Աննա Ստեփանյան | Ձևը ստվերն է, իսկ ճշմարտությունը՝ Արևը. Սոհրաբ Սեփհերի

«Մերօրյա Ռումի» այսպես կարող ենք կոչել Սոհրաբ Սեփեհրիին, որ պարսից միջնադարյան սուֆի բանաստեղծ Ջալալ ադ-Դին Ռումիի սուֆիական ուղու շարունակողն է ժամանակակից աշխարհում։ Սեփեհրին դարեր հետո շարունակում է միստիկի և Աբսոլյուտի զրույցը, հավերժական մաքառումը ճշմարտության, լույսի համար։ Բանաստեղծներին միավորում է ներքին հոսանքն առ Աստված, երկու միստիկներն էլ անցնում են նույն կայաններով Կատարյալին հասնելու ճանապարհին։
Ռումիի պես Սեփեհրին էլ համոզված է, որ ձևը ստվերն է, իսկ ճշմարտությունը՝ Արևը[1] և ուղղվում է դեպիի Այն։ Ռումիի ամբողջ պոեզիան հիմնված է ձևի և իմաստի հակադրության վրա, որն արտահայտվում է լույսի և ստվերի, փոշու և քամու և այլ հակադիր զույգերով։ Նույնը նկատում ենք Սեփեհրիի մոտ, օրինակ՝ «غبار لبخند»  («Ժպիտի մթագնումը») բանաստեղծությունը այս անտինոմիայի վրա է կառուցված, ինչն ակնհայտ է արդեն իսկ վերնագրից։
Սեփեհրիի «شرق اندوه» («Թախծի արևելքը») ժողովածուն Ռումիի պոեզիայի գաղափարական ազդեցությունն է կրում, և հատկապես ժողովածուին փոխանցվել է «دیوان شمس»  («Շամսի դիվանի») էքստատիկ բերկրանքը։ Ժողովածուն լի է  «դասական» միստիցիզմին բնորոշ պատկերային համակարգով, բառապաշարով, միջնադարյան սուֆիզմի բազմաթիվ սիմվոլներով, ինչպիսիք են հայելին, սիրեցյալը, այգին, գինին և այլն, որոնք նկարագրել ենք երկրորդ գլխում։

Ջալալ ադ-Դին Ռումի

Սեփեհրին, որ հոգու զարթոնք է ապրել, լույսն է տեղ գտել իր հոգում, դեռևս տանջվում է տարակուսանքից, որ ժողովածուի ընթացքում փոխակերպվում է Բարձրյալի էությունը գիտակցելու ցնծությամբ։
«پادمه» («Վայրի լոտոս») բանաստեղծության մեջ Սեփեհրին ասում է․

بوییدن بی ما بود: زیبا بود…
او آنجا
، آنجا بود .[2]          
Բույրն առանց մեզ էր գեղեցիկ էր։
Նա այնտեղ էր, այնտեղ։

            Պոետը կրկնում է «Դիվանի» առաջին բանաստեղծության մեջ արծարծված սուֆիական կարևոր գաղափարը․ ի տարբերություն «ուղղադավան» իսլամական դոգմատիկայի, որ համարում է՝ Աստված ստեղծել է ամեն ինչ ոչնչից, սուֆիները համոզված են՝ մինչև նյութական աշխարհի ստեղծումն էլ ամեն ինչ գոյություն է ունեցել Աստծո գիտակցության մեջ։
Աստիճանաբար Սեփեհրին գիտակցում է, որ Կատարյալին հասնելուն խանգարողը հենց ինքն է, ինքն է լեռը, այսինքն՝ իրեն Բարձրյալից բաժանող պատնեշը։ Նույն միտքը հանդիպում ենք Ռումիի մոտ․ ըստ բանաստեղծի մարդ պետք է դուրս գա իր իսկ էության սահմաններից, պետք է գիտակցի, որ նրա և Աստծո էություններն անբաժանելի են։  Հաջորդ բանաստեղծության մեջ Սեփեհրին շարունակում է այս միտքն, ասելով՝ Դու անսկիզբ երազ ես[3]։
Հետաքրքրական է, որ երկու բանաստեղծներին էլ բնորոշ է հոգու ճախրանքը, որ չի ճանաչում կրոնական սահման, Սեփեհրիի պես Ռումին էլ անդրադառնում է մի շարք կրոնների, դեմ դուրս գալիս իրականության մասնատված ընկալմանը՝ համայնական հոգու կերպար ստեղծելով։

Սոհրաբ Սփհերի

Մարդու և Աստծո սկզբնական միության գաղափարը, որը նկատելի է նաև հայ միջնադարյան միստի բանաստեղծ Գրիգոր Նարեկացու մոտ, տեսնում ենք Ռումիի բանաստեղծություններում ևս. Ռումին էլ մարդու՝ Եվայի մեղքից հետո անկման մասին է խոսում։ Սուֆիզմի նպատակներից է մարդուն իր կորսված բարձր էությունը վերադարձնելը, չէ՞ որ ըստ մի հադիսի «Ալլահը Ադամին իր կերպարանքով ստեղծեց» [4]։ Ռումիի և Սեփեհրիի պոեզիան հորդոր է մարդկանց գիտակցել, որ ամենակարող Աստվածն իրենց մեջ է ապրում։
Սեփեհրիի «تا» («Մինչև») բանաստեղծությունը պարուրված է «Շամսի դիվանին» բնորոշ Աբսոլյուտին միաձուլվելու էքստատիկ զվարթությամբ, այն լի է տեսիլային պատկերներով (փերիներ, հրեշտակներ և այլն), ներդաշնակությամբ։ Հեղինակն ասում է, որ կոտրվել է երկվության գավաթը, միության ստվերն է պատել երկիրն ու ժամանակը․

جام دویی بشکسته. سایه یک روی زمین، روی زمان.[5]

            Նույն հոգևոր բերկրանքով լի են նաև հաջորդ բանաստեղծությունները, պոետը նույնիսկ հանդիպում է իր «սիրեցյալին» և ըմպում նրա պայծառության ջուրը[6]։
Ապա Սեփեհրին գնում է դեպի մահ, հանուն հոգու հավերժ կյանքի, հանուն վերջնական միության Աստծո հետ, նույն գաղափարով էլ ավարտում է իր «Դիվանը» Ռումին: Ինչպես գրել է ամերիկացի բժիշկ և գրող Դ․ Չոպրան եթե սոխի բոլոր շերտերն առանձնացնեք, կգտնեք Աստծո սերմը, նույնն էլ մարդու դեպքում առանձնացրեք գոյության բոլոր շերտերը, կենտրոնում կգտնեք Աստծուն[7]։
Թեև «Թախծի արևելքը» սուֆիական գաղափարներով շաղախված ժողովածու է, բայց Սեփեհրին, նեո-միստիկական իր հայացքներին համապատասխան, դասական սուֆիզմին միահյուսում է արևելյան փիլիսոփայական մտքերը, մշակում իր ուրույն բանաստեղծական լեզուն՝ հետևելով ճապոնական եռատող քնարական բանաստեղծությունների՝ հայքուների մինիմալիստական ու կարճ ոճին։

[1] У.Читтик, В поисках скрытого смысла, сост. М.Т.Степанянц, Москва, Научно-издательский центр Ладомир, 1995, с 37

[2]سهراب سپهری، هشت کتاب، تهران، نشر آذینه گل مهر، 1388،ص 206 ( թրգմ․ մերն է)

[3] Նույն տեղում, էջ 210

[4] Д.Щедровицкий, Руми, Дорога превращений, Суфийские притчи, изд. Теревинф, Москва, 2012, с 36

[5]  سهراب سپهری، هشت کتاب، تهران، نشر آذینه گل مهر، 1388،ص 233 ( թրգմ․ մերն է)

[6] Նույն տեղում, էջ 237

[7] Д.Чопра, Как познать Бога, Москва, изд. София, 2008, с 12

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *