրան սողաց Աշոտը…
-Պահեք կողքերը, – բղավեց նա, ապա նորից.
– Կրա՜կ…
Կրակը թեժանում էր, կրակում էր մտածելով ու սառնասիրտ, խնայելով փամփուշտները: Մի պահի նկատեց, որ կողքերն էլ ավելի են ամրացել… նորերը` 8-9 ամիս ծառայածները պահում էին աջը, հները` ձախը, մեջտեղում` տեղ հասած պայմանագրայիններն էին:
-Ես ձեր ցավը տանեմ, կրա՜կ…
Պատերազմի վերջը չէր երևում, այսպես չէր եղել։ Չէին վախենում, հոգնում էին։ Չէին քնում անգամ իրենց հատկացված ժամերը. օդում մահվան հոտ կար։
Ուշքն անընդհատ դեպի նորերն էր, վախենում էր չդիմանան: Դիրքի ավագ Շավոն գիտեր, որ հանկարծակի ու անսպասելի, հաճախ հին, փորձառու զինվորներն էին խուճապի մատնվում, ու լինում էին փախուստի դեպքեր: Շատ բան սպաներից էր կախված, նրանց ոգու ամրությունից ու օրինակից… Իր ներկայությամբ դեռ երբեք խուճապի դեպք չէր եղել ու դիրք չէին զիջել։ Այս հողն իրենն էր, այստեղ տղաներ էին զոհվել, սիրո, գեղեցիկ արևածագեր էր դիմավորել, հիշել հեռվում գտնվող ընտանիքը… այստեղ հուզվել էր ու լացել։
Մարտը հանկարծակի սկսվեց։ Թշնամին բետոնի դեմ առավ։ Սովորության համաձայն, ամենից առաջ միասին գոռացին` «Աստվա՜ծ պահապան»։
Հանկարծ զգաց, որ ձախ թևից արյուն է հոսում, թեպետ ցավ չէր զգում: Բայց շարունակում էր պահել ավտոմատը… կրակում էր արդեն անխնա, թշնամու մոտենալը վտանգավոր չափերի էր հասել, չպետք է թույլ տալ այդքան մոտենալ: Եվս մի փոքր ու ձեռնամարտ էր սկսվելու: Ձեռքի գնդացրով զինվորը` խելառ Բաբկենը հանկարծ կանգնեց ու ծանր զենքը ձեռքին սկսեց կրակի հեղեղ թափել… սա կռվի նո՞ր ձև է, այ խելառ-գիժ, անցավ մտքով, բայց տղուն օգնել էր պետք, միայնակ էր մնում… մի քանիսը կարծես հասկացան միտքն ու միագամից նրան միացան, իրենք էլ ոտքի կանգնեցին: Շավոն էլ, չնայած վերքին, ոտքի կանգնեց, արդեն դժվար էր հասկանալ, ինչ է կատարվում: Սա մարտ չէր, սա ուրիշ մի բան էր, մարդկային խելագարություն, որ անուն, սահմանում չուներ… սպանում էին միմյանց երիտասարդ ու ծեր, առանց ճանաչելու իրար: Մարտի փորձառություն ձեռք բերած նորերը կարծես միանգամից գժվեցին… նրանց աչքերը փայլում էին կատաղությունից ու մի բանից, որ հին զինվոր Շավոն ինքն էլ չգիտեր ինչ է: Նա շատ մարտերի էր մասնակցել ու գիտեր ինչ է կռիվը, բայց հանկարծ գիտակցեց, որ չի իմացել ինչ է կռիվը:
-Մալադոյներին չթողնեք, – գոռաց, գիտենալով, որ փոքրամարմին են, դժվար կլինի ձեռնամարտի բռնվել, եթե չհաշենք սամբիստ Ամրամին ու ծանրածողի վարպետ Սահակին: Դիրքի ավագը կրակում էր ու նայում, թե կրակի ինչ հեղեղ է թափում ձեռքի` Կալաշնիկովի գնդացիրով` խելառ Բաբկենը: – Խփելու են տղին, – անցավ մտքով ու նորից գոռաց.
-Տղերք, մեռնել չկա, խնդրում եմ… տղերք, կրա՜կ…
Խենթերը կանգնեցրել էին գրոհի թափը: Հակառակորդը, որ հույս ուներ միանգամից հաղթանակի հասնել թվային գերակշռության շնորհիվ, հանկարծակիի եկավ կատաղի պաշտպանությունից ու սկսեց նահանջել, որովհետև շատ էին զոհերը: Շավոն խուճապ նկատեց նրանց շարքերում ու որոշեց օգտագործել այդ պահը և նորից գոռաց.
–Կրա՜կ, առանց դադարի: Նահանջում են, պահեք իրավիճակը:
Բայց թշնամին նահանջում էր, դեռևս շարունակելով կրակել, ընտրելով նահանջի զգուշավոր տարբերակը, իսկ իրենք այնքան շատ չէին, որ ընկնեին ետևներից: Թանկ էր յուրաքանչյուր զինվոր կյանքը… Գրոհը մարեց, ապա կանգ առավ վերջնականապես:
Ռազմաճակատի վտանգավոր հատվածում գտնվող իրենց դիրքը թշնամու ուշադրության կենտրոնում էր: Գրոհները չէին դադարում: Իրենք ետ էին մղում:
Ուրիշ ոչինչ չկար, միայն գրոհ ու պաշտպանություն: Արևածագերն ու մայրամուտներն էին, որ կյանքի ու ապրելու տպավորություն էին ստեղծում, մնացածը մահ էր ու ավեր։ Միայն մտածում էին այնպես չլինի, որ տներում զգան իրենց բացակայությունը. Իրենք չկային, վաղուց էին մահացել։
Հերթական գրոհի ժամանակ դիրքի ավագը հանկարծ նկատեց օդում դեպի ոչինչ չկասկածող Բաբկենը սլացող նռնակը: Վայրկյան անգամ չմտածելով, նա ամբողջ ուժով վազելով, ընկավ նրա վրա իր ողջ մարմնով: Զգաց ռումբի պայթյունն ու հրե ցոլքերը: Ոտքերը կարծես այրվեցին: Բաբկենը մի կողմ հրելով իրեն, դուրս եկավ տակից, փորձեց օգնել իրեն, սակայն Շավոն բղավեց.
–Օգնիր տղերքին, ես ոչինչ, ոտքերս են:
-Շավո, – ասաց Բաբկենը, բայց Շավոն համարյա ուժով իրենից հեռացրեց նրան: Սա ոտքի կանգնելով՝ նորից հարմարեցրեց զենքը… Դիրքի ավագը փորձեց ինքն էլ ոտքի կանգնել, բայց զգաց, որ ոտքերը չեն ենթարկվում իրեն:
– Ոտքե՜րս, – գոռաց նա, ինչն է էլ չհասկանալով` թե ում են ուղված հուսահատ խոսքերը:
Զսպելով ահավոր ցավը, նա հետևեց մարտին: Դանդաղ կորցնում էր գիտակցությունը, բայց կամքի ուժով պայքարում էր ուշաթափության դեմ, զգալով մարտի ահավորությունն ու ցանկանալով ինչ-որ կերպ օգնել կռվողներին…
Նա հանկարծ մտածեց, որ այս մարտին շատ երկար էր սպասել: Սա հենց իր կյանքի մարտն էր, իսկ վախ բոլորովին չէր զգում, տարօրինակ սթափություն էր գլխում, կարող էր գրկել մահին ու զրուցել հետը: Մահվան անորոշ գիտակցությունը, որին ամեն վայրկյան սպասում էր, այս պահին սարսափելի չէր: Քանի՜ իր նմանններ էին մահացել…
Զսպելով ուշաթափության հերթական նոպան՝ նա սողալով անսովոր դիրք ընդունեց ու չգիտակցելով ոտքերի ցավը, շարունակեց կրակել, որովհետև գիտեր` մեկ կրակոցն անգամ մյուսի կյանքն էր փրկելու… երբ փամփուշտները վերջացան, նա վերջապես նայեց ոտքերին, թեպետ չէր ուզում նայել… տեղում էին, բայց անիմաստ էր ոտքեր անվանել այն, ինչ տեսավ: Այնտեղ արյունաշաղախ մի զանգված էր, միսն ու ոսկորներն իրար էին խառնվել: Նայեց շուրջբոլորը, օգնող չկար. բոլորը կռվում էին, դժոխք էր: Թշնամին նահանջում էր, բայց դեռևս չէին կարող հանգստանալ:
Զսպելով սուր ցավը՝ դիրքի ավագ Շավոն արագ, բաց խնամքով կապեց լարանը ազդրից վերև, որոնեց զենքը, հետո գիտակցեց, որ ուշաթափվելը փրկություն կլինի… բարեբախտություն էր, որ վազելով եկավ բուժակն ու ցավազրկող ներարկեց. ուշքի եկավ, մինչև դնում էին մեքենայի մեջ: Ավարտվե՞ց պատերազմն իր համար: Նա մի կողմ շպրտեց սաղավարտը, փորձեց գրկեց իրեն տեղափոխող բուժակին, բայց ցավը խանգարում էր, այնքա՜ն կուզեր բոլորին գրկել:
-Շնորհակալ եմ, բժիշկ, – շշնջաց թույլ ժպտալով, – ես կապրե՞մ… բառերը կարծես երազում էին հնչում:
-Անպայման, – ասաց բուժակը, բայց վազել չես կարող:
-Նորերը, – հարցրեց նա…ի՞նչ է կատարվում:
– Պահում են դիրքը, Արմանը, կովսականցի Ապերն ու սևքարեցի Կարոն…
Դիրքի ավագը չկարողացավ զսպել լացը. դեռ երեկ էր Ապերի հետ խոսում կյանքի իմաստի ու պատերազմի ահավորության, կենդանի մնալու արվեստի մասին… ընդամենը երեկ: Կարոն լռակյաց տղա էր, մոր միակ զավակը…Արմանը…
Պատերազմը… ես քու…
Աշխարհը մի պահի անհետացավ դիրքի ավագի համար. երբ բացեց աչքերը, մի այլ զգացողություն ուներ: Դանդա՜ղ ուշքի եկավ ու հասկացավ, որ հիվանդանոցում է: Կարծես իրենը չէր սեփական մարմինը: Ինքն այլևս ինքը չէր: Երբ մեկնեց ձեռքերը, որպեսզի շոշափի ոտքերը, դատարկություն էր: Չկային ոտքերը, բայց իրենն էր շնչառությունն ու մարմինը, հոգին ու սիրտը… կողքինների` իրեն ուղղված լարված հայացքները:
-Խելագար մարտեր ենք մղել, բժիշկ, ինչո՞ւ կենդանի մնացի, – ասաց մոտեցող բժշկին, – Իսկ էն տղերքը չկան, Արմանը, կովսականցի Ապերն ու սևքարեցի Կարոն…
Չսպասելով պատասխանի՝ նա թեքեց հայացքը. պատուհանից երևում էր դիմացի սարը` վախվորած գեղեցկությամբ. մթնում էր:
-Տղե՜րքը, – իրենից անկախ, աղեխարշ, հանկարծ գոռաց հիվանդասենյակով մեկ, – զոհվե՞լ են տղերքը, աաա՜խ, ես ձեր… ու փորձեց վեր կենալ տեղից, – թողեք գնամ…, գնալու եմ… ես ձեր…
Վազելով եկան բուժքույրները, գրկեցին ու նորից տեղում պառկեցրին դիրքի ավագին:
– Հանգստացնող ներարկեք, – ասաց բժիշկը:
Դիրքի ավագ Շավոն հանդարտ փակեց աչքերն ու հասկացավ, որ մարտն ավարտվել է։ Պատուհանից երևում էր երկինքն արնագույն ներկող մայրամուտը… լեռան ետևը սահող արեգակը, պատերազմը, որ լիզեց իր ոտքերը, բայց կրծեց սիրտը…

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *