Վանուհի Բաղմանյան | Էրիխ Մարիա Ռեմարկը հայ իրականության մեջ

Քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղես, կա՛մ լուրջ ընդունելով՝ ինքնասպան լինես:

Էրիխ Մարիա Ռեմարկը, ի թիվս արևմտաեվրոպական ու ամերիկյան մի շարք գրողների, համաշխարհային գրականագիտությանը հայտնի է որպես «Կորուսյալ սերնդի» ներկայացուցիչ: Վերջինս գրողների այն սերունդն է, որ իր ստեղծագործություններում ներկայացնում է 1914-1918 թթ. աշխարհամարտի ողբերգական փորձը, մարդու մեկուսացումը հասարակությունից, իդեալների կորուստը:  «Կորուսյալ սերնդի» ներկայացուցիչներից են նաև Է. Հեմինգուեյը, Ու. Ֆոլքները, Ֆ. Սքոթ Ֆիցջերալդը և այլք:

Գրողների այս սերնդի թերևս ոչ մի ներկայացուցչի անձի ու գործունեության շուրջ այնքան մեծ աղմուկ չբարձրացավ, որքան Ռեմարկի: Իր իսկ բնորոշմամբ՝ օրը մի նորություն էր իմանում իր մասին: Նորությունների մեծագույն մասը, անշուշտ, զրպարտություններ էին՝ առանց ծանրակշիռ հիմքի՝ սկսած նրա՝ ֆրանսիական ծպտյալ հրեա, ազգի դավաճան, գրագող լինելու ենթադրություններից մինչև անգամ բանակում նրա չծառայելը, հետևաբար ռազմաճակատի մասին գաղափար չունենալը և այլն: Միայն մեկ օրինակ՝ հարյուրավոր զրպարտություններից՝ «Չի կարելի մոռանալ, որ Ռեմարկը պատերազմում միայն որպես սակրավոր եւ հիվանդանոցի այցելու է եղել։ Այդ պատճառով ինքնակենսագրական կարող են լինել միայն բարաքների, արձակուրդի, սակրավորի աշխատանքի, վնասվածքների, հիվանդանոցի նկարագրությունները»[1]։

Հատկանշական է, որ Ռեմարկն այդ զրպարտություններին կա՛մ չէր պատասխանում, կա՛մ զինաթափող հանգստությամբ էր արձագանքում, ինչպես, օրինակ, իր «Putnam Sons» (1929 թ., սեպտ. 15) նամակում. «Երբ տեսնում եմ` դեղին մամուլն ու պնդաճակատներն ինձնից ինչ են դարձնում, ինքս իմ աչքին հրեշ եմ թվում։ Տարիքս տատանվում է 22-55-ի միջև, և ես տարբեր անուններ ունեմ։ Իմ փոխարեն հայտարարում են, թե ես գողացել եմ զոհված ընկերոջս ձեռագիրը, արտագրել պատերազմական այլ վեպերից կամ գրել եմ պայմանավորվածության հիման վրա։ Ամեն օր՝ նոր տեղեկություն իմ մասին։ Միայն հետևյալը կասեմ՝  ես կուզեի, որ այդ մարդիկ ճիշտ լինեին, համենայնդեպս այն հարցում, որ ես երբեք զինվոր չեմ եղել»[2]։

1933-ին, երբ Գերմանիայում հաստատվում է նացիստական դիկտատուրան, Ռեմարկի նկատմամբ հալածանքներն ավելի շոշափելի են դառնում: Նացիստական քարոզչության նախարար Յ. Գեբելսի նախաձեռնությամբ՝ Ռեմարկի գրքերը հայտարարվում են հակազգային, արգելվում ամբողջ Գերմանիայում, գրքերի բոլոր օրինակները հեռացվում են գրադարաններից, և արգելվում է դրանց վաճառքն ամբողջ երկրում: Այս շրջանում Ռեմարկը տեղափոխվում է Շվեյցարիա, ապա ԱՄՆ: 1939-ին 3-րդ ռայխը Ռեմարկին զրկում է Գերմանիայի քաղաքացիությունից:

Այս բոլոր հալածանքները, սակայն, ոչ միայն ի զորու չեղան լռեցնել Ռեմարկին, այլև նպաստեցին նրա ստեղծագործական վերելքին: «Արևմտյան ճակատում նորություն չկա» (1929), «Վերադարձ» (1931), «Երեք ընկեր» (1936) վեպերից հետո լույս տեսան «Սիրիր մերձավորիդ» (1939), «Հաղթական կամար» (1945) և մյուս վեպերը: Չնայած արգելքին՝ ռեմարկասեր ընթերցողը ճանապարհներ էր գտնում սիրելի հեղինակի գործերը գաղտնի ձեռք բերելու և ընթերցելու, և հենց այդ արգելքն էր ավելի ու ավելի մեծ ուշադրություն բևեռում հեղինակի ու նրա գործունեության վրա: Հապացույց՝ միայն «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպի՝ 18 ամսում 2,5 միլիոն օրինակ վաճառքը և 22 լեզուներով թարգմանությունները: Գրքի հիման վրա Լեվիս Մայլսթոունի նկարահանած ֆիլմը 1930 թ. արժանացել է «Օսկար»-ի:

Հայաստանը, բարեբախտաբար, անմասն չմնաց ռեմարկյան աշխարհացունց այս իրարանցումից: Խորհրդային տարիներին Ռեմարկի վեպերի մի մասը թարգմանվեց նաև հայերեն: Այդ թարգմանությունները, սակայն, միջնորդ լեզվից՝ ռուսերենից էին (բացառությամբ «Հաղթական կամար»-ի թարգմանության, որ բնագրային է) և խորհրդային գաղափարաբանությանը համապատասխան: Խորհրդային միության օրոք հայ ընթերցողը Ռեմարկ կարդում էր ավելի շատ ռուսերեն, քան հայերեն, որ տարբեր պատճառներ ուներ՝ ռուսական կրթություն, սովորություն, չմիջնորդված թարգմանություն և այլն: Այսպես, Եղիշե Չարենցի թարգմանությամբ, 1932-ին լույս է տեսել Ռեմարկի «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպը, 1963-ին Գևորգ Էմինի թարգմանությամբ՝ «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», ապա հաջորդաբար՝  1972-ին «Երեք ընկեր»-ը՝ Շահեն Թաթիկյանի և 1973-ին «Հաղթական կամար»-ը՝ Գևորգ Վիրապյանի թարգմանությամբ: Ուշագրավ է, որ բացի վերոնշյալ թարգմանություններից՝ 1930 թ. լույս է տեսել «Արևմտյան ճակատում նորություն  չկա» վեպից մի հատված՝ «Նա տպագրիչ էր» վերնագրով (թարգմ.՝ Գրաբուս-ի), որ քիչ հայտնի թարգմանություն է, իսկ 1932 թ. նույն վեպը Լիպարիտ Նազարեանցի թարգմանությամբ լույս է տեսել արևմտահայերեն՝ «Ետքը» վերնագրով, որ, սակայն, չափազանց հեռացված է բնագրից:

Խորհրդային կարգերից հետո` հատկապես վերջին տարիներին, Հայաստանում տեղի ունեցավ հայ թարգմանական գրականության վերածնունդը, որ հայ իրականության մեջ դարերի պատմություն և ավանդույթ  ունի՝ սկսած 5-րդ դարից, և որ խորհրդային տարիներին, այսպես ասած, լեթարգիական քնի մեջ էր: Թարգմանական մշակույթի հետխորհրդային զարթոնքին զուգահեռ՝ վերափոխվեց ժամանակակից հայ ընթերցողի վերաբերմունքը թարգմանական գրականությանը, ամրակայվեց վստահությունը հայերեն թարգմանությունների նկատմամբ, քանի որ դրանք մեծ մասամբ բնագրային են: Թարգմանական այս զարթոնքը չէր կարող շրջանցել գերմանական դասական գրականության հզոր ներկայացուցիչներից Ռեմարկի անմահ վեպերը, որոնց բնագրային արդեն չորս թարգմանություններ հայ ընթերցողի սեղանին են: 2017 թ. «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հանձն առավ գերմաներենից թարգմանել Ռեմարկի 11 վեպերը: 2017-20121 թթ. լույս են տեսել «Երեք ընկեր», «Հաղթական կամար», «Արևմտյան ճակատում նորություն չկա», «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը», «Սև կոթողը», «Երկինքն ընտրյալներ չունի», «Լիսաբոնի գիշերը» վեպերի հայերեն թարգմանությունները:

Ռեմարկի՝ որպես «Կորուսյալ սերնդի» ներկայացուցչի շոշափած թեմաները՝ պատերազմ, դրա անդառնալի հետևանքները մարդու վրա, սեր, ընկերություն, չափազանց հոգեմոտ են հայ ժամանակակից ընթերցողին, որովհետև պատմական քմահաճ ճակատագրով հայ ժողովուրդը ցայսօր գոյության կռիվ է տալիս նույն քմահաճ ձեռագրով իրեն ճակատագրված աշխարհագրորեն հարևան պետությունների հետ։ Մյուս կողմից, Առաջին աշխարհամարտը չի շրջանցել հայ ժողովրդին նույնպես, ավելին՝ Կովկասյան ճակատում հայերս լուրջ կորուստներ ենք կրել, և հայոց Մեծ եղեռնը տեղի է ունեցել հենց Առաջին աշխարհամարտի տարիներին։ Իսկ պատերազմը, ինչպես Ռեմարկն է բնորոշում, ամենուր նույնն է, «ազգերին ամենուր իրար դեմ են հանում, և նրանք լուռ, անգետ, անմիտ, հնազանդ, անմեղ սպանում են իրար»:

Պատերազմը՝ որպես մարդկային ճակատագրերի հետ խաղացող մի անիմաստ ակտ. ահա Ռեմարկի ստեղծագործության գլխավոր թեմատիկան, որ տարբեր վեպերում իր ինքնատիպ դրսևորումն է գտնում: Այսպես, «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպում Ռեմարկը գրում է. «Որքա՜ն անիմաստ է այն ամենը, ինչ գրվում է, արվում, մտածվում, երբ նման բան գոյություն ունի: Ամեն ինչ սուտ է ու անկարևոր, եթե հազարամյակների մշակույթն ի զորու չեղավ խափանել այն‚ ինչ պատճառ դարձավ արյան այս հեղեղների‚ հարյուրհազարավորների տանջանքների այս զնդանի: Միայն հիվանդանոցը ցույց տվեց՝ ինչ բան է պատերազմը»: Նույն միտքը հեղինակը զարգացնում է «Երեք ընկեր»-ում՝ այլ համատեքստում. «Նրանք մտածում էին հացի մասին, միմիայն՝ հացի ու աշխատանքի: Նրանք եկել էին այստեղ, որ միառժամանակ խուսանավեն իրենց մտածմունքներից: Ոտքները քարշ տալով, ուսները կորացրած՝ աննպատակ թափառում էին նրանք հռոմեական պարզ քանդակների և կանանց հունական սպիտակ արձանների անմոռանալի թովչանքի շուրջ: Մարդկության՝ հազարամյակների ձեռքբերումների ու կորուստների մի ցնցող հակադրություն էր, անմխիթար մի պատկեր: Հավերժական արվեստի գործերի գագաթն ու մի կտոր հացի կարոտ բախտակիցները…»: Ռեմարկն այս միտքն ամփոփում է «Հաղթական կամար»-ում ի հայտ եկող մեկ նախադասությամբ, որ, ըստ իս, նրա ստեղծագործության բանալին է. «Քսաներորդ դարի երեսին կա՛մ պետք է ծիծաղես, կա՛մ լուրջ ընդունելով՝ ինքնասպան լինես»:

Որքան էլ սպասելի էր գրքասեր հայ ընթերցողի խանդավառությունը Ռեմարկի վեպերի նոր թարգմանություններով, այդուհանդերձ, այն գերազանցեց բոլոր սպասելիքները, քանի որ թարգմանությունների շնորհանդեսներին ներկա էին տարբեր սերունդների բազմաթիվ ներկայացուցիչներ՝ անկախ մասնագիտությունից ու գրական-գեղարվեստկան նախընտրություններից։ Շնորհանդեսներից բացի՝ «Էդիթ Պրինտ» հրատարակչության նախաձեռնությամբ կազմակերպվեցին նաև ռեմարկյան ընթերցումներ, որից հետո ոգևորության մի նոր ալիք բարձրացավ, և ընթերցումների նոր հրավերներ եղան գրական տարբեր ակումբներից, ուսումնական հաստատություններից:

Ըստ վիճակագրության՝ Ռեմարկի հայերեն նոր թարգմանություններից ամենամեծ պահանջարկն ունեն «Երեք ընկեր» և «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպերը։

Արդ ավելի մանրամասն անդրադառնանք Ռեմարկի վեպերի՝ խորհրդային շրջանի հայերեն թարգմանություններին և դրանցով պայմանավորված՝ նոր թարգմանությունների անհրաժեշտությանը:

Ռեմարկի վերոնշյալ չորս վեպերի՝ խորհրդային շրջանի հայերեն թարգմանությունները, ցավոք, ոչ միայն միջնորդված են (բացառությամբ «Հաղթական կամար»-ի), այլև ոչ ամբողջական, հատվածական կրճատումներով, միովբանիվ՝ ժամանակի գաղափարաբանությանը համահունչ: Որպես օրինակ՝ «Հաղթական կամար»-ի հետևյալ հատվածը, որ տեղ չի գտել Գևորգ Վիրապյանի՝ 1973 թ. թարգմանության մեջ՝

«Տիրուհին մատնացույց էր անում` որտեղ կախել նկարները: Տրոցկուն հետ ուղարկեց: Վերջինս նրան խիստ փոփոխական էր թվում: Ռավիկը զննում էր Լենինի լիտոգրաֆիան, որին կիսով չափ թուղթ էր սոսնձված: Քերեց Լենինի գլխի ուղղությամբ սոսնձված թղթից մի փոքր հատված. հետևում Տրոցկու գլուխն էր, որ նայելով Լենինին՝ ծիծաղում էր: Հավանաբար, Ստալինի համախոհներից մեկն է սոսնձել թուղթը:

-Ահա՛, ևս մի թաքնված Տրոցկի՝ ընկերության ու եղբայրության հին ու բարի ժամանակներից:

Տիրուհին վերցրեց նկարը:

-Սա կարող ենք նետել: Բանի պիտանի չէ արդեն: Նկարի կեսը վիրավորում է մյուս կեսին:

Նկարը հանձնեց սպասավորին:

-Շրջանակը հանի՛ր, Ալֆո՛նս, լավ կաղնի է:

-Մնացա՞ծն ինչ եք անելու,- հարցրեց Ռավիկը,- ալֆոնսներին ու ֆրանկոսներին:

-Դրանք կտարվեն նկուղ: Ի՞նչ իմանաս, մեկ էլ տեսար՝ նորից պետք եկան:

-Ձեր նկուղը պետք է որ հոյակապ լինի՝ ժամանակավոր դամբարան: Այնտեղ էլի՞ նկարներ կան:

-Օ՜, իհարկե: Ռուսներ ունենք՝ մի քանի հասարակ Լենին՝ ստվարաթղթե ժամանակավոր շրջանակներով, և վերջին շրջանի մի քանի կայսրեր: Ինչպես նաև այն ռուսներից, որ այստեղ են մահացել: Մի ինքնասպան պարոնի՝ յուղը վրան մի օրիգինալ նկար՝ ոսկե շրջանակով: Կան նաև իտալացիներ՝ երկու Գարիբալդի, երեք թագավոր և բազմազբաղ Մուսսոլինիի՝ թերթի լուսանկարը դեռ այն ժամանակվա, երբ Ցյուրիխում սոցիալիստ էր: Համենայնդեպս, ինքնատիպ բան է: Ոչ ոք չի ուզում այն կախել իր սենյակում:

-Գերմանացիներ կա՞ն:

-Եվս մի քանի Մարքս: Դրանք ամենաշատն են: Մի քանի Լազալլե, մի Բեբել, ինչպես նաև մի խմբակային նկար Էբերտից, Շայդեմանից, Նոսկեից ու շատ շատերից: Նոսկեն էլ, ընդ որում, թանաքոտված է: Պարոնայք ինձ ասացին, որ նա նացիստ է դարձել:

-Ճիշտ է: Կարող եք այն սոցիալիստ Մուսսոլինիի հետ կախել: Գերմանիայի մյուս կողմից չունե՞ք»:

Խորհրդային միությունում, ինչպես իրավամբ նկատել է Ա. Ս. Պորշնևան, Ռեմարկի հանդեպ գրականագիտական հետաքրքրությունն ակնհայտորեն զիջել է ընթերցողական հետաքրքրությանը[3], ուստի վստահաբար կարելի է փաստել, որ Ռեմարկի խորհրդային աղավաղված կերպարն է եղել պատճառը, որ հայ գրականագետները չեն անդրադարձել նրա գործերին, և մինչ օրս ընդամենը մեկ դիպվածային, խարխափուն անդրադարձ կա հեղինակին ԽՍՀՄ գրող Հրանտ Մաթևոսյանի կողմից, որ բառացի ենք մեջբերում՝ հապացույց այնմ, որ Խորհրդային միության մութուծանր վարագույրի թիկունքից Ռեմարկին նաև լույսից ու հիացմունքից շլացած աչքերով են նայել՝ ցավոք, նրա միայն աղոտ պատկերը տեսնելով: Հ. Մաթևոսյանը գրում է. «Ամեն մի կարգին գրողի ստեղծագործությունն այդ գրողի աշխարհայացքի ու փիլիսոփայության իրացումն է. գրողը դեպքեր շարադրող չէ, այլ աշխարհը յուրովի բացատրող կամ բացատրել փորձող։ Ռեմարկի կանայք խարսխված են հեղինակի ֆրոյդիզմի խոր իմացության և ֆրոյդիստական աշխարհատեսության միասեռ հիմքի վրա։ Թերի թե ոչ թերի՝ դա մի ամբողջական աշխարհ է. դեպքերն ու դիպվածները տրամաբանական նույն հյուսվածքի տարբեր ճյուղերն են. գլխավոր դեմքերն ու կերպարները գալիս են իմաստավորելու դեպքերը. ստացվում է, գեղեցիկ թե ոչ գեղեցիկ, որոշակի տեսանկյունից դիտված մի ամբողջական կյանք։ Եվ ինչը որ Ռեմարկի մոտ կյանքային ու համոզիչ է, մեզանում դառնում է անհեթեթ, անհամոզիչ, անտրամաբան, կյանքից կտրված, որովհետև քրիստոնեական սկիզբն ու ընթացքը պահանջում են քրիստոնեական ավարտ, գոթական հիմքն ու պատերը ենթադրում են գոթական գմբեթ․․․»[4]:

Հ․ Մաթևոսյանի խոսքից ակնհայտ է նրա հիացմունքը Ռեմարկի՝ որպես «կարգին գրողի» նկատմամբ, և որքան էլ ազնիվ է նրա նպատակը՝ ապացուցել գրականության տեղայնության անհրաժեշտությունը, Ռեմարկն այս համատեքստում խիստ մակերեսայնորեն դիտված, ոչ տեղին օրինակ է։ Ռեմարկի գործերում գերակշռող է ինքնակենսագրական, իրապաշտական տարրը, և այդուհանդերձ, նրա նպատակը ոչ թե սեփական «աշխարհայացքի ու փիլիսոփայության իրացումն է», այլ ինչպես իր վեպերն են փաստում, մի ողջ սերնդի ողբերգության կամ «աշխարհայացքի ու փիլիսոփայության»  նկարագրությունը։ Մյուս կողմից անհնար է հերքել, որ կանանց կերպարներ կերտելու ռեմարկյան արվեստը «ֆրոյդիզմի խոր իմացության» հետևանք դիտարկելը Ռեմարկի կյանքի խոր չիմացությունից է։ Հայտնի փաստ է, որ Ռեմարկի յուրաքանչյուր կին հերոս իր նախատիպն ունի Ռեմարկի կյանքում, և նրանցից ամեն մեկն անփոխարինելի դեր է խաղացել հեղինակի ստեղծագործական կյանքում նույնպես։ Օրինակ, «Երեք ընկեր»-ի Պատրիսյա Հոլմանի՝ Պատի նախատիպը Ռեմարկի առաջին կինն է՝ Իլզե Յութա Ռեմարկ-Ց (Զ՞)ամբոնան, «Հաղթական կամար»-ի Ժոան Մադուի նախատիպը Ռեմարկի սիրելի Մառլեն Դիտրիխն է և այլն։

 Եվ վերջապես, Մաթևոսյանի ամենասայթաքուն հայտարարությունը՝ «․․․ ինչը որ Ռեմարկի մոտ կյանքային ու համոզիչ է, մեզանում դառնում է անհեթեթ, անհամոզիչ, անտրամաբան, կյանքից կտրված»։ Ռեմարկի ստեղծագործությունն ունի երկու գլխավոր թեմատիկա՝ ա) պատերազմը՝ որպես անիմաստ ակտ, բ) սեր և ընկերություն : Իսկ թե դրանցից հատկապես որն է Հ. Մաթևոսյանը հայ իրականության համար «անհեթեթ, անհամոզիչ, անտրամաբան, կյանքից կտրված» համարում, դժվար է ասել: Ավելին, Ռեմարկը գրել է մի ամբողջ սերնդի  մասին, ներկայացրել է ոչ թե գերմանացի զինվորի, այլ առհասարակ զինվորի՝ անկախ ազգությունից, ապրումներն ու զգացմունքները, որոնք ոչ մի ազգի, ոչ մի սերնդի համար երբեք չեն կարող «անհեթեթ, անհամոզիչ, անտրամաբան, կյանքից կտրված» լինել, հայերի դեպքում՝ առավել ևս։ Ռեմարկի նկարագրած ոչ սեփական, այլ համամարդկային ողբերգության մասին է վկայում նաև Արևմտյան ճակատում նորություն չկա վեպի՝ Կարլ Ռադեկի նախաբանը՝ «Կարդում ես այդ գիրքը բռունցքներդ սեղմած և զգում ես, թե ինչպես է կծկում կոկորդդ և տաք, արյունալից ատելությունը սեղմում սիրտդ։ Դա Ռեմարկի անմահ արժանիքն է»[5]։

Հակառակ խորհրդային պատկերի՝ հուրախություն բոլոր ռեմարկասերների պետք է արձանագրել, որ Ռեմարկի մասին Հայաստանում արդեն գիտական ուսումնասիրություններ և հոդվածներ են  պատրաստում, և վստահ եմ՝ Ռեմարկի 11 վեպերի թարգմանության նախաձեռնությամբ Հայաստանում շուտով սկզբնավորվելու է ռեմարկագիտությունը՝ որպես գրականագիտության առանձին  ուղղություն, քանի որ ռեմարկյան վեպերի եռանդուն թարգմանությամբ հայ ընթերցողին մի կողմից հնարավորություն է տրվել վերջապես ամբողջությամբ ծանոթանալու Ռեմարկի իրեն հայտնի գործերին, մյուս կողմից վայելելու Ռեմարկի՝ հայերեն դեռևս չթարգմանված վեպերը: Հատկանշական է նաև, որ Հայաստանում այսօր Ռեմարկ կարդում են ավելի շատ երիտասարդները։

Որպես ավարտ՝ լեզվաոճական մի քանի դիտարկումներ`

Ա) Ռեմարկի լեզուն շատ սահուն է ու ականջին հաճելի։ Նկատելի է բառերի խիստ մտածված ընտրություն հեղինակի կողմից։

Բ) Գրականի և խոսակցականի, տեղ-տեղ նույնիսկ ժարգոնի ու գռեհկաբանությունների սահմանագծերը չափազանց նուրբ են ուրվագծված՝ շնորհիվ հեղինակի եզակի կենդանի խոսքի։

Գ) Ռեմարկի ոճը պարզ է՝ զերծ ավելորդ պաճուճանքներից։ Իսկ բնագիրը, որքան պարզ, թարգմանության ընթացքը նույնքան բարդ է, քանի որ թարգմանչի առջև տեքստը նույն պարզությամբ մատուցելու, հեղինակի ոճից չշեղվելու խնդիր է դրված։ Եվ ինչպես փորձն է ցույց տալիս, պարզ միտքը թարգմանելը հաճախ ավելի դժվար է, քան բարդ միտքը։

Դ) Ռեմարկն իր վեպերում առաջին հայացքից վրիպող, բայց շատ կարևոր, կրկնվող պատկերներ ունի, որոնք, ըստ իս, ինքնատիպ խորհրդանիշեր են՝ հեղինակի վեպերի ինքնակենսագրական բնույթն իրենց հերթին փաստող։ Եվ հատկանշական է, որ նշյալ պատկերները երբեմն ոչ թե նույն, այլ տարբեր վեպերում են կրկնվում։ Այսպես, տաճարի սյունազարդ, քառանկյուն բակը՝ վարդերի բարձր թփերով, եկեղեցական այրերի տապանաքարերով, որ եթե «Արևմտյան ճակատում նորություն չկա» վեպում որպես հիշողություն է նկարագրվում և հիշողության մեջ որպես փոքր բակ հիշատակվում, ապա     «Երեք ընկեր»-ում այն արդեն որպես իրականություն և որպես հսկայական, բարձիթողի բակ է նկարագրվում՝ դարձյալ, սակայն, սպիտակ ու կարմիր վարդի թփերով։ Տաճարի բակի նույն պատկերը՝ այս անգամ նոր-նոր կանաչին տվող, անսպասելիորեն ի հայտ է գալիս նաև «Ապրելու ժամանակը և մեռնելու ժամանակը» վեպում։ Տաճարի բակի պատկեր-խորհրդանիշի որոշակի փոփոխություններն ուղիղ համեմատական են հերոսի հոգեվիճակին․ խրամատում՝ թշնամու կրակի տակ, տաճարի բակը հերոսին փոքր, բայց դրախտային է թվում՝ առավոտյան արևի շողերի մեջ թաթախված, իսկ արդեն քաղաքում ռմբակոծությունից ապաստան փնտրող զինվորի և քաղաքացիների համար ավերված տաճարի նույն, բայց արդեն հսկայական բակը միակ ապահով օթևանն է՝ կողք կողքի քնած բազմաթիվ մարդկանցով, Քրիստոսի չարչարանքների արձանով և այլն։

Նման պատկեր-խորհրդանիշերից է նաև «խնձորի պես կանաչ երկինք»-ը՝ միևնույն վեպում մի քանի անգամ հիշատակվող, ապա տարբեր վեպերում անսպասելիորեն դարձյալ երևան եկող, երբեմն նաև խնձորն ինքնին՝ որպես պատկեր-խորհրդանիշ։ Հողի՝ որպես ռեմարկյան պատկեր-խորհրդանիշի թեման իր հերթին առանձին ուսումնասիրության առարկա է։

Ե) Հերոսի հոգեվիճակն արտահայտող խորհրդանիշերի կողքին ուշագրավ են գույներն ու հոտերը՝ որպես այս կամ այն պատկերն ամբողջացնող եզակի հաջող արտահայտչամիջոցներ։ Գույները համեմատությունների մեջ են՝ երկինքը մե՛րթ խնձորի պես կանաչ է, մե՛րթ զանգակածաղկի պես կապույտ, դեմքը կա՛մ նորմանդական խնձորի պես կարմիր է, կա՛մ հողագույն։ Հոտերով Ռեմարկն ավելի շոշափելի պատկերներ է տալիս, քան երբեմն՝ բառերով՝ «Մահը Ռուսաստանում այլ հոտ ուներ, քան Աֆրիկայում։ Աֆրիկայում՝ անգլիական թանձր կրակի տակ‚ դիակները հաճախ երկար էին մնում միջանկյալ դիրքերում անթաղ ընկած: Բայց արևն իր գործն արագ էր անում: Քամին գիշերները բերում էր հոտը՝ քաղցր‚ նեխած ու ծանր․․․», կամ «Պանդոկի սրահն օդափոխված չէր, և հին գարեջրի ու երկար ձմեռվա հոտ էր գալիս», մեկ այլ տեղ՝ «Մեռած ծաղիկների ու քնի հոտ էր գալիս» և այլն:

Ռեմարկը, մատը ժամանակի զարկերակին դնելով, շոշափել է նրա բոլոր բաբախումները, սեփական մաշկին զգացել ներկա և ապագա սերունդների բոլոր սարսուռները, ջնջել տարածական բոլոր սահմանագծերը՝ արդյունքում դառնալով բոլոր ժամանակների արդի հեղինակներից մեկը։

Ռեմարկը հիմնահատակ արեց կոմունիստական գաղափարաբանության վրա կառուցված աշխարհը, ստեղծեց մարդակենտրոն աշխարհ՝ հավերժական այնպիսի արժեքներ վերադարձնելով մարդկությանը, ինչպիսիք են սերը, ընկերությունը, փոխադարձ վստահությունն ու հավատը:

[1] М.А. Матвеев,  ПРИНЦИПЫ ФОРМИРОВАНИЯ ПОЭТИКИ РАННИХ ПРОИЗВЕДЕНИЙ Э.М. РЕМАРКА, Санкт-Петербург – 2015, стр. 93 (Թարգմանությունը՝ Վ. Բ.-ի).

[2] Նույն տեղում, էջ 108:

[3] Поршнева А. С., ПРОСТРАНСТВО ЭМИГРАЦИИ В РОМАННОМ ТВОРЧЕСТВЕ Э. М. РЕМАРКА, Екатеринбург – 2010, стр. 3.

[4] Հ. Մաթևոսյան, Այսպես կոչված գյուղագրության մասին, Գրական թերթ, N 37 (1448), 1968, սեպտեմբերի 13:

[5] Էրիխ Մարիա Ռեմարկ, Արեվմտյան ֆրոնտում անփոփոխ ե, Յեր․, 1932, էջ 7։

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *