Վիկտորյա Մարկոսյան | Hey Brother

Եղբորս՝ Արտակին
Ձեռքիս ափը դնում եմ ափիդ։ Քո ձեռքում ափս էլ ավելի փոքր է երևում, քոնն՝ ավելի մեծ։ «Կմեծանաս, ոչի՛նչ»,- ծիծաղում ես՝ իմանալով, որ քեզանից մեծ եմ երկու տարի ու ինն ամսով։
Մայթերին աճող հաստաբուն ծառերի կողքին տնկվել են բարակ շիվեր, եղանակները՝ փոխվել ութ անգամ։ Մանր անձրև է տեղում․ շուտով էլի ձմեռ կգա՝ իրար մոտեցնելով արևածագերն ու մայրամուտները։ Բնական է։
Երբեմն հետաձգում եմ իրականության հետ հանդիպումը և պատրվակ եմ փնտրում՝ քեզ չայցելելու։ Չկարծես՝ ստացվում է․ ամեն օր եմ հանդիպում քեզ։ Մի օր, երբ դեկտեմբերյան անձրևը սաստկացել էր, քիչ- քիչ սկսում էր ձյան վերածվել, իսկ ես, սովորության համաձայն, ոչ անձրևանոց ունեի, ոչ խելք, որոշեցի առաջին պատահած խանութը մտնել՝ աձրևանոց գնելու։ Եվ հանդիպեցինք։ Իմ ու քո միասին լսած վերջին երգն էր հնչում․
“They say, “You’re basic”, they say, “You’re easy”,
You’re always riding in the backseat,
Now I’m smiling from the stage…”
(Ասում են՝ սովորական ես, ասում են՝ պարզ ես, Քո տեղը միշտ վերջին շարքում է, Հիմա ես ժպտում եմ բեմից․․․)։ Այս երգը իմ ու քո համատեղ կազմած երգերի ցանկում վերջինն է հիմա։ Այն ավելացրինք մեր վերջին ֆիզիկական հանդիպմանը՝ զինվորական արձակուրդիդ օրերին։ Հետո ես այդ ցանկը հազար անգամ պտտել էի․ երեք ամիս է, ինչ հեռացել էիր արդեն։ Հանդիպեցինք։
“What if I’m far from home?
Oh, brother I will hear your call…”
(-Իսկ եթե տանից հեռո՞ւ լինեմ։ -Եղբա՛յր, ես կլսեմ քո կանչը): Այսպես է հնչում այդ երգացանկի երգերից մեկում։ Այս համատարած լռության մեջ և անսահման հեռավորությունից անգամ ինձ լսելի են բոլոր պատասխանները քո:
“What if I lose it all?
Oh sister, I will help you out”
(-Իսկ եթե ամենը կորցնե՞մ։ -Քույրի՛կ, ես քեզ կօգնեմ)։ Կայի՞ն այս տողերը, նո՞ր ավելացան, թե՞ մտածենք նախախնամությունների մասին։
Բակում խաղացող երեխաների կողքով անցնելիս՝ պատահաբար նկատում եմ քո աչքերը, վերադարձած ընկերներիդ աչքերում տեսնում եմ քեզ՝ վերջին անգամ, ստիպում եմ ինձ՝ լսել նրանց պատմությունները քո մասին՝ երբեմն զվարճալի, երբեմն՝ չափազանց ծանր, սև, դաժան, սակայն բոլորը՝ քո մասին։ Լսել մինչև վերջ՝ առանց արցունքի՝ չշեղելու համար միտքը նրանց, լսել մեծի պես։ Մեծացել եմ։
Եղբայրս, Արտո՛, գուցե չհավատաս, սակայն տեսնում եմ մեկնած քո ձեռքը ամեն անգամ, երբ սպասում եմ օգնության, բայց չգիտեմ՝ ումից։ Քեզ հետ այս պատահական հանդիպումներն ամենասպասվածն են, և քո օգնությունն՝ ամենաթանկը։ Միակ հանդիպումը, որը հետաձգում եմ, իրականությունն է՝ դու, դրոշ և միշտ թարմ ծաղիկներ։
Ձեզանից հետո մնացած այս հակասական, բևեռացված իրականությունը մի բանի նման չէ։ Անձնական փոքրիկ ուրախություններ՝ ընդդեմ համամարդկային վշտի։ Մեր բաժանումը, ցավոք, միակը չեղավ, և հիմա աշխարհում հազարավոր, եթե ոչ՝ միլիոնավոր մարդիկ են կորցնում, բաժանվում հարկադրաբար։ Հազարավոր մարդիկ, դրոշներ և միշտ թարմ ծաղիկներ։ Ամենուր։
Աշխարհի շատ լեզուներով են գրվում տողեր հարկադրված բաժանումների մասին։ «Վրեժ», «ցավ», «անմահություն», «կորուստ»՝ թարգմանվում են տարբեր լեզուներով, վերագրվում իրական, երբևէ գոյություն ունեցած մարդկանց։ Ժամանակները փոխվել են։ Այս աշխարհում էլ փոքրեր չկան։ Եվ թեկուզ ոչ բոլորն են չափել ձեռքի ափերը և իրար ասել, թե՝ ոչի՛նչ, կմեծանաս, սակայն բոլորն արդեն մեծացել են։
«Իմ պապերն են քեզ շահել,
Իմ եղբայրքն են քեզ պահել,
Քոնն են որդիքն իմ ջահել,
Հայրենի երկիր․․․»։
Նախկինում՝ դեռ երկու տարի առաջ ես սարսափում էի այս երգից՝ սկսած երկրորդ տողից, իսկ հիմա՝ երրորդ։ Ես գիտեմ փորձից։ Մի պահ կորստից սիրտն այնքան է փոքրանում, որ տեղ չի մնում Հայրենիքի համար։ Որպես պարտություն ձևակերպված այդ օրը ես զգում էի նույնը, ինչ կզգայի, եթե այդ օրը «հաղթանակ» անվանեին։ Միևնույն է։ Չկայիր։ Սակայն հետո՝ շատ ավելի ուշ, երբ ուշքի ես գալիս, տեսնում ես, որ միայն Հայրենիքն է մնացել, ուրիշ ոչինչ։ Եվ սիրտդ մի մեծ տեղ է բացում փոքրիկ Հայրենիքի համար, այն դառնում է դեպի Հայրենիքը, այն դառնում է Հայրենիք։
«Կմեծանա՛ս»,- ասում ես ծիծաղելով, երբ չափում ենք ձեռքերի ափերը։ Գուցե մեծանալը հենց այն է, երբ զգացած ցավն այլևս չի պատմվում, չի ձանձրացնում, այլ դառնում է գործ։ Զորակոչվելուդ նախորդ օրը, երբ մինչև ուշ երեկո նստեցինք ու խոսեցինք՝ որպես ամփոփում կյանքի, պատմեցիր, թե ինչեր ես արել, և ոչ՝ ասել։ Ես էլ քեզ այդ խոստացա վերջին անգամ՝ լռություն և գործ։
Մայթերին աճող հաստաբուն ծառերը շուտով կկտրեն, բարակ շիվերը կմեծանան և կփոխարինեն դրանց։ Այդպես է բնական՝ հիշեցնում է բնությունը մարդկանց։
Արտո՛, եղբայրս, մինչև կսկսվեր այդ 44 օրը, դու էլի հերոս էիր, ով արժանի էր ապրելու, ում արժանի էր կյանքը։ Այդպես չեղավ սակայն։ Եվ հիմա հետաձգված իրականությունների և հանդիպումների արանքում մի հույս կա միայն՝ «կլսեմ քո կանչը»։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *