Լորդ Դանսընի | Ուրվականներ

Եղբորս հետ իր մեծ մեկուսի առանձնատանն ունեցած վեճը դժվար թե հետաքրքրի ընթերցողներիս։ Համենայնդեպս, ոչ նրանց, որոնց, հուսով եմ, կհրապուրեն իմ նախաձեռնած փորձը և բոլոր տարօրինակությունները, որոնք տեղի ունեցան ինձ հետ այդ վտանգավոր վայրում, որտեղ ես թեթևամտորեն և անգիտաբար թույլ տվեցի երևակայությանս ներս խուժել։ Եղբորս Ուանլիում էի այցելել։
Այժմ Ուանլին բավականին կղզիացած է` շրջապատված ծեր, շշնջացող մայրիների մռայլ ծառախմբով։ Նրանք գլխով են անում, երբ գալիս է Հյուսիսային Քամին, ապա նորից են գլխով անում, համաձայնվում են, հետո կրկին թաքուն լռում են ու որոշ ժամանակ ոչինչ չեն ասում։ Հյուսիսային Քամին նրանց համար նույնն է, ինչ հետաքրքիր հանելուկն իմաստուն ծերունիների համար. պարզապես գլխով են անում և միասին իրար մեջ փսփսում դրա շուրջ։ Շատ բան գիտեն մայրիները, շատ երկար ժամանակ են այդտեղ։ Նրանց պապերը տեսել են Լիբանանը, իսկ վերջիններիս պապերը եղել են Տյուրոսի արքայի սպասավորները ու ներկայացել են Սողոմոնի պալատ։ Եվ ալևոր Ժամանակի այս սևահեր երեխաների մեջ էլ կանգնած էր Ուանլիի հին առանձնատունը։
Չգիտեմ՝ քանի դարեր են իրենց տարիների վաղանցուկ փրփուրներով ալեկոծել տունը, բայց Ուանլին կանգուն է մինչև հիմա, և շուրջն ամեն ինչ վաղեմի պատմություն ունի. արտասովոր օրգանիզմների նման, որոնք կառչում են ծովին չենթարկվող քարերից։ Այստեղ զրահներ կային՝ վաղուց մահացած կռախեցիների պատյաններ, որոնցով տղամարդիկ զրահապատվում էին տարիներ առաջ, գույնզգույն գոբելեններ կային՝ ջրիմուռների պես գեղեցիկ. այստեղով ոչ մի նավաբեկոր չէր հոսում, ոչ մի վաղ վիկտորիանական կահույք, ոչ մի էլեկտրական լույս։ Հայտնի առևտրային ճանապարհները, որ տարիները լցրել են մսի թիթեղյա տարաների և էժանագին վեպերի կեղտով, հեռու էին այստեղից։ Դե այո, դարերը դեռ փշուր-փշուր կանեն տունը և բեկորները կքշեն հեռավոր ափեր։ Բայց քանի դեռ Ուանլին կանգուն էր, որոշեցի այցելել եղբորս, և մենք վիճեցինք ուրվականների շուրջ։ Կարծում էի` թեմայի մասին եղբորս գիտելիքները որոշակի շտկման կարիք ունեին։ Նա շփոթում էր երևակայական երևույթներն իրականում գոյություն ունեցողների հետ. պնդում էր, թե ուրվական տեսնելու մասին երկրորդ ձեռքից ստացված վկայությունն ապացուցում է, որ ուրվականներ գոյություն ունեն։ Ասացի, որ անգամ եթե մարդիկ տեսել են ուրվականների, դա ապացույց չի կարող ծառայել. ոչ ոք չի հավատում, օրինակ, որ գոյություն ունեն կարմիր առնետներ, չնայած առաջին ձեռքից ստացված բազմաթիվ վկայություններ կան, որ դրանք երևացել են մարդկանց զառացանքի մեջ։ Ի վերջո ասացի, որ եթե ինքս էլ տեսնեմ ուրվականների, կշարունակեմ պնդել նրանց չգոյությունը։ Ուստի մի բռաչափ սիգար հավաքեցի, մի քանի բաժակ շատ թունդ թեյ խմեցի, հրաժարվեցի ընթրիքից և առանձնացա սենյակներից մեկում, որտեղ կահույքը մուգ կաղնուց էր, բոլոր աթոռները՝ գոբելեններով պատված. եղբայրս, վիճաբանությունից հոգնած, գնաց իր սենյակ` ճգնելով համոզել ինձ, որ հրաժարվեմ իմ անախորժ մտադրությունից։ Սանդուղքի ստորոտին կանգնած էի, եղբորս մոմը թրթռալով ավելի ու ավելի էր բարձրանում՝ ընդհուպ մինչև վերջին աստիճանը, և ողջ ընթացքում նա հորդորում էր ինձ ընթրել ու պառկել քնելու։
Քամոտ ձմեռ էր, դրսում մայրիները չգիտեմ ինչ էին փսփսում, բայց կարծում եմ՝ իրենց երևակայել էին վաղուց մեռած ժամանակների տորիներ, որոնք անհանգիստ էին ինչ-որ նորությունից։ Ներսում՝ բուխարու կրակներում, հսկա խոնավ գերանը սկսեց ճռնչալ ու երգել, հնչեցրեց իր նվնվան մեղեդին, կրակի երկար լեզվակները խոյացան գերանի վրա ու պահեցին ռիթմը, սենյակի բոլոր ստվերները հավաքվեցին մեկտեղ ու սկսեցին պարել։ Հեռու անկյուններում խավարի հին կուտակումները դաստիարակների պես նստել ու չէին շարժվում։ Այնտեղ՝ սենյակի ամենամութ հատվածում, դուռ կար, որ միշտ փակ էր։ Տանում էր նախասրահ, բայց ոչ ոք չէր օգտագործում․ դռան մոտ ժամանակին դեպք էր պատահել, որով ընտանիքս չէր կարող հպարտանալ։ Մենք սովարաբար այդ մասին չենք խոսում։ Կրակի լույսի ներքո երևում էին հին աթոռների պատկառելի ուրվագծերը․ ձեռքերը, որոնք պատրաստել էին դրանց գոբելենները, այժմ խոր թաղված են հողի տակ, ասեղները, որոնցով աշխատում էին ձեռքերը, ժանգի առանձին թեփուկներ էին մեծ քանակով։ Այդ հին սենյակում այլևս ոչ ոք չէր գործում, ոչ ոք, բացի ծեր, անխոնջ սարդերից, որոնք, հերթապահելով հինավուրց իրերի մահճի մոտ, պատանքներ էին հյուսում փոշին պարփակելու համար։ Քիվերը պարուրած պատանքներում արդեն նկատելի էր կաղնե որմնադրվագի միջուկը, որը կրծել էր ճիճուն։
Վստահաբար մարդկային երևակայությունը, արդեն իսկ քաղցից ու թունդ թեյից գրգռված, նման սենյակում նման ժամի կարող էր տեսնել նախկին բնակիչների հոգիներին։ Պակաս ոչինչ չէի սպասում։ Կրակն առկայծում էր, ստվերները՝ պարում, պատմական արտասովոր երևույթների մասին հիշողությունները վառ գույներով աշխուժանում էին իմ ուղեղում. բայց ահա յոթ ոտնաչափ մեծության ժամացույցը պաշտոնապես ազդարարեց կեսգիշերվա մասին, և ոչինչ չկատարվեց։ Երևակայությունս չէր շտապում. կեսգիշերվա առաջին ժամերի հետ ուղեկցվող սառնությունը պատեց ինձ, և ես գրեթե հանձնվել էի քնին, երբ կից միջանցքում բարձրացավ մետաքսե զգեստների սոսափյունը, որին սպասում էի և որն ակնկալում էի լսել։ Հետո զույգ-զույգ ներս մտան ազնվազարմ լեդիներ և իրենց կնամեծար երկրպագուները Ջեյմս Առաջինի ժամանակներից։ Նրանք մի փոքր ավելին էին, քան ստվերներ, բարձրաշուք ստվերներ էին և գրեթե անճանաչելի. բայց բոլորդ էլ կարդացել եք ուրվականների մասին պատմություններ, թանգարաններում տեսել եք այդ ժամանակաշրջանի զգեստները, նկարագրելու կարիք չկա։ Նրանք ներս մտան, մի քանիսն էին, նստեցին հին աթոռներին` գուցե փոքր-ինչ թեթևամտորեն փորձելով գնահատել գոբելենների արժեքը։ Ապա զգեստների սոսափյունը դադարեց։
Դե ինչ, ես տեսա ուրվականներին, բայց ոչ վախեցա, ոչ էլ համոզվեցի, որ ուրվականներ գոյություն ունեն։ Արդեն պատրաստվում էի վեր կենալ աթոռից ու պառկել, երբ միջանցքից թփթփոց լսվեց՝ բոկոտն քայլերի ձայն փայլեցրած հատակի վրայով. ժամանակ առ ժամանակ ոտքը սայթաքում էր, և երբ չորքոտանի արարածը կորցնում, ապա կրկին վերականգնում էր հավասարակշռությունը, ես փայտե հատակը ճանկռելու ձայն էի լսում։ Չվախեցա, բայց լարվեցի։ Թփթփոցը շարժվում էր ուղիղ այն սենյակ, որտեղ ես էի, իսկ հետո լսեցի քաղցած ռունգերի ֆսֆսոցը. գուցե «լարվածը» լավագույն բառը չէր այդ պահին իմ զգացումները նկարագրելու համար։ Հանկարծ սև, բլադհաունդներից խոշոր արարածների մի ամբողջ ոհմակ դոփդոփելով ներս մտավ. մեծ, կախ ընկած ականջներ ունեին, քթները քսվում էին հատակին ու փնչացնում էին. արարածները մոտեցան հին ժամանակների լորդերին ու լեդիներին և նողկալի քծնանքով շրջապատեցին նրանց։ Աչքերը սարսափելի վառ էին և մեծ խորություն ունեին։ Երբ նայեցի նրանց աչքերին, հանկարծ հասկացա, թե ինչ արարածներ են և վախեցա։ Դրանք մեղքերն էին, այդ նրբագեղ կանանց և տղամարդկանց գարշելի, անմահ մեղքերը։
Ի՜նչ ամոթխած էր այդ լեդին, որ նստեց կողքս՝ հնաոճ աթոռին, ի՜նչ ամոթխած էր, ի՜նչ գեղեցիկ էր, բայց հենց կողքին կանգնած էր մեղքը՝ անդնդախոր կարմիր աչքերով, ծնոտը կնոջ փեշին հենած. ակնհայտ սպանության դեպք էր։ Իսկ այ Դու՜ք, ոսկեգույն վարսերով լեդի, միայն ոչ Դուք… բայց ահա դեղին աչքերով զարհուրելի գազանը Ձեր մոտից գաղտագողի հեռանում է հեռվում կանգնած պալատականի մոտ, և ամեն անգամ, երբ Ձեզնից մեկը քշում է արարածին, սա գնում է մյուսի մոտ։ Իսկ այնտեղ մի լեդի, որ շոյում է օտար մեղքի զազրելի բրդոտ գլուխը, փորձում է ժպտալ, բայց սեփական մեղքերից մեկը խանդում է և առանց հրավերի տեղավորվում տիկնոջ ձեռքի տակ։ Այստեղ է նստած մի տարեց ազնվական՝ թոռը ծնկին, պապիկի մեծ, մութ մեղքերից մեկը լպստում է փոքրիկի դեմքը և իրենով է անում երեխային։ Մեկ-մեկ ուրվականներից մեկը տեղափոխվում է, ուրիշ աթոռ է փնտրում, բայց մեղքերի ոհմակը շարժվում է հետևից։ Խե՛ղճ ուրվականներ, խե՛ղճ ուրվականներ։ Երկու հարյուր տարվա մեջ տեսնես քանի՜ անգամ են փորձել ազատվել ատելի մեղքերից, քանի՜ անգամ են փորձել արդարացնել դրանց ներկայությունը, բայց մեղքերն իրենց հետ էին դեռ, և դեռ անհայտ պատճառով։ Հանկարծ մեղքերից մեկը կարծես շնչեց իմ կենդանի արյան հոտը և սաստիկ հաչեց, մյուսներն իսկույն լքեցին իրենց ուրվականներին և շտապեցին իմ մասին բարձրաձայնած մեղքի հետևից։ Ճիվաղն իմ հոտը առել էր դռան մոտ, որի միջով մտել էի սենյակ, և ոհմակը, հատակը հոտոտելով, դանդաղ մոտենում էր ինձ՝ մերթընդմերթ արձակելով իրենց զարհուրելի ճղավոցները։ Ես հասկացա, որ ամեն ինչ շատ հեռուն է գնացել։ Բայց գազաններն արդեն տեսել էին ինձ, արդեն շրջապատել էին, ցատկում էին, փորձում հասնել կոկորդիս, և ամեն անգամ, երբ նրանց մագիլները դիպչում էին ինձ, սարսափելի մտքեր էին այցելում ինձ, անխոսելի ցանկություններ էին տիրում իմ սրտին։ Արարածները ցատկոտում էին շուրջս, իսկ ես ծրագրում էի վայրենություններ, ծրագրում էի փորձառու խորամանկությամբ։ Հսկա կարմրաչյա սպանությունն առաջին շարքում էր այդ բրդոտ հրեշների, որոնց ճիրաններից ես տկարաբար փորձում էի փրկել կոկորդս։ Հանկարծ մտքիս եկավ, որ պիտի սպանեմ եղբորս։ Կարևոր էր թվում, որ խուսափեմ որևէ պատժից։ Ես գիտեի՝ որտեղ էր պահված ատրճանակը. երբ կրակեմ եղբորս, կփոխեմ շորերը և ալյուր կքսեմ դեմքին, իբր նա ուրվական էր խաղում։ Շատ հեշտ կստացվի։ Կասեմ՝ եղբայրս ինձ վախեցրել է, իսկ սպասավորները լսել են, որ խոսում էինք ուրվականներից։ Մի երկու մանր հարց կա, հարկավոր կլինի կարգավորել, բայց իմ մտքից ոչինչ խույս չի տա։ Այո, եղբորս սպանելը շատ լավ միտք էր թվում, մտածում էի ես ու նայում կարմիր անդունդում թաղված աչքերին։ Բայց մինչ իրենց վերջին ճիգն ինձ քարշ կտար ներքև… «Եթե երկու կողմեր հատվում են,- ասացի ես,- հակադիր անկյունները հավասար են։ Դիցուք, AB-ն E կետում հատվում է CD-ին, տվյալ դեպքում CEA և CEB անկյունների գումարը 180 աստիճան է, (թեորեմ xiii)։ Նմանապես, CEA և AED անկյուններն էլ են միասին 180 աստիճան կազմում։
Ես շարժվեցի դեպի դուռը՝ ատրճանակի հետևից. գազանների շարքերում սոսկալի ցնծության ալիք բարձրացավ։ «Բայց CEA անկյունն ընդհանուր է, ուստի AED-ն հավասար է CEB-ին։ Նույն տրամաբանությամբ հավասար են CEA-ն ու DEB-ն։ Այն, ինչ պետք էր ապացուցել»։ Այսպիսով, ապացուցված էր։ Տրամաբանությունն ու ողջամտությունը վերականգնեցին իրենց դիրքերն իմ ուղեղում, այլևս չկային մեղքի սև քերծեներ, գոբելենապատ աթոռները դատարկ էին։ Միտքը, որ մարդ կարող է սպանել սեփական եղբորը, անհավատալի էր թվում։

Թարգմանությունը անգլերենից` Յուրի Սարգսյանի

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *