Աշոտ Ալեքսանյան | Ֆեյսբուքյան նոթատետրից

ՆԱԻՐԻ ԵՐԿԻՐ ԵՎ ՆԱԻՐՑԻՆԵՐ

Համացանցի վիրտուալ՝ արհեստածին, վերացարկյալ տարածքում խաղարկվող միջմարդկային հաղորդակցումն ու շփումների տեսականին անիրական են և, ինքյան, նպաստում են առկա իրականության վերառմանը և նրա վերափոխմանը իր իսկ հակադրությանը՝ անիրականությանը: Մենք այսպիսով ապրում և իրար հետ հարաբերվում ենք անիրական, վերացարկյալ տարածքում, ասել է, թե՝ մենք իրար հանդեպ գոյություն չունենք: Նույնն է նաև համացանցային հայրենասիրության մեր հատածական զեղումներում. տեսիլապատկեր ու հմայախաղ, մեծադղորդ ճառ, նվաղկոտ կնձյուն, կենսաձիր վառքի խուսափելավայր, Նաիրի երկիր ու նաիրցիներ, անհաղորդակից ու հարանկատար, անինքնամատույց ու վարկպարազի, ոչնչատեսիլ, բայց կենսահաստատ, և ինքնամեծար, թեև տարագիր… Մի խոսքով՝ մարմնով տարակայացյալ ու տեղախախտյալ հոգով ու մտքով: Բայց մենք՝ նաիրցիներս, ի հեճուկս բոլոր կարգի դժպատեհությունների, մի օր հառնելու ենք մեր անանցյալ անցյալի ու անիրական ներկայի մղձավանջից և արարելու ենք մեր հավանական հնարավորությունների մեծատոնը՝ գալիքնափայլ…

Եվ վերջում ելքն ազդարարող մուզիլյան գլխավորագույն հարցը.
-Ի՞նչ կանեիք Դուք, եթե աշխարհի կառավարումը մի ամբողջ օրով Ձեզ հանձնվելու լիներ…
-Ինձ երևի թե այլ բան չէր մնա անելու, քան պարզապես վերացնել իրականությունը:

 

ՄԵՆՔ ՄՏԱԾՈՒՄ ԵՎ ԳՈՐԾՈՒՄ ԵՆՔ Ո՛Չ ՄԵՐ ԵՍԻ ՄԻՋՈՑՈՎ…

Մենք՝ մարդիկս, մտածում և գործում ենք ո՛չ մեր եսի միջոցով… Մենք աշխարհն այնքան ենք փոքրացնում, որպեսզի այն մեզ համար դառնա ճանաչելի, և կատարում ենք արարքներ ու գործողություններ, որպեսզի շարժման տպավորությամբ պատրանք ստեղծենք, թե մենք մերովսանն գիտակցում ու ընկալում ենք մեր եսից՝ մեզանից դուրս առկա, արտահեղված աշխարհի անմիանշանակ տրվածությունը: Որովհետև մենք նաև մեր եսի միջոցով չենք մտածում կամ զգայում, այլ, ընդամենը, ըստ համընդհանուր ընդունելություն գտած խաղի կանոնների.

– Չտեսնել այն, ինչն անտեսանելի է, մանավանդ՝ աներևույթ, այլև աներևակայելի:

– Անսալ պահի թելադրանքին, որովհետև խիղճը առանձնապես ձայն չի արձակում:

– Սխալվել, սակայն չխոստովանել սեփական սխալները, քանզի անսխալական մարդ չկա ու նաև՝ քանի որ չի սխալվում նա, ով ոչինչ չի անում:

– Չանել ուրիշին մի բան, ինչը չես ցանկանա, որ ուրիշը անի քեզ, կամ հակառակը՝ անել որևէ բան՝ նույնի հակադարձման ակնկալիքով:

– Լինել հայրենասեր՝ յուրաքանչյուր ոք իր տեղում և իր հնարավորությունների չափով. ոմանք աստվածատուր կոչվածության ու բնատուր ձիրքի բերումով, ոմանք ցուցամոլ ինքնապարտադրման՝ մի քիչ ավել, մի քիչ պակաս օգտաշահությամբ:

– Եվ վերջապես՝ ունենալ կառավարման   անուրանալի  որակներ և, ազնիվ մրցակցության բովում, ամեն գնով բարձրաբերձ աթոռների տիրանալ, եթե հանրությանը ծառայելու անդիմադրելի, սրբազան մոլուցքով ես  համակված և մանավանդ՝ սեփական անփոխարինելիության սրբասուրբ  կրկնամոլուցքով:

 

ՉԿԱ ՈՉԻ՛ՆՉ ՄԱՐԴՈՒՍ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՄՈԼԱԽԱՂԻՑ ԲԱՑԻ

Աշխարհը նոր լույսի ներքո պատկերացնել՝ կնշանակի հրաժարվել հնամենի, իրենց դարն ապրած ավանդական պատկերացումներից.
– մարդը հասարակական էակ չէ, այլ ներկայացվում է իբրև այդպիսին,
– հայրենասիրությունը վախկոտի վերջին ապաստարանը չէ, այլ առաջինն ու միակ անձկալին,
– սերը ինքնանվիրում չէ, այլ ինքնուրացում,
– չկա բնական ընտրություն, այլ ինքնապարտադրանք,
– մարդս պատասխանատու չէ իր ասածների, առավել ևս արածների համար, այլ գերազանցապես իր զանցանքների ու մեղսավոր մտածումների,
– չկա արդարություն, բայց միայն արդար Դատաստանի պատրանք,
– չկա քաղաքական կամք և հեռահաշվարկ, այլ լոկ, մեղմ ասած, սեփական թերացումներն արդարացնելու մոլուցք, չքմեղացում,
– չկա Աստված, բայց միայն գերբնական ուժերին ապավինելու մղում,
– և չկա ոչինչ մարդուս չեզոքացման մոլախաղից բացի:

 

ՊԱՏԵՐԱԶՄՆ Է ԾՆՈՒՄ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Այսօր պետություններն ավելի շատ են անձնավորված, քան դրանք բաղադրող հպատակեցված անձինք… Պետությունները նաև շատ ավելի պատերազմասեր են, քան նրանց բոլոր կռվազան, ինքնահավան, իշխանամետ, ընդդիմադիր ու անտարբեր հպատակները միասին վերցրած:
Ընդսմին,
– պատերազմներից ամենից ապատեղեկատվականը տեղեկատվականն է,
– ամենից պաշտպանողականը՝ հարձակողականը,
– ամենից մոդայիկը՝ հիբրիդայինը,
– ամենից նողկալին՝ սողացողը,
– ամենից արյունարբուն՝ վամպիրայինը,
– ամենից մածուցիկը՝ ջրամբարապայթուցիկը,
– ամենից հայկականը՝ գոյապայքարայինը,
– և վերջապես, ամենից առաջադեմն ու անանձնականը՝ հանուն սոցիալիզմի, մարդու իրավունքների և դեմոկրատիայի արտահանման համար մղվող պատերազմները…

Եվ ընդհանրապես, չլիներ պատերազմը՝ մարդկությունը, մասնավորապես հայությունը, կզրկվեր խաղաղություն գեղեցկահունչ բառի հայտնագործումից… թող որ ռազմաշունչ հնչումով:

 

ԼԻՆԵԼ ՏԵՂՈՒՄ, ԿՆՇԱՆԱԿԻ ՉԼԻՆԵԼ ՏԵՂՈՒՄ

Այս պատերազմը ազգս միավորեց ըստհուն ենթագիտակցական մակարդակում, սույնով բացահայտելով նրա բանախոհական ընդունակությունների ներհակ, այլև ընդհատական ու անտեղիտալի բնույթը, դատողական շղթայի օղակների դույզն-ինչ խաթարվածության երևույթը.
Եվ այսպես, ազգս
– և՛ խաղաղություն է տենչում (նոր զոհերից խուսափելու համար) և՛ նախահարձակ լայնածավալ պատերազմ,
– ոգևորվում ու հուզվում է քաջության իրապատում դրվագներով և անձնազոհության դրսևորումներով, բայց նաև անիրական ու ստահոդ չափազանցումների մարմաջից ձեռք չի քաշում,
– սխալների ու վրիպումների համար մեղադրում է դրսիններին ու ներսիններին՝ հավասարապես, սակայն հիմնականում սխալ թիրախավորմամբ,
– ասում է՝ թուրքը մնում է թուրք ու զարմանում է, որ այս վերջին 100 կամ 25 տարիների ընթացքում նա չի փոխվել, Թումանյանը կասեր՝ նույն
գազանն է մնացել,
– բայց միայն թուրքը չէ, որ չի փոխվել, նայե՛ք շուրջբոլորը…

Իսկ գուցե թուրքը չի փոխվել, քանի որ մե՞նք ենք նույնը մնացել՝ մեր բանախոհական թերկատարությամբ հանդերձ… գուցե մե՞նք ենք, որ մեր տեղում չենք, մանավանդ որ մշտապես դոփում ենք տեղում…

 

ՔԱՋՆԱԶԱՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՀԱՄՈԶԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՎԱՐԿԱԾԸ

Դիմացինին որևէ բանում համոզելու համար հարկ և պայման է, որ ինքդ էլ գոնե դրանում համոզված լինես: Այլապես կստացվի, որ խաբեությամբ ես զբաղված կամ որ նույնն է՝ դիմացինին մոլորության մեջ ես գցում: Իսկ ինչպե՞ս կամ ի՞նչ ազդակներից է գոյանում մարդուս համոզվածության կանխավարկածը: Առաջին հանրածանոթ հանգամանքը, որ միտքս է գալիս՝ հասարակական ու անհատական կենսափորձով ամրագրված գիտագործնական խորագիտությունն է, որի հակառակ բևեռը, ըստ շրջանառվող լուրերի, մարտնչող տգիտությունն է: Այս երկուսի՝ որպես միևնույն սանդղակաշարի զույգ ծայրաբևեռների միջև ընկած են այլևայլ զուգադրություններ ևս, զորօրինակ՝
– ազատ կամք և կամազրկություն,
– իշխելատենչություն իր բոլոր տարատեսակներով հանդերձ՝ ներքին մղումից սկսած մինչև ամեն գնով,
– տիրասիրություն և նյութապաշտություն,
– Բարձրյալի հանդեպ հավատ և սնահավատություն,
– հայրենասիրություն և անձնապաշտություն,
– գաղափարապաշտություն և ինքնասիրահարվածության մարմաջ,
– հանրահռչակման մոլուցք և ցուցամոլություն,
– ինքնամեկուսացում և ինքնապարտադրանք,
– թքածություն և քաղաքացիական ներգրավվածություն
և ի վերջո՝
– արկածախնդրություն և քաջնազարականություն:
Ընդսմին, այս վերջինը, իր մշտառկայության տարազան չափաբաժիններով, պարտադիր պայման է բոլոր մյուսների կյանքի կոչման համար և ինչ-որ իմաստով համոզկերության երևույթի այս կամ այն պարբերաչափի բուն իսկ գոյավորիչ բաղադրամաս է հանդիսանում:
Միայն թե՝ քաջնազարականությունը մեզանում փոխել է իր նախագաղափարը: Այն այլևս հին, որ է՝ ավանդական իմաստով չի նշանակում պարզ ասած՝ բախտի քմահաճույքով բարձր պատիվների արժանանալու, այլ ազգի անունից խոսելու և չամաչելու, էլ չասած՝ չարախնդալու կարողություն:

 

ՊԱՏԵՐԱԶՄ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ

Ինչպես որ պատերազմը, նույնպես և խաղաղությունը մի ինչ-որ հյուծիչ, հոգնեցուցիչ մակարդ ունի իր մեջ՝ կայենականության անինքնաբավ ու արկածախնդիր դրոշմով նշանակնքված: Այդ գովաբանյալ խաղաղություն կոչվածը բարեպատեհ առիթի է սպասում՝ պայթելու ու իր հակադրությանը փոխարկվելու համար, մանավանդ որ նրա քարոզիչներն ու հավատավորները իրենց լեզվական կենսապնդիչ, գիտագործնական ծամածռությունները լավագույնս քողարկում են սեփական ճշմարտացիությունների անվերապահ հաղթանակին հետամուտ երեսպաշտության դիմակի ներքո: Թերևս անվիճարկելի ճշմարտանմանություն է նաև, որ պատերազմների ժամանակ էլ լինում են հարաբերական խաղաղության օազիսներ, ինչպես որ խաղաղության պայմաններում քիչ չեն պատերազմաշունչ գործողությունների հետևանքով իրենց մահկանացուն կնքածները: Այստեղ է, որ հակադրվելով Կլաուզեվիցին, երիցս պետք է ասվի. Խաղաղությունը պատերազմի շարունակությունն է հար և նույն միջոցներով:
ՍԵՐ ԵՎ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆ

Ոմանք կարծում են, թե երկրում տեղի ունեցող ողջ անցուդարձը վստահորեն վերահսկվում ու կառավարվում է, մյուսներն էլ թե` այն ինքնահոսի է մատնված: Իրարամերժ տեսակետներ են նույնիսկ հնչում, թե կառավարումն իրականացվում է անվտանգության ապահովման ամենաբարձր մակարդակով և տնտեսական աճի հնարավոր լավագույն տեմպերի ապահովման պայմաններում և, ընդհակառակը, անվտանգությունը երաշխավորված չէ, տնտեսությունն էլ գլխակորույս արագությամբ անկում է ապրում: Ընդսմին` մի կողմը ասպարեզ է նետում ամեն լավ բանը չտեսնելու տվող կույրի մասին թևավոր ասույթը, որն հակադարձվում է հասարակության ցավամռունչ հոգոցերին խուլի կեցվածք ընդունելու վերաբերյալ գերթափանցիկ ակնարկով: Այստեղ հակադրամիասնության զույգ թևերն էլ, իսկապես որ, արժեն իրար: Մեկը կույր է, մյուսը` խուլ. կույր ու գուլ մարդիկ, կասեր Իսահակյանը:
Եվ ոչ ոք չի տեսնում, չի ուզում կամ չի կարողանում տեսնել, որ մեզանում աննկատելիորեն նվազել ու չքացման եզրին է հասել կյանքը գոյավորող անանձնական սիրո ու անհատական ազատության կենսահաստատիչ տարողությունը, որի պարապը տնտեսական հրաշքն ու մատից ծծած բարոյական հաղթանակներն անգամ անկարող կլինեն լցնել:

 

ՀՈԳԵՖԻԶԻԿԱԿԱՆ ՇԵՂԸՆԹԱՑԻ ԳՈՐԾԱԿԻՑԸ

Հայ մարդու հոգեկան հավասարակշռության տեղախախտվածության գլխավոր պատճառն այն է, որ, առանձին բացառություններով հանդերձ, յուրաքանչյուրին թվում է, թե ինքը մի ինչ-որ հավաքականության մասնիկ է և որ իր ու իր նմանների պարզագույն գումարից մի որոշակի ամբողջականություն է բաղադրվում, որը ժամանակակից էթնոհոգեբանության թողտվությամբ ընդունված է կոչել ազգ կամ ազգություն, տվյալ պարագայում՝ ՀԱՅՈՒԹՅՈՒՆ: Այստեղ էականն այն է, որ ոչ ոք իրեն հաշիվ չի տալիս, թե ինչո՞վ և ինչու՞ է ինքը պատկանում բազմաբղետ մարդակերպների հատկապես ՀԱՅ կոչվող առանձնյակների տարատեսակին և ո՛չ, ասենք, մեկուրիշին, մանավանդ, որ բացի լեզվահաղորդակցության ձեռքբերովի, ո՛չ բնավ ի վերուստ հատկաշնորհված նվազագույն պայմանից՝ ուրիշ որևէ պարտադիր ընդհանրություն գոյություն չունի ազգս բաղադրող առանձնյակների միջև, ընդհանրություն, որով յուրաքանչյուր ոք առանձին-առանձին և միասին վերցրած կտարբերվեր մնացյալ ազգուցեղերի խմբաքանակից. ո՛չ մասնահատուկ հոգեֆիզիկական առանձնահատկություններ, ո՛չ յուրաահատուկ ազգային, կրոնական կամ քաղաքակրթական գիտակցություն և ո՛չ իսկ արտառոց գիտակցականության դրոշմակնիք, մանավանդ որ – մենք մեզ ոչ մեկից չենք գերադասում -, ապա ուրեմն հարց է ծագում, թե ինչու՞ ենք մենք մեզ՝ իբրև համարիչ, ինքնաձաղկելու պես ինքնաբռնադատում՝ ընդհանուր հայտարարի ներքո հավաքագրվելով: Պատճառն այն է, որ հայ մարդը, ինչպես ընդհանրապես մարդ էակը, առանձին վերցրած՝ լինելով անեԶԵՐական Զ(ե)ՐՈյի ձգտող մեծություն, տվյալ դեպքում՝ փոքրություն, հավաքական ամբողջի կազմում ինքզինքը առավել քան հավակնոտ է դրսևորում՝ ԵՍ(զ) ԵՄ-ը ՄԵ(ք) ԵՄ(ք)-ի դրաշրջելով, չնայած որ զույգն այս, ի սկզբանէ, նույն տի-ԵԶ(եր)ական նշանակությունն ունի:

 

ԼՐՋՄՏՈՒԹՅԱՆ ԳՈՅՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ՝
ԱՆՎԻՃԱՐԿԵԼԻ

Այս աշխարհի բոլոր լրջմիտ արարքներին, մանավանդ խոսքի լրջմիտ ելևէջանքին անլուրջ չվերաբերվելու հետևանքը կործանարար կարող է լինել նույն այդ լրջմտության բուն իսկ գոյության իրավունքի տեսանկյունից: Ասված է և ամենայն լրջությամբ է ասված. մեր գերակա նպատակն է մարդկանց կենսամակարդակի բարձրացումը: Ասվածը լուրջ ընդունելու պարագայում ստիպված ես փաստել, որ կենսամակարդակի աճը զուգորդվում է հասարակական դժգոհության երկրաչափական աճով. անգամ կայուն նվազագույն եկամուտը չի ապահովագրում արժան-անարժանի առաջ վիզ ծռելու և իր տեղը ճանաչելու անպատվաբեր սոսկանքից, իսկ արժան-անարժանն էլ սահմռկում է ասեղի անցքով ուղտի բարեհաջող սողոսկման տեսլականից: Ասվածին անլուրջ վերաբերվելու դեպքում երկուսն էլ շահում են՝ և՛ կենսամակարդակի աճից դժգոհողը և այն ամենայն լրջմտությամբ խոստացողը: Արդյունքում՝ կողմերը գոնե չեն վիճարկում գոյության իրավունքը լրջմտություն ասվածի:

 

ԽԱՂԱՂՎԱԾ ՈՒ ՀԱՓՇՏԱԿՎԱԾ ՀՈԳԻՆԵՐ

Նրանք, ովքեր իրենց առաջ մեծ նպատակներ չեն դնում, փոքրին ու քչին էլ չեն հասնում: Նույնն է նաև ազգերի ու ժողովուրդների պարագան: Ահա՛ մի հերթական, փոքրիշատէ տանելի, մեծ հաշվով հանդուրժելի միտք՝ ավելի մեծ հավաքականության հավելադիր զուգահեռով համեմված: Բայց քավ լիցի, մենք հո չե՞նք ծնվել ավել կամ պակաս տարողունակ, խորը ու ծանծաղ մտքերի ինքահնար շիթը հարկի-անհարկի արդյունահանելու, այլ խոսքով՝ հօդս ցնդեցնելու նպատակով: Կյանքում անելիք ավելի կարևոր, մանրումեծ գործեր կան, տուն-տեղ-շրջապատ, հոգսեր ու պարտականություններ, անմեղ զվարճություններ ու չարաճճի մեքենայություններ, առողջ ձգտումներ ու սպասելի հուսախաբություններ, մի խոսքով՝ մարդ էակին ի վերուստ հատկաշնորհված և հասարակապետական կառույցների կողմից սրբորեն ամրագրված համախմբող նշանակության գաղափարական ողջ հիմնակաղապարը՝ սահմանադրական օրենքի տառին ու ոգուն համահունչ:
Մյուս կողմից, ինչպես հայտնի է, աշխարհի հետ հարաբերություններում մարդուս իրական հնարավորությունները, կարելիությունները խիստ սահմանափակ են՝ համեմատած նրա երևակայության ուժի հետ: Բայց որտեղի՞ց է այս վերջինը երևութանում, սպրդում, ձև ու բովանդակություն, միս ու արյուն ստանում, և հարկ եղած դեպքում փոխարինելու պես լրացնում, երբեմն էլ՝ հաղթահարում տրվածությունը՝ առկա իրականությանը: Հասարակության մեջ ապրելու համար ամեն ինչ պարզ է ու հստակ, մարդ պետք է ընդունի խաղի կանոնները, իրեն նեղ անի՝ ուրիշներին տեղ անելու նպատակով: Կարճ ասած՝ հասարակապետական պայմանավորվածությունների ծիրի մեջ տեղավորվի:
Այսու, կամ պետք է ընդունել, որ այս կյանքը, որը մենք իրապես վարում ենք, թերևս սկզբից ևեթ բացառում է կյանքի կապանքներին, այլ խոսքով՝ պարտադրանքներին երևակայածին լուծումներ գտնելու բուն իսկ կարելիությունը, ինչպես ասում են՝ ցանկությունը խեղդելով հենց սաղմի մեջ, մյուս կողմից՝ երևակայական խաղերը թուլատրելի են այնքան ժամանակ և մինչև այնտեղ, քանի դեռ և որտեղից սկիզբ է առնում մարդկային համակեցության նորմերը սահմանագծող, այն բաղադրող գերպարտադիր սահմանադրամոլությունը: Մի՛ արա ուրիշի համար այն, ինչը չես ցանկանա, որ ուրիշները անեն քեզ և սրա նման մատից ծծած բարոյախրատական, իսկ իրականում՝ ընդամենը հույժ գոյապահպանական խնդիր լուծող մտավարժանքներ: Ահա՛ ձեզ մի այսպիսի հույժ կատեգորիկ և խստիվ իմպերատիվ եղանակով շեշտադրված հիմնակաղապար՝ ըղձականության երևակայական հոգեճախրը հենց արմատից վերառող:
Ամեն անգամ երբ մտածում ես, որ մեկ անգամ ես ապրում երկրի երեսին և որ, հետևաբար, հարկ է կյանքից քաղել նրա ողջ բնահյութն ու գրավչությունները, ամեն օրինապաշտ մարդ մոտավորապես նույն բանն է մտածում ինչ և իրենք իրենց օրենքից դուրս դրածները: Գոնե այս մի եզակի հարցում բոլոր մարդիկ ըստ ամենայնի միասնական են ու համամիտ: Բայց բանն էլ այն է, որ առանձին մարդիկ տարբեր բարոյականություն և հետևաբար ուրույն մտածելակերպ ունեն և կյանքի գրավչություններ ասելով տարբեր բաներ են հասկանում: Զորօրինակ՝ մեկի կամքին բռնանալու կամ մեկի կողմից մյուսին բռնատիրելու երևույթը ներհատուկ է մարդ առանձնյակների բացարձակ մեծամասնությանը, բայց միայն մեզանից քչերն են այդպես վարվելու դեպքում օրենքի առաջ մեղավոր ճանաչվում: Նրբությունը սահմանազատմանն է վերաբերում… Փակ շրջանակներում խաղարկվող դիմացինի հանդեպ բռնության դրսևորումները (ներընտանեկան, ընկերական և ազգակցական միջավայր, հանցավոր մանրաշխարհ, գործատու-գործառու ենթակայության դաշտ, իշխանավոր-հպատակ ենթաստորադասություն և այլն) միայն հազվադեպ են հասարակական դատ ու դատաստանին հանձնվում, հիմնականում մնում են ներփակ ու դրսի աշխարհին անհաղորդ: Միջավայրով պայմանավորված՝ նպաստավոր հանգամանքների դեպքում անգամ ամենաանվնաս ու անմեղսունակ մարդու մեջ ներդրված թուլություններն ու ինքնահաստատման բղջախոհ մտասևեռումները պատրաստ են պոռթկալու և հանդուրժելիության սահմանը հատելու:

 

ԻԴԵԱԼԻԶՄԸ` ՀՐԱՄԱՅԱԿԱՆ

Մեզանում տիրապետողը անցյալն է` մարդկանց մեջ նստած նախասկզբնական բնազդների տեսքով: Սակայն անհնարին թվացող այս կետից է թերևս հնարավոր հայկական էության ազատագրումը ամենակեր ռացիոնալիզմից, թեև առկա են չհաջողելու մտավախություններ:

Մեծազոր գաղափարներն այսօր չափազանց մեծ դիմադրության են հանդիպում: Մեծազոր գաղափարներն այսօր պիտանի են միայն չարաշահումները կանխարգելելու համար: Մենք ապրում ենք այսպես կոչված գաղափարներով զինված բարոյական խաղաղության մեջ:

Այս կյանքն ամեն Աստծո օր մեր առաջ նոր հնարավորությունների դուռ է բացում, բայց մենք լռելյայն շրջանցում ենք այն` տաղտկալի իրականությանն անձնատուր:

Մինչ մենք, անիմաստ, մեր հանապազ օրն ենք անցկացնում, տիեզերքում տեղի են ունենում երևույթներ, որոնցում ներգրավված են մեր էության աներևույթ ու չգաղտնազերծված հմայիլները:

Բանախոհական մակարդակում` կյանքի զգայացունց պատկերները խամրում են վախճանի ընդարմացնող թմբիրին ընդառաջ…

Մարդկային հավակնոտությունը սահմաններ չի ճանաչում, մանավանդ եթե այն դրսևորվում է մարդակենտրոն հաշվանքի համակարգում:

Ստվերի արարիչը լույսն է: Չարի արարիչը բարին: Առաջինը ֆիզիկական բացատրություն ունի, երկրորդը` բարոյահոգեբանական:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *