Մհեր Իսրայելյան | Հազար ափսոս Շահին

Պարսկական գորգի ամեն զարդանախշի տակ թաքնված է մի հսկայական պատմություն, շահնշահերի, ծաղկողների ու բանաստեղծների մի իսկական ներշնչանք։ Այնպես որ, պետք չէ գիրք բացել, քրքրել պատմության մոռացված ծալքերը, համալսարան ավարտել։ Պարզապես փռում ես գորգն ու տրվում մտավարժանքի ողորմածությանը։ Կարևորը՝ որ աջից ձախ գնաս։ Հայերի ու պարսիկների միջև վերջին լուրջ բախումը տեղի է ունեցել Ավարայրում հազար հինգ հարյուր տարի առաջ, ուստի առանց նախապաշարումների, առանց թշնամանքի կամ խանդի դույզն իսկ զգացողության կարող ենք պարսկերեն սովորել։ Մանավանդ, ասում են պարսիկների կողմից հիմնականում փղերն են կռվել։ Սովորում ես, սովորում ես մինչև մտքերդ պղտորվում են ու բերում հասցնում մի օրվա, երբ ուզում ես կոտրել կաղապարները, ջնջել օրենքները, գլխիվայր շրջել ճշմարտությունը ու անհագուրդ տրվել բնության տարերքին։ Ուզում ես գրողի ծոցն ուղարկել սահմանադրությամբ, օրենսդրությամբ և այլ ենթաօրենսդրական ակտերով հրամցվող ուղեցույցները, ճիշտ և առողջ ապրելակերպի լալահառաչ քարոզներն ու գնալ փակվել Լաստիվերի նախնադարյան քարանձավում։ Ճիշտ ինչպես Ցիկլոպը՝ Լաստիվերի վերջին մոհիկանը։ Ինչպես լույսն է շլացնում քարանձավից դուրս եկող մարդու աչքերը, այնպես էլ Ցիկլոպն է իրենից ճառագող լույսով պայծառացնում մեր հետադարձ ճանապարհը դեպի այն շրջադարձային վայրկյանը, երբ ընկերներով որոշեցինք պարսկերեն սովորել ․․․ Լաստիվեր, Լաստիվեր, պարսկերենի լավագույն դասախոսի՝ Լաստիվերի Ցիկլոպի խմբում։ Որպեսզի տպավորություն չստեղծվի, թե այդ մարդը մի աչքանի էր, միանգամից ասեմ, որ նա իր մականունը վաստակել էր սեփական արյունով և քրտինքով՝ Լաստիվերի առեղծվածային քարայրում բնակվելու տարօրինակ սովորույթի շնորհիվ։ Հակառակը` մի բան էլ կասեի, թե հազար աչք ուներ, որ հավասարաչափ կարողանում էր տեսնել երկրի չորս կողմերն ու մեկ մեկ էլ հայացքը հառում հինգերորդ ուղղությամբ` վեր դեպի երկինք։ Ասում էին՝ ժամանակ առ ժամանակ այդ քարայրում պարփակվող Ցիկլոպը սառը պատերի խնամակալությամբ մրմնջում էր Հաֆեզի, Խայամի գոհարները ու ոգեշնչված, բնության կենսահյութը կլանած վերադառնում մայրաքաղաք պարսկերեն դասավանդելու ու Լաստիվերյան արշավանքների համար նոր ուսանողներ հավաքագրելու։ Այդ արշավները դարձել էին մի յուրօրինակ ուխտագնացություն, որտեղ ուխտագնացները քարայրային միջավայրում սերտում էին պարսիկ դասականներին, ձեռի հետ էլ հաղորդակցվում հայ պատմիչների, համաշխարհային առաջնորդների ու էլ չգիտեմ ինչ շամանների հետ։ Քանի որ անձամբ չեմ մասնակցել, ստիպված եմ ապավինել երևակայությանս ու ունկերիս բզզացող ուխտագնացների հավաստիացումներին։ Ամեն դեպքում, շուրթից շուրթ թափառող ասեկոսեները կասկած չէին թողնում, որ Լաստիվերով անցած ուսանողները վագրի թռիչքով առաջադիմում էին պարսկերենի յուրացման սուրբ գործում ու դառնում Ցիկլոպի ընտրյալները, կամ թե կուզեք` հետևորդները։ Ու քանի որ մենք անողոքաբար մերժում էինք Լաստիվերը, մեզ բախտ չէր վիճակվելու հայտնվել ընտրյալների կոհորտայում ու ստիպված էինք լինելու բառ առ բառ, հնչյուն առ հնչյուն ճանկռելով մագլցել անհաղթահարելի թվացող բարձունքը։

Պարսկերենի ամեն տառ ու հնչյուն պարունակում է մի խորհրդավոր գաղտնիք, բայց միայն գորգ փռելով լեզուն չես սովորի, կան նաև երևակայությունը խտտող այլ, ավելի մարդկային ճանապարհներ։ Պատահական չէ, որ այսօր կատարելապես տիրապետում եմ օփիումի մշակման արվեստին։ Երբ պարզվեց, որ պարսկերենի խմբում կլինեն միայն տղաներ, դասերի պաշտոնական օրակարգը հօդս ցնդեց․

– Եվ այսպես, բացատրում եմ օփիումի ստացման եղանակը,- ասում էր Ցիկլոպը,- տեսնում եք կակաչը, վերցնում ես գլխիկը, մեկիկ-մեկիկ կեղևազատում ես ցողունը, թերթիկները, առէջը․․․շատ զգույշ, այնպես, որ չվնասվի․․․
– Զգուշությամբ բացում ես պատիճը, ապա հատուկ՝ Քանդահարում պատրաստված դանակով ․․․,- շարունակում էր Կացինը՝ ընկերս, որ այդպես էլ չմարսեց պարսկերենի բոլոր նրբերանգները, չգիտակցեց, թե ինչու է պարսից այբուբենում մի քանի «Զ» կիրառվում՝ Զեյն, Զաթ, Զե և ամենակարևորը՝ որ մեկը որ դեպքի համար։
– Կացին, դու անհույս ես, զգուշացնում եմ՝ հանկարծ չփորձեք մեր հայրենական կակաչների վրա, դրանք ամուլ են, փթիր,- մատ էր թափ տալիս Ցիկլոպը ու մի անասնական հռհռոցով դղրդացնում փոքրիկ լսարանի պատուհանները։

Այդ անասնական քրքիջին ականատես ենք եղել նաև Պարսկաստանից հայրենադարձված իր ընկերոջ պատմած մի անեկդոտի առիթով, երբ ընդմիջեց դասը, պատմեց այդ պատմությունը ու Ցիկլոպին հանձնեց մեր ձեռքը։ Մոտ տասնհինգ րոպե հետո, երբ անհավանական ջանքերի գնով մի կերպ հետ բերինք Ցիկլոպին՝ նա վերապատմեց այդ անեկդոտը։ Թեև մեր պատմության հետ այնքան էլ կապ չունի, բայց ես կպատմեմ այն, հաստատ լսած չեք լինի։ Անեկդոտը մի իբր հնարամիտ, բայց ձախողված իմպոտենտի մասին էր, որ փորձում էր կնոջ մոտ արդարանալ, թե փայտից պատվաստված առնանդամը, որը կոտրվել էր, իրականում փայտից չէր, այլ հակառակը՝ փայտն էր առնանդամից։ Վերջում, երբ պարսկերեն խմբին պարուրած անասնական հռհռոցը մարեց ու կրքերը հանդարտվեցին, Ցիկլոպն ասաց, թե անեկդոտը կօգնի մեզ աջից ձախ մտածել ու կդյուրացնի պարսկերեն այբուբենի նվաճման աստվածային գործընթացը։

Կարիք չկա համոզելու, թե պարսկերենի դասերն անցնում էին ջերմ ստեղծագործական միջավայրում։ Քրեական օրենսգրքի նուրբ սահմանները չեմ ուզում չափչփել, կձևացնեմ, թե մանրամասները չեմ հիշում։ Կավիճը աշխույժ թրթռում էր սև, սովետական գրատախտակի վրա՝ ուրվագծելով կակաչի կեղևազատման գծագիրը՝ պարսկերեն տառերով, աջից ձախ։ Մինչև այսօր էլ հիշում եմ, թե ինչպես էին կակաչի թերթիկը, առէջը թրթռում, գլխիկը կեզևազատվում և ամենակարևորը՝ ներքևից վերև, այնպես, որ կոկոնը չվնասվի ու թովիչ հեղուկը չծորա ցողունն ի վար։ Հետո, ինչ-որ մի ձևով առանձնացվում էր, չորացվում ու գնում գունազարդելու շահական ոսկե դարաշրջանի երիտասարդության լուսապսակը։

– Էհ, հազար ափսոս շահին, ժողովուրդն էլ կարգին ժողովուրդ էր։ Բայց դե ինքներդ եք հասկանում, որքան շահը լավը լիներ, շահը մնում էր շահ, ում համար հասարակ մահկանացուները, մանավանդ այլադավան, մնում էին երկրորդական ցեղատեսակ,- հոգոց էր հանում Ցիկլոպը։

– Իսկ ինչու խաբեց Յանիկյանին,-հարցնում եմ ես,- եթե մեկ միլիոն դոլարի պարտքը վերադարձներ, խեղճ ծերուկը կնկարահաներ իր երազների «Դրախտ» կինոնկարն ու աշխարհն էլ տեղը տեղին կիմանար հայոց ցեղասպանության մասին,- փորձում էի բանավեճ հրահրել:

– Ինչ էլ խեղճ ես գտել, առանց աչքը ճպպացնելու փռեց միամիտ հյուպատոսներին, չհասցրեցին էլ ծանոթանալ Այվազովսկու նկարներին, որ որպես խայծ էր բերել։ Յանիկյանը ապացուցեց, որ մեր ազգը ամուլ չէ ու վառոդամանում դեռ վառոդ կա,- աում էր Ցիկլոպը։

– Գնաց բանտ ու շահին էլ ազատեց միլիոնի պարտավորության խղճմտանքից,- ավելացնում էի ես։

Այդպես էլ չհասկանալով, թե Ցիկլոպն ի վերջո շահի, թե հայ ծերունու կողմից էր, խճճվում էինք նրա մտքի սարդոստայնում ու գործի դնում կախարդական զենքը․

– Գուցե գնանք մի բաժակ բան խմենք։

– Ձրի գինին դատավորն էլ կխմի՝ ինչպես ասում է հին պարսկական ասացվածքը: Իսկ հին պարսկական ասացվածքը երբեք չի սխալվում,- աչքերն էր փայլեցնում Ցիկլոպը։

Դատավորական բարձունքին հայտնվելուն պես, Ցիկլոպը նույն երգն էր երգում ու վստահեցնում, թե ոչինչ չենք հասկանա, քանի դեռ չենք այցելել Լաստիվեր, հաղորդակցվել բնության գերբնական ուժերին ու տրվել մոգական ներշնչանքին։ Ոչ պարսկերեն կարող ենք սովորել, ոչ էլ ըմբռնել պարսից շահի ու հայ վրիժառու ծերունու խոհաբանական առճակատման նրբությունները: Իսկ Հաֆեզի ու Խայամի մասին պետք է ընդհանրապես մոռանանք: Մենք խոստանում էինք հաջորդ անգամ անպայման միանալ ուխտագնացություններին, գուցե ի վերջո հասկանանք թե ինչու ցեղասպանության մասին ֆիլմը պետք է Դրախտ կոչվեր: Ո՞վ է լսել, որ արյունահեղություն ցայտող պատմությունը Դրախտ կոչվի։ Կացինն ասում էր, թե հավանաբար շահն էլ չի հասկացել ծերունու հետին մտքերն ու մութ նպատակները և իրավացիորեն չի տվել փողը, ու մենք համաձայնում էինք Կացինի անվիճելի տեսակետի հետ: Ցիկլոպը կրկնում էր, թե Լաստիվերում հաճախակի հաղորդակցվում է Յանիկյանի հետ, իսկ մեկ անգամ նույնիսկ շահի հետ է խոսել, ով ասել է թե ծերունին կյանքի վերջում լրիվ խելագարվել է ու բռնել մոլորության ճանապարհը։ Մենք Ցիկլոպի խմբավարությամբ հայտնվում էինք անպատասխան հարցերի մի որոգայթում։ Տեսնես այնուամենայնիվ ու՞ր գնաց մոլորված, խելառ ծերունու հոգին, Դրախտ, թե Դժոխք: Տեսնես վրիժառուի արդարամիտ շարժառիթները ըմբռնում գտան երկնքում։ Իսկ ո՞ւր գնացին միամիտ հյուպատոսների հոգիները: Ու՞մ բաժին հասան հյուրանոցում անտեր մնացած Այվազովսկու կտավները:
– Ամեն դեպքում՝ հազար ափսոս շահին,- հենց նեղն էր ընկնում, եզրափակում էր Ցիկլոպը:
Չգիտենք, թե մեզ ուր կտաներ զարդնախշերի վերծանումը, կակաչների կեղևազատումը, շահի, վրիժառու ծերունու, դրախտի ու դժոխքի փնտրտուքը, եթե մի օր Ցիկլոպը չանհետանար: Լաստիվերի ուխտագնացները պատմում են, որ Ցիկլոպը սովորականի նման մտել է քարանձավ, մրմնջացել իր քառյակները, հաղորդակցվել դժոխքի ու դրախտի հետ ու անէացել: Առավել սնահավատները վստահեցնում են, թե նա դրսևորած այլախոհության և ազատամտության համար դարձել է քարայրի նախնադարյան չարքերի զոհը։
Ցիկլոպի հետևորդների յոթ օր շարունակվող փրկարարական ջանքերն իզուր անցան, ու ընտրյալների խորհուրդը վերծանելով պատերին աջից ձախ, Ցիկլոպի ձեռագրով թողած նշագրերը, եզրակացրեց, թե նա ներշնչանքի միջոցով տեղափոխվել է շահական Պարսկաստան, պարսից շահի ու հայ ծերունու հաշտեցման գործը գլուխ բերելու ու կորսված դրախտը գտնելու համար։ Ու երբ խորհուրդը մուրճը խփեց սալին ու առանց երկիմաստության ամրագրեց, որ Ցիկլոպի հոգին հասել է Դրախտ, մեր խմբակը որոշեց ի վերջո կատարել դրժած խոստումը՝ այցելել Լաստիվեր։ Մենք պարփակվեցինք քարանձավի պատյանում, Քանդահարից բերած հատուկ դանակով կեղևազատեցինք կակաչի պատիճը, ծորացրեցինք մոգական հեղուկն ու տրվեցինք Ցիկլոպի ներշնչանքին։ Յոթերորդ օրվա առավոտյան, երբ ուշքի եկանք, ապշահար հայտնաբերեցինք, որ բոլոր պարսկերեն բառերը մի առեղծվածային կախարդանքով իսպառ ջնջվել են մեր հիշողությունից: Այդժամ հասկացանք՝ հազար ափսոս շահին:

Share Button

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *